Տիգրան Տոնականյան

(0 votes)

ԼՕՌ շրջանի շատ հիվանդություններ ժամանակին ու ճիշտ բուժում չստանալու դեպքում կարող են հանգեցնել բավական լուրջ ու անդառնալի բարդությունների

Առողջությունը ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցիկ վիճակ է, որին հասնելու համար չափազանց կարևոր են բուժառուի դրական տրամադրվածությունն ու հիվանդությանը հաղթելու հաստատակամ որոշումը: 

Ցավոք սրտի, այսօր ԼՕՌ հիվանդությունները մեզանում բավականին մեծ տարածում են գտել:

Արդի բժշկության մեջ անհատական և համալիր մոտեցման շնորհիվ մեր ԼՕՌ մասնագետները օգնում են լիարժեք հաղթահարել քիթ-կոկորդ-ականջաբանական խնդիրները: Բոլորս  քաջ գիտակցում ենք, որ հիվանդությունը կանխարգելելն անհամեմատ ավելի հեշտ է, քան բուժելը:

«Նյու Մեդ» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական տեխնիկայով՝ այն, ինչ անհրաժեշտ է քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների  հետազոտության, ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար: ՔԿԱ  բոլոր տեսակի հիվանդությունները հետազոտվում և բուժվում են «Նյու Մեդ» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից. լավագույն, իրենց գործին քաջ տիրապետող մասնագետներ, որոնք կօգնեն ազատվել ձեր առողջական խնդիրներից՝ կենտրոնին իր առողջությանը վստահած յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ ցուցաբերելով  անհատական վերաբերմունք, հոգատարություն և խնամք:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Աշոցքի «Տիրամայր Նարեկ»  և «Նյու Մեդ» բժշկական կենտրոնների քիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ Տիգրան Տոնականյանը։ Բժիշկ, որի  համար տարիների փորձը մեծ նշանակություն ունի, և դա է, որ նրան դարձնում է առավել ճանաչված ու վստահելի: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, ինչպիսի  բարդություններով կարող է այն ուղեկցվել, և որ դեպքում է  անհրաժեշտ կիրառել նորագույն մոտեցումներ: Բժշկի աշխատանքն այնքան յուրահատուկ է, որ բժիշկն ինքն էլ պետք է յուրահատուկ լինի ու պատրաստ` այլոց տառապանքի, հույզերի կրողը դառնալուն: Նա ամեն օր  տառապանքի ուղիով է անցնում, դռներից այս կողմ մի աշխարհ է, դռներից այն կողմ՝ բոլորովին այլ աշխարհ: Աշխատանքային գործունեության ժամանակ լինում են դժվարություններ, որոշ արգելքների հաղթահարում, հետվիրահատական բարդություններ, բարդ իրավիճակներ, որոնց հաղթահարումը ինքնըստինքյան բերում է կամային հատկանիշների և մասնագիտական պրոֆեսիոնալիզմի: Բժշկի հաջողության գրավականն են մասնագիտական ունակությունները, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, ազնվությունը, գործին նվիրվածությունը:

Մեր զրույցն, ահա, այս  հարցերի շուրջ է:

-Պարոն Տոնականյան, ի՞նչ գործառույթներ են իրականցվում ձեր բաժանմունքում:

-Հիմնականում զբաղվում ենք ԼՕՌ հիվանդությունների ամբուլատոր, վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, բացառությամբ կոխլեար իմպլանտացիաների և ականջի թմբկաթաղանթի վիրահատությունների: Մեր գործունեության առանցքային ուղղություններից է նաև քթի և ականջների պլաստիկ վիրահատությունները, որոնք ես հիմնականում համակցում եմ քթի միջնապատի ուղղման հետ, այսինքն՝ կամ կատարում ենք քթի միջնապատի ուղղում՝ համակցված քթի արտաքին դեֆորմացիաների հետ, կամ հակառակը՝ քթի արտաքին դեֆորմացիայի շտկում՝ համակցված միջնապատի ծռվածության հետ: Բաժանմունքում կիրառվող  ժամանակակից սարքավորումներն ու բարձրակարգ նյութերը ապահովում են նաև այլ  բուժման բարեհաջող ընթացքն ու կրճատում հետվիրահատական շրջանը:  Քիթ-կոկորդ-ականջ օրգանները փոխհամակցված են, համարվում են մարդու ամենակարևորագույն օրգաններից, և հաճախ նրանցից մեկի հիվանդությունը կարող է ժամանակի ընթացքում բերել մյուս օրգանի ախտահարմանը։

-Որո՞նք են քիթ-կոկորդ-ականջի ամենատարածված հիվանդությունները:

-Քթի հիվանդություններից հիմնականում դիմում են քթի սուր և քրոնիկ հարբուխների, քթի հարակից խոռոչների բորբոքումների, քթային արյունահոսությունների, շնչառության դժվարացման, վիրուսային կամ ալերգիկ հիվանդությունների, որոշ բարորակ գոյացությունների կապակցությամբ:

Ականջի հիվանդություններից դիմում են սուր և քրոնիկ բորբոքումների, լսողության իջեցման, ականջներում աղմուկի առկայության, արտաքին լսողական անցուղու բորբոքումների կապակցությամբ: Բուժումն արդյունավետ չի կարող լինել, եթե այն տարվի միակողմանի: Պետք է վերացնել քրոնիկ վարակային օջախները, ապահովել ազատ շնչառությունը, բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

-Քթի պլաստիկ վիրահատությունն այսօր լայն տարածում ունի: Հատկապես ո՞ր դեպքերում են մարդիկ դիմում այս միջամտությանը։

-Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ տարածում ունի քթի պլաստիկ վիրահատությունը, իսկ վերջին տարիներին այս ոլորտը մասնագետների պակաս գրեթե չունի։ Հայաստանում քթի վիրահատության ծավալները միշտ մեծ կլինեն թեկուզ և այն պատճառով, որովհետև ունենք գենետիկորեն մեծ՝ «հայկական» քիթ։

Ռինոպլաստիկայի՝ քթի պլաստիկ վիրահատության մեջ կան փակ և բաց տեսակներ: Կախված մեզ սպասվող արդյունքից և բուժառուի քթի ձևից՝ վիրաբուժական մոտեցման եղանակները տարբեր են լինում։

Քթի ծավալի փոքրացմանը զուգահեռ պետք է անպայման կատարվի քթային շնչառությունը բարելավող այդ միջամտությունը, քանզի պլաստիկ վիրահատություն կատարելով՝ փաստացիորեն քթի ծավալների փոքրացում ենք կատարում: Իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պլաստիկ վիրահատություններից հետո օդի ներհոսքի ծավալի կրճատում է լինում, ու եթե պլաստիկայի ժամանակ միջնապատը չի ուղղվում, պլաստիկ վիրահատություններից հետո բուժառուն կարող է գանգատվել դժվարացած քթային շնչառությունից: Շնչառական խնդիրները  կանխարգելելու համար, անկախ նրանից նախքան պլաստիկ վիրահատության դիմելը բուժառուն գանգատվել է քթային շնչառությունից, թե ոչ, եթե կա քթի միջնապատի անգամ թեթևակի ծռվածություն, որը մինչ այդ չի խանգարել մարդուն, այն պետք է անպայման ուղղել:

-Իսկ ո՞ր դեպքերում են դիմում կրկնակի ռինոպլաստիկայի օգնությանը։

-Կրկնակի ռինոպլաստիկայի դիմում են այն դեպքերում, երբ բուժառուն դժգոհ է սպասված արդյունքից՝ արտաքին տեսքից, շնչառությունից։ Հաճախ մեծ դեր է խաղում հոգեբանական տրամադրվածությունը: Հանդիպում են բուժառուներ, որոնք միշտ դժգոհ են լինում ստացված արդյունքից, մինչդեռ  օբեկտիվորեն  ակնհայտ խնդիր չկա:

Չենք վիրահատում նաև այն դեպքում, երբ տեսնում ենք, որ վիրահատության դիմում են հասարակության պահանջով կամ ուրիշի դրդմամբ: Իսկ եթե մարդն խելամտորեն  է մոտենում խնդրին, պարզապես պլաստիկ կորեկցիա է անում, որովհետև բարդույթավորվում է, օրինակ, քթի ձևից ու վիրահատությունից հետո կհաղթահարի այդ բարդույթն ու ավելի անկաշկանդ կլինի, այդ դեպքում,  իհարկե, օգնում ենք: Այդ առումով մեր գործում շատ կարևոր է խորհրդատվությունը, որի ժամանակ անպայման նաև հանգամանորեն քննարկվում են դրական ու բացասական հավանական հետևանքները:

Շատ հաճախ համացանցային պորտալը լրջորեն շեղում է նրանց, հայտնի է, որ այս հարթակը ողողված է հակասական տեղեկատվությամբ։

Մենք աշխատում ենք բուժառուին տալ  լիարժեք տեղեկություն, և  բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո  միայն նա ինքնուրույն հանգում է իր սեփական  վերջնական որոշմանը: 

-Իսկ ի՞նչ խնդիրներ կարող են հանգեցնել միջնապատի ծռվածությունը:

-Դժվարաշնչության արդյունքում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, սկսում են հաճախակի գլխացավեր, սրտխփոցներ, շուտ հոգնածություն, որի հետանքով նաև՝ հոդացավեր, ընդհանուր թուլություն, չբավարարված քնի զգացողություն, և վերջապես ուղեղի քրոնիկ թթվածնային քաղց, որի հետևանքով նաև հաճախ կյանքի հանդեպ անտարբեր ու դեպրեսիվ տրամադրվածություն: Ու հաճախ մարդիկ գլխի չեն ընկնում, որ պետք է այս դեպքում դիմել ԼՕՌ բժշկի: Դիմում են սրտաբանների, նյարդաբանների, ովքեր և հետազոտությունների արդյունքում չհայտնաբերելով որևէ այլ խնդիր՝ բացի  դժվարաշնչությունից, նրանց ուղղորդում են ԼՕՌ մասնագետի մոտ:

Որպես կանոն, 80-90% դեպքերում քթի միջնապատի դեֆորմացիան համակցվում է ստորին քթային խեցիների հիպերտրոֆիայի՝ մեծացման հետ: Խեցիները շարակցական սպունգանման հյուսվածքներն են, որոնք այտուցվելու, ծավալի փոփոխման հատկություն ունեն: Դեֆորմացված միջնապատի դեպքում դրանք, որպես պաշտպանական մեխանիզմ, մեծանում են:  Սովորաբար միջնապատի վիրահատությունները զուգորդվում են խեցիների պահպանողական վիրահատությամբ՝ ենթալորձային մասնահատումով, փոքրացումով: Դրանք լրիվ հեռացնել չի կարելի, ինչպես ընդունված է եղել տարիներ առաջ: Խեցիները կարևոր գործառույթ ունեն. ապահովում են ներշնչող օդի խոնավությունը և ունեն նաև տաքությունը ապահովող և փոշիներից մաքրող գործառույթ: Ժամանակակից բժշկությունը պարզել է, որ խեցիների հեռացումը հանգեցնում է մի քանի լուրջ խնդիրների՝ ինչպես, օրինակ, քթի խոռոչի քրոնիկական չորացում, կեղևների առաջացում: Այդ պատճառով էլ վիրահատական միջամտությամբ պետք է միայն փոքրացնել խեցիները՝ օդի ազատ հոսքը ապահովելու համար:

-Բժիշկ, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում օտիտը։

-Օտիտը միջին ականջի բորբոքումն է: Առավել հաճախ հիվանդությունն սկսվում է վիրուսային վարակից, որի դեպքում ախտահարվում են վերին շնչուղիները: Վիրուսը վնասում է բերանի խոռոչի, կոկորդի ու քթի լորձաթաղանթներն ու «ուղի է հարթում» բակտերիաների համար, որոնք էլ և առաջացնում են ականջաբորբ: Որպես հետևանք՝ կարող է փոխվել միջին ականջի բարոֆունկցիան և հանգեցնել միջին ականջի բորբոքման:

Արտաքին օտիտները կարող են առաջանալ արտաքին լսողական անցուղու մաքրման, լսողական անցուղու կամ ականջի մաշկի վնասման պատճառով տարած ինֆեկցիայից, ինչպես նաև լողանալուց հետո կամ լողանալիս դեպի արտաքին լսողական անցուղի ջրի ներթափանցումից։  Միջին ականջի սուր բորբոքման հիմնական պատճառներ կարող են դառնալ քթըմպանի բորբոքային գործընթացները, քմային նշիկների հիպերտրոֆիան և քրոնիկ ադենոիդիտը, քթի և հարակից խոռոչների քրոնիկ պաթոլոգիան (սինուսիտ, ռինիտ),տեղային իմունիտետի թուլացումը զանազան հիվանդությունների ժամանակ (ռախիտ, քաշի դեֆիցիտ, անեմիա, էքսուդատիվ դիաթեզ, լեյկոզ, և այլն), հաճախակի կրկնվող ալերգիան, տրավմայի պատճառով դեպի ականջի խոռոչ վարակի ներթափանցումը: Ներքին օտիտը զարգանում է որպես բարդություն միջին ականջի սուր կամ քրոնիկ բորբոքման, որն արդյունք է վնասվածքների կամ ընդհանուր վարակիչ հիվանդության. վերջինի դեպքում հարուցիչը ներթափանցում է ներքին ականջ արյան կամ ուղեղի թաղանթների միջոցով (օրինակ՝ մենինգիտի ժամանակ): Հիվանդության ամենատարածված հետևանքներից մեկը լսողության վատացումն է ։ Հետևաբար գանգատների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել համապատասխան մասնագետի։

-Ո՞ր դեպքերում է հանդիպում ծանրալսությունը։

-Ծանրալսության պատճառագիտությունը բավականին տարատեսակ է լինում։ Լսողությունը, ինչպես գիտենք, սկսվում է արտաքին ականջից։ Ծանրալսությունն առաջանում է ինչպես արտաքին եւ միջին, այնպես էլ ներքին ականջի հիվանդությունների դեպքում: Առաջին երկու դեպքում ծանրալսությունն ունի հաղորդչական բնույթ, այսինքն՝ խանգարվում է ձայնի հաղորդումը: Ներքին ականջի ախտահարումների դեպքում ախտահարվում է ձայնի ընկալումը (սենսոնևրալ ծանրալսություն): Այսպիսի ծանրալսությունը, եթե ունի սուր բնույթ, պահանջում է անհապաղ բուժական միջամտություն: Քրոնիկ սենսոնեևրալ ծանրալսության դեպքում հաճախ պահանջվում են լսողական սարքեր, իսկ ավելի ծանր դեպքերում նույնիսկ՝ կոխլեար իմպլանտացիա:
Արտաքին ականջի մի շարք ախտահարումների (անցուղու ստենոզ, օստեոմա, էկզոստոզ) և միջին ականջի ախտահարումների (քրոնիկ միջին օտիտների) դեպքում լսողության վերականգնումը հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ։

Այդ ամենը հնարավորություն է տալիս հետազոտել և ախտորոշել ԼՕՌ հիվանդությունների լայն սպեկտր, իսկ վիրահատությունները կատարել՝ չդիմելով արմատական վիրաբուժական մեթոդներին։

Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է մնալ ժամանակակից օտորինոլարինգոլոգիայի առավել ակտուալ խնդիրներից մեկը, ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալական պլանում: Չնայած օտովիրաբուժության զգալի հաջողություններին և գիտատեխնիկական առաջընթացի նորագույն ձեռքբերումներին (ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ, լսողական սարքերի նոր մոդելներ) լսողական խանգարումներով մարդկանց թիվը, հատկապես երեխաների և դեռահասների շրջանում, մնում է բավականին բարձր:

Լսողության խախտումների ախտորոշումը երեխաների մոտ անհրաժեշտ է սկսել ծնված օրվանից, ինչն էլ տալիս է հնարավորություն ժամանակին բացահայտել խանգարումները, սկսել վերականգնողական աշխատանքները և ներգրավել երեխային խոսակցական միջավայր:

Վաղ ախտորոշման առավել արդյունավետ մեթոդ է  նորածնի սքրինինգը, որից հետո հնարավոր է դառնում ժամանակին և լիարժեք բուժման կազմակերպումը:

Լսողության խախտումներ ունեցող երեխաների վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպել բուժումը (լսողապրոթեզավորում  կամ կոխլեար իմպլանտացիա) և հետագա վերականգնողական աշխատանքները, որպեսզի երեխան լիարժեք ադապտացվի հասարակության մեջ, և կան հարյուրից ավել տարբեր տարիքային խմբի հիվանդներ, որոնցից առավել բարձր տոկոս են կազմում տարբեր տարիքի երեխաները: Հետվիրահատական շրջանն անցնում է բավարար, անցկացվում են վերականգնողական պարապմունքներ:

Հայաստանում ծնված 1000-2000 երեխաներից ընդամենը մեկն է ունենում բնածին խլություն: Կոխլեար իմպլանտացիան հիմնականում նախատեսված է այն երեխաների համար, ում մոտ դեռ չի ձևավորվել խոսքի կենտրոնը: Այս վիրահատությունը հնարավոր է անցկացնել կյանքի առաջին տարում, որն իր հերթին հանդիսանում է ունիվերսալ աուդիոսքրինինգի  հիմնական պատճառ:

-Ձեր բնագավառում շփվելով երիտասարդ կադրերի հետ՝ ի՞նչ կասեք նրանց մասին:

-Մեր ապագա բժշկությունը տեսնում եմ բավականին խոստումնալից ու հեռանկարային դիրքերում և հուսալի ձեռքերում: Ակնհայտ է, որ ունենք հիանալի երիտասարդ մասնագետներ, որոնք աչքի են ընկնում ժամանակակից մտածելակերպով, գիտելիքների մեշ պաշարով, նվիրված են գործին, ավելիին են ձգտում, շատ մեծ ներուժ ունեն և սիրում են իրենց մասնագիտությունը: Երիտասարդներ,  որոնք   մասնագիտացել  են  իրենց ոլորտում՝  հաճախ  առաջատար երկրներում  անցնելով վերապատրաստման մի շարք դասընթացներ։  Այն ամենը,  ինչ  անհրաժեշտ  է  առողջապահական բարձրակարգ սպասարկում իրականացնելու և բուժառուին իրապես գոհացնելու համար:

-Ինչպե՞ս կուզեիք ավարտել մեր զրույցը,  որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Որպես այս երկրի քաղաքացի՝ մեր պետությանը մաղթում եմ  խաղաղություն և բարգավաճում։

Որպես բժիշկ, մեր հասարակությանը առաջնահերթ մաղթում եմ առողջություն: Հարկ եմ համարում վերստին հնչեցնել, որ ինչպես մյուս, այնպես էլ ԼՕՌ շրջանի շատ հիվանդություններ ժամանակին ու ճիշտ բուժում չստանալու դեպքում կարող են հանգեցնել բավական լուրջ ու անդառնալի բարդությունների: Խորհուրդ եմ տալիս աչալուրջ ու հետևողական լինել ու խնամոսվ պահպանել ի վերուստ մարդուն տրված ամենամեծ պարգևը՝ առողջությունը: Չափազանց կարևոր է նաև գտնել այնպիսի մասնագետ, որին կվստահես անվերապահորեն: Բուժառու - բժիշկ փոխադարձ վստահությունը շատ մեծ նշանակություն ու կարևոր դեր ունի և չափազանց նպաստավոր է բուժման ամբողջ գործընթացի համար:

Առողջ եղեք, սիրեք Ձեզ և Ձեզ շրջապատող մարդկանց։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր