Արամ Չիլինգարյան

(0 votes)

Արամ Չիլինգարյան. Որպեսզի, ինչպես պոետն է ասում՝ <<Սիրտը սրտություն անի այս դարին վայել>>

Հայաստանում  սրտային հիվանդությունների ախտորոշման ու բուժման մեթոդները գնալով ավելանում են և  բժշկության զարգացող ճյուղերից են, սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում սրտային հիվանդություններից մահացության ցուցանիշն ամենաբարձրն է: Պատճառը ցավալիորեն այն է, որ հիվանդները երկար ժամանակ ախտանշաններ են ունենում, սակայն անուշադրության են մատնում՝ հարկ չհամարելով դիմել բժշկի: Յուրաքանչյուր ոլորտում մարտահրավերը ժամանակի հրամայականն է, որն ապահովում է կայուն զարգացում և արժեքավոր նվաճումներ: Ըստ սրտաբանների՝ սիրտ-անոթային հիվանդությունների սրացումը կապվում  է ոչ միայն առողջապահական, այլ սոցիալական խնդիրների հետ: Անդրադառնալով տարիքային առաձնահատկություններին՝ մասնավորապես, սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների երիտասարդացմանը, մասնագետները նշում են, որ դա մի կողմից  համաշխարհային միտում է՝ սոցիալական և տարբեր գործոնների ազդեցությամբ,  իսկ  մյուս կողմից, կարծում են,  որ, պարզապես,  կատարելագործվել է ախտորոշումը.  Մասնավորապես, մեր երկրում տարբեր ախտորոշիչ նորագույն մեթոդների, բժշկական, առողջապահական ծրագրերի ներդրման շնորհիվ բարելավվել է  հիվանդությունների ախտորոշումը և վաղ հայտնաբերումը: Բժշկությունը, այնուամենայնիվ, մի քիչ ավելի վերացական, ինչու ոչ, զգացմունքային մասնագիտություն է, չնայած այսօր բացարձակ վերացական չէ, և բոլորը քաջ գիտեն, թե որքան ջանքեր են պահանջվում գրագետ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, իսկական բժիշկ լինելու և այդպիսին մնալու համար։

Մեր զրուցակիցն է Լ.Ա. Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, բժիշկ, որը դիմակայել է ժամանակների և գիտության մարտահրավերներին՝ շարունակաբար լրացրել ու հարստացրել է իր գիտելիքներն ու մարդկային տեսակի ներուժը՝ հատուկ շեշտադրելով արդի բուժմոտեցումները՝ և երևան բերելով իր պրոֆեսիոնալիզմը և բժիշկ-բուժառու էթիկական մոտեցումը:

Փորձառռու բժշկի հաջողության գաղտնիքը նաև իր խարիզմատիկ տեսակի մեջ է, մարդասեր է և ընկերասեր: Իսկ սրտաբանության ոլորտում իրապես զարմացնում և հրաշքներ է գործում, նրա մասնագիտական բարձր պատրաստվածությունը մեկտեղվում է իր անսահման բարի հոգու, մարդասիրության, զգայուն սրտի և հավատի հետ առ Աստված` ստեղծելով յուրահատուկ, տարբերվող կերպար: Սրտաբանության մեջ իր բազմավաստակ գործելաոճով նա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բժշկությունը բիզնես չէ, այն կոչված է փրկել մարդկային կյանքեր, ապահովել մարդու առողջությունը, բարձրացնել նրանց կյանքի որակը: Բժշկությունը նրա կյանքն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը… 

Դա, իհարկե, ոչ միայն իր մասնագիտական կարողությունների, գիտելիքների ու հմտությունների արդյունքն է, այլ նաև իր` աշխատանքին նվիրվածության, ներդրած մեծ սիրո և ի վերուստ տրված էներգիայի ու աներևակայելի ուժի:

Բժիշկ-սրտաբան Արամ Չլինգարյանը պատասխանում է մեր հարցերին։

 -Շատերն կհետաքրքրի, թե սրտային հիվանդությունների շարքում ո՞ր խնդիրներն են ավելի հաճախ հանդիպում, և ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացե՞լ»:

-Մեզանում սիրտ-անոթային համակարգի առավել տարածված խնդիրներից է սրտի իշեմիկ հիվանդությունը, որը, իրոք, երիտասարդացել է, և որի հիմքում ընկած է սրտամկանը սնուցող զարկերակների (պսակաձև զարկերակներ) աթերոսկլերոտիկ ախտահարումը: Սրտի իշեմիկ հիվանդության սուր դրսևորումներից է սրտամկանի  ինֆարկտը:  Այն ուղեկցվում է սրտամկանի վնասմամբ, արտամղման գործառույթի նվազմամբ, հետագա սրտային անբավարարության և առիթմիաների զարգացմամբ: Սիրտ-անոթային հիվանդությունների սեզոնային ավելացումը կախված է ինչպես բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների, այնպես էլ մարդու օրգանիզմում տարբեր ֆիզիոլոգիական գործընթացների հետ, որոնք հանգեցնում են քրոնիկ հիվանդությունների սրացման: Սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում դա առաջին հերթին վերաբերում է զարկերակային հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ և առիթմիաներով տառապող հիվանդներին:

Սրտի իշեմիկ հիվանդության սուր ձևերից է սրտամկանի ինֆարկտը: Այն պայմանավորված է պսակաձև անոթների մեջ աթերոսկլերոտիկ փոփոխություններով։ Հաճախ այն ուղեկցվում է սրտի աշխատանքի վատացմամբ՝ սրտային անբավարարությամբ ու ռիթմի խանգարումներով։

Ընդհանրապես «երիտասարդանալն» ավելի շատ պայմանավորված է նրանով, որ զգալի առաջընթաց է ապրել սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումը, որը հնարավորություն է տալիս հիվանդությունը հայտնաբերել ավելի վաղ շրջանում: Բացի դրանից, հիվանդությունները, իսկապես, որոշակի «երիտասարդացում» են ապրել, որովհետև փոխվել է կյանքը, անգամ ծխախոտն է փոխվել, փոխվել է սննդի որակը, շատացել են արհեստական նյութերը: Նստակյաց կյանքը, սխալ սննդակարգը, չմարզվելը սիրտ-անոթային հիվանդությունների համար պարարտ հող են ստեղծում՝ լայնորեն բացելով սրտի դռները մի շարք սրտային հիվանդությունների առաջ։ Եթե այդ ամենին ավելացնենք նաև քրոնիկ սթրեսները, որոնք իրենց հերթին նպաստում են ծխելուն, ուտելուն, ալկոհոլի քանակը շատացնելուն, ապա տխուր պատկերը կամբողջանա:

Մյուս կողմից՝ վստահորեն կարող եմ ասել, որ մեզանում սրտաբանությունը մեծապես զարգացած է, բժշկության այս ճյուղում թերապիայի առումով մենք լիովին տիրապետում են եվրոպական չափանիշներին և պրակտիկորեն լիովին տիրապետում ենք ժամանակակից բուժական մեթոդներին:  Կարծում եմ, որ մոտ ապագայում վիրահատական միջամտությունների առումով տեխնիկական հագեցվածության մակարդակը նույնպես լիովին կհասնի լավագույնի։

 -Առիթմիաների ո՞ր տեսակներն են ավելի հաճախ հանդիպում:

-Առիթմիան բավականին լայն թեմա է: Առիթմիաների որոշ մասը սովորաբար լինում է անվտանգ, անցողիկ, առանց որևէ միջամտության,, այն կարող է անցնել կամ երբեմն պահանջում է թեթև բուժում: Առիթմիայի տեսակները բազմաթիվ են, եթե տարանջատենք, կարող ենք նշել մոտավորապես տասը տեսակի առիթմիա։ Ամենավտանգավորը փորոքային առիթմիաներն են: Եթե սիրտը կառուցվածքային խնդիր ունի, և առկա է առիթմիա, ապա պետք է լինել ավելի զգոն: Փառք Աստծո, առիթմիաները մեծ մասամբ անվտանգ բնույթ են կրում, և եթե դիտարկենք ընդհանուր պոպուլյացիայով, ապա այսօր առիթմիա ունեցողները մեծ թիվ են կազմում:

-Ի՞նչ վտանգներ ունի շողացող առիթմիան:

-Շողացող առիթմիայի գլխավոր վտանգն այն է, որ նախասրտերը չեն կծկվում, նրանք, այսպես ասած, «շողում են», և այդ պատճառով արյունը դանդաղ է շարժվում դրանց մեջ ու կարող է անգամ մակարդվել՝ առաջացնելով թրոմբներ: Նախասրտերում առաջացող թրոմբները  կարող են «թռչել» և դառնալ ինսուլտի պատճառ: Սովորաբար շողացող առիթմիան ունի իր պատճառագիտությունը: Բանն այն է, որ երկարատև հիպերտոնիան և շաքարային դիաբետը, սրտի արատը և սրտի իշեմիկ հիվանդությունները՝ ուղեկցվող սրտի անոթների նեղացումով, կարող են առաջանալ տարբեր բնույթի պատճառներով, որոնք էլ իրենց հերթին կարող են դառնալ շողացող առիթմիայի առաջացման պատճառ։ Լինում են դեպքեր, երբ պատճառագիտությունը պարզաբանված չի լինում և իր տեսակով մեծ տարածում չունի, և այսպիսի դեպքերում այն պահանջում է հատուկ մոտեցում և հատուկ բուժում, և ահա թե ինչու մշտական ուշադրության կարիք կա: Հիպերտոնիան անտեսելը կհանգեցնի նաև շողացող առիթմիայի զարգացմանը:

-Եղանակային պայմաններն ինչպե՞ս են անդրադառնում սրտային հիվանդություն ունեցող մարդկանց առողջական վիճակի վրա, եղանակային փոփոխությունների հետևանքով սիրտ-անոթային  ո՞ր  հիվանդություններն  են սրացում ապրում:

-Եղանակային փոփոխություններին զուգահեռ կարող ենք ունենալ զարկերակային գերճնշման բարձացումներ, դեպի աշուն-ձմեռ-գարուն կարող ենք ունենալ նաև իշեմիկ հիվանդությունների սրացում, բայց դա չի նշանակում, որ ամռանը մարդիկ ապահովագրված են սիրտ-անոթային հիվանդություններից: Իհարկե, եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ ավելանում են սիրտ-անոթային խնդիրները, որոնք սեզոնային բնույթ են կրում: Այդ հիվանդություններով արդեն իսկ տառապողների մոտ կարող են ի հայտ գալ սրացումներ: Իսկ հատկապես ձմռան ամիսներին այդ խնդիրներն ավելի են սրվում, թեև ընդունված է կարծել, թե սրացումներ լինում են գարուն-աշուն ամիսներին, բայց իրականում խնդիրներն ավելի են շատանում այն բուժառուների մոտ, որոնք մետեոկախյալ են, որոնք ավելի զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ։ Իհարկե, դա ընդհանուր օրինաչափություն չէ և կախված է անհատի օրգանիզմի առանձնահատկություններից, սակայն, անշուշտ, սառը կլիման նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների ավելացմանը, իսկ շոգ եղանակին դրանք մի փոքր պակասում են։ Նշենք նաև, որ ծայրահեղ շոգն ու ցուրտը նույնպես կարող են հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների սրացմանը։

Սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ եմ տալիս հետևողական լինել իրենց խնդիրներին, պարտադիր կերպով բժշկից խորհրդատվություն ստանալ՝ բուժման արդյունավետ մոտեցում ընտրելու համար: 

- Ի՞նչ պատճառներ ունեն և ինչի՞ կարող են հանգեցնել սրտամկանի հաճախակի կծկումները։

-Սրտամկանի հաճախակի կծկումները կարող են լինել բազմապատճառային, անգամ բացարձակ առողջ սիրտ ունեցողներն էլ կարող են ունենալ հաճախակի կծկումներ: Կծկումները կարող են առաջանալ նյարդային, ինչպես նաև եղանակային փոփոխությունների ֆոնի վրա, մեծ քանակի կոֆեին ընդունելու, ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով և այլն: Հաճախասրտություն կարող է առաջանալ բարձր ջերմությունից՝ որոշակի բորբոքային հիվանդությունների ժամանակ․ նշիկների բորբոքման, ինչպես նաև քրոնիկ արթրիտի դեպքում։ Կան մարդիկ, որոնց սրտի զարկերը ի ծնե արագ են: Սրտի զարկերն արագանալու պատճառ կարող են դառնալ վահանաձև գեղձի խնդիրները:

-Ինչպիսի՞ ախտանիշներով են ընթանում սիրտ-անոթային հիվանդությունները:

 -Սիրտ-անոթային հիվանդությունների ախտանիշների պատկերն իրականում փոխվել է, սակայն առաջին հերթին պետք է ուշադրության առնել ցավի տևողությունը։ Այն սովորաբար տևում է  մի քանի րոպեներից մինչև կես ժամ, իսկ եթե շատ ավելի երկար է տևում, նշանակում է զարգանում է ինֆարկտ, ի դեպ, սրտի ցավը սովորաբար վայրկյաններ չի տևում։ Այն հիմնականում  տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում ճնշող զգացողությամբ, կարող է լինել նաև այրող, ծակող զգացումով՝ ճառագայթելով վերին վերջույթին, մեջքին, ծնոտին։ Սրտի ցավ կարող է առաջանալ նաև նյարդային համակարգի խնդրի հետևանքով, սակայն սրտի ցավերն հիմնականում կարող են ավելի հաճախ լինել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

- Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել հիպերտոնիան անտեսելը։

-Հիպերտոնիայի անտեսումը կարող է բերել մի շարք սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը։ Հիպերտոնիա նշանակում է բարձր արյան ճնշում անոթների մեջ։ Անոթների պատերը քրոնիկ բարձր ճնշման տակ են լինում, այսպես ասած՝ սթրեսի մեջ, իսկ սրտի, ուղեղի և երիկամի անոթների պատերը շատ նուրբ են, և երկարատև ճնշումը բերում է դրանց պատերի քայքայման, սկսում է անոթների բորբոքում և նեղացում, և հենց վերը նշված օրգանները դառնում են գլխավոր թիրախավորման կետերը։ Սկսում է վնասվել ուղեղը, ծայրահեղ դեպքում առաջանում է ինսուլտ, իսկ սրտամկանի վնասման պաթոլոգիան ինֆարկտն է, ինֆարկտն ու ինսուլտը նույն հիվանդությունն են անոթի խցանման պատճառով, ուղղակի մեկը տեղի է ունենում ուղեղում, մյուսը՝ սրտում: Երիկամներում հիպերտոնիայի հետևանքով առաջացած խնդիրն էլ հանգեցնում է երիկամային անբավարարության։ Նշված հիվանդություններն ունենում են անդառնալի պատկեր, և օրգան համակարգերի վերջնական ապաքինում չի լինում։ Հիպերտոնիան հիվանդություն է, որը պետք է կանխարգելել, քանի որ այն լիարժեք բուժում չունի, և հիվանդության պատճառագիտությունը դեռևս լիարժեք բացահայտված չէ։ Այդ իսկ պատճառով հնարավոր չէ հիմնովին բուժել և վերջնականապես արմատախիլ անել հիվանդությունը: Այս դեպքում ցուցվում է պարտադիր դեղորայքային մշտական բուժում և բժշկի մշտական հսկողություն:

Գոյություն ունեն զարկերակային գերճնշումը կարգավորող բազմաթիվ դեղորայքներ: Բժիշկը պետք է ընտրի թիրախային դեղորայք կամ դեղորայքային կոմբինացիա՝ հիվանդի խնդրին համապատասխան: Եթե ինչ-որ պատճառով առաջանում են կողմնակի երևույթներ, ապա առկա են բազմաթիվ այլընտրանքներ: Զարկերակային գերճնշման բուժումը նշանակվում է երկարաժամկետ և կուրսային բնույթ չի կրում: Յուրաքանչյուր բուժառուին պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում: Ցանկացած անձ, անկախ հիվանդության հետևանքից՝ ունեցել է ինֆարկտ, թե ոչ, պետք է անընդմեջ կապի մեջ լինի իր սրտաբանի հետ, որը կվարի հիվանդությունը՝ անհրաժեշտ խորհուրդներ տալով՝ կապված դեղորայքային բուժման, սննդակարգի և ապրելակերպի հետ:

 -Որո՞նք են ստենտավորման ցուցումներն ու հակացուցումները, և ստենտավորման հետևանքով, ըստ էության, ի՞նչ է տեղի ունենում անոթի հետ:

-Ստենտը փոքր ու նուրբ մետաղական կոնստրուկցիա է, որը հատուկ ուղղորդիչ գործիքների օգնությամբ տեղադրվում է անոթի խցանված կամ նեղացած հատվածում՝ ապահովելով սրտամկանի սնուցման բարելավում: Իսկ ցուցումներն ու հակացուցումները քննարկվում են տվյալ հիվանդի անհատական համատեքստում: Այն կատարվում է այն դեպքում, եթե անոթը հանկարծակի փակվել է՝ առաջացնելով սուր ցավեր և նախաինֆարկտային վիճակ: Այդպիսի դեպքերում ստենտավորումը ցուցվում է հիվանդի սրտամկանը վնասվելուց փրկելու համար, և այն պետք է կատարել հնարավորիս շուտ մինչև 24 ժամը: Այն անոթը, որն առաջացնում է ինֆարկտ, 24 ժամ հետո ստենտավորելն արդեն անիմաստ է, իսկ մնացյալ խնդիրների դեպքում պետք է կշռադատել՝ արժե՞ ստենտավորել, թե՞ ոչ։ Իսկ եթե առկա է սրտի անոթների քրոնիկ նեղացում, այդ ժամանակ ցանկալի է դիմել բժշկի: Հարկ կա, որ բուժառուն մանրակրկիտ հետազոտվի՝ հասկանալու համար ստենտավորման անհրաժեշտություն կա՞, թե ոչ: Նախաինֆարկտային դեպքերում, իհարկե, ստենտավորումը միանշանակ է: Ստենտավորումից հետո հիվանդները հաճախ հոգեբանական խնդիրներ են ունենում, սակայն նրանք պետք է գիտակցեն ու ընդունեն այն իրողությունը, որ բուժման ու ախտորոշիչ ժամանակակից մեթոդները անհամեմատելիորեն նվազեցրել են հաշմանդամության ռիսկերը:

-Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հասարակությանը, ի՞նչ ուղերձ ունեք մեր ընթերցողներին:

-Իհարկե, առաջին հերթին քաջառողջություն կմաղթեմ: Կհորդորեմ մեր հանրությանը սեփական առողջությունը առաջնահերթության սկզբունքով վեր դասել բոլոր զբաղմունքներից հետաքրքրություններից, չխնայել ժամանակային ու նյութական ռեսուրսները՝ հնարավորինս առողջ լինելու և Աստծո պարգևած առողջությունը պահպանելու ու վայելելու համար: Հուշեմ նաև միջոցը՝ մի փոքր, բայց կարևոր մասնագիտական հիշեցմամբ. յուրաքանչյուր հիվանդության բուժումն անհամեմատ ավելի դյուրին է ու արդյունավետ, եթե մարդը առողջության ինչ-ինչ խաթարումներ նկատելու դեպքում տարակուսելու, իր մոտ ծագած խնիրները շրջապատի հետ քննարկելու և այլոց խնդիրների հետ համեմատելու փոխարեն պարզապես թակի բժշկի դուռը: Պարզ, հասկանալի իրողություն է՝ վաղ փուլերում ախտորոշված հիվանդությունը ճնշող մեծամասնությամբ հաղթահարելի է: Ավելորդ չեմ համարում խորհուրդ տալ մեր հայրենակիցներին կանխարգելիչ նկատառումներից ելնելով՝ տարեկան գոնե մեկ անգամ դիմել իրենց բժշկին: Պետք է սթափ լինել, կանխել զարգացող հիվանդությունները նախ և առաջ առողջ ապրելակերպ վարելով: Իհարկե, այսօր բավականին մեծ է փոփոխությունը բժշկի դիմելիության մշակույթի առումով. Գոհունակությամբ պետք է ասել, որ մարդիկ սկսել են ավելի վաղ տարիքից հետևել իրենց առողջությանը, ինչը ողջունելի և ընդօրինակելի է: Մենք լավ գիտակցում ենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով շատերը դժվարանում են դիմել բժշկի, բայց կցանկանամ, որ մարդիկ սիրեն իրենք իրենց և բժշկի դիմեն նույնիսկ փոքր գանգատի դեպքում, այլ ոչ թե հիվանդության արդեն բավականին բարդացած վիճակում, երբ բուժումը ոչ միայն ավելի ծախսատար է, այլև նույն այդ պատառով շատ ցածր է դրա  արդյունավետությունը: Պետք չէ խնայել առողջության հաշվին, քանի որ շատ հաճախ կարող են լինել անդառնալի հետևանքներ, որոնք կարող են ավերիչ լինել ոչ միայն մարմնապես, այլև հոգեպես:

Առողջ եղեք։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր