Կարեն Վարդանյան Featured

(0 votes)

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՑանկացած հիվանդության դեպքում առողջացման առաջին կարևոր գրավականը հավատն է դեպի բուժող բժիշկը

Առողջությունը ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցիկ վիճակ է, որին հասնելու համար չափազանց կարևոր են բուժառուի դրական տրամադրվածությունն ու հիվանդությանը հաղթելու հաստատակամ որոշումը: 

Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժության մակարդակը, ըստ մասնագետների, միջինից բարձր դիրքերում է, և այն զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով: Սակայն այս ոլորտում էլ պետք է մշտապես աշխատել՝ նորանոր բարձունքների հասնելու համար:

Մեր զրուցակիցը «Նաիրի» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Կարեն Վարդանյանն է, որը վերջերս <<ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ-ՈՐԱԿԻ ՆՇԱՆ-2023>> մրցանակաբաշխությանն արժանացավ <<Տարվա երիտասարդ դիմածնոտային վիրաբույժի>> կոչմանը: Բժիշկ, որի համար տարիների փորձը մեծ նշանակություն ունի, և դա է, որ նրան դարձնում է առավել ճանաչված ու վստահելի: Նա հաճելի զրուցակից է, իր գործի մեծ գիտակ, մարդ, որն իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է հիվանդների վստահությունը։ Բժշկի հաջողության գրավականն են մասնագիտական ունակությունները, բժիշկ- հիվանդ ճիշտ փոխհարաբերությունները, ազնվությունը և իրմասնագիտությանն ու գործին մեծ նվիրվածությունը:

-Պարոն Վարդանյան, որո՞նք են ծնոտների բորբոքային հիվանդությունները և դրանց առաջացման պատճառները։

-Ծնոտի բորբոքային հիվանդությունները կարող են առաջանալ տարբեր պատճառներից. կարող ենք տարանջատել ատամի հետ կապված խնդրից առաջացած և ոչ դրա հետ կապված բորբոքային հիվանդություններ։ Սովորաբար, եթե նշված հիվանդություններն ատամներից չեն առաջանում, դրանք կարող են կապված լինել բնածին կիստոզ գոյացությունների հետ, որոնք ի սկզբանե բորբոքված չեն և ոչ մի կերպ չեն անհանգստացնում, սակայն որևէ գործոնի ազդեցությամբ կարող են բորբոքվել և ուղեկցվել ցավային ախտանիշով և բորբոքման այլ տարաբնույթ նշաններով։ Նշենք, որ ստորին ծնոտի մարմնով անցնում է ստորին ատամնաբնային նյարդը, որի դեպքում ցավային ախտանիշը բավականին սուր է լինում։

Ավելի հաճախ հանդիպող մեծ խումբ են կազմում ատամներից առաջացած բորբոքային խնդիրները, որոնց դեպքում ատամի շուրջը գտնվող հյուսվածքների բորբոքումից կարող են առաջանալ ծնոտների ոսկրի բորբոքային խնդիրներ։ Օրինակ՝ կարող է այդ բորբոքումը տարածվել և ընդգրկել ծնոտի ոսկրային հյուսվածքը, կարող է ատամի արմատից առաջանալ արմատային կիստա, որը չունենա և ոչ մի ախտանիշ, բայց էլի որևէ պահի որևէ ազդակի ազդեցությամբ բորբոքվել ու ընդգրկել ծնոտի ոսկրային հյուսվածքը։ Ծնոտների բորբոքային խնդիրների դեպքում ցավը կարող է լինել թեթև տեղայնացված ատամի տակ, կարող է նաև ճառագայթել դեպի ականջ, դեպի վերին ծնոտ։

Ծնոտի բորբոքային խնդիրների բուժման համար անհրաժեշտ է հասկանալ, թե նշված պատճառներից որն է առաջացրել բորբոքում։

Սովորաբար, պահանջվում է վիրաբուժական մոտեցում՝ համակցված դեղորայքային բուժման հետ։ Հազվադեպ դեպքերում հնարավոր է լինում ծնոտների բորբոքային խնդիրները վերացնել առանց վիրահատական միջամտության՝ միայն դեղորայքային և պահպանողական միջոցներով։

 -Հայմորիտ. արդյո՞ք Ձեր տիրույթում է այս հիվանդության բուժումը։

-Հայմորիտը բավականին մեծ տարածում ունի․ այլ անվանմամբ՝ վերծնոտային խոռոչի բորբոքում։ Այդ խոռոչները քթի հարակից խոռոչներից են, որոնք հաղորդակցվում են քթի խոռոչի հետ։ Անատոմիական մյուս առանձնահատկությունն այն է, որ վերծնոտային խոռոչները շատ մոտ են տեղակայված վերին կողմնային ատամների արմատներին։ Այդ պատճառովայս խոռոչները կարող են բորբոքվել թե՛ նշված ատամների բորբոքումների պատճառով, թե՛ քթի խոռոչի խնդիրների պատճառով։ Բորբոքման դեպքում կարող են լինել տիպիկ նշաններ՝ տվյալ շրջանում դեմքի ցավ, ծանրության զգացում, ցավերը կարող են տարածվել դեպի ճակատային և գագաթային շրջաններ՝ առաջացնելով գլխացավեր։

Սուր հայմորիտի դեպքում, եթե նախկինում չեն եղել երկարատև բորբոքային գործընթացներ, ապա հնարավոր է բորբոքումը վերացնել դեղորայքային և պահպանողական միջոցներով՝ չդիմելով վիրահատական եղանակների։ Սակայն եթե բորբոքումը պարբերաբար կրկնվում է և երկարատև ընթացք ունի, ապա սովորաբար քրոնիկ բորբոքված լորձաթաղանթը միայն պահպանողական միջոցներով չի բուժվում, ուստի կարիք է լինում վիրահատական եղանակով վերացնել բորբոքումը։

-Ոսկրաբորբ․ կմանրամասնե՞ք:

-Ոսկրաբորբ կամ ոսկրածուծաբորբ․ բժշկության մեջ հայտնի է օստիոմելիտ   տերմինով, որն ինքնին շատ յուրահատուկ  հիվանդություն է։ Այս խնդրի ժամանակ բորբոքումը տարածվում է ոսկրի խորքային հյուսվածքի՝ սպունգանման շերտի մեջ, որտեղ գտնվում է ոսկրածուծը ։ Այս բորբոքումն առաջանում է ախտածին միկրոբների ազդեցությամբ, բայց դրա հետ մեկտեղ գումարվում են ալերգիկ գործընթացներ, որոնք ուժեղացնելով միմյանց ազդեցությունը՝ ի վերջո, հանգեցնում են ոսկրածուծի սուր բորբոքման, որը ուղեկցվում է ուժեղ ցավով, ինչպես նաև փափուկ հյուսվածքների այտուցով։ Ոսկրածուծաբորբը կարող է անցնել քրոնիկ ընթացքի, որի հետևանքով բորբոքված ոսկրի օջախում ձևավորվում է մեռուկացած ոսկրի բեկոր (սեկվեստր)։ Ճիշտ նույն սկզբունքով սուր բորբոքումը կարելի է վերացնել դեղորայքային և պահպանողական միջոցներով, սակայն քրոնիկ օստեոմիելիտի բուժումը վիրահատական է։

-Հնարավո՞ր է, արդյոք, դիմածնոտային բորբոքային հիվանդությունները զարգացում ապրեն առանց ցավային ախտանիշների։

Այո,հնարավորէ։Երբօրգանիզմիդիմադրողականությունը շատ է թուլացած, և օրգանիզմը չի կարողանում, ախտածին միկրոբներին ի պատասխան, առաջացնել բորբոքային համարժեք պատասխան, ապա այդ բորբոքումը կարող է ընթանալ առանց ցավի, առանց այտուցի և մյուս ախտանիշների։ Բայց այդ դեպքերում վնասը ավելի տարածուն է և ավելի վտանգավոր։

-Քունք-ստործնոտային հոդախախտ. որո՞նք են հոդախախտի առաջացմանբուն պատճառները:

-Քունք-ստործնոտային հոդի տարատեսակ խնդիրների առաջացման պատճառները հասկանալու համար հարկավոր է լավ պատկերացնել այհոդի կառուցվածքը:
Քունք-ստործնոտային հոդը բաղկացած է ստորին ծնոտի հոդային ելունից, որը գտնվում է գանգի հիմի համապատասխան փոսության` հոդային փոսիկի մեջ: Նրանց միջև կա աճառային սկավառակ, որը վերացնում է երկու ոսկրային բաղադրիչների մակերեսների անհամապատասխանությունը: Հոդային սկավառակի առկայության շնորհիվ է, որ այս հոդը կարող է առաջ սահելուն զուգահեռ` միաժամանակ նաև պտտվել դեպի առաջ, հետ, կողմնային ուղղությամբ, ինչպես նաև` զուգակցել մի քանի ուղղությամբ շարժումներ:
Այս բարդ գործառույթը հոդը կարողանում է իրականացնել այն բանի շնորհիվ, որ ծնոտը առաջ տանող մկանի (կողմնային թևակերպահին մկանի) մկանաթելերից որոշները միանում են սկավառակին, որի շնորհիվ` ծնոտի առաջ շարժվելու ընթացքում սկավառակը համաչափ առաջ է սահում հոդի առաստաղի վրա և հետ չի մնում հոդագլխիկի շարժումներից: Հաճախ այս գործառույթի խանգարման հետևանքով առաջանում են հոդի այնպիսի խնդիրներ, երբ շարժման ժամանակ սկավառակը համաչափ չի տեղաշարժվում հոդագլխիկի հետ:
Այն տեղակայվում է ավելի առաջ (ըստ մի տեսության` հենց այն մկանաթելերի    գերլարվածության հետևանքով, որոնք միանում են սկավառակին, իսկ համաձայն մի այլ տեսության՝ աճառային մակերեսների անհարթությունների հետևանքով առաջացող շփման ուժերի պատճառով) և ծնոտի շարժման ժամանակ առաջացնում են բնորոշ «շրխկոցի» և «կտոցի» ձայներ:
Հոդի այս բաղադրիչները շրջապատված են հոդային շապիկով, որը հոդային տարրերը պահում է միմյանց նկատմամբ ճիշտ դիրքում, ամրացնում է գանգի հիմի ոսկրերը և պահպանում է հոդը ավելորդ ծավալի շարժումներից:
Այնուամենայնիվ, քունք-ստործնոտային հոդի գերձգումների հետևանքով (որոնք կարող են լինել, օրինակ,  երկարատև բերանը բաց վիճակում պահելու, բերանը չափազանց մեծ ծավալով բացելու և լ ուրիշայլ դեպքերում)` հոդային շապիկը թուլանում է, որի հետևանքով հոդագլխիկը չափազանց առաջ տեղաշարժվելով` կարող է դուրս գալ հոդի բնական դիրքից և առաջացնել հոդախախտ:
Եթե հոդախախտը դառնում է սովորութային, այսինքն՝ ո չափով բերանի բացման ժամանակ կարող է առաջանալ հոդախախտ, ապա այն կարող է կյանքի որակը  էականորեն վատացնել։ Նման դեպքերում հնարավոր է վիրահատական եղանակով վերացնել սովորութային հոդախախտը։

Եթե հոդախախտը եզակի անգամներ է եղել, ապա այն հնարավոր է ուղղել հատուկ՝ ոչ վիրահատական եղանակով։

 -Ինչի՞ց կարող է առաջանալ ծնոտի կոտրվածքը:

-Ծնոտի կոտրվածքները հիմնականում առաջանում են վնասվածքներից, երբ տրավմատիկ ուժը ազդում է ծնոտի ոսկրի վրա՝ առաջացնելով կոտրվածք։ Բայց կոտրվածք կարող է առաջանալ նաև առանց որևէ վնասվածքի։ Այն կոչվում է ախտաբանական կոտրվածք։ Դա կարող է առաջանալ կամ ոսկրերի այնպիսի հիվանդությունների դեպքում, երբ թուլանում է ոսկրի խտությունը և ամրությունը, որոնք այնքան էլ շատ չեն հանդիպում, կամ, օրինակ, կարող են առաջանալ, երբ ծնոտի մարմինը քայքայվում է կիստոզ գոյացությամբ կամ ուռուցքային ախտահարմամբ, որի արդյունքում ծնոտի պատերը նշված հատվածում բարակում են, և, ի վերջո, ծնոտը կոտրվում է ամենասովորական ծամողական ճնշումից։

-Բժիշկ, տեղյակ ենք, որ այս տարի արժանացել եք <<Տարվա երիտասարդ դիմածնոտային վիրաբույժ>> մրցանակի։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ են տալիս բժիշկներին այդ մրցանակները:

-Իհարկե, ցանկացած մրցանակ ինքնին պարտավորեցնող է, քանզի բժիշկը քաջ գիտակցում է, որ իր ընտրած ուղին ի սկզբանե նախատեսված չէ գնահատանքի և մեծ փառքիարժանանալու: Գիտելիքները, տաղանդը ունակությունները տրված են բժշկին, որպես Աստծո կողմից շնորհված պարգև և առաքելություն, ևե թե քեզ տրվել է նման պարգև, ապա պետք է անշահախնդիր բարին արարես:

 -Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Առաջին հերթին մեր հասարակությանը կմաղթեմ քաջառողջություն և հավատ: Ուզում եմ, որ ցանկացած խնդրի առկայության դեպքում մեր հայրենակիցները զինվեն մեծ հավատով թե՛ իրենց սեփական ուժերի, թե՛ բուժող բժշկի հանդեպ, միշտ հիշեն, որ ցանկացած հիվանդության դեպքում առողջացման առաջին կարևոր գրավականը հավատն է իրենց հանդեպ և հավատը՝ դեպի բուժող բժիշկը: Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը սովորություն դարձնի լրջորեն հետևել սեփական առողջությանը, հետևողականորեն հոգ տանի իր առողջության համար, գոնե տարին մեկ անգամ կամովին պրոֆիլակտիկ հետազոտություն անցնի։ Վաղ փուլում առողջական խնդիրներն ի հայտ բերելը թույլ կտա խուսափել հիվանդությունների հետագա բարդություններից, քանի որ ժամանակին և ճշգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժմանհիմնական գրավականն է։ Առույգ ու խաղաղ պահեք ձեր հոգեաշխարհը: Երջանիկ լինելու համար պետք է գնահատել կյանքի ամեն մի պահը, այն դարձնել տոն: Իսկ մարդը կատարյալ երջանիկ կարող է լինել, երբ մարմնով և հոգով առողջ է: Եթե լավ մտածենք, կհամոզվենք, որ կյանքում կան խիստ անկարևոր հարցեր, որոնք մենք հաճախ շատ ենք կարևորում: Իսկ սեփական առողջությամբ զբաղվելու ժամանակ երբեմն չենք գտնում: Պետք է գնահատենք մեր ունեցածը, պետք է սիրենք մեզ, պահպանենք այն, ինչ ունենք, ինչ մեզ կամեցել է Տերն Աստված ինքը: Իսկ բժշկի համար ամենաթանկ գնահատականն արդեն ապաքինված հիվանդի գոհունակ ժպիտն էու սրտանց ասված շնորհալալանքի խոսքը։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր