Կարեն Համբարձումյան Featured

(0 votes)

ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. «Որտեղ միաբանություն կա, այնտեղ կարող են հրաշքներ կատարվել»

Ապրելով գիտատեխնիկական նվաճումներով հագեցած 21-րդ դարում, տալով մինչ այժմ անբացատրելի թվացող բազում հարցերի և երևույթների սպառիչ պատասխանը` անհերքելի են նաև բժշկության ոլորտում կատարված ու կատարվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդություններ այսօր դարձել են ոչ միայն բուժելի, այլ նաև կանխարգելի: Սակայն բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես կարիք ունի զարգացման ու նորագույն նվաճումների, քանզի առանց առողջության մարդուն հասու չեն կյանքի մյուս ոլորտները, որի արդյունքում կբացակայի նորը ստեղծելու և գեղեցիկն արարելու ձգտումը:

Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Բժշկագիտության մեջ ամենակարևորը գաղափարն է՝ կա գաղափար, լուծում գտնելը արդեն դառնում է տեխնիկական գործընթաց։  

«Բեսթ Լայֆ» հայ–ճապոնական բժշկական կենտրոնը առաջատար բժշկական հաստատություններից է, որտեղ ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ և բազմապրոֆիլ բուժօգնություն: Կենտրոնը հսկայական ներդրում ունի Հայաստանում սրտաբանության զարգացման գործում: Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, միջազգային առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, առաջատար ընկերությունների ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդաբանությունների ներդրման շնորհիվ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը ձեռք է բերել լայն ճանաչում ինչպես մեր երկրում, այնպես էլ իր սահմաններից դուրս:

Կարճ ժամանակում կենտրոնն անցել է կայացման բեղմնավոր ճանապարհ, և այսօր այն մեր տարածաշրջանում համարվում է խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից մեկը, որտեղ իրականացվում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական լայնածավալ գործունեություն: Բժշկական կենտրոնն աշխատում է վերջին սերնդի ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:  Կենտրոնի կլինիկական գործունեությունը հիմնվում է նորագույն ապացուցողական բժշկության հիմունքներով և ուղեցույցներով։

Կլինիկայում աշխատում է բազմափորձ, բարձրակարգ և իր մասնագիտական որակը շարունակաբար բարձրացնող մասնագետների կազմ, որտեղ կարևորվում է մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեությունը, այդ իսկ պատճառով նրանք պարբերաբար վերապատրաստվում են  ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ եվրոպական, արտասահմանյան հայտնի կլինիկաներում, ինչպես նաև նրանց մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, հնարավորություն են տալիս բժշկության նորագույն ձեռքբերումները մշտապես ներդնել կենտրոնի պրակտիկ գործունեության մեջ: 

Կենտրոնի կլինիկական գործունեությունը հիմնված է միջամտությունների համարժեքության, գիտական հիմնավորվածության և արդարացվածության վրա:

Մեր զրուցակիցն է ինտերվենցիոն սրտաբան, «Բեսթ Լայֆ» հայ–ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը: Չնայած իր երիտասարդ տարիքին, պարոն Համբարձումյանը բժշկագիտության մեջ յուրահատուկ անհատականություն է՝ իր տարբերվող  մտածողությամբ ու հույզերով, համեստությամբ, իր գործի արժեքով ու ճշտությամբ, բժշկությանը սիրահարված  մարդ է՝ միշտ զգոն և աչալուրջ, միշտ աշխատասեր ու պահանջկոտ: Նրան բոլոր ժամանակներում էլ բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, հիվանդի ցավը խորապես վերապրելով` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելը: Բժշկի ճանապարհը գիտակցված ընտրություն է: Յուրաքանչյուր բժշկի կյանքի պատմություն միախառնված է մեծաթիվ այլ մարդկանց ճակատագրերի հետ, ովքեր գործունեությունից առաջ երդվում են բուժելուց զատ, գթասրտությամբ վերաբերվել իր բուժառուին: Նվիրյալ բժիշկները, տարիների բովով անցած մարդիկ են, որոնք շատ հաճախ են ականատես լինում մահվան ճիրաններում հայտնված մարդու տառապանքին, որոնց կենսագրությունը կարդալիս ապշում ես, թե ինչպես է մի մարդ իր կյանքի ընթացքում (նույնիսկ եթե նա երիտասարդ բժիշկ է) հասցրել այդքան բան արարել։ Բժիշկն ողջ էությամբ տարված է իր առաքելությամբ, և հավակնություններ չունի իր անձի շուրջ հերոսական պատմություներ լսելու: Մարդ, որն իր կյանքը նվիրել է մարդկային  կյանքեր փրկելու, նոր կյանք պարգևելու մեծ ու սուրբ առաքելությանը:

Ի դեպ, հանուն արդարության՝ պետք է նշել, որ նրանց անունը միշտ չէ, որ հայտնի է դառնում լայն հասարակությանը։ Այս մարդիկ իրենց արածն ազդարարողներից չեն նրանք լուռ, ու անաղմուկ տրվում ու տարվում են իրենց գործով, տնքում են անտրտունջ  և հրաշքներ արարում։ Այդպիսի իր գործի նվիրյալներից է Կարեն Համբարձումյանը:

 -Պարոն Համբարձումյան, խոսենք, խնդրեմ, ստենտավորման ցուցումների և հակացուցումների մասին. ո՞ր դեպքերում է այն ցուցված  կամ  հակացուցված:

 -Այսօր իշեմիկ հիվանդությունը հանրության շրջանում  ունի լայն տարածում և դրանով պայմանավորված` մահերը աշխարհում առաջին տեղն են գրավում: Սրտի իշեմիկ հիվանդությունը կամ, ժողովրդի լեզվով ասած, սրտի քաղցի հիվանդությունը, սրտի՝ թթվածնի պահանջարկի և առաջարկի միջև առաջացած դիսբալանսն է։ Սիրտը կատարում է պոմպի գործառույթ՝ կծկվում է, արյուն է մղում, այդ թվում միաժամանակ սնուցում՝ ապահովելով մյուս օրգան-համակարգերին։ Սրտի անխափան աշխատանքն ապահովում են կորոնար կամ պսակաձև անոթները, որոնք սրտին արյուն են մատակարարում, սնուցում են սիրտը, որպեսզի այն կարողանա կատարել իր պոմպային գործառույթը։ Սրտի իշեմիկ հիվանդություն են անվանում այն վիճակը, երբ ինչ-որ պատճառներով կորոնար արյունահոսքը խանգարվում է, արյան քանակը նվազում է, և սիրտը ստանում է թթվածնի քիչ քանակություն։ Մոտավորապես 90% դեպքերում դրա հիմնական պատճառը աթերոսկլերոզն ու աթերոթրոմբոզն են։ Կորոնար անոթների լուսանցքի նեղացումն ունի մի շարք ռիսկի գործոններ, որոնց մեջ առանձնացվում են փոփոխության ենթարկվող և չենթարկվող (որոնք անհնար է փոփոխության ենթարկել) պատճառները։ Փոփոխության չենթարկվող պատճառներից մեկը սեռն է՝ սրտի իշեմիկ հիվանդությունն ավելի մեծ տարածում ունի տղամարդկանց մոտ, քան կանանց։ Մյուս պատճառներն են հիվանդի տարիքը և ժառանգականությունը։ Եվ կան փոփոխության ենթարկվող մի շարք պատճառներ՝ արյան մեջ խոլեսթերինի բարձր քանակ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, հիպոդինամիա, ծխելը, խմելը։ Այսինքն, ծխելը պետք է դադարեցվի, խմիչքը պետք է սահմանափակվի կամ ընդհանրապես վերացվի, զարկերակային ճնշումը պետք է կանոնավորապես վերահսկվի, շաքարային դիաբետով հիվանդի մոտ գլյուկոզայի մակարդակը արյան մեջ պետք է իջեցվի, ավելորդ քաշ ունեցողների քաշը կարգավորվի։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հիվանդության ժամանակին  կանխարգելումը և բուժումը։

Նշեմ, որ «Բեստ Լայֆ» բժշկական կենտրոնում կատարվում են սրտի կորոնար անոթի  ստենտավորումների բոլոր տեսակները՝ վստահորեն, ասում եմ՝ բոլոր, քանզի ստենտավորում անհրաժեշտ է ոչ միայն սուր ինֆարկտի դեպքում, այսինքն՝ թիրախային անոթի, այլև երբ հիվանդի մոտ կա նախաինֆարկտային վիճակ, կան սրտի իշեմիկ հիվանդության տարբեր դասակարգումներ, անկայուն ստենոկարդիա կամ լարվածության ստենոկարդիայի հարաճուն ընթացք (բիֆուրկացիոն ստենտավորում, քրոնիկ փակ անոթի բացում, ձախ ցողունային զարկերակի ստենտավորում), երբ գանգատները գնալով ավելի շատացել են, որի դեպքում բացարձակ ցուցված է կորոնար անոթի ստենտավորումը։ Մեզ մոտ կատարվում է կորոնար ցողունային զարկերակի ստենտավորում։ Ինչու նշեցի՝ ցողունային, որովհետև ամեն բժշկական կենտրոնում չէ, որ կատարվում է ցողունային զարկերակի ստենտավորում, և  համեմատական կարգով ասեմ, որ մի բան է՝ ախտահարված լինի ծառի ճյուղը, այլ բան՝ բունը, որը բուժելը կամ կարգավորելը ավելի բարդ է և պրոֆեսիոնալ թիմ է պահանջում, ավելի մեծ ու համապարփակ պատրաստվածություն: Եվ,  հուրախություն մեզ,  մեր կենտրոնում կատարվում են նմանօրինակ   բազմաթիվ ստենտավորումներ, որ ինքնին լուրջ գիտություն է։ Այսօր գոյություն ունեն ստենտավորման տարբեր տեխնիկաներ, և պետք չէ այն այդ աստիճան «հասարակ միջամտություն» դարձնել: Քավ լիցի, ես ոչ մի կենտրոնի վերաբերյալ բացասական ասելիք չունեմ, բայց Հայաստանում կան  մոտավորապես 10 կենտրոններ, որտեղ կատարվում է կորոնար անոթի ստենտավորում, բայց շատ մեծ հարց է, թե ինչ որակի, ինչ պրոֆեսիոնալիզմի, ինչ տեխնիկայով, ինչ գործիքներով, և ինչ երկարատև արդյունքներ կգրանցվեն, ապրելիությունը ինչ տևողությամբ կլինի։ Կան մի շարք հարցեր, որոնք ընդհանրապես  չեն քննարկվում այս ոլորտում, մինչդեռ  պետք է շատ լուրջ վերաբերվել՝ կապված այն մի շարք կարևոր  խնդիրների հետ, որոնց առջև  հետագայում կարող է  կանգնել հիվանդը։ Եվ շատ կարևոր է, որ հիվանդը լավ ուսումնասիրի այս դաշտը, գիտակցի, թե ինչ բժիշկների թիմ է իրեն ստենտավորում, ինչ տեխնիկայով, ինչ ցուցումով, ինչ արդյունք է ակնկալում հետագայում:
Նշեմ, որ մեր կենտրոնում իրականացվում է նաև քրոնիկ փակ անոթների ստենտավորում, որը գիտության նոր ճյուղ է համարվում:
Նախկինում, երբ հիվանդն ինֆարկտ էր տանում, երբ անոթը փակ էր, բայց մկանի  կենսունակությունը դեռ պահպանվում էր, կատարվում էր բաց վիրահատություն: Վիրահատությունը տևում էր 6-7 ժամ՝ բարդ վիրահատական ընթացքով, հղի տարբեր հետվիրահատական բարդություններով: Բայց այսօր գիտությունը զարգացել է, և հատուկ գործիքների միջոցով, հատուկ տեխնիկայով կատարվում է քրոնիկ փակ անոթի բացում։ Եվ ահա մեր կենտրոնում, իմ գլխավորությամբ քրոնիկ փակ անոթների շատ հաջողված բազմաթիվ վիրահատություններ են  կատարվել  հիանալի արդյունքներով։ Նշեմ նաև, որ շատ դեպքերում հիվանդները խուսափում են բաց վիրահատություններից, դրանից բխող հետվիրահատական բարդություններից: Այս մեկ տարվա ընթացքում մոտավորապես 50-ից ավելի նման վիրահատություններ ենք իրականացրել, բոլորն էլ փակ եղանակով, ու ամենակարևորը՝ իդեալական արդյունքով, քանի որ մեր թիմը պատրաստակամ է և ունակ՝ իրականացնելու նման վիրահատություններ:  Ասելիքս այն է, որ ամեն ոք թող զբաղվի իր գործով,  ով պատրաստ է դրան  թե՛ մասնագիտորեն, թե՛ տեխնիկապես՝ գործիքների առումով: Մեր կենտրոնում առաջնորդվում ենք «Ոչ թե բուժել ինֆարկտը, այլ կանխարգելել դրա առաջացումը» սկզբունքով: Եվ արդյունքների մասին խոսում են վիճակագրական տվյալները:
Մենք համագործակցում ենք աշխարհի լավագույն՝ գերմանական «Բիոտրոնիկ», ճապոնական «ԱՍԱԻ» և ամերիկյան «Մեդլայն» միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնի հիմնական նպատակն է կազմակերպել բժշկական օգնությունն ու սպասարկումը հանուն որակի՝ կիրառելով լավագույն «Օրսիրո» ստենտները, ինչպես նաև «Մագմարիս» լուծվող ստենտներ: Կենտրոնի բժիշկներն ունեն բարձր որակավորում, ակտիվորեն համագործակցում և փորձի փոխանակում են կատարում Ճապոնիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի գիտահետազոտական կենտրոնների առաջատար բժիշկների հետ: Նշեմ նաև, որ «Բեստ Լայֆ» բժշկական կենտրոնի կողմից իրականացվում են նաև մի շարք լուսավորչական աշխատանքներ, պարբերաբար  կազմակերպվում են այցելություններ տարբեր մարզեր, բուժառուների հետ կատարվում են  բացատրական աշխատանքներ առ այն, թե ինչ գանգատների և ինչ ախտանիշների դեպքում դիմել բժշկի, ինչպես կարգավորել սննդակարգը, ապրելակերպը:
Կցանկանամ, որ այդ առումով մեր հանրությունը պատշաճ տեղեկացված լինի։ Իսկ մեր կենտրոնի միակ «թերի» կողմն այն է, որ մենք շատ չենք սիրում լուսաբանվել, գովազդել ինքներս մեզ, լայնորեն ներկայացված չենք հանրությանը։ Գոնե իմ մասին կարող եմ ասել, որ ես երբեք չեմ սիրել ամպագոռգոռ խոսել մեր թիմի կատարած ահռելի աշխատանքի մասին, ու չեմ սիրում բարձրաձայնել այն մասին, թե ինչ ենք կատարում մեր թիմով: Մենք նախընտրում ենք լուռ տարվել մեր աշխատանքով, ոչ թե ինտերնետային պորտալում  մեր աշխատանքը դարձնել շոու: Կան շատ դեպքեր, երբ տեսնում ես, թե ինչպես են իրենց աշխատանքը պերճախոս ներկայացնում, բայց մենք մեզ ներկայացնելու հակված չենք: Շատ դեպքերում մեր մասնագետները աշխարհի մակարդակով նկատելի են լինում իրենց բացառիկ ձեռագրով։ Նրանց պրոֆեսիոնալ աշխատանքի ու մակարդակի մասին տպագրվում է արտասահմանյան ամսագրերում, շատ  անգամ հեղինակավոր կոնֆերանսերում՝ նրանց մասին բարձրաձայնվում է, գովեստի խոսքեր են ասվում: Մեր աշխատանքները հրատարակվել են շատ ամսագրերում, նկատվել աշխարհահռչակ մասնագետների կողմից, արժանացել բարձր գնահատականի: Մեզ մոտ առավոտից երեկո Աստծո ողորմությամբ կյանքեր են փրկվում, կյանքերի որակ է լավանում, տարբեր բարդագույն  միջամտություններ են կատարվում։

Վերջերս Փարիզում տեղի ունեցավ EuroPCR 2023 աշխարհի նշանակալի և կարևորագույն ամենամյա գիտաժողովներից մեկը, որին մասնակցություն ենք ունեցել նաև մենք՝ «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի ինտերվենցիոն սրտաբաններս, ինչպես նաև այլ կենտրոնների բժիշկներ մեր հովանավորությամբ:

Կարծում եմ, ավելին՝ համոզված եմ, որ ամեն ոք իր գործում պետք է ունենա իր քաշային կարգը իր կենտրոնի հնարավորություն շրջանակում, պետք է, բացի մասնագիտական գիտելիքներից, զինված լինել անհրաժեշտ գործիքներով և տեխնիկայով, որպեսզի կարողանաս գրանցել լավագույն արդյունքներ։ Մենք մոտ ապագայում նախատեսում ենք ներդնել տարբեր մեթոդներ, որոնց միջոցով ավելի կհստակեցվեն հիվանդի ստենտավորման ցուցումները, ընթացքի ամբողջականությունը․ այսինքն մտնելով անոթի մեջ՝ տեսնել անոթի պատի նեղացումը ինչ աստիճանի է, ինչ մարտավարություն կիրառել, որպեսզի ստենտավորման արդյունքները լինեն գոհացուցիչ և երկարաժամկետ։ Մոտ ապագայում մեր կենտրոնում մտադիր ենք բացել ինտերվեցիոնալ նեյրովիրաբուժության բաժանմունք։ Ասեմ նաև, որ մենք մեծ հաջողությամբ  կիրառեցինք և մեր կենտրոնում իրականացրեցինք քնային զարկերակի ստենտավորում, որը մեր նորագույն ձեռքբերումներից էր, է՛լ ավելի զարգացնելով անոթաբանությունը, երբ նախկինում մենք այն կատարում էինք բաց եղանակով։ Այսինքն՝ ամեն մի դեպք, բուժման իր ցուցումներն է պահանջում։
Մեզ մոտ գործում է նաև շտապօգնության ծառայությունը՝ ժամանակակից սարքավորումներով հագեցված:
Շտապօգնության մեքենաները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով ու շարժական էխոսրտագրություն և էլեկտրասրտագրություն իրականացնող սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս տեղում բժշկական օգնություն ցուցաբերել հիվանդին, այնուհետև որոշել` տեղափոխե՞լ կենտրոն, թե՞ ոչ:
Շտապօգնության ծառայությունը ստեղծվեց երկու նկատառումներից ելնելով․ առաջինը՝ պետական մակարդակով շտապօգնության ծառայության «անբացատրելի» բաշխվածության պահով, երկրորդը՝ պատերազմի և կովիդի ժամանակ պետական շտապօգնության ծառայության մեծ ծանրաբեռնվածության պատճառով․ մենք հագեցրեցինք շտապօգնության ծառայությունը, որպեսզի կարողանանք ինքներս այցելել հիվանդներին, քանզի գիտենք, որ սրտաբանության մեջ ժամանակը շատ կարևոր է, և վաղ դիմելու դեպքում արդյունքները էականորեն կտարբերվեն ուշացող դեպքերից։ Զարգացրեցինք նաև գերհզոր, ժամանակակից ստանդարտներով համալրված լաբորատոր-ախտորոշիչ ծառայություն․ լաբորատորիա, որը հագեցած է վերջին սերնդի ավտոմատ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս սեղմ ժամանակահատվածում ստանալ ճշգրիտ պատասխաններ: Մեր լաբորատորիան աշխատում է 7|24 ռեժիմով: Գործում է նաև տնայց:
Սրտաբանության այս ծանր մթնոլորտը փոխելու նպատակով որոշեցինք կենտրոնում բացել նաև դիմածնոտային և  պլաստիկ վիրաբուժության բաժանմունքներ։
Մեր կենտրոնում պարբերաբար իրականացվում են շահավետ ակցիաներ, որպեսզի մեր հանրությունը հնարավորություն ունենա սպասարկվել արդի նորարարարական բուժմոտեցումներով, և, ըստ  անհրաժեշտության, երկարաձգվում են ակցիայի ժամկետները: Օրինակ, անցած տարի ստենտավորման համար գործում էր մոտավորապես 30% զեղչ, այս տարի, մինչև հուլիսի 15-ը գործեց նաև կորոնարոգրաֆիայի (զոնդավորման) համար 50% զեղչ:

-Կորոնարոգրաֆիան (հասարակության մեջ տարածված նույն զոնդավորում ասվածը) ի՞նչ միջամտություն է ներկայացնում իրենից:

-Կորոնարոգրաֆիան համարվում է սրտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման ոսկե ստանդարտը։ Հարցի պատասխանը ստանալու համար նախ իրականացնում ենք կորոնար անոթների համակողմանի հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա: Սա հետազոտություն է, որը մեզ հնարավորություն է տալիս պարզել, թե ինչ աստիճանի են ախտահարված սրտի կորոնար անոթները: Եթե հաստատվում է անոթների ախտահարման վտանգավոր շեմը, ու որոշում ենք, որ պետք է միջամտություն արվի, հաշվի ենք առնում կոնկրետ դեպքի պարագայում ստենտավորման և բաց վիրահատության իրականացման ցուցումներն ու հակացուցումները: Անհրաժեշտության դեպքում կոնսիլիում ենք հրավիրում տարբեր նեղ մասնագետների մասնակցությամբ: Թիմային աշխատանքն ու տարբեր բաժանմունքների միջև սերտ համագործակցությունը մեզ հնարավորություն են տալիս բուժառուի համար ընտրել առավելագույն ճիշտ տարբերակը: Ստենտավորումը, որպես միջամտություն, արագ է, պրակտիկ և գրեթե միշտ լավ արդյունքներ է տալիս: Ես այն անվանում եմ շնորհակալ միջամտություն: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հիվանդը գալիս է սուր ինֆարկտով, ծայրահեղ ծանր վիճակում: Կատարելով ստենտավորում՝ հիվանդը 40-50 րոպե հետո ծայրահեղ ծանր վիճակից դուրս է գալիս, իրեն անհամեմատ լավ է զգում: Եթե հիվանդին ստենտավորում ցուցված չէ, կատարում ենք բաց վիրահատություն՝ շունտավորում: Կան  հստակ դեպքեր, որոնց պարագայում կատարվում է հենց այս վիրահատությունը: Օրինակ՝ եթե հիվանդի մոտ ախտահարումները շատ են լինում, այսինքն՝ բազմանոթային ախտահարումներ են, և դրանց տեղակայումը տեխնիկապես թույլ չի տալիս ստենտավորում: Որոշ դեպքերում բաց վիրահատություն է ցուցված նաև ցողունային հիվանդությունների դեպքում. ստենտավորումը որոշ դեպքերում ռիսկային է, որովհետև դեպի կորոնար անոթներ արյան հոսքը մենք ժամանակավորապես դադարեցնում ենք, ինչը կյանքի համար վտանգ է ստեղծում:

Լինում են դեպքեր, որ երկու տարբերակն էլ հավասարաչափ ցուցված են լինում: Այդ պարագայում հիվանդն ու նրա հարազատներն իրենք են որոշում՝ ո՞րն ընտրել։

Բայց մինչ դա կան որոշակի հետազոտություններ՝ արյան մեջ խոլեսթերինի քանակի որոշում, էլեկտրասրտագրություն, ծանրաբեռնվածության թեստեր, սթրեսէխոսրտագրություն կամ թրեդմիլ թեստ։ Եթե բուժառուն  ունի գանգատներ, և ըստ դրանց՝  մտնում է տարիքային խմբի մեջ, տղամարդիկ հիմնականում 40 տարեկանից բարձր ռիսկի գործոնի մեջ են, որոնք ունեն զարկերակային հիպերտենզիա, կա սրտի իշեմիկ հիվանդության գենետիկ  կոդը՝ շաքարային դիաբետ, բարձր խոլեստերին, կատարվել է էխոսրտագրություն, էլեկտրասրտագրություն, ծանրաբեռնվածության տեստեր, որոնցով պարզվել է՝ եթե հիվանդը գտնվում է ռիսկի խմբի մեջ, որից հետո հստակ ախտորոշելու, սրտի իշեմիկ հիվանդության կորոնար անոթի ախտահարում թե ոչ, հաստատելու համար պետք է կատարվի կորոնարոգրաֆիա, կամ սրտի անոթների հետազոտում, որը պակաս ռիսկային է, առանց կտրվածքի և անզգայացման:
Այս հետազոտությունների արդյունքներն ուսումնասիրելով, ինչպես նաև ելնելով բժշկի պրոֆեսիոնալիզմից՝ նվազում է այն հիվանդների քանակը, որոնց առաջարկվում է կորոնարոգրաֆիա։ Սրտի իշեմիկ հիվանդության կասկածով մեզ դիմող հիվանդներից մոտավորապես 30 տոկոսն անցնում է այս հետազոտությունները՝ հիվանդության աստիճանը որոշելու նպատակով։ Նրանց 10 տոկոսի մոտ հիվանդության ժխտում է գրանցվում։ Սա խոսում է բուժհաստատության բարձր որակի, բուժանձնակազմի մասնագիտական բարձր գիտելիքների ու հմտությունների և ախտորոշման բարձրակարգ սարքավորումների մասին։

 -Ըստ Ձեր երկարատև աշխատանքային փորձի՝ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Դեռ ժամանակ առաջ երիտասարդների մոտ հազվադեպ էր հանդիպում բարձր ճնշում, հիմա հաճախակի են հանդիպում՝ 25-30 տարեկանների  շրջանում այն արդեն առկա է։ Սա պայմանավորված է նույն իշեմիկ հիվանդությամբ, քանզի նաև ստենտավորման դեպքերն են երիտասարդացել, որին զուգահեռ ախտորոշման մեթոդներն են զարգացել, ինչպես նաև՝ ժամանակին բժշկին դիմել գիտակցելը, որի արդյունքում վաղ են հայտնաբերվում հիվանդությունները, Ըստ վիճակագրական  տվյալների՝ իշեմիկ հիվանդությունները  տղամարդկանց մոտ ավելի շատ են հանդիպում, քան կանանց մոտ։

Գենետիկան ու ռիսկային  գործոնները տարիների ընթացքում փոփոխման չեն ենթարկվում։ Բայց կանոններ կան, որ բուժառուից է կախված՝ շարժունակությունը, սխալ սննդակարգը, ծխելը, խմելը, որոնք մեծացնում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ռիսկը։ Պետք է հետևել այս կանոններին, որպեսզի կրճատվի այդ հիվանդությունների հաճախադեպությունը։

- Ինչպիսի՞ նշանների, ինչպիսի՞ ցավերի դեպքում է պետք զգուշանալ և դիմել սրտաբանին։ Հայտնի է, որ շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, որ ցավը սրտից է և ուշացնում են բժշկին դիմելը։

- Ցավոք, այո։ Հայաստանում, անգամ ժամանակակից բժշկության պայմաններում, շատ ենք ունենում ուշացած դեպքեր, երբ բուժառուն գալիս է արդեն օրերով սրտի իշեմիկ հիվանդության պատկերով: Գոյություն ունի սրտի իշեմիկ հիվանդության տիպիկ և ատիպիկ գանգատ։ Կան ախտանիշներ, որոնք հենց բնորոշ են սրտանոթային համակարգի հիվանդություններին, օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն,  աստիճան բարձրանալիս քայլելուց ճնշող ցավեր․ դա սրտային հիվանդության տիպիկ ահազանգ է:
Ցավային ախտանիշը՝ կրծքավանդակում լինում  են  սեղմող ճնշող ցավեր կամ ցավը  ճառագայթվում է դեպի թիկունք և ստորին ծնոտ: 40 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ, որոնք ունեն բարձր ճնշում և կրծքավանդակում ճնշող ցավ, պետք է դիմեն առաջին հերթին սրտաբանի, որն  հետազոտելուց հետո ճիշտ կուղղորդի․ եթե սրտային խնդիր չէ,  հարկավոր է դիմել այլ նեղ մասնագետի։

-Ի՞նչ է իրենից ներկայացնում ծանրաբեռնվածության (տրեդմիլ) թեստը:

-Սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ կատարվում են ախտորոշիչ թեստեր. ԷՍԳ (էլեկտրասրտագրություն), ԷԽՈ (էխոսրտագրություն), ներկերակրափողային (տրանսէզոֆագիալ) էխոսրտագրություն, ծանրաբեռնվածության (տրեդմիլ) թեստ, կորոնարոգրաֆիա (սրտի պսակաձև զարկերակների զոնդավորում), սրտի պսակաձև զարկերակների անգիոպլաստիկա, բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում:

Ծանրաբեռնվածության (տրեդմիլ) թեստը ժամանակակից սրտաբանության մեջ լայնորեն կիրառվող հետազոտություն է՝ գնահատելու վերահսկելի կլինիկական միջավայրում արտաքին սթրեսին (ֆիզիկական ծանրաբեռնվածությանը) սրտի համարժեք պատասխանելու ունակությունը:
Ինչպես հուշում է անվանումը, այս հետազոտությունը կատարվում է բուժառուի ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում: Հետազոտվողը քայլում է շարժուղու վրա, որի արագությունն աստիճանաբար բարձրացվում է, ինչպես նաև սարքին տրվում է թեքություն:
Նման պայմաններում հետազոտվողի սիրտը սկսում է աշխատել սովորականից ավելի ծանրաբեռնված, ինչն էլ թույլ է տալիս էլեկտրասրտագրությամբ հայտնաբերել սովորական պայմաններում չդրսևորվող սրտամկանի սնուցման հետ կապված խնդիրները կամ սրտի ռիթմի և հաղորդականության ի հայտ եկած խանգարումները, իսկ ԶՃ չափմամբ՝ ճնշման տատանումները:
Արդյունքում, այս հետազոտության շնորհիվ համեմատվում է նույն հիվանդի սրտի պսակային շրջանառության վիճակը հանգիստ և առավելագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում (10-20 րոպեանոց քայլք շարժուղու վրա):
Մեր օրգանիզմում թթվածնի պահանջը ուղիղ համեմատական է սրտի զարկերին, այսինքն՝ ինչքան պուլսը արագ է, հետևաբար, թթվածնի պահանջը այնքան մեծանում է: Սիրտը թթվածնային սնուցում ստանում է կորոնար անոթներով։ Եվ երբ սիրտը դրվում է  ծանրաբեռնվածության տակ, սրտի զարկերը շատանում  են,  ճնշումը բարձրանում է, ինչի արդյունքում էլ թթվածնի պահանջը մեծանում է, մինչդեռ  թթվածնի մեծ քանակը չի հասցնում անցնել նեղացած անոթով, և առաջանում է սրտի քաղց։ Առաջանում է սրտի առաջարկի և պահանջարկի դիսբալանս:
Այսինքն՝ ինչի կարիք ունի, սիրտը չի հասցնում լրացնել։ Միաժամանակ թեստի հետ համատեղ միացված է էխոսրտագրություն, և առաջանում է ցավ, որի միջոցով պարզվում է սրտի քաղցի առկայությունը, արդյունքում հայտնաբերվում է սրտի թաքնված իշեմիկ հիվանդությունը։

-Առիթմիաների ո՞ր տեսակներն են ավելի հաճախ հանդիպում: Ի՞նչ վտանգներ ունի շողացող առիթմիան:

-Առիթմիաների տեսակները  սիրտանոթային հիվանդությունների մեջ մեծ խումբ են կազմում. սիրտը սկսում է անկանոն աշխատել։ Այո, ամենահաճախ հանդիպող տեսակը շողացող առիթմիան է, երբ որ նախասրտերը սկսում են անկանոն կծկվել։  Շողացող առիթմիայի գլխավոր վտանգն այն է, որ նախասրտերը չեն կծկվում, նրանք, այսպես ասած, «շողում են», և այդ պատճառով արյունը դանդաղ է շարժվում դրանց մեջ ու կարող է անգամ մակարդվել՝ առաջացնելով թրոմբներ: Նախասրտերում առաջացող թրոմբները  կարող են «թռչել» և դառնալ ինսուլտի պատճառ: Սովորաբար, շողացող առիթմիան ունի իր պատճառագիտությունը: Բանն այն է, որ երկարատև հիպերտոնիան և շաքարային դիաբետը, սրտի արատը և սրտի իշեմիկ հիվանդությունները՝ ուղեկցվող սրտի անոթների նեղացումով և վահանաձև գեղձի հիվանդությամբ, որոնք էլ իրենց հերթին կարող են դառնալ շողացող առիթմիայի առաջացման պատճառ։ Լինում են դեպքեր, երբ պատճառագիտությունը պարզաբանված չի լինում և իր տեսակով մեծ տարածում չունի, և այսպիսի դեպքերում այն պահանջում է հատուկ մոտեցում և հատուկ բուժում, և ահա թե ինչու մշտական ուշադրության կարիք կա: Հիպերտոնիան անտեսելը կհանգեցնի նաև շողացող առիթմիայի զարգացմանը: Սրտի առիթմոգեն համակարգը աշխատում է սինուսային հանգույցում, այն  սրտի էլեկտրականություն ապահովող կենտրոնն է, որտեղ պետք է առաջանան իմպուլսներ, ռիթմ, որպեսզի  այդ ռիթմը տարածվի դեպի փորոքները։ Նախասրտերն ու փորոքները կծկվում են միևնույն ռիթմով։ Շողացող առիթմիայի դեպքում իմպուլսները լինում են ոչ սինուսային հանգույցում։ Նախասրտերի տարբեր հատվածներում առաջանում են օջախներ,  և սիրտը սկսում է աշխատել թելադրված ռիթմով։ Շողացող առիթմիայի վտանգն  այն է, երբ առաջանում են թրոմբներ՝ հանգեցնելով թրոմբոէմբելիկ բարդությունների։ Շողացող առիթմիայի բարդությունների ժամանակ սրտի իշեմիկ ինսուլտն  ավելի հաճախ է հանդիպում։ Պահանջվում է շատ խիստ մոտեցում, այս դեպքում՝ շատ խիստ բուժում։ Նպատակը մեկն է՝  պուլսը  պետք է  բերել նորմալ  ռիթմի:

 -Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

-«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, հանձինս իր բոլոր ձեռքբերումների, այսօր բավականին երիտասարդ շատ կադրեր է  պատրաստել, որոնք մեծ հաջողություններ գրանցելով՝ աշխատում են տարբեր մարզային և քաղաքային բժշկական կենտրոններում։ Մեր կենտրոնը դարձել է  և՛ գիտական, և՛ կլինիկական կենտրոն: Մենք մեր փորձը և գիտելիքները այս չորս տարիների ընթացքում փոխանցել ենք շատ երիտասարդ կադրերի, որոնք արդեն կայացած ինքնուրույն մասնագետներ են իրենց ոլորտներում: Իհարկե, մինչ օրս նրանց հետ կապը պահպանվել է, և հարցերի դեպքում նորից ու նորից աջակցում ենք նրանց: Գիտե՞ք, բժշկության մեջ դա է գեղեցիկ, երբ կա թիմային աշխատանք, ոչ թե անախորժ մրցակցություն, ոչ թե միմյանց վարկաբեկել, կեղծիքներ տարածել: Ամեն ոք պետք է հասկանա իր և իր կենտրոնի հնարավորությունների չափը, ամեն ոք պետք  է իր տեղում լինի իր և իր կենտրոնի ներուժի չափերով:

Եթե մեզ  այցելի բուժառու, որի խնդիրը մեր կենտրոնում հնարավոր չէ լուծել, ասենք՝ ունի ուղեղի խնդիր, որի բուժումը, ըստ մեզ, ավելի գրագետ կկատարվի  մեկ այլ կենտրոնում, մենք նրան ուղղորդում ենք այլ կենտրոն, այլ բժշկի մոտ և դա է հենց, ըստ իս, առողջ մրցակցություն ասվածը:
Շատերը ցանկանալով իրենց անունը բարձրացնել՝ փորձում են դա անել այլ բժշկական կենտրոններին վարկաբեկելով: Ես իրականում Աստվածավախ մարդ եմ, և, հավատացեք, իմ տեսակին հարիր, երբևիցե այլ բժշկի կամ բուժկենտրոնի հասցեին քար նետած չկամ, այլ ընդհակառակը՝ իմ կողմից միշտ բարձրացվել է , լավագույնն է ասվել, բայց մեզ դիմած բուժառուներից  շատ ենք լսել, որ  այլ կենտրոններում բացասական են արտահայտվել մեր մասին․ իրավիճակ, որը շատ տգեղ է, որովհետև, ի վերջո, երբ որ քար կամ ցեխ ես շպրտում մեկի վրա,  հարց է, այդ ցեխը կհասնի՞ այդ մեկին,  թե՞ ոչ,  բայց ցեխ նետողի ձեռքերն արդեն ցեխոտված են։ Մենք, որպես քրիստոնյա ազգ, աշխատենք միայն դրական ու լավը, բարին արարել, քանի, որ գիտենք, որ կյանքում կա բումերանգի օրենքը՝ մի օր արածդ քեզ կվերադառնա։ Ես այն նշանաբանն եմ որդեգրել, եթե կարող եմ, բարին և լավը իմ շուրջը տարածեմ, եթե ոչ, ապա ավելի լավ է՝ լռեմ։  Ոչ թե հիվանդին նայես որպես գումարի աղբյուր, այլ գիտակցես, որ նա քեզ պես մեկն է, որը այս պահին քո օգնության կարիքն ունի։ Անկեղծությամբ, ազնվությամբ, հոգատարությամբ  և սրտացավությամբ պետք է անես այն, ինչ ցուցված է այդ պահին բուժառուին։ Ես էությամբ հոգատար մարդ եմ, թող ամպագոռգոռ չթվա,  իմ հիվանդներով, նրանց  որպիսությամբ հետաքրքվում եմ անգամ գիշերվա ցանկացած պահի։ Ի վերջո, եթե շահում է բժշկությունը, շահում է նաև հասարակությունը։ Բժշկի ազնվությունն ու նվիրվածությունը նրա գործունեության ամենակարևոր բաղադրիչներն  են։

-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ մակարդակում է գտնվում մեզանում առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում անհապաղ բժշկի դիմելու մշակույթը:

-Կրկին ցավոտ հարցի անդրադարձանք։ Առաջին հերթին կցանկանայի խոսել վերը նշված պետական մակարդակի շտապօգնության ծառայության մասին, որը,  ըստ իս, մեր երկրում շատ վատ վիճակում է, քանզի բոլորս էլ լավ գիտենք, որ մեր հասարակությունը, քանի դեռ դանակը չի հասնում ոսկորին, բժշկի  չի դիմում։ Ասել կուզի՝ մարդկանց  հիմնականում շտապօգնության միջոցով են հասցնում բուժկենտրոններ։ Մենք ունենք պլանային հիվանդներ, որոնք վստահելով մեզ՝ դիմում են մեր կենտրոն, բայց, միևնույն է,  գերակշիռ մասը շտապօգնության միջոցով է  հասնում մեզ մոտ։ Այս հարցը մենք միշտ բարձրացրել ենք տարբեր մակարդակներով։ Քավ լիցի, ես չեմ ասում՝ բերեք մեր կենտրոն, թող տանեն հիվանդին այն կենտրոն, որը լիովին պատրաստ է թե՛ տեխնիկապես, թե՛ գործիքային, թե՛ նեղ մասնագետների առումով հոգալ հիվանդի բուժօգնությունը։ Մեր կենտրոնում ունենք երկու կատերետրիլիզացիոն լաբորատորիա։ Հայաստանում եզակի բուժկենտրոններ կան, որ հագեցված են այդ որակի լաբորատորիաներով։ Չմոռանանք, որ սրտաբանության մեջ ժամանակի հասկացողություն չկա, պետք է հնարավորինս արագ և գրագետ օգնություն ցուցաբերել։ Առաջին օգնություն ցուցաբերելու համար կենտրոնը առաջնահերթ պետք է ունենա բաց վիրահատարան, ինտերվեցիոնալ սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունքներ: Ես չեմ խորանում այլ հարցերի շուրջ, գոնե այս երեք բաժինները պարտադիր պետք է լինեն, և չեմ խորանում, թե ինչ մակարդակի պետք է  լինեն դրանք։ Այս պահի դրությամբ այդպիսի երեք կենտրոններ կան, որոնցից մեկը մենք ենք համարվում:Այսինքն՝  ըստ տրամադրության՝ ընդհանուր շտապօգնության հոսքը հիմնականում հատկացվի այդ երեք բուժկենտրոններին, էլ չեմ խոսում դիալեզի և նեֆրոլոգիայի բաժանմունքների առկայության մասին, քանզի սրտաբանությունը գործ ունի երիկամի և թոքերի հետ։ Նշեմ նաև, որ  մեր հիվանդներից շատերի մոտ ուղեկցող հիվանդություն լինում է շաքարային դիաբետը, և առաջին ախտահարվող օրգան-համակարգը, այս դեպքում՝ երիկամներն են։  Շատ հաճախ մեր պրակտիկայում կիրառվում է կոնտրաստ նյութ, որը կարող է բացասաբար ազդել երիկամների վրա, այդ իսկ պատճառով պետք է ունենալ նեֆրոլոգիայի և դիալեզի բաժանմունքներ: Արդեն մեկ տարի է, ինչ «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում գործում է ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցած դիալիզի կենտրոն։

Ասելիքս այն է, որ իրականում հասկանալի չէ, թե ինչ մեխանիզմով և ինչ սկզբունքով է բաշխվում հիվանդների տեղափոխման հարցը շտապօգնության ծառայության միջոցով․ հարց, որը, ըստ իս, շատ թերի է կարգավորվում, և, ցավոք սրտի, չկա այդ առումով ոչ մի օբյեկտիվ դրսևորում։ Թող տան մրցակցային ամենալավ կենտրոններին, թող ստուգումներ անցկացնեն, և որ կենտրոնը որ պատրաստ է այդ մակարդակով և հագեցվածությամբ  բուժօգնություն կազմակերպել, նրան էլ տան, որպեսզի հիվանդներին գրագետ առաջին բուժօգնություն մատուցվի։ 

-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը:

- Այսօր մեր երկիրը ապրում է իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, մեր հասարակության մեջ առկա է տագնապ, անհույս վիճակ, վախ՝ ապագայի նկատմամբ, ոչ ոք չգիտի, թե վաղը իր հետ ինչ կլինի։ 120 հազար արցախցիներ  արդեն տևական ժամանակ  շրջափակման մեջ են, տարրական հիգենիկ կանոններ չկան, մարդիկ կանգնած են օրվա հացի խնդրի առաջ: Հորդորս այն է, որ ազգովի թողնենք իրար վարկաբեկելու, քննադատելու, ներսում թշնամիներ փնտրելու մեր անպտուղ, ավելին՝ միայն վնասաբեր  սովորույթը, միաբանվենք ու խնդրենք Աստծո զորությունը մեր միաբանության մեջ։ Նույնը  ընտանիքում է՝ եթե միաբանություն չկա, դա բերում է ընտանիքի ներսում  անախորժության, պառակտման ու թուլացման։ Ի վերջո, մենք քրիստոնյա ազգ ենք, այս հազարավոր տարիների մեջ միշտ էլ շրջափակման մեջ ենք եղել թշնամու կողմից: Հզոր պետություններ անհետ կորել, անցել են, բայց  Հայաստանը մնացել է կանգուն, և դա  մեր հավատքից է։ Միաբանվենք ու խնդրենք մեր  Աստծուն,  որ այս անգամ էլ մեր երկնային Տերը ողորմա, օգնի, պաշտպանի մեր ժողովրդին, մեր երկիրը՝  այս օրհասական պահին դուրս գալու անելանելի վիճակից։ Ես վստահ եմ, որ եթե մենք  միաբան լինենք, Աստված մեզ մեր ժողովրդի փրկության  ճիշտ ելքը ցույց կտա:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր