ԷԴԻՏԱ ՂԱՐԻԲՅԱՆ

(0 votes)

ԷԴԻՏԱ ՂԱՐԻԲՅԱՆ. «Հղիությունը Աստծո կողմից տրված ամենալավագույն պարգևն է»

Հայաստանում անպտղության ցուցանիշը օր-օրի ավելի մտահոգիչ է դառնում։ Արդյունքում այս խնդիրը Հայաստանում վերածվել է ոչ թե բժշկական, այլ բժշկասոցիալական և համազգային խնդրի: Անպտուղ ամուսնությունը կարևոր հիմնախնդիր է սոցիալական և բժշկական առումներով:

Այսօր, ցավոք սրտի, միշտ չէ, որ բոլորի տները լցվում են մանկական զրնգուն ծիծաղով, և ոչ բոլոր ընտանիքներն ունեն այդ երջանկությունը՝ վայելելու երեխայի ամեն նոր արարքը, խոսքը: Ասում են՝ հույսը վերջինն է մահանում, սակայն երբ կողքիդ կա գրագետ և փորձված մասնագետ, ապա իրականանում են նույնիսկ ամենահամարձակ, ամենաանիրականանալի թվացող երազանքները:

Եվ ուրախությամբ պետք է փաստել, որ ժամանակակից բժշկությունը արդեն վաղուց կարողացել է ձեռնոց նետել անպտղությանը՝ շնորհիվ ինչպես բժշկագիտության առաջընթացի, այնպես էլ այս ոլորտի իսկապես նվիրյալ ու անձնուրաց բժիշկների:

Մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտությունը, մի կարևոր առանձնահատկություն ունի, որով  տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից. կինը շարունակաբար առնչվում է գինեկոլոգի հետ և՛ պրոֆիլակտիկ, և՛ բուժման նպատակներով կյանքի տարբեր փուլերում: 

Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կենտրոնի «հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրության» ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջազգային փորձագետ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս Էդիտա Ղարիբյանը:

Բժշկուհին ժամանակին  ընտրելով բժշկի մասնագիտությունը, մասնագիտական պատվով էլ շարունակում է կատարել իր աշխատանքը: Կայուն գիտելիքներով,  ինչպես և մարդկային բարձր առաքինություններով օժտված բժշկուհին վստահ կանգնած է իրեն ապավինած յուրաքանչյուր բուժառուի կողքին։ Եվ՝ ամենակարևորը․ ամեն  վայրկյան բժշկուհին հոգածությամբ պայքարում է ամենաարժեքավորի` կնոջ առողջության պահպանման համար: Նա ամեն օր գործ է ունենում երկու մարդկային կյանքերի հետ՝ մայրացող մոր և լույս աշխարհ եկող մանկան: Բժշկուհին ապրում է իր բուժառուների հոգսերով ում համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր մանկան ծնունդը, և նա ջանք ու եռանդ չի խնայում՝ զույգերին նվիրելու ծնող դառնալու մեծագույն և այնքան բաղձալի բերկրանքը:

Իրականում յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան իր կյանքի գունագեղ ծաղիկն է, երեխան է, որ ծնողի առօրյան գունավորում է վառ գույներով, լցնում ու իմաստավորում է նրա կյանքը և իր ժպիտով ստիպում հավատալ, որ մեր շուրջն ամեն ինչ կատարյալ է:

Բժշկուհին առավելապես նախանձախնդիր է կայուն ու բավարար գիտելիքներ, ինչպես նաև իր մասնագիտական փորձառությունը փոխանցելու իր ուսանողներին։ Նա մեծապես կարևորում է, որ գործող բժիշկների շարքերը համալրող իր ուսանողները գրագետ ու կիրթ լինեն, լինեն մարդասեր ու բարեհոգի, և ջանադրորեն ողջ էներգիան ներդնում է մարդանպաստ իր այս ցանկությունն իրականություն դարձնելու գործում։  Ըստ բժշկուհու՝ այս ամենով է, որ ամբողջանում է բժշկի նկարագիրն ու կերպարը։ Անտարակույս,  այսպիսի նվիրումը չէր  կարող աննկատ մնալ։ Հայաստանի առողջապահության համակարգում նրա երկարատև ու ջանադիր աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար առողջապահության առաջամարտիկն արժանիորեն միշտ բարձր է գնահատվել է և դեռ ավելին է գնահատվելու  ոչ միայն բժշկական հանրության, այլև հասարակության  լայն շրջանների կողմից:​

-Բժշկուհի, ե՞րբ, ո՞ր ախտանիշերի առկայության դեպքում  է դրվում անպտղություն ախտորոշումը, արդյո՞ք կարող ենք այն համարել դատավճիռ։

-Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ բան է անպտղությունը։ Անպտղություն են համարվում այն դեպքերը, երբ առանց հակաբեղմնավորիչ արդեն մեկ տարի սեռական կանոնավոր կյանքով ապրելուց հետո, համապատասխան միջոցների կիրառմամբ հղիություն չի գրանցվում։ Իսկ ընդհանուր առմամբ, անպտղությունը 21-րդ  դարի արդիական և ակտուալ խնդիրներից է, քանզի ըստ միջազգային ցուցանիշների, բնակչության 25 տոկոսն ունի անպտղության խնդիր, և այդ տոկոսն օր օրի ավելի է բարձրանում: Անպտղության խնդրի մեջ նկատելի բարձրացել է տղամարդկային գործոնը, դա կապված է վարակի առկայության հետ, հորմոնալ խանգարումների աճով պայմանավորված սոմատիկ հիվանդությունների աճի հետ, որոնք, ի վերջո, հանգեցնում են անպտղության։ Սակայն եթե նախկինում անպտղությունը կարող էինք համարել դատավճիռ, ապա այսօր ժամանակակից բուժմոտեցումների արդիականացմանը, բժշկության զարգացմանը զուգահեռ՝ բժշկությունը վաղուց է, ինչ ձեռնոց  է նետել անպտղությանը։ Ներկայումս արդի ժամանակակից  բուժմոտեցումներով հնարավոր է լուծել անպտղության գերակա խնդիրը։ Այսօր մեր երկրում զարգացել են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները՝ արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) և նրա մոդիֆիկացիաները (ձևափոխումները)՝ ICSI (սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ  ներարկում), սաղմերի սառցապահպանումը (կրիոկոնսերվացիա), դոնորական ծրագրերը, փոխնակ  մայրությունը, ինչպես նաև ամուսնու արհեստական սերմնավորումն (ԱՍԱՍ) և դոնորական (ԱՍԴՍ) սերմով, վերաբերում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին: Այս մեթոդների մեծ մասն օգտագործվում է այն ժամանակ, երբ բնական ճանապարհով հղիանալը կամ ընդհանրապես հնարավոր չէ կամ հավանականությունն ավելի փոքր է, քան օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման պարագայում:

Մեր երկրում այսօր այդ ուղղությամբ ունենք բավական մասնագիտացված բուժկենտրոններ, որոնք զբաղվում են անպտղության խնդիրներով, և բարձր տոկոս են կազմում բարեհաջող ելքերով  պայմանավորված հաջողված հղիությունները։ Արտամարմնային բեղմնավորման միջոցով դժվարագույն դեպքերն ավելի լուծելի են դարձել։ Մեր երկրում սույն թվականի հունվար ամսից ունենք մինչեւ 35 տարեկան կանանց շրջանում արտամարմնային բեղմնավորման պետպատվերի ծրագիր
և 2020 թվականի պատերազմում զոհվածների մայրերի համար պետպատվերի շրջանակներում մինչև 53 տարեկան կանանց արտամարմնային  բեղմնավորմամբ հղիության ծրագիր, իսկ այս տարի, ըստ կրիտերիաների, մինչեւ 35 տարեկան կանանց համար և դա։
Զույգերն արդեն կարողանում են  դիմել վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) օժանդակ տեխնոլոգիաների օգնությանը և անպտղության հարցը լուծելի դարձնել։

Ռեպրոդուկտիվ տարիքային շեմը դիտարկելն  այսօր շատ  անհատական է, դա կախված է կնոջ հորմոնալ ստատուսից, ձվարանային պաշարից, ձվաբջիջների  քանակից։ Եվ եթե կինը, որը կարող է արդեն ունենալ ձվաբջիջների վաղաժամ ծերացում, իհարկե, ռեպրոդուկտիվ տարիք կարող ենք համարել 25-35 տարեկան տարիքային շեմը, որից հետո այդ տարիքի կանայք համարվում են հասակավոր առաջնածին, մինչդեռ նախկինում հասակավոր առաջնածին համարվում էին 30-ից բարձր  տարիքի կանայք։ Այժմ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ միջին տարիքի առաջնածին հղիները բարձրացել են մինչև 35 տարեկանը, քանի որ շատ են այն կանայք, որոնք օժանդակ ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների շնորհիվ այդ տարիքում հղիություն են գրանցում։ Պետության կողմից վերջերս ընդունված այս օրենքի համաձայն կարող են օգտվել անգամ փոխնակ մոր փոխահատուցման ծառայությունից այն հերոսների մայրերը, որոնք ունեն տարբեր առողջական խնդիրներ, և որոնք չեն կարող կրել այդ հղիությունը: Սկսել են ներառվել նաև սահմանամերձ գոտու երկրորդային անպտղությամբ տառապող բնակիչները, որոնք ​ դիմում են երկրորդ բալիկի համար, և որոնց ցուցված է արտամարմնային բեղմնավորումը։ Իհարկե, կան որոշ սահմանափակումներ, բայց, միևնույն է, հաշվի առնելով այս ցուցումները՝ սա մեծ աջակություն է պետության կողմից իր քաղաքացուն՝ հաղթահարելու անպտղությունը: Պետբյուջեի միջոցներով արհեստական ​ բեղմնավորման ծրագիրն այսուհետ բաց է լինելու ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ բնակության վայրից, սոցիալական վիճակից, ամուսնական կարգավիճակից։ Կարծում ենք, որ այս ծրագիրը հասարակության համար շատ սպասված էր։

Այսօր, կարծեք թե, երիտասարդ կանայք բավականին շատ են դիմում կեսարյան հատմամբ 

ծննդալուծման: Ի՞նչ կասեք այդ առումով։ Արդյոք այս մոտեցումն ավելի՞ ընդունելի է:

-Կեսարյան հատման՝ կանանց դիմելու  միտումը անտեղի եմ համարում և որպես մասնագետ, շատ բացասական եմ վերաբերվում դրան՝ կապված կեսարյան ծննդալուծում ցանկացող կանանց տոկոսի բարձրացման հետ։ Մենք երբևէ չենք խրախուսում, որը կինն իր ցանկությամբ դիմի կեսարյան հատման։ Նախ չմոռանաք, որը կեսարյան հատումը ինքնին վիրահատական միջամտություն է,   միջամտություն, որն ունի իր հետագա հետվիրահատական բարդությունները։ Կեսարյան հատումը այն վիրահական միջամտությունն է, որը կատարվում է խիստ ցուցումներով և խիստ անհրաժեշտության դեպքում։ Նույնիսկ կնոջ ցանկությամբ կեսարյան հատման ցուցում ընդունված չէ մեր երկրում, իրականում այսօր այնքան է զարգացել բժշկությունը, որ կանայք ծննդալուծման ժամանակ անգամ չեն էլ զգում ցավային համախտանիշ, քանզի ծննդաբերության մեջ այսօր առկա է էպիդուրալ ցավազրկում, և բոլոր կանայք ունեն հնարավորություն ծննդաբերել անցավ եւ իրենց հարմար պայմաններով։

- Ի՞նչ  է իրենից ներկայացնում արտարգանդային հղիությունը:

-Արտարգանդային հղիություն է համարվում թե՛ արգանդի խոռոչից դուրս հղիությունը, որը զարգանում է փողերում, ինչպես նաև ձվարանների, որովայնային կամ պարանոցային հղիություն։ Դա իրենից թելադրում է պաթոլոգիկ ընթացքով վիճակ, որի դեպքում բժշկի միջամտությամբ այն ընդհատվում է, իսկ արդեն ըստ ժամկետի, ըստ ցուցանիշների՝ կարող է լինել վիրահատական կամ դեղորայքային միջամտություն արտարգանդային հղիության ընդհատման համար։

-Բժշկուհի, խոսեք, խնդրեմ, հղիության արհեստական ընդհատումների մասին։

-Շատ հաճախ արհեստական ընդհատումը լինում է  անցանկալի հղիություն կամ, ցավոք, պտղի սեռով պայմանավորված: Արհեստական ընդհատումներին մենք՝ բժիշկներս, բավականին բացասական ենք վերաբերվում, այսինքն՝ դարձյալ չեն խրախուսվում մեր կողմից, կրկին տանում ենք աշխատանքներ։ Եթե կինը դիմում է արհեստական ընդհատման, դա միանգամից չի կատարվում, նրանց տրվում է երեք օր՝ մտածելու համար, մանավանդ մեր երկրում, որ պատերազմող երկիր է, քանի որ մենք ունենք ծնելիության ցածր ցուցանիշներ, և, ըստ իս, մեզ համար արհեստական ընդհատումը հանցանքին հավասար մի բան է։

-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ մակարդակում է գտնվում մեզանում առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում անհապաղ բժշկի դիմելու մշակույթը:

 -Դիմելիության մշակույթի  մեջ ունենք բավականին դրական միտում, ասել է թե՝ առաջընթաց։ Այսօր մեր երիտասարդ կանայք ավելի զարգացած են, ավելի շատ են զբաղվում ինքնակրթությամբ, իրենց հետաքրքրող հարցերի շուրջ ավելի տեղեկացված են։ Այսօր համացանցային պորտալը հեղեղված է տարատեսակ և բազմազան տեղեկություններով, դաշտը բաց է բոլորի համար, մարդկանց  հասու է ցանկացած հետաքրքրող թեմա։ Գովելի փաստ է նաև այն, որ այսօր բավականին շատ են դիմում կանխարգելիչ  հետազոտության օգնությանը մինչ ամուսնությունը, ամուսնությունից հետո մինչ հղիության պլանավորումը։ Հղիության պլանավորումը խրախուսվում է որպես հետագա բարդություններից խուսափելու միջոց։ Սակայն դիմելիության մշակույթի մեջ աշխատելու, նոր մոտեցումներ արմատավորելու տեղ դեռ ունենք, ինչն ավելի շատ առաջնային օղակի` պոլիկլինիկաների գործառույթների մեջ է մտնում, ինչպես նաև տեղեկատվական աղբյուրների, համացանցային դաշտի,  ինչու՞ չէ՝  հենց դպրոցական տարիքից դեռահասներին կրթելու, նրանց մոտ զարգացնելու  հիգիենայի մշակույթը, աշխատանքը դեռահաս աղջիկների հետ և կյանքի որակի  բարձրացման հետ կապված աշխատանքներ, որպեսզի աղջիկներն ունենան առողջ մարմին, առողջ սերունդ։ Պետության կողմից այսօր կա ծրագիր՝ երբ կատարվում է արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինգ, պարանոցի բջջաբանական հետազոտություններ՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ, որոնք  ցանկալի են կատարել մինչև սեռական կյանքի սկիզբ, դրանք արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ կանխարգելիչ  միջոցներն են։

-Բժշկուհի, խոսեք, խնդրեմ,  սեռավարակներից:

-Սեռավարակներն այսօր բավականին մեծ տարածում ունեն. Իհարկե, այդ ուղղությամբ էլ որոշ չափով կանխարգելիչ աշխատանքներ են տարվում։ Սակայն այն  վաղուց է իր տեղն զբաղեցնում մեր գերակա խնդիրների մեջ՝ կապված տղամարդկանց արտագնա աշխատանքի հետ, ինչպես նաև՝ մեկից ավելի սեռական զուգընկերոջ առկայության դեպքում։ Կան  սեռավարակների տեսակներ, որոնք կարող են հանգեցնել անպտղության, առողջական խնդիրներով երեխաներ ծնվելուն, հղիության կրելախախտման, հանգեցնել  վիժումների, հղիության ընդհատումների․ խնդիրներ, որոնց ժամանակին հետազոտումն ու բուժումը կարևոր են, որպեսզի կանայք հետագայում այդ խնդիրների առջև չկանգնեն։

-Կա՞ն հիվանդություններ, որոնք  երիտասարդացում  են ապրել:

-Այո, իհարկե, երիտասարդացում են ապրել, ցավոք սրտի,  արգանդի պարանոցի քաղցկեղը, որի հիմնական պատճառը պապիլոմա վիրուսի զարգացումն է, արգանդի միոմաները, սեռավարակների առկայությունը, ձվարանների պոլիկստոզները և մի շարք մշտապես տարածում ունեցող գինեկոլոգիական հիվանդություններ:

-Որո՞նք են դաշտանային ցիկլի խանգարման պատճառները:

-Դաշտանային ցիկլի խանգարումները հիմնականում հորմոնալ համակարգի խանգարումներ են, որոնք կարող են ունենալ տարբեր պատճառագիտություն։  Դրանք կարող են լինել մակերիկամների գործառույթի, ձվարանների, վահանաձև գեղձի գործառույթի խանգարման հետևանքով, այսինքն՝ օրգանիզմի էնդոկրին համակարգի խնդիրները միմյանց հետ շղթայաձև փոխհամաձայնեցված են, և եթե մի օղակում առաջանում է խնդիր, ապա այն բերում է ամբողջ հորմոնալ համակարգի  խանգարման պատկերի, որն էլ իր հերթին  կարող է հանգեցնել դաշտանային ցիկլի խանգարումների։

-Ինչպիսի՞ պատկեր ունի կանանց և տղամարդկանց մոտ անպտղությունը 

տոկոսային հարաբերությամբ:

-Անպտղության ցուցանիշը այսօր թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց մոտ գրեթե հավասար  է, մինչդեռ   նախկինում այն մեծ տոկոս էր կազմում կանանց մոտ։ Նախկինում կարծիք կար, որ անպտղությունն առավելապես դիտվում է կանանց շրջանում առկա խնդիրների հետևանքով, մինչդեռ իրականում կանանց և տղամարդկանց մոտ այն հավասարապես է արտահայտված: Կարելի է ասել, որ ցուցանիշները գրեթե նույն մակարդակի վրա են, մեկ երրորդ դեպքերում՝ կանանց, մեկ երրորդ դեպքերում՝ տղամարդկային անպտղություն, իսկ մնացյալ դեպքերում՝ երկուսի գործոնների առկայություն։ Իհարկե, ըստ բժշկագիտության ՝ կան նաև դեպքեր, երբ անպտղությունը լինում է անհայտ պատճառագիտության, այսինքն՝ և՛ կինը, և՛ տղամարդը լիարժեք առողջ են, ​ ոչ մի խնդիր չունեն: Ստացվում է, որ կան պատճառներ, որոնք ժամանակակից գիտության կողմից դեռես  բացահայտված չեն,​ և կան պատճառներ, որոնք բացահայտվում են ավելի խորը ուսումնասիրությամբ:

- Ի՞նչ  կասեք առոջապահական առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների մասին։ Դրանց  դերն այսօր ի՞նչ մակարդակի վրա է:

-Մեզ մոտ ընդունված է  ստացիոնար դիմել արդեն բարդացած դեպքերում։ Ոչ ոք չի դիմում գինեկոլոգին ստացիոնար բուժման, դիմում են արդեն ինչ-ինչ քրոնիկ դեպքերով, որը ավելի բարդացնում է իրավիճակը,  բուժման ընթացքը՝ էականորեն նվազեցնելով բուժման   հնարավորությունները։ Նույնը վերաբերում է  վերը նշված կեսարյան հատման դիմել ցանկացողներին․ եթե առաջնային օղակում   ճիշտ ներկայացվի հիվանդության պատկերը, ճիշտ անցկացվի զրույցը, հիվանդին բացատրեն, որ կեսարյան հատումը ցուցված է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, և այն ոչ այլ ինչ է, եթե ոչ վիրահատական միջամտություն, բացատրվեն բոլոր անհրաժեշտ նրբությունները հղիության ցանկացած հարցի շուրջ, երբ հղին մեզ դիմում է՝ արդեն պատրաստված թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես, որ հղիությունը դա հիվանդություն չի,  չի ֆիքսվում իր ֆիզիոլոգիական ամեն մի իրավիճակի վրա,   կյանքում երբեք այդ հղիի մտքով չի անցնի դիմել կեսարյան հատման զուտ ցավային սինդրոմից խուսափելու  նկատառումներով։ Իսկ երբ առաջնային օղակը թերի է աշխատում, հակառակ պատկերն է լինում, նրանք մեզ դիմում են վախեցած, սթրեսի մեջ։ Նման իրավիճակում ու հոգեբանությամբ  կինը չի կարող հանգիստ ծննդաբերել՝ սկսվում են սթրեսային վիճակներ, հարազատների հետ առաջանում են կոնֆլիկտային իրավիճակներ, նրանք պահանջատեր են դառնում, փորձում թելադրել բժշկին ինչպես վարվել՝ հաճախ անգիտակցաբար խանգարելով մեր աշխատանքին՝ արդյունքում վնասելով իրենց ծննդկան հարազատին։ Մինչդեռ  հարկ է գիտակցել, որ ամեն ոք պիտի լինի իր տեղում, զբաղվի իր գործով, անհարկի միջամտություններով չխաթարի բժշկի աշխատանքի բնականոն ընթացքը՝ դրանով վտանգելով հղիի առողջությունը։ Հղիությունը Աստծո կոմից տրված ամենալավագույն  պարգևն է, որը դուք պետք է վայելեք, քանի որ ձեր ծնվող երեխայի հետագան կախված է ձեր  թե՛ հոգեկան, և թե՛ ֆիզիկական վիճակից։ Եթե դուք հղիությունը կրում եք առողջ եւ դրական զգացումներով, ձեր երեխան կծնվի առողջ, եթե Դուք Ձեզ և այդպիսով և Ձեր երեխային զերծ եք պահել  դրսի դրական և բացասական ազդակներից՝  ծխել, խմել․․․ և այլ արատավոր բարքերով ազդել երեխայի վրա։ Եվ չպետք է մոռանալ, որ  մայր - պտուղ կապը բնությունից  փոխհամաձայնեցված է։

 -Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

-Ունենք շատ խելացի երիտասարդ կադրեր, շատ բանիմաց- պրպտող -ձգտող սերունդ է ասպարեզ գալիս: Իհարկե, ամեն տեղ էլ և՛լավը կա,  և՛ վատը, բայց խոստումնալից երիտասարդներ շատ ունենք, որոնք այսօր ունեն ուսանելու մեծ հորիզոններ, տեեկատվության  մեծ դաշտ, իրենց տրված է ամեն ինչ,  առաողջապահության ոլորտում տեղի ունեցող սրընթաց բարեփոխումներն ու նորույթները բաց են, հասանելի, քան մեր ժամանակներում էին։ Եվ ամենակարևորը՝ նոր սերնդի մոտ կա՛ այս ամենին տիրապետելու ցանկությունն ու նպատակային ձգտումը։ Այժմ եթե հետադարձ հայացք եմ նետում, վերհիշում եմ, որ մեր կլինիկական օրդինատուրայի  ուսանողները մարզային բժշկության մեջ հասել են հաստատուն դիրքերի՝ ամուր պահելով մեր թիկունքը։

 -Ի՞նչ կմաղթեք և ի՞նչ  խորհուրդ կտաք հանրությանը, հատկապես՝ կանանց:

Մեր կանանց գերազանց առողջություն եմ մաղթում։ Երջանիկ կլինեմ նրանց տեսնել միշտ խնամված ու գեղեցիկ, ինչը նշանակում է, որ նրանք երջանիկ են։  Խորհուրդս է, որ հայ կինը գնահատի իրեն ու հետևողականորեն հոգ տանի  իր առողջությանը, չանտեսի իր եսը, որը շատ բնորոշ է մեր հայ կանանց՝ ամբողջապես նվիրվել իր ընտանիքին,  ուսել երեխաների և  ամուսնու հոգսերը, ի վերջո, բոլորի մասին հոգ տանել՝ վերջին պլան մղելով ինքն իրեն։ Եթե կինը ցանկանում է, որ իր բալիկները լինեն առողջ, առաջինը պետք է հոգ տանի ինքն իր առողջության համար, խնդիրների ի հայտ գալու դեպքում չառաջնորդվի «կանցնի, ոչինչ» կամ «հիմա դրա ժամանակը չէ» դատապարտելի ու վտանգավոր մտայնությամբ,  այլև անմիջապես սկսի զբաղվել  ի հայտ եկած մտահոգող խնդրով, քանզի կինն է իրականում ընտանիքի հիմնասյունը, հենարանը, և «մատների արանքով» նայելով սեփական առռողջությանը՝ նա միաժամանակ վտանգի տակ է դնում իր ընտանիքի առողջությունը։ Տիպիկ ասացվածք կա՝ «Տան կինը գլուխը վար դրեց, տունը մարում է»։ 

․․․ Իսկ բոլոր այն երիտասարդ զույգերը, որոնք պլանավորում են հղիություն, նախապես անցնեն անհրաժեշտ հետազոտությունները, անցնեն գինեկոլոգիական խորհրդատվություն, որպեսզի հետագայում չկանգնեն խնդիրների առջև։ Ինչ վերաբերում է առաջին օղակի գործունեությամբ վաղ հայտնաբերված դեպքերին, ապա եթե բուժառուի մոտ առկա են գինեկոլոգիական խնդիրներ, որոնք ժամանակին հայտնաբերման և բուժման դեպքում, բնականաբար, նվազեցնում են հիվանդությունների տոկոսային բարդությունները։ Սկրինինգային ծրագրերի ճշգրիտ անցկացումը նույնպես առաջնային օղակի գործառույթների մեջ է մտնում։ Արգանդի պարանոցի քաղցկեղի բացահայտումը, հղիության գրագետ պլանավորումը, ընդհանրապես ընտանիքի պլանավորումն առաջնային օղակի գործունեությունն է։

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր