Հրաչյա Հարությունյան Featured

(0 votes)

Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, համբերատարություն և լավատեսություն

Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը տառապում է հենաշարժողական համակարգի տարբեր խանգարումներով: Հոդերի հիվանդությունները առաջատար տեղ են զբաղեցնում տվյալ պաթոլոգիայում և հաճախ հանգեցնում են հաշմանդամության զարգացմանը:
Ընդհանրապես վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ոլորտը մեր երկրում դինամիկ զարգացող է, կա բավականին լուրջ առաջընթաց: Եթե նախկինում կարևորվում էին մարդու գիտելիքներն ու ձեռքերի աշխատանքը, ունակությունները, ապա այսօր դինամիկ զարգացող աշխարհում միայն դրանք բավարար չեն լավ արդյունքներ, առաջընթաց արձանագրելու համար, անհրաժեշտ են նաև նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ, սարքավորումներ, որոնք, ի դեպ, բավականին թանկ արժեն, իսկ մեզ մոտ առկա է միջոցների սղություն: Սակայն, իմ դիտարկմամբ, մեր երկրի առողջապահության ոլորտում առկա են նորագույն տեխնոլոգիաներ, սարքավորումներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս քայլել աշխարհին համահունչ:

Վնասվածքաբանությունն ու օրթոպեդիան բժշկության ճյուղ է, որն իրականացնում է ոսկրամկանային համակարգի պաթոլոգիաների ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը ինչպես տրավմատիկ ծագմամբ, այնպես էլ՝ զարգացող տարբեր հիվանդությունների ժամանակ: Վնասվածքաբանությունն ուսումնասիրում է վնասվածքների պատճառները, դրանց մեխանիզմը, կլինիկան։ Վնասվածքաբանությունը մշակում է վնասվածքների եւ դրանց բարդությունների կանխարգելման ու բուժման մեթոդները:

Այս հիվանդությունների բուժման վիրահատական նորագույն մեթոդներին ու եղանակներին է անդրադառնում օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտում փորձառու օրթոպեդ-վնասվածքաբան «Կոկսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանը։ Փորձառու բժշկի հետ զրույցը բավական է հասկանալու համար, որ նա բժիշկ է իր ողջ էությամբ ու հոգով։ Բժշկի գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են առողջացել, ներդրվել են բուժման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներ: Մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, և հիվանդները հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու բժշկին մինչև հոգու խորքը երախտապարտ: Բժշկի մասնագիտությունը սրընթաց զարգացող մասնագիտություն է, յուրաքանչյուր բժիշկ պարտավոր է իր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում հետևել միջազգային փորձին, կիրառել և յուրացնել վերջինիս ձեռքբերումները։ Յուրաքանչյուր մարդ, մասնագետ կյանքի տարբեր ժամանակահատվածներում իր աշխատանքի վերագնահատում է կատարում: Եվ գալիս է մի պահ, երբ զգում ես, որ տվյալ ոլորտում հնարավոր ամեն բան արել ես ու նոր բան ասելու, անելու, ստեղծելու կարիք ունես: Կարծում եմ` այս մոտեցումը բնորոշ է բոլոր ոլորտներում աշխատող ստեղծագործ մարդկանց, ավելին` նրանց համար այն կենսական անհրաժեշտություն է:

-Պարոն Հարությունյան, հիմնականում ի՞նչ խնդիրների դեպքում են դիմում «Կոկսա» կլինիկա, ի՞նչ գործառույթներ են  իրականացվում ձեզ մոտ։

-Մեր գործունեության տիրույթում մենք կիրառում ենք օրթոպեդիայի և վնասվածքաբանության մեջ առկա բոլոր նորագույն և ժամանակակից մեթոդները։ Իրականացնելով մի շարք բացառիկ վիրահատություններ՝ մենք փորձում ենք առավելագույնս ներդնել էնդոպրոթեզավորման ոլորտի համաշխարհային ձեռքբերումները Հայաստանում։ Խոշոր հոդերի՝ ծնկահոդ, կոնքազդրային հոդ, էնդոպրոթեզավորում, ռեվիզիոն էնդոպրոթեզավորում՝ հնացած, ախտահարված պրոթեզների փոխարինում, արթրոսկոպիա, ուղղիչ օսթեոտոմիաներ՝ դեֆորմացված ոսկրերի և վերջույթների շտկում։

Մենք՝ մասնագետներս, մշտապես ուշադրությունը պահում ենք ոլորտի համաշխարհային նորարարություններին, իսկ անդրադառնալով կիրառվող մեթոդներին՝ հարկ է նշել, որ դրանք բազմաթիվ են և հիմնականում կապված են վիրահատական մուտքերի, մկանաջլային պլաստիկաների, էնդոպրոթեզների տեսակների ճիշտ տեղադրման հետ։

Մեր կլինիկայում միայն էնդոպրոտեզավորմամբ չէ, որ զբաղվում ենք․ մենք լուրջ առաջատարներից մեկն ենք այս ոլորտում։ Էնդոպրոտեզավորում կատարվում է էնդոսկոպիկ, աթրոսկոպիկ վիրաբուժության մեջ՝ սկսած թեթև վիրահատական միջամտություններից, նաև մեծ ջլային պլաստիկաներով, ոսկրային  ձևախեղումներով, դեֆորմացիաներով։ Բավականին մեծ փորձ և լուրջ առաջընթաց ունենք օստրոսկոպիկ բժշկության մեջ նույնպես։ Ծառայությունն իրականացնում է օրգանապահպան վիրահատություններ: Մեր բաժանմունքում գրանցել ենք բավականին լուրջ հաջողություններ, բնականաբար, տարբեր տեսակի կոտրվածքների բուժում՝ աշխարհի առաջատար կլինիկաների ստանդարտներին համապատասխան չափորոշիչներին համահունչ մակարդակի։ Բնականաբար, մեզ համար հպարտություն է ունենալ էնդոպրոտեզավորման մասնագիտացված կենտրոն և տարիներ շարունակ աշխատելով՝ ապացուցեցինք, որ իրավունք ունենք կրելու նման կենտրոնի համբավը և կոչումը։ Մեր նպատակն է էնդոպրոթեզավորման ոլորտի համաշխարհային ձեռքբերումների ներդնումը Հայաստանում: Այս վիրահատությունների որակը և մակակարդակը լիովին համապատասխանում են եվրոպական չափորոշիչներին։

Մեզ մոտ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ կիրառվում են ծնկի, կոնքազդրային և ուսահոդի իմպլանտացիայի առաջադեմ եղանակներ, ինչպես նաև Հայաստանում նախադեպը չունեցող հոդերի երկրորդային իմպլանտացիա՝ այսպես կոչված ռեվիզիաներ, ռիվիզիաների իմաստին չծառայող անպիտան էնդոպրոտեզը փոխարինել ռեվիզիոն էնդոպրոտեզով, եթե  էնդոպրոտեզավորումը կատարվել է որակյալ, իսկ հին մոդելի պրոտեզները տեղաշարժվում են մոտավորապես 10-15 տարվա մեջ: Արդի ժամանակակից էնդոպրոտեզները ընդհուպ մինչեւ 30 տարի չտեղաշարժվելու հնարավորություն ունեն։ Ցավոք սրտի կարող են լինել դեպքեր, երբ պրոտեզը տեղադրվի, և մի շաբաթ հետո կոտրվածք գրանցվի, օրինակ՝ ավթովթարի հետևանքով առաջացած ամենաբարդ դեպքերը ինֆեկցիան է։ Լինում են դեպքեր, երբ տեղադրված պրոտեզը թարախակալվում է որպես օրգանիզմի կողմից օտար մարմին։ Այդ դեպքում պահանջվում է երկար ժամանակ․ հեռացվում է պրոտեզը, չի տեղադրում ռեվիզիան այնքան ժամանակ, մինչև ինֆեկցիան չմաքրվի լիովին։ Այն պահանջում է երկարատև բուժում, այսինքն երկու էտապ է թելադրվում, բուժվում է այնքան ժամանակ, մինչև ինֆեկցիան  հաղթահարվի, բուժվի։ Այն կարող է տևել  մի քանի ամիս դեղորայքով, հետո նոր տեղադրվում է։ Երկու փուլային էնդոպրոթեզավորման դեպքում հաճախակի լինում են վատթարագույն դեպքեր, երբ լինում են 3-4 փուլային դեպքեր, երբ մաքրում ես, հետո նորից սկսվում է ինֆեկցիոն ֆոնը, որը խանգարում է տեղադրմանը։

Վիրահատարանում էնդոպրոթեզավորումը տևում է  առռավելագույնը 30-40 րոպե, 50 րոպե է տևում այն դեպքերում, երբ բուժառուն գեր է։  Վիրահատությունից 2 ժամ անց մեր հիվանդները ոտքի են կանգնում, 2 օր անց նրանք արդեն բարձրանում են աստիճաններով, իսկ 3 օր անց դուրս են գրվում` 6 շաբաթից հրաժարվում հենակներից:  Նրանք անցնում են ինտենսիվ վերականգնողական բուժում, որովհետև կարևոր է ո՛չ միայն վիրահատությունը, այլ նաև մկանախմբերի զարգացումը:

-Պարո՛ն Հարությունյան, խոսենք, խնդրեմ,  արթրոզի մասին։

-Արթրոզը (հոդախտ) հոդերի քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է հոդերի վրա մշտական՝ չափից ավելի, բեռնվածության հետևանքով, օստեարթրոզը՝ հոդերի մաշվածությունն է։ Արթրոզների ժամանակ նկատվում է՝ լոկալ կետային ցավ՝ հոդաճեղքի կողմնային հատվածներում, շարժումների ժամանակ լսվում է խրթոց՝ կրեպիտացիա, տեղի է ունենում շարժումների սահմանափակում: Կարևոր է հիշել, որ հանդիպում են արթրիտի և արթրոզի միախառնված (միքս) դեպքեր, իսկ արթրիտի ախտանշաններն արհամարելու ու պատշաճ բուժում չստանալու դեպքում արթրիտը կարող է վերածվել արթրոզի։

-Իսկ ի՞նչ է օստեոպորոզը։

-Օստեոպորոզը, երևի թե, աշխարհի առողջական ամենամեծ խնդիրներից է, այն շատ ցայտուն արտահայտվում է կանանց մոտ հորմոնային շեղումների ֆոնի վրա: Ուզում եմ նշել, որ հիվանդությունը «երիտասարդացում է ապրել», և պետք է հսկվի, քանի որ բարձիթողի վիճակում մնալու արդյունքում ունենում ենք հոդերի դեֆորմացիայի եւ ցավային համախտանիշների բարդագույն խնդիրներ։ Ռեաբիլիտացիոն թերապիայով եւ դեղորայքային բուժմամբ իրականացվում է հիվանդության ընթացքի հսկողությունը։

-Բացի օստեոպորոզը, ուրիշ ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացում ապրել»։

-Վերջին տարիներին նկատվում է ոչ այնքան ուրախալի դինամիկա՝ հոդային հիվանդությունները «երիտասարդանում են», այսինքն՝ շատանում է հիվանդությունների տարածումը հասարակության ավելի երիտասարդ խմբերում։ Իհարկե, այդպիսի իրավիճակը մասամբ պայմանավորված է հետկովիդային իրավիճակով։
Չնայած այն կանխավարկածին, որ կովիդը առավելապես ազդում է թոք-սրտային համակարգի վրա, պրակտիկայում տեսնում ենք, որ մեծապես տուժում են նաև հոդերը և ոսկորները։ Երիտասարդացում ապրել է ոսկրերի ասեպտիկ նեկրոզը, որը COVID 19-ի հետևանք է: Այդ հիվանդությունը ոսկրի որոշակի հատված, ամենաշատը՝ ազդրի գլխիկն է ընդգրկում, որի հետեւանքով կոճերը կորցնում են իրենց սնուցումը, և ՄՌՏ ու ԿԱՏԵ  հետազոտման պատկերում տեսնում ենք սնուցման պակաս: Դրա դեմ պետք է լրջագույն պայքար տանել, իսկ բուժման համար կիրառվում է արդիական բուժման մեթոդ համարվող ցողունային բջիջների մեթոդիկան, որը փրկություն է այս հիվանդության դեպքում: Մեզ մոտ բավականին լուրջ զբաղվում ենք ներհոդային ներարկումներով, որը կոչվում է օրթոբիոլոգիա, նորագույն մեթոդ՝ ցողունային բջիջների ներարկում, այսինքն սկսած պլազմոթերապիայով և ավարտած ունիկալ մեթոդիկայով, որ կոչվում է ցողունային բջիջների մեթոդիկա։ Ճարպաբջջանքի մշակմամբ մենք ստանում ենք ցողունային բջիջ եւ ներարկում ենք այն: Արդի բժշկական մոտեցումների մեջ կան բիոօրթոպեդիայի տեխնոլոգիաների ոչ միայն հիալուրոնաթթվի ներարկումներ, այլ պլազմոթերապիա՝ արյան շիճուկի տարբեր խտության ներարկումներ։ Իսկ համաշխարհային բացառիկ նորույթը, որը հասցրել ենք Հայաստան, ցողունային բջիջների ներարկման մեթոդն է, որի կիրառմամբ  ունենում ենք հոդի որակի խիստ լավացում, քանի որ այն բավականին լավ արդյունքներ է գրանցում ամբողջ աշխարհում։ Մենք առաջարկում ենք արթրոզների բուժման լայն սպեկտր՝ սկսած ներարկումներից (բայց արդեն բիոօրթոպեդիայով, ոչ թե հասարակ սիլիկոնային ներարկումներով) և ավարտելով էնդոպրոթեզավորմամբ։

Այս նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ճարպից ստանալ ցողունային բջիջներ։ Կարճ ասած՝ այս շրջադարձային տեխնոլոգիայի շնորհիվ՝ ձեր մարմինը ինքն իրեն է բուժում։
Այս միջամտությունը իրականացվում է տեղային անզգայացմամբ։ Սովորաբար այս տեխնոլոգիան կիրառվում է խոշոր, ինչպես օրինակ՝ կոնքի կամ ծնկի, հոդերի բուժման համար։ Երբ այդ էտապներն արդեն իրենց ուժը կորցնում են, գալիս է նոր վիրահատական էտապ, թե որ փուլում, որ բուժման մեթոդը ընտրել, դա արդեն մասնագետի որոշումն է, միայն պետք է վաղ դիմել բժիշկների օգնությանը, որպեսզի չբախվենք բարդացած դեպքերի հետ:   

 -Ի՞նչ կասեք բժշկական տուրիզմի վերաբերյալ։

-Բժշկական տուրիզմը կովիդի համաճարակի ժամանակատահատվածից սկսած բավականին մեծ առաջընթաց է ապրում, ինչպես նաև՝ վերջին շրջանում պատերազմական իրավիճակներից Հայաստան եկած ՌԴ-ից և Ուկրաինայից մարդկանց հոսքը։  Եթե նախինում մենք ամիսը կարող էինք երկու հոգու վիրահատել կամ ոչ, այսօր դիմողների գրեթե մեկ երրորդը օտարերկրացիներ են: Ունենք բուժառուներ նաև ԱՄՆ-ից։ Իրականում պետք է լրատվական, տեղեկատվական դաշտը էլ ավելի մեծ ուշադրություն դարձնի բժշկական տուրիզմին, ներկայացնի ցանկացած հարթակից։ Տեղեկատվությունը մեր մասին լայն տարածում գտնելով՝ աշխարհի ցանկացած անկյունից մեզ դիմում են, ստանում համապատասխան բուժօգնություն և գոհունակ վերադառնում են իրենց երկիր։

 -Կան արդյո՞ք նորարարական մոտեցումներ ձեր ոլորտում։

-Մեզ մոտ ամեն օր կան նորարարական մեթոդներ․ մենք մշտապես ձգտում ենք քայլել նոր բուժմոտեցումներին համաչափ։ Նորարական մեթոդ է լինելու փոքրիկ կտրվածքներով միկրոպրոտեզները,  որոնք մի այլ գեղագիտական մակարդակի մասին են խոսում։ Դա քիչ ինվազիվ փոքր կտրվածքով փոքր էնդոպրոտեզների տեղադրումն է, և,  բնականաբար, հետվիրահատական շրջանն էլ կլինի ավելի կարճ՝ անգամ մեկ ամսից շուտ:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր բժշկության ապագան հուսալի՞ ձեռքերում է։

-Մեր թիմը բավականին մեծ և հզոր է, որի անդամներն իրենց լավագույն ձևով են դրսևորում աշխատանքում, եռանդուն, պրպտող, ձգտող երիտասարդներ են, բանիմաց, լավ պատրաստված կադրեր ունենք։ Մեր երիտասարդ կադրերը, իրոք, շատ լավն են, մեր թիմը շատ հզոր է, ապագայում մեր բժշկությունը վստահելի ձեռքերում է,  մեր թիմը համալրված է չորս բժիշկներով՝ ես,  երեք բժիշկներ, որոնք երբեք տեղում չեն դոփում, պրպտող են, մշտապես ձգտող քայլելու նորարարություններին համընթաց, ամեն անգամ վերապատրաստվելով՝ նորանոր հմտություններով տոգորված՝ վերադառնում են որպես պատրաստի վիրաբույժներ։ Եվ, իրոք, անհամեստություն չթվա, մեր բաժանմունքում յուրաքանչյուրի ներդրում այս ոլորտում մեծ գովասանքի ու պարծանքի է արժանի:

-Բոլորն էլ կյանքում ունեն իրենց ուսուցիչը, ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:                          

-Վստահ կարող եմ իմ առաջին ուսուցիչ համարել Վիգեն Աշոտի Մարգարյանին, որի օգնությամբ մեծ ապագա եմ ունեցել <<էրեբունի>> բժշկական կենտրոնում։ Այստեղ իմ ուսանածի 90 տոկոսը իրենից է։ Իմ ուսուցիչներից է նաև հարգարժան Հմայակ Սարգսի Գրիգորյանը: Հետագայում իմ կայացման մեջ ամենամեծ դերը,  իհարկե, խաղացել են Ֆինլանդիայի «Կոկսա» էնդոպրոթեզավորման կլինիկայի լավագույն մասնագետները, նրանց թվում՝ Էրիք Վիտան։

 -Ի՞նչ մակարդակ ունի մեզ մոտ բժշկին դիմելու մշակույթը:

-Դիմելիության մշակույթի մակարդակը մեր երկրում վերջին տարիներին բավականին բարձրացել է: Մենք ըմբռնումով ենք մոտենում մեր աշխատանքին, որը, ամեն դեպքում, նաև սպասարկող ոլորտ է, ամեն տեսակի ու բնույթի մարդկանց հետ ենք շփվում, և բժիշկը պետք է կարողանա իրավիճակին տիրապետել, որպեսզի մեզ դիմող բուժառուները գոհ հեռանան մեր կենտրոնից: Ինձ թվում է` այդ առումով ես խնդիր չունեմ. փառք Աստծո, իմ բուժառուները միշտ գոհ են հեռանում:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, ի՞նչ կհորդորեք մեր հասարակությանը:

-Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, համբերատարություն և լավատեսություն։ Կհորդորեմ մեր հայրենակիցներին լինել աչալուրջ, ճիշտ կոմնորոշվել, երբևէ չդիմել այնպիսի մարդկանց, որոնցից միայն վնաս կստանան: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, և որ մեր երկրում վերջապես վերջ դրվի հայկական այն մտածելակերպին, երբ բժշկի դիմում են միայն, ինչպես ժողովուրդն է ասում՝  դանակը ոսկորին հասնելու դեպքում։ Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում և անհապաղ կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն:

Սիրեք ձեզ և  ձեր մարմինը, սիրելիներ։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր