ՎԱԴԻՄ ՖՐՈԼՈՎ

(0 votes)

Կյանքը մեծագույն պարգև է, որը պետք է երջանիկ ապրել

Բժշկությունն անընդմեջ զարգացող և կատարելագործվող ոլորտ է, և յուրաքանչյուր ոլորտ պետք է կարողանա քայլել ժամանակի պահանջներին համընթաց:

Այսօր գինեկոլոգիան գնալով ընդլայնվում ու առաջընթաց է ապրում․ ոլորտ, որ ժամանակի պահանջներին համընթաց զարգացմամբ արդեն իսկ դասվում է բժշկության առաջատար գիտությունների շարքին։ Հայաստանում այս  ոլորտում իրականացվում են ախտորոշման և բուժման  բոլոր միջոցառումները, և գինեկոլոգիական բազմաթիվ հիվանդություններ այսօր արդեն դարձել են լիովին բուժելի:

Մեր զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, բազմաթիվ վերապատրաստումների մասնակցած, մոտ երկու տասնյակ գիտական հոդվածի հեղինակ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ ՎԱԴԻՄ ՖՐՈԼՈՎԸ, մարդ, ով, ընտրելով բժշկի մասնագիտությունը, պատվով է կատարում իր գործը: 

Կայուն գիտելիքներով և մարդկային բարձր առաքինություններով օժտված բժիշկը վստահ կանգնած է յուրաքանչյուր հիվանդի կողքին և, որ ամենակարևորն է, ամեն մի վայրկյան պայքարում է ամենաարժեքավորի` կնոջ առողջության պահպանման համար: Բժշկի երկարատև աշխատանքն ու պատկառելի ավանդը բժշկագիտության զարգացման գործում անգնահատելի է: Հաճելի զրուցակից, ազնիվ ու սկզբունքային մարդ, իր գործի գիտակ: Վաստակաշատ բժշկի կարծիքով` իր մասնագիտության տեր մարդիկ համամարդկային սիրո կրողներն են:

- Բժի՛շկ, ի՞նչ է հղիության տոքսիկոզը, և որոն՞ք են դրա տեսակները։

-Կան հղիության տոքսիկոզի վաղ և ուշ տեսակներ։ Արդի գինեկոլոգիայի մեջ ուշ տոքսիկոզ տերմինը կիրառությունից դուրս է եկել, այն հղիության առաջին եռամսյակի տոքսիկոզն է, որ լատիներեն կոչվում է հիպերմեզ: Տոքսիկոզի իրական պատճառները մինչ օրս պարզված չեն։ Ամենատարածված տեսակետը հիմնված է այն բանի վրա, որ տոքսիկոզի ավարտը համընկնում է ընկերքի կազմավորման ավարտի հետ։ Մինչ այդ ընկերքն այնքան զարգացած չի լինում, որ կանխի պտղի նյութափոխանակության արգասիքների ներթափանցումը մոր օրգանիզմ, վերջիններս էլ թունավորում են առաջացնում։ Հորմոնային տեսության համաձայն տոքսիկոզն առաջանում է հորմոնային փոփոխությունների պատճառով, որոնք սրում են համային և հոտային զգացողությունները։ Արդյունքում հոտերն ու համերը, որոնք սովորական վիճակում չեն ազդում կնոջ վրա, հղիության ընթացքում սրտխառնոց և փսխում են առաջացնում։ Դրա վտանգը նրանում է, որ այդ փսխումների հետ հղին կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ՝ ջրազրկվում է։ Այն իրենից սիմտոմատիկ բուժում է պահանջում: Երբ հղիության ժամկետը մեծանում է՝ դառնալով 12-14 շաբաթական, այդ երևույթներն աստիճանաբար վերանում են։ Իսկ ուշ տոքսիկոզի դեպքերում կնոջ մոտ կարող են առաջանալ այտուցներ, սպիտակուց՝ մեզի մեջ և արյան ճնշման բարձրացում։ Այնուհետև հորմոնային ֆոնը կարգավորվում է և ինքնազգացողությունը լավանում:

- Ի՞նչ էնեղ կոնք ասվածը։

-Տարբերակվում է անատոմիական նեղ կոնք և կլինիկական։ Կան կոնքի նորմատիվներ կնոջ կոնքի չափսերով: Նեղ կոնքի պատկերը ի հայտ է գալիս ռենտգենի պատկերում, ինչպես նաև КТ-ով։ Երբ  չափսերը նորմայից փոքր են, կոչվում է անատոմիական նեղ կոնք։ Իսկ ծննդաբերության մեջ մենք տարբերակում ենք կլինիկական նեղ կոնք, կնոջ կոնքը կարող է համապատասխանի նորմայի մեջ, բայց պտուղը խոշոր լինի, մինչև 5 կգ։ Նորմայի ժամանակ այս դեպքում դառնում է կլինիկական նեղ կոնք․ պտղի ու մոր կոնքի չափսերը չեն համապատասխանում միմյանց հետ։ Անատոմիական նեղ կոնքի ժամանակ ամեն դեպքում կնոջը թողնում են ծննդաբերության մեջ, հսկվում է ընթացքում արդյոք առաջանո՞ւմ է նեղ կոնք, թե՞ ոչ։

Նեղ կոնք հասկացությունը կիրառվում է բացառապես մանկաբարձության ոլորտում և արտացոլում է հղի կնոջ կամ ծննդկանի կոնքի ոսկորների կառուցվածքն ու առանձնահատկությունները։ Անատոմիապես նեղ կոնքի դեպքում կոնքի չափսերը սովորականից փոքր են: Կլինիկորեն նեղի դեպքում դիտվում է պտղի գլխիկի և կոնքի չափերի անհամապատասխանություն ծննդաբերության ժամանակ։ Նեղ կոնքի նշանները ճիշտ ժամանակին չհայտնաբերելու դեպքում ծննդալուծումը գուցե բարդանա կամ էլ անհնար դառնա՝ սպառնալով ոչ միայն պտղի, այլև կնոջ կյանքին։ Նեղ կոնքը որևէ կերպ չի անդրադառնում հղիության ընթացքի վրա և հաճախ չի էլ զգացնում նախքան ծննդաբերությունը։

-Ունե՞ն արդյոք հակացուցումներ ներարգանդային պարույրները։

-Ներարգանդային պարույրը (ՆՊ) հակաբեղմնավորիչ ժամանակակից և հուսալի մեթոդ է: Այն թույլ է տալիս վերահսկել հղիության գործընթացը: Ինչպես ցանկացած այլ միջամտություն, ներարգանդային պարույրը նույնպես ունի իր հակացուցումները: Դրանցից են՝ արգանդի պարանոցի պաթոլոգիակսն պրոցեսները, դիսպլացիաները, եթե կնոջ մոտ կան բորբոքային պրոցեսներ, արգանդի լորձաթաղանթի պաթոլոգիա, հիպերպոլիմենորեա կամ մետրոռագիա,  էնդոմետրիայի հիպերպլազիա,  արգանդի զարգացման անոմալիաներ, որոնք խանգարում են պարույրի ներդրմանը, արգանդի սուբմուկոզային միոմա, ալերգիա պղնձի նկատմամբ և այլն: Ըստ մեր ավագ սերնդի մասնագետների, առաջարկում էին՝ ավելի լավ է 10 տարի մնա ներարգանդային պարույրը, քան 10 տարվա մեջ կինը կատարի երեխայի արհեստական ընդհատում։

- Ի՞նչ է կլիմաքսը։

-Դաշտանադադարը (կլիմաքս) ժամանակահատված է, երբ կանանց հորմոնալ համակարգը դադարում է կատարել իր հիմնական խնդիրը՝ վերարտադրողական գործառույթը։ Այն հիմնականում արտահայտվում է հետևյալ կերպ՝ նվազում է սեռական հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակը։ Երբ ձվարանը դադարում է կատարել իր հիմնական խնդիրը, դադարում է դաշտանը, իսկ այս գործընթացն անվանում են դաշտանադադար։ Այն սովորաբար տեղի է ունենում 50 տարեկան հասակում, սակայն, դաշտանադադարի ախտանիշները կարող են նկատվել 40 տարկանից սկսած։ Դաշտանի բացակայության առաջին տարին դաշտանադադարի ժամանակահատվածն է, իսկ դրանից հետո՝ հետդաշտանադադարն է: Երբ աշխատում էի Ռուսաստանի Դաշնությունում, երբ որ կնոջն ասում էինք՝ դուք արդեն կլիմաքսի փուլում  եք, իրենք ընդունում էին դա որպես վիրավորանք։ Իսկ մեր հայ կանայք նորմալ են ընդունում այդ փաստը։ Եթե կնոջ մոտ չեն արտահայտվում արյան ճնշման բարձրացում և քրտնարտադրություն, նյարդային համակարգի խախտումներ, խիստ արտահայտված չեն, ոչինչ չենք անում, բայց կլիմաքսը,  ամեն դեպքում իրենից բուժում է պահանջում։

- Ի՞նչ է ռեզուրս գործոն ասվածը։

- Ռեզուս պատկանելիության հատկանիշը ժառանգական հատկանիշ է և գտնվում է առաջին զույգ քրոմոսոմի կարճ թևում տեղակայված գեների հսկողության տակ։ Գործնական բժշկության մեջ, մասնավորապես արյան փոխներարկման և մանկաբարձության մեջ, ռեզուս պատկանելիության որոշումը կարևոր խնդիր է։ Ռեզուս գործոնն անմիջական կապ ունի մարդու արյան մաս կազմող էրիթրոցիտների՝ արյան կարմիր գնդիկների հետ։ Նրանց կազմում որոշակի սպիտակուցի առկայությունը, որը պայմանականորեն R տառով է նշվում, կամ դրա բացակայությունը խոսում է ռեզուս դրական կամ բացասական գործոնի մասին:

Կան դրական և բացասական ռեզուրս գործոններ. Ռեզուրս դրականը արյան մեջ լինում է հատուկ սպիտակուց, եթե կա, ուրեմն՝ դրական է, եթե բացակայում է՝ բացասական է։ Հղիության շրջանում դրա վտանգն կայանում է նրանում, եթե մայրը ռեզուրս բացասական է, երեխան դրական, ապա մոր արյան մեջ առաջանում է ռեզուրս կոնֆլիկտ։ Հսկողության տակ են պահում հղիին, հակամարմինները ժամանակ առ ժամանակ ստուգվում են։ Հակամարմինների տիտր գոյություն ունի, որից կախված՝ մենք որոշում ենք մեր հետագա քայլերը։

-Ի՞նչ է գերհասուն հղիությունը և գերհասուն պտուղը:
- Հղիությունը համարվում է ժամկետանց, եթե գեստացիայի (հղիության) տևողությունը կազմում է 42 և ավել շաբաթ։ Ծննդաբերությունն այդ դեպքում անվանում են ուշացած։ Ժամկետանց հղիության արդյունքում ծնված երեխան հիմնականում գերհասուն է լինում։ Գերհասուն պտղի մասին հնարավոր է խոսել միայն երեխայի ծնվելուց հետո, քանի որ պտուղը կարող է 42 շաբաթական լինել, բայց չունենա գերհասունության նշաններ, քանի որ կա երկարաձգված հղիություն, որի ելքը կարող է լինել նորմալ, հասուն պտուղը: Գոյություն ունի ծննդաբերության ժամանակ պտղի գլխի կոնֆիգուրացիա։ Ներարգանդային կյանքում պտղի գլխի ոսկորները ամբողջական զարգացած չեն։ Երբ  երեխան իջնում է կոնքի խոռոչ, այս դեպքում գործընթացը խաթարվում է, համապատասխանաբար՝ պտղի և մոր համար վտանգը մեծանում է, առաջացնելով սակավարյունություն, բազմաթիվ այլ վտանգավոր հետևանքներ։ Հնարավոր է, որ ծննդաբերությունն ուշանա, բայց պտղի գերհասունության նշաններ չլինեն, ինչպես նաև հնարավոր է, որ ծննդաբերությունն սկսվի ճիշտ ժամկետում, սակայն պտուղը գերհասուն լինի։

-Իսկ  որպես վերջաբան՝ ի՞նչ կմաղթեք մեր հայ կանանց:

-Կանայք պետք է հարգեն առաջին հերթին հենց իրենց  և իրենց առողջությունը, ոչ թե իրենց մղեն հետին պլան, ըստ մեր հայկական մենթալիտետի: Հորդորս է՝ պարբերաբար դիմեն բժշկի, հետագա բարդություններից խուսափելու համար, քանզի ամուր ընտանիքի հիմքում առողջությունն է: Կյանքը մեծագույն պարգև է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձևն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր