Մեր երկրում առողջությանը խնամքով վերաբերվելու մշակույթը պետք է բարձրանա
Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտը բարձրակարգ դիրքերում է, ավելին՝ զարգանում ու կատարելագործվում է պատշաճ քայլերով: Հայաստանում այսօր իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանությանը (ԼՕՌ) վերաբերող բոլոր միջոցառումները: Ոլորտի բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին ու որակին համապատասխան: «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավո-րություն է տալիս կիրառել նորագույն մեթոդներ` ապահովելով և՛ ախտորոշման,և՛ բուժման արդյունավետությունը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է խուսափել չհիմնավորված վիրահատական միջամտություններից, իսկ վիրահատական միջամտությունների դեպքում՝ հետվիրահատական բարդություններից: Բաժանմունքի փորձառու և բանիմաց բուժանձնակազմըջանք չի խնայում որակյալ ծառայություններ մատուցել`հիվանդների շուտափույթ առողջացումն ապահովելու համար:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, ԼՕՌ ծառայության ղեկավար, Ազգային առողջապահության ինստիտուտի գլխի, պարանոցի, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանը, որի երկարատև աշխատանքն ու պատկառելի ավանդը բժշկագիտության զարգացման գործում անգնահատելի է: Հոգատար ու բանիմաց բժիշկն իր ծով գիտելիքների և սեփական աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ, ինչը փաստում են հիվանդները՝ շնորհակալության խոսքեր շռայլելով իրենց իրապես առողջություն պարգևած բժշկին:
-Պարոն Ղարիբյան, քթի պլաստիկ վիրահատության ո՞ր տեսակներն են այսօր արդիական: Նախասիրությունը տրվում է ավելի շատ փա՞կ, թե՞ բաց վիրահատություններին։
-Նախկինում` իմ ուսանելու տարիներին, մեզ դասախոսելիս ասում էին, որ քթի բաց վիրահատությունները կատարում են սկսնակները, իսկ փակ վիրահատությունները՝ ավելի պրոֆեսիոնալները։ Ապա եկավ մի ժամանակ, երբ բոլորը գնացին բաց վիրահատությունների` համարելով, որ ճիշտը քթի բաց վիրահատություններն են, քանզի աչքին տեսանելի է, հատկապես քթի ձևավորման ժամանակ միլիմիտրերի տարբերությունը նկատելի է լինում։ Բայց այսօր արդի բուժմոտեցումների վերջին 1-2 տարիներին առաջացել է նոր միտում` բոլորը կրկին գնում են դեպի փակ վիրահատությունների։
Ուսումնասիրելով դաշտը` եվրոպական թոփ տասնյակում հայտնված բժիշկները գնում են փակ վիրահատության` նվազեցնելու օրգանիզմը տրավմայի ենթարկելը։ Բայց իրականում մեզ անհրաժեշտ է, որ քթով ճիշտ շնչառություն լինի, քանզի շատ պլաստիկ վիրաբույժներ ավելի շատ ձգտում են արտաքին տեսքի գեղեցկությանը` ուշադրություն չդարձնելով շնչառությանը։ Ես միշտ իմ հարցազրույցներում ասել եմ, որ հայտնի պրոֆեսոր Պեսկունովը ասում էր, որ քթի պլաստիկ վիրահատություն պետք է կատարեն միայն ԼՕՌ բժիշկները` մեծ ուշադրություն դարձնելով քթի անատոմիական ֆունկցիոնալ կառուցվածքին, որպեսզի արդյունքում չտուժի շնչառությունը։ Կարծում եմ` ավելի լավ է պացինետը դժգոհի քթի արտաքին տեսքից, քան՝ շնչառությունից։ Իհարկե, այսօր, հուրախություն մեզ, պլաստիկ վիրաբույժների մեծ մասը ուշադրություն են դարձնում շնչառությանը։ Բայց նաև համատարած տենդենց կա, որ ավելի շատ ուշադրություն են դարձնում քթի տեսքին: Իսկ ինչ վերաբերում է քթի փակ թե բաց վիրահատություններին, ապա չպետք է փորձել ժամանակակից երևալ, պետք է վիրահությունը կատարել ըստ ցուցումի, նաև` որի դեպքում է վիրահատող բժիշկն ավելի հմտացած։
-Բժիշկ, բերանով շնչառությունը ինչի՞ կարող է հանգեցնել։
-Բերանով շնչառությունը երբեք չի կարող փոխարինել քթով շնչառությանը, քանզի քթում օդը խոնավանում, տաքանում, միկրոբազերծվում է, հետո նոր ներթափանցում առաջ, և քթի խոռոչում հարուստ անոթային ցանցի միջոցով թթվածինն արագ հասնում է ուղեղ։ Բերանով շնչառության դեպքում այդ պրոցեսները չեն կատարվում, և օդը միանգամից գնում է կոկորդ, շնչափող, որի հաշվին, սկսած քրոնիկ տոնզիլիտից և անգինաներից, վերջացած ամբողջ շնչառական ուղին` վերին և ստորին, այդ փոշոտ և կեղտոտ միկրոբներով հարուստ սառը և չոր օդից վնասվում է` առաջացնելով ֆարինգիտներ, լարինգիտներ, տրաեխիտներ, բրոնխիտներ և թոքաբորբ։ Շատ ժամանակ, երբ հիվանդի մոտ կարիք է լինում նշիկների հեռացում և քթի վիրահատություն, ես միշտ առաջարկում եմ առաջինը վիրահատել քիթը: Նշիկները համարվում են ինֆեկցիոն երևույթներից պաշտպանվելու համար օրգանիզմի դարպասները, քանի որ կեղտոտ օդի միկրոբները վերցնում էին իրենց վրա: Իսկ երբ արդեն հեռացված են լինում, ինֆեկցիան միանգամից գնում է շնչափող, թոքեր, այսինքն` ստորին շնչուղիների բորբոքումների հավանականությունը ավելի է մեծանում, քան նախկինում էր, որովհետև մինչ այդ նշիկներն իրենց վրա էին վերցնում այդ հատվածը։ Իսկ քիթը վիրահատելուց հետո, երբ քթի շնչառությունը վերականգնվում է, լինում են նաև թեթև ընթացքով քրոնիկ տոնզիլիտի տեսակներ, որոնք վերականգնվում են ժամանակի ընթացքում, և անգամ կարիք էլ չի լինում վիրահատական միջամտության։ Իսկ եթե կարիք է լինում վիրահատության, ուրեմն շատ ախտահարված են արդեն: Իհարկե, այդ խնդիրն էլ լուծում ունի մեր կողմից, և ըստ իս` բուժումը քթի խնդրից սկսելն է։
- Բժիշկ, որո՞նք են նշիկաբորբի արդի նորարարական բուժմոտեցումները։
- Բուժմոտեցումները տեխնիկապես ամբողջովին նույնն են, ինչ մինչ օրս կիրառելի էին։ Սակայն այժմ արդիականացվել են գործիքների տեսակները, որոնք շերտազատում են նշիկները հարակից հյուսվածքներից: Նախկինում նշիկները անջատում էին միայն ռասպատորի կամ էլեվատորի միջոցով:
Կիրառելի են նաև մի շարք նոր տեսակի դանակները,որոնք բացի այն, որ շերտազատում են նշիկները հյուսվածքից, նաև առաջացնում են այրվածքային շերտ, և արյունատար անոթների կոագուլացիա: Վիրահատող բժիշկները հիմնականում օգտագործում են լազերային, մոնոպոլյար, ուլտրաձայնային (հարմոնիկ), էլեկտրոնային, ռադիոհաճախականությամբ տաքացող և սառը կոբուլացիոն դանակներ(-1000 աստիճանի տակ տաքացող):
Բոլոր վիրահատական միջամտությունների ժամանակ ունենում ենք քիչ արյունահոսություն: Արյունահոսության հավանականությունը հնարավոր է ավելի ուշ` 10, 9, 8 օր հետո, երբ փառերը մաքրվում են: Իրականում այրվածքային փառերը ավելի կոպիտ փառեր են, որոնց մաքրման ժամանակ արյունահոսության հավանականությունն ավելի մեծ է, քան նախկին դասական էլեվատորի միջոցով անջատման դեպքում: Պետք է վերը նշված դանակներով ընդհանուր անզգայացման տակ կատարել նշիկների հեռացումը։Մենք անզգայացնում ենք բավականին բարձրակարգ և միաժամանակ թանկարժեք դեղորայքով, և բուժառուն ընդհանուր անզգայացումից դուրս է գալիս այն աստիճան հեշտ և թեթև, կարծես թե քնից արթնացած լինի։ Հիվանդն իրականում չի մասնակցում վիրահատական ընթացքին, ինչպես լինում էր նախկինում` տեղային անզգայացումների ժամանակ:
-Իսկ ի՞նչ է խռմփոցը, ինչի՞ հետևանք է այն։
-Խռմփոցի առաջացման պատճառագիտությունը մի քանիսն են` քթի թեք միջնապատ, վատ շնչառություն, կարճ վիզ, գիրություն, մեծ փորի առկայություն, քիմքի կախվածություն, լեզվակը, քիմքը տարիների ընթացքում կախվում են, այդ բոլորը բերում են խռմփոցի։ Նախ առաջարկում ենք, որը քաշը կարգավորի: Այո, իրականում լինում են դեպքեր, երբ քաշը իջեցնելուց հետո բավականին քչանում է խռմփոցը, անգամ խնդիրը չի հասնում վիրաբուժական միջամտության, բայց հիմնականում լինում են դեպքեր, երբ զարգանում է քնի ապնոէ սինդրոմը, երբ մարդը նստած վիճակում քնում է, շունչը պահելով մի քանի վայրկյան և արագ արթնանում շնչահեղձության արդյունքում։ Քնի ապնոէ սինդրոմը առաջանում է վերը նշված սինդրոմների համակցման արդյունքում։ Այս պաթոլոգիայի դեպքում միջնապատ է ուղղվում, քթով շնչառություն ենք կարգավորում, կատարում ենք վիրահատական միջամտություն` բարձրացնելով քիմքի լեզվակի հատվածը վերև, որպեսզի շնչի, և իհարկե կրկին հիվանդին հորդորում ենք քաշը կարգավորել։
-Ի՞նչ է օտիտը։
-Օտիտը ականջաբորբ հիվանդություն է, և տարբերակվում են նրա արտաքին, միջին և ներքին տեսակները: Միջին օտիտի ժամանակ ցավային զգացումը վերանում է թմբկաթաղանթի թափածակումից հետո` արդյունքում առաջացնելով թարախարյունային արտադրություն:
Իսկ արտաքին ականջաբորբի առաջին ախտանշանը քորն է։
Եվստախյան փողը երեխաների մոտ տեղակայված է հորիզոնական, այն լայն է և կարճ, որը հեշտացնում է ինֆեկցիայի արագ ներթափանցումը, իսկ մեծահասաների մոտ, մեծանալուն զուգահեռ, եվստախյան փողը հորիզոնական դիրքից դառնում է 45 աստիճանի, նեղանում և երկարում է, և ինֆեկցիայի թափանցումը դեպի ականջ քչանում է։
Ներքին օտիտի դեպքում հաճախ լինում են գլխապտույտներ և հավասարակշռության խախտում: Օտիտը բոլոր դեպքերում էլ արտահայտվում է սուր ցավերով:
Սուր բորբոքման պրոցեսների դեպքում հնարավոր են նաև ուղեղի և գլխուղեղի պաթոլոգիաներ։
-Արդյո՞ք ճիշտ է, որ քթի խեցիները հեռացվեն ամբողջությամբ։
-Ամբողջական հեռացումը սխալ է. նախկինում բավականին շատ էինք հեռացնում, բայց այսօր եկել ենք այն եզրակացության, որ պետք է խեցիները այրել, փոքրացնել տարբեր մեթոդներով, բայց չհեռացնել, որպեսզի դրանք իրենց ֆունկցիոնալ աշխատանքը կարողանան կատարել։ Եթե խեցին մենք ամբողջովին հեռացնենք, նախ օդը չի մանրէազերծվի, չի խոնավանա և չի տաքանա` գնալով ստորին շնչուղիներ, և երկրորդ՝ կբացակայի քթային դիմադրողականությունը, իսկ այդ պարագայում, ինչքան էլ օդի մեծ հոսք լինի քիթ, մարդը չի զգա օդի շնչման հաճույքը և օդային դիմադրողականություն չլինելու պատճառով օդը չի ներխուժի քթի հարակից խոռոչներ։ Իսկ եթե հարակից խոռոչներում օդի հոսք չի լինում, այդ դեպքում խոռոչներում առաջանում են տարատեսակ բորբոքումներ, հատկապես` լորձաթաղանթի, և դրանց պատճառը հիմնականում հիպովինտիլացիան է, այսինքն՝ օդակրության խանգարումը:
-Ո՞ր ԼՕՌ հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
-Կարելի է ասել, բոլոր ԼՕՌ հիվանդություններն են երիտասարդացում ապրել: Նախկինում, երբ լսողության իջեցումը կապում էին բարձր տարիքային շեմի փոփոխման հետ, այսօր երիտասարդության մեջ հանդիպում են 2-րդ, 3-րդ աստիճանի լսողության իջեցումներ: Ականջակալների մշտական կրման արդյունքում վնասվում է լսողական նյարդը, նման ճառագայթային հարվածները բերում են ներվի վնասման։ Իսկ վնասված նյարդի վերականգնումը հնարավոր է առաջին մեկ շաբաթվա ընթացքում հորմոնալ պուլս թերապիայով: Բայց, ցավոք սրտի, շատ դեպքերում, վաղ հայտնաբերման դեպքում էլ հնարավոր չի լինում նյարդի վերականգումը։ Չնայած այն կարծիքին, որ նյարդը չի վերականգնվում, դա պատճառ չէ, որ պետք է թողել բարձիթողի վիճակում, տարին մեկ անգամ պետք է հետազոտվել և բուժել առկա խնդիրը, որպեսզի բարդություններից խուսափենք։
-Ըստ Ձեզ` արդյոք կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ քիթ-կոկորդ-ականջաբանությունը զարգացում է ապրում։
-Այո, վստահորեն կարող եմ ասել, որ այն քայլում է նորարարությունների զարկերակի զուգընթաց։ Կցանկանայի, որ Հայաստանում հանրության գիտակցական մակարդակը բարձրանար այնքան, որ չթողնեն, որ դանակը հասնի ոսկորին, նոր դիմեն բժշկի օգնությանը: Չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ` ավելի բարդացնելով վիճակը։ Պետք է ավելի հաճախ դիմեն առաջնային օղակներ` պոլիկլինիկաներ։ Կցանկանայի, որ մարդիկ բժշկին մոտենան` որպես իրենց առողջությունը վերականգնողի, քանզի վերջերս հաճախակի են հանդիպում դեպքեր, երբ ոտնձգություններ են հանդիպում բժիշկների հանդեպ, ծեծի ենթարկում` առանց գիտակցելու, որ բժիշկը եկել է միայն իրենց օգնելու, բժիշկը մեղավոր չէ, որ իրենք ուշ են դիմել շտապօգնությանը։ Պետությունը պետք է իր հոգածության տակ առնի բժշկի իրավունքների պաշտպանությունը նման դեպքերից զերծ պահելու համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավախախտները, և վերանա այս տիրող ամենաթողությունը:
-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։
-Ունենք բավականին նպատակասլաց, պրպտող, ձգտող երիտասարդ կադրեր, խոստումնալից են, և շատ բան իրականում մեր ավագ սերնդից էլ է կախված, մենք պետք է իրենց գիտելիք տանք, որ պահանջենք։
- Որպես մեր զրույցի վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։
- Բոլորին կմաղթեմ քաջառողջություն, կցանկանամ, որ դիմելիության մակարդակը, առողջությանը հետևելու, առողջությանը խնամքով վերաբերվելու մշակույթը մեզանում բարձրանան: Ինչու՞ ենք մոռանում կամ շրջանցում այն հուսալի և ուրախալի իրողությունը, որ առողջապահության ոլորտը ինչպես բովանդակ աշխարհում, այնպես էլ մեզանում աներևակայելի առաջընթաց է ապրել։ Կցանկանամ մեր երկրին բարգավաճում, վերածնունդ, ապրեցում, որպեսզի այս ահավոր ծանր իրավիճակից դուրս գանք, մենք ամբողջ աշխարհում դառնանք լավագույնը, գլուխներս՝ վեհ, ճակատներս՝ պարզ, դառնանք անվախ պետություն և ազգ։