Շաքե Խաչատրյան

(0 votes)

Անպտղությունը դատավճիռ չէ

Յուրաքանչյուր կին ծնված օրվանից ի վեր իր մեջ կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում ու ուղեկցում է կնոջը ողջ կյանքում: Երեխայի ծնունդը կնոջ կյանքում  ամենամեծ երջանկությունն է: Թեև աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավա՜ղ, նրանցից շատերն ունակ չեն մայրանալու, այդ շնորհը նրանց բնությունից տրված չէ, և այստեղից էլ ծայր է առնում դաժան իրականությունը. Անպտղություն կոչվող խնդիրն է ծառանում երիտասարդ զույգի առջև՝ խորտակելով մայրանալու այլևս անկատար թվացող  երազանքներն ու կոտրում զավակի լույս աշխարհ գալով ընտանեկան երջանկության ու  մայրանալու կարոտով ու սպասումով ապրող հազարավոր սրտեր: 

Եվ ահա թե ինչու անպտղությունը ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է, ժողովրդագրական, վիճակագրական խնդիր՝ ծառացած մեր պետության ու հասարակության առջև: Ամբողջ աշխարհում պետական, հասարակական և մասնավոր առողջապահական կառույցները, զանազան ընկերություններն այս խնդրին հատուկ ուշադրություն են հատկացնում: Հուրախություն մեզ՝ այսօր ժամանակակից բժշկությունն իր զինանոցում ունի անպտղության բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է  Հայկական բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս, ցիկլի ղեկավար, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շաքե Խաչատրյանը:

Կայացած կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է մեզանում առկա կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Կարծում ենք, բժշկի մասնագիտությունը կյանքի ինչ-որ փուլում դադարում է ամենօրյա աշխատանք լինելուց և վերածվում է յուրօրինակ ու որոշակի ապրելակերպի, որ պահանջում է ինքնամոռաց նվիրում իր աշխատանքին: Բժշկուհին ընտրել է դժվարագույններից դժվարագույնը՝ բժշկի մասնագիտությունը, սակայն երբեք չի զղջացել՝ մշտապես առաջնորդվելով իր բնույթին հարիր սկզբունքով՝ այն է՝ իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ և խիստ կարևորելով բժշկության առաջընթացին համահունչ ամենօրյա նոր գիտելիքներ ուսանելը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը բազմապատկելը։

-Բժշկուհի, ովքե՞ր կարող են Ձեզ դիմել, ովքե՞ր են Ձեր շահառուները:

-Քանի որ աշխատում եմ գինեկոլոգիական բաժանմունքում, վարում եմ հղիություններ, ծնունդներ, գինեկոլոգիական հիվանդություններով եմ զբաղվում, մասնակցում վիրահատությունների, ինձ կարող են դիմել նրանք, ովքեր բախվել են մանկաբարձական և ամենատարբեր գինեկոլոգիական խնդիրների: Ցավոք, հիմա շատ են այն դեպքերը, երբ դժվար է լինում հղիանալ, և երիտասարդ զույգերը տարբեր պատճառներով դիմում են մեզ՝ մասնագետներիս։

- Անպտղություն. այսօր, արդյոք, այն կարո՞ղ ենք համարել դատավճիռ:

- Ցավոք սրտի, պիտի փաստենք, որ այսօր անպտղությունը շատ մեծ տարածում ունի։ Սովորաբար ընդունված է բժշկության մեջ անպտղություն համարել այն դեպքերը, երբ զույգը կանոնավոր սեռական կյանքով ապրում է մեկ տարի ու ավելի, և հղիություն չի գրանցվում: Այսօր անպտղությունը երիտասարդացում է ապրել, ու թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց գործոնը գրեթե նույն նժարի վրա է դրված:

Ռեպրոդուկտիվ տարիքը սկսվում է այն ժամանակ, երբ ձվարանները սկսում են լիարժեք կատարել իրենց գործառույթը, և ավարտվում է այն ժամանակ, երբ ձվարանային ռեզերվը վերջանում է։ Պատճառները տարատեսակ են, առկա են ինչպես տղամարդկային, այնպես էլ կանանց գործոններ: Տղամարդկային գործոնն հիմնականում կապված է սպերմատազոիդների ակտիվության, կենսունակության, շարժունակության խնդրի հետ, խնդիր, որով  հիմնականում  զբաղվում են անդրոլոգները և գինեկոլոգների  հետ համատեղ իրականացնում ամբողջ հետազոտությունները: Իսկ կանանց անպտղության  պատճառները բավականին տարատեսակ են: Մեծ տարածում ունի արգանդափողերի անանցանելիությունը, որը, ցավոք, ավելի ուշ է հայտնաբերվում, քանզի հետազոտություններն իրականացվում են փուլ առ փուլ, և պետք է հասկանալ՝ կնոջ մոտ նորմալ ձվազատում լինու՞մ է, թե՞ ոչ, կա՞ն, արդյոք, հորմոնալ խանգարումներ կամ վարակներ, և ապա վերջում միայն կատարվում է արգանդափողերի հետազոտություն, որը, ինչպես արդեն ասվեց, երիտասարդ կանանց շրջանում լայնորեն տարածված է  և դրանց հետազոտությունն ու բուժումը լայն կիրառություն ունի մեր բժշկական կենտրոնում: Հետազոտման մեթոդներից է նաև հիստերոսալպինգոգրաֆիան, որն արգանդի խոռոչի և արգանդափողերի հետազոտման ռենտգենյան մեթոդ է: Այն թույլ է տալիս հայտնաբերել որոշ պաթոլոգիկ վիճակներ, որոնք կարող են անպտղության պատճառ հանդիսանալ: Առավել հաճախ այս միջամտությունը նշանակվում է այն դեպքերում, երբ լինում է արգանդափողերի անցանելիությունը ստուգելու անհրաժեշտություն, և կատարվում է լապարոսկոպիա: Ժամանակին դիմելու և ճիշտ ախտորոշելու դեպքում հնարավոր է վաղ  կանխարգելել առկա խնդիրները, որպեսզի չհասնենք նրան, որ ամենանպաստավոր ելքը արդեն լինի միայն արտամարմնային բեղմնավորումը: Շատ կարևոր է նաև հաշվի առնել զույգերի տարիքային խումբը, ինչպես նաև սոմատիկ անամնեզը և այլն։ Հետազոտումը պետք է կատարել գրագետ ու  ճիշտ՝ հասկանալու համար, թե արդյոք ձվարաններում կա՚՞ անհրաժեշտ պաշար: Նշենք, որ  հետազոտման է ենթարկվում նաև հակամուլյեր հորմոնը։ Եթե հայտնաբերվում են այս հորմոնի հետ կապված խնդիրներ, ապա կնոջը միանգամից խորհուրդ ենք տալիս դիմել ռեպրուկտոլոգին, իսկ մնացյալ դեպքերում եթե առկա են լինում խնդիրներ, արգանդի, արգանդափողերի և ձվարանների և էնդոմետրոզի հետ կապված բոլոր վիրահատություններն իրականացվում են մեր կենտրոնում։ Եվ այսպես, ժամանակին կատարված անհրաժեշտ վիրահատությունների և գրագետ բուժմոտեցումների շնորհիվ ունենում ենք բավականին գոհացուցիչ արդյունքներ: 

Այժմ էլ խոսենք այնպիսի անպտղության մասին, որն անհայտ ծագում ունի, այսինքն՝ կարող է արդյունքում խանգարող ոչինչ չլինի, սակայն հղիություն չգրանցվի։ Ահա  այդ դեպքում արդեն խորհուրդ է տրվում դիմել ռեպրուկտոլոգի՝ արտամարմնային հղիություն  իրականացնելու համար: Ցավոք սրտի, լինում են նաև դեպքեր, երբ արտամարմնային բեղմանավորումը նույնպես արդյունք չի տալիս։ Այսպիսի  դեպքերում արդեն դիմում են վերջին մեթոդին՝փոխնակ մոր օգնությանը։ Այս ամենով հանդերձ պետք է միշտ բարձրաձայնել, որ անպտղությունը բնավ էլ դատավճիռ չէ, երբեք չպետք է հուսահատվել, այլ պետք է բուժող բժշկի հանդեպ հավատով լցված՝ համբերատար հետևել նրա խորհուրդներին, փորձել գտնել դրական ելքեր՝ տարատեսակ այլընտրանքային միջոցներով հասնել ցանկալիին և զգալ ու վայելել մայրանալու բերկրանքը:

- Ո՞ր տարիքային շեմը արդեն կարող ենք համարել անպտղություն:

-Անպտղության տարիքային շեմը, որպես այդպիսին, չենք կարող տարանջատել, քանզի այսօր, ցավոք սրտի, շատ տարածված է, և կարող են ընդհուպ լինել դեպքեր, երբ 19 տարեկանից միասին ապրող ամուսնական զույգն ունենա մինչև 5-6 տարվա անպտղություն, և, բնականաբար, որպես այդպիսին, ես չեմ կարող սահմանել տարիքային շեմ։ Բայց այսօր պետք է ահազանգ լինի այն, որ եթե կանոնավոր սեռական կյանքով ապրում են գոնե երկու տարի /երբ նախկինում նշում էինք մեկ տարի/, բայց այսօր մեկ տարի և ավել գրանցված դեպքերում  պետք է արդեն անհապաղ դիմել բժշկի օգնությանը՝ պարզաբանելու անպտղության բուն պատճառը:

-Ըստ վիճակագրական տվյալների՝ անպտղության մեջ տղամարդկային գործո՞նն է գերադասում, թե՞ կնոջ:

-Նախկինում միգուցե տղամարդիկ շատ հակված չէին հետազոտություններ անցնելու, և մինչ օրս, ցավոք սրտի, պահպանված է այն կարծրատիպը, որ առաջնահերթ կինը  պետք է հետազոտվի, հետո  միայն, անհրաժեշտության դեպքում՝ տղամարդը, բայց, հավատացեք, հավասար են, երկուսն էլ այս առումով բարձր տեղ են զբաղեցնում, երկուսն էլ անպտղության սանդղակի վրա հավասար դիրքում են՝ 50/50: Բայց այսօր կան   զույգեր, որոնք, հուրախություն մեզ, հղիությունը պլանավորելուց առաջ նախապես բժիշկների ցուցումներով անցնում են հետազոտություն և նոր միայն պլանավորում հղիությունը, ինչը, ըստ իս, ողջունելի քայլ է:

-Կա՞ն, արդյոք, հղիանալու համար բացարձակ հակացուցումներ:

-Այո, կարող են լինել սոմատիկ խնդիրների հետ կապված բացարձակ հակացուցումներ, որոնք ախտորոշում  են նեղ մասնագետները։ Օրինակ՝ սրտի լրջագույն խնդիրների դեպքում /սրտի լուրջ արատներ, սրտային և երիկամային անբավարարություն, փոխպատվաստված երիկամ/, այսինքն՝ հակացուցումները սահմանվում են համապատասխան մասնագետի և գինեկոլոգի կողմից, և որից հետո նոր միայն խորհուրդ է տրվում հղիությունը շարունակել՝ հաշվի առնելով, որ հնարավոր է ունենալ ծննդկանի մահ և, բնականաբար, գերադասելի է, որ ասպիսի առողջական տվյալներով կանայք իրենց երեխայի բեղմնավորումն իրականացնեն փոխնակ մոր օգնությամբ:

- Ո՞ր մանկաբարձագինեկոլոգիական հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Պետք է նշեմ, որ, ցավոք սրտի, բավականին երիտասարդացում են ապրել արգանդի միոմաները, ձվարանների կիստաները, շատ տարածված են ինֆեկցիոն բնույթի դեպքերը, որը շատ անգամ պայմանավորված է տղամարդկանց արտագնա աշխատանքով /դրսից  վարակներ բերելը/։ Սակայն մտահոգության կողքին կա և ուրախալին՝ այսօր դիմելիության մշակույթը մեզանում զգալի առաջընթաց է արձանագրել, անհամեմատ ավելացել է այս կամ այն խնդրի հետ կապված՝ բժշկին դիմողների թիվը։ Անգամ երբ դեռահաս աղջիկների մոտ դաշտանային ցիկլի խանգարում է նկատվում, մայրիկներն անմիջապես դիմում են բժիշկների օգնությանը, քանի որ հնարավոր է՝ դեռահասի մոտ ի հայտ գան հիվանդություններ, որոնք մշտապես հսկողության  և կարգավորման կարիք ունեն, և որոնք հետագայում կարող են դառնալ անպտղության պատճառ: Եվ շատ կարևոր է, որ մայրիկները գիտակցեն, որ էական չէ, թե երեխան որ տարիքում է, որ անգամ մի փոքր գանգատի դեպքում պետք է դիմել մանկական գինեկոլոգի: Այսօր մենք ունենք բավականին լավ մասնագետներ, և  ես ինքս էլ հորդորում եմ, որ անգամ թեթև գանգատի դեպքում մայրիկները իրենց դստրիկների մոտ նկատվող խնդիրներով դիմեն մանկական գինեկոլոգի:

-Այսօր երիտասարդ կանայք հակված են իրենց ծննդալուծումը կատարել կեսարյան հատումով, և այդ միտումը գնալով մինչև իսկ աճում է։ Ի՞նչ կասեք այդ առումով, ի՞նչն է  երիտասարդ կնոջը մղում ծննդալուծման այս միջոցին:

-Ցավոք սրտի, դա տարածում ստացած իրողություն է։ Այսօր երիտասարդ կանայք շատ են դիմում կեսարյան հատմամբ ծննդալուծման՝ ամեն կերպ փորձելով խուսափել բնական ճանապարհով ծննդաբերելուց։ Այսպիսի կանայք այսօր իսկապես բավականին մեծ թիվ են կազմում։ Անձամբ ես իմ հսկողության տակ գտնվող հղիներին, որպես կանոն,  միշտ հորդորում եմ, որ հրաժարվեն այդ մտքից, քանի որ դա բժշկության մեջ լավագույն մեթոդը չէ։ Այս մեթոդին պետք  է դիմել միայն այն դեպքերում, երբ բացարձակապես չկա այլընտրանքային ճանապարհ: Կեսարյան հատումը համարվում է վիրահատություն, կատարվում է կտրվածք արգանդի ստորին սեգմենտում՝ խախտելով արգանդի ամբողջականությունը, առաջացնելով արգանդի պատին սպիական փոփոխություններ, և դա իր հերթին թելադրում է իր հետագա բարդությունները․ առաջին հերթին սպիի անլիարժեքություն, պտղաձվի իմպլանտացիա սպիի շրջանում, որն էլ կարող է հանգեցնել լուրջ բարդությունների: Այդ իսկ պատճառով հորդորս բոլոր հղիներին այն է, որ այսօր բժշկության մեջ ծննդալուծման շատ  արդիական և հարմարավետ բուժմոտեցումներ կան, օրինակ՝ էբիդուրալ անզգայացումը, որի դեպքում շատ հեշտ են ծննդաբերում ծննդաբերությունը ընդհանուր առմամբ սթրեսային չի լինում։ Ուրեմն՝ ի՞նչ իմաստ ունի դիմել վիրահատական մեթոդին և ընկնել դրա հետագա հնարավոր բարդությունների մեջ։ Չեմ զլանա կրկնել, որ կեսարյան հատման պետք է գնալ միմիայն բացարձակ ցուցումների պայմաններում։ Անգամ հետույքային առաջադրությունը մեր բուժկենտրոնում խրախուսվում է ծննդալուծել բնական ճանապարհով, բազմապտուղ հղիությունները նույնպես բնական ճանապարհով, եթե պտղի դիրքը կանոնավոր է։ Եվ նույնիսկ այսպիսի  դեպքերում մենք՝ բժիշկներս, խուսափում ենք  ծննդալուծումն իրականացնել կեսարյան հատումով։

-Հղիության արհեստական ընդհատում՝ նույնպես  տարածում գտած իրողություն մեզանում։ Այս մասի՞ն ինչ  կասեք:

-Արհեստական ընդհատումներ․  կրկին ցավոտ թեմա բժիշկներիս համար, սակայն, ցավոք սրտի, մեր պետությունը չի արգելում հղիության ընդհատումը մինչև տասնմեկ շաբաթականը, երբ դա տեղի է ունենում բացառապես կնոջ ցանկությամբ։ Եվ, իհարկե, մենք ունենք նաև բժշկական ցուցումով ընդհատումներ․ դրանք են չզարգացող հղիություննեըը, թերի վիժումները կամ արատով պտուղները: Ցավոք, սովորաբար կանայք շատ-շատ են դիմում արհեստական ընդհատման, և մեր բուժկենտրոնում կարգն այնպիսին է, որ մենք ամեն կերպ փորձում ենք ետ պահել կանանց այդ քայլից՝ նրանց տալով 3 օր ժամանակ՝ վերանայելու համար բոլոր հանգամանքները, և այդպիսով՝ հղիությունն ընդհատելու իրենց որոշումը, սակայն եթե կանայք շարունակում են մնալ  անդրդվելի, բնականաբար, համապատասխան բոլոր հետազոտություններն անցնելուց հետո, բնականաբար, իրականացվում է հղիության արհեստական ընդհատում: Իրականում ցանկացած ընդհատում՝ լինի դա արհեստական, թե դեղորայքային և թե ինքնաբեր վիժում, այն կարող է  օրգանիզմում տարատեսակ խնդիրների  առաջացման պատճառ դառնալ: Ինչքան էլ գրագետ կատարվի արհեստական ընդհատումը, միևնույն է, հնարավոր է լինի արգանդի լորձաթաղանթի վնասում, որն էլ իր հերթին կարող է հետագայում կրկին չհղիանալու պատճառ լինել, ինչպես նաև  կարող է գրանցվել դաշտանային ցիկլի խանգարում:

-Արտարգանդային հղիություն․ ի՞նչ պայմաններում է զարգանում այս դեպքոմ հղիությունը:

-Դա հիմնականում պայմանավորված է արգանդափողերի պաթոլոգիայով և առաջանում է վարակային գործընթացների հետևանքով: Կան վարակներ, որոնք առաջացնում են կպումային գործընթացներ, և առաջանում է արգանդափողերի մասնակի անանցանելիություն, բեղմնավորված ձվաբջիջը մնում է փողում։ Այդպես էլ կարող են գրանցվել խնդիրներ արգանդի խոռոչում, երբ բեղմնավորումը տեղի է ունենում արգանդափողի ամբուլյար հատվածում։ Բեղմնավորված զիգոտան պետք է ներթափանցի արգանդի խոռոչ։    Լինում է թավիկների շարժողականության իջեցում, կպումներ, և իմպլանտացիան լինում է և արգանդափողում:Այդ դեպքում էլ հղիության նշանները նույնն են, թեստը դրական է ցույց տալիս, լինում են դաշտանային ցիկլի ուշացում, սրտխառնոց։ Սովորաբար, խորիոբ գոնատոտրիպին (ԽԳ) քանակը նույնպես բարձր է լինում, բայց արգանդի խոռոչում պտղաձու, որպես այդպիսին, չի հայտնաբերվում: Պատկերում տեսնում ենք լայնացած արգանդափողերից մեկը, և  եթե ժամանակին կարողանում են դիմել բժշկի, հնարավոր է լինում կոնսերվատիվ եղանակով խուսափել արգանդափողի պատռումից և վիրահատությունից և ավարտին հասցնել արտարգանդային հղիությունը: Բայց նաև շատ են հանդիպում դեպքեր, երբ լինում է փողի պատռում, ներքին արյունահոսություն, և արդեն ծանր վիճակում  կանայք դիմում են բուժկենտրոններ: Նման դեպքերում արագ կերպով իրականացվում է վիրահատություն:

-Բժշկուհի, ըստ Ձեզ՝ բժշկությունը առաքելությո՞ւն է, թե՞ կոչում:

-Ըստ իս՝ և՛ այն է, և՛ այն։ Բժշկի առաքելությունն է տալ այն բոլոր հարցերի պատասխանները, որոնցով հիվանդը դիմում է իրեն, և դու՝ բժիշկդ, բուժառուիդ հետ պետք է անցնես այդ ճանապարհը պատվով ու սրտացավորեն, քանի որ նա քեզ վստահել է իր համար ամենաթանկագինը՝ առողջությունը։ Եվ ես իմ աշխատանքում  ելնում եմ այս հավատամքից՝ պահպանել հիվանդի վստահությունն ու հավատը՝ իմ աշխատանքը հիվանդի հետ կազմակերպում եմ այնպես, որ նա լիարժեքորեն տեղեկանա տվյալ պահի իր առողջական վիճակին, ինչպես նաև դրա հետ կապված իրեն հետաքրքրող բոլոր խնդիրներին, և ես իմ բուժառուի հետ պարտավոր եմ անցնել  այդ ամբողջ ճանապարհը և նրա հետ գրանցել մեր հաջողության արդյունքները: Մեր ամեն հաջողությամբ ես իրենց հետ հավասար ուրախանում եմ, օրինակ՝ երբ գրանցվում է հղիություն, կամ երբ բարդ հղիությունը լուծվում է հաջող ծննդալուծմամբ, և բնականաբար, տխրում իրենց հետ, երբ լինում են չզարգացող հղիություններ կամ վատ ելքով ծննդալուծումներ։

-Ըստ Ձեզ՝ հայ կինը որքանո՞վ է ուշադիր իր առողջության նկատմամբ:

-Հատկանշական է, նաև ուրախալի փաստ, որ հայ կանայք սկսել են բավականին հետևել իրենց առողջությանը։ Այնուամենայնիվ, դեռևս շարունակվում են գրանցվել այնպիսի դեպքեր, կինը մեզ երբ է դիմում առողջապես միանգամայն բարձիթողի վիճակում, երբ մենք անգամ անկարող ենք լինում օգնել: Այդ իսկ պատճառով իմ հորդորն է հայ կանանց՝ սիրեք և գնահատեք ձեր անձը,  գնահատեք ձեր մարմինը և առողջությունը և երջանիկ ապրեք: Կցանկանայի, որ մեր հայ կանայք լինեն ավելի ուշադիր, նախապես պլանավորեն իրենց ցանկացած հղիություն, երբեք հղիությունը պարտավորություն չհամարեն։ Կինը պետք է վայելի հղիությունը և այդ ընթացքում ժամանակին դիմի բժշկի, որպեսզի հետագայում չբախվի տարատեսակ անցանկալի խնդիրների: Մաղթում եմ, որ բոլորը լինեն առողջ, հաճախ դիմեն իրենց համար վստահելի մասնագետին, անցնեն պլանային զննումներ, հետազոտություններ, որպեսզի հիվանդությունները վաղ ախտորոշվեն և հիմնովին բուժվեն։ Իսկ կանանց առանձնահատուկ մաղթում եմ, որ լինեն գնահատված,  մայրանան  և վայելեն մայր լինելու աստվածատուր զգացողությունը։

Հիշե՛ք, ձեր առողջությունը Ձեր ապագա երեխայի առողջության գրավականն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր