Մերի Քալոյան Featured

(0 votes)

«Առողջությունից զատ, չկա ավելի կարևորագույն բան, այն մեր գլխավոր արժեքն է»

Բժշկի մասնագիտությունը սահմաններ չի ճանաչում, և այս մասնագիտությունն ընտրած մարդը համամարդկային սիրո  որդեգիրն է:
Մեր զրուցակիցն իր մասնագիտական ուղու լավագույն տարիները նվիրել է բժշկագիտությանը և, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մեծագույն պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն է կրում:  Բազմիցս անցել է վերապատրաստումներ` իր գիտելիքներն ու ունակությունները ներդնելով մանրէաբանության զարգացման գործում:
Ինչպես բժշկուհուն ճանաչողներն են վկայում, նա անսահման բարություն ու լավատեսությունն է սփռում իր շուրջը: Լինելով համարձակ և գիտակ մասնագետ` միևնույն ժամանակ բժշկուհին պահպանում է հայ կնոջը բնորոշ նուրբ ու փխրուն հատկությունները: Հայաստանում մանրէաբանության մեջ  ներդրած զգալի ավանդի համար բժշկուհին բարձր է գնահատվում և դեռ ավելին է գնահատվելու  ոչ միայն բժշկական հանրության, այլև իր բուժառուների կողմից:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Նաիրի>> բժշկական կենտրոնի  մանրէաբանական լաբորատորիայի վարիչ, պատասխանատու բժիշկ-մանրէաբան Մերի Քալոյանը, ով նվիրյալ բժշկի վարկանիշ է ձեռք բերել իր ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որով նա արդարացնում է իրեն դիմողների սպասումները։ Լինելով նորագույն բժշկության ու առաջադեմ լուծումների ջատագով` մշտապես աչքի է ընկել իր գործին նվիրումով և արդեն իր անջնջելի հետքն է թողել կենտրոնի գործունեության մեջ: Բժիշկ, որի  համար տարիների փորձը մեծ նշանակություն ունի, և այդ փորձառությունն է, որ նրան դարձնում է առավել ճանաչված ու վստահելի։

-Բժշկուհի, խոսեք Ձեր մասնագիտական ուղուց. ինչո՞ւ ընտրեցինք լաբորանտ-մանրէաբանի նեղ մասնագիտացումը, արդո՞ք ուղղորդողներ եղել են մասնագիտական ընտրության մեջ, կա՞ն արդոք ձեր արմատներում բժիշկներ։

-Իրականում իմ արմատներում չկան բժիշկներ, փոքր տարիքից երկմտում էի` բժիշկ, թե իրավաբան դառնամ: Բայց արդեն հասուն տարիքում որոշեցի, որ պետք է բժիշկ դառնամ։ Ուսանելով և ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանում անվճար հիմունքներով` բուժող բժշկի մասնագիտացմամբ, հետո կարող էի փոխել նեղ մասնագիտացման ուղղությունը, բայց արդեն ամուսնացած էի, ունեի երկու բալիկ, և որպեսզի կարողանամ իմ սիրած բնագավառում աշխատել, հասցնել համատեղել ամեն ինչ, և դառնալ արժանի մասնագետ, ինչու չէ նաև ընտանիքի լավ կին ու լավ մայր, ընտրեցի ինձ համար բավականին հետաքրքիր, իմ սրտին մոտ նեղ մասնագիտացում՝ մանրէաբանի մասնագիտությունը։ Հավատացեք, ինձ համար ուրիշ աշխարհ է սա, ես ապրում եմ իմ մասնագիտությամբ, ամեն մի միկրոբ հայտնաբերելիս բավականին խորը ուսումնասիրություններ եմ կատարում: Ի սկզբանե և մինչ օրս իմ մեջ մեծ պատրաստակամության զգացում կա` աշխատանքս գրագետ կազմակերպել  և տալ ճշգրիտ եզրակացություններ և գրագետ պատասխաններ: Չէ՞ որ շատ դեպքերում մեր ախտորոշումից են կախված բուժող բժշկի հետագա բուժմոտեցումները: Ինձ համար այդ տարիներին բավականին դժվար էր  փոքրիկներիս խնամքի հետ միաժամանակ աշխատել իմ սիրելի  մասնագիտությամբ, բայց եթե կրկին ինձ հնարավորություն ընձեռվեր մասնագիտության ընտրություն կատարել, միանշանակ ես կրկին կընտրեի բժշկության ոլորտը: Եթե ձգտող, պրպտող տեսակ ես, միշտ պետք է ինքնակրթվես: Եթե չաշխատես ինքդ քեզ վրա, կդոփես տեղում, և մի օր ամեն ինչ կավարտվի քեզ համար։ Պետք է սիրես մասնագիտությունդ լիարժեք  և կրես մեծ պատասխանատվության ընտրածդ աշխատանքի հանդեպ։

-Ի՞նչ է կլինիկական մանրէաբանությունը:

 -Կլինիկական մանրէաբանությունը կենսաբանական հեղուկներում մանրէների հայտնաբերումն է: Մանրէները կարող են լինել պաթոգեն և ոչ պաթոգեն։ Մանրէաբանի աշխատանքի կարևորությունն այն է, որ կարողանա հայտնաբերել ախտածին մանրէները:  Կան մանրէներ, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար, պետք է կարողանալ ճիշտ գնահատել ախտածին մանրէների առկայությունը, նույնականացումը և հակամանրէային անտիբիոտիկների նկատմամբ զգայունության որոշել, որն այսօր անչափ կարևոր է  բուժող բժիշկների համար: Երբեմն բժիշկները նշանակում են ուղեցույցներով հակաբակտերիալ զգայունություն, բայց իրականում պարզվում է, որ այդ հակաբիոտիկն ընդհանրապես չի ազդում այդ մանրէի վրա, և ընդհակառակը` կարող է ոչնչացել օգտակար մանրէն, ոչ թե` ախտածին մանրէն։  Նաև կան մանրէներ, որոնք  օրգանիզմում առկա վարակի դեպքում,  կարողանում են այդ պատնեշը հաղթահարել, օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, և առաջանում են վարակիչ հիվանդություններ։ Որոշակի պայմանական պաթոգեն միկրոբներ էլ,  որոշակի արտաքին ազդակի ազդեցության տակ նույնպես կարող են առաջացնել վարակիչ հիվանդություններ։ Եվ շատ կարևոր նախապայման է, որպեսզի մանրէաբանը իմանա, թե որ մանրէն ինչ արտաթույն է արտադրում: Եվ կան բակտերիաներ, օրինակ` դիֆտերիայի ժամանակ վերին շնչուղիներով վարակվում են, բայց ընդհանրապես այս հիվանդությունը առաջանում է իր արտադրած արտաթույնով, նյարդերն են վնասվում, սրտամկանը, մակերիկամները, այսինքն` մանրէաբանն անընդմեջ պետք է թիմային աշխատանք տանի բուժող բժիշկների հետ: Մենք մեր բժշկական կենտրոնում տանում ենք թիմային աշխատանք, որպեսզի հասկանանք` բուն խնդիրը որտեղ է  թաքնված, պարզենք կենսաբանական նմուշի ճշգրիտ նմանությունը առկա հիվանդության դեպքում, և ճշտենք անտիբիոտիկների զգայունությունը։ Անտիբիոտիկների հետ կապված հիմնական խնդիրները 50 տոկոս դեպքերում առաջանում են  անտիբիոտիկներով անիմաստ թերապիա  սկսելու հետևանքով: Դրա համար անչափ կարևոր է մանրէաբանական հետազոտությունը մինչև անտիբիոտիկներով բուժում սկսելը, որպեսզի ճշգրիտ կարողանանք ախտածին էթալոգիական նշանակություն ունեցող հարուցիչ հայտնաբերել, պարզել դրա ճիշտ նույնականացումը: Կարևոր է նաև տեսակի որոշումը, քանի որ  կան հարուցիչներ, որոնք արդեն գենետիկորեն կայուն են որոշակի անտիբիոտիկների նկատմամբ։ Եվ դրանց ոչ պատշաճ չարաշահումը արդեն կարող է բերել օրգանիզմում կայունության առաջացում:

-Տեղյակ ենք, որ մանրէաբանության ասոցիացիայի համահիմնադիր եք: Ըստ ձեզ` ի՞նչ են ասոցացիաները տալիս  բժիշկներին։

-Այո, մենք ունենք մանրէաբանական ասոցիացիա, այն վերջերս է ստեղծվել, և  այո, համահիմնադիրը ես եմ: Ասոցիացիան դեռ նոր է, և ես լիահույս եմ, որ այն լիովին կկատարի իր գործառույթը, որն էլ կօգնի մեզ` մանրէաբաներիս, ետ չմնալ ոլորտի  նորարարություններից, ասոցիացիայի բժիշկներին կտա լիարժեք փորձի փոխանակություն, առավել գրագետ աշխատելու և միջազգային նոր ուղեցույցներով բուժմոտեցում ցուցաբերելու հնարավորություն։

- Ընդունված ավանդույթ է, երբ երեխաները ընտրում են ծնողների ուղին: Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է։

-Անկեղծ կլինեմ, իրականում ես իմ երեխաներին երբեք մասնագիտության ընտրության հարցում չեմ ուղղորդել: Մեծ տղաս ինքն է ընտրել բժշկությունը, ինքն էլ ի սկզբանե ինձ պես տարակուսում էր` ընտրել իրավաբանության ոլորտը, թե՝ բժշկության, որն ըստ իս ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է: Ամուսինս մասնագիտությամբ իրավաբան է, բայց մեծ տղաս ընտրեց բժշկության ոլորտը, իսկ փոքր տղաս որոշել է իրավաբան դառնալ:  Հավատացեք, ես աշխատում եմ իրենց յուրաքանչյուր քայլերի մեջ իրենց կողքին լինել, հնարավորինս աջակցել:

-Արդյո՞ք հասցնում ենք Ձեր գերլարված աշխատանքի հետ վերապատրաստման դասընթացների մասնակցել։

-Անխտիր մասնակցում եմ բոլոր մասնագիտական  դասընթացներին, քանզի բժշկությունն այն ոլորտն է, որի նորարարությունների զարկերակի վրա պետք է միշտ լինես, այն օր օրի զարգացում է ապրում: Եթե մեկ օր հետ մնաս այդ զարկերակից, կդոփես տեղում։ Հատկապես մանրէաբանությունը մշտապես զարգացող գիտություն է:

- Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելությո՞ւն է, թե` կոչում։

-Իրականում պետք է սիրես աշխատանքդ, քանզի այն դառնում է քեզ համար  կենսակերպ: Բժշկությունը ինձ համար և՛ կոչում է, ինչու ոչ, նաև` առաքելություն։

-Ձեր ոգեշնչման աղբյուրը ով կամ ինչն է։

-Իմ ոգեշնչման աղբյուրը իմ աշխատանքն է, ամեն անգամ նոր և հազվադեպ մանրէ հայտնաբերելով` մեծ ոգեշնչում եմ ապրում, ճշգրիտ ախտորոշում տալով` կարողանում եմ ճիշտ ուղղորդել բուժող բժշկին, և իսկապես տեսնելով մեր թիմային աշխատանքի մեջ գրագետ և գոհացուցիչ արդյունք` ինձ լիրաժեք եմ զգում իմ մասնագիտության մեջ, դա էլ արդեն դառնում է իմ ոգեշնչման աղբյուրը։

-Մանրէաբանական հետազոտություն անցնելիս առաջ  ի՞նչ կանոններ պետք է պահպանել։

-Մանրէաբանական հետազոտություններ անցնելիս, կենսաբանական նյութի վերցման համար շատ կարևոր է անտիբոտիկներ չընդունելը մինչ հետազոտությունը, իսկ յուրաքանչյուր  կենսաբանական նյութի  հետազություններն ունեն իրենց ուղեցույցները:

- Որպես մեր զրույցի  վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։

-Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության, ամեն ինչ ոչինչ է: Չգիտեմ՝ որպես վերջաբա՞ն, հորդո՞ր կամ խնդրա՞նք գուցե, դիմում եմ մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Մեր հասարակությանը կհորդորեմ պահպանել առողջությունը, քանզի առողջությունից զատ, չկա ավելի կարևոր բան, այն մեր գլխավոր արժեքն է։ Ես լիահույս եմ, որ ամենամեծ սերը, որը մենք կարող ենք պարգևել մեր ընտանիքին և աշխարհին, դա մենք ենք առողջ վիճակում։ Միայն առողջ հասարակությունը, առողջ ազգն է ընդունակ բարձր նվաճումների։ Առողջ եղեք:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը    

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր