ՆՈՒՆԵ ՄԱԼԽԱՍՅԱՆ

(0 votes)

«Առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է»

Այսօր անհերքելի իրողություն են բժշկության ոլորտում իրականացված և իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդություններ հնարավոր է ոչ միայն բուժել, այլև կանխարգելել: Սակայն  բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի: Իսկ եթե մարդն առողջ չէ, նրան հասու չեն լինի կյանքի մյուս ոլորտները, կբացակայի նորը ստեղծելու, գեղեցիկն արարելու ձգտումը: Եվ յուրաքանչյուր բժիշկ կոչված է պայքարելու առողջությանը սպառնացող  ամեն մի չարիքի դեմ` պարգևելով  մարդուն առողջություն և կյանքով լեցուն առողջ հոգի:

Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտի տարածված հիվանդությունների և  բուժական մեթոդների, ընդհանրապես մասնագիտական գործունեության վերաբերյալ  http://bestgroup.am/ կայքին մանրամասներ է ներկայացնում  «Արաբկիր» բժշկական համալիրի քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի քիթ-կոկորդ-ականջաբան, իր գործի լավ գիտակ ՆՈՒՆԵ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված և վստահելի: Բավականին երկար  աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին դեռ մանկուց գիտեր, որ մարդկանց բուժելն իր առաքելությունն է լինելու: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, և որ դեպքում պետք է  կիրառել նոր մոտեցումներ: Ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը, և երբեք չի զղջացել: Առաջնորդվել է իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Երկար տարիների վաստակ ունեցող և մեծ հեղինակություն վայելող բժշկուհու համար հաջողության գաղտնիքը ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելն է: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում և վազք` ժամանակին համընթաց:

 -Բժշկուհի, քիթ-կոկորդ-ականջաբանության ո՞ր հիվանդությունների են այսօր երիտասարդացում ապրել։

-Գրեթե բոլոր ԼՕՌ հիվանդություններն երիտասարդացում են ապրել: Ես զբաղվում են վերին շնչուղիների ԼՕՌ օրգաններին վերաբերող բոլոր կոնսերվատիվ բուժումներով. վիրահատական տոնզիլոկտամիա, ադենոտամիա, քթի միջնապատի թեքվածության ուղղում, հիպերտրոֆիկ ռինիտ` թե՛ մեծահասակների, թե՛ փոքրիկների համար։ Մեր կլինիկայում միշտ նորարությունների զարկերակի վրա ենք` փորձելով դրանք ներդնել մեր բուժմոտեցումներում։ Հասցնում եմ նաև մշտապես մասնակցել վերապատրաստման դասընթացներին։

-Նշիկների հեռացման ի՞նչ ժամանակակից մեթոդներ կան։

- Ժամանակակից մեթոդների մեջ  կիրառելի են մի շարք նոր գործիքներ, որոնք  բացի այն, որ շերտազատում են նշիկները հյուսվածքից, նաև առաջացնում են այրվածքային շերտ և արյունատար անոթների կոագուլացիա: Օրինակ, հարմոնիկը հատուկ գործիք է, որի օգնությամբ կոագուլացիայով, առանց արյունահոսության, հեռացվում են նշիկները, ինչպես նաև կիրառելի են լազերով վիրահատությունները: Կոնկրետ մեր բժշկական կենտրոնում  վիրահատական միջամտություն կատարում ենք հարմոնիկ գործիքի օգնությամբ, որի դեպքում վիրահատության ընթացքը ավելի կարճատև է, առանց արյունահոսության։ Մենք հեռացնում ենք և՛ մասնակի, և՛ ամբողջական` ըստ տվյալ պահի, տվյալ պաթոլոգիայի ցուցումից։ Մասնակի հեռացվում է այն դեպքում, երբ որ նշիկները չափերով մեծ են, և խանգարում են քթային շնչառությունը։ Ամբողջովին հեռացվում է, երբ  օրգանը հիվանդ է, պաթոլոգիկ արտադրությամբ, թարախային խցաններով պատված, արդյունքում այն կարող է վտանգ հանդիսանալ թե՛ երիկամների, թե՛ սրտի, և թե՛ հոդերի համար։ Այդ դեպքում ցուցված է ամբողջությամբ հեռացնելը։

-Քնի ապնոե։ Կմանրամասնե՞ք:

-Քնի ապնոեն զարգանում է քթային շնչառության խանգարման դեպքում: Շատ հաճախ այն հանդիպում է նույնիսկ 1-2 տարեկան երեխաների մոտ: Այդ ժամանակ քթըմպանում լինում են շատ մեծ՝ 3-րդ աստիճանի ադենոիդներ, ինչպես նաև քմային նշիկներն են մեծացած լինում, և երկուսը միասին զարգացնում են քնի ապնոե, այսինքն` մի քանի վայրկյան քնած ժամանակ երեխան շունչը պահում է, և զարգանում է թթվածնային քաղց։ Այդ դեպքում 4 տարեկանից ցածր երեխաներն ուղղորդվում են քնի կենտրոն, որտեղ էլ կատարվում են հետազոտություններ` պարզելու  թթվածնային քաղցի չափը, թե այն որքանով է այն կյանքի համար վտանգ ներկայացնում: Հիվանդության առկայության դեպքում արդեն ցուցված է մինչև 4 տարեկան կատարել վիրահատությունը։

-Իսկ ի՞նչ է խռմփոցը, ինչի՞ հետևանք է այն։

-Խռմփոցը կրկին կարող է լինել ադենոիդների, նշիկների խնդրից, քթի միջնապատի թեքությունից, քթային դժվարաշնչությունից, բայց կարող է նաև կապված լինել այլ պաթոլագիաներից՝ փափուկ քիմքի, լեզվակի հետ կապված պաթոլագիաներ, կարող է լինել նաև կետրոնական ծագման։ Այդ խնդրի վիրահատական միջամտությունը փափուկ քիմքի և լեզվակի պլաստիկան է, ինչպես նաև քթային շնչառության վերականգնումը։

-Բերանով շնչառությունը ի՞նչ խնդրի կարող է հանգեցնել։

-Եթե քթային շնչառությունը բավարար չէ, սկսում են բերանով շնչել, այդ դեպքում ստանում է իրեն հասանելի թթվածնի 50 տոկոսը կամ ավելի քիչ։ Բերանային շնչառության ժամանակ շատ հաճախ զարգանում են տոնզիլիտներ, ֆարինգիտներ, ինֆեկցիան ավելի արագ է ներթափանցում օրգանիզմ, և արդյունքում վիրուսները կարող են ավելի արագ տարածվել օրգանիզմում։

-Ի՞նչ է ֆարինգիտը: Կմանրամասնե՞ք:

-Ֆարինգիտը ըմպանի հետին պատի բորբոքային հիվանդություն է, որը կարող է լինել սուր և քրոնիկ։ Սուր բորբոքման, վիրուսային ցանկացած հիվանդության դեպքում լինում է սուր տոնզիլիտ, որի հետ միաժամանակ կարող է զարգանալ սուր ֆարինգիտ, իսկ քրոնիկ ֆարինգիտները կարող են լինել ատրոֆիկ, հիպերտրոֆիկ, և կարող են զարգանալ ալերգիկ ֆոնի վրա։ Ատրոֆիկի ժամանակ բերանում լինում է չորության զգացում, սպազմ ունեցող անզուսպ խեղդող բնույթի հազ, իսկ հիպերտրոֆիկի ժամանակ լինում են լիֆոիդ կուտակումներ ըմպանի հետին պատին, այդ ժամանակ կպչուն լորձային արտադրությունն է շատ լինում ըմպանի հետին պատին, տհաճ զգացողություն, կրկին հազ փոշուց, հոտերից։ Քրոնիկ ֆարինգիտի դեպքում ուղղակի կարող ենք այդ սուր վիճակից հանել, բայց  լիարժեք բուժում այն չունի։ Կիրառվում են ավելի շատ յուղային սպրեյներ, այրոզոլներ են նշանակվում, հիպերտրոֆիկի դեպքում արծաթի պրեպարատներն  են արդյունավետ և ըմպանի հետին պատի արծաթով մշակումը։ Կան սպազմը հանգստացնող հաբեր, ավելի շատ կիրառելի են անանուխի տարբերակներով դեղամիջոցները։

-Ի՞նչ է օտիտը։

-Օտիտը դա միջին ականջի բորբոքումն է: Վերջին շրջանում բավականին մեծ տարածում ունեն օտիտներն իրենց բարդություններով:  Օտիտները հիմնականում երեխաների մոտ ի հայտ է գալիս սուր վարակների ժամանակ, քանզի երեխաների մոտ եվստախյան փողը կարճ է և լայն, և քթից անմիջապես ականջ արագ են հասնում լորձային արտադրությունը և ինֆեկցիան։ Չնայած լինում են նաև դեպքեր, երբ առաջնահերթ ականջն է ինֆեկցվում` որպես օրգանիզմում թույլ օղակ։ Հիմնականում լինում են սուր, միջին օտիտներ` երբեմն բարդացած մաստոիտիդով, և որպես բարդություն կա՛մ վիրահատական, կա՛մ կոնսերվատիվ բուժում է իրականացվում։

-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

- Մեզ մոտ օրդինատուրա են անցնում բավականին լավ երիտասարդ կադրեր, որոնք պրպտող են,  ձգտող, նպատակասլաց, ըստ իս` բոլորն էլ ավարտելուց հետո արդեն պատրաստի մասնագետներ են դառնում։ Խոստումնալից են, և շատ բան իրականում մեր ավագ սերնդից էլ է կախված, մենք պետք է իրենց գիտելիք տանք, որ պահանջենք։  Ես ցանկանում եմ և համոզված եմ, որ նրանց սպասվում է լավ ապագա:

-Դուք` որպես բժիշկ, ի՞նչ առաքելություն ունեք:

-Պետք է արդարացնես այն վստահությունը, որ կա բուժառուների կողմից, կարողանաս իրենց ճիշտ ձևով բացատրել ամեն ինչ հիվանդության, քո և բժշկության հնարավորությունների մասին, և իսկապես լինես ազնիվ հիվանդի նկատմամբ: Ամենակարևորը այն է, որ բժիշկը պետք է վերաբերվի հիվանդին այնպես, ինչպես իր հարազատին, մտերիմին, կամ ինչու չէ՝ ինքն իրեն: Իրականում կարևորը ազնվություն ու ճշմարտությունն է:

 - Որպես մեր զրույցի  վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

-Իրականում համացանցի ընձեռած  հնարավորությունները պետք են բուժառուին, նաև ցանկացած մարդու, որպեսզի նա ընդհանուր պատկերացում ստանա հիվանդության և բժշկության մասին, բայց  հավատացեք, համացանցում եղած ողջ ինֆորմացիան չի կարող փոխարինել բժշկին, որովհետև ցանկացած բժիշկ իր փորձն ունի իր ասպարեզում, և չի կարող պատահել՝ նա ինչ-որ ձևով ավել տեղեկություն  չտա այլ հնարավորությունների մասին: Եվ  հիմնվել միայն այդ ինֆորմացիայի վրա՝ ճիշտ չէ, պետք է անպայման դիմել մասնագետի: Մաղթում եմ, որ առողջ լինեն, քիչ դիմեն բժշկի, բայց դիմելու դեպքում էլ ստանան նորմալ խորհրդատվություն ու բուժօգնություն և  առողջացած հեռանան բժշկի մոտից։ Առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է: Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, որ տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ բժշկական հետազոտություն, քանի որ որքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը: Եղե՛ք առողջ:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր