«Վիոլետա» բժշկական կենտրոնի առաքելությունն է բարձրակարգ բժշկական օգնությամբ ապահովել մեր ազգաբնակչությանը
Այսօր մեր երկրում բժշկությունը զարգանում է համաշխարհային նորարարություններին համահունչ: Բարեբախտաբար, վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը և տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, և հնարավոր է ստանալ հետազոտությունների առավելագույն ճշգրիտ արդյունքներ և լավագույն ու նվիրյալ բժիշկների շնորհիվ բուժման գրագետ բուժմոտեցումներ:
Երբ կոչումն ու նվիրումը միաձույլ են դառնում, գրվում է ուրույն կենսագրություն, որն իր բարերար և նշանակալից հետքն է թողնում բժշկագիտության մեջ: Նրա շնորհիվ է տեղայնացվում միջազգային փորձը, և հարյուրավոր հիվանդներ գտնում են առողջացման ճանապարհը:
Մեր զրուցակիցն է «Վիոլետա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բուժական գծով փոխտնօրեն, «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխպատվաստման թիմի լյարդաբան-վարակաբան Սոնա Սարգսյանը: Երիտասարդ բժշկուհին աշխատում է մեծ նվիրումով` ցուցաբերելով վարպետություն ամենամարդասիրական գործում, եւ վայելում իր բուժառուների վստահությունն ու հարգանքը՝ այն համարելով իր գործունեության մեծագույն նվաճումն ու ամենաբարձր գնահատականը:
Մարդու, առավել եւս` բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, լինել նախաձեռնող, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
-Բժշկուհի, ինչո՞ւ ընտրեցիք բժշկի՝ անչափ բարդ ու պատասխանատու մասնագիտությունը, մասնավորապես՝ հենց լյարդաբանության ճյուղը:
-Ծնվելով և մեծանալով բժշկի ընտանիքում, մեր տանը մշտապես բժշկական մթնոլորտ է տիրել, ինչը որոշիչ դեր է խաղացել մասնագիտությանս ընտրության հարցում։ Մայրս նույնպես բժիշկ է, մասնագիտությամբ վարակաբան-լյարդաբան, այդ իսկ պատճառով լյարդաբանությունը դեռևս մանկուց բժշկագիտության ինձ հետաքրքրող ճյուղերից մեկն է եղել։ Լյարդաբանությունը ամենաարագ զարգացող ճյուղերից է ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում։
-Լյարդի ախտահարման հետևանքով ո՞ր հիվանդություններն են այսօր սպառնում աշխարհի մարդկությանը, և որո՞նց պարագայում է մահացությունը մեծ:
-Լյարդի ախտահարման պատճառները կարող են զանազան լինել, և պատճառից կախված` տարբերակում ենք լյարդի ախտահարմամբ մի շարք հիվանդություններ:
Դրանցից ամենատարածվածը վիրուսային հեպատիտներն են, հատկապես` B և C հեպատիտները, լյարդի ալկոհոլային հիվանդությունը, տոքսիկ հեպատիտները, լյարդի առաջնային ուռուցքը` հեպատոցելուլյար կարցինոման։ Իսկ վերջին ժամանակներս ամբողջ աշխարհում գլոբալ խնդիր է դարձել մետաբոլիկ ասոցացված լյարդի ճարպային հիվանդությունը, որը լյարդի հիվանդությունների առաջացման պատճառների մեջ առաջատար դիրք է զբաղեցնում։ Առհասարակ լյարդի հիվանդությունները պրակտիկ առողջապահության կարևորագույն խնդիրներից են` կապված լայն տարածվածության, ծանր ընթացքի և ոչ հազվադեպ նաև վատ ելքերի հետ։ Մահացությունը հատկապես բարձր է լյարդի ցիռոզի և նրա բարդությունների, ինչպես նաև հեպատոցելուլյար կարցինոմայի ժամանակ։
-Իսկ ինֆեկցիոն վիրուսների նախանշաններն ինչպիսի՞ն են, և սովորաբար հիվանդության ո՞ր փուլերում են ձեզ դիմում:
-Սովորաբար լյարդի ինֆեկցիոն ախտահարումները կապված են վիրուսային հեպատիտների հետ։ Սուր վիրուսային հեպատիտներն ընթանում են բնորոշ կլինիկական նշաններով՝ սրտխառնոց, փսխում, մաշկի, սկլերաների դեղնություն, մեզի գույնի մգացում, կղանքի անգունացում, երբեմն նաև քոր։ Սակայն վիրուսային հեպատիտներ B-ին և C-ին առավել հաճախ բնորոշ է քրոնիկական ընթացքը, որի ժամանակ գրեթե ոչ մի ախտանիշներ կամ գանգատներ բուժառուն երկար տարիներ կարող է չունենալ, և հաճախ հիվանդությունը հայտնաբերվում է պատահաբար և ցավոք, այն շրջանում, երբ առաջացել են կյանքին վտանգ սպառնացող բարդություններ` ինչպիսիք են լյարդի ցիռոզը և հեպատոցելուլյար կարցինոման։
-Կխնդրեինք մեր ընթերցողների համար տարբերակեիք լյարդի վիրուսային հեպատիտների տեսակները:
-Տարբերում են A, B, C, D, E և այլ տեսակի վիրուսային հեպատիտներ, և այդ շարքը հետզհետե մեծանում է։ Եթե A հեպատիտը սովորական դեղնախտն է` իր բնորոշ նշաններով, և սովորաբար հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների և քրոնիզացիայի, ապա B և C հեպատիտներին բնորոշ է քրոնիկական ընթացքը: Երկար տարիներ դրանք կարող են ընթանալ առանց ախտանշանների, և ժամանակին չախտորոշվելու և չբուժելու դեպքում բերում են լյարդի ցիռոզի և լյարդի առաջնային քաղցկեղի զարգացման։
-Որո՞նք են լյարդի ուռուցքների առաջացման պատճառները:
-Լյարդի ուռուցքների առաջացման պատճառներ կարող են լինել վիրուսային հեպատիտները, հատկապես` B-ն և C-ն, լյարդի ալկոհոլային ախտահարումը, լյարդի աուտոիմուն հիվանդությունները, և ցանկացած ծագման լյարդի ցիռոզ կարող է բերել հեպատոցելուլյար կարցինոմայի զարգացման։
-Որո՞նք են լյարդի ցիռոզի տեսակները։
-Լյարդի ցիռոզը լյարդի հյուսվածքի պնդացումն է ՝ խորացված ֆիբրոզը։ Տարբերում են լյարդի HBV, HCV ասոցացված, ալկոհոլային, աուտոիմուն ծագման, մետաբոլիկ ասոցացված լյարդի ցիռոզ և այլն։
-Իսկ ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել լյարդի ճարպակալումը, և ի՞նչ միջոցներ են պետք ձեռնարկել լյարդը միշտ առողջ պահելու համար:
-Լյարդի ճարպակալումը ուղեկցվում է ոչ միայն լյարդի ախտահարմամբ, այլ նաև այն բերում է սիրտ-անոթային և էնդոկրին խնդիրների, ինչպես նաև ճարպային հեպատոզով պացիենտների մոտ մեծանում է ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը: Այդ են վկայում կատարված բազմաթիվ կլինիկական փորձարկումների և հետազոտությունների արդյունքները։
-Ի՞նչ է իրենից ներկայացնում պորտալ հիպերտենզիան:
-Պորտալ հիպերտենզիան բնորոշվում է դռներակի համակարգում ճնշման բարձրացմամբ, որը բերում է պորտալ անոթներում, լյարդային անոթներում, ստորին սիներակում արյան շրջանառության խանգարման: Դրա կլինիկական դրսևորումներն են կերակրափողի վարիկոզ լայնացած անոթներից արյունահոսությունը, ասցիտը, սպլենոմեգալիան:
-Ո՞ր դեպքում է իրականացվում փոխպատվաստում:
-Փոխպատվաստումը ցուցված է լյարդի ախտահարման տերմինալ փուլում գտնվող բոլոր բուժառուներին` որպես բուժման ռադիկալ միջոց։ Այն ցուցված է լյարդի ցիռոզով, սուր կամ ֆուլմինանտ լյարդային անբավարարությամբ, ինչպես նաև լյարդի առաջնային քաղցկեղով բուժառուներին, աուտոիմուն ծագման ցիռոզի, լառաջնային բիլիար ցիռոզի, սկլորոզացնող խոլանգիտի, Վիլսոն Կնավալովի հիվանդության ժամանակ, պոլիկիստոզով բուժառուներին և մի շարք այլ պատճառներով լյարդի ախտահարման ժամանակ։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն կատարվել է թվով 8 լյարդի ազգակցական փոխպատվաստում։ Ինքս կանգնած եմ եղել այդ գործընթացի ակունքներում` լինելով լյարդի փոխպատվաստման թիմի վարակաբան-լյարդաբան։
-Ի՞նչ կասեք կիստաների մասին:
-Լյարդի կիստան բարորակ գոյացություն է, որը տեղակայվում է լյարդի ներսում կամ նրա մակերեսին: Հաճախ այն պատահաբար է հայտնաբերվում՝ այլ նպատակով իրականացված որովայնի ՈՒՁՀ-ի կամ ՀՇ-ի ժամանակ: Կիստան հեղուկով կամ դոնդողանման թանձր պարունակությամբ լցված և փափուկ հյուսվածքով պատված պարկ է: Չափերը տատանվում են մի քանի մմ-ից մինչև 20 սմ տրամագծի սահմաններում: Փոքր կիստաները, ինքնին, լուրջ վտանգ չեն ներկայացնում: Հնարավոր է բուժառուի ամբողջ կյանքում դրանք չանհանգստացնեն և չհայտնաբերվեն: Սակայն ժամանակին հայտնաբերումը խիստ կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս խուսափել կիստայի ոչ բարենպաստ ելքից և բարդություններից: Ժամանակին հայտնաբերման դեպքում հնարավոր է արդյունքի հասնել միայն դեղորայքային բուժմամբ, հակառակ դեպքում հարկ է լինում դիմել վիրահատության և կիստայի լիարժեք հեռացման: Տարբերակվում են կիստաների կեղծ և իրական տեսակներ:
-Իրական և կեղծ կիստաներ: Կմանրամասնե՞ք:
-Կիստաները կարող են ունենալ մի քանի խոռոչներ, տարբերակում ենք նաև պոլիկիստոզ տարբերակը և տարբեր հատվածներում կարող են զարգանալ մի քանի կիստաներ: Բնածին են և տարբերվում են էպիթելի ներսում առկա ծածկույթով: Իրենց հերթին իրական կիստաները՝ ըստ կիստայի մորֆոլոգիական առանձնահատկությունների, բաժանվում են մի քանի տեսակի` ռետենցիոն, հասարակ, դերմոիդ, բազմախոռոչային: Կեղծ կիստաները կարող են զարգանալ կյանքի ընթացքում: Պատճառներից են տարած վիրահատությունները, վնասվածքները, բորբոքումները, որոնց հետևանքով լյարդի հյուսվածքում փոփոխություններ են տեղի ունենում և նպաստում հեղուկային կիստայի առաջացմանը:Կիստաները կարող են ունենալ մի քանի խոռոչներ, որից ելնելով, տարբերում են միայնակ և բազմախոռոչային կիստաներ: Գոյություն ունի նաև պոլիկիստոզ տարբերակ, երբ լյարդի տարբեր հատվածներում զարգանում են մի քանի կիստաներ: Տարբերում են նաև պարազիտար (էխինակոկոզ) և ոչ պարազիտար կիստաներ: Հանդիպում են նաև ալվեոկոկային կիստաներ, որոնք առաջանում են կիստայի հելմինթներով ախտահարման արդյունքում, լյարդի բիլիար և խոլանգիոգեն կիստաներ: Լյարդի կիստաների կասկածի դեպքում իրականացվում են որովայնի ՄՌՏ և ՀՇ, որովայնի օրգանների ՈՒՁՀ։
-Տեղյակ ենք, որ գոյություն ունի «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիա»։ Ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին: -Հայաստանում երկար տարիներ է` ինչ գործում է Լյարդաբանների ասոցացիան, ինքս էլ հանդիսանում եմ ասոցիացիայի ակտիվ անդամներից մեկը և ոչ միայն հայկական ասոցիացիայի անդամ եմ, այլև եվրոպական, ասիական, ամերիկյան լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասոցիացիաների անդամ եմ, տպագրված հոդվածներով, թեզիսներով և զեկուցումներով հանդես եմ եկել բազմաթիվ կոնֆերանսներում և գիտաժողովներում։ Կարծում եմ, որ ասոցիացիաների դերը և նշանակությունը շատ կարևոր է թե՛ բժիշկների մասնագիտական որակը բարձրացնելու, և թե հանրությանը իրազեկելու առումով։ Լյարդաբանների ասոցիացիան ամենաակտիվ գործող ասոցիացիաներից մեկն է մեր երկրում։ Ասոցիացիաների կողմից կազմակերպվող կոնֆերանսները բժիշկներին մշտապես պահում է ինֆորմացված ոլորտի նորություններին, բուժման նոր մոտեցումներին` բարձրացնելով բժիշկների մասնագիտական որակը։ Ինձ բախտ է վիճակվել ուսանել, այնուհետև նաև աշխատել մեծանուն բժիշկների, վարակաբանների և լյարդաբանների հետ՝ Արա Ասոյանի, Վիգեն Ասոյանի, Հասմիկ Ղազինյանի, Նաիրա Գյուլազյանի, Գագիկ Հակոբյանի, լյարդի փոխպատվաստման թիմի ղեկավար՝ Հայրապետ Բարսեղյանի և Վիոլետա Սարգսյանի հետ, ով նաև մայրս է:
-Հասցնո՞ւմ եք մասնակցել վերապատրաստումների։
Գրեթե միշտ աշխատում եմ մասնակցել թե՛ մեր երկրում և թե՛ ԱՄՆ-ում, Եվրոպական ու Ասիական երկրներում կազմակերպվող միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին։ Եթե ծանրաբեռնվածությունից ելնելով չի հաջողվում ներկա գտնվել, ապա մասնակցում եմ առցանց հարթակով։ Առհասարակ սիրում եմ հանդես գալ զեկուցումներով տարբեր գիտաժողովներում եւ կոնֆերանսներում, լինել տեղեկացված ոլորտի նորություններին` միևնույն ժամանակ իրազեկելով նաև գործընկերներիս և հանրությանը։
-Բժշկուհի, լինելով երիտասարդ, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։
Առհասարակ աշխատասիրությունը և նպատակասլացությունը յուրաքանչյուր գործի հաջողության գրավականն է, սակայն բժշկության մեջ շատ կարևոր է նաև ուղղորդողի դերը՝ երիտասարդ բժիշկների կայացման, նրանց լիարժեք գիտելիքներով և հմտություններով զինելու համար։ «Վիոլետա» բժշկական կենտրոնը, որն ըստ էության Երևանի համար առաջին ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի իրավահաջորդն է, իր առաքելություններից մեկն է համարում երիտասարդ կադրերի պատրաստումը և նրանց մասնագիտական հմտություններով զինելը։ Հաճախ մեր կենտրոնը անվանում են երիտասարդ կադրերի պատրաստման դարբնոց։ Միաժամանակ հանդիսանալով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վարակային հիվանդությունների ամբիոնի բազա` երիտասարդ կադրերի պատրաստման գործընթացը սկսվում է դեռևս ուսանողական տարիներից։ Կենտրոնի շատ սաներ հետագայում առողջապահական համակարգում կարևոր գուրծունեություն են իրականացնում։
-Բժշկուհի, բազմիցս արժանացել ենք պատվոգրերի եւ մրցանակների։ Ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս նման մրցանակները բժիշկներին։
-Կարծում եմ, որ առաջին հերթին պարտավորվածության զգացում։ Յուրաքանչյուր բուժառուի ապաքինումն ու առողջացումն ինքնին պարգև է բժշկի համար, սակայն գնահատված լինելու զգացողությունը միշտ հաճելի է, իսկ մրցանակները և պարգևները մեզ ոգեշնչում են նոր հաջողությունների և ձեռքբերումների։
-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հանրությանը, մեր ընթերցողներին։
-Կմաղթեմ, որ մեր հանրությունը հոգ տանի իր առողջության մասին, իրենց բազմազբաղ առօրյայում ժամանակ հատկացնեն հետազոտություններին, հնարավորինս առողջ ապրելակերպ վարեն, օգտվեն վերականգնողական միջամտություններից, որոնք ուղղված են ոչ միայն հիվանդագին վիճակների վերացմանը, այլև կանխարգելմանը, ֆիզիկական ակտիվությամբ զբաղվեն, ինչը լյարդի հիվանդությունների և առհասարակ հիվանդությունների կանխարգելման և բուժման կարևորագույն նախապայման է։ Հիվանդությունների վաղ հայտնաբերման համար անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվել և ժամանակին պատվաստումներ ստանալ։ Ապրել առողջ և ժպիտով, չէ՞ որ ժպիտը նաև առողջության գրավականն է: