Սոնա Ջիլավյան

(0 votes)

Կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ

Այսօր անհերքելի իրողություն են ժամանակակից ճառագայթաբանության մեջ  իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդություններ, ճշգրիտ և գրագետ ախտորոշվելով,  ոչ միայն բուժվում են, այլեւ` կանխարգելվում:

Մեր զրուցակիցը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանն է, ով շատ լավ պատկերացնում է իր մասնագիտության բարդ, պատասխանատու լինելը և աշխատում մեծ սիրով ու նվիրումով: Բժշկուհին նաև լավ հոգեբան է և կարողանում է ստեղծել փոխադարձ կապ բուժառուների հետ, և ամենօրյա տքնաջան աշխատանքն իր դրական արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Իսկ ստացված աշխատանքն ու կայացած արդյունքները բժշկուհուն էլ ավելի մեծ եռանդ ու նոր ուժ են հաղորդում: Աշխատանքային դժվարությունների լավագույն գնահատականը  բուժառուների երախտագիտության շռայլ խոսքերն են, որոնք բժշկուհու համար թանկ են ու նվիրական:

-Բժշկուհի, մասնագիտության ընտրության հարցում, վստահ ենք, չեք երկմտել, քանզի տեղյակ ենք, որ ծնվել և մեծացել եք բժիշկների գերդաստանում։

-Այո, իրավացի եք, մասնագիտության ընտրության հարցում երբեք երկմտանքի առջև չեմ կանգնել, քանզի, ինչպես նշեցինք, ծնվել եմ բժիշկների գերդաստանում և դեռևս մանկուց հստակ գիտեի, որ իմ մասնագիտական ուղին լինելու է բժշկության բարդագույն և միաժամանակ շատ գեղեցիկ ու հետաքրքիր աշխարհը, և այլ մասնագիտությունների  ընտրություն չեմ էլ դիտարկել։ Ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո ճառագայթային ախտորոշման օրդինատուրան և այն ավարտելուց հետո անմիջապես անցել եմ աշխատանքի` որպես` բժիշկ ճառագայթաբան՝ կրծքագեղձերի ռադիոլոգ և սոնոգրաֆիստ։

-Ինչո՞ւ հենց նեղ մասնագիտացում ընտրեցինք ճառագայթաբանության ոլորտը։

- Ասեմ, որ ի սկզբանե ընտրել էի քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտը, բայց մի քանի ամիս աշխատելուց հետո հասկացա, որ այդ ոլորտում ես ինձ լիրաժեք չեմ զգում, այսպես ասած` իմը չէր, ընտրեցի արդեն իսկ ինձ սիրելի ոլորտը` ռադիոլոգիան, և մինչ օրս վստահ եմ իմ ընտրության մեջ և ոչ մի վայրկյան չեմ զղջացել, և եթե կրկին  ինձ հնարավորություն ընձեռվեր մասնագիտություն ընտրել, ապա առանց վարանելու,  կընտրեի  իմ սիրելի ռադիոլոգիայի ոլորտը։

-Բժշկուհի, բոլորն էլ իրենց կայանալու ճանապարհին ունենում են ուսուցիչներ։ Ձեր նեղ մասնագիտացման մեջ ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը։

-Միանշանակ`Հասմիկ Դավթյանին։ Իհարկե անցել եմ մի շարք վերապատրաստումներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում, բայց իրականում իմ նեղ մասնագիտացման մեջ ինձ «կերտել» է Հասմիկ Դավթյանը, որին զուգակցվել է նաև իմ աշխատասիրությունը: Երբեք չեմ  դոփել  տեղում և աշխատում եմ միշտապես լինել բժշկության նորարարությունների զարկերակին։

-Ըստ Ձեզ` ախտորոշման մեջ նոր տեխնոլոգիաները եկան փոխարինելո՞ւ, թե` լրացնելու։

-Միանշանակ` լրացնելու, իրականում որքան շատ լինեն ախտորոշման մեթոդները, այնքան  ախտորոշման ավելի ստույգ արդյունք կստանանք, այսինքն` տվյալ պարագայից ելնելով` կընտրենք` որ հետազոտման մեթոդը կլինի ավելի ինֆորմատիվ, քանզի  յուրաքանչյուր բուժառուի  հանդեպ անհատական մոտեցում է պահանջվում։ Եթե մեր ընտրած մեթոդը ինչ-որ տեղ, այսպես ասած, այդ պահին թերանա, դրան լրացնելու կգան մյուս մեթոդները։ Իրականում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ոսկե ստանարտը դեռևս համարվում է մամոգրաֆիան։

 -Ի՞նչ ասել է թվային մամոգրաֆիա։

-Թվային մամոգրաֆիան, և հատկապես 3D-ն, մեր ոլորտում ներգրավելուց հետո բեկումնային եղավ, քանզի այն մեզ` մասնագետներիս, հնարավորություն ընձեռեց հայտնաբերել գոյացությունները վաղ փուլերում և ավելի մանրակրկիտ հետազոտել կրծքագեղձերը: Անգամ փոքր գոյացությունները, որոնք նախկինում կարող էին տեսանելի չլինել, այսօր ուսումնասիրվում են և ստանում ճշգրիտ պատասխաններ։

-Արդյո՞ք մամոգրաֆիան ունի հակացուցումներ։

-Ցանկացած ախտորոշման մեթոդ ունի իր ցուցումներն ու  հակացուցումները, որոնք կարող են լինել բացարձակ կամ հարաբերական։ Բոլորս էլ գիտենք, որ մամոգրաֆիայի դիմում են արդեն 40 տարեկանի շեմը հաղթահարած բուժառուները կանխարգելման նկատառումներով, իսկ մինչ 40 տարեկանը կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն։ Բայց եթե ուլտրաձայնային հետազոտության արդյունքում նկատվում է որեւէ կասկածելի օջախ կամ գոյացություն,  ապա անկախ տարիքային շեմից, դիմում ենք մամոգրաֆիայի։ Քանի որ մամոգրաֆիան համարվում է ռենտգեն ախտորոշման մեթոդ, հակացուցումներ կարող եմ նշել հղիությունը, կրծքով կերակրման շրջանը։ Նշեմ, որ ներկայումս կրծքերի իմպլանտների կրման դեպքում մամոգրաֆիայով հետազոտման մեջ կան հատուկ ռեժիմներ, որոնք թույլ են տալիս նաև  իմպլանտներով կրծքագեղձերը հետազոտել։ Սակայն այստեղ մեզ կարող է օգնության գալ նաև ՄՌՏ հետազոտման մեթոդը, և իմպլանտների առկայության պարագայում որոշակի խոչընդոտների դեպքում ՄՌՏ-ն մեզ կօգնի ավելի ճշգրիտ պատկեր ստանալ։

-Տեղյակ ենք, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը համագործակցում է Առողջապահության նախարարության հետ։ Ի՞նչ ծրագրերի շրջանակներում է այդ համագործակցությունը։

-2021 թվականից Առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ներդրվել է  պիլոտային սքրինինգային ծրագիր, որի նպատակն է հետազոտել առողջ, գանգատներ չունեցող կանանց և հնարավորություն ընձեռել հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում։ Տվյալ ծրագիրը իր գործառույթն իրականացնում է դեռևս մարզերում, սակայն գնալով իր շրջանակներն ընդլայնում է, և նպատակ  կա, ու լիահույս ենք, որ այն առավել տարածուն բնույթ կկրի, և ամբողջ հանրապետությունը կընդգրկվի այդ սքրինինգային ծրագրի մեջ։ Կրծքագեղձն այն օրգանն է, որտեղ խնդիրը  կանխարգելիչ հետազոտություններով  կարող ենք հայտնաբերել դեռևս նախաքաղցկեղային փուլում։ Իրականում կան օրգան-համակարգեր, որոնք կարող են թաքնված  կրել ուռուցքը և դժվարություն ներկայացնեն հայտնաբերման առումով, բայց կրծքագեղձի քաղցկեղի նախաքաղցկեղային փուլերում հայտաբերման համար մենք ունենք ախտորոշման հրաշալի մեթոդներ: Ցավալին իրականում այն է, երբ  կրծքագեղձի քաղցկեղը ուշ փուլերում է հայտնաբերվում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ վաղ փուլերում հայտնաբերումը եթե ոչ 100, ապա 99 տոկոսով ապահովում է ապաքինում բարեհաջող ելքով։

-Բժշկուհի, մարզերում ի՞նչ պատկեր է։

-Սքրինինգային ծրագրի ներդրումից հետո կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ նախնական փուլերում կրծքագեձի քաղցկեղի հայտնաբերումը 1,2 անգամ ավելացավ`  համեմատ մինչ սքրինինգային ծրագրի ներդումը: Այսինքն` ծրագիրն իրեն լրջագույնս արդարացրեց։ Որքան էլ մենք հորդորենք, որ գոնե տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ հետազոտություններ, շատերը տարբեր պատճառներով չեն հետազոտվի: Սքրինինգային ծրագիրն անվճար է, և կանայք հնարավորություն ունեն  իրենց իսկ բնակավայրում հետազոտվել շարժական մամոգրաֆիկ սարքով։ Եվ երբ զրուցում ենք իրենց հետ, հասկանում ենք, որ իրենց մեջ կա չհիմնավորված վախ, որ միգուցե հետազոտման արդյունքում հայտնաբերվի ուռուցք:  Պետք է գիտակցել, որ ոչ բոլոր հայտնաբերված գոյացությունները են չարորակ: Իսկ  եթե կրծքագեղձում չարորակ ուռուցքն արդեն առկա, ապա այն մի օր իր գոյության մասին զգացնել է տալու։ Գանգատներն առաջանում են քաղցկեղի  արդեն ուշացած փուլերում։ Իրականում այս ծրագիրը վաղուց կիրառելի է ամբողջ աշխարհում, որն իրենից ենթադրում է մահացության թվերի կրճատում:  Բոլորը պետք է գիտակից մոտենան իրենց առողջությանը։ Հասկանան, որ եթե արդեն կրում են չարաբաստիկ գոյացությունը, երբեք մենակ չեն, իրենց աջակից են ընտանիքը, բժիշկներն ու  հոգեբանները։

-Արդյո՞ք ժառանգական նախատրամադրվածություն ունի քաղցկեղը:

-Ինչպես բոլոր քաղցկեղները, կրծքագեղձի քաղցկեղը նույնպես ունի ժառանգական նախատրամադրվածություն, բայց իրականում շատ պետք չէ կենտրոնանալ այդ ուղղվածությամբ, և այն շատ բարձր տոկոս չի կազմում` 10-12 տոկոս, բայց միևնույնն է, այն կանայք, ում ընտանիքում գենետիկորեն առկա է այդ խնդիրը,  պետք է  ավելի զգոն լինեն և պարտադիր վեց ամիսը մեկ հետազոտվեն։ Քաղցկեղի առաջացման բուն պատճառագիտությունը դեռևս մինչ օրս լիովին բացահայտված չէ։

-Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ բիոպսիան արագացնում է քաղցկեղի ընթացքը։ Բժշկուհի, իրականում դա մի՞ֆ է, թե՞ իրականություն։

-Իրականում դա թյուր կարծիք է, բիոպսիայից պետք չէ ընդհանրապես վախենալ, ընդհակառակը` գոյացության հայտնաբերման դեպքում պարտադիր պետք է կատարել բիոպսիան։ Միայն այդ հետազոտման մեթոդն է թույլ տալիս հյուսվածքաբանորեն ճիշտ ախտորոշում ստանալ և քաղցկեղի մոլեկուլային ենթատիպը որոշել և համակարգել բուժման հետագա ընթացքը:

-Իսկ չարորակ գոյացություն բացահայտվելուց հետո Դուք բուժառուին պարզ ասո՞ւմ եք, որ իր մոտ կասկածելի գոյացություն է հայտնաբերվել:

- Նախևառաջ կախված է, թե ում հետ գործ ունենք, հոգեբանորեն ինչ վիճակում է բուժառուն. կան բուժառուներ, որ գիտակից են մոտենում իրենց խնդրին, ցանկանում են տեղեկանալ, որպեսզի  բժշկի հետ հավասար անցնեն այդ ճանապարհը։ Բայց կան դեպքեր էլ, երբ բուժառուն շատ էմոցիոնալ է, աշխատում ենք հոգեբանորեն աջակցել նրան, աստիճանաբար բացատրել իրողությունը, ճիշտ ուղղորդել, որպեսզի հետագայում ավելի զգոն, գիտակից և հետևողական լինի և բարձիթողի չվերաբերվի կյանքին վտանգ սպառնացող իրավիճակին։

-Քաղցկեղը հայտնաբերվեց. վիրահատությո՞ւն, թե՞ քիմիոթերապիա։

-Կրկին կախված է մոլեկուլային ենթատիպից, բայց ինչքան քաղցկեղը ուշացած փուլերում է հայտնաբերվում, այնքան հավանականությունը մեծ է, որ քիմիոթերապիա կիրականացվի։ Երբեմն քիմիոթերապիան լինում է վիրահատություններից առաջ, օրինակ, երբ քաղցկեղը մեծ չափերի է լինում, քիմիոթերապիայի միջոցով փոքրացվում է,  և դեպքեր են լինում, երբ վիրահատությունից հետո, միևնույնն է, պետք է շարունակել քիմիոթերապիայի կուրսը։ Եթե հայտնաբերվի նախաքաղցկեղային փուլում, հնարավոր է, որ միայն վիրահատությամբ կարող ենք ունենալ ցանկալի բուժման ելք։

Տարին մեկ անգամ յուրաքանչյուր կին պետք է անցնի կանխարգելիչ բուժզննում, քանի որ ուշացած փուլերում բուժման արդյունավետությունը կարող է նվազել։

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն  ու հորդորը մեր հասարակությանը, մեր ընթերցողին:

-Որպես մաղթանք` կցանկանամ, որ մեր կանայք գնահատեն  իրենց առողջությունը։ Պետք է գիտակցեն, որ իրենք  ընտանիքի հենասյունն են։ Մեր կանայք միշտ սիրում են առաջին տեղում պահել երեխաներին և ամուսնուն, բայց չեն գիտակցում, որ իրենք նույնչափ կարևոր են ընտանիքի համար։ 21-րդ դարում քաղցկեղը բուժելի է, այն դատավճիռ չենք կարող համարել։ Արդի տեխնիկական հագեցվածությունը, տարատեսակ ախտորոշման մեթոդները և միջազգային ուղեցույցները տալիս են քաղցկեղի բուժման բավականին լավ արդյունքներ, մանավանդ` կրծքագեղձի քաղցկեղի դեպքում։ Կինը պետք է պատասխանատու լինի առաջինը ինքն իր հանդեպ, սիրի իրեն ու իր օրգանիզմը` գիտակցելով, որ իր առողջ լինելով`երջանիկ ու ամուր է իր ընտանիքը:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր