ԱՐՏԱՇԵՍ ԱԶՆԱՈՒՐՅԱՆ

(0 votes)

Ցանկալի արդյունք ստանալու համար շատ կարեւոր է, որ ի սկզբանե վստահություն լինի բժշկի եւ պացիենտի միջեւ

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Քիթ-կոկորդ-ականջաբանության` ԼՕՌ հիվանդությունները, ցավոք սրտի, բավականին մեծ տարածում ունեն Հայաստանում: Թույլ դիմադրողականությունը, նստակյաց կյանքը, գունանյութերով ու կոնսերվանտներով հարուստ սնունդը, հակաբիոտիկների չարաշահումը, ինչպես նաեւ հարբուխը, գրիպը եւ տարբեր վիրուսները կարող են նպաստել քթի, կոկորդի ու ականջի հիվանդությունների առաջացմանը: Շնչառական համակարգի տարաբնույթ հիվանդությունները եղանակային սահմանափակումներ չունեն: Ընդունված է համարել, որ քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններն ու ալերգիաները բնորոշ են փոփոխական եղանակներին: Միեւնույն ժամանակ, սինուսիտները, հայմորիտներն ու ռինիտները պատուհասում են՝ անկախ տարիքային ու սեռային սահմանափակումից: Արդյունքում առաջանում են բորբոքային վիճակներ, որոնք կարող են ուղեկցվել բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, ստիպել անլիարժեք ու հիվանդ զգալ: Մասնագետները հորդորում են երբեք անուշադրության չմատնել այս հիվանդությունը եւ կասկածի դեպքում դիմել մասնագետի: Քիթ-կոկորդ-ականջաբանություն. տարածված հիվանդություններ եւ բուժական մեթոդներ. Մասնագիտական գործունեությունից մանրամասներ է ներկայացնում Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ՔԿԱ հիվանդությունների ամբիոնի դասախոս, Հայաստանի ՔԿԱ բժիշկների ասոցացիայի անդամ, 2-րդ բուժմիավորում եւ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնների քիթ-կոկորդ-ականջաբան ԱՐՏԱՇԵՍ ԱԶՆԱՈՒՐՅԱՆԸ: Ազնաուրյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների երեք սերունդ: Այս գերդաստանի բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Արտաշես Վարդանի Ազնաուրյանից: Ազնաուրյան ազգանունը կրելը չափազանց մեծ պատասխանատվություն է, ուստի մեր զրուցակցի մեծ եւ նվիրական նպատակն է մշտապես կատարելագործել իր փորձն ու գիտելիքները՝ Ազնաուրյանների անունը միշտ իր բարձր դիրքերում պահելու, բժշկական տոհմիկ ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու նվիրական գործում:

- Պարոն Ազնաուրյան, բոլոր բժշկական կենտրոնների որդեգրած քաղաքականությունը եվրոպական առողջապահական չափանիշներին մոտենալն է: Ձեր կարծիքով որքանո՞վ է այսօր դա իրական եւ, առհասարակ, ի՞նչ գնահատական կտաք ՀՀ առողջապահության Ձեր ոլորտին:

- Իհարկե, դժվար է համեմատական կարգ տանել եվրոպական երկրներին հետ, քանի որ, ըստ իս, բավականին մեծ է տարբերությունը, չնայած ես կարող եմ միայն օրինակ բերել Ամերիկայի Միացյալ Նահագները, քանի որ այնտեղ եմ եղել: Բնականաբար, մեր երկրի զարգացվածությունը որոշ չափով զիջում է եվրոպական երկրներից: Առաջնահերթ եվրոպական երկրների առավելությունը տեխնիկայի մեջ է, երկրորդը` երեւի թե դեղորայքային, ինչպես նաեւ իրենց բուժքույրերի պատրաստվածությունն ավելի բարձր է: Իսկ եթե փորձենք համեմատվել արտերկրի բժիշկների հմտությունների հետ, ապա չէի ասի, որ մեր բժիշկները զիջում են նրանց իրենց գիտելիքներով եւ աշխատանքային հմտություններով:

- Բժիշկ, գործ ունենք երեք փոխհամակցված օրգան-համակարգերի հետ: Պացիենտը ինչպե՞ս հասկանա, թե որտեղ է տեղակայված խնդրահարույց օղակը:

- Հայաստանում ընդունված է, որ քիթ-կոկորդ-ականջաբանները ավելի շատ փորձում են <<նեղ>> մասնագիտանալ իրենց նախընտրած ուղղության մեջ, շատերն, օրինակ, ընտրում են պլաստիկան: Մեր բաժանմունքում դիմելիությունը ավելի շատ դժվարացած քթային շնչառության դեպքերով են լինում: Մեզ դիմում են նաեւ գոյացությունների, անգինաների, ականջի բորբոքումների եւ զանազան այլ-այլ խնդիրներով: Քթըմպանային նշիկի գերաճն առաջատար տեղ է զբաղեցում քթըմպանի ախտաբանության մեջ, որն անուղղակիորեն կապված է դիմածնոտային ապարատի ախտաբանության հետ: Ադենոիդներն ավելի հաճախ հանդիպում են մանկական հասակում, երբ դիմային գանգի ոսկրերը շարունակում են աճել` ձեռք բերելով մեծահասակին բնորոշ կոնֆիգուրացիա: Հետեւաբար, կարծր քիմքի եւ ատամների աննորմալ զարգացումը կանխելու համար քթային շնչառությունը պետք է լինի բավարար: Ադենոիդները կարող են դառնալ քթային շնչառության կայուն խանգարման, քթի եւ հարքթային ծոցերի լորձաթաղանթի կանգային պրոցեսների, ինչպես նաեւ կայուն ռինիտների եւ միջին ականջաբորբերի պատճառ: Հետագա բուժումը կատարվում է ըստ բարդության աստիճանի, որոնց պատճառները կարող են տարբեր լինել, միջնապատի ծռվածության դեպքում վիրահատական միջամտության է ենթարկվում: Քթային դժվարաշնչությունն ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից է, օրինակ, քթի միջնապատի թեքությունը, որը կարող է ի հայտ գալ տարիքային տարբեր փուլերում՝ հիմնականում վնասվածքների պատճառով, իսկ ֆիզիոլոգիական ծռվածությունը առաջանում է միջնապատի եւ նրան շրջակա ոսկրային հատվածի աճի անհամապատասխանելիության հետեւանքով: Քթի միջնապատը թեքվելով մեկ կամ երկու կողմից` նեղացնում է անցուղին եւ խանգարում նորմալ շնչառությանը: Արդյունքում պակասում է մարդու օրգանիզմ թափանցող թթվածնի քանակը, եւ տարիների ընթացքում զարգանում է քրոնիկ թթվածնային քաղց: Թթվածնային քաղցից տուժում է եւ՛ գլխուղեղը, եւ՛ սիրտը, եւ, ընդհանրապես, բոլոր օրգանները: Բացի միջնապատի թեքությունից, քթով դժվարաշնչության պատճառ կարող է լինել խեցիների հիպերտրոֆիան, հատկապես շատ է հանդիպում ստորին խեցիների հիպերտրոֆիա: Խեցիների հիպերտրոֆիան առաջանում է հաճախակի հարբուխներից, վարակային գործընթացներից, հատկապես, եթե ժամանակին չեն բուժվում կամ, առհասարակ, չեն բուժվում: Սա իր հերթին բերում է քրոնիկ դժվարաշնչության եւ ամբողջ օրգանիզմի թթվածնային քաղցի: Երբեմն այս երկու ախտաբանությունը` միջնապատի թեքությունն ու խեցիների հիպերտրոֆիան, զուգակցվում են: Դժվարաշնչության այլ պատճառներից են ախտաբանական գոյացությունները, օրինակ` պոլիպները: Ալերգիկ ֆոնի հետեւանքով առաջացող պոլիպների հետ կապված ուսումնասիրությունները պարզել են, որ դրանց ձեւավորմանը նպաստող գործոններից է օդափոխանակման գործընթացը: Ալերգիկ ռինիտները տարատեսակ ալերգենների՝ ծաղկափոշու, փողոցում առկա, նաեւ շինարարական աղբի ու կենցաղային փոշու հետեւանք են: Կարեւոր է ալերգիկ հիվանդության եւ սինուսիտների միջեւ եղած նուրբ սահմանը ժամանակին ճանաչելը: Հակառակ պարագայում սխալ բուժումը կարող է հանգեցնել դրա ձգձգման, կյանքի որակի վատացման, ինչպես նաեւ քրոնիկ ընթացքի ձեւավորման: Եթե հիպերտոֆիկ ռինիտ է, ապա կատարվում է խեցիների տարատեսակ վիրահատական միջամտություններ, որոնց դեպքում արգելվում է ամբողջովին հեռացում կատարելը. խոսքը ստորին խեցիների մասին է, քանի որ, երբ օդը չի կարողանում իր դինամիկ անցումը կատարել, հակառակ դեպքում, երբ այդ դինամիկան խախտվում է, ինչի արդյունքում դժվարանում է շնչառությունը` բավարար չի լինում: Քթային շնչառության դեպքում օդը խոնավանում, տաքանում է, նոր իջնում ստորին շնչուղիներ, որն ընթացքում վնասազերծվում է փոշուց եւ վնասակար մանրէներից: Երբ բերանով է կատարվում շնչառությունը, այդ դեպքում թթվածինը քիչ քանակությամբ է հասնում գլխուղեղ, որն իր հերթին առաջացնում է թուլություն, հոգնածություն, գլխացավեր, շատ անգամներ բերում ֆարինգիտների: Առկա են ֆարինգիտի դրսեւորման մի քանի տարատեսակներ` կատարալ, ատրոֆիկ, հիպերտրոֆիկ, ինչպես նաեւ խառը ձեւեր, որոնց դեպքում իրականացվում է դեղորայքային բուժում: Շատ անգամ մեզ դիմում են անգինաների տարբեր աստիճանների դեպքում, որը դասակարգվում է` կատարալ, ֆոլիկուլյար, լակունար, ֆիբրինոզ, ատրոֆիկ եւ ատիպիկ անգինաների տեսակներ: Ավելի հաճախ մեզ դիմում են եղանակային փոփոխությունների ժամանակ: Բուժումն իրականացվում է ըստ բարդության աստիճանի, ենթարկվում են կոնսերվատիվ բուժման, եթե արդեն խրոնիկ բնույթ է կոմպեսացված եւ դեկոմպեսացված տարբերակներով. եթե դեկոմպեսացված է, կատարվում է միայն վիրահատական միջամտությամբ, այսինքն, երբ նշիկները արդեն կորցնում են իրենց ֆունկցիան, որոնք իրականում կատարում են ֆիլտրի դեր, այդ ժամանակ պետք է հեռացվեն, քանի որ այդ թույնը սկսվում է օրգանիզմ անցնել արյան միջոցով, որն էլ իր հերթին կարող է բերել շատ բարդությունների. սրտի հետ կապված խնդիրների, հոդացավերի, հոգնածության, թուլության: Եթե խոսենք ականջի հետ կապված խնդիրների մասին, պետք է նշեմ, որ շատ դեպքերում մեզ դիմում են լողավազաններից օգտվելուց հետո եւ ծովից վերադառնալիս, շատ անգամ նաեւ հարբուխից հետո: Բուժումը հիմնականում իրականացվում է դեղորայքային բուժմամբ, բայց լինում են դեպքեր, երբ կարիք է լինում թմբկաթաղանթը հատել եւ գոյացած թարախային արտադրությունը հեռացնել:

- Բժշկի մասնագիտությունը ռիսկային եւ պատասխանատու գործ է, ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:

- Մանկուց մեծացել եմ բժիշկների ընտանիքում, պապիկս իր մեծ ավանդը ունի Հայաստանի Հանրապետության բժշկության մեջ եւ ոչ միայն Հայաստանի: Ես մանկուց որոշել էի դառնալ բժիշկ, հայրս էլ է քիթ-կոկորդ-ականջաբան, հորեղբայրս` կրկին բժիշկ է` նյարդաբան մասնագիտությամբ, աշխատում է բժշկական համալսարանում, տատիկս էլ է բժիշկ, նա էլ իր ներդրումն ունի մեր բժշկաշինության մեջ: Փոքր տարիքից արդեն իսկ կար իմ մեջ այս նվիրական գործի հանդեպ նախասիրություն: Ընտրել եմ քիթ-կոկորդ-ականջ նեղ մասնագիտական ճյուղը: Իհարկե, բժշկի մասնագիտությունը իր մեջ մեծ պատասխանատվություն է կրում, բայց բացի պատասխանատվությունից, բժիշկը պետք է մարդասեր լինի, որովհետեւ ամենօրյա մեր շփումը տարատեսակ մարդկանց հետ է, եւ դու պետք է յուրաքանչյուրին յուրովի մոտենաս: Մենք ընտրել ենք մի մասնագիտություն, որի դեպքում պետք է գիտակցենք, որ մեր ընտրած ճանապարհը դյուրին չի լինելու: Շատ անգամ ինձ հարց են տալիս, չե՞մ փոշմանել, որ ընտրել եմ այս մասնագիտությունը: Պետք է վստահորեն ասեմ, որ որպես մասնագիտություն, երբեք չեմ փոշմանել եւ երբեւէ չեմ էլ փոշմանի, բայց չեմ թաքցնի եւ չեմ թաքցրել, որ ավելի շատ կնախընտրեի դրսում ուսանել: Իհարկե, դրսում ուսանելը շատ դժվար է, բայց երբ լիարժեք անցնես դրսում ուսումը, այդիսկ պահից սկսած շատ ու շատ դռներ բաց կլինեն քո առջեւ: Ասեմ, որ ինձ մոտ եղել է ուսանելու տարիներին դրսում սովորելու տարբերակ, բայց ես նախընտրեցի Հայաստանում մնալ, սովորել, քանի որ ինձ համար օտարություն ասվածը, միեւնույնն է, մնում է օտարություն, ի վերջո, չեմ էլ փոշմանել իմ կատարած ընտրության մեջ, մնալով եւ <<արարելով>> մեր երկրում:

- Բժիշկ, տեղյակ ենք, որ դասախոսում եք նաեւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում: Շփվելով ուսանողների հետ` ի՞նչ մակարդակի վրա եք պատկերացնում մեր ապագա բժշկությունը:

- Հուրախությամբ կարող եմ ասել, որ մեր ուսանողությունը ցանկություն ունի սովորել. իմ փորձը այդ ոլորտում թերեւս մեկ տարուց ավելի է, բայց շփվելով նրանց հետ, կարող եմ վստահորեն ասել, ցանկություն ունեն հասնել ավելիին, կատարելագործվելու եւ հմտանալու իրենց ընտրած մասնագիտության մեջ, որն ինձ համար շատ գովելի փաստ է: Ցավալին միայն այն է, որ շատերը ցանկություն ունեն ուսումը շարունակել դրսում, որովհետեւ գտնում են, որ ավելի լավ է ավելի երկար տարիներ ուսանեն, շարունակեն դրսում, որ ապագայում ֆինանսապես ավելի կայացած լինեն:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

- Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի այնքան առողջ, որ մեզ դիմի միայն կանխարգելիչ բուժում անցնելու նպատակով: Ի դեպ, ցանկալի արդյունք ստանալու համար շատ կարեւոր է, որ ի սկզբանե վստահություն լինի բժշկի եւ պացիենտի միջեւ, ու ստեղծվի դրական միջավայր: Պետք է ուշադիր լինել յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ, կարեւորել ցանկացած մանրուք ու կարողանալ հոգեբանորեն ճիշտ ուղղորդել նրան: Սրանք կանոններ են, որոնց միշտ հետեւում եմ պացիենտի հետ շփումներում: Ի՞նչը կարող է առավել թանկ լինել առողջությունից: Երբ անհրաժեշտության դեպքում օգնում ես մարդուն՝ վերագտնելու այդ առողջությունը, դրանից ավելի գեղեցիկ ու հաճելի պահ բժշկի համար չկա եւ չի էլ լինի:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր