Վարդգես Կանայան

(0 votes)

<<Նաիրի>>  բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունն ունի այնպիսի հետազոտության հնարավորություն, որ չունեն մեր   հարեւան պետությունները

Էնդոսկոպիան ներքին օրգանների հետազոտության մեթոդ է, որի շնորհիվ ճիշտ ժամանակին, վաղ շրջանում հայտնաբերվում են  չարորակ եւ բարորակ գոյացությունները, երբ դեռ հնարավոր է, պահպանելով օրգանը, կատարել ոչ միայն վիրաբուժական, այլ նաեւ շատ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացում: Ընդ որում,  ապաքինման հավանականությունը զգալիորեն ավելի բարձր է, քան բարձիթողի վիճակի հետեւանքով բարդացած հիվանդությունների դեպքում:

<<Նաիրի>> բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի բաժանմունքը բազմապրոֆիլ է, այնտեղ իրականացվում են էնդոսկոպիկ ախտորոշիչ եւ բուժական միջամտություններ: Ներկայումս այն Հայաստանի՝ ամենաժամանակակից սարքավորումներով համալրված խոշորագույն էնդոսկոպիկ բաժանմունքներից է, որտեղ աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ: Բացի ախտորոշիչ գործողություններից, բաժանմունքում իրականացվում է անհետաձգելի եւ պլանային էնդոսկոպիկ վիրահատությունների ամբողջ ցանկը՝ պոլիպէկտոմիայից մինչեւ լեղածորանի եւ ենթաստամոքսային գեղձի ծորանի էնդոսկոպիկ վիրահատություններ: Քիչ ինվազիվ վիրահատությունները հնարավորություն են տալիս զգալիորեն կրճատել հոսպիտալացման ժամկետները եւ առավելագույնս կրճատել վերականգնողական շրջանը՝ ավանդական վիրահատությունների համեմատ:

Մեր զրուցակիցը  <<Նաիրի>> բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ ախտորոշման բաժանմունքի ղեկավար, բժշիկ-էնդոսկոպիստ ՎԱՐԴԳԵՍ ԿԱՆԱՅԱՆՆ է:

Մարդու, առավել եւս, բժշկի համար մասնագիտությունը առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, լինել նախաձեռնող, խոհեմ, պատասխանատու ե՛ւ արածների, ե՛ւ չարածների համար:

-Պարո՛ն Կանայան, որո՞նք են Ձեր ղեկավարած բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները։

-Քանի որ մեր բաժանմունքը կոչվում է էնդոսկոպիայի բաժանմունք, բնական է, այնտեղ հիմնականում կատարվում են  աղեստամոքսային տրակտի, թոքերի էնդոսկոպիկ հետազոտություններ: Հիմնական աշխատանքն իրականացվում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Կատարվում են թե՛ դիագնոստիկ բուժիչ հետազոտություններ, թե՛ վիրահատական միջամտություններ:

Աղեստամոքսային տրակտի համար կիրառվում է գոգաստրոդուոդենոսկոպիա հետազոտությունը, որն իրականացվում է կերակրափողի, ստամոքսի եւ տասներկումատնյա աղու լորձաթաղանթի մանրակրկիտ հետազոտության նպատակով՝ այդ օրգանների ուռուցքի կամ արյունահոսության, ստամոքսի  կամ տասներկումատնյա աղու խոցային հիվանդության կասկածի, ինչպես նաեւ գաստրիտների, դուոդենիտների, էզոֆագիտների դեպքերում: Գաստրոսկոպիան նշանակվում է նաեւ որպես լրացուցիչ հետազոտություն այլ հիվանդությունների ախտորոշման հաստատման նպատակով:

Կոլոնոսկոպիան իրականացվում է հաստ աղու, ներառյալ՝ ուղիղ եւ սիգմայաձեւ աղիների, խթաղու, կույր աղու, ինչպես նաեւ զստաղու վերջնահատվածի լորձաթաղանթի զննման եւ մանրամասն հետազոտության նպատակով՝ այդ օրգանների ուռուցքի կամ արյունահոսության կասկածի դեպքում: Կատարվում է նաեւ կոլիտների, ոչ սպեցիֆիկ բորբոքային հիվանդությունների կոլոնոսկոպիա, որով հետազոտվում է հաստ աղիքը: Կիրառվում է նաեւ առանձին բուն հետազոտություն` դոդենոսկոպիա, երբ հետազոտվում են տասներկումատնյա աղու ստորին հատվածները՝ կապված կոնկրետ լեղուղիների հիվանդությունների հետ: Հետազոտությունը իրականացվում է էնդոսկոպի օգնությամբ, որի մի ծայրին ամրացված  է օբյեկտիվ, ինչը թույլ է տալիս տեսնել հետազոտվող օրգանի պատկերը, իսկ մյուս ծայրին՝ տեսախցիկ, որը փոխանցում է պատկերը աղեստամոքսային տրակտի հետազոտվող տարբեր շրջաններից: Մասնագետը սարքի օգնությամբ կարողանում  է հայտնաբերել պաթոլոգիան զարգացման ամենավաղ շրջանում եւ ժամանակին նշանակում է անհրաժեշտ բուժումը: Ախտորոշիչ նպատակից զատ՝ կոլոնոսկոպի միջոցով հաջողությամբ հեռացնում են պոլիպներ եւ մարսողական ուղու որոշ այլ ուռուցքներ, օտար մարմիններ, դադարեցնում են աղիքային արյունահոսություն, լայնացնում մարսողական ուղու նեղացումներ (ստրիկտուրաներ): Այս միջամտությունները հնարավորություն են տալիս խուսափել որովայնի խոռոչի օրգանների ծավալուն վիրահատություններից: Ստացված արդյունքներով պայմանավորված՝ հնարավոր է հետազոտության ընթացքում իրականացնել որոշ գործողություններ, օրինակ, ախտաբանորեն նեղացած լեղածորանների էնդոսկոպիկ լայնացում (ստենտավորում):

- Էնդոսկոպիայի մեջ կա՞ն արդյոք հակացուցումներ եւ հետվիրահատական բարդություններ:

-Ինչպես ցանկացսծ այլ, այնպես էլ էնդոսկոպիկ վիրահատության դեպքում  գոյություն ունեն հակացուցումներ: Իհարկե, ժամանակակից էնդոսկոպիան այսօր հասել է նրան, որ հակացուցումները, նաեւ հետվիրահատական բարդությունները շատ քիչ տոկոս են կազմում: Այսօր, փաստորեն, կարելի է ասել՝ բացակայում են էնդոսկոպիա անցկացնելու հակացուցումները: Հետազոտությունները երկարատեւ չեն, սակայն հարկ է հաշվի առնել, որ յուրաքանչյուր պրոցեդուրայի տեւողությունը անհատական է, կախված է մի շարք գործոններից: Անշուշտ, այսպիսի միջամտությունները պետք է կատարվեն՝ հաշվի առնելով ժամանակակից   տեխնիկական սարքավորումներով հագեցվածությունը, անեստեզիոլոգիական ծառայության բարձր պրոֆեսիոնալիզմը եւ հիվանդի հետվիրահատական մանրակրկիտ զննումը: Չափազանց կարեւոր է նշել այն փաստը, որ անցկացվող նման վիրահատություններից հետո վերականգնումը եւ սովորական կյանքի ռիթմին վերադառնալը ընթանում է ավելի արագ՝ առանց ազդելու կյանքի որակի վրա:

-Բժի՛շկ, ըստ Ձեզ,  այսօր էնդոսկոպիան համաչափ քայլո՞ւմ է եվրոպական չափանիշների հետ:

-Այո՛, ուրախությամբ պետք է նշեմ, որ էնդոսկոպիան վերջին 10-15 տարիների ընթացքում բավականին զարգացել է: Այսօր ունենք էնդոսկոպիկ վիրահատություններ, որոնք լիովին փոխարինելու են եկել բաց վիրահատություններին: Չեմ կարող ասել՝ գնային քաղաքականությամբ դա ավելի մատչելի է, թե ոչ, քանի որ, ինչքան տեխնիկան համալրվում է, այնքան ծախսն է շատանում: Բայց դա միանշանակ դրական է անդրադառնում մարդկության առողջության վրա:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը։

-Մեր էնդոսկոպիայի բաժանմունքի անձնակազմը պրոֆեսիոնալ է, աշխատում ենք թիմային, համախմբված, մեծ նվիրումով, որպես մեկ մեքենա, ինչի արդյունքում ունենք մեծ նվաճումներ մեր ասպարեզում: Եվ հենց դա էլ իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում:

-Տեխնիկապես զարգացա՞ծ է Ձեր բաժանմունքը:

-Զարգացած է այնքանով, որքանով որ դա հնարավոր է զարգացնել մեր տարածաշրջանում: Մենք ունենք ամենաանհրաժեշտը, որով կարող ենք իրականացնել մեր գործառույթները: Մեր բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, եւ բոլոր այն վիրահատությունները, որոնք իրականացվում են աշխարհով մեկ, կատարվում են նաեւ մեզ մոտ, մի խոսքով՝ չենք զիջում եվրոպական չափանիշներին:

 

-Իսկ սփյուռքից դիմո՞ւմ են Ձեր բաժանմունք:

-Այո: Մեզ դիմում են հիմնականում Ռուսաստանի Դաշնության Կրոսնոդար քաղաքի (այնտեղ շատ մեծ է հայ համայնքը), ինչպես նաեւ Վրաստանի տարբեր քաղաքներից: Մեր բժշկական կենտրոնում կատարում ենք հետազոտություն, որը միայն մեզ մոտ է կիրառվում: Դա վիդեոկապսուլային էնդոսկոպիան է, որը թույլ է տալիս ախտորոշել մի շարք բարակ աղիքային հիվանդություններ: Վիդեոկապսուլային էնդոսկոպիան իրենից ներկայացնում է մոտավորապես դեղահաբի չափսի փոքր պարկուճ, որը հիվանդը դեղահաբի պես կուլ է տալիս, եւ հիվանդի գոտկատեղում տեղադրված հատուկ սարքի միջոցով այն հնարավորություն է տալիս բարակ աղիքային հիվանդությունները վերարտադրել նկարի տեսքով: Հետազոտության տեւողությունը 12-15 ժամ է, պացիենտը չի կտրվում իր առօրյա կյանքից, եւ արդեն հաջորդ օրը ունենում ենք բավականին ստույգ պատասխան բարակ աղիքի մասին: Միշտ եղել է կարծիք, որ բարակ աղիքն այն օրգանն է, որտեղ չեն կարող լինել լուրջ հիվանդություններ, սակայն վիդեոկապսուլային էնդոսկոպիայի ի հայտ գալուց հետո պարզվեց, որ իրականում այնտեղ շատ հիվանդություններ կան, որոնց մասին նախկինում նույնիսկ պատկերացում չէինք կարող կազմել: <<Նաիրի>>  բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունն ունի այնպիսի հետազոտության հնարավորություն, որ չունեն մեր   հարեւան պետությունները: Մեր բժշկական կենտրոնն ունի մասնաճյուղ նաեւ ՌԴ Սոչի քաղաքում, որտեղ նույնպես կա վերոնշյալ սարքը: Մասնաճյուղի հետ մշտապես համագործակցում ենք, ունենք մեթոդիկա, որը տարածաշրջանում միայն մենք ենք իրականացվում:

- <Հուսո աստղ-2017>> ազգային մրցանակաբաշխության ժամանակ հաղթող ճանաչվեցիք «Տարվա լավագույն էնդոսկոպիկ վիրաբույժ» անվանակարգում: Ի՞նչ տվեց այդ մրցանակը Ձեզ:

-Այդ մրցանակն անչափ պարտավորեցնող է: Մարդիկ մինչ այդ էլ ինձ գիտեին. ճանաչում ունեի, բայց դրանից հետո, կարծում եմ, մոտեցումները որոշակիորեն փոխվեցին: Երբ այսօր շատ տեղերում բանավեճեր, քննարկումներ են լինում, կասկածելի հարցեր են ծագում,  դիմում են, իմ կարծիքն են հարցնում: Իսկ իմ կյանքում, մեծ հաշվով, ոչինչ չփոխեց, որովհետեւ իմ արմատները բժիշկների ընտանիքից են, եւ, բժիշկ դառնալով, ես հասկացել եմ, որ կարեւորը մրցանակներ  ունենալը չէ, կարեւորն այն է, որ հիվանդներդ քեզ վստահում են: Դա ինձ անչափ պարտավորեցնում է եւ իմ ամենամեծ ձեռքբերումն է:

 

-Ի՞նչ կմաղթեքը մեր ընթերցողներին։

-Կցանկանայի, որ հիվանդների թիվը շատ քիչ լիներ, եւ մեզ դիմեն միայն կանխարգելիչ նպատակով, ցանկացած փոքր գանգատի դեպքում: Եվ ուրախալի է, որ ապահովագրական առողջապահության շնորհիվ կանխարգելիչ բժշկությունը որոշ չափով զարգացում է ապրել: Կցանկանամ, որ մեր բաժանմունքը մեծանա թե՛ տեխնիկապես, թե՛ կադրերի առումով: Մենք ապրում ենք փոքրիկ ընտանիքի նման, օրվա 70 տոկոսն այստեղ ենք անցկացնում, նույնիսկ լինում են օրեր, երբ 24 ժամ ենք աշխատում:

Լինելով էնդոսկոպիայի ասոցիացիայի անդամ՝ փորձում ենք երիտասարդ կադրերին ուսուցանել, ուղղություն ցույց տալ: Ասեմ, որ վերջին 7-10 տարիների ընթացքում էնդոսկոպիան համարվել է այն մասնագիտությունը, որով քիչ էր հետաքրքրված ուսանողությունը, բայց այսօր պատկերը լիովին փոխվել է: Կցանկանամ, որ մեր նոր կառավարությունն ուշադրությունն ավելի սեւեռի բժշկության բնագավառին: Հուսամ, որ փոփոխություններ կլինեն նաեւ բժշկության մեջ, այսինքն՝ ուսումնական մասով ավելի շատ ներդրումներ կլինեն, ինչը մեր երիտասարդներին հնարավորություն կտա ավելի շատ վերապատրաստումների մասնակցել, որպեսզի ապագայում ունենանք էլ ավելի հզոր կադրեր: Կցանկանամ, որ մարդիկ հարստացնեն իրենց ներաշխարհը դրական հույզերով, զերծ մնան վնասակար սովորություններից։ Ապրեք առողջ, երջանիկ եղեք։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր