Արմինե Մարտիրոսյան

(0 votes)

 

Մեր կլինիկան տարբեր ճանապարհներ է փնտրում, որպեսզի մեր բաժանմունքը թե՛ տեխնիկապես, թե՛ բժիշկների վերապատրաստման հարցում լինի առաջատար

 

Մարդու համար լսողությունը, անկախ տարիքից, անչափ կարեւոր է, եւ այդ խնդրով տառապողներին իրենց առօրյա կյանքի որակը վերադարձնելու համար այսօր փնտրվում են տարբեր ճանապարհներ: Իհարկե, վատ լսողությունը չի կարող մարդուն սպանել, բայց այն կարող է բացասաբար անդրադառնալ նրա կյանքի որակի վրա, խանգարել նրան հասարակության մեջ ինտեգրվելու հարցում:

Մեր երկրում նույնպես բավականին մեծ թիվ են կազմում ծանրալսությամբ տառապող մարդիկ, եւ ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ լսողական սարք ձեռք բերել: Այդ խնդրի լուծման համար տարբեր ճանապարհներ է փնտրում <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքը: Բաժանմունք, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ինչի շնորհիվ կիրառվում են ախտորոշման եւ բուժման նորագույն մեթոդներ, եւ որտեղ բժիշկների գիտելիքներն անընդհատ նորացվում են: Հավելենք, որ կլինիկան մշտապես համագործակցում է Եվրոպայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի առաջատար կլինիկաների հետ, որի շնորհիվ ներդրված է վիրահատական միջամտությունների լայն սպեկտր: Եվ այդ ամենը հնարավորություն է տալիս բուժել լսողական ու վեստիբուլյար անալիզատորի գրեթե բոլոր ախտաբանությունները,  ինչպես նաե քիթ-կոկորդ-ականջի ոլորտում հանդիպող բազմաթիվ հիվանդությունները:  Բաժանմունքի բուժանձնակազմը մշտապես կատարելագործվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում, համատեղ իրականացվում են մի շարք գիտահետազոտական ծրագրեր:

 http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքի ԼՕՌ-բժիշկ, աուդիոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու,  դոցենտ ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ,  որը, լինելով բավականին համակրելի, երիտասարդ կին, արդեն լավ մասնագետի համբավ է ձեռք է բերել, մեծ վստահություն ու ճանաչում ականջաբանության ոլորտում:

-Տիկի՛ն Մարտիրոսյան, կխնդրենք խոսել քիթ-կոկորդ-ականջաբանության ասպարեզում գերակա, արդի խնդիրների մասին:

-Նախ ասեմ, որ քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդությունները բավականին լայն տարածում ունեն, քանի որ ընդգրկում են երեք փոխհամակցված օրգան-համակարգեր: Խնդիրներն այս ոլորտում շատ են, եւ մենք փորձում ենք լուծել դրանք միջազգային չափանիշներին համապատասխան: Մասնակցում եմ տարբեր երկրներում կազմակերպված  գիտաժողովներին եւ վերապատրաստումներին,  շփվել եմ այնտեղի մասնագետների հետ եւ համոզվել, որ մեր երկրի տվյալ ոլորտն այնքան էլ չի զիջում միջազգային չափանիշներին: Չնայած այդ ամենին՝ պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ որոշ հարցերում մեր ոլորտն ունի թերացումներ, որոնց շտկման համար ժամանակ, միջոցներ են անհրաժեշտ:

-Ձեր բաժանմունք ի՞նչ խնդիրներով են ավելի շատ դիմում:

-Ես հիմնականում զբաղվում եմ լսողության վերականգնման խնդիրներով եւ պետք է նշեմ, որ բավականին մեծ թվով հիվանդներ են մեզ դիմում: Ուզում եմ ընդգծել, որ մեզ մոտ լայնածավալ ախտորոշիչ հետազոտություններ են իրականացվում, որի շնորհիվ կարողանում ենք ճիշտ ախտորոշել հիվանդությունը, եւ ըստ դրա  որոշել մեր հետագա անելիքները,  վերականգնողական աշխատանքների ծավալը: Օրինակ` մեզ մոտ արդեն հարյուրից ավելի խլությամբ տառապող հիվանդներ են վիրահատվել, եւ ուրախությամբ ուզում եմ նշել, որ արդյունքները բավականին հուսադրող են ու համապատասխանում են նորմայի չափանիշներին:

-Ձեր բաժանմունքն ապահովվա՞ծ է համապատասխան նյութատեխնիկական բազայով:

- Բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը տարբեր ճանապարհներ է փնտրում, որպեսզի մեր բաժանմունքը թե՛ տեխնիկապես, թե՛ որակապես եւ գիտական առումով  ոչ մի նման հաստատության չզիջի, ավելին՝ լինի լավագույնը: Եվ հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ այսօր մեզ մոտ դիմելիությունը բավականին շատ է, իսկ հիվանդներն էլ առողջանում են ու գոհ հեռանում: Իսկ նման լավ աշխատանքը պայմանավորված է ե՛ւ ժամանակակից տեխնիկայով, ե՛ւ գիտելիքներով ու մարդկային արժեքներով: Պարոն Շուքուրյանը մեզ համար ստեղծել է ամեն հնարավոր պայմանները ու նաեւ ուղղորդել, թե ինչպես պետք է այդ ամենը կարգավորել: Մեր տնօրինությունը  լսողության խնդրի հետ կապված մեծ ջանքեր է գործադրել եւ գործադրում  կենտրոնում մեծ ներդրումներ կատարելու եւ  այս ոլորտը զարգացնելու համար: 2004 թվականից ամերիկյան մասնագետների, UCLA համալսարանի հետ համագործակցության շնորհիվ` օտովիրաբույժ Ակիրա Իշիյամայի, ինչպես նաեւ Սալբի Ագարակյանի (Salpy Agarakian) գլխավորած AIMF հիմնադրամի մասնակցությամբ մարդկանց լսողությունը վերականգնելու հարցում առաջին անգամ Հայաստանում ներդրեցինք կոխլեար ներպատվաստման ծրագիրը: Այդ ծրագիրը համատեղ իրականացվեց պրոֆեսորներ Հ.Մ. Քուշկյանի եւ Արթուր Շուքուրյանի մեծ ջանքերի շնորհիվ: Իմպլանտը բավականին թանկարժեք է, ու, երբ մեր նախարարը պրոֆեսոր Հ.Մ. Քուշկյանն  էր, տարեկան երեք իմպլանտ նախարարության կողմից տրամադվում էր, սակայն հիմա, ցավոք, գոյություն չունի «անվճար իմպլանտ» հասկացողությունը: Իմպլանտի ծախսի մեծ մասը հոգում է հովանավորը, ինչի արդյունքում մեզ մոտ իրականացվող վիրահատությունների  թիվը տարեցտարի աճում է, եւ ուրախ եմ, որ կարողանում ենք օգնել մեծ թվով հիվանդների, որի շնորհիվ բարելավում ենք նրանց կյանքի որակը՝ նվիրելով լսողություն:

-Բժշկուհի՛, ինչո՞ւ ընտրեցիք հենց ականջաբանի մասնագիտությունը:

-Նախ ասեմ, որ դա հորս ամենամեծ ցանկությունն է եղել, բայց ես այդ հարցում դեռեւս կողմնորոշված չէի: Սակայն, երբ արդեն համալսարանն ավարտեցի ու որոշ պատճառներով հիվանդի հետ կապված հայտնվեցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում, հենց այդ պահից սկսած՝ այս ոլորտն ինձ բավականին հետաքրքրեց: Եվ ես կայացրեցի վերջնական որոշումս, որովհետեւ զգացի ու հասկացա, որ ինձ հենց այդտեղ եմ տեսնում: Եվ դա ինձ կրկնակի ուրախություն պարգեւեց, քանի որ իրականացրեցի նաեւ հորս երազանքը՝ նեղ մասնագիտանալով ականջաբանության ոլորտում: Հավելեմ, որ մշտապես մասնակցում եմ վերապատրաստումների, գիտաժողովների, քանի որ առանց դրանց կդոփես տեղում, ետ կմնաս նորարությունների ընթացքից: Չէ՞ որ բժշկությունն այն ոլորտն է, որտեղ անընդմեջ, անընդհատ նորարարություներ են ընդունվում, եւ դու էլ պարտավոր ես դրանց համընթաց քայլել: Ես ընդհանրապես չեմ ընդունում այն երեւույթը, երբ մարդիկ իրենց մասնագիտությունն ընտրում են հենց այնպես՝ դառնալով, մեղմ ասած, ոչ շատ բանիմաց մասնագետներ: Ես համոզված եմ, որ, եթե կատարում ես մի աշխատանք, պետք է հասնես առավելագույն հնարավորություններին ընտրածդ մասնագիտության ոլորտում, լինես իրականում բանիմաց եւ գրագետ, սիրես այն ու հաճույքով աշխատես:

-Խլությունը լիովին բուժվո՞ւմ է:

-Խլությունը՝ որպես հիվանդություն, չի բուժվում, սակայն պրոթեզների, վիրահատությունների միջոցով լսողությունը ինչ-որ չափով վերականգնվում է, սակայն առանց լսողական սարքերի հիվանդը, միեւնույն է, մնում է հիվանդ:

-Բժշկուհի՛, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իմ միակ եւ անկրկնելի ուսուցիչը մեր բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանն է, որի շնորհիվ էլ այսօր հասել եմ նման մակարդակի, հասարակական  ճանաչման:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքերումը:

-Իմ ամենամեծ ձեռքբերումն այս ոլորտում մասնագիտանալն է, որը իրականացվել է նաեւ բազմաթիվ երկրների կլինիկաներում վերապատրաստվելով: Եվ անչափ ուրախ եմ, որ այսօր շարունակում ենք համագործակցել նրանց հետ, որովհետեւ երբեմն լինում են դեպքեր, երբ մեր հնարավորությունները թույլ  չեն տալիս որոշելու, թե ինչպես պետք է վարվել տվյալ հիվանդության հետ, եւ մենք դիմում ենք մեր գործընկերների օգնությանը: Ցանկանում եմ, որպեսզի ավելի շատ լինեն վերապատրաստման համար նախատեսված միջոցները, լինի պետական աջակցություն, ֆինանսավորում, քանի որ տարբեր երկրներում մոտեցումերը տարբեր են, մեր ոլորտն օրեցօր զարգանում է, եւ պետք չէ աչքաթող անել նորարարությունների ներդրումը բժշկության մեջ, քանի որ այս ամբողջը հնարավորություն է տալիս պահպանել մեր ժողովրդի առողջությունը հենց մեր երկրում:

-Օրվա գերծանրաբեռնվածությունից հետո որտե՞ղ եք փորձում գտնել Ձեր անդորրը:

-Անդորրս փորձում եմ գտնել ընտանիքում` տանը, քույրերիս եւ ընկերներիս շրջապատում: Իհարկե, լինում են նաեւ պահեր, որ չեմ հասցնում ժամանակ տրամադրել ընտանիքիս, եւ այդ հարցում իմ կողքին միշտ կանգնած է մայրս, որի օգնության շնորհիվ ես դարձա կայացած բժիշկ ու դրա հետ միասին ունեցա իմ ընտանիքը: Բայց ամեն դեպքում փորձում եմ միշտ իմ խորհուրդներով նրանց կողքին լինել եւ կատարել իմ պարտականությունները:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ մշտապես արարենք, ծաղկեցնենք, շենացնենք մեր երկիրը, մեզ դիմող պացիենտներին պիտանի լինենք որպես լավագույն բժիշկ թե՛ գիտելիքներով, թե՛ տեխնիկապես, թե՛ մարդկային արժեքներով: Շատ կցանկանամ, որ բոլորը լինեն առողջ կամ էլ տառապեն միայն այն հիվանդություններով, որոնք կյանքին վտանգ չեն սպառնում: Հողագնդի բոլոր մարդիկ մեկ ընտանիք են, ուստի բոլորը պետք է միմյանց հարգեն ու օգնեն:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր