Հղիության հավանականությունը շատ անհատական է յուրաքանչյուրի համար
Հղիությունը կնոջ կյանքում համարվում է նորմալ ֆիզիոլոգիական վիճակ, սակայն բժշկական տեսանկյունից այն դիտվում է որպես սահմանային դրություն, քանի որ այդ շրջանում կարող են «վերակենդանանալ» մինչ հղիությունն ընկած ժամանակահատվածում կնոջ կյանքում հանդիպած հիվանդությունները կամ ի հայտ գալ նոր խնդիրներ: Առհասարակ, եթե հղիությունն ընթանում է հարթ, միեւնույն է, օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ հորմոնալ, նյարդային եւ ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք, բնականաբար, կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Հոգեբանական տեսանկյունից հղիության ընթացքում նյարդահոգեբանական փոփոխությունները հիմնավորված են հորմոնալ ֆոնի փոփոխություններով, որոնք առաջացնում են մի շարք էմոցիոնալ հոգեվիճակներ: Չափից ավելի հետազոտությունները սովորաբար խրախուսելի չեն. շեղում են բժշկի ուշադրությունը, եւ բժիշկները հաճախ առաջնորդվում են, այսպես ասած, «արձանագրային ալգորիթմներով»: Իսկ ընդհանրապես մանկաբարձությունը համարվում է ոսկե հավասարակշռության գիտություն, քանի որ կշեռքի նժարի վրա դրված է երկու մարդու կյանք՝ մոր եւ երեխայի: Կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերությունը մանկաբարձության մեջ համարվում է մայրական տրավմա, եւ այդ իսկ պատճառով զարգացած երկրներում փորձում են նվազագույնի հասցնել նման ճանապարհով ծննդաբերության դեպքերի տոկոսային հարաբերակցությունը, իսկ մեզ մոտ, կարծես, հակառակ պատկերն է: Ծննդաբերության ընթացքում երբեմն գերագնահատում են պտղի, այլ ոչ թե մոր դերը, մինչդեռ մանկաբարձության մեջ հավասարաչափ խոցելի են մայրն ու պտուղը, եւ առանց տրավմաների կնոջ ծննդաբերությունը յուրաքանչյուր բժշկի սրբազան պարտքն է:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԴԱՎԻԹ ԱԲՈՎՅԱՆԸ` բավականին հաճելի մարդ եւ զրուցակից, բժիշկ, ով կարողանում է իր աշխատանքը կատարել բարձր մասնագիտական հմտությամբ, իսկ իրեն դիմող կանանց տալիս է հոգեբանական ուժ եւ հավատ՝ ապրելու իրենց բաժին հասած կյանքը իմաստավորված ու բովանդակալից:
-Պարո´ն Աբովյան, մանկաբարձագինեկոլոգիական ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում:
-Մեզ հիմնականում դիմում են նորմալ եւ ոչ նորմալ հղիության ընթացքով կանայք, որոնք ունեն տարբեր պաթոլոգիական խնդիրներ եւ խնամքի կարիք: Դիմում են նաեւ գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանայք:
-Բժի´շկ, կա՞ արդյոք նախատեսված շեմ, որից հետո արդեն անհնար է հղիանալը:
-Իրականում այդ շեմ ասվածը գոյություն չունի, եւ հղիության հավանականությունը շատ անհատական է յուրաքանչյուրի համար: Իհարկե, ցանկալի է, որ կինը հղիանա բնական ճանապարհով, որովհետեւ տարիքին զուգահեռ պաթոլոգիաներն են ավելանում, եւ արտամարմնային բեղմնավորման ժամանակ դեղորայքային միջոցներն ավելի շատ են կիրառվում: Եթե ձվարանների ռեզերվը նորմալ է, այդ դեպքում հղիանալու հավանականությունը շատ մեծ է` անկախ տարիքից: Իսկ տարիքային շեմը բարձրանալով` կարող է բարձրանալ ժառանգական հիվանդությունների ռիսկը, որի պատճառով մենք իրականացնում ենք սքրինինգային ծրագրեր: Ու, եթե նախկինում այն կատարվում էր 35 տարեկանից բարձր տարիքի կանանց մոտ, ապա այսօր այն իրականացվում է բոլորի մոտ: Մենք հաշվում ենք ժառանգական հիվանդության եւ անհատական ռիսկերը` դրան գումարած տարիքը, հանձնած թեստերի արդյունքները, ինչպես նաեւ սոնոգրաֆիան, որի օգնությամբ շատ բան ենք տեսնում հղիության առաջին եռամսյակում: Հաշվի են առնվում հասակը, քաշը, նույնիսկ մաշկի գույնը, ծրագրի միջոցով կատարվում է հաշվարկ, եւ այդ ամենի արդյունքում իմանում ենք ռիսկային մակարդակը: Ու, եթե ռիսկերը լինում են բարձր, մենք շարունակում ենք հետազոտությունները: Կա նաեւ ոչ ինվազիվ ախտորոշման միջոց, երբ հղիի արյան միջոցով են որոշում պտղի բջիջները: Իհարկե, դա թանկ միջամտություն է, ոչ բոլորին է հասու, բայց, եթե ռիսկը բարձր է, մենք վերցնում ենք պտղաջրերը, եւ կատարվում է գենետիկ հետազոտություն, որը մեզ տալիս է արդեն հարյուր տոկոսանոց պատկեր: Այսինքն` կա՞ Դաունի կամ ուրիշ քրոմոսոմային համախտանիշ, թե ոչ: Այն հանդիպում է շատ հղիների մոտ եւ տարիքային սահմանափակում չունի: Ընդ որում, եթե այսօր արտերկրում այդ հիվանդության նկատմամբ մոտեցումը բավականին փոխված է, ապա հայ հասարակության համար այն համարվում է դատավճիռ: Օրինակ, Ֆրանսիայից մենք ունեցել ենք պացիենտ, որն այնտեղ անցել է մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքում նրա պտղի մոտ ախտորոշվել է Դաունի համախտանիշ, եւ կնոջը նույնիսկ շնորհավորել են այդ կապակցությամբ: Դա նրանց մոտ համարվում է նորմալ երեւույթ, եւ անգամ չեն թույլատրում ընդհատել հղիությունը: Եթե վաղ շրջանում պտղի մոտ Դաունի համախտանիշը զուգակցվում է սրտի արատի հետ, միայն այդ դեպքում է թույլատրվում հղիության ընդհատումը: Նրանց մոտ այդ երեխան համարվում է հասարակության նորմալ անդամ, իսկ մեր երկրում նրա համար ամենուր խնդիրներ են ծագում:
Երբ մենք նոր-նոր քայլեր էինք անում բժշկության ասպարեզում, եւ ես 1999 թվականին Շվեդիայում ուսանում էի, լինում էին դեպքեր, երբ պտուղը մահանում էր ներարգանդային կյանքում: Բայց երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրան տալիս էին մորը, միասին լուսանկարվում էին, երեխային տանում տուն, նկարները փակցնում պատերին, ապա նոր միայն հուղարկավորում: Իսկ հայ մայրերը նույնիսկ չեն կարողանում երեխային տեսնել մահացած վիճակում, ինչը իրականում նրանց համար ահավոր սթրես է, իրավիճակ, երբ այն կարող է ընդմիշտ մնալ նրանց հիշողությունների մեջ: Այնտեղ մեզ ավելի նուրբ ձեւերով համարեցին աբորիգեններ:
Ինչ վերաբերում է բժշկության մեջ նորարարություններին թե´ տեխնիկապես, թե´ գիտական մոտեցումներով, ապա մենք այսօր համաչափ քայլում ենք եվրոպական չափանիշներին համապատասխան, եւ հղին պետք է պարտադիր իրազեկված լինի իր հղիության ընթացքի մասին, որպեսզի որեւէ տհաճ անակնկալ չլինի երեխայի ծննդից հետո: Չնայած, ճիշտն ասած, աշխարհի ցանկացած երկրում կա այդ խնդիրը, եւ լավագույն մասնագետն էլ կարող է սխալվել:
-Բժի´շկ, իսկ ո՞րն է եղել Ձեզ համար ամենատպավորիչ կամ առաջին վիրահատությունը:
-Եղել են վիրահատություններ, երբ ստիպված դիմել ենք կրկնակի կեսարյան հատման, բայց պարզվել է, որ երեխան արդեն դուրս է եկել, կեսարյանի սպին լրիվ տարամիտվել եւ բացվել է: Երբեմն էլ շոկ եմ ապրել, երբ լրիվ նորմալ, հանգիստ կեսարյան հատում ենք կատարել, մոր առաջնային ծնունդն էլ եղել էր նորմալ, բնական ճանապարհով, բայց որովայնը բացելուց հետո այնտեղ արյուն եմ տեսել: Մենք մինչ այդ ոչ մի միջամտություն չէինք արել, ձվարանների եւ փողերի վիճակը նորմայում էր, բայց պարզվեց, որ նախկինում միոմայի հեռացումից հետո հետին պատին մեծ անցք էր առաջացել, ինչը հղի էր անդառնալի հետեւանքներով: Նման անկանխատեսելի իրավիճակների ենք երբեմն ականատես լինում մեր պրակտիկայում:
-Իսկ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ինչ-որ չափով ուսուցիչ համարում եմ բոլոր նրանց, ում հետ աշխատել, շփվել եմ, քանի որ բոլորից էլ սովորելու բաներ ունենք: Բայց, ամեն դեպքում, իմ առաջին ուսուցիչը «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան գլխավոր բժիշկ Անդրանիկ Պողոսյանն է, ում մոտ օրդինատուրան եմ անցել: Ուսուցիչ եմ համարում նաեւ շատ հիանալի անձնավորություն, լավ մասնագետ Սերջո Ֆերացանին, ով Իտալիայում ուսանելու տարիներին ինձ շատ բաներ սովորեցրեց իմ նեղ մասնագիտացման մեջ: Ընդհանրապես իտալացի բժիշկներն ինձ շատ բան են տվել, օրինակ, կարող եմ նշել նաեւ Լեանորդո Կաֆորիոյին, Մարկո Դեսանտիսին, բժիշկ Նոյային, ով ավերիչ երկրաշարժից հետո ժամանել էր Հայաստան: Բոլորն էլ բարձր որակավորում ունեցող մանկաբարձ-գինեկոլոգներ են, որոնց մոտ շատերը կերազեին ուսանել, գիտելիքների պաշար ստանալ: Կառաձնացնեմ նաեւ Անտոնիո Տեստինին, ով ձվարանների նորագոյացությունների ախտորոշման հարցում թիվ մեկ մասնագետներից է համարվում, ում հետ մենք շատ լավ ընկերներ ենք, եւ մեր շփումը մշտական բնույթ է կրել:
Իսկ ուսանելը պետք է լինի մշտապես, պետք է նորարարություններին համընթաց քայլես, որպեսզի զգաս ժամանակի զարկերակը: Ու այդ նպատակով մշտապես մասնակցում ենք կոնգրեսների, որտեղ կարող է նորություն չլինի մեզ համար այդ պահին, բայց բժիշկների հետ շփումը եւ փորձի փոխանակումը միշտ էլ անչափ օգտակար են:
-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ մանկաբարձ-գինեկոլոգ:
-Ասեմ, որ դա շատ պատահական է ստացվել: 1987-1989 թվականներին ես ծառայում էի Գյումրիում, եւ բանակում կար մի բուժքույր, ով ինձ ուղղորդեց, որ դառնամ գինեկոլոգ: Ես այդ ժամանակ ֆելդշեր էի, առաջին կուրսն էի ավարտել, ոչ փորձ ունեի, ոչ շատ գիտելիքներ բժշկության մեջ. այդ տարիներին կարգին բժշկական գրականություն էլ չկար: Երկու տարի հերթապահություն եմ կատարել ավտոմատը ձեռքիս, իսկ ինձ մեծացրել էին «շատ փափուկ»: Եվ անչափ շնորհակալ եմ բանակից, որ ինձ ամուր հիմքերի վրա դրեց, դարձրեց ավելի իրատես կյանքի հանդեպ: Ես սկսեցի տարբերել լավն ու վատը, եւ այդ պահից սկսած` ուղեղիս մեջ դաջված էր, որ միանշանակ պետք է դառնամ գինեկոլոգ:
-Ի՞նչ կարծիք ունեք մշտապես կատարելագործվելու վերաբերյալ:
-Բժիշկներիս նպատակը մշտապես կատարելագործվելն է, նոր բուժական մեթոդներին տիրապետելը, ժամանակակից բժշկության մասին իրազեկվելը, նորարարություններին հետեւելը, բժշկագիտության զարգացմանը համահունչ քայլելը: Գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ոլորտներն այսօր դինամիկ զարգանում են, եւ մենք ջանում ենք բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան: Գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման եւ բուժման հիմնական ուղղությունը գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակին հայտնաբերումն ու ախտորոշումն է: Հաճախակի հանդիպում են արգանդի վզիկի քաղցկեղը, լորձաթաղանթի բարորակ նորագոյացությունները, արգանդի միոմաները, եւ այս պարագայում շատ է կարեւորվում դրանց վաղ փուլում հայտնաբերումը:
-Բժի´շկ, ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի միոման:
-Արգանդի միոման բարորակ գոյացություն է, որը կարող է առաջանալ, օրինակ, մեկ բջիջի վնասվելուց: Դրան կարող են նպաստել ոչ ռեգուլյար սեռական կյանքը եւ այլ ուրիշ հանգամանքներ: Միոման կարող է արտահայտվել տարբեր ձեւերով, տեղակայմամբ, որից էլ կարող են առաջանալ հետագա բարդացումներ: Կարող են արյունահոսության բերել կամ սեղմվել հարակից ներքին օրգանների վրա, կարող են ցավեր առաջացնել սնուցման խանգարման պատճառով, կարող են անեմիայի պատճառ դառնալ: Ու, նայած իրավիճակին, լուծվում է խնդիրը: Կինը կարող է ունենալ միոմա եւ, ամբողջ կյանքը ապրելով, չիմանա դրա գոյության մասին: Լինում են նաեւ դեպքեր, երբ մի փոքր միոման էլ կարող է բերել արյունահոսության, եւ ստիպված դիմում են վիրահատական միջամտության: Կան նաեւ դեղորայքային որոշ բուժումներ, որոնք իրականում շատ արդյունավետ չեն եւ հիմնականում իրականացվում են չափերի փոքրացման համար, որպեսզի հետագայում կատարվի լապարասկոպիկ, այլ ոչ թե բաց վիրահատություն: Այսօր ունենք մի քանի տեսակի բուժման մոտեցումներ, եւ թիվ մեկը, ամեն դեպքում, բաց եւ փակ վիրահատություններն են, կատարվում է նաեւ արգանդային անոթների սելեկտիվ էմբոլիզացիա: «Էրեբունի» բժշկական կենտրոնում միոմայի վիրահատական միջամտություններն իրականացվում են շատ բարձր մակարդակով, արյան հոսքը դեպի միոմա արգելափակվում է: Նոր մեթոդներ են համարվում նաեւ գերձայնային ազդեցության տակ իրականացվող գոծողությունները: Եթե միոման արգանդի վրա է, խոռոչ չի հասել, փոքր չափեր ունի, տարին 5 միլիմետրից ավելի չի մեծանում, նրան կարելի է պարբերաբար հետեւել, եւ այն կսկսի փոքրանալ, երբ կինը կլինի արդեն դաշտանադադարի մեջ:
Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանին եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գոծադիր տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանին, ովքեր ամեն ինչ անում են կլինիկայի աշխատանքները կատարյալին հասցնելու համար:
-Որպես վերջաբան`Ձեր մաղթանքը:
-Կցանկանայի, որ մեր հասարակությունը երախտամոռ չլինի, ամեն անձ փորձի յուրովի լավատես լինել եւ բարին արարել իր շրջապատում: Եվ արտերկրում նույնպես իրենց լավագույն ձեւով դրսեւորեն, բարի ու հոգատար լինեն նաեւ այլազգիների նկատմամբ, լինեն անշահախնդիր, փորձեն իրենց շրջապատը դարձնել ավելի կատարյալ, ավելի լավը: Երբ մեր հասարակության մեծամասնությունն ապահովված լինի, աղքատն էլ լավ կապրի: Թող մարդիկ լինեն հարուստ ոչ թե միայն ֆինանսապես, այլ նաեւ հոգեպես, ու, երբ մարդ մեծ ձգտում ունի, կհասնի ամեն ինչի, եւ այդ դեպքում ֆինանսը մեծ դեր չի խաղում: Այսօր ինտերնետ պորտալը շատ բան է տալիս մեզ, եւ մարդը կարող է գտնել ցանկացած գրականություն, կարդալ ու սովորել:
Եվ, երբ մարդիկ ձգտում են կատարյալին, Աստված նրանց բարին արարելու հնարավորություն է տալիս: