Գայանե Գալստյան

(0 votes)

Ռադիոլոգիան Հայաստանում զարգանում է բավականին արագ տեմպերով

Այսօր միանշանակ չեն ախտաբանական վիճակների ճառագայթային ախտորոշման արդյունավետության մասին կարծիքները, մշակված չեն հիվանդների ճառագայթային հետազոտման առավել արդյունավետ ախտորոշիչ ալգորիթմներ: Բայց, ամեն դեպքում, ռենտգեն հետազոտությունն այսօր էլ մնում է որպես կարեւոր ախտորոշիչ միջոց հատկապես վնասվածքների եւ մի շարք այլ հիվանդությունների ժամանակ:

Ռենտգեն հետազոտությունը (ռադիոգրաֆիա) օգտագործում է ճառագայթումը, որպեսզի արտածվեն ներքին օրգանների պատկերները: Մարմնի տարբեր կառուցվածքները (օրինակ՝ ոսկրերը եւ փափուկ հյուսվածքները) ռենտգենյան ճառագայթները կլանում են տարբեր չափով, որն էլ թույլ է տալիս ստանալ ախտորոշման համար պիտանի պատկերներ: Սովորական լույսը թույլ չի տալիս մեզ տեսնել փակ դռների, պատերի կամ մարդկային մարմնի միջով: Դրա համար անհրաժեշտ է բարձր հզորության ճառագայթ, որը կկարողանա թափանցել մարմնի միջով, ինչպիսին ռենտգենն է: Սովորական ռենտգենոգրաֆիայի միջոցով բժիշկը կարող է տեսնել այնպիսի փափուկ հյուսվածքներ, ինչպես, օրինակ, թոքերը, սիրտը, այնպիսի կարծր հյուսվածքներ, ինչպիսիք են՝ ոսկրերը, հոդերը:

Այն օրգանների դիտարկման համար, որոնք հնարավոր չէ տեսնել ռենտգեն ճառագայթներով կամ ռենտգեն կոնտրաստ օրգան չեն, կիրառվում է կոնտրաստ նյութ, ինչի օգնությամբ կոնտրաստավորվում է հետազոտվող օրգանը կամ հյուսվածքը՝ դարձնելով այն տեսանելի: Նման տարբերակով հետազոտվում են մարսողական համակարգը, երիկամները եւ անոթները: Չնայած այն փաստին, որ այժմ առկա են նորագույն տեխնոլոգիաներ, ռենտգեն հետազոտության մեթոդները մնում են առաջատար բազմաթիվ ախտահարումների ախտորոշման ժամանակ, քանի որ ռենտգեն հետազոտությունները կատարվում են ավելի արագ եւ պահանջում են  պացիենտի ավելի քիչ նախապատրաստման միջոցառումներ, ինֆորմատիվ են եւ մատչելի: Ռենտգեն հետազոտությունները թույլ են տալիս  նախ հայտնաբերել եւ ախտորոշել պաթոլոգիան, հետո որոշել տվյալ  փոփոխությունների տեղակայությունը եւ բուժման ընթացքի  դինամիկան:

Ռադիոլոգիայի կենտրոնը Երեւանի պետական բժշկական համալսարանի «Ճառագայթային ախտորոշման» ամբիոնի բակալավրերի, մագիստրների եւ կլինիկական օրդինատորների ուսումնական բազան է: Կենտրոնի հիմնադրմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայ բարեգործական ընդհանուր միությունը` ի դեմս նախագահ Պերճ Սեդրակյանի եւ, իհարկե, մեծ բարերարներ Նազար եւ Արտեմիս Նազարեանների, ովքեր այդ նպատակի համար մեծ նվիրատվություն են կատարել: Ի պատիվ նրանց որդի, ամերիկահայ ճանաչված ռադիոլոգ Լեւոն Նազարեանի, կենտրոնն անվանակոչվել է Լեւոն եւ Քլոտիա Նազարեանների անվամբ: Տարածաշրջանային կարեւորությամբ այս կենտրոնը համալրված է գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել մանրակրկիտ բժշկական հետազոտություններ եւ ապահովել ճշգրիտ ախտորոշում:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ  ճառագայթային   ախտորոշման ամբիոնի դասախոս, համալսարանական կլինիկաների ճառագայթային անվտանգության պատասխանատու, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի «Լեւոն եւ Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-ռենտգենաբան ԳԱՅԱՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ, բժշկուհի, ով հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, ունի հզոր կամքի ուժ եւ անկոտրում համբերություն: Իսկ բժիշկ լինելը նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն հիվանդին մոտենալ յուրովի ու պատրաստ լինել անելու առավելագույնը սեփական ուժերի գերլարման հաշվին։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ բժիշկն իր հիվանդի մասին գիտի ավելին, քան նրա շատ հարազատները: Բժշկի համար ամենամեծ շնորհակալությունը հիվանդի գոհունակությունն է, վստահությամբ ու հավատով լի նրա հայացքը, աշակերտների հիացմունքը:

-Տիկի´ն Գալստյան, ե՞րբ եւ ինչո՞ւ որոշեցինք ընտրել ռիսկային մասնագիտական մի ոլորտ, որտեղ պատասխանատվությունը շատ մեծ:

-Դպրոցական տարիներին որոշել էի դառնալ ուսուցչուհի եւ շատ սիրում էի խաղալ տիկնիկներիս հետ, ակնոց էի դնում, նրանց ցուցափայտով նստեցնում, ինչ-որ «գիտելիքներ» տալիս: Իսկ բժշկի մասնագիտության ընտրության հարցում շատ մեծ էր մայրիկիս ավանդը, նա ուղղորդեց ինձ դեպի բժշկությունը, եւ ես գործերս հանձնեցի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան (այն տարիներին ինստիտուտ էր կոչվում), որն ավարտել էր մեծ քույրս, իսկ միջնեկը դեռ սովորում էր: Արդեն առաջին կուրսի երկրորդ կիսամյակում ես վերջնականապես հասկացա, որ հայտնվել եմ այնպիսի բնագավառում եւ միջավայրում, որտեղ  պետք է իրականում լինեի: Նեղ մասնագիտացումս ընտրել եմ արդեն ավարտական 6-րդ կուրսում, որն ավարտելուց հետո պարտադիր անցնում էինք ինտերնատուրա: Այդ ընթացքում աշխատում էի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, եւ ինձ շատ գրավեցին հիվանդանոցում իրականացվող սոնոգրաֆիկ հետազոտությունները: Այդ տարիներին բացվեց ճառագայթային ախտորոշման դիագնոստիկ կլինիկական օրդինատուրան, եւ ես միանգամից որոշեցի ու երկու ամիս հետո փաստաթղթերս հանձնեցի օրդինատուրա, դարձա բժիշկ-ռադիոլոգ` ճառագայթային ախտորոշման մասնագետ:

-Բժշկուհի´, Ձեր բաժանմունքում հիմնականում ի՞նչ ծառայություններ են մատուցվում:

- Պետական բժշկական համալսարանում բացվեց ճառագայթային ախտորոշման եւ բուժման կենտրոն, որն անվանվել է «ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի «Լեւոն եւ Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոն»` ի պատիվ Նազար Նազարեանի որդու` ամերիկահայ հայտնի ռադիոլոգ Լեւոն Նազարեանի եւ նրա կնոջ: Ինչպես գիտեք, բաժանմունքը ստեղծվել է նրանց հովանավորությամբ: Մեր բուժհաստատությունում իրականացվում է լայնածավալ գործունեություն, ունենք համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, սոնոգրաֆիա, դուպլեքս, դոպլեր հետազոտություններ  եւ ռենտգեն ծառայություն: Այստեղ նաեւ կրթվում է նոր սերունդը, որն ապագայում պիտի աշխատի եւ ծառայի հայրենիքին: Վստահ եմ, որ մեր կենտրոնը հսկայական դեր կունենա Հայաստանի բժշկության զարգացման բնագավառում: Ես ռենտգեն ծառայության բժիշկ եմ, զբաղվում եմ ռենտգեն հետազոտություններով, որտեղ ինձ զգում եմ ինչպես «իմ ափսեի մեջ»: Ունեմ նաեւ համակարգչային շերտագրության բնագավառում աշխատելու որակավորում:

-Ախտորոշման մեթոդները մեկը մյուսին լրացնո՞ւմ են, թե ոչ:

-Այո´, ախտորոշման մեթոդները մեկը մյուսին լրացնում են, ոչ մեկը չի կարող փոխարինել մյուսին, եւ արդյունքում մենք ստանում ենք վերջնական պատկեր, որն էլ հետագայում օգնում է արդյունավետ եւ լիարժեք բուժմանը:

-Բժշկուհի´, ռենտգեն հետազոտությունը հակացուցումներ ունի՞:

-Ռենտգեն հետազոտությունը իրականում ունի հակացուցումներ, նախեւառաջ` տարիքային խմբերի: Մանկահասակների եւ տարեցների հետազոտությունը կատարվում է պարտադիր բուժող բժշկի համապատասխան ուղեգրի առկայության դեպքոմ: Չմոռանանք, որ տվյալ հետազոտությունն օրգանիզմում առաջացնում է փոփոխություններ, եւ այդ իսկ պատճառով այն հակացուցված է նաեւ հղիներին, որոնք միայն կոտրվածքների կամ կյանքի ցուցումով լուրջ խնդրի դեպքում կարող են ենթարկվել ռենտգեն հետազոտության:

-Բժշկուհի´, ռադիոլոգիան ի՞նչ մակարդակի վրա է գտնվում մեր երկրում:

-Ռադիոլոգիան Հայաստանում համարվում է բավականին երիտասարդ մասնագիտություն, սակայն կարող եմ ասել, որ զարգանում է բավականին արագ տեմպերով,  բոլոր բուժհաստատություններն արդեն ձեռք են բերում ժամանակակից եւ ինֆորմատիվ սարքավորումներ: Ունենք շատ լավ կլինիկական օրդինատուրա` լավ մասնագետներով, բավականին բանիմաց եւ խելացի երիտասարդներ կան, ովքեր նպաստում են ռադիոլոգիայի շատ արագ տեմպերով զարգացմանը, ուսանողները վերապատրաստվում են տարբեր բազաներում: Իհարկե, դեռ ունենք որոշակի բացեր, որոնք, հուսանք, շուտով կվերացնենք: Ես դասավանդում եմ կլինիկական օրդինատուրայում, շփվում երիտասարդ սերնդի, հատկապես ռադիոլոգների հետ եւ կարող եմ փաստել, որ նրանք մեծ նվիրումով, ես կասեի` պահանջատիրությամբ են մոտենում իրենց ընտրած ուղուն` մեզ պարտադրելով տեղեկացնել մասնագիտական ամեն մի նրբության մասին: Եվ ինձ շատ է ոգեշնչում այն փաստը, որ մեր երիտասարդները ձգտում են հասնել առավելագույնին: Հուսանք, որ նրանք էլ ավելի կբարելավեն, կլավացնեն մեր բժշկության որակը:

-Չարորակ գոյացությունների պատկերը կարո՞ղ է հստակ ի հայտ գալ ռենտգեն հետազոտությամբ:

-Այնքանով է այն ի հայտ գալիս, որքանով որ թույլ է տալիս ռենտգեն հետազոտության պատկերը: Իհարկե, շատ գոյացություններ հայտնաբերվում են, բայց այսօր արդեն արդիական է առավել ինֆորմատիվ համակարգչային շերտագրությունը, որը նույնպես  ռենտգեն հետազոտություն է, ուստի անհրաժեշտության դեպքում կատարվում է նաեւ այդ հետազոտությունը:

-Ձեզ համարո՞ւմ եք ուժեղ կին:

-Իմ բնավորության ուժեղ կողմ կարող եմ համարել այն, որ չեմ հանձնվում ցանկացած իրավիճակում` կլինի դա անձնական թե գործնական բնույթի: Իսկ թույլ կողմ երեւի կարելի է համարել իմ` չափից ավելի մարդկանց վստահելը, որի արդյունքում երբեմն, այսպես ասած, տանուլ եմ տալիս:

-Օրվա գերլարված աշխատանքային օրվանից հետո որտե՞ղ եք գտնում Ձեր անդորրը:

-Անդորրս գտնում եմ տանը` ամուսնուս եւ տղայիս հետ միասին: Ընդհանրապես ես ինձ համարում եմ երջանիկ կին, ունեմ 15 տարեկան տղա, որին նույնպես պատկերացնում եմ բժշկության ոլորտում: Ի դեպ, հայրական պապիկիս կողմից կային բժիշկներ, որոնք ժամանակին համարվել են հեքիմներ: Մայրս տնտեսագետ էր, հայրս` ճարտարապետ, բայց երեք քույրերով ընտրեցինք բժշկի մասնագիտությունը; Ի դեպ, երկու քույրս էլ ամուսնացել են բժշկի հետ, եւ նրանց երեխաներն էլ ընտրել են ծնողների մասնագիտությունը:  

-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Նախեւառաջ ասեմ, որ կցանկանամ մեր կլինիկան տեսնել էլ ավելի հագեցած գերժամանակակից սարքավորումներով` լինեն դրանք ախտորոշիչ թե բուժական նպատակներով կիրառելի: Կցանկանամ էլ ավելի ծավալուն, ավելի շատ երիտասարդ կադրերով համալրված տեսնել կլինիկան, կցանկանամ, որ հիվանդ պացիենտների թիվը կրճատվի: Կցանկանամ տեսնել ազատ երկիր, որպեսզի մեր հայությունը երբեք չմտածի արտագաղթելու մասին, լինի երջանիկ, հոգեպես խաղաղ: Կմաղթեմ, առաջին հերթին որպես բժիշկ, առողջություն, համբերություն այսօրվա մեր իրականության մեջ: Թող չհիասթափվեն հայրենիքից, մարդկանցից: Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ ունենալու ենք հարուստ,  չկոռումպացված երկիր, չենք ունենալու սոցիալապես ցածր խավ: Միգուցե դա իմ երազանքն է, բայց ասեմ, որ իմ երազանքները սովորաբար իրականանում են: Առողջ եղեք, սիրեք ձեզ:

   

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր