Չպետք է խնայողություններ անել առողջության հաշվին
Այսօր անգնահատելի են բժշկության ոլորտում իրականացված եւ իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդությունները հնարավոր է ոչ միայն բուժել, այլեւ կանխարգելել: Սակայն բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի:
Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում տարածված հիվանդությունների եւ տարատեսակ վիրուսների տեսակները միշտ էլ եղել են, ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ արված հետազոտությունները եւ ինֆորմացիոն դաշտի ընդլայնումը դրանց մասին տեղեկանալու հնարավորություն են տվել: Շնչառության խանգարման արագ հայտնաբերումն ու ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը կարող են թեթեւացնել տուժածի վիճակը եւ կանխել հետագա բարդությունները։ Շնչառական համակարգի տարաբնույթ հիվանդությունները եղանակային սահմանափակումներ չունեն: Ընդունված է համարել, որ քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններն ու ալերգիաները բնորոշ են փոփոխական եղանակներին: Միեւնույն ժամանակ, սինուսիտները, հայմորիտներն ու ռինիտները պատուհասում են՝ անկախ տարիքից ու սեռից: Եթե շատ ուժեղ չէ բորբոքային պրոցեսը, ժամանակին են բուժական միջոցներ ձեռնարկվել, ու չկա բարձիթողի վիճակ, ապա հիմնականում հիվանդությունը հետեւանք չի թողնում:
Հայաստանում այսօր իրականացվում են քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումները' կյանքի որակի բարձրացման ուղղությամբ: Հիվանդության բուժման գործում կարեւորվում է նաեւ հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին, ինքնաբուժումից խուսափումը:Թիվ 2 բուժմիավորման քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի բոլոր մասնագետներն էլ ունեն տարիքային տարբեր խմբերի հիվանդների հետ շփման հարուստ փորձ: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է բաժանմունքի քիթ-կոկորդ-ականջաբան ՏԱԹԵՎԻԿ ԽԱԼԱԹՅԱՆԸ: Երիտասարդ բժշկուհին անչափ ուշադիր, հոգատար է իր հիվանդների նկատմամբ, հանգիստ է ընդունում նվաճած հաջողությունները, ինչը հատուկ է երիտասարդ մասնագետներին:
-Տիկի´ն Խալաթյան, ո՞ր հիվանդություններն են բնորոշ այս սեզոնին։
- Վերին շնչառական ուղիների հիվանդություններից ամենահաճախ հանդիպողներից են սուր ռեսպիրատոր վարակի բարդացման հետեւանքով առաջացած հայմորիտները, ֆրոնտիտները, ականջաբորբերը: Վերջիններս հաճախ ուղեկցվում են լսողական ներվի ախտահարումով, սուր նեւրիտներով: Այդ իսկ պատճառով, եթե հարբուխը տեւում է յոթ օրից ավելի եւ ուղեկցվում է բարձր ջերմությամբ, դիմային շրջանում՝ ցավերով, ականջներում՝ փակվածությամբ, խշշոցով, լսողության իջեցմամբ, անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի հնարավոր լինի խուսափել ներգանգային բարդություններից, անգամ լսողական ներվի վնասման դեպքում` վերականգնել այն:
-Ի՞նչ պատճառներից կարող է ականջաբորբ առաջանալ:
-Իմ նեղ մասնագիտացումը հենց ականջի հետ կապված հիվանդություններն են: Ասեմ, որ ականջաբորբերը հաճախ լինում են եվստախյան (լսողական) փողերի դիսֆունկցիայի հետեւանքով, քթային դժվարաշնչության արդյունքում, երբ միջին ականջի դրենաժը լավ չի ապահովվում: Իսկ արտաքին ականջի ականջաբորբը զարգանում է արտաքին լսողական անցուղու մաշկի վնասման հետեւանքով (չոփիկներով), ինֆեկցիոն տարաբնույթ հիվանդությունների դեպքում, տրավմաների արդյունքում: Արտաքին ականջի ականջաբորբերի դեպքում լինում է արտահայտված ցավ, երբեմն` փակվածության, երբեմն նաեւ թացության զգացում ականջներում: Այդ դեպքերում բուժման մեթոդն ուրիշ է: Միջին ականջի ականջաբորբերը շատ հաճախ ուղեկցվում են բարդություններով` մաստոիդիտներով, ներքին ականջի ախտահարումով` ներվի վնասումով, վեստիբուլյար խանգարումներով (հավասարակշռության խանգարում, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում), որոնք վերջին ժամանակներում հաճախացել են` պայմանավորված վիրուսների տոքսիկ ազդեցությամբ: Նման դեպքերում իրականացվում են համալիր (կոմպլեքսային) հետազոտություններ, քանի որ միայն օտոսկոպիան բավարար չէ բուժում նշանակելու համար: Կատարվում են հետազոտություններ՝ հասկանալու համար՝ ունե՞նք ներվի վնասվածք, թե ոչ, եւ անհրաժեշտության դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն` թաղանթի կտրվածք, որը համակցվում է կաթիլային եւ այլ տարատեսակ բուժումների հետ: Ամեն կերպ փորձում ենք վերականգնել վնասված ներվը, եթե, իհարկե ժամանակին են դիմել բժշկին: Բայց երբ պացիենտի ականջի փակվածությունը մեկ ամսից ավելի է լինում, արդեն տեղի է ունենում ներվի ախտահարում, եւ բուժման արդյունավետությունը հասնում է գրեթե 10-15 տոկոսի: Իսկ եթե ունենում ենք քրոնիկական, այսինքն՝ երեք ամսից ավելի կորուստ, եւ աուդիոմետրիայով ախտորոշվում է ներվի վնասում, այն արդեն գործնականում վերականգնել հնարավոր չէ: Եվ նման դեպքերում արդեն դիմում ենք պահպանողական բուժմանը. տարին երկու անգամ հիվանդը գալիս է հետազոտման, որպեսզի գնահատենք՝ դինամիկ վատթարացոմ ունե՞նք, թե ոչ:
-Ինչպե՞ս կգնահատեք մեր բժշկության ձեռքբերումներն այս ոլորտում:
-Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր ոլորտը Հայաստանում բավականին զարգացած է, մեզ մոտ կան լավագույն սարքավորումներ, եւ մասնագետների գրագիտության, պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հասնում ենք բուժման բավականին բարձր եւ արդյունավետ արդյունքների:
- Ի՞նչ առանձնահատկություններ ունեն նշված հիվանդությունները մանկական տարիքում։
-Անատոմիական առանձնահատկությունները պայմանավորված են մանկական տարիքով. երեխաների մոտ եվստախյան (լսողական) փողերը հորիզոնական են տեղակայված, եւ սուր շնչառական հիվանդությունների ժամանակ ինֆեկցիան շատ հեշտ է թափանցում միջին ականջ` զարգացնելով միջին օտիտ: Կլինիկական նշաներից են երեխաների` կուրծք ուտելուց հրաժարվելը, քանի որ նրանց մոտ ծծելու գործողությունները ցավոտ են լինում: Երեխաները կարող են ունենալ բարձր ջերմություն, անհանգիստ վիճակ: Վտանգավորն այն է, որ նրանց մոտ միջին ականջի ոսկրային պատերն ունեն ճեղքեր, որոնց միջոցով ինֆեկցիան շատ արագ կարող է անցնել գանգի խոռոչ` բերելով ներգանգային բարդությունների զարգացման:
-Ո՞ր դեպքերում կարելի է ինքնաբուժմամբ զբաղվել: Ի՞նչ բարդություններով է հղի ինքնաբուժումը: Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Շատ արագ արձագանքում են երիտասարդները: Ընդհանրապես խորհուրդ չի տրվում ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ ականջը շատ բարդ օրգան է, այն անմիջական կապ ունի եւ արագ հաղորդակցվում է գանգի հետ: Ու եթե ունենում են վիրուսային հարբուխային վիճակ, ականջաբորբերից խուսափելու համար առաջին հերթին պետք է քիթը բաց պահել, այսինքն` անոթասեղմիչ միջոցներ օգտագործել՝ խուսափելու համար հայմորիտներից եւ օտիտներից:
Ինչ վերաբերում է մեզ մոտ դիմելիության կուլտուրային, ապա կասեմ, որ շատ արագ ենք արձագանքում երիտասարդության խնդիրներին, քանի որ նրանք վաղ շրջանում են մեզ դիմում: Իսկ մեծահասակները սովորաբար միայն բարդացած վիճակներում են դիմում բժշկի:
- Ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցներ կառաջարկեք այս հիվանդությունների դեպքում։
Մենք լավ գիտակցում ենք, որ ֆինանսական խնդիրների պատճառով շատերը դժվարանում են դիմել բժշկի, բայց կցանկանամ, որ մարդիկ սիրեն իրենք իրենց եւ բժշկի դիմեն նույնիսկ փոքր բողոքի, այլ ոչ թե հիվանդության՝ արդեն բավականին բարդացած վիճակում: Վերջին դեպքում ոչ միայն բուժումն ավելի ծախսատար է, այլ նաեւ դրա արդյունավետությունն է շատ ցածր: Չպետք է խնայողություններ անել առողջության հաշվին, քանի որ շատ հաճախ կարող են լինել անդառնալի հետեւանքներ, որոնք կազդեն նաեւ նրանց հոգեկան ներաշխարհի վրա: