Կարինե Վալերիի Խոնդկարյան

(0 votes)

Հավատը բժշկի հանդեպ ամենաարդյունավետ դեղամիջոցն է

Գիտության արագընթաց զարգացմանը անմասն չի մնում բժշկությունը: Ժամանակակից բժշկության մեջ մեծ նշանակություն ունի նոր տեխնոլոգիաների կիրառումը, ինչը օգնում է բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը եւ ախտորոշել հիվանդությունները ավելի վաղ փուլերում: Ամբողջ աշխարհում վերջին տարիների ընթացքում քաղցկեղով հիվանդացությունն ավելացել է 3-4 անգամ: Սա պայմանավորված է ոչ միայն հիվանդացության աճով, այլեւ ախտորոշման մեթոդների զարգացմամբ: Բժշկության ձեռքբերումների շնորհիվ մեծացել է ուռուցքով հիվանդների կյանքի տեւողությունը։

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է հետազոտման նորագույն մեթոդների ներդրումը։ Ռադիոլոգիայի ծառայությունը զինված է ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս եւս մեկ քայլ առաջ գնալ բժշկության ոլորտում:

Այս թեմայի շուրջ զրուցեցինք Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Կարինե Խոնդկարյանի հետ։

- Տիկին Խոնդկարյան, ի՞նչ է ճառագայթաբանությունը: Ի՞նչ հետազոտություններ եք կատարում Դուք, մի փոքր պատմեք դրանց մասին։

-  Ճառագայթաբանությունը մարմնի օրգան-համակարգերի պատկերների ուսումնասիրությունն է, այն բժշկության համեմատաբար նոր ճյուղ է։ Ճառագայթաբանության գերագույն խնդիրը հիվանդության վաղ ախտորոշումն է, որը հետագա արդյունավետ բուժման նախապայմանն է: Այն վերջին տարիներին բուռն զարգացում է ունեցել՝ կապված համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ։ Հաճախ կատակում են, որ ախտորոշումը այնքան է զարգացել, որ չկա առողջ մարդ, կա թերի հետազոտված: Ժամանակակից սարքավորումների օգնությամբ այսօր կարելի է ախտորոշել անգամ ամենավաղ փուլերում գտնվող քաղցկեղային հիվանդությունները։ Այս դեպքում հիվանդը հաջողությամբ բուժվելու լավ հնարավորություններ կունենա:

Մեր օրերում ուռուցքային հիվանդությունները դարձել են լուրջ խնդիր, դրանցից մահացությունը 2-րդ տեղում է, տարեցտարի քաղցկեղը երիտասարդանում է: Հիվանդների 60%-ն իր հիվանդության մասին տեղեկանում է 3-4-րդ փուլում, ինչը դժվարացնում է բուժումը։ Այս խնդիրը հատկապես մտահոգիչ է մեր երկրում՝ կապված ոչ միայն ֆինանսական բարդությունների, այլեւ կանխարգելիչ ծառայության թերի աշխատանքի հետ։

Ես զբաղվում եմ ռադիոլոգիայի ուլտրաձայնային, դոպլեր, դուպլեքս եւ ռադիոիզոտոպային հետազոտություններով: Ուլտրաձայնային ախտորոշման մեթոդի հիմնական առավելություններն են նրա մատչելիությունը, ոչ ինվազիվությունը, բարձր զգայունությունն ու ճառագայթային ծանրաբեռնվածության բացակայությունը: Հետազոտությունը կարելի է կատարել ինչքան որ անհրաժեշտությունը կլինի, այն հակացուցումներ չունի։

Դուպլեքս հետազոտությունը անոթների ուլտրաձայնային հետազոտություն է, որի ժամանակ ուսումնասիրվում են անոթների կառուցվածքը (պատերի վիճակը, լուսանցքը), հարակից բոլոր հյուսվածքները, գնահատվում են արյան հոսքի ցուցանիշները։ Այս հետազոտությունը շատ կարեւոր է ուռուցքային հիվանդների համար։ Քիմիաթերապիան եւ ճառագայթային բուժումը բարձրացնում են արյան մակարդելիությունը, եւ որպես բարդություն ուռուցքային հիվանդների մոտ հաճախ առաջանում է երակների թրոմբոզ։

Ամենահետաքրքիրն ինձ համար ռադիոիզոտոպային հետազոտությունն է։ Այդ պատճառով ես կցանկանայի ավելի մանրամասն նկարագրել այն: Ռադիոիզոտոպային ախտորոշումը մոլեկուլյար բժշկության ճյուղ է։ Հետազոտության հիմքում ընկած է ռադիոակտիվ նյութերի միջոցով պաթոլոգիական պրոցեսների բացահայտումը: Այս մեթոդը թույլ է տալիս ֆունկցիոնալ մակարդակով հետազոտել բոլոր օրգան-համակարգերը եւ բացահայտել փոփոխությունները դեռեւս նյութափոխանակության խանգարման փուլում: Այսպիսով, հետազոտության արդյունքում ոչ միայն ստանում ենք ախտահարված օրգանի անատոմիական պատկերը, այլեւ գնահատում ենք նրա ֆունկցիոնալ վիճակը:

Ֆունկցիոնալ փոփոխությունները շատ ավելի վաղ են ի հայտ գալիս, քան անատոմիական փոփոխությունները, ինչը հիվանդությունների վաղ ախտորոշման համար միջուկային բժշկության մեթոդները եզակի է դարձնում։ Ռադիոնուկլիդային հետազոտությունը ոսկե ստանդարտ է համարվում սրտաբանության, ուռուցքաբանության, նեֆրոլոգիայի, ուրոլոգիայի եւ մի շարք այլ ոլորտներում:

Շատ հաճախ հիվանդները չգիտեն, թե ինչով է այս հետազոտությունը տարբերվում ռենտգեն հետազոտությունից, վախենում են ճառագայթումից: Հետազոտության հիմքում ընկած է իզոտոպների ներմուծումը օրգանիզմ եւ նրանց ընտրովի կուտակումը տարբեր օրգան-համակարգերում։ Ռադիոնուկլիդները, կուտակվելով տարբեր օրգաններում, արձակում են գամմա-ճառագայթներ, որոնք կլանվում են գամմա-խցիկների կողմից։ Ի տարբերություն իզոտոպային մեթոդի, ռենտգեն հետազոտման կամ համակարգչային շերտագրման /ՀՇ/ ժամանակ ճառագայթները արձակվում են ռենտգեն խողովակից, անցնում են հիվանդի մարմնի միջով, եւ ժապավենի կամ համակարգչի մոնիտորի վրա ստեղծվում է պատկեր։ Գամմա- ճառագայթումը նման է ռենտգեն ճառագայթմանը, սակայն ճառագայթման աստիճանը ռադիոիզոտոպային հետազոտման ժամանակ զգալիորեն ցածր է: Հետազոտման հակացուցումները նույնն են, ինչ ռենտգեն հետազոտման ժամանակ: Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հագեցած է միջուկային բժշկության նորագույն սարքավորումներով: Կենտրոնում տեղադրված է մեկֆոտոնային էմիսիոն Գամմա-խցիկ (SPECT), որը հնարավոր է դարձնում ռադիոիզտոպային հետազոտությունների ողջ սպեկտրի իրականացումը: 2018թ․ սպեկտ խցիկի համար ձեռք է բերվել նաեւ համակարգչային տոմոգրաֆիայի /ՀՏ/ առանձին մոդուլ, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում միաժամանակ կարելի է կատարել եւ՛ ՀՏ, եւ՛ ռադիոիզոտոպային հետազոտություններ, համադրել ՀՇ եւ ռադիոիզոտոպային պատկերները` այդպիսով ստանալով ավելի մանրամասն եւ ճշգրիտ տեղեկատվություն հիվանդության մասին: Այս մեթոդը կոչվում է հիբրիդ մեթոդ, սարքավորումը՝ SPECT/CT։ Այն միակն է Հայաստանում։ Մենք համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, տեխնիկական համագործակցության նախագծի շրջանակներում էքսպերտներ եւ ինժեներներ պարբերաբար այցելում են մեր կենտրոն, անցկացնում թրեյնինգներ եւ իրականացնում սարքավորումների տեխնիկական սպասարկում։

Մեր կենտրոնում ռադիոիզոտոպային հետազոտությունը ավելի հաճախ կիրառվում է ոսկրային համակարգի հետազոտության համար, ի տարբերություն ՀՏ եւ ՄՌՏ հետազոտությունների, սցինտիգրաֆիայի ժամանակ հետազոտվում է ամբողջ ոսկրային համակարգը, եւ ոսկրային համակարգի փոփոխությունները ախտորոշվում են ավելի վաղ փուլում։ Ոսկրերի սցինտիգրաֆիան ուռուցքային հիվանդների համար համարվում է առաջնահերթ հետազոտություն: Այս հետազոտությունը մեր կլինիկայում կատարվում է տարեկան մոտ 500 անգամ:

Անցյալ տարի ներդրվել է նաեւ լիմֆոստինցիգրաֆիան, որի հիմքում ընկած է կրծքագեղձի վիրահատություններից առաջ ավշային հանգույցների ռադիոիզոտոպային հետազոտությունը: Այն օգնում է գտնել ախտահարված ավշային հանգույցները եւ խուսափել բոլոր ավշային հանգույցների հեռացումից:

- Դուք նաեւ դասախոս եք․ ի՞նչ կասեք Ձեզ փոխարինելու եկող սերնդի մասին։

Մեր կենտրոնը նաեւ ուսումնական է, մեզ մոտ սովորում են ուսանողներ եւ օրդինատորներ։ Մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ հնարավորություն ունեմ, որպես ԵՊԲՀ դասախոս, իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ բժիշկներին:

Իմ կարծիքով, երիտասարդ սերունդը պրպտող է, նրանք մշտապես ցանկանում են ավելին իմանալ: Ավելի շատ հնարավորություններ ունեն, քան մենք իրենց տարիքում։ Մեր օրերում հեշտությամբ կարելի է նյութեր հայթայթել, արտերկրի համալսարանների դասախոսություններ լսել, եթե, իհարկե, տիրապետում ես լեզվին: Կարեւորն այն է, որ մարդ անընդհատ ձգտի ինքնակատարելագործման, կրթի ինքն իրեն, քանի որ միշտ ավել սովորելու բան կա։ Լավ մասնագետ միայն համալսարանական գիտելիքներով չեն կարող դառնալ, մասնագետը հենց աշխատանքի ժամանակ է հղկվում, ձեռք բերում անհրաժեշտ հմտություններն ու փորձը։

- Չարորակ գոյացության հայտնաբերման դեպքում Ձեր իրավասությունների մեջ մտնու՞մ է հիվանդին հայտնել այդ մասին:

- Իհարկե, հիվանդը անպայման պետք է տեղեկանա իր առողջական վիճակի մասին, ողջամիտ մոտենա եւ բժշկի հետ անցնի բուժման դժվարին ճանապարհը՝ հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը: Բժիշկը, օգտագործելով իր հոգեբենական հմտությունները, պիտի անհատական մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր պացիենտի` հաշվի առնելով նրա անձնային առանձնահատկությունները եւ հոգեբանական վիճակը։ Ես, որպես բժիշկ-ռադիոլոգ, կարող եմ ուղղորդել հիվանդին ճիշտ հետազոտման եւ բուժման սխեմա ընտրելու, իսկ վերջնական ախտորոշումը հայտնելու բեռը ընկած է բուժող բժշկի ուսերին։

- Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում կյանքում։

- Ամեն ինչին նայի՛ր լավատեսորեն։ Փորձի՛ր ամեն մարդու մեջ տեսնել լավը։

- Առիթից օգտվելով ՝ ի՞նչ խնդիր կուզենայիք բարձրացնել։

- Ուզում եմ խոսել մեր հասարակության մեջ բժշկի դերի մասին։ Բժիշկը մշտապես ամենահարգված մասնագիտություններից է եղել, իսկ հիմա մենք մտել ենք մի փուլ, որտեղ գերակշռում են բժիշկ-հիվանդ շուկայական հարաբերությունները։ Ամենաթանկը մարդկային կյանքն է, մարդու առողջությունը, իսկ ամենաթանկի համար պատասխանատուները՝ բժիշկները, այսօր արժեզրկված են։ Բժիշկը գտնվում է ամենօրյա ֆիզիկական, մտավոր, հոգեկան գերլարվածության մեջ, նա իրեն նվիրում է ուրիշների առողջության պահպանմանը եւ չի ստանում համապատասխան վերաբերմունք։ Ես վստահ եմ, որ ցանկացած բժիշկի նպատակը հիվանդի ապաքինումն է։ Ուրեմն, եկե՛ք հավատով, հարգանքով եւ վստահությամբ մոտենանք մեր բժիշկներին։

- Իսկ որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

- Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն։ Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման եւ հետագա բուժման արդյունավետ ընթացքի համար։ Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:  Իսկ բժիշկներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ եւ հաստատուն կամք։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր