Անահիտ Լևոնի Շահինյան

(0 votes)

Հուսամ, որ մեր Առողջապահության նախարարության որդեգրած ուղին իր պտուղները ապագայում տալու է

 Երեխաները ծնողների կյանքի շարունակությունն են: Նրանք, անշուշտ, իրենց վրա են կենտրոնացնում ծնողների ամբողջ ուշադրությունը, եւ ցանկացած հարց, ինչը վերաբերվում է փոքրիկներին, ծնողների կողմից ընկալվում է որպես հույժ կարեւոր, հատկապես, երբ խոսքը հիվանդությունների մասին է: Բնականաբար, որոշ հիվանդությունների զարգացումը շատ տարածված չէ, բայց ավելի լավ է իմանալ նրանց մասին, քան մտածել, թե ինչ է տեղի ունենում սիրելի փոքրիկի հետ:

Երեխաների հիվանդություններից մեկը, որը հնարավոր չէ չնկատել՝ հեմանգիոման է: Այս հիվանդությունը ի հայտ է գալիս մաշկի վրա, այդ իսկ պատճառով երեխայի խնամքի ընթացքում անհնար է այն չտեսնել: Առաջին հարցը, որ մտահոգում է ծնողներին. ի՞նչ է հեմանգիոման:  Հեմանգիոման բարորակ նորագոյացություն է, որը կազմված է լայնացած մազանոթների խիտ կուտակումներից: Հեմանգիոմաները նորածինների մոտ առավել հաճախ հանդիպող նորագոյացություններ են: Դրանք առավել հաճախ տեղակայվում են դեմքին, գլխին եւ կրծքավանդակի վերին հատվածներում, ինչպես նաեւ կարող են լինել ծայրանդամներին: Մաշկի մակերեսային շերտերում տեղակայվելիս նրանք սովորաբար երեւում են փոքր, կարմիր քերծվածքների կամ բշտիկների տեսքով: Աճին զուգընթաց, նրանք դառնում են գորշ կարմիր գույնի: Մաշկի հեմանգիոմաները երբեմն կոչվում են մորենման հեմանգիոմաներ՝ բնորոշ տեսքի պատճառով: Մաշկի առավել խորը շերտերում տեղակայվելիս դրանք անգույն են լինում եւ արտահայտվում են հիմնականում` որպես մաշկի արտափքված գոյացություն: Նորածինների հեմանգիոմաները բնորոշվում են արագ աճով, որին հաճախ հաջորդում է դրանց հետզարգացումը: Հեմանգիոմաների առավել ակտիվ աճը դիտվում է երեխայի 4-6 ամսական հասակում, որից հետո դիտվում է աճի համեմատական կանգ:  Որպես կանոն, հեմանգիոմաները իրենց հանդեպ գերուշադրություն չեն պահանջում, սակայն դրանք պետք է վերահսկվեն: Եթե ​​նորագոյացության աճը համամասնական է երեխայի աճին, ապա այն ավտանգ է: Նման գոյացությունը միայն կոսմետիկ թերություն է, որը մեծ հավանականությամբ ինքնուրույն վերանալու է: Եթե ​​հեմանգիոման սկսում է արագորեն մեծանալ, փոխում է իր գույնը, խոցոտվում է,  ապա անհապաղ պետք է այցելել բժշկի: Բացի այդ, հեմանգիոման պետք է հեռացվի, եթե այն մշտապես վնասվում է, քանի որ դա կարող է արյունահոսության պատճառ հանդիսանալ: Կլինիկապես արտահայտված հեմանգիոմաների բուժման տարբերակները ներառում են դեղորայքային կոնսերվատիվ բուժումը, լազերային վիրաբուժությունը եւ վիրաբուժական եղանակով հեռացումը:

 Այս հիվանդության մասին առավել մանրամասն տեղեկանալու եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը ծավալվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ ԱՆԱՀԻՏ  ՇԱՀԻՆՅԱՆԻ հետ, ով չնայած իր երիտասարդ տարիքին  արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Բժշկուհին, 2004-2009 թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը, որից անմիջապես հետո 2009-2012թթ. կլինիկական օրդինատուրան` դիմածնոտային վիրաբուժության  մասնագիտությամբ, որն անցկացրել է <<Սուրբ Աստվածամայր>> կլինիկայում, որտեղ էլ 2012թ. սեպտեմբերից մինչ օրս աշխատում է որպես դիմածնոտային վիրաբույժ:

- Բժշկուհի,  ինչպե՞ս կգնահատեք այսօր Հայաստանում դիմածնոտային վիրաբուժության վիճակը, ի՞նչ մակարդակի վրա է հասել այս ոլորտը:

-Պետք է ուրախությամբ  նշեմ, որ մեր երկրում դիմածնոտային վիրաբուժության մակարդակը շատ բարձր դիրքերում է, չնայած այն փաստին, որ իմ նեղ մասնագիտացման ուղղվածությունը մանկական  դիմածնոտային վիրաբուժության մեջ է: Մենք այսօր այդ ոլորտում ունենք գործիքների հագեցվածության խնդիր, քանզի ամբողջ աշխարհը բավականին արագընթաց  քայլերով զարգացում է ապրում, բայց, չնայած նրան, որ արդեն մոտ երկու տարի է, ինչ մեր կենտրոնում հեմանգիոմա հիվանդության բուժման մեջ բարեհաջող ելքերը արդեն առկա են` արդյունքում մեզ զերծ պահելով վիրահատական միջամտություններից: Բուժման կոնսերվատիվ տարբերակի դեպքում, երբ ծնողները ճիշտ ժամանակին բերում են երեխային հետազոտման, եւ ժամանակին էլ ախտորոշվում է հեմանգիոմա հիվանդությունը: Կոնսերվատիվ բուժմամբ կարող ենք հասնել նրան, որ վիրահատություն չկատարվի, հատկապես դեմքի շրջանում հանդիպող հեմանգիոմաները չվիրահատվեն, քանի որ յուրաքանչյուր վիրահատություն կամ ոչ վիրահատական մեթոդներ` սառեցում, սկլերոզացնում թողնում են իրենց հետեւանքները սպիերի տեսքով, որոնք կարող են մնալ ամբողջ կյանքի ընթացքում: Հեմանգիոման բնածին անոթային  ուռուցք է, որը ժամանակակից գրականության մեջ համարվում է նաեւ բնածին արատ, քանի որ դեռեւս ապացուցված չէ, եւ չենք կարող պնդել այն թեորապես: Հիվանդությունը լինում է  մի քանի տեսակների` հասարակ, կավերնոզ, համակցված, խառը: Հասարակ հեմանգիոման տեղակայվում է մաշկի վերին շրջանում, կավերնոզը` մաշկի տակ, համակցվածը` ենթամաշկի եւ մաշկի վրա, խառը տեսակը կազմված է տարբեր հյուսվածքներից: Հեմանգիոմաներին բնորոշ է վարդագույնից մինչեւ ալ կարմիր գույնը: Սեղմելիս հեմանգիոման տափակում եւ գունազրկվում է (արյան արտահոսքի հետեւանքով), իսկ երբ երեխան լացում է, ճչում եւ հազում, այն մեծանում է, որի պատճառն արյան ներհոսքն է: Բուժումը հիմնականում պետք է սկսել որքան հնարավոր է շուտ` ախտորոշումից անմիջապես հետո: Այն ավելի արդյունավետ է երեխայի կյանքի առաջին ամիսներին: Հեմանգիոմաների բուժման եղանակները տարբեր են` վիրահատական, կրիոթերապիա` հեղուկ ազոտով սառեցում, սկլերոզացնող, ճառագայթային, լազերային, հորմոնային բուժում եւ իմունաբուժում: Մանկական պաթոլոգիաները, որոնք հանդիպել են իմ պրակտիկայում, բավականին շատ են եւ քիչ լուսաբանված, հատկապես քիչ են տեղեկացված մարզերում: Մեր պրակտիկայում ավելի շատ գործ ենք ունենում կավերնոզ եւ խառը տեսակների հետ, ինչպես նաեւ ինֆանտիլ հեմանգիոմաների, քանի որ մազանոթային հեմանգիոմաները մինչեւ 5 տարեկանը կարող են ինքնուրույն հետզարգացում ապրել: Իրականում  ցանկալի է, որ ախտորոշումը համապատասխան մասնագետը տա, թե իրականում դրանք որ տիպի հեմանգիոմաներին են պատկանում, ինքնուրույն նահանջող են, թե պետք է իրականացվի համապատասխան բուժօգնություն: Կա բուժման մեջ դեղամիջոց, որի կիրառելիությունը մինչեւ երեխայի մեկ տարեկան դիմելը` կավերնոզ եւ ինֆանտիլ հեմանգիոմայի դեպքում օգնում է: Դեղամիջոց, որն առաջարկվում եւ կիրառվում է մեր պրակտիկայում, եւ մենք ունենք հավաքած բավականին փաստեր բազմաթիվ հիվանդների կողմից, որ այդ դեղամիջոցի կիրառելիությունը  արդյունավետ եւ խոստումնալից է այնքանով, որ այն թույլ է տալիս հետագա միջամտությունների ծավալը փոքրացնել այնքանով , որ հետագայում նույն սպիերը կարող են լինել շատ աննշան: Ասեմ նաեւ, որ այսօր բավականին շատ են մեզ դիմողները, ովքեր իրականում պետք է սպասարկվեն  առաջնային օղակում` պոլիկլինիկաներում, բայց ավաղ, մեր երկրում դեռեւս այնքան էլ զարգացած չէ առաջնային օղակը,  երբեմն լինում են դեպքեր, որ ուղեգրում են մեզ մոտ հիվանդների, ովքեր, այսպես ասած, մեր հիվանդները չեն: Հուսամ, որ մեր Առողջապահության նախարարության որդեգրած ուղին իր պտուղները ապագայում տալու է, ինչպես նաեւ առաջնային օղակի զարգացման ուղղությամբ ավելի ծավալուն աշխատանքներ տարվեն: Սպասելիքներս մեծ են, տա Աստված, որ ի կատար ածվեն:

- Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր դեպքում ինչպե՞ս էր:

- Ես ծնվել եւ մեծացել եմ բժիշկների ընտանիքում, ունեմ հրաշալի ծնողներ, ովքեր մշտապես եղել են եւ կլինեն իմ կողքին ամեն հարցում: Իմ ամբողջ սերը, նվիրումը եւ հիմքը իմ մասնագիտացման մեջ դրվել է հայրիկիս կողմից, ով մասնագիտությամբ թերապեւտ է, իսկ մայրս` մանկական ատամնաբույժ է, ով ինձ օգնեց ճիշտ կողմնորոշվել նեղ մասնագիտացման ուղղվածության մեջ, քանզի տեսնելով իր նվիրումը` իր ընտրած գործին, ցանկությունս էլ ավելի մեծացավ, որպեսզի ես նույնպես աշխատեմ մանուկների հետ:  

- Բժշկուհի, հասցնո՞ւմ եք աշխատանքին համատեղել վերապատրաստումները:

- Ես դեռ բավականին անելիքներ ունեմ իմ ընտրած բնագավառում, երբ անհատն արդեն իրեն համարում է կատարյալ ամեն ինչում, ապա նրա մոտ լճացում է լինում:  Բոլորս էլ մշտապես անելիքներ ունենք այս կյանքում, դեռ կա եւ կլինի  կրթվելու կարիք, ես երբեք չեմ դադարում կամ զլանում աշխատել ինքս ինձ վրա, մշտապես մասնակցում եմ  վերապատրաստումների, քանզի դրանից է կախված մեր մասնագիտական հմտացումները, քանզի այսօր բժշկությունը բավականին արագ տեմպերով է առաջ գնում, պետք է հասցնել համահունչ շարժվել նորարարությունների զարկերակին, որպեսզի մենք էլ կարողանանք ճիշտ եւ գրագետ բուժօգնություն ցույց տանք մեզ դիմող հիվանդներին: Ասեմ, որ ես ինքս հանդիսանում եմ նաեւ դիմածնոտային վիրաբուժության ասոցացիայի անդամ, բայց կցանկանայի, որ ասոցացիաներն էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալեին`  ցուցաբերելով ժամանակակից մոտեցումներ:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հասարակությանը:

- Կցանկանամ  հորդորել մեր հասարակությանը, որ դադարի զբաղվել ինքնաբուժությամբ,  քիչ օգտվի ինտերնետ պորտալի խեղաթյուրված, լայնածավալ տեղեկատվությունից եւ առաջին իսկ գանգատների եւ սիմպտոմների դեպքում անհապաղ դիմի բժշկի:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր