Ռենտգեն հետազոտությունն այսօր բժշկության մեջ անփոխարինելի է, եւ հիվանդություններից շատերը անհնար է ախտորոշել առանց այդ մեթոդի
Ռենտգեն հետազոտման համար անցյալում կիրառվող սարքավորումն իսկապես դժվար էր անվտանգ համարել. այն մարդուն ճառագայթման մեծ չափաքանակի էր ենթարկում եւ կարող էր առողջությանը վնաս պատճառել: Այդ ժամանակ անհայտ ճառագայթների մասին գիտությանը քիչ բան էր հայտնի, հետեւաբար մասնագետները ռենտգենյան ճառագայթներն անվանում էին X ճառագայթներ: Մինչդեռ այսօր շատ բան է փոխվել, եւ ռենտգեն հետազոտության համար արդեն ժամանակակից սարքավորումներ են օգտագործում, որի շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում, եւ որը մի քանի անգամ կիրառելու, հետազոտվելու դեպքում չի կարող օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ: Չնայած այնպիսի նոր եւ առաջադեմ տեխնոլոգիաների ի հայտ գալուն, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)՝ հետազոտության ռենտգենաբանական մեթոդները շարունակում են մնալ առաջատարը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման գործընթացում՝ պայմանավորված այս մեթոդների իրականացման պարզությամբ եւ արագությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ հիվանդներին հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Հիվանդների համար կարեւոր է նաև տվյալ մեթոդի բարձր որակն ու ցածր գինը:
Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել նրանց ձեւը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը: Ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտությունն իրականացվում է բորբոքային, խոցային ախտահարումների, պոլիպների, դիվերտիկուլների, աղիքային անանցանելիության եւ ուռուցքների ախտորոշման նպատակով. լեղուղիների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է վերջիններիս ուրվագծերի, չափերի, ներ եւ արտալյարդային լեղածորանների լուսանցքի գնահատման, կոնկրեմենտների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով կրծքավանդակի ռենտգենագրաֆիան թույլ է տալիս ախտորոշել կրծքավանդակում տեղակայված օրգանների վարակային, ուռուցքային եւ այլ հիվանդությունները ողնաշարի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվում են դեգեներատիվ-դիստրոֆիկ (օստեոխոնդրոզ, սպոնդիլոզ, ողնաշարի ծռվածություն), բորբոքային եւ ուռուցքային հիվանդություններ հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է ոսկրերի եւ հոդերի տարբեր վնասվածքային (կոտրվածքներ, հոդախախտեր), վարակային, համակարգային ախտահարումների եւ ուռուցքային փոփոխությունների հայտնաբերման նպատակով արգանդի խոռոչի եւ ֆալոպյան խողովակների անցանելիության կոնտրաստային ռենտգեն հետազոտություն՝ հիստերոգրաֆիա կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն՝ մամոգրաֆիա:
Ռենտգեն հետազոտության համար հիվանդների հատուկ նախապատրաստում հիմնականում չի պահանջվում, բացառությամբ մարսողական օրգանների և միզասեռական օրգանների հետազոտութությունների ժմանակ:
Ռենտգենաբանական հետազոտությունները չափազանց պահանջված են օրթոպեդիայում: Այն իրենից ներկայացնում է արագ, հասանելի, հեշտ եւ մատչելի մեթոդ, որը շատ դեպքերում թույլ է տալիս անմիջապես ախտորոշել եւ բուժում նշանակել:
Օրթոպեդիայում ռենտգեն հետազոտությունը կիրառվում է ոսկրահոդային համակարգի ամբողջականության գնահատման նպատակով: Բացի սովորական հետազոտությունից, ներկայումս կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնահատել ոսկրերի եռաչափ կառուցվածքը: Դա հատկապես արդիական է անհետաձգելի վիրաբուժության ոլորտում, քանի որ մեթոդը թույլ է տալիս հստակ որոշել կոտրվածքի գիծը:
Բաժանմունքի թվային ռենտգենաբանական սարքավորումները թույլ են տալիս արագ ստանալ թվային պատկերներ, ինչը զգալիորեն կրճատում է արդյունքին սպասելու ժամանակը, նվազեցնում՝ ճառագայթման ազդեցությունը, իսկ պատկերները ստացվում են առավել բարձրորակ:
Մասնագետի խոսքով ռենտգեն հետազոտությունն այսօր բժշկության մեջ անփոխարինելի է, եւ հիվանդություններից շատերն անհնար է ախտորոշել առանց այդ մեթոդի, ուստի սխալ է «ռենտգենից խուսափելը». որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է: Ի դեպ, ռենտգենյան ճառագայթները նաեւ կիրառվում են օստեոպորոզի եւ ոսկրերի այլ խնդիրների հայտնաբերման դեպքում: Իհարկե չարժե առանց պատճառի ռենտգեն հետազոտություն անցնել, սակայն եթե այդ հետազոտության ցուցումները կան, չարժե նաեւ դրանից խուսափել, հատկապես եթե այն կատարվում է նորագույն սերնդի սարքավորմամբ: Այս բոլոր հետազոտությունները հիվանդների համար առավելագույնս անվտանգ են եւ օգնում են մեծ թվով հիվանդություններ ախտորոշել, ինչը պարզապես անհնար կլիներ առանց ռենտգեն-տեխնոլոգիաների: Ռենտգեն հետազոտությունն այսօր էլ մնում է որպես կարեւոր ախտորոշիչ միջոց հատկապես վնասվածքների եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Ռենտգեն հետազոտությունը (ռադիոգրաֆիա) օգտագործում է ռենտգենյան ճառագայթումը, որի միջոցով արտածվում է ներքին օրգանների պատկերները: Մարմնի տարբեր կառուցվածքները (օրինակ՝ ոսկրերը եւ փափուկ հյուսվածքները) ռենտգենյան ճառագայթները կլանում են տարբեր չափով, որն էլ թույլ է տալիս ստանալ ախտորոշման համար պիտանի պատկերներ: Այսօր շատերը խուսափում են ռենտգեն հետազոտությունից՝ մտահոգվելով, որ ստացած ճառագայթումը կարող է իրենց առողջությանը վնաս պատճառել: Որքանո՞վ է այդ վախն արդարացված: Արժե՞ իսկապես վախենալ ռենտգեն ճառագայթներից: http://bestgroup.am/ կայքի զրույցը ծավալվեց Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի անդամ, Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաեւ Նորմեդ բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ ԼԻԼԻԹ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ: Նրա խոսքերով. «Չնայած օր օրի զարգացող բժշկությանը եւ արդի մեթոդների կիրառելիությանը՝ այսօր ռենտգեն հետազոտությունը, միեւնույն է, մնում է բավականին մատչելի, հասանելի եւ բազային հետազոտություն: Ռենտգեն ախտորոշման պատմությունը մեկ դարից ավելի պատմություն ունի: Անվանումը ստացել է մեթոդը հայտնաբերած հեղինակի անունից: Մեթոդը, որը 1895 թվականին հայտնագործեց գերմանացի ականավոր ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը, կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումն էր։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի հետագա զարգացման վրա, մասնավորապես հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։ Վիլհելմ Ռենտգենի առաջին «բժշկական» ռենտգենը իր կնոջ ձեռքի ռենտգենն էր 1895թ.-ին։ Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին (1901թ.)։ Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության ոլորտում գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչեւ այժմ: Ռենտգեն հետազոտությունը հետագայում բժշկության մեջ շատ արագ զարգացավ, կիրառվեցին տարատեսակ մեթոդներ: Այն դժվարամատչելի հետազոտություն չէ, մեծամասամբ նախապես հիվանդին պետք չէ պատրաստել :
Ռենտգեն հետազոտությունը մեծ դեր է խաղում վնասվածքաբանության մեջ, քանի որ որոշ շտապ դեպքերում, օրինակ՝ կոտրվածքների ժամանակ, այն համարվում է առաջնահերթ հետազոտություն: Հետազոտություն, որը կիրառելի է նաեւ կրծքավանդակի օրգանների, ոսկրային եւ հենաշարժական համակարգի խնդիրների դեպքում: Ռենտգենը ախտորոշման ստանդարտ մեթոդ կարող է համարվել նաեւ ողնաշարային հիվանդությունների ախտորոշման դեպքում, եթե ինչ-ինչ պատճառներով հետազոտության եւ բուժման մեջ արդյունք չենք տեսնում, ապա ուղղորդում ենք հերթական հետազոտության: Ռենտգեն հետազոտությունը իրականացվում է նաեւ կանանց ներքին օրգանների վիճակի ախտորոշման, փողերի եւ արգանդի խոռոչի կոնտրաստային հետազոտության դեպքում: Ի դեպ, կցանկանայի նշել, որ այդ դեպքում հակացուցում կարող է հանդիսանալ միայն կոնտրաստային նյութի կիրառելիությունը (որն իր մեջ պարունակում է յոդ) եւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Այս դեպքում հիվանդին պետք է միայն զգուշացնել, որ մինչ հետազոտությունը դատարկ ստամոքսով գա: Մենք հիվանդին տալիս ենք բարիսուլֆատ, որն ամբողջությամբ օրգանիզմից դուրս է գալիս աղեստամոքսային տրակտով և օրգանիզմում չի ներծծվում: Պետք է նշեմ, որ ճիշտ է սկսել էտապային հետազոտություններով, այսինքն՝ ռենտգեն հետազոտությունից սկսելու անհրաժեշտության դեպքում, երբ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կողմնորոշվել ախտորոշման մեջ, եզրակացություն դնել կամ հետազոտության դինամիկայում դրական արդյունք չեն ստանում, ապա, բնականաբար, հաջորդ փուլերում հիվանդին ուղղորդում ենք՝ հետագա հետազոտություններն անցնելու: Երբ կատարվում է միզուղիների կոնտրաստային հետազոտություն՝ հատուկ կոնտրաստային նյութով, որը իրականում յոդ է պարունակում, պարտադիր հետազոտությունից առաջ հիվանդին խորհուրդ ենք տալիս հանձնել կրեատինինի անալիզ, այսինքն՝ եթե դրա թիվը բարձր լինի, դա առաջին հակացուցումը կարող ենք համարել, որպեսզի այդ հետազոտությունը չիրականացվի: Պետք է հետազոտությունը իրակացնել կրեատինինը նորմայի սահմաններ հասցնելուց հետո միայն: Հակացուցումների մեջ կարող ենք նշել նաեւ հղիությունը, չնայած լինում են նաեւ անհապաղ դեպքեր, երբ պետք է ախտորոշել հղիության ընթացքում առկա՞ է թոքաբորբը, թե ոչ, ինչպես նաեւ փոքր տարիքը, որի դեպքում կիրառվում է պաշտպանիչ արճիճ պարունակող հատուկ «գոգնոցներ», որպեսզի ճառագայթում չլինի և մյուս հատվածները պաշպանի: Ավելին ասեմ. հիվանդը ինքնուրույն որոշում չպետք է կայացնի եւ գնա ռենտգեն հետազոտության: Ռենտգեն հետազոտությունը ցանկալի է կատարել ստանդարտ երկու դիրքերով. գոյություն ունի միջազգային ստանդարտ, երբեմն կարող է լինել նաեւ հավելյալ երրորդ դիրքի հետազոտման պահանջ, բայց ամեն դեպքում ոսկե ստանդարտ է համարվում երկկողմ հետազոտությունը: Կցանկանամ նաեւ նշել, որ ռենտգեն հետազոտությունը կատարվում է երկու մեթոդով: Նախկինում ավելի հաճախ կատարվում էին ռենտգեն ժապավենով, երբ ռենտգեն ճառագայթները, անցնելով մարդու օրգանիզմի միջով, ֆիքսած պատկերը արտացոլում էին ժապավենի վրա: Այսօր արդի զարգացվածությանը համընթաց թվային հետազոտությունները արդիականացված են: Դա թույլ է տալիս քիչ դոզավորմամբ ճառագայթային բեռնվածությունը մինիմալի հասցնել, ինչը չի խանգարում ստանալ հետազոտության բավականին որակյալ պատկեր: Այն հնարավարություն է ստեղծվում ստացված պատկերը չափագրել միլիմետրերի ճշգրտությամբ: Գործածելով խոշորացույց ֆունկցիան, պոզիտիվ և նեգատիվ ռեժիմների փոփոխությամբ: Ստացված պատկերը տրամդրում ենք նայև սկավառակով: Թվային մեթոդով ստացված պատկերները ժամանակի ընթացքում չեն որակազրկվում ի տարբերություն ռենտգեն ժապավենների: Մենք ունենք բավականին մեծ արխիվ, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում կարողանում ենք համեմատել նոր հետազոտությունը հին հետազոտության հետ: Կարծիք կա հասարակության մեջ, որ ռենտգեն ճառագայթները վնասակար են առողջության համար: Համամիտ եմ, որ վնասակար են, բայց եթե դա չափի մեջ է և տարեկան կտրվածքով չափաբաժինը չեն անցնում: Դա հնարավորություն է տալիս բուժումից հետո հիվանդին կանչել դինամիկ ստուգման եւ իրականացնել հիվանդի դինամիկ վերահսկողությունը: Կրծքավանդակի հետազոտությունների դեպքում, երբ արդեն ախտորոշվել է թոքաբորբ, բնական է, որ բուժող բժիշկը բուժում նշանակելուց և ավարտելուց հետո ցանկանում է կրծքավանդակի կրկնակի դինամիկ հետազոտություն: Եթե կա դրական դինամիկա, հետագայում կրկնակի հետազոտման անհրաժեշտություն էլ չի լինում:
Ռենտգեն հետազոտման միջոցով ախտորոշվում է նայև օստեոպորոզը: Չնայած բազային առաջնահերթ հետազոտություն համարվում է դենսիտոմետրիան՝ երբեմն ոսկրային խտությունը նվազում է 25-30 տոկոսով, եւ դա հիմք է հանդիսանում հիվանդության առկայության հիմնավորմանը, որն ի հայտ է գալիս հիմնականում 55-60 տարեկանի շեմը հատած կանանց մոտ:
Ես, լինելով ռադիոլոգների ասոցիացիայի անդամ, ուրախությամբ եմ նշում, որ մեր ասոցիացիան բազմաթիվ ծավալուն աշխատանքներ է կատարում: Հատկանշական է, որ անգամ չենք կարող համեմատել 10-15 տարի առաջվա հետ: Մեր ասոցացիայի նախագահ Կոստյա Ղալումյանը բավականին մեծ աշխատանքներ է տանում, ինչի շնորհիվ էլ մեծ արդյունքների ենք հասել մեր բնագավառում: Կատարվում է նաեւ փորձի փոխանակում: Նշեմ, որ մայիսի 24-25-ը Դիլիջան քաղաքում կայացավ «Ռադիոգրաֆիա-2019» -ը, որտեղ արտերկրից բազմաթիվ հյուրեր էին հրավիրված, իսկ հունիսի 15-ին Մատենադարանում կկայանա ռադիոլոգների կոնգրեսը, որտեղ հրավիրված է աշխարհահռչակ հայազգի գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը, ով հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը: Ցանկանում եմ նաև առանձնացնել կլինիկական օրդինատուրայի իմ ուսուցչին՝ Մագդա Սահակի Բերբերյանին, հրաշալի մասնագետ և մանկավարժ, ով կրթել է ռենտգենոլոգների տասնյակ սերունդներ, ով դեռ կյանքի տարիներին դարձավ կենդանի լեգենդ, ով մեծ ներդրում ունեցավ իմ նեղ մասնագիտության ընտրության հարցում:
Իսկ որպես վերջաբան խորհուրդ կտամ մեր ազգաբնակչությանը, գոնե տարին մեկ անգամ, որպես սկրինինգային հետազոտություն անցնեն կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն՝ անկախ գանգատների առկայությունից, որպեսզի հետագայում չբախվեն բարդացած իրավիճակների:Մեր հասարակությանը մաղթում եմ ամուր առողջություն, հետեւողականություն եւ պատասխանատվություն սեփական առողջության նկատմամբ: Ցանկացած հիվանդություն արդյունավետ բուժելու կարևորագույն նախապայմանը առավելագույն ճշգրիտ ախտորոշումն է: