Ավետիք Նազարեթյան

(0 votes)

Բուժաշխատողներիս նպատակը մեր հասարակության առողջ լինելն է

 Հայաստանում մեծապես կարեւորվում են բժշկության ասպարեզում իրականացվելիք բարեփոխումները, որոնցով է պայմանավորվելու մեր երկրում նաեւ նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության զարգացման ընթացքը: Ըստ մասնագետների, հայերի մոտավորապես 10-ից 20 տոկոսն ունի ողնաշարային տարբեր խնդիրներ:

http://bestgroup.am/ կայքի է զրուցակիցն  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի  նյարդավիրաբույժ ԱՎԵՏԻՔ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԸ, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին վստահ ճանապարհ է անցել եւ դեռ անելիքներ ունի իր ոլորտում: Բժշկի հետ ունեցած ընդամենը մեկ հանդիպումն էլ բավական է հասկանալու համար, որ նա բժիշկ է իր ողջ էությամբ ու հոգով։ Նա իր գործունեության ընթացքում բուժման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներ է ներդրել, բազմաթիվ մարդկանց է բուժել` պարգեւելով նրանց առողջ ողնաշար: Մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, եւ հիվանդները նրա մոտից հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ:

- Պարո´ն Նազարեթյան, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել մինչ օրս:

- Նախ ասեմ, որ աշխատել եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժնում, որտեղ սարքավորումներն ավելի  ժամանակակից են, իսկ վերապատրաստումները` ցանկալի: Ես որոշեցի ավելի մասնագիտանալ ողնաշարի հետ կապված վիրահատությունների մեջ, եւ պատահական չէ, որ 2014թ.-ից «Ողնաշարի մինիմալ ինվազիվ  վիրաբուժության» եվրոպական, 2016թ.-ից  «Ողնաշարի մինիմալ ինվազիվ եւ էնդոսկոպիկ վիրաբուժության» հայկական, իսկ 2019թ.-ից  «Ողնաշարային վիրաբույժների» ռուսական ասոցիացիների անդամ եմ: Ամեն նորարարություն ներդնելու համար անհրաժեշտ են թե՛ տեխնիկական միջոցներ, թե՛ բարձր մասնագիտական որակներ: Եվ ես շնորհակալ եմ իմ ուսուցիչներին` ցուցաբերած մասնագիտական աջակցության համար: Ցանկանում եմ առանձնացնել Արմեն Գաբոյանին` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  հիվանդանոցի բաժանմունքի ղեկավարին, որտեղ ես անցկացրել եմ օրդինատուրայի տարիները` փորձ ստանալով մեծահասակների նյարդավիրաբուժության մեջ: Ապա աշխատելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում` մասնագիտացել եմ նաեւ մանկական նյարդավիրուբուժության մեջ, իսկ իմ ուսուցիչն այնտեղ Մարգար Մարտիրոսյանն էր` բաժանմունքի ղեկավարը: Դրանից հետո զորակոչվել եմ հայկական բանակ եւ աշխատել Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Զորացրվելուց հետո աշխատանքս շարունակեցի «Նաիրի»  բժշկական կենտրոնում` մասնագիտանալով ողնաշարային վիրաբուժության մեջ: Ընդհանրապես առավել մասնագիտացած եմ ողնաշարային վիրաբուժության, մասնավորապես` մինիմալ ինվազիվ վիրաբուժության բնագավառում, իրականացնում եմ փոքր կտրվածքով վիրահատություններ, էնդոսկոպիկ վիրահատություններ, ողնաշարի հետ կապված գրեթե բոլոր տեսակի  վիրաբուժական միջամտություններ: Անցել ենք ընդլայնված համապատասխան մասնագիտական վերապատրաստումներ: Կախված դեմոգրաֆիկ զարգացումից եւ բնակչության տարիքային աճից` մեծանում է նաեւ ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների ցուցանիշը: Այս փաստի եւ դրանից բխող պահանջարկի առնչությամբ ժամանակակից եւ հիվանդների օգտին ուղղված ողնաշարային բուժումն անցկացնելիս հաշվի ենք առնում միջազգային մասնագիտական չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտությունը:

- Բժի´շկ, ինչպե՞ս կգնահատեք բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունները:

- Ինձ համար շատ ցավալի փաստն այն է, որ այսօր, կարծես թե, բժիշկների վարկանիշի վրա ազդում են բացասականորեն, որի պատճառներից մեկը մեր հասարակության ծանր սոցիալ-հոգեբանական վիճակն է: Երբ հերթը հասնում է իրենց առողջական վիճակին, գլուխ է բարձրացնում ֆինանսի բացակայությունը, որից մեր հասարակությունը լարվում ու, կարծես թե, ագրեսիվ է դառնում, պահանջատեր: Դա ցավալի երեւույթ է, որը հաղթահարելու համար առկա են բավականին գերակա խնդիրներ: Ամեն դեպքում պետք է հուսանք, որ մի օր ավելի բարձր վստահություն կլինի դեպի բժշկությունը:

- Ի՞նչ կասեք նյարդավիրաբուժության մակարդակի մասին, ձեր բաժանմունքում հիմնականում ի՞նչ գործառույթներ են իրականացվում:

 -Ես նոր եմ տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն, նախկինում, ինչպես նշեցի, «Նաիրի» բժշկական կենտրոնում էի աշխատում: Մեր բաժանմունքում իրականացվում է ողնաշարի հետ կապված բոլոր անհրաժեշտ բուժօգնությունը, բայց, ցավոք, բժիշկների պակաս ունենք:

- Ի՞նչ զգացողություն եք ունենում ամեն հաջողությունից հետո:

- Իմ կարծիքով, բժիշկներիս համար հաջողության գրավականը մեր ապաքինված հիվանդն է, եւ միանշանակ բոլոր բժիշկների նպատակն ու ցանկությունը մեկն  է`իրեն դիմած հիվանդին անհրաժշետ բուժօգնություն ցուցաբերել:

- Կվերհիշե՞ք Ձեր կողմից իրականացված առաջին վիրահատական միջամտությունը:

- Սկզբնական շրջանում ես հիմնականում վիրաբույժների օգնական եմ եղել: Ընդհանրապես կան վիրահատություններ, որոնց պետք է մասնակցեն 2-3 բժիշկ:

- Ի՞նչ է տալիս մասնագիտական ասոցիացիայի անդամությունը:

- «Ողնաշարի մինիմալ ինվազիվ  եւ էնդոսկոպիկ հայկական  վիրաբուժության» ասոցիացիայի նախագահը Արմեն Պարգեւիչն է` «Նաիրի» բժշակական կենտրոնի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավարը, ում շնորհիվ մեր գիտելիքների ընդլայման եւ կատարելագործման ուղղությամբ բավականին ծավալուն աշխատանքներ են տարվում:

 - Տեխնիկական զարգացվածությունը ի՞նչ մակարդակի վրա է ձեր բաժանմունքում:

- Այն սահմանված պահանջներին համահունչ է, բայց ցանկալի կլինի, որ ավելի կատարեգործվի: Արտերկրում լինելով` տեսնում ես, որ այնտեղ անընդմեջ տեխնիկան թարմացվում է, բժշկությունն ավելի բարվոք վիճակում է, ինչը պայմանավորված է նրանց հիվանդանոցների, բուժհաստատությունների ֆինանսական հնարավորություններով:  

-  Դուք սեփական անձի նկատմամբ խստապահա՞նջ եք:

- Ես իսկապես խստապահանջ եմ ինքս իմ ու նաեւ իմ մասնագիտության նկատմամբ: Իսկ մասնագիտությունս յուրահատուկ է. այն պահանջում է ե´ւ ինտելեկտուալ կարողություններ, ե´ւ հոգեբանական յուրահատուկ մոտեցում, ե´ւ շրջապատի հետ հաշվի նստելու կարողություն: Եթե այս ամենը միաժամանակ նկատի չունենաս, երբեք լավ բժիշկ չես դառնա: Բարեբախտաբար, կյանքն ինձ նվիրել է  խելամիտ  աշխատելու, արարելու, կուտակելու փորձ, բայց կյանքն անընդհատ փոխվում է՝ պահանջելով նոր տեխնոլոգիաներ, նոր գործիքներ… Եվ ես աշխատում եմ հետ չմնալ ժամանակի պահանջներից, միշտ հետաքրքրվել եմ ամեն տեսակ նորով, բազմաթիվ դասընթացների եմ մասնակցել, ձգտել եմ լավագույնս օգտագործել կուտակած փորձս:

- Ի՞նչն եք ամենից շատ սիրում Ձեր մասնագիտության մեջ:

- Նախ, որքան էլ դա տարօրինակ հնչի, ես սիրում եմ իմ հիվանդներին եւ ուղղակի նվիրվում եմ նրանց՝ անելով հնարավոր ամեն բան:

- Ի՞նչ երազանք ունեք:

- Իմ մեծ ձգտումն ու երազանքն է, որ բժշկությունը լինի անվճար: Կարծում եմ՝ համբերություն է պետք. երբ երկրի վիճակը մի քիչ բարելավվի, մենք կունենանք անվճար բժշկություն:

Սկրինինգային ծրագրի մասին խոսելով`ուզում եմ նշել, որ արտերկրում կան պետական կամ մասնավոր ապահովագրական ընկերություններ, եւ պետությունը կամ ապահովագրական ընկերությունն են պարտադրում, որ մարդիկ անցնեն հերթական հետազոտությունները։

- Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը  եւ հորդորը մեր հասարակությանը:

- Ինձ թվում է` այսօր մի տեսակ պակասում է հարգանքը դիմացինի, մեծի նկատմամբ, ինչը հարիր չէ մեր հասարակությանը: Մեր հանրությանը խորհուրդ կտամ վստահել բուժհաստատություններին, բժիշկներին, հարգել նրանց։ Իրականում մեր` բուժաշխատողներիս նպատակը մեր հասարակության առողջ լինելն է, եւ դրա համար անում ենք ամեն ինչ:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր