Նարինե Դանիելյան

(0 votes)

Կինը չի կարող կատարյալ երջանիկ լինել առանց իր սիրած աշխատանքի

 Տե­սո­ղութ­յան հետ կապված խնդիր­ներ ու­նե­ցող մարդ­կանց թիվն ա­նընդ­հատ ավելանում է, բայց դրան զու­գա­հեռ տա­րեց­տա­րի կա­տա­րե­լա­գործ­վում են այդ խնդիր­նե­րի բուժ­ման մե­թոդ­նե­րը: 

Հայ­կա­կան ակ­նա­բու­ժութ­յու­նը տի­րա­պե­տո՟ւմ է ժա­մա­նա­կա­կից բուժ­ման ար­դիա­կան մե­թոդներին, արդ­յու­նա­վետ բու­ժօգ­նութ­յուն տրա­մադ­րե­լու հա­մար ու­նի՟ հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տա­կան ու նյու­թա­տեխ­նի­կա­կան նե­րուժ: Հայ­կա­կան ակ­նա­բու­ժութ­յան խնդիր­նե­րի ու զար­գաց­ման մի­տում­նե­րի մա­սին http://bestgroup.am/ կայքի զրույցը ծավալվեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կոնտակտային կորեկցիայի կաբինետի ակնաբույժ ՆԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, լավ կազմակերպված աշխատանքի շնորհիվ կատարում է հիվանդների ճշգրիտ ախտորոշում եւ հետագա բուժում` նրանց վերադարձնելով կյանքի առավելագույն պարգեւներից մեկը` աչքի լույսը:

-Բժշկուհի´, ի՟նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:

 -Ես Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում աշխատում եմ շուրջ 2 տարի, եւ մեր բաժանմունքում իրականացվում են կոնտակտային ոսպնյակների հետ կապված աշխատանքներ: Ունենք կերատոկոնուս հիվանդությամբ տառապող բավականին շատ հիվանդներ, որոնք կարդում են ընդամենը 2-3 տող. նրանց տեսողության որակը շատ վատն է, բայց չեն կարող ակնոց կրել: Կատարվում է վիրահատական միջամտություն, որից հետո` 3-6 ամսվա ընթացքում, նշանակվում են կոնտակտային ոսպնյակներ հատուկ աստիգմատիզմի համար, եւ այդպիսով վերադարձնում ենք հիվանդներին աչքի լույսը, նրանց կյանքին նոր որակ ենք հաղորդում:

-Խոսենք Ձեր մասնագիտական ուղու մասին, ի՟նչ ճանապարհ եք անցել մինչ օրս:

-Սովորել եւ 2010թ.-ին ավարտել եմ Տաշքենդի բժշկական համալսարանը, այնուհետեւ`ակնաբուժության օրդինատուրան, որից հետո տեղափոխվել եմ հայրենիք, քանի որ, թող անհամեստ չհնչի, ես հայրենասեր մարդ եմ եւ մշտապես ցանկացել եմ ապրել իմ հայրենիքում: Եվ ուսումս էլ ցանկանում էի ստանալ իմ երկրում, բայց ինչ-ինչ հանգամանքներ խանգարեցին: Մի քանի ամիս աշխատել եմ ակնաբուժական կլինիկայում, իսկ 2017թ.-ից մինչ օրս աշխատում եմ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում որպես ոսպնյակների բժիշկ-մասնագետ: Չեք պատկերացնի, թե ինչ լիարժեք ու կատարյալ բավարարվածության զգացում եմ ունենում ամեն անգամ, երբ ինձ մոտ գալիս են երեխաներ տարբեր խնդիրներով, օրինակ, +10, -20 աչքի տեսողությամբ, եւ ես կարողանում եմ օգնել նրանց: Ուզում եմ հպարտությամբ ասել, որ ինձ երջանիկ կին եմ համարում եւ մինչ օրս, փառք Աստծո, չեմ փոշմանել մասնագիտության ընտրության հարցում. շատ եմ սիրում իմ մասնագիտությունը եւ ապրում եմ դրանով: Պրակտիկա եմ անցել լազերային ակնաբուժության բաժանմունքում` բաժանմունքի ղեկավար Ելենա Մալայանի մոտ, եւ նա ինձ հարուստ գիտելիքների բազա ու  մասնագիտական փորձ է փոխանցել, որպեսզի կարողանամ ինձ դրսեւորել տարբեր իրավիճակներում ճշգրիտ եւ արագ որոշում կայացնելու հարցում: Ես հիշում եմ նույնիսկ իմ առաջին պացիենտին, որն ապրում է Վրաստանում եւ բուժզննում անցնելու նպատակով 3-4 ամիսը մեկ գալիս է մեզ մոտ հերթական ստուգման, քանի որ, կանխարգելիչ նկատառումներից ելնելով, ոսպնյակների կրման դեպքում պետք է նման բուժզննում անցնի:

-Բժշկուհի´, հասցնո՟ւմ եք աշխատանքը համատեղել վերապատրաստումների հետ:

-Այո, միանշանակ. պետք է միշտ համընթաց քայլել նորարարությունների հետ: Ասեմ, որ իմ մագիստրոսի թեզը եղել է «Կարճատեսության բարձր աստիճանի կորեկցիայի արդյունավետության գնահատականը լենսէկտոմիայի միջոցով, արհեստական ոսպնյակի ինպլանտացիա» թեմայի շուրջ: 2013 թ. «Երիտասարդ գիտնականների օրերի» շրջանակում կարդացի դասախոսություն «Կարճատեսության կանխարգելման արդյունավետության գնահատականը» թեմայով: Ընդհանրապես մասնակցել եմ բազմաթիվ գիտաժողովների տարբեր երկրներում, հանդես եկել զեկույցներով, բոլորովին վերջերս էլ` այս տարվա հուլիսի 22-23-ը,  մասնակցեցի Երեւանի հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովին, որը նվիրված էր ակնաբուժությանը, նեոնատոլոգիային, ներզատաբանությանը եւ հանդես եկա «Թորիկ կոնտակտային ոսպնյակների գործածման արդյունավետության գնահատականը կերատոկոնուսով հիվանդների մոտ քրոսս- լինքինգ իրականացնելուց հետո» զեկույցով:  Համաժողովում ներառվել էին ոլորտներում նոր հետազոտությունների եւ լավագույն փորձի ներկայացում եւ թեմատիկ քննարկումներ: Բացի ակնաբույժներից, նեոնատոլոգներից, ներզատաբաններից եւ խնամքի մասնագետներից, այս համաժողովը հետաքրքրական էր նաեւ առողջապահական համակարգի պատասխանատուների եւ քաղաքականություն մշակողների համար:

- Ի՞նչ գործառույթներ ունի կլինիկան:

- Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար: Բոլոր բաժանմունքները համալրված են վերջին սերնդի սարքավորումներով, օրինակ, լազերային բաժանմունքը վերջին սերնդի այնպիսի սարքավորումով է հագեցած, որը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում առաջիններից մեկն է: Ունենք նաեւ բանկ թորիկ եւ սովորական ոսպնյակների համար: Մեզ դիմող պացիենտներին մենք զուտ դեղատոմս չենք գրում, այլ անպայման փորձարկում ենք կատարում, քանի որ պետք է հիվանդին սովորեցնել ոսպնյակ կրելու ձեւը, հիգիենա պահպանելը եւ հորդորել, որ 3-4 ամիսը մեկ անպայման անցնի հերթական բուժզննությունը: Թյուր կարծիք կա մեր հասարակության մեջ, որ կոնտակտային ոսպնյակները վտանգավոր են, ինչը իրականությանը չի համապատասխանում: Իսկ ընդհանրապես անվտանգության 50 տոկոսը կախված է պացիենտից, թե նա ինչ հիգիենա կպահպանի, իսկ 50 տոկոսը` բժշկից, որը պետք է բուժզննություն կատարի, վարի ճիշտ բուժօգնությունը, ճիշտ նշանակում կատարի: Իհարկե, մենք չենք կարող հետեւել հիվանդների առօրյային, բայց նրանք պետք է գիտակցեն, որ  հանուն իրենց աչքի լույսի պետք է ճիշտ կատարեն մեր ցուցումները, եւ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կստանանք բավականին լավ արդյունքներ:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Կասեմ, որ կուլտուրան կախված է նաեւ բժշկից. պացիենտին պետք է վերաբերվել տան անդամի պես, ու, եթե մեզ դիմողները տեսնում են նման լավ վերաբերմունք, նրանց 99, նույնիսկ 100  տոկոսը իրեն լավ է դրսեւորում: Բայց ցավով պիտի  նշեմ նաեւ, որ Հայաստանում բժշկի կատարած աշխատանքի մեծությունը շատ քիչ է գնահատվում, եւ ես կարծում եմ` բժիշկներս պետք է ամեն ինչ անենք, որ այդ մակարդակը բարձրանա եւ մարդկային վերաբերմունքը մշտապես մղվի առաջին պլան:

-Իսկ Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:

-Կինը չի կարող կատարյալ երջանիկ լինել առանց իր սիրած աշխատանքի: Լիարժեք ես, եթե կա ընտանիք, երեխա,  բայց կինը նաեւ իրեն պետք է  դրսեւորի իր սիրած աշխատանքի մեջ: Ես սիրով գնում եմ աշխատանքի, սիրով կատարում իմ աշխատանքը, եւ, հավատացեք, դրանից առավել երջանկություն ինձ համար գոյություն չունի: Ու ես բոլորին խորհուրդ կտամ ընտրել այնպիսի մասնագիտություն, որ իրենց հոգուն համահունչ լինի: Իրականում հենց այնպես չի ասվում, որ աչքերը հոգու հայելին են. երբ իրականացնում ենք բուժզննում, աչքերի օգնությամբ կարող ենք պատկերացում կազմել օրգանիզմում առկա խնդիրների, օրգանների վիճակի մասին:  Բոլորին խորհուրդ կտամ շատ հետեւողական լինել իրենց աչքերի առողջության հարցում, կանխարգելիչ նպատակներով գոնե տարին մեկ անգամ անցնել բուժզննում, քանի որ, ինչքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան ավելի հեշտ կլինի հետագայում բուժօգնություն ցուցաբերելը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր