Հայկանուշ Կարախանյան

(0 votes)

«Իմ երջանկության գրավականները ընտանիքս, երեխաներս, ընկերներս եւ մասնագիտական գործունեությունս են»

 Նեոնատալոգիան բժշկության մի ուղղվածությունն է, որը զբաղվում է երեխայի ծնվելու պահից մինչեւ նրա 28 օրական դառնալու ժամանակահատվածում երեխայի մոտ ի հայտ եկած առողջական խնդիրներով: Փաստացի աշխարհի գրեթե բոլոր երկրներն ընդունել են այդ մասնագիտությունը, քանի որ, բժիշկների կարծիքով, կյանքի առաջին 28 օրերն են, որ մարդուն կարող են խոցելի դարձնել իր ամբողջ կյանքի ընթացքում: Արատների, ինչպես նաեւ անհաս ծնունդների դեպքերում անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բացի այդ, պահանջվում են այդ ժամանակահատվածի համար հատուկ դեղամիջոցներ եւ սարքավորումներ, ինչին կարող են տիրապետել նեղ մասնագետները: Նման բժշկության համար ֆինանսական միջոցները չափազանց սահմանափակ են, սակայն, ըստ http://bestgroup.am/  կայքի զրուցակցի, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-նեոնատոլոգ Հայկանուշ Կարախանյանի, ի պատիվ իրենց անձնակազմի նվիրվածության, կարողանում են  արձանագրել  բավարար ցուցանիշ, սակայն իրենք դրա համար չեն աշխատում: Յուրաքանչյուր թվի ետեւում մեկ կյանք է, մեկ ընտանիքի երջանկություն: Մասնագետները համագործակցում են  արտասահմանյան կլինիկաների հետ, հետեւում նորագույն տեխնոլոգիաներին եւ աշխարհին համահունչ ընթանում:Նեոնատալոգիայի ոլորտում մասնագետների  խնդիր չկա Հայաստանում, առողջապահության նախարարությունը տարիներ առաջ  ներդրել է պետպատվերի շրջանակներում մեծաթիվ նեոնատոլոգների կրթական ծրագիրը, ինչի արդյունքում, ինչպես մասնագետն է ասում, գրագետ սերունդ է գալիս:

 «Սլավմեդ» բժշկական կենտրոնն իր ծառայություններով  նպաստում է մանկական մահացության նվազեցմանն ամբողջ հանրապետությունով, եւ  նման կենտրոնների թվի ավելացման փոխարեն անհրաժեշտ է  տվյալ կլինիկայում էլ ավելի բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Կենտրոնն այսօր դինամիկ զարգացող բուժհաստատություններից է, որն ապահովում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ եւ բարձրակարգ բուժօգնություն: Տարիների փորձառություն ունեցող եւ երիտասարդ մասնագետների կլինիկական եւ կրթական գործունեության, համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, վերապատրաստումների, հեղինակավոր գիտաժողովների եւ սեմինարների մասնակցությունների, պարբերաբար գերժամանակակից տեխնոլոգիաների եւ բուժման, ախտորոշման ու վերականգնողական նոր մեթոդների ներդրման քաղաքականության, բուժայցելուների սպասարկման բարձր որակի ապահովման շնորհիվ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դարձել է ոչ միայն մեր հայրենակիցների, այլեւ շատ օտարերկրացիների համար նախընտրելի բժշկական կենտրոն:

Մեր զրուցակիցը նշում է, որ իսկապես դժվար է լինել կին, մայր եւ միաժամանակ նվիրվել մասնագիտությանն ու փորձել բոլոր «դերերում» լինել լավագույնը: Սակայն, երբ սիրում ես մասնագիտությունդ եւ զգում ընտանիքիդ անվերապահ աջակցությունն ու սերը, ցանկացած դժվարություն հաղթահարելի է դառնում, ավելին` դու ստանում ես նոր լիցքեր եւ խթան` առաջ շարժվելու, հասնելու ավելիին ու ձգտելու առավելագույնին: Մասնագիտական գործունեության ընթացքում արհեստավարժությունը ձեռք է բերվում տարիների քրտնաջան աշխատանքի, գիտելիքների, ստացած գործնական հմտությունների արդյունքում, իսկ մարդկային տեսակը ճիշտ ախտորոշելու միակ գրավականը մարդու կենսափորձն է:

«Իմ էներգիայի աղբյուրն իմ բալիկներն են, նրանցից ես տիեզերական էներգիա եմ ստանում: Ունենալ գիտելիք, բայց չունենալ սարքավորումներ, անիմաստ է: Սարքավորումներ ունենալ եւ չունենալ գիտելիք ու չօգտագործել սարքավորումը, նույնպես անիմաստ է: Հայ մասնագետների գիտելիքները բարձր են, սարքավորումներով էլ այժմ համալրվել եւ համալրվում են հանրապետության բուժկառույցները, որի արդյունքում էլ Հայաստանում իջել է մանկական մահացության տոկոսը»,-ասում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա, մասնագիտության ընտրության հարցը դրված է եղել դեռ մանկուց, եւ, ինչպես բոլոր մանկահասակ աղջիկների մոտ է լինում, բժշկուհի դառնալու իր երազանքն էլ մեծ էր, քանի որ երեխաներ շատ էր սիրում, եւ կյանքի  նպատակը մանկաբույժ դառնալն էր. «Ասեմ, որ արմատներումս չկան բժիշկներ, ամուսինս է բժիշկ, եւ նա ինձ բավականին մեծ իմպուլս է հաղորդում, միշտ ոգեշնչում: Նաեւ հայրիկս ինձ բժիշկ դարձնելու մեծ ցանկություն ուներ ու ինձ ուղղորդեց մասնագիտության ընտրության հարցում: Երբ բուհ էի ընդունվում, այդ տարիներին մանկաբուժական ֆակուլտետը փակվեց, ընդհանուր բժշկություն  էր: Բայց ուղեղումս մանկաբուժությունն էր, եւ հենց դա էլ ընտրեցի: Այնուհետեւ գնալով ծննդատուն՝ նեղ մասնագիտացում ընտրեցի նեոնատալոգիան, մասնագիտություն, որի էությունը ուսանելու տարիներին լավ չես գիտակցում, բայց հետո հասկանում ես դրա նշանակությունն ու կարեւորությունը: Ես շատ էի շփվում փոքրիկ բալիկների հետ, ինչն անչափ հաճելի էր, չնայած, ցավոք, լինում էին նաեւ տխուր պահեր: Ես միայն երեխաներին օգնելով հոգեպես բավարարված եմ զգում, իսկ նրանց պարգեւած ամեն մի էմոցիան մեզ գերհաճույք է պարգեւում: Իմ ընտանիքը հասկանում եւ աջակցում է ինձ, իսկ եթե այդպես չլիներ, ես, թերեւս, չէի հասնի այն հաջողություններին, որոնք այսօր իրականություն են: Ինձ համար մեծագույն երջանկություն է, որ նրանք կիսում են իմ ապրումները, ուրախություններն ու ձեռքբերումները: Ուզում եմ առանձնացնել հատկապես ամուսնուս, ում ըմբռնումն ու սերը, աջակցելու պատրաստակամությունն ու ուժը մշտապես ինձ հետ են: Նրան հաճելի է, որ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով, կայանում եմ որպես մասնագետ: Ճիշտն ասած, երեխաներիս ծննդով աշխատանքս մի քիչ նահանջեց, բայց որոշ դադարից հետո սկսել եմ աշխատել բուռն աշխատանքային գրաֆիկով»,-պատմում է բժշկուհին:

Խոսելով իր ուսուցիչներից՝ մեր զրուցակիցը նշեց, որ իր առաջին ուսուցիչը եղել է Պավել Արտյոմի Մազմանյանը, ում մոտ անցել է օրդինատուրա, ով իրեն տվել է գիտելիքների բավականին մեծ բազա: Նա ավագ բժիշկներից առանձնացրեց բաժանմունքի ղեկավար Հովհաննես Սասունիկի Ղազարյանին, ով տվել ու տալիս է գիտելիքների եւ փորձի մեծ բազա՝ օգնելով ճիշտ աշխատել նորածնի հետ, ում շնորհիվ նա հաստատուն քայլեր է անում իր ոլորտում:

Ըստ մեր զրուցակցի, նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան ոլորտի որակյալ եւ բարձրորակ ծառայության առաջատար կազմակերպողն ու երաշխավորն է Հայաստանում եւ մանկական մահացությունը նվազեցնելու, առողջ սերունդ ապահովելու նպատակով հետեւողականորեն կազմակերպում է միջազգային չափանիշներին համապատասխան նեոնատալ ծառայություններ եւ ստեղծում աշխատանքային արժանապատիվ պայմաններ նեոնատալ ծառայության համար. «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագիրը զգալիորեն աջակցել է նորածնային առողջապահական ծառայությունների որակի բարելավման գործընթացին: Շատ եմ կարեւորում պետական մարմինների՝ ի դեմս առողջապահության նախարարության, մարզային կառույցների եւ պետական այլ մարմինների հետ սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, որը տեղի է ունեցել ծրագրի իրականացման ընթացքում: Կլինիկական ուղեցույցները եւ նեոնատալ խնամքի չափորոշիչները, որոնք արժանացել են ՀՀ առողջապահության նախարարության հավանությանը, բաժանվում են Հայաստանի բոլոր շրջանների նեոնատալ բուժանձնակազմերին: Աշխատում ենք եվրոպական չափանիշներով, միայն մի քիչ զիջում ենք տեխնիկայի տեսանկյունից, աշխատում ենք ասոցիացիաների նախաձեռնությամբ, լինում են տարբեր թեմաների քննարկումներ, փորձի փոխանակություն: Մեր երիտասարդ կադրերն էլ բավականին զարգացած են, ձգտող, պրպտող եւ ավելի արագ են ընկալում նորարարությունները, տեղեկատվությունը»:

Ինչ վերաբերում է դիմելիության կուլտուրային, ապա այդ առումով բավականին առաջխաղացում կա, բայց դեռ չենք հասել այն մակարդակի, որին ձգտում ենք:

Իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջնային օղակների՝ համաբուժարանների (պոլիկլինիկաներ) նկատմամբ հանրության մոտ անվստահություն է ձեւավորվել: Բժշկուհու կարծիքով, տեղամասային համաբուժարաններում իրոք դեռ բաց տեղեր կան, այնտեղ աշխատում են հին չափանիշներով, իսկ, օրինակ, իրենց կլինիկայում ամեն ինչ նոր չափանիշների համապատասխան է, մոտեցումներն իրենց մոտ ավելի ժամանակակից են: Եվ իրենք աշխատում են առաջնային օղակներին աջակցելու ուղղությամբ:

Ծանրաբեռնված աշխատանքից հետո բժշկուհին իր հանգիստը գտնում է տանը՝ ընտանիքի եւ երեխաների հետ: Չնայած, ըստ մեր զրուցակցի, որքան էլ աշխատանքը հոգնեցնում է, այնուամենայնիվ, այն իրեն հաճույք է պատճառում, եւ առանց աշխատանքի կյանքն ընդհանրապես չի պատկերացնում: Տանը, իհարկե, լիցքաթափվում է, ու, քանի որ ամուսինն էլ բժիշկ է, իրեն լավ է հասկանում, եւ ամուսինները փորձում են միմյանց աջակցել: Եվ ընտանքում տարաձայնություններ գրեթե չեն ծագում:

Իսկ որպես վերջաբան ցանկանում է կանանց հորդորել, որ պարբերաբար այցելեն հետազոտությունների, մեծ ուշադրություն դարձնեն կյանքի ամենամեծ պարգեւին՝ իրենց առողջությանը, գնահատեն այն՝ մնացյալը թողնելով երկրորդ պլան: «Կյանքը մեծագույն պարգեւ է, որը պետք է երջանիկ ապրել, իսկ երջանկության բանաձեւն անհատական է, դրան հասնելու ուղիները` նույնպես: Իմ երջանկության գրավականները ընտանիքս, երեխաներս, ընկերներս եւ մասնագիտական գործունեությունս են, որոնցից յուրաքանչյուրն իր կարեւոր դերն ունի երջանկության իմ չափաբաժնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր