Հայկուհի Հովհաննիսյան

(0 votes)

Ցանկացած բժիշկ պետք է նաեւ լավ հոգեբան լինի

Ինչքան էլ ժամանակակից տեխնոլոգիաները հեշտացնեն ու սրընթաց դարձնեն մեր կյանքը, մարդկությունն իր ամբողջ զարգացման ընթացքում ունի անհերքելի ժառանգություն, որն անցել է հազարամյակների քննությունը եւ մեզ է հասել արդեն թրծված վիճակում` դառնալով ամուր հիմք նորի ու ավելի կատարյալի համար:Այդ ժառանգության մի մասն է կազմում արեւելյան բժշկությունը, որի նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն չի նվազում, այլ օրեցօր թարմանում է՝ համալրվելով ժամանակակից մոտեցումներով ու լուծումներով: Ժամանակակից բժշկության շատ մեթոդներ գնում են հնի եւ նորի ռացիոնալ ինտեգրացիայի ճանապարհով, որը հատկապես քրոնիկական հիվանդությունների կանխարգելման ու բուժման միակ արդյունավետ տարբերակն է:Ինտեգրատիվ բժշկությունը առողջապահության ստանդարտ է, որը կենտրոնանում է անհատի վրա եւ ուղղված է ամբողջ անձի` մտքի, մարմնի, հոգու եւ բնապահպանական ազդեցությունների, որոնք ազդում են մարդու առողջության վրա:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Էլիտ Մեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռեֆլեքսոթերապեւտ Հայկուհի Հովհաննիսյանը:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեֆլեքսոթերապիան:

- Ռեֆլեքսոթերապիան արեւելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը, կենսաբանական ակտիվ կետերի ու զոնաների միջոցով բուժումն ու վերականգնումը: Ռեֆլեքսոթերապիա եզրույթը համեմատաբար նոր է, ավելի տարածված է ասեղնաբուժություն եզրույթը, որը կենսաբանական ակտիվ կետերի խթանումն է հատուկ ասեղների միջոցով:Սակայն կենսաբանական ակտիվ կետերի եւ զոնաների վրա աշխատանքը չի սահմանափակվում միայն ասեղներով, դրանք նաեւ տաքացնում են՝ թերմոպունկտուրա, կենսաբանական ակտիվ կետերը խթանում են էլեկտրական, մագնիսական, լազերային ճառագայթներով՝ էլեկտրոպունկտուրա, մագնիտոպունկտուրա, լազերոպունկտուրա, կենսաբանական ակտիվ կետերի մեջ կատարվում է տարբեր նյութերի ներարկումներ՝ ֆարմակոպունկտուրա, բիոպունկտուրա, պլազմոպունկտուրա:Ռեֆլեքսոթերապիայի արդյունավետությունը հաստատվել է մի շարք կլինիկական փորձարկումների միջոցով: Մեթոդիկան ճանաչված է գիտական միջավայրում եւ ակտիվորեն օգտագործվում է առաջատար համաշխարհային կլինիկաներում:Տվյալ ոլորտում աշխատող շատ մասնագետներ ունեն ոչ միայն մասնագիտական կրթություն, այլեւ աշխատանքի հսկայական փորձ: Նրանք մշտապես մասնակցում են դասընթացների, բարձրացնում իրենց որակավորումը, կատարելագործվում: Դրա շնորհիվ ռեֆլեքսոթերապիան տալիս է առավելագույն բուժական եւ առողջարարական արդյունք:

-Ո՞ր դեպքերում է նշանակվում ռեֆլեքսոթերապիա:

-Ռեֆլեքսոթերապեւտին արժե դիմել, եթե Ձեզ անհանգստացնում են հաճախակի գլխացավերը, մկանային ցավերը, ջղակծկումները՝ սպազմեր, խնդիրներ կան սիրտ-անոթային համակարգի աշխատանքում, այդ թվում՝ առիթմիա, կրծքահեղձուկ՝ ստենոկարդիա եւ ճնշման տատանումներ, եթե ոչ այնքան լավ է գործում աղեստամոքսային ուղին. հաստ աղիքի բորբոքում՝ կոլիտներ, ստամոքսաբորբ՝ գաստրիտներ, հաճախակի փորկապությունները նույնպես կարգավորվում են, եթե անհանգստացնում են ցավերը մեջքի եւ հոդերի շրջանում. ռեֆլեքսոթերապիան օստեոխոնդրոզի ժամանակ ամենաարդյունավետ մեթոդներից է եւ օգնում է շատ արագ վերականգնվել, եթե առկա են գինեկոլոգիական հիվանդություններ, չբերություն:Ռեֆլեքսոթերապիան շատ արդյունավետ է նաեւ որպես վերականգնողական մեթոդ տրավմաներից, վիրահատություններից հետո: Ասեղնաբուժությունը բուժման մեթոդների մեջ ամենահներից մեկն է, այն 5000 տարվա պատմություն ունի չինական բժշկության մեջ, որը տարբեր երկրներ իրենց են վերագրում: Ամեն դեպքում, դա արեւելյան բժշկություն է, բայց աշխարհում ընդունված է համարել չինական բժշկություն:Այնտեղ առողջությունը եղել է առաջնային եւ գերակա խնդիր, նրանք ունեցել են շատ արդիական տեսակետ, ըստ որի, եթե մարդ կարողանում է կառավարել իր մարմինը, կարող է կառավարել ընտանիք, եթե մարդ կարողանում է կառավարել իր ընտանիքը, ապա կարող է կառավարել համայնք, համայնք կառավարող մարդը կարող է կառավարել նաեւ իր երկիրը: Այսինքն, երկիր կառավարող մարդը պետք է լինի առողջ: Դարերի ընթացքում շատ բժշկական մեթոդներ կորել են, բայց ասեղնաբուժությունը եկել-հասել է մեր օրեր եւ թարմացվում է ժամանակակից բժշկության մեջ եղած նորություններով ու առավելություններով: Եթե հնում դնում էին ասեղ եւ այրում, ապա այսօր ժամանակակից ռեֆլեքսոթերապայի մեթոդների մեծ շրջանակ կա:Մի խոսքով, ռեֆլեքսոթերապիան բավականին լուրջ մեթոդ է, բայց այն պետք է կիրառվի ճիշտ եւ գրագետ:

-Բժշկուհի, կարողանո՞ւմ եք աշխատանքը համատեղել վերապատրաստումների հետ:

-Վերապատրաստումների մասնակցելը մեր մասնագիտական զարգացման կարեւոր նախապայմանն է, քանի որ օրեցօր նորություններ են լինում բժշկության մեջ, եւ պետք է դրանց համընթաց քայլել: Հիմա փորձի փոխանակության եւ շփման շրջանակը մեծ է, քան նախկինում էր. կան շատ հետաքրքիր ուղղություններ մեր մասնագիտության մեջ, եւ, այդքան հին լինելով հանդերձ, այդ մեթոդը բավականին ճկուն է, ու, եթե մասնագետը ցանկանում է առաջ շարժվել, չդոփել տեղում, մեծ հնարավորութուններ եւ դաշտ կա նրա համար:

-Բոլորն էլ ունեն իրենց ուսուցիչը, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Ունեցել եմ շատ ուսուցիչներ, եւ նրանցից ամեն մեկը իրենը տվել է ինձ, որպեսզի կայանամ իմ բնագավառում, ու ես շատ շնորհակալ եմ բոլորին՝ սկսած իմ առաջին մասնագիտության՝ սրտաբանության մասնագետներից: Ուրախ եմ, որ անցել եմ շատ լավ դպրոց, որի շնորհիվ իմ գիտելիքների բազան բավականին հարուստ է:

-Ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները բժիշկներին:

-Մենք ունենք ասոցիացիա, որտեղ ներգրավված է վաթսունից ավելի լիցենզավորված մասնագետ, ունենք ակտիվ ռեֆլեքսոթերապեւտների խումբ, հավաքվում ենք, փորձի փոխանակություն է իրականացվում: Ասոցիացիայի ղեկավար Մկրտիչ Նորայրի Ավագյանի հովանու ներքո մասնագետներ են հրավիրվում արտերկրից, բավականին ակտիվ գործունեություն է ծավալվում:

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:

-18-րդ դարից սկսած՝ իմ արմատներում եղել են բժիշկներ:Իմ հոր պապը՝ Կարապետ Աղեկյանը, Շիրակի դաշտավայրում շատ հայտնի բժիշկ է եղել, սովորել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, պրակտիկան շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:Բայց այնքան հայրենասեր է եղել, որ վերադարձել է հայրենիք, ամուսնացել այստեղ, եւ երեխաներն այստեղ են ծնվել:Նրա հնարավորությունները ոչ միայն իր հայրենիքում, այլեւ թուրքերի կողմից են օգտագործվել, սակայն դարձել է թուրքի զոհ: Նախկինում բժիշկները բազմակողմանի զարգացած էին. նա եղել է ե՛ւ վիրաբույժ, ե՛ւ գինեկոլոգ, ե՛ւ թերապեւտ ու Ամերիկայի Միացյալ Նահանգերից բերել է բազմաքանակ գործիքներ, որոնք այստեղ չեն եղել, մարդիկ նույնիսկ չեն էլ տեսել: 1924 թվականին թուրք փաշան հրավիրել է նրան իր կնոջը բուժելու համար (եղել է գինեկոլոգիական խնդիր), գնացել, վիրահատել է, գիշերով վերադառնալիս սահմանի վրա նրա ձիուն սպանել են: Թուրք ուղեկցողը թողել, ետ է գնացել, իսկ ինքն իր գործիքների մեծ պայուսակով մնացել է դաշտի մեջտեղում: Ձմեռ է եղել, դեկտեմբեր ամիսը, ամբողջ գիշեր քայլելով հասել է մոտակա գյուղ եւ որպես բժիշկ հասկացել, որ ոտքերը ցրտահարվել են, ու իր մոտ փտախտ է սկսվում: Երեւի գյուղացիների օգնությամբ ինքն իր ոտքերից մեկը անդամահատել է, որից հետո երկար չի ապրել. մոտ երկու ամիս հետո մահացել է՝ լինելով ընդամենը 42 տարեկան:Մեր Հայկանուշ տատը, որի անունով նաեւ ինձ են կոչել, պատմում էր, որ Երեւանի բժշկական ինստիտուտում իմացել են, որ նման բժիշկ է եղել եւ ժառանգություն է թողել շատ գործիքներ, եկել, բավականին մեծ գումարով դրանք իրենից գնել են: Եվ տատս այդ գումարով կարողացել է միայնակ իր երեք երեխաներին պահել եւ մեծացնել՝ հասցնելով նրանց իրենց նպատակներին:

-Կարո՞ղ եք նշել Ձեր բնավորության կողմերը:

-Ցանկացած բժշկի համար ուժեղ կողմ կարող է լինել համբերատարությունը, որը երբեմն չի հերիքում, բայց տարիների ընթացքում ձեռք ես բերում: Ես կասեի՝ գերհամբերատարությունը: Ցանկացած բժիշկ պետք է նաեւ լավ հոգեբան լինի, կարծում եմ՝ այդ երկու տվյալների առկայության դեպքում բժիշկ դառնալն իմաստ ունի: Եթե մարդը համբերատար չէ, չի կարող լսել իրեն դիմող մարդկանց, նրանից լավ բժիշկ չի ստացվի: Արեւելյան բժիշկները մարդու ֆիզիկական եւ հոգեկան աշխարհը իրարից չեն առաձնացրել: Եթե կարողանաս հանգուցալուծել մարդու հոգեբանական խնդիրը, հասնես այն բանին, որ նա քեզ վստահի, ապա ֆիզիկական ապաքինումը հեշտ կլինի: Իսկ եթե այդ ամենին մոտենում ես զուտ ֆիզիկական տեսանկյունից, ապա արդյունքը թերի է լինում: Ինձ դիմողները հիմնականում նրանք են, ովքեր իմ մասին տեղեկացել են դրական արդյունք ունեցած իմ պացիենտներից: Իրականում պատահական պացիենտներ չեմ ունենում, քանի որ մարդը լավ գիտակցում է, թե ում է դիմում, տվյալ մասնագետն ինչ մեթոդներով է աշխատում: Եթե երկկողմանի վստահություն եւ համբերատարություն չլինի, արդյունք չենք տեսնի: Շատ ժամանակ գալիս են արդեն իրենց «դիագնոզ» դրած, բայց պետք է լսեն, վստահեն բժշկին:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Ուզում եմ ուրախությամբ նշել, որ հատկապես երիտասարդները դիմում են ինձ ոչ միայն բուժման, այլ նաեւ կանխարգելիչ նպատակով: Ես ցանկանում եմ, որ այդ երեւույթը դառնա զանգվածային, եւ վերանա հայկական այն մենթալիտետը, երբ բժշկին դիմում են դանակը ոսկորին հասնելու դեպքում:Կցանկանայի, որ մեր հասարակությունն ավելի գիտակցորեն մոտենա իր առողջությանը, եւ ընդհանրապես գիտակցականն առաջին տեղում լինի բոլոր բնագավառներում, ու ամեն մարդ ընտրի իր ճանապարհը, տարանջատի իր լավն ու վատը, գնահատի այն ամենը, ինչ Աստծո կողմից շնորհված է իրեն:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր