ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

(0 votes)

Կանխարգելելը սրտանոթային գանգատների վերացման միակ ճանապարհն է

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն ունեն սրտային հիվանդությունները: Այսօր Հայաստանի սրտաբանության զարգացվածության եւ բուժման բարեհաջող ելքերով լավագույն օջախներից մեկը սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն է, որտեղ լավագույն մասնագետների օգնությամբ իրականացվում են որակյալ բոլոր բուժօգնությունները: 

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող եւ սրտաբան ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, ում հետ զրույցում քննարկվեցին Հայաստանում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման ու բուժման հնարավորությունների, ձեռքբերումների ու անհրաժեշտ քայլերի վերաբերյալ հարցերը: Բժիշկները, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր: Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ամեն կերպ ձգտում է բարելավել պացիենտների հետագա կյանքի որակը:

-Պարո՛ն Չիլինգարյան, հիմնականում սիրտ-անոթային ի՞նչ հիվանդությունների դեպքում են ձեզ դիմում:

-Սովորաբար սիրտ-անոթային խնդիրների դեպքում գանգատները շատ տարբեր են՝ կրծքավանդակի ցավերից, շնչարգելությունից մինչեւ սրտի անկանոն աշխատանք, ոտքերի այտույցներ, գլխապտույտներ: Շատ անգամ այնպիսի արտառոց գանգատներով են դիմում՝  կարծելով, որ սրտային խնդրից է, քանի որ սիրտը այնպիսի մի օրգան է, որի համար անհանգստանալը առաջնային է: Գալիս են ճշտելու՝ սրտայի՞ն խնդիր է, թե ոչ, պարզելու  իրենց գանգատների իրական պատճառները: Վիրուսային համաճարակի այս օրերին շատերի մոտ սրտային խնդիրը գլուխ է բարձրացրել: Երբ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդիկ վարակվում են վիրուսով, ավելի է բարդանում նրանց քրոնիկական հիվանդությունը, ավելի ծանր են սկսում տանել այն:  

-Հիմնականում ո՞ր սրտանոթային հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Միշտ կան հիվանդություններ, որոնք տարիքային շեմ չեն հարցնում, օրինակ, սրտի բնածին եւ ձեռքբերովի արատները, որոնք սովորաբար ի հայտ են գալիս ավելի վաղ տարիքում: Մասնավորապես պիտի նշեմ երիտասարդացում ապրած սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտը, ստենոկարդիան, որոնց առաջացման պատճառները բազմազան են: Դրանց նպաստում են ճարպակալումը, շաքարային հիվանդությունը, սթրեսները, սննդի անկանոն ընդունումը, ծխելը, որը, ցավոք սրտի, մեր երկրում վաղ տարիքից է նկատվում:  Մի խոսքով, կյանքի որակն է իրականում բավականին փոփոխության ենթարկվել, ինչն էլ նպաստում է սրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը:  

-Հասարակությունը հաճախ չի տարանջատում ինսուլտը ինֆարկտից: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Ինֆարկտն ու ինսուլտը, կարելի  է ասել, նույն հիվանդություններն են, ուղղակի տարբերվում են տարբեր օրգաններում տեղակայմամբ: Իրականում խցանվում է անոթը, եւ արյուն չի մատակարարվում սիրտ, սրտամկանի որոշ մաս մահանում է, վերք է առաջանում, այնուհետեւ սպիանում, ու նույն իրավիճակը տեղի է ունենում ուղեղում, որը  կոչվում է ինսուլտ: Անոթը խցանվում է ուղեղում, որտեղ մեռուկացում է առաջանում ուղեղի հյուսվածքի որոշակի տարածքում: Տարանջատելու համար ասենք՝ ուղեղինը ինսուլտ է, սրտինը` ինֆարկտ: Հիվանդություններ են, որոնք ունեն նույն մեխանիզմը եւ նույն պաթոլոգիան, որոնց հիմքում ընկած է անոթային խցանումը, եւ երկուսի դեպքում էլ ռիսկային գործոնները կրկնվում են՝ ալկոհոլի չարաշահում, ճարպակալում, շաքարախտ, ճնշման խնդիրներ, նստակյաց կյանք:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր սրտաբանությունը ապագայում լավագույնների ձեռքերո՞ւմ կլինի:

-Մեր երիտասարդությունն այսօր բավականին նպատակասլաց է, ձգտող, պրպտող, հետաքրքրասեր, եւ այդ ամենը մեզ համար բավականին ուրախալի փաստ է, որին նպաստում է արդի տեղեկատվական դաշտի տարածվածությունը: Ասօրվա երիտասարդությունը հասուն մոտեցում է ցուցաբերում իր մասնագիտությանը, նրա պատասխանատվության զգացումը բավականին բարձր է, շուտ է յուրացնում գիտելիքները: Իսկ մենք էլ, ավելի ոգեւորվելով երիտասարդների հետաքրքրասիրությամբ, ցանկանում ենք ավելին տալ նրանց:

-Ի՞նչ կասեք կանխարգելիչ բուժման մասին, մեր երկրում այն զարգացա՞ծ է:

-Կանխարգելիչ բուժումը, կարծես թե, մեր էթնոսում ծնված չէ, դաջված չէ: Բոլորը կարծում են, թե սրտանոթային հիվանդությունները վերջնական բուժվող հիվանդություններ են, սակայն, ցավոք սրտի, դրանք չեն բուժվում, հիվանդի սիրտը միշտ էլ մնում է հիվանդ: Մենք ուղղակի նպաստում ենք գանգատների վերացմանը, որպեսզի պացիենտը չզգա իր հիվանդության գոյությունը: Սրտային խնդիրների դեպքում պետք է հետեւողական լինել, հիվանդը պետք է միշտ ընդունի իր դեղորայքը, որովհետեւ դադարեցնելու դեպքում կվերադառնա իր նույն գանգատներին: Կանխարգելելը սրտանոթային գանգատների վերացման միակ ճանապարհն է, եւ ամբողջ աշխարհում սրտանոթային խնդիրների դեպքում բժշկությունն աշխատում է միայն կանխարգելիչ բուժման ճանապարհով: Իհարկե,  ավելի լավ է՝ մարդիկ իրենց հետեւելով փորձեն չհիվանդանալ՝ խուսափելով ռիսկային գործոններից: Բժշկությունը դրսից է ազդում անհատի վրա, ավելի շատ պետք է սեւեռվել առողջության վրա, ոչ թե հիվանդության, մենք բուժում ենք հիվանդությունը, ոչ թե հիվանդին, մենք ոչ թե առողջության, այլ հիվանդությունների հետ ենք առնչվում: Դա է բժշկությունը. մենք ուսումնասիրում են հիվանդությունը, ոչ թե առողջությունը: Ժամանակին կանխարգելումը առողջություն է, իսկ մեր բուժածը հիվանդությունն է:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Առաջին հերթին մեր հասարակությանը կցանկանամ առողջություն: Այսօր շատ ծանր ժամանակներում ենք ապրում. վիրուսի առկայությունը շատ բան փոխեց մեր ապրելակերպի մեջ: Կցանկանամ, որ մարդիկ ավելի սթափ մտածեն չկորցնելու համար մեր ազգային եւ մարդկային արժեքները, պահպանենք մեր անհատականությունները, ավելի պարտաճանաչ լինենք մեր անձի նկատմամբ: Կցանկանամ, որ մարդկանց սրտերը առողջ բաբախեն, որ նրանց գանգատները սրտային չլինեն, աշխատեն հեռու մնալ տարբեր ռիսկային գործոններից, հետեւեն իրենց ճնշմանը, շատ քայլեն, նյարդերը հանգիստ պահեն, բարի մնան: Եվ այդ ամենը կնպաստի  մարդու ֆիզիկական եւ հոգեւոր առողջությանը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր