ԱՆԱՀԻՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ

(0 votes)

Պացիենտը տուն է գնում պրոցեդուրայից հետո 

Յուրաքանչյուր մանկան լույս աշխարհ գալով աշխարհը հարստանում է նոր գույներով, նոր նրբերանգներով, եւ անչափ կարեւոր է, որ նորածինը լինի առողջ: Ու  այդ հարցում մարդկանց օգնում է բժիշկը, մանկաբույժը: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՆԱՀԻՏ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ: 

-Հղիների մոտ ո՞ր հիվանդություններն են ավելի շատ հանդիպում:

-Դրանք բազմաթիվ են, ու առանձնացնելը բարդ է: Երկար չծավալվելու նպատակով խոսենք ակտուալ որոշ պաթոլոգիաների, օրինակ, հղիների մոտ հաճախ հանդիպող ժառանգական թրոմբոֆիլիաների մասին, ինչը որոշակի բացասական ազդեցություն կարող է ունենալ (վիժում, արնահոսություն,  թրոմբոզներ), եթե հղին չգտնվի մասնագիտական հսկողության տակ: Նման դեպքում հղիությունը վարվում է արյունաբանի հետ միասին: Երբեմն կանայք մեզ դիմում են հաճախակի վիժումներից հետո, ու հաճախ պարզվում է, որ որեւէ վարակի, հորմոնալ խանգարումների բացակայության պարագայում վիժումների պատճառը ժառանգական թրոմբոֆիլիան է: Ախտորոշումից հետո այդ հղիները հսկողության տակ են վերցվում, եւ նրանց վարում ենք  արյունաբանների հետ: Նրանք ստանում են համապատասխան դեղորայքային բուժում, պարբերաբար կրկնակի հետազոտվում են, արդյունքները քննարկվում են մասնագետների կողմից, բուժման մեջ շտկումներ են մտցվում:  

Նման խնդիր ունեցող կանայք հետագայում եւս պետք է հետեւեն իրենց առողջությանը, քանի որ թրոմբոֆիլիաները հղիությունից հետո ինքնաբերաբար չեն բուժվում եւ կարող են սիրտ-անոթային այլ պաթոլոգիաների զարգացման պատ֊֊ճառ դառնալ:

Հաճախ հղիների մոտ գրանցվում են արգանդի վզիկի անբավարարության դեպքեր, երբ անսպասելի «հարթանում» է արգանդի վզիկը, որը 15-16-ից մինչեւ  23-25 շաբաթական հղիության ժամանակ բերում է վիժման: Այս պաթոլոգիան զարգանում է հորմոնալ խանգարումների, «սովորական վիժումներ»-ի, հաճախակի աբորտների եւ այլ խնդիրների պատճառով:

Բազմապտուղ հղիությունների դեպքում նույնպես կարող են տարաբնույթ խնդիրներ առաջանալ: Ընդհանրապես բազմապտուղ հղիությունները գործնականում չեն հասնում մինչեւ ժամկետի ավարտը, երեխաները ծնվում են վաղաժամ: Նման դեպքերում նախապատրաստում ենք պտղի թոքերը, ստեղծում այլ պայմաններ, որ այդ երեխաները շնչառական խնդիրներ չունենան:

-Ձեր կլինիկայում մանկաբարձության, գինեկոլոգիայի մեջ նոր տեխնոլոգիաներ կիրառվո՞ւմ են: 

-Այո, իհարկե: Ավելի շատ՝ գինեկոլոգիայի մեջ: Օրինակ, հետծննդյան շրջանում պացիենտները որոշակի բաների շտկման կարիք ունենում են, եւ նման դեպքերում հաճախ լազերային տեխնոլոգիաների միջոցով իրականացվում են բուժական կամ կոսմետիկ միջամտություններ: Ես զբաղվում եմ նաեւ այդ պաթոլոգիաների բուժմամբ: Նախկինում դրանք վիրահատական եղանակով էին վերացվում, իսկ հիմա շատ խնդիրներ լուծվում են լազերային տեխնոլոգիայի միջոցով, ցավազրկման կարիք հաճախ չի էլ լինում, պացիենտը տուն է գնում պրոցեդուրայից րոպեներ հետո: 

-Ի՞նչ է էսթետիկ գինեկոլոգիան:

- Դա միջամտություն է, որն իրականացվում է տեսանելի այս կամ այն թերությունը շտկելու նպատակով: Օրինակ, լաբիապլաստիկան՝ չափից դուրս մեծ կամ այլ խնդիրներով սեռական շուրթերի ուղղումը, կարճեցումը, նախածննդյան, հետծննդյան, ժառանգական խնդիրներով պայմանավորված այլ դեֆեկտները շտկելը: Օրինակ, լազերի միջոցով նեղացվում է հեշտոցը, սպիտակեցվում է պտուկների, արտաքին սեռական օրգանների հարակից մաշկը, բուժվում է, ասենք, սեռական ակտի ժամանակ անմիզապահության խնդիրը, բարելավվում է սեռական կյանքի որակը, եւ վերացվում են այլ խնդիրներ:

-Շատե՞րն են ձեզ դիմում:

-Շատերը դիմում են ծննդաբերությունից հետո, ոմանք՝ դրանից անկախ: Հետծննդաբերական շրջանում ակտիվ սեռական կյանքի վրադառնալիս նկատում են, որ զգացողությունները փոխված են, չորություն, սառնություն են զգում, հեշտոցի առաձգականության անկման պատճառով լարվում են, բարդույթներ են ձեռք բերում: Այդ ամենը բացասաբար կարող է ազդել նաեւ ամուսինների հարաբերությունների վրա:

-Բժիշկ-պացիենտ հարաբերություններում ի՞նչն եք կարևորում: Կարծես թե մարդիկ այսօր ավելի պահանջկոտ են դարձել:

- Այո, ավելի պահանջկոտ են, եւ դա հասկանալի է: Բայց հանդուրժող չեն, ու հաճախ պահանջկոտության հիմքում օբյեկտիվ բան չկա: Պացիենտները կարող են դժգոհել, որ երկար սպասում են խորհրդատվության նույնիսկ այն դեպքում, երբ որեւէ պայմանավորվածություն նախապես ձեռք չեն բերել: Դժգոհում են, որ բժիշկը զանգին չի պատասխանել, դժգոհում են նման այլ բաներից՝ չմտածելով, որ բժիշկը «զանգերի կենտրոն» չէ, կարող է վիրասրահում կամ ծնարանում լինել… Սակայն, անկախ այդ ամենից, աշխատում եմ պացիենտին հատկացնել բավարար ժամանակ, ուշադիր լինել նրա խնդիրների նկատմամբ: Ընդհանուր առմամբ պետք է հետեւել դեոնտոլոգիայի կանոններին:

-Հայաստանում Ձեր ոլորտը զիջո՞ւմ է եվրոպական չափորոշիչներին:

-Չափորոշիչները կամ մասնագիտական պռոտոկոլները գրեթե չեն տարբերվում, քանի որ դրանք ժամանակի ընթացքում տեղայնացվել են: Զիջում ենք մասնագիտական որոշ հմտություններով, տեխնիկական հագեցվածությամբ: Դա իրականությունն է: Բայց մենք աշխատում ենք հնարավորինս շատ մասնակցել միջազգային կոնֆերանսների, դասընթացների, օնլայն ամենատարբեր միջոցառումների,  որպեսզի հնարավորինս լավ կատարենք մեր մասնագիտական պարտավորությունները: Համենայն դեպս, մեր մասնագիտությունում վիճակը այդքան վատ չէ:

-Վերջին անգամ ե՞րբ եք եղել վերապատրաստման:

-Կորոնավիրուսով պայմանավորված՝ վերապատրաստման գործընթացը խաթարվել է, եւ ես վերջին անգամ մեկ տարի առաջ՝ նոյեմբեր ամսին եմ գնացել վերապատրաստման:

-Կորոնավիրուսով հիվանդներ ունենո՞ւմ եք: Ինչպե՞ս են հղիները հաղթահարում այդ հիվանդությունը:

-Կորոնավիրուսով վարակված հղիները, որպես կանոն, ծանր չեն տանում, բայց, քանի որ նման դեպքերում հղիներն ուղղորդվում են այլ, հատուկ կլինիկաներ, ես մանրամասնորեն չեմ պատասխանի այս հարցին:

-Ի՞նչ է բարտոլինյան գեղձի բորբոքումը:

-Բարտոլինյան գեղձերը արտաքին սեռական շրթերում առկա գեղձեր են, որոնք տարբեր պատճառներով կարող են բորբոքվել, ցավերի ու արտահայտված դիսկոմֆորտի պատճառ դառնալ: Բուժումը հաճախ վիրաբուժական է:

-Երիտասարդ կադրերը համապատասխան պատրաստություն անցնո՞ւմ են:

-Իհարկե, մենք փորձում ենք մեր երիտասարդ գործընկերներին աջակցել, բայց, գլոբալ առումով, դա բուժկենտրոնների խնդիրը չէ: Երիտասարդ (եւ ոչ միայն նրանց) կադրերի շարունակական կրթությունը պիտի պատշաճ կերպով պլանավորվի եւ իրականացվի լիազոր մարմինների ջանքերով:

-Աշխատանքային ծանրաբեռնվածությունը ազդո՞ւմ է ընտանեկան հարաբերությունների վրա:

-Կինը պետք է հետեւի իրեն, ինչպես ասում են՝ քիչ աշխատի եւ արքայադստեր տեսք ունենա: Իմ պարագայում դա այնքան էլ չի ստացվում, քանի որ շատ եմ աշխատում: Իհարկե կինը պետք է հիմնականում լինի ընտանիքում: Կինը պետք է ամուսնու հետ միասին ապահովի տան հարմարավետությունը, երեխաների՝ կուշտ, խնամված եւ դաստիարակված  լինելը: Ի վերջո, տունը պետք է մաքուր լինի, իսկ երբ տղամարդը տուն գա, կինը պետք է նրան լավ դիմավորի… Ու նման մի քանի կարեւոր մանրուքներ:   

-Ի՞նչ կմաղթեք ընթերցողին:

-Խաղաղություն եւ առողջություն: Քանի որ հիմնականում գործ եմ ունենում հղիների հետ, նրանց մաղթում եմ ունենալ առողջ բալիկներ, լինել երջանիկ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր