Միքայել Շուքուրյան

(0 votes)

Ինձ գրավել է այն, որ մարդկանց կարող եմ օգնել. Միքայել Շուքուրյանը պատվով շարունակում է պապիկի և հայրիկի գործը

Երեք սերունդ՝ պապ, հայր, որդի, և երեքն էլ՝ քիթ-կոկորդ-ականջաբաններ: Այո՛, դուք չսխալվեցիք, խոսքը Շուքուրյանների անվանի ընտանիքի մասին է՝ Կիմ Շուքուրյան, Արթուր Շուքուրյան, և այսօր արդեն՝ Միքայել Շուքուրյան՝ երիտասարդ ու խոստումնալից, ընդամենը 25 տարեկան, սակայն արդեն բավականաչափ փորձված, իսկ ամենակարևորը՝ պատասխանատվության մեծագույն զգացում ունեցող բժիշկ:

Միքայել Շուքուրյանը ՀՀ վաստակավոր բժիշկ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի որդին է՝ պապիկի և հայրիկի գործն արժանավոր շարունակողը: Նա նույնպես աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում և արդեն հասցրել է ճանաչվել ու սիրվել շատերի կողմից՝ շնորհիվ մասնագիտության հանդեպ իր մեծագույն սիրո և պարտաճանաչության:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է Միքայել Շուքուրյանը։

-Բժի՛շկ, իսկապե՞ս ցանկանում էիք ընտրել այս մասնագիտությունը, թե՞, այնուամենայնիվ, Ձեր ծնողներն են ուղղորդել:

-Փոքր ժամանակվանից միշտ աչքիս առաջ են եղել բժշկի մասնագիտությունը, հորս կերպարը, թեև, ցավոք, կարճ ժամանակահատված, սակայն հասցրել եմ տեսնել պապիկիս՝ որպես բժշկի, իսկ հայրս կուռքի պես էր, որ տեսնում էի՝ մարդիկ ինչպե՛ս են իրեն շնորհակալություն հայտնում, գնում էի հիվանդանոց, տեսնում էի՝ ի՛նչ է անում հայրս հիվանդների համար, որքա՛ն երախտապարտ են նրան մարդիկ…

Քիթ-կոկորդ-ականջաբանությունը ես ինքս եմ ընտրել, ծնողներս ինձ չեն ուղղորդել, դա ինձ հարազատ մասնագիտություն է եղել փոքրուց, միշտ երազել եմ նմանվել հորս, իսկ ընտրությունը եղել է միայն իմ ցանկությամբ:

-Ի՞նչն է Ձեզ գրավում այս ոլորտում:

-Մեր ոլորտը նեղ մասնագիտական է, իմ մեջ ի սկզբանե սեր է եղել հենց այս մասնագիտության հանդեպ, հատկապես ականջն է հետաքրքրել, որովհետև փոքր ժամանակվանից հայրս ինձ ու քրոջս ասում էր՝ մեծանաք՝ ձախ ականջը քեզ, աջ ականջը՝ իրեն (ծիծաղում է-խմբ.), ու դա փոքրուց մնացել է մեջս:

Ինձ գրավել է այն, որ մարդկանց կարող եմ օգնել, դպրոցական տարիքից արդեն գիտեի՝ ինչ եմ դառնալու, համալասարանում էլ արդեն քիք-կոկորդ-ականջաբանության ոլորտում էի ցանկանում մասնագիտանալ, գալիս էի հիվանդանոց, մեր բաժնի վարիչի հետ մտնում էի վիրահատարաններ, նրան հարցեր էի տալիս, դրա հետ մեկտեղ՝ սերս գնալով ավելի էր շատանում:

-Հայրիկը հաճա՞խ է Ձեզ օգնում իր խորհուրդներով:

-Իմ ողջ կյանքում հայրս ինձ օգնում է ոչ միայն բժշկության ոլորտին վերաբերող խորհուրդներով, այլև՝ կյանքի: Ես մեծացել եմ բժիշկների ընտանիքում, որն ինձ այնպիսի լավ դաստիարակություն, կյանքի այնպիսի օրինակ է տվել, որ ես դրա շնորհիվ հասել եմ շատ բաների, իսկ խորհուրդներ հայրս միշտ տալիս է, մենք միշտ էլ ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել, մինչ օրս ինձ օգնում է:

-Ձեր ծնողներից ստացած ամենակարևոր խորհուրդը ո՞րն է:

-Մայրս ինձ ասել է՝ դու մտնում ես մի բնագավառ, որտեղ ոչ բոլորն են քեզ նման պարզ, քեզ նման ճշմարտախոս, բարի… Աշխատիր այդ ոլորտում կարողանալ քեզ այնպես դրսևորել, որ մարդիկ քեզ սխալ չհասկանան: Մենք որքան էլ փորձում ենք օգնել մարդկանց, նախ՝ ոչ բոլորն են դա հասկանում, երկրորդ՝ բժիշկը չի կարող հարյուր տոկոսով իդեալական լինել, դուք էլ գիտեք, որ բժշկական սխալներ լինում են: Մայրս խորհուրդ է տվել՝ երբ գա մի օր, որ դու քո արարքից փոշմանես, հիշիր, որ դա ոչ առաջին արարքն է, ոչ վերջինը, ուղղակի պիտի չընկճվես, աշխատիր միշտ ուժեղ լինել, որովհետև ընտրել ես այնպիսի մասնագիտություն, որն անմիջապես առնչվում է մարդու կյանքին:

-Ի՞նչ զգացողություն ունեիք, երբ առաջին հվանդին էիք հետազոտում:

-Բոլորը պատկերացնում են՝ դու բժիշկ ես, նստած ես, հիվանդը գալիս է, դու հետազոտում ես. նման բան գոյություն չունի: Դու գալիս ես, մտնում ես մի կոլեկտիվ, որին պիտի հարմարվես: Առավոտվանից սկսվում է մեր հինգ րոպեանոց ժողովը, գալիս ես, տեսնում՝ նստած է բաժնի վարիչը, կոլեգաների հետ քննարկում է հիվանդնությունների ընթացքը… Ես միշտ իմ հոր հետ եմ աշխատում: Առաջին հիվանդի ժամանակ ձեռքերիդ մեջ դող է ընկնում, գործիքային հետազոտություն պիտի անես, սկսում ես մարդուն հետազոտել ու զգում ես, որ դա արդեն ռեալ կյանք է, այնպես չէ, որ համալսարանում նստած ինչ-որ բաներ ես լսում, այլ իրական մարդու ես հետազոտում: Իհարկե, ձեռքերը դողում են, կարող է լեզուն էլ կապ ընկնել, բայց մարդուց է կախված… Ես, որքան հնարավոր է, փորձում եմ ցույց չտալ, որ կարող է որևէ բանից խառնված լինեմ, աշխատում եմ հնարավորինս զուսպ մնալ, բայց շատ դժվար էր… Առաջին հիվանդի քիթն էի նայում, գործիքային հետազոտություն էր, ես զգում էի՝ ձեռքս ինչպե՛ս է դողում, բայց աշխատում էի գոնե այնպես անել, որ ձայնիցս չհասկանա, որ ինքն իմ առաջին հիվանդն է:

-Իսկ առաջին վիրահատությու՞նը:

-Առաջին վրահատությանը մասնակցել եմ Արթուր Կիմիչի՝ հորս հետ, եթե չեմ սխալվում՝ եղել է բերանի խոռոչում՝ նշիկների վրա: Առաջին անգամ էր, հայրս ասաց՝ միշտ պետք է համբերատար լինես: Ես լվացվեցի, կտրվածք արեցի, դրանով վստահություն մտավ մեջս, որովհետև ստացվեց առաջին անգամ…

-Մասնագիտական ասպարեզում երազանք, նպատակ ունե՞ք:

-Ես ունեմ պապ, որը կազմավորումն է դրել այս մասնագիտության, շարունակողն է հայրս, նա շարունակել է իր հոր գործը, ավելի է ընդլայնել… Հասնում է մի պահ, որ ես պետք է շարունակեմ: Իմ երազանքն այն է, որ ես ինձ հավասարազոր համարեմ իմ հորը, կարողանամ հասնել նրա մակարդակին, կամ գոնե կարողանամ ինձ վստահ զգալ, որ ինչ-որ ձևով նմանվել եմ հորս:

Առաջին նպատակս այն է, որ զարգացնեմ մեր բաժանմունքը: Սարքավորումների առումով մեր ԼՕՌ բաժանմունքը եվրոպական բոլոր ստանդարտներին համապատասխանում է, բացի այդ, ինչ վերաբերում է արտերկրի բժիշկների հետ համագործակցությանը, մեր բաժնի վարիչի սերտ կապերի շնորհիվ արտերկրում գործընկերներ ունենք, համագործակցում ենք, գնում ենք վերապատրաստման, մեր փորձը բերում ենք այստեղ:

Ես երկու շաբաք առաջ եմ վերադարձել ՌԴ-ից, գնացել եմ այնտեղի պետական հիվանդանոց, որի բաժնի վարչը մեր բաժնի վարիչի հետ է համագործակցում, հետագայի համար պլաններ կան, որ այնտեղ իրականացվող վիրահատությունները մեզ մոտ էլ իրականացվեն: Սեպտեմբերին, հոկտեմբերին սեմինարների հրավեր ենք ստացել իրենցից: Ես եղել եմ նաև Կիևում, որտեղ դարձյալ մեծ սիրով մեզ հետ կիսվել են փորձով: Փարիզում  մասնակցել եմ սեմինարի, մեր ֆրանսահայ բժիշկը՝ Եղիա Կարապետյանը, այս տարի եկել էր, մեր զինվորներին էր վիրահատում, ԱՄՆ-ից մեզ մոտ խխունջի հետ կապված վերականգնողական վիրահատություն անող մասնագետ էր եկել, ՌԴ-ից էլ ունենք հայ մասնագետ… Շատերի հետ ենք համագործակցում, և բոլորը նշում են, որ ամեն ինչով պատրաստ են օգնել մեզ:

-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք բժշկությունից դուրս, ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:

-Բժշկությունից դուրս՝ իմ կյանքն անցնում է ծնողներիս, շրջապատիս հետ, տան անդամներից հետո ինձ համար շրջապատս է՝ ընկերներս, հետաքրքրությունս նրանց հետ ժամանակ անցկացնելն է, ինչպես տնեցիների հետ եմ ժամանակ անցկացնում, այնպես էլ՝ նրանց, նրանք էլ իմ տան անդամների հետ նույնպես ընկերություն են անում: Բացի այդ՝ սպորտով եմ զբաղվում՝ լողով, բայց դա ինձ չի հետաքրքրում (ժպտում է-խմբ.), ես ֆուտբոլ եմ սիրում:

-Ի՞նչն է կյանքում ամենաթանկը:

-Ծնողներս են ամենաթանկը, առաջնային դեր ունեն իմ կյանքում, ինչպիսին որ ես կամ՝ մեծ մասամբ նրանց շնորհիվ է, երկրորդ՝ իմ շրջապատի: Ինձ համար իմ ընտանիքն ու ընկերներն են ամենաթանկը, նրանք իմ ընտանիքի անդամների պես են:

-Կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները շարունակեն Ձեր գործը:

-Հետաքրքիր հարց եք տալիս, կյանքում չէի մտածել այդ ուղղությամբ, ուզում էի այդ ճանապարհն ամբողջովին անցնել, նոր հասկանալ՝ արդյոք կուզենա՞մ իմ երեխաներն էլ այդ մասնագիտությունն ընտրեն, թե՞ ոչ: Եթե զուտ ցանկությամբ նշեմ, այո, կուզեմ, բայց երբ մտածում եմ, թե հիմա ես ի՛նչ ապրումներ եմ ունենում և ի՛նչ պատասխանատվությամբ եմ վերաբերվում… Մարդիկ կան, որ ուղղակի որոշում են բժիշկ դառնալ ու դառնում են, ես էլ եմ այդպես եղել, բայց այնպես է ստացվել, որ իմ ընտանիքում հայրս է բժիշկ, պապիկս է բժիշկ եղել, ու իրենք հասել են իրենց մասնագիտության գագաթնակետին, և ես միշտ մտածել եմ՝ կարո՞ղ եմ արդյոք նրանց հասնել: Եվ երբ մտածում եմ՝ իմ երեխան էլ պիտի իմ պապիկին հիշի, իր պապիկին, իր հորը… Ես իմ երեխային չեմ ստիպի, ընտրության հնարավորություն կտամ, թող ինքը որոշի, ինչպես ինձ չեն ստիպել և թույլ են տվել որոշել: Եթե իմ երեխային հետաքրքրի իմ մասնագիտությունը, ես ամենուրախ մարդը կլինեմ:

-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Ես ընթերցողներին կմաղթեմ այն, ինչ լսել եմ իմ ավագ ընկերներից՝ եթե դուք ընտրում ենք որևէ մասնագիտություն, ու դա ձեզ դուր է գալիս, փորձեք մինչև վերջ տրվել դրան, տրվել ՝ չի նշանակում մի օր գնալ աշխատանքի, հաջորդ օրը մոռանալ դրա մասին, տրվել՝ նշանակում է ապրել այդ մասնագիտությամբ: Դու կարող ես լավ մասնագետ դառնալ, միայն եթե տրվես քո աշխատանքին, կարդաս, զարգանաս, տեղեկություններ ստանաս այդ ամենի մասին, ամեն շարժին հետևես… Իսկ ամենաշատ տեղեկությունները մենք գրքերից ենք ստանում, ես միշտ զղջացել եմ, որ համալսարանական տարիներին ավելի շատ չեմ կարդացել, նաև դա է եղել մորս խորհուրդներից մեկը: Մայրս միշտ ասում էր՝ մի օր գլխիդ ես տալու, դու այնպիսի մասնագիտություն ես ընտրել, որ կարդալը քեղ շատ է պետք, անընդհատ պետք է զարգանալ, շատ կարդալ…

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր