Արման Կարապետյան

(0 votes)

Կինը պիտի գոնե տարին մեկ անգամ հետազոտվի. գինեկոլոգ-էնդոսկոպիստը՝ հիվանդության առաջին ահազանգերի և այլ հարցերի մասին

Առաջին վիրահատություններն արվել են դեռ հազարավոր տարիներ առաջ: Իհարկե, դրանք չեն եղել վիրահատություն՝ այսօրվա դասական իմաստով, սակայն ունեցել են միևնույն նպատակը, ինչ մեր օրերում՝ բուժել մարդուն:

Տարիների ընթացքում ինչպես բոլոր ոլորտները, բժշկությունը, բնականաբար, նույնպես տեղում չի դոփել և օրըստօրե ավելի ու ավելի է կատարելագործվում՝ բացահայտելով մարդու ունակությունների անսահմանությունը:

Այսպես՝ եթե նախկինում վիրահատություն ասելով հասկանում էինք բառի բուն իմաստով հատել՝ կտրել վերքը, ապա այսօր ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս պարզապես հրաշքներ գործել՝ կատարել վիրահատություն՝ առանց մեծ կտրվածքի՝ փոքրիկ անցքերի միջոցով: Դա արվում է էնդոսկոպիկ մեթոդով՝ շահեկանորեն տարբերվելով ավանդական եղանակից: Վիրաբուժական այս մեթոդը կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում, որոնցից մեկն էլ գինեկոլոգիան է, ուստի այս անգամ http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի Գինեկոլոգիական ծառայության ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Արման Կարապետյանի հետ:

Պատահական չէ, որ հենց մեր զրուցակիցը 2014-ին «Տարվա գինեկոլոգ-էնդոսկոպիստ» անվանակարգում համաժողովրդական քվեարկության և փորձագիտական գնահատման արդյունքներով ճանաչվեց լավագույն մանկաբարձ-գինեկոլոգ, իսկ այս տարի «Որակի նշան» մրցանակաբաշխությանը նա արժանացավ «Տարվա բժիշկ» մրցանակի: Շնորհիվ տարիների փորձառության և բազմաթիվ վերապատրաստումների՝ ներկայումս վիրահատությունների 90-95 տոկոսը նա իրականացնում է էնդոսկոպիկ և վագինալ եղանակներով, որոնց առավելություններն անհամեմատելի են ավանդական «բաց» եղանակով արվող վիրահատությունների հետ:

Իր հիվանդների հանդեպ անսահման հոգատար վերաբերմունք ունեցող և իսկապես սրտացավ բժիշկ Արման Կարապետյանի անունը ծանոթ ու հարազատ է բազմաթիվ կանանց, որոնց նա իրավամբ պարգևել է ոչ միայն առողջություն, այլև՝ մայրանալու երջանկություն, իսկ դրանից առավել կնոջ կյանքում թերևս ոչինչ չկա: 

-Պարոն Կարապետյան, ինչո՞վ է զբաղվում գինեկոլոգ-էնդոսկոպիստը:

-Սկսեմ նրանից, թե ինչ է անում վիրաբույժը, քանի որ սա վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքն է: Եթե նախկինում վիրահատությունները կատարում էին, օրինակ, որովայնահատման՝ կտրվածքի տարբերակով, էնդոսկոպիան այսօր թույլ է տալիս նույն վիրահատությունները՝ գրեթե նույն ծավալով, կատարել առանց կտրվածքների:

-Ո՞րն է դրա առավելությունը:

-Հիվանդը հետվիրահատական շրջանում ցավային համախտանիշ չի ունենում, իսկ դա նշանակում է, որ կյանքի որակը ցավի առումով չի փոխվում: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ մարդիկ զարմացել են՝ իրենք վիրահատվա՞ծ են, թե՞ ոչ, քանի որ հիվանդը չունի վերք, միանգամից ապաքինվում է, գրեթե նույն օրը վերադառնում է կյանքի բնականոն ռեժիմին: Դեպքեր ենք ունենում, որ մի օր էլ չլրացած՝ հիվանդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից, բացի այդ՝ հետվիրահատական բարդությունների տոկոսն է մինիմալ լինում, կպումներ չի առաջացնում, ուստի և չի ազդում ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա, և չի զարգանում չբերություն: Արդեն 20 տարուց ավելի է՝ զբաղվում եմ նման վիրահատություններով, բայց մի դեպք չեմ հիշում, որ դրա հետևանքով առաջանան կպումներ: Իհարկե, կարող են այլ պատճառներով կպումներ լինել, օրինակ՝ ինֆեկցիոն բնույթի և այլն, կամ եթե կինն ունենա էնդոմետրիոզ, եթե չբուժեն, կպումներ կառաջանան, սակայն գրեթե 90 տոկոսից ավելի դեպքերում կպումներ չեն առաջանում:

-Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում էնդոսկոպիան:

-Էնդոսկոպիան անսահման հնարավորություններ ունի, օրինակ՝ արգանդի բնածին արատների շտկման դեպքում հիվանդը մեկ օր էլ չի մնում. առավոտյան գալիս է, երեկոյան գնում տուն: Կամ՝ տարբեր միոմաների ժամանակ, երբ նախկինում դա ավարտվում էր արգանդի հեռացմամբ, այսօր էնդոսկոպիկ վիրահատությունը թույլ է տալիս բացարձակ առանց կտրվածքի նույն միոմաները լիովին անվնաս հեռացնել:

-Դրանից հետո կինը կարո՞ղ է նորմալ հղիություն ունենալ:

-Այո՛, կարող է:

-Իսկ ի՞նչ կնշեք հենց Ձե՛ր պրակտիկայից:

-Եղել են կանայք, որոնք ունեցել են բավականին ծանր պաթոլոգիա, երբ, օրինակ, ներարգանդային տարբեր միջամտություններից հետո առաջանում են կպումներ արգանդի խոռոչում, ինչի հետևանքով կանայք դաշտան չեն տեսնում և զրկվում են հղիանալու հնարավորությունից: Մի քանի էնդոսկոպիկ վիրահատություններ են անցնում, ձևավորվում է  նոր արգանդի խոռոչ, լորձաթաղանթը վերականգնվում է դեղորայքային միջամտություններով, երկու-երեք նման վիրահատությունից հետո վերանակնգնում է դաշտանը, և կանայք հղիանում են: Դա համարում ենք մեծ արդյունք, որովհետև նախկինում ոչ միայն չէին կարող հիանալ, անգամ դաշտանը չէր վերականգնվում:

-Իսկ հետո ծննդաբերությունը բնական ճանապարհո՞վ է լինում, թե՞ կեսարյան հատմամբ:

-Բնական ճանապարհով:

-Ձեզ ամենից հաճախ ո՞ր հիվանդությունների դեպքում են դիմում:

-Գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում էլ դիմում են՝ չբերության, միոմաների, կիստաների, բնածին արատների դեպքում… Սկսած 20 տարեկանից մինչև 80 և ավելի՝ դիմում են: Ամենամեծը, որ վիրահատել ենք, եղել է 87 տարեկան, խնդիրը կապված էր արգանդի իջեցման հետ:

-Պարոն Կարապետյան, տարիներ առաջ Դուք մեր կայքին հարցազրույց էիք տվել՝ նշելով, որ կցանկանաք, որ մեր կանանց շրջանում ձևավորվեր բժշկին դիմելու կուլտուրա: Այսօր՝ տարիներ անց, այս առումով փոփոխություն տեսնու՞մ եք:

-Չեմ կարող ասել, թե իդեալական է, բայց միտում կա, այդ ամենին գումարվել են առաջնային օղակներում պարտադիր հետազոտությունները, նաև փաթեթների շրջանակներում արվող հետազոտությունները, որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում:

Կան հիվանդություններ, որոնք երբ արդեն սկսում են անհանգստացնել, բավականին բարդացած են լինում, գրեթե անլուծելի են դառնում: Օրգանիզմը միշտ ինչ-որ կերպ ահազանգում է, հիմնականում մարդիկ անտեսում են, սակայն դրանք հետագայում վերաճում են օնկո հիվանդությունների, որոնք  կարելի էր կանխել շատ ավելի շուտ:

Օրինակ՝ գալիս է կինը, ասում է՝ խնդիր ունեմ: Հետազոտում ենք, հայտնաբերում արգանդի պարանոցի քաղցկեղ՝ բավականին բարդ ստադիայում: Պարզ հարց է՝ երբվանի՞ց եք այս վիճակում, ասում է, որ յոթ տարվա դաշտանադադարի ֆոնի վրա նախանցած տարի քսվող արյունային արտադրություն է ունեցել, անցած տարվա ընթացքում ևս մեկ-երկու անգամ եղել է արյունային արտադրություն, սակայն բժշկի չի դիմել: Անցել է ևս վեց ամիս, նորից արյուն է տեսել, դարձյալ չի դիմել, և երբ հետո արյունը սկսել է հաճախանալ, կինը դիմել է բժշկի, և արդեն հայտնաբերվել է բարդ ստադիայում արգանքի պարանոցի քաղցկեղ:

-Որքա՞ն հաճախ կինը պիտի հետազոտվի՝ նման խնդիրներց խուսափելու համար:

-Կինը պիտի գոնե տարին մեկ անգամ հետազոտվի, մինիմալ բաներ կան, որ պետք է արվեն՝ սկսած կրծքագեղձերի հետազոտությունից և այլն… Եթե գոնե տարին մեկ անգամ կանայք ստուգվեին, մենք այսօր չէինք ունենա այն պատկերը, որն ունենք…

-Կնշե՞ք օրգանիզմի այսպես ասած՝ ահազանգ, ազդակ, ըստ որի՝ մարդը կարող է հասկանալ, որ բժշկին այցելելու ժամանակն է:

-Օրինակ՝ մանկական հասակում՝ 13-14-15 տարեկանում, երբ աղջիկ երեխան դաշտան չի տեսնում, դա ծնողի համար պիտի անհանգստանալու առիթ լինի: Երբեմն լինում են դեպքեր, որ հետազոտությունը պարզում է՝ այդ երեխան ունի բնածին արատ՝ արգանդի բացակայություն, ինչի հետևանքով էլ դաշտան չի տեսնում: Մարդ կա՝ մինչև 20 տարեկան չի դիմում, իհարկե, շատ բան չի փոխում դա, սակայն որքան շուտ հայտնաբերես, այնքան ավելի վաղ կկարողանաս պլանավորել ապագայում կատարվելիք վիրահատությունները:

Օրինակ՝ հեշտոցի բացակայության դեպքում կարողանում ենք վիրահատության միջոցով ստեղծել այն. այդ վիրահատությունը կոչվում է կոլպոպոեզ: Այս դեպքում հիվանդը մինիմալ ժամանակ է անցկացնում հիվանդանոցում: Անգամ նման աղջիկները, օգտվելով փոխնակ մայրության ծրագրից, արտամարմնային բեղմնավորման մեթոդով երջանկանում են՝ ունենում են երեխա: Ձվաբջիջները վերցնում ենք, բեղմնավորում ամուսնուց և տեղադրում փոխնակ մոր արգանդում. ամիսներ անց զույգն ունենում է երեխա, և ընտանիքը դառնում է է՛լ ավելի լիարժեք:

Հիմա բնածին բազմաթիվ արատներ ենք սկսել հայտնաբերել. արգանդի խոռոչը ձևափոխված է, և առաջանում է կրելախախտ: Մի քանի անգամ վիժումից հետո դիմում են մեզ, երբ արդեն հետազոտում ենք, էնդոսկոպիկ միջամտություն ենք անում, հասկանում ենք պատճառը: Խնդիրն այն է, որ այն այլ մեթոդով չի հայտնաբերվում, իսկ այս մեթոդն այնքան էլ տարածված չէ: Գուցե սերնդափոխություն լինի բժշկության մեջ, և ավելի շատ բժիշկներ սկսեն զբաղվել սրանով… Մեր կլինիկա եկած երիտասարդներին մենք, իհարկե, սովորեցնում ենք, և ես վստահ եմ, որ 5-10 տարուց արդեն այլ պատկեր կլինի:   Իսկ այսօր կարող ենք ասել, որ այս ճյուղը զարգանում է, ընթացքի մեջ է, տարբեր սարքավորումներով հագեցվածության առումով էլ մեզ մոտ իրավիճակը վատ չէ, լավ է:

-Բժի՛շկ, ի՞նչ կմաղթեք հայ կանանց:

Կցանկանամ, որ երջանիկ լինեն, դրանով ամեն ինչ ասված է…

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր