ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆ

(0 votes)

Բոլոր հիվանդությունների հիմքում կարելի է ինչ-որ նյարդաբանական խնդիր տեսնել

«Անչափ շնորհակալ եմ բժիշկ Գասպարյանին ինձ նորից կյանքի վերադարձնելու համար»:

Նյարդային համակարգը, ցանցի նման պատելով ողջ օրգանիզմը, ապահովում է ինֆորմացիայի հաղորդումը զանազան օրգաններին եւ հյուսվածքներին: Նյարդային համակարգից է կախված օրգան-համակարգերի, ինչպես նաեւ, մտավոր եւ ֆիզիկական գործունեության անխափան աշխատանքը: Նյարդային համակարգն ամենախոցելին է մարդկային օրգանիզմում, ընդ որում, այն շատ դժվար է ենթարկվում բուժման:Կայացած կնոջ կերպարը, որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հաճախ հակասում է դարերով ձեւավորված կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Սակայն 21-րդ դարի կինն  ապացուցել է, որ հնարավոր է լինել ամենուր լիարժեք, կատարյալ, ինչպես նաեւ ունենալ սեփական աշխարհը, ուր դրսեւորվում եւ նյութական են դառնում իր մասնագիտական երազանքները: Մեր զրուցակից, նյարդաբան-էլեկտրոֆիզիոլոգ, ճառագայթաբան ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ  այդ կանանցից մեկն է, ով, առաջնորդվելով մարդկանց աջակցելու մարդասիրական մղումներով, ընտրել է բժշկի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը: Բժշկուհին նյարդաբան է աշխատում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, նյարդաբան-էլեկտրոֆիզիոլոգ (ԷՆՄԳ, ԷԷԳ)՝ «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնում:

-Բժշկուհի՛, պատերազմով պայմանավորված ինչպիսի՞ նյարդաբանական պաթոլոգիաներ են ի հայտ եկել:

-Հիմնականում ի հայտ են եկել կենտրոնական եւ պերիֆիրիկ նյարդային համակարգի կողմից օջախային տարբեր վնասվածքներ, ինչպես նաեւ նյարդային գերլարվածություն, տագնապային դեպրեսիվ համախտանիշներ:

-Նյարդային հիվանդությունները, ըստ Ձեզ, «երիտասարդացե՞լ» են:

-Ոչ միայն նյարդային, այլեւ տարբեր հիվանդություններ «երիտասարդացել» են: Մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակը, որը վերջին շրջանում պայմանավորված է նաեւ պատերազմով, համավարակով, բավականին ծանր է, բազմաթիվ սթրեսներ ենք տանում, որոնք ավելացնում են նյարդային հիվանդությունների թիվը: Բացի այդ, ամբողջ աշխարհում բոլոր, այդ թվում, նաեւ նյարդաբանական հիվանդությունների ախտորոշումն ավելի հասանելի է դարձել, եւ այդ իսկ պատճառով հնարավորություն ենք ունենում ավելի վաղ ախտորոշել ցանկացած հիվանդություն:

-Ժառանգականությունը կարո՞ղ է նյարդային համակարգի հիվանդությունների պատճառ հանդիսանալ:

-Ունենք բազմաթիվ հիվանդություններ, որոնք փոխանցվում են ժառանգական ֆակտորներով, ունենք նաեւ բազմաթիվ հիվանդություններ, որոնք ունեն ժառանգական նախատրամադրվածություն, բայց պարտադիր չէ, որպեսզի դրանք փոխանցվեն: Նյարդաբանական հիվանդությունները լինում են բուն նյարդաբանական եւ երկրորդային, երբ այս կամ այն հիվանդության ժամանակ որպես բարդություն առաջանում է նաեւ նյարդային համակարգի ախտահարում:

-Կա մի այսպիսի արտահայտություն. «Նյարդային բջիջները երբեք չեն վերականգնվում»: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

-Նյարդային բջիջներն ունեն ռեգեներացիայի ենթարկվելու հատկություն, սակայն այդ գործընթացը շատ դանդաղ է տեղի ունենում: Որոշ հիվանդությունների դեպքում այդ բջիջներն ընդհանրապես չեն վերականգնվում:

-Հիմնականում ովքե՞ր են ձեզ դիմում: 

-Բոլոր տարիքային խմբերում հանդիպում են նյարդաբանական խնդիրներ, ուստի մեզ դիմելու առումով տարիքային սահմանափակում չկա: Ընդհանրապես բոլոր հիվանդությունների հիմքում կարելի է ինչ-որ նյարդաբանական խնդիր տեսնել, բայց հիմնականում ավելի շատ դիմում են գլխացավերի, գլխապտույտների, վերջույթների հետ կապված խնդիրների՝ ոտքերի, ձեռքերի թուլության, թմրածության ժամանակ, տարբեր տեսակի ցավերի, քնի խանգարումների դեպքում, գերհոգնածության, գերլարվածության ժամանակ, ավելի բարդ հիվանդությունների, օրինակ, Պարկինսոնի հիվանդության, ցրված սկլերոզի, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի եւ այլն, ինչպես նաեւ նյարդաբանության ամենամեծ խումբ կազմող հիվանդությունների՝ ինսուլտների դեպքում:  

-Ընտրել եք շատ ռիսկային ու պատասխանատու մասնագիտություն, այդ հարցում Ձեզ ուղղորդող եղե՞լ է, ե՞րբ որոշեցիք դառնալ բժիշկ:

-Իմ ընտանիքում բժիշկներ չկան: Մայրս երազել է բժիշկ դառնալու մասին, սակայն չի ստացվել, հայրս նույնպես բժիշկ չէ: Եվ հենց ծնողներս են ցանկացել, որ ես բժիշկ դառնամ: Ինքս սկզբում նման ցանկություն չունեի, սակայն հետագայում հասկացա, որ դրանից ավելի լավ մասնագիտություն չէի կարող ընտրել:

-Բոլորի կյանքում լինում են ուսուցիչներ, ո՞վ է եղել Ձեր ուսուցիչը:

-Տարբեր մասնագետների մոտ տարբեր երկրներում վերապատրաստումներ եմ անցել, սակայն իմ առաջին եւ գլխավոր ուսուցիչը եղել ու շարունակում է մնալ  Հովհաննես Մանվելյանը, ում շնորհիվ դարձել եմ բժիշկ, նյարդաբան: Նա անգնահատելի ներդրում ունի իմ կայացման գործում ե՛ւ որպես ղեկավար, ե՛ւ որպես ուսուցիչ:

-Ի՞նչ են տալիս բժշկին մասնագիտական ասոցիացիաները:

-Կոնկրետ մեր նյարդաբանական ասոցիացիան մեզ հնարավորություն է տալիս մասնակցել կոնֆերանսների, տեղեկատվություն ստանալ ինչպես մեզ մոտ, այնպես էլ այլ երկրներում իրականացվող գործընթացների, նորարարությունների վերաբերյալ: Ասոցիացիայի օգնությամբ նաեւ կարողանում ենք շփվել մեր ավագ գործընկերների հետ, դեղորայքների, ինչպես նաեւ բուժման մեթոդների հետ կապված փորձի փոխանակում ենք կատարում…

-Որպես երիտասարդ մասնագետ ի՞նչ կասեք ուսանողների մասին, բժշկության ապագան հուսալի՞ ձեռքերում է:

-Եթե ուսանողը, երիտասարդը ցանկանա դառնալ լավ մասնագետ, կդառնա. ապագան իր ձեռքերում է, ու պարտադիր չէ՝ ինչ-որ մեկն անընդհատ նրան սովորեցնի: Ինքներս պետք է չբավարարվենք ունեցած գիտելիքներով, ամեն օր փնտրենք նորը, կատարյալը, կարդանք, ինքնակրթվենք: Մեր ղեկավարն ասում էր. «Եթե նույնիսկ մեկ օր գոնե մի փոքրիկ էջ չկարդանք կամ չսովորենք, ուրեմն ինչ-որ կարեւոր բան բաց ենք թողնում»:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Կցանկանամ, որ մարդիկ ուշադիր լինեն նյարդային համակարգի նկատմամբ, պարբերաբար հետազոտվեն, որպեսզի հիվանդությունը ժամանակին հայտնաբերվի: Օրինակ, եթե մարդը տառապում է հաճախ բարդ, անբուժելի համարվող ցրված սկլերոզով, սակայն հիվանդության առաջին ախտանշանները հայտնաբերելուց հետո անմիջապես սկսում է բուժվել, ապա նրա կյանքի որակը զգալիորեն բարելավվում է: Մենք պետք է մեր օրգանիզմն ավելի սթրեսակայուն դարձնենք, ունենանք սիրելի գործ, հոբբի կամ, ասենք, սիրելի կերակուր, վարենք առողջ ապրելակերպ եւ այլն: Մի խոսքով՝ մեր առօրյան դարձնենք հետաքրքիր, ինչը մեր փոխարեն ոչ ոք չի անի:  

   Վերջում մեջբերում անենք բժշկուհուն ուղղված երախտագիտական մի նամակից. «Անչափ շնորհակալ եմ բժիշկ Գասպարյանին ինձ նորից կյանքի վերադարձնելու համար»:

 

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր