ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ Featured

(0 votes)
Սիրտը մեր էմոցիոնալ կենտրոնն է

Վերջին տարիներին Հայաստանը սրտաբանության ոլորտում լուրջ հաջողություններ եւ հսկայական առաջընթաց է արձանագրել: Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ լիարժեք բուժման համար այսօր ստեղծված են բոլոր պայմանները: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել գրեթե բոլոր անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները:http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է զրուցակիցն է Սրտաբանււթյան գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժանմունքի սրտաբան, գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, ով, ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ եւ վաստակ իր ասպարեզում, մշտապես կարողանում է հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ: Նա բարեհամբույր, սկզբունքային մարդ է, ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ եւ արժանի է իսկական բժիշկ կոչվելու պատվին:

-Բժի՛շկ, որո՞նք են ինֆարկտի տեսակները:

-Ինֆարկտները շատ տարբեր են լինում: Լինում են տարբեր չափերի եւ տարբեր բարդությունների: Չնայած ինֆարկտի չափը հաճախ հանդիսանււմ է բարդությունների զարգացման գլխավոր պատճառներից մեկը, եւ փոքր ինֆարկտները կարող են առանձնապես չազդել կծկողականության ուժի վրա, սակայն ինֆարկտի հիմնական վտանգն այն է, որ նույնիսկ շատ փոքրերը, որոնք շատ խորն են, կարող են առաջացնել մահացու բարդություններ՝ սրտամկանի պատռվածքներ, ծայրահեղ վտանգավոր ռիթմի խանգարումներ եւ պաշարումներ: Մի խոսքով, եթե նույնիսկ սուր շրջանում քեզ լավ ես զգում, դրանք կարող են տհաճ անակնկալներ մատուցել: Մեծ ինֆարկտները, իհարկե, բերում են նրան, որ հետագայում սպին է մեծ լինում, սրտամկանը, սիրտը թուլանում են, ու ամբողջ կյանքում դա ուղեկցում է մարդուն՝ կրճատելով կյանքի տեւողությունը: Այդ իսկ պատճառով հենց առաջին պահից մինչեւ չորս կամ, գոնե, տասներկու ժամվա մեջ ինֆարկտի բոլոր հետեւանքները կանխելու կամ, որքան հնարավոր է, քչացնելու նպատակով ցանկալի է շատ շտապ դիմել բժշկի, որպեսզի իրականացվեն հետագա անհրաժեշտ գործողությունները: Չպետք է մոռանալ, որ հաճախ մարդիկ իրենց շատ լավ են զգում, երբ այդ ցավն առաջացել ու անցել է, եւ չեն պատկերացնում, որ կարող է այդ ամենը հետագայում ճակատագրական լինել անգամ առաջին մեկ շաբաթվա ընթացքում: Դրա համար, եթե դուք ունեք տհաճ զգացում կրծքավանդակում, որը կարող է ինֆարկտի ախտանշան լինել, պարտադիր պետք է դիմեք բժշկի:

-Որո՞նք են ինֆարկտի նշանները:   

-Ամենահաճախը լինում է ցավը, սեղմող ծանրությունը կրծոսկրի շրջանում՝ կրծքավանդակի կենտրոնում: Ընդ որում, շատ ժամանակ, երբ հարցնում ես՝ ցա՞վ եք ունեցել, իրենք դա ցավ չեն համարում, ասում են՝ պարզապես շատ տհաճ զգացում էր կրծքավանդակի կենտրոնում: Դա՝ մեկ: Երկրորդը շունչը կտրվելն է: Սովորաբար երկուսը միասին են լինում, բայց կարող է նաեւ այդպես չլինել: Սրտխառնոցը, ճնշման բարձրացումը կամ իջեցումը նույնպես կարող են ուղեկցվել ինֆարկտով: Երբեմն էլ կարող է ճնշումը բարձրանալ, բայց ինֆարկտ չլինել, կարող են իրար հետ լինել, այնպես որ՝ ճնշումը սրտամկանի ինֆարկտի կոնկրետ նշան չէ:

-Իսկ եթե հիվանդը արնահոսո՞ւմ է:

-Ոչ, արնահոսությունը կապ չունի ինֆարկտի հետ: Գլխավոր բանը, կրկնեմ, տհաճ, ճնշող ցավը կամ ճնշող զգացումն է հետկրծոսկրային շրջանում, որը կարող է փոխանցվել ե՛ւ ծնոտին, ե՛ւ թեւերին: Ու, սովորաբար, նաեւ շնչարգելությունը, եւ շատ ժամանակ շաքարային դիաբետով տառապողները կրծոսկրի սեղմոց, ցավ կարող են չունենալ, բայց ունենալ արտահայտված շնչարգելություն: Դրա համար, երբ շաքարային դիաբետ ունեցողի մոտ սկսվում է կտրուկ շնչարգելություն, պետք է կանչել շտապօգնություն, որ կատարեն էլեկտրասրտագրություն:

-Առիթմիայի տեսակների մասին ի՞նչ կասեք:

-Առիթմիան բավականին լայն թեմա է: Առիթմոլոգիան, որպես գիտություն, հիմա այնպես է զարգացել, որ կարող ենք հաջողությամբ միջամտություններ կատարել նույնիսկ վտանգավոր առիթմիաների դեպքում, ինչը նախկինում շատ քիչ էինք կարողանում անել: Առիթմիաների մեծամասնությունը սովորաբար լինում է անվտանգ, անցողիկ, առանց որեւէ միջամտության կարող է անցնել կամ երբեմն պահանջում է թեթեւ բուժում: Շատ ժամանակ դրանք լինում են նյարդային, եւ, երբ տեսնում ենք, որ առիթմիան վտանգավոր չէ, սովորաբար ավելի շատ խորհուրդ ենք տալիս նյարդեր հանգստացնող, շարժունակություն ապահովող գործողություններ կատարել, սպորտային միջոցառումների մասնակցել, որոնք կարող են առիթմիաները հանել: Իսկ, եթե առիթմիան արդեն լինում է վտանգավոր, պետք է դրա դեմ կա՛մ դեղորայքային բուժում տարվի, կա՛մ, եթե տեսնում ենք, որ դեղորայքը չի ազդում, կատարվի արդեն ուրիշ միջամտություն:

-Շողացող առիթմիան վտանգավո՞ր չէ:

-Շողացող առիթմիայի գլխավոր վտանգն այն է, որ նախասրտերը չեն կծկվում, նրանք, այսպես ասած, «շողում են», եւ այդ պատճառով արյունը դանդաղ է շարժվում նրանց մեջ ու կարող է անգամ մակարդվել՝ առաջացնելով թրոմբներ: Նախասրտերում առաջացող թրոմբները  կարող են «թռչել» եւ դառնալ ինսուլտի պատճառ: Դրա համար շողացող առիթմիայի դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի, որպեսզի վերջինս որոշի՝ տա՞լ հիվանդին արյունը ջրիկացնող դեղորայք, թե ոչ: Քովիդի պատճառով արդեն գրեթե բոլորը գիտեն, որ այդ դեղը «Քսարելտոն» է, որը շողացող առիթմիայի դեպքում նշանակվում է մինչեւ կյանքի վերջ: Բացի այդ, կարող են իրականացվել նաեւ թրոմբի «թռիչքը» կանխող այլ գործողություններ:   

-Ռիթմի խանգարումների դեպքում տարիքային շեմ ո՞րը կարող ենք համարել:

-Գործնականում տարիքային շեմ չկա. տարբեր տարիքներում լինում են տարբեր ռիթմի խանգարումներ: Ընդ որում, շատերը կարող են ամբողջ կյանքում ունենալ ռիթմի խանգարումներ, բայց դա չզգալ: Մարդիկ էլ կան, որ բացարձակ անվտանգ ռիթմի խանգարումներն այնքան սուր են զգում, որ դրանք իրենց համար լինում են ուղղակի անտանելի, եւ գլխավոր բանը այդ մարդկանց հանգստացնելն է, որ իրենց առիթմիան անվտանգ է: Եվ միայն ինչ-որ խնդիր լինելու դեպքում կարելի է միջամտել: Սակայն, եթե անվտանգ առիթմիան ազդում է կյանքի որակի վրա, մենք ստիպված միջամտւմ ենք: Ամեն դեպքում, եթե լինում են առիթմիաներ, ցանկալի է դիմել բժշկի, որովհետեւ բժիշկն արդեն կարող է կողմնորոշվել եւ ասել՝ այդ առիթմիան անվտա՞նգ է, թե ոչ, արժե՞ այդ առիթմիան վերացնել, թե ոչ, ինչպիսի կանխարգելիչ մեթոդներ ձեռնարկել, որ այդ առիթմիան չկրկնվի…  

-Նյարդային համակարգը որքանո՞վ է ազդում սրտի գործունեության վրա:

-Սիրտը մեր էմոցիոնալ կենտրոնն է, եւ շատ արագ հենց նա է զգում ամեն տեսակ էմոցիաները: Բացի այդ, սիրտը անատոմիական շատ հարուստ իներվացիա ունի, ներվերով սնուցվում է, եւ, եթե ինչ-որ էմոցիոնալ, նյարդային բաներ են լինում, սիրտը շատ արագ դա զգում է: Փաստորեն, ամեն ինչը արտահայտվում է սրտով: Կարող է լինել արագախփություն, սրտի անկանոն աշխատանք, ինչ-որ նեղվածություն, որովհետեւ սրտի լեզուն զգացմունքների լեզուն է, եւ նա խոսում է մեզ հետ ոչ թե բառերով, այլ զգացմունքներով: Բառերը գալիս են մեր ուղեղից, զգացմունքները՝ սրտից: Ցավեր կարող են առաջանալ կրծքավանդակում, բայց ո՛չ սրտի, ո՛չ իշեմիկ, ո՛չ անոթի նեղացման հետ կապված ցավեր: Կարող են առաջանալ ծակծկոցներ, սրտխփոց, սրտի անկանոն աշխատանք, սակայն բացարձակ առողջ սրտով, եւ այդ գանգատները կարծես մեր մարմնի/սրտի լեզուն է, որն ասում է՝ ինչ-որ բան մեր դուրը չի գալիս: Եթե ամեն ինչը նորմալ է, եթե մենք չունենք ուրիշ ռիսկի գործոններ (ես նկատի ունեմ բարձր ճնշում, շաքարային դիաբետ, ծխել, նստակյաց կյանք, ավելորդ քաշ), մեզ մոտ առանձնապես սրտային հիվանդություն չի լինում: Իհարկե, քրոնիկական երկարատեւ սթրեսը կարող է բերել որոշ սրտային հիվանդությունների:

-Ի՞նչ կասեք սրտի մասին բժշկությունից դուրս:

-Սիրտն այն օրգանն է, որի միջոցով մենք կապված ենք ամբողջ տիեզերքի հետ: Նա ամեն ինչ գիտի, իսկ ուղեղը գիտի միայն իր, մեր անցյալը, ապրածը եւ եզրակացություններ է անում միայն դրանցից, մեր կուտակած փորձից ելնելով: Ուղեղը կարող է դատել ոչ մի անգամ չտեսած նարնջի մասին՝ հիմնվելով իր իմացած խնձորի մասին գիտելիքի/փորձի վրա, այդ իսկ պատճառով մեր շատ տրամաբանական, ըստ մեզ, եզրակացությունները լինում են սխալ: Իսկ սիրտը տալիս է մեզ միշտ ճիշտ որոշումը, ուղղակի պետք է կարողանալ լսել նրան, բայց այդ ունակությունը մենք կորցրել ենք եւ չափից շատ ենք վստահում մեր ուղեղին, որը հաճախ առաջարկում է մեզ սխալ ուղղություն:

-Երբ ձախ կողմը թուլանում է, դա կապված է նյարդերի՞ հետ:

-Հաճախ լինում է նյարդերի հետ կապված, կարող է լինել նաեւ սրտի հետ կապված, ամեն դեպքում պետք է նայել, տեսնել, թե ինչից է: Ավելի հաճախ այդպիսի թուլացումների պատճառը նյարդային, քան սրտային հիվանդությունն է:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

-Հրաշալի կադրեր ունենք: Ընդհանրապես կյանքում ամեն ինչը շատ-շատ է փոխվել: Օրինակ, մեր ժամանակներում ինտերնետ չկար, գրականությունն էր քիչ, հետաքրքրությունն էլ առանձնապես շատ չէր, ամեն ինչը կարծես պատրաստի էր ստացվում, իսկ հիմա պրոֆեսիոնալիզմի դար է եկել, եւ ամեն մեկը պետք է շատ բան իմանա, իրենից մի բան ներկայացնի, որ կայանա: Այդ իսկ պատճառով ե՛ւ ուսանողները, ե՛ւ, հետագայում, մեր օրդինատուրա, ինտերնատուրա անցնողները շատ հետաքրքրասեր են, խորանում են, ամեն ինչը ուզում են իմանալ, որովհետեւ գիտեն, որ իրենց ապագան կախված է իրենց գիտելիքներից, որ, ամենաքիչը, պետք է գոնե միջակ կամ միջակից բարձր լինեն, որ կարողանան այսօրվա մրցակցությանը դիմանալ:

-Ի՞նչ կասեք առաջնային օղակի մասին:

-Առաջնային օղակը շատ ծանրաբեռնված աշխատում է, նրա մակարդակը բարձրացել է, մասնագետներն իրենց գործը փայլուն կատարում են եւ միայն հարգանքի են արժանի մանավանդ այս քովիդային շրջանում:

-Հիվանդությունները «երիտասարդացե՞լ» են:

-Սրտի իշեմիկ հիվանդությունն է «երիտասարդացել»: Ընդհանրապես «երիտասարդանալն» ավելի շատ պայմանավորված է նրանով, որ սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումն է լավացել, ավելի վաղ շրջանում ենք կարողանում հայտնաբերել հիվանդությունը: Բացի դրանից, նաեւ իրոք հիվանդությունները որոշակի «երիտասարդացում» են ապրել, որովհետև կյանքը, անգամ ծխախոտը, սնունդն են փոխվել. արհեստական նյութերը շատ են: Շատերն են նստակյաց կյանք վարում, մարդկանց քաշն է ավելացել սննդի պատճառով. ուտելիքը ավելի համովացել է, տեսականին՝ շատացել, սնունդը կարծես արվեստ է դարձել, այն ոչ միայն կշտանալու, այլ ավելի շատ, կարծես թե, հաճույքի եւ ժամանցի աղբյուր է դարձել, մարդը փնտրում է՝ որից երբ ուտի: Աղն է շատացել, այնպիսի բաղադրություններ կան պատրաստի ուտելիքների մեջ, որ կարող են նույնիսկ շաքարախտ առաջացնել, խոլեստերինը բարձրացնել եւ այլն եւ այլն: Եթե այդ ամենին գումարենք նաեւ քրոնիկական սթրեսները, որոնք, իրենց հերթին, նպաստում են ծխելու, ուտելու, ալկոհոլի քանակը շատացնելուն, ապա տխուր պատկերը լիարժեք կլինի:

-Ի՞նչ կմաղթեք հանրությանը:

-Մեր ժողովրդին առողջություն ցանկանանք: Բժիշկներս ուզում ենք դրսից առողջացնել մարդուն, բայց մարդը պետք է ներսից փոխվի, ամեն փոփոխություն ներսից է գալիս: Մենք չենք կարող դեղորայքով նրան առողջացնել, եթե ինքն իրեն չի հետեւում: Ամենակարեւորը առողջ մնալն է, ոչ թե բուժվելը, որովհետեւ բուժումն արդեն չի բերում առողջ մակարդակի, մենք ուղղակի այնպես ենք անում, որ մարդն այդ հիվանդությունը չզգա, ուստի մարդը պետք է իրեն հետեւի, գիտակցորեն մոտենա առողջությանը: Մինչդեռ մեր մեքենաներին ավելի լավ ենք նայում, քան մեզ. լավ յուղ լինի, լավ բենզին, պարբերաբար ստուգելու ենք տանում վարպետների մոտ: Թող մարդիկ հետեւեն իրենց, առողջ մնան, իհարկե, դրանով էլի մեր գործը չի պակասի, բայց կզբաղվենք ավելի հաճելի բաներով, ոչ թե կտեսնենք մարդկային տառապանքները: Մանավանդ սիրտը, եթե հիվանդանում է, 100 տոկոսով չի բուժվում: Պահպանեք առողջությունը, վարեք առողջ ապրելակերպ, որպեսզի ապրեք լիարժեք կյանքով:                    

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր