Lusine

Lusine

Ինչքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան ավելի հեշտ կլինի բուժօգնություն ցուցաբերելը

Բժշկությունն օրեցօր առաջընթաց է ապրում, եւ արդի նորարարությունների զարկերակին համընթաց պետք է քայլել:Ակնաբուժության ոլորտը պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն, նվիրվածություն:  http://bestgroup.am/  կայքի  զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO) եւ Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: Նա իր գործի նվիրյալներից մեկն է, ում անմիջական մասնակցությամբ բազմաթիվ հիվանդներ վերականգնել են իրենց աչքի լույսը եւ սկսել բոլորովին այլ գույներով ընկալել աշխարհը: Բժշկի լավ կազմակերպած աշխատանքի շնորհիվ կատարվում է հիվանդների ճշգրիտ ախտորոշում եւ հետագա բուժում:

-Մի քիչ կխոսե՞ք «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին:

-Պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի եւ ամերիկահայ բարերար պրոֆեսոր Ռոջեր Օհանեսյանի համատեղ գաղափարի արդյունքում, «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ արդեն 16 տարի է՝ Հայաստանում իրականացվում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Շարժական ակնաբուժական կլինիկան, որը հագեցած է ահրաժեշտ սարքավորումներով եւ համալրված է համապատասխան մասնագետներով, շրջում է Հայաստանի բնակավայրերում, անվճար բուժզննություններ, անհրաժեշտության դեպքում` նաեւ վիրահատություններ կատարում,  կանխարգելում ձեռքբերովի կուրությունը: Շրջանների բուժկետերում մեր խմբերը կամ տեղի ակնաբույժները նախօրոք իրականացնում են բնակչության բուժզննում` սքրինինգ եղանակով: Մոտավոր որոշվում է հիվանդների թիվը, եւ ուղեգրվող հիվանդներին տրվում է կտրոն, որի վրա նշվում է այցելության օրը եւ ժամը: Պլանավորված ժամանակահատվածում շարժական հիվանդանոցով մեկնում ենք մարզ եւ կատարում գործիքային հետազոտությունները, լազերային միջամտությունները եւ վիրահատությունները: Ընդ որում, վիրահատությունների եւ լազերային միջամտությունների քանակը գրեթե միշտ նախատեսվածից շատ է լինում, բայց մինչեւ հերթագրված վերջին հիվանդը բոլոր վիրահատությունները կատարվում են: Շարժական կլինիկան կշարունակի գործել այն վայրերում, որտեղ ռեգիոնալ ակնաբուժական կլինիկաներ չկան։

-Պարոն Հովսեփյան, ի՞նչ խնդիրներով են ավելի հաճախ Ձեզ դիմում մարզերում:

-Հաճախակի հանդիպող հիվանդությունը կատարակտն է, որի զգալի մասն արդեն գերհասուն բարձիթողի վիճակում է լինում: Վիրահատության ընթացքում դրվում է արհեստական ոսպնյակ: Արդեն մի քանի տարի է, որ առավելապես կիրառում ենք վիրահատության ֆակոէմուլսիֆիկացիոն (առանց կարի) ժամանակակից եւ արդյունավետ մեթոդը,  որի շնորհիվ շատ հաճախ վիրահատության հենց հաջորդ օրը հիվանդի մոտ տեսողությունը 80-100%-ով վերականգնվում է: Հաճախակի են նաև գլաուկոման, մսամոլները, ավելի հազվադեպ` կոպերի խնդիրները:

Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր մարզերում «Լույս հայի աչքերին» ծրագիրն իրականացնելու ընթացքում մշտապես ոգեշնչվել ենք հազարավոր մարդկանց շնորհակալական խոսքերից: Սոցիալապես խոցելի անձինք հնարավորություն ունեն անվճար օգտվելու ակնաբուժական ժամանակակից ծառայություններից եւ արդյունքում՝ վերականգնելու իրենց աչքի լույսը:

-Խոսենք արհեստական ոսպնյակի ֆիքսացիայի Ձեր անհատական մեթոդի մասին: Կիրառվո՞ւմ է այդ մեթոդն այսօր ակնավիրաբուժական պրակտիկայում:

-Այս մեթոդը հայտնաբերել եւ կիրառության մեջ եմ դրել 2007 թվականից, երբ Մալայան կենտրոնում հիվանդներիցս մեկի վիրահատության ընթացքում հետին խցիկային ոսպնյակի հենարանի անլիարժեքության պատճառով, ընդունված կանոնների համաձայն, անհրաժեշտ էր գնել նոր առաջային խցիկային մոդելի ոսպնակ: Իսկ դա հիվանդիս համար մատչելի չէր, եւ ես ստիպված էի օգտագործել արդեն ներդրված հետին խցիկային մոդելի ոսպնյակը, որի համար մտածեցի նոր ֆիքսացիայի մեթոդ: Առայսօր մեթոդը կիրառել եմ այն բոլոր բարդ դեպքերի ժամանակ, երբ ոսպնյակի բնական հենարանը շատ թույլ էր կամ իսպառ բացակայում էր: Այս մեթոդն ավելի շատ կիրառվում է անվճարունակ հիվանդների համար, ուստի այդ գաղափարը սկսեց ներդրվել «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագրում:

Վերջին տարիներին նոր ուլտրաձայնային ֆակոէմուլսիֆիկացիայի եղանակն է հիմնականում կիրառվում կատարակտի վիրահատության ժամանակ, ինչն ակնավիրաբուժության մեջ համարվում է ժամանակակից առաջատար եղանակ: Առաջարկված ֆիքսացիայի մեթոդը համադրելի է նաեւ կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիայի եղանակով վիրահատության գնացող հիվանդների համար, որոնց մոտ առկա է բնական ոսպնյակի հենարանի թուլություն:

-Բժշկությունը կոչո՞ւմ է, թե մասնագիտություն:

-Բոլոր բժիշկներս էլ Հիպոկրատի երդում ենք տվել եւ ուզում ենք աշխատել ի շահ պացիենտի: Ցանկացած հիվանդի երջանկություն է պատճառում, երբ իրեն աջակցության ձեռք են մեկնում: Հաճելի է, երբ տեսնում ես, որ կարողանում ես հեռավոր գյուղերի բնակիչներին բուժօգնություն ցուցաբերել ու փրկել հետագա կուրացումից, մինչդեռ նրանք օրվա հացը հոգալու խնդիր ունեն եւ ի վիճակի չեն մասնագետի դիմել:

-Բժիշկ, կներկայացնե՞ք Մալայան կենտրոնում առկա նորագույն տեխնոլոգիաներից մեկը:

-Մալայան կենտրոնում գործող առաջատար հանրահայտ «Ալկոն» ֆիրմայի ֆեմտովայրկյանային լազերը տեսողության շտկման բացառիկ սարք է եւ ունի կանխատեսելի ճշգրտություն: Այն հնարավորություն է տալիս ձեւավորել համաչափ բարակ տափակ եղջերաթաղանթային լաթ ամբողջությամբ վերահսկվող տրամագծով, հաստությամբ եւ կենտրոնի տեղակայմամբ: Նրան զուգակցված այլ սարքի (էքսիմերային) միջոցով շտկվում է կարճատեսությունը, հեռատեսությունը եւ ասիգմատիզմը: Ֆեմտովայրկյանային սարքը կիրառվում է նաեւ կերատոկոնուսի ժամանակ կերառինգերի ճշգրիտ տեղադրման համար:

-Իսկ ի՞նչ կասեք առաջնային օղակի մասին:

-Մեր առաջնային օղակներում բավականին բանիմաց բժշիկներ կան, եւ նրանք, անհրաժեշտության դեպքում, հիվանդներին ուղեգրում են ակնաբուժական կլինիկաներ: Մեր դեպքում նախօրոք հերթագրում են հիվանդներին, թղթաբանությունը իրականացնում, եւ մենք ընդունում ենք նրանց: Իհարկե, բժշկի ընտրությունը կարեւոր է:

-Ձեր կարծիքը երիտասարդ սերնդի մասին, ըստ Ձեզ, ի՞նչ ապագա կունենա մեր ակնաբուժությունը:

-Այժմյան սերունդը ձգտող է, պրպտող, ցանկանում է մշտապես քայլել նորարարությունների զարկերակին համընթաց: Այսօր երիտասարդների համար ավելի հասանելի են թե գրականությունը, թե լայնածավալ տեղեկատվությունը: Իսկ մեր ժամանակներում մենք բժշկական գրականություն էինք փնտրում գրադարաններում, որ անհրաժեշտ նյութը կարդանք: Եվ համոզված եմ, որ յուրաքանչյուր պրպտող անձ կհասնի իր նպատակին:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Իհարկե, միանշանակ Ալեքսանդր Սերգեյի Մալայանին եւ Կարեն Ալեքսանդրի Շաղբաթյանին, որոնց տված գիտելիքներն ինձ համար անգնահատելի են:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Ուզում եմ բոլորին ասել, որ հիվանդության կանխարգելումը շատ ավելի դյուրին է, քան բուժումը, ուստի թող պացիենտներն ավելի վստահաբար դիմեն բժշկի, որովհետեւ մենք՝ բժիշկներս, օրնիբուն ջանք չենք խնայում, որպեսզի որակյալ եւ նպատակային բուժօգնություն ցուցաբերենք: Կցանկանամ, որպեսզի ավելի շատ վստահեն ու հարգեն բուժաշխատողներին: Մաղթանքս էլ մշտապես անփոփոխ է. «Առողջ ապրեք, ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ»: Բոլորին խորհուրդ կտամ շատ հետեւողական լինել իրենց աչքերի առողջության հարցում, կանխարգելիչ նպատակներով գոնե տարին մեկ անգամ անցնել բուժզննում, քանի որ, ինչքան վաղ հայտնաբերվի խնդիրը, այնքան ավելի հեշտ կլինի բուժօգնություն ցուցաբերելը:

«Իմ ամենալավ ուսուցիչը կյանքն է» 
 
21-րդ դարում ժամանակակից բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում տեսողությունը պահպանելու, զարգացող հիվանդությունը կանխարգելելու եւ բուժելու համար: Սակայն, ինչպես ցանկացած այլ օրգան-համակարգերի, այնպես էլ աչքի հիվանդությունների պարագայում առաջին հերթին կարեւորվում է ճիշտ ժամանակին մասնագետներին դիմելու հանգամանքը:  
http://bestgroup.am/  կայքի  զրուցակիցն է ակնաբույժ ԳՈՀԱՐ ԲԻՇԱՐՅԱՆԸ: Նա մինչեւ վերջերս աշխատում էր «Շենգավիթ» ԲԿ «Տեսողության լազերային կորեկցիայի» բաժանմունքում, իսկ հիմա Էջմիածին քաղաքում հիմնել է  իր մասնավոր կենտրոնը, որտեղ գործում են օպտիկա, կլինիկա եւ ակնոցների պատրաստման վարպետանոց: Երիտասարդ բժշկուհին համարձակորեն մուտք է գործել բժշկության անկանխատեսելի աշխարհ եւ ընթանում է դժվարին, սակայն հաջողությունների ճանապարհով: Մի կողմից գեղեցիկ, հմայիչ, նրբանկատ, բարի, հոգատար կին է, լավ մայր ու հայրենասեր մարդ, մյուս կողմից` նպատակասլաց, հետեւողական ու իր գործի գիտակ բժշկուհի: 
 -Բժշկուհի, խոսեք կարճատեսության մասին: 
-Կարճատեսությունը դարի հիվանդություն է եւ, ըստ որոշ վիճակագրական տվյալների, 2050 թվականին մոլորակի 40 տոկոսից ավելին լինելու է կարճատես, ինչը պայմանավորված է մեր ապրելակերպով: Եվ անչափ կարեւոր է մանկական տարիքից զբաղվել այդ խնդրով, եւ պատահական չէ, որ ես ընտրել եմ մանկական ակնաբուժությունը: Իրականացնում եմ ապարատային բուժում, բբի լայնացում, ռեֆրակցիայի որոշում, ճիշտ ակնոցային կամ կոնտակտային կորեկցիա, ատրոպինի 0,01 տոկոսանոց լուծույթի կիրառում, որը շատ տարածված է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Կան նաեւ  հատուկ հետազոտություններ, մասնավորապես` եղջերաթաղանթի շերտագրություն, որով որոշում են եղջերաթաղանթի կորության շառավիղը, տրամագիծը, եւ դրանից հետո միայն կատարվում է ոսպնյակի ընտրությունը: Մեզ մոտ, ցավոք, կարող են պարզապես մտնել դեղատուն եւ գնել ցանկացսծ անհայտ ծագման ոսպնյակ, քանի որ դեղատան աշխատակցի համար կարեւորը վաճառելն է:  
-Ի՞նչ խորհուրդ կտաք` ակնո՞ց կրել, թե կոնտակտային լինզա: 
-Առհասարակ, նույնիսկ կոնտակտային լինզա կրելու դեպքում պետք է ակնոց ունենալ, նրանք մեկը մյուսին փոխարինող են: Ակնոցի դեպքում խիստ հիգիենա պահպանելու կարիք չկա, թեեւ ակնոցը միշտ պետք է մաքուր պահել: Ւսկ ահա ոսպնյակները դնելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ տաք ջրով եւ օճառով, չորացնել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով: Ոսպնյակներով չի կարելի քնել, լողանալ: Հանելիս այն պետք է դնել հատուկ հեղուկ պարունակող տարայի մեջ, երբեք չի կարելի լվանալ հոսող ջրի տակ, դրանով լողավազան գնալ: Այս ամենից բացի, ոսպնյակները պետք է օգտագործել այնքան ժամանակ, որքան նախատեսված է: Ոսպնյակն անմիջապես «նստում է» եղջերաթաղանթի վրա, ու ստացվում է, որ աչքի եւ ոսպնյակի միջեւ հեռավորություն չկա, ինչը հնավորություն է տալիս ավելի պարզ տեսողության հասնել: Իսկ գունային բաղադրիչ ունեցող ոսպնյակների միջոցով հնարավոր է փոխել աչքերի գույնը: Բայց ոսպնյակը չորացնում է աչքի արտաքին մակերեսը, ուստի այն միշտ պետք է խոնավեցնել աչքի կաթիլներով (արհեստական արցունք): 
-Բժշկուհի, Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:
-Մեր ընտանիքի միակ բժիշկը ես եմ: Հայրս ինժեներ-շինարար է, մայրս` ռադիոինժեներ, եղբայրներս` ծրագրավորողներ: Այսինքն` ընտանիքում բժշկական միջավայր չի եղել, պարզապես շատ հայ ընտանիքներում ընդունված ավանդույթ է, որ նախընտրում են բժիշկ դառնալ:  3-4-րդ դաարանում էի սովորում, երբ Գոհար տատիկիս աչքը վիրահատել էին, ու տատիկս բժշկուհուն շատ էր հավանել: Հետվիրահատական շրջանում տեսակցության էինք գնացել, եւ նա ինձ ասաց. «Երբ մեծանաս, կցանկանամ, որ նրա պես աչքի լավ բժիշկ դառնաս»: Դա, իհարկե, խոսք էր, որ ասվեց ու գնաց, բայց, երբ արդեն 9-րդ դասարանում էի, որոշեցի կյանքս կապել բժշկության հետ, որովհետեւ փոքրուց բաղձալի նպատակս էր` ունենալ սեփական կլինիկա, որը կկարողանար նաեւ բարեգործությամբ զբաղվել: Մտածում էի, որ ձեռք կբերեմ բժիշկ ընկերներ, որոնց հետ կիրականացնեմ նպատակս: Եվ արդեն ունեմ իմ մասնավոր կենտրոնը: 
Երբ բժշկական համալսարանն ավարտում էի, որպես նեղ մասնագիտացում ընտրեցի ակնաբուժությունը, առաձնապես` մանկական ակնաբուժությունը: Իհարկե, երեխաների հետ աշխատելը շատ դժվար է, քանի որ հաճախ իրենք էլ չգիտեն, թե իրականում ինչ են ուզում, ինչից են բողոքում: Բայց նրանցից եկող հույզերը, անկեղծությունը մեզ էներգիա է տալիս: Իրականում երեխաներից երբեք կեղծիք չես զգա, եւ ինչքան էլ ծնողները ստիպեն ժպտալ, միեւնույն է, չեն ժպտա, եթե իրենք չցանկանան: Լինում են դեպքեր, որ վազելով գալիս, գիրկդ են նետվում, բայց լինում է նաեւ հակառակը. տեսնելով սպիտակ խալաթը` վախենում եւ ուզում են փախչել, որովհետեւ երեխային հաճախ վախեցնում են բժշկով: Ես միշտ փորձում եմ ընկերական ժպիտով, սիրելով, ոչ թե ստիպելով ներթափանցել նրանց ներաշխարհը: Ինքս ունեմ երկու տղա` 6 եւ 1.8 տարեկան, ու գիտեմ, թե երեխաների հետ ինչպես կարելի է շփվել: Եվ աշխատանքի շփման փորձը տանում եմ տուն, տան փորձն էլ բերում աշխատավայր: Բժշկի առաջին առաքելությունը լավ հոգեբան եւ լավ ընկեր լինելն է, ու հանդիպում են դեպքեր, երբ չես կարող օգնել պացիենտին, բայց նա կարող է քո մեջ գտնել լավ ընկեր: Իսկ երեխան պետք է բժշկի մեջ տեսնի վստահելի մարդու: 
-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին պացիենտին:                                                                                                           
-Ամառային արձակուրդներին Ճապոնիայից մեր երկիր էր այցելել մի ընտանիք, որի մայրը հայ էր, հայրը՝ ռուս: Նրանց աղջիկները հայերեն չէին կարողանում խոսել, մի քիչ ռուսերեն եւ, իհարկե, ճապոներեն գիտեին: Աղջիկներից մեկի տեսողության սրությունն էի ստուգում, նա թիվը տեսնում էր, ճապոներեն ասում մայրիկին, վերջինս էլ փոխանցում էր ինձ: Վերջում ես էլ ինչ-որ ճապոներեն բառեր սովորեցի: Դա շատ պարադոքսալ դեպք էր. աղջիկն ուներ ռեֆրակցիոն զարգացում՝ խառը աստիգմատիզմ, բայց դրա հետ մեկտեղ ուներ շատ սուր տեսողություն: Նա շատ հետաքրքիր էր անձնավորություն էր, նրա մեջ այնքան հանգստություն կար: Նրանց մոտ ընդունված է հոտավետ բացիկներ նվիրել, եւ նա կաշկանդվելով, մայրիկին փոխանցելով` ինձ բացիկ նվիրեց: Ակնոց նշանակեցի, ասացին, որ կրկին Հայաստան գալու դեպքում կցանկանան` ես իրենց բժիշկը լինեմ: Հետո ճապոնիայից էլի պացիենտ ունեցա. այդ աղջնակն էր խորհուրդ տվել ինձ դիմել: Եվ նման վստահությունը պարտավորեցնող է:
 -Բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:
-Բժշկությունը, իմ կարծիքով, ապրելակերպ է: Բժշկի մասնագիտության նրբություններն  ավելի լավ պատկերացնում ես կլինիկական օրդինատուրան անցնելուց հետո, երբ արդեն քո նեղ մասնգիտացմամբ ես աշխատում ու պետք է պատրաստ լինես օրը 24 ժամ հասանելի լինել պացիենտներիդ համար: Միշտ հետեւում ենք նորարարություններին, գնում վերապատաստումների, որպեսզի կատարելագործվենք, եւ ավելի քիչ լինեն պատասխան չունեցող հարցերը: Պետք է քեզ դիմողին չհուսահատեցնես, եթե անգամ ելք չկա: Ի դեպ, ամուսինս մասնագիտությամբ իրավաբան է եւ ինձ շատ է աջակցում ամեն հարցում: Ամուսնու կողմից «թեւեր ստանալը» շատ կարեւոր է, այն ազատում է բարդույթներից: Կինը զգայական էակ է, նա շատ ավելի իր զգացմունքային աշխարհով է ապրում, քան բանական: Սրանից ելնելով՝ կինը պետք է զգա, որ ինքը սիրված է, եւ այդ դեպքում կողքից ցանկացած բացասական բան նրա  վրա չի ազդի: Երբ կինը իր տղամարդու կողմից սիրված, հարգված եւ գնահատված է, ուրեմն նրա երջանկության մեծ մասն ապահովված է:                                                                                                                                   
 -Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:                                                                                                                 
 - Ինձ համար առաջնահերթը ծնողներս են, որովհետեւ նրանց տված դաստիարակությունն իրենց ապրելակերպով ինձ համար մեծ դպրոց է: Եվ նույն զգացմունքը, վերաբերմունքը ես տածում եմ իմ երեխաների հանդեպ: Մեր ծնողներից շատ-շատ բաներ ենք սովորում, բայց այս պահին գրքային պատասխան կտամ. իմ ամենալավ ուսուցիչը կյանքն է:                                                                                                   
--Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:                                                     
-Թող ամեն ոք կարողանա գտնել իր խաղաղությունը, անդորրը թե´ աշխատավայրում, թե´, առավելապես, ընտանիքում: Կցանկանամ, որ մեր հասարակությունը լինի ավելի համբերատար, ուժեղ, դիմացկուն, ազգը լինի լավատես: Յուրաքանչյուր բժշկի համար ամենակարեւորը հիվանդներին առողջ տեսնելն է: Եղեք առողջ, սիրեք այն, ինչ ձեզ տրված է Աստծո կողմից: Եթե մարդ մշտապես ուշադիր է եւ գանգատների հենց առաջին նախանշանների դեպքում դիմում է համապատասխան մասնագետի, ապա մեծ է հավանականությունը, որ կկատարվի անհրաժեշտ հետազոտություն, կտրվի ճիշտ ախտորոշում, եւ կիրականացվի արդյունավետ բուժում: Այնպես որ, եւս մեկ անգամ հորդորում եմ բոլորին ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ եւ ժամանակին դիմել մասնագետի: 
 

 «Գերադասում եմ ռիսկի դիմել, քան թե անգործ նստել»

  Մեր կյանքն այսօր անվերջ պայքար է, եւ մենք հաճախ մոռանում ենք ամենակարեւորի` սեփական առողջության մասին։ Սակայն ինչ-որ պահի մեր օրգանիզմը սկսում է «ըմբոստանալ» նման անխնա վերաբերմունքից, օգնության կարիք ենք ունենում ու ստիպված դիմում ենք համապատասխան մասնագետի: Առողջության վերականգնումը պահանջում է նախ գտնել հիվանդության պատճառը,  ճշտել, թե որ ուղղություններով է այն ազդել, ինչպիսի վնասներ է հասցրել օրգանիզմին, եւ միայն դրանից հետո մշակել բուժման այնպիսի ծրագիր, որը թույլ կտա առանց վնաս հասցնելու առավելագույն օգուտ ստանալ: Չէ՞ որ բժշկության հիմնական կարգախոսն է` չվնասել:

 http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ: Բժիշկ, որն ունի երկար տարիների մասնագիտական փորձ, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Հոյակապ մարդ, որի շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, եւ որի դերն անգնահատելի է բժշկության զարգացման մեջ:

-Բժիշկ, խոսենք Ձեր բաժանմունքի գործառույթների մասին:

-Մեզ կարող են դիմել ողնաշարի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում: Ողնաշարի հետ աշխատանքում, ինչպես նաեւ բժշկական յուրաքանչյուր միջամտության դեպքում, ռիսկեր շատ կան, եւ կարեւորն այդ ռիսկերը ճիշտ գնահատելն է: Ես նախընտրում եմ հնարավորության դեպքում վիրահատություն կատարել, քան հրաժարվել դրանից նույնիսկ այն դեպքերում, երբ անբարենպաստ ելքի ռիսկը մեծ է: Լինում են իրավիճակներ, երբ վիրահատություն չկատարելու դեպքում հիվանդին սպառնում է անշարժացում, բայց վիրահատության հաջողության շանսերն էլ 50/50 են: Այդուհանդերձ, ավելի շատ գերադասում եմ ռիսկի դիմել, քան թե անգործ նստել:  

-Պարոն Մոմջյան, Ձեր կարծիքով, այսօր բժիշկները պաշտպանվա՞ծ են:

-Կարելի է ասել` բացարձակ պաշտպանվածություն չկա, ոչ ոք իրեն ապահով չի զգում, քանի որ ասոցիացիաներն անհրաժեշտ մակարդակով չեն գործում: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ ասոցիացիաների շնորհիվ բժիշկները պաշտպանված են, իսկ մեզ մոտ, իմ կարծիքով, դրանք դեռեւս շատ թույլ են: Բացի այդ, չկան բժիշկների պարտականությունների, իրավունքների վերաբերյալ հատուկ ուղեցույցներ, որպեսզի հասկանաս` դու իրականում ինչ-որ շեղում կատարե՞լ ես: Բժիշկը պետք է գրանցի,  թե ինչպիսի հիվանդություններ, բարդություններ կան հիվանդի մոտ, եւ հիվանդին էլ տրվի համապատասխան փաստաթուղթ, որպեսզի հետագայում բժիշկը չկանգնի լուրջ խնդրի առջեւ: Ճիշտ է, մենք բանավոր տեղեկացնում ենք հետագա բարդությունների հավանականության մասին,  սակայն հիվանդը երբեմն դա չի էլ հիշում: Վերջերս էլ ոմանք բժշկից գումար կորզելու ոչ պաշտոնական կամ պաշտոնական ճանապարհ են փնտրում դատական միջնորդության միջոցով, եւ այդ խնդիրը գնալով տարածում է ստանում: Իսկ, օրինակ, ՌԴ-ում այդ առումով արդեն պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել. այնտեղ կան հատուկ ծառայություններ, որոնք փնտրում են հիվանդների եւ նրանց առաջարկում, թե բժշկից ինչպես կարող են գումար կորզել: Այսինքն` ոչ թե հիվանդն է իրենց դիմում, այլ իրենք` հիվանդին: Հուսամ, որ մեզ մոտ չեն հասնի այդ աստիճանի, բայց դրա վտանգը, անկասկած, կա:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Այդ առումով շատ փոքր դրական տեղաշարժ կա: Դա այն է, որ ինտերնետ պորտալի օգնությամբ ծանոթանում են իրենց հիվանդության նախապատմությանը, ինչը հաճախ ավելի շփոթեցնում է, քան օգնում, բայց ամեն դեպքում դրանից հետո սկսում են ավելի գրագետ մոտեցում ցուցաբերել եւ իրենց հարցադրումները ճիշտ ձեւակերպել:

-Բժիշկ, ըստ Ձեզ, բժշկությունը կոչո՞ւմ է, թե մասնագիտություն:

-Կարծում եմ`մեկը մյուսին լրացնում են: Լավ եւ կատարյալ մասնագետ դառնալու համար պետք է աշխատես քեզ վրա, իսկ երբ այն քո կոչումն է, մեծ սիրով ու հոգով ես նվիրվում աշխատանքիդ: Եթե զուտ որպես մասնագիտություն ես այն դիտարկում, որ գումար վաստակես, այդ դեպքում խթանը բոլորովին ուրիշ է:

-Ի՞նչ կասեք ձեր ոլորտի երիտասարդ կադրերի մասին:

-Կարելի է տարանջատել երկու խումբ. երիտասարդներ, որոնք ձգտող են, պրպտող, եւ երիտասարդներ, որոնք գիտական ցածր մակարդակ ունեն: Ու, եթե առաջին խմբի երիտասարդները չբավարարվեն եղածով ու շարունակեն առաջընթաց ապրել, մեր բժշկության  ապագան կգտնվի հուսալի ձեռքերում: Մենք էլ մշտապես հետեւում ենք նորարարություններին, մասնակցում կոնֆերանսների, որպեսզի տեղեկացված լինենք, փորձի փոխանակում կատարենք եւ համընթաց քայլենք ժամանակի հետ: Ու նաեւ մեր գիտելիքներն ենք փոխանցում երիտասարդներին: Իրականում բուժման մեթոդիկան չի փոխվում, փոխվում են մոտեցման ձեւերը:  Մեր աշխատանքի մեջ հիմնական սկզբունքային դրույթները նույնն են, պարզապես տեխնիկական հնարավորություններն են ավելի բարելավվել:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:

-Ոչ, երեխաներս ընտրեցին այլ ճանապարհներ: Փոքր տղաս դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում եւ իրեն ավելի կատարյալ է զգում ծրագրավորման մեջ:  Իմ արմատներում ոչ թե բժիշկներ, այլ արհեստավորներ են եղել: Պապս քարտաշ է եղել եւ մեծ ավանդ ունի քաղաքի քարային քանդակների գործում. մասնակցել է  Հանրապետության հրապարակի, այն տարիներին Կենտկոմի մի շենքի քանդակային նախշազարդումներին:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Նախ մեզ` բժիշկներիս կցանկանամ անփորձանք աշխատանք: Կցանկանամ, որ բժիշկները քիչ սխալներ անեն: Կա սխալ, եւ կա բարդություն, որը կարող է լինել ցանկացած պարագայում ոչ միայն մեզ մոտ, այլեւ զարգացած երկրներում: Երբ Ֆրանսիայում մասնակցում էի կոնսուլտացիաների, Փարիզում մեկուկես ամսվա ընթացքում մոտ տասը սխալ վիրահատությունների ականատեսը դարձա: Ձգտում ենք մեր ոլորտը պահել հնարավորինս բարձր դիրքերում, մի փոքր թերացում զգացվում է ֆինանսական առումով. չենք կարողանում նոր գործիքներ ձեռք բերել: Իսկ մեր ոլորտում կատարյալ զարգացում կարող ենք ապահովել նորագույն գործիքների շնորհիվ, որոնք նույնպես պետք է մի քանի տարի հետո փոխարինվեն: Զարգացող տեխնոլոգիաներին սահման չկա. նորից նորը կա, լավից` լավը: Եվ այդ անընդհատ թարմացումների համար այնպիսի գումար է անհրաժեշտ,  որը մեր երկրի համար մեծ թիվ է:  Կցանանամ, որ մեր հասարակությունն ավելի զարգացնի իր ինտելեկտը, որի պակասը հաճախ է զգացվում:  

Ինչպես սիրում եմ ասել` թող միշտ լինեն առողջ, վարեն առողջ ապրելակերպ, որպեսզի ավելի քիչ այցելեն բժիշկների: Եվ առաջնային զբաղվեն կանխարգելիչ բուժմամբ, որպեսզի հետագայում հիվանդություններն ավելի չխորանան

Թող բժիշկներս լինենք գործազուրկ, բայց մեր ազգին տեսնենք առողջ 
 
Առողջությունը ֆիզիկական, հոգեկան եւ սոցիալական բարեկեցիկ վիճակ է, որին հասնելու համար չափազանց կարեւոր են այցելուի դրական տրամադրվածությունն ու հիվանդությանը հաղթելու հաստատակամ որոշումը: http://bestgroup.am/  կայքի զրուցակիցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ իր բազմամյա փորձից գիտի՝ սա ճշմարտություն է, որ գործում է միշտ եւ անխափան:  «Բուժում ոչ միայն դեղորայքով, այլեւ ժպիտով ու բարի խոսքով: Պացիենտի առողջությունը կախված է ոչ միայն բժշկի պրոֆեսիոնալիզմից եւ փորձից, այլեւ այցելուի հաղթական տրամադրվածությունից:Միայն այդ դեպքում ոչ մի հիվանդություն չի կարող հաղթել»,- ընդգծում է բժիշկը:
 Իրեն առանց բժշկական խալաթի չի պատկերացնում: Դեպի անցյալ հետ հայացք ձգելով՝ նկատում է, որ երբեք էլ չի պատկերացրել:Բժշկի ուղին ինքնըստինքյան է ստացվել, քանի որ գիտեր` իր գործը մարդկային կյանքեր փրկելն է լինելու: Որոշումը՝ նպատակ, նպատակը իրականություն ու ապրելակերպ դարձավ: Ռազմական ոլորտում աշխատելը բազմապատկում է բժշկի դրական  հատկանիշները:Ռազմական  բժշկի համար խնդիրների լուծման ճանապարհներն  ավելի  մասշտաբային  են: Նրա  ուսերին պատասխանատվության ու զգոնության շատ մեծ  չափաբաժին կա: 
«Ավելի շուտ բժշկի մոտ, ավելի շուտ ու առողջ՝ բժշկի մոտից». ոսկե կանոն է, որը մշտապես գործում է անխափան»,- նկատում է նա: Վիրահատական սեղանին չհայտնվելու առաջին նախապայմաններից է հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելը: Խնդիրը, որ հնարավոր էր լուծել դեղորայքի միջոցով, ժամանակի ընթացքում լրջանում է, երբեմն դառնում նաեւ կյանքին սպառնացող վտանգ: Բժշկի խորհուրդն է բոլորին՝ հետեւողական լինել ու պահպանել  ի վերուստ տրված ամենամեծ պարգեւը՝ առողջությունը: «Չափազանց կարեւոր է նաեւ գտնել մասնագետի, որին կվստահես հարյուր տոկոսով: Պացիենտ-բժիշկ վստահությունը շատ մեծ նշանակություն ունի բուժման ամբողջ գործընթացի համար: Բուժման ընթացքը բարդ ճանապարհ է, որ հիվանդն ու բժիշկն անցնում են միասին, ձեռք ձեռքի տված: Վստահելով բժշկին՝ հիվանդը նպաստում է իր իսկ արագ ապաքինմանը»,- ընդգծում է բժիշկը:
Այսօր էլ բժշկագիտության բնագավառում երկար ճանապարհ անցած, փայլուն կրթություն ու փորձառություն ունեցող բժիշկը շարունակում է շատերի աչքերի լույսը վերականգնել: «Բժիշկը պետք է սիրի կյանքը, մարդուն եւ ժամանակի հետ համաքայլ գնա՝ անընդհատ  կատարելագործվի ու ապահովի շարունակական կրթություն»,- վստահ է նա: 
 -Բժիշկ,  խոսենք բաժանմունքի գործառույթների մասին, ովքե՞ր կարող են Ձեզ դիմել:
-Իրականում բաժանմունքը կոչվում է անոթային պաթոլոգիայի բաժանմունք, բայց վաղուց արդեն կորցրել է անվան էությունը: Նրա գործառույթների մեջ մտնում են աչքի հետ կապված բոլոր խնդիրները: Մեր բաժանմունքը մեծ գործունեություն է ծավալել 90-ական թվականներից, երբ ռազմական հոսպիտալը դեռ ստեղծման փուլում էր, եւ բոլոր խնդիրներով հիվանդները մեզ էին դիմում: Մեծ դերակատարություն ենք ունեցել նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմից տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու հարցում, եւ այսօր էլ, եթե հոսպիտալում լինում են ծանր դեպքեր, հիվանդներին մեզ մոտ են բերում:  
-Ընտրել եք շատ ռիսկային եւ պատասխանատու աշխատանք: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ քայլին:
-Իմ ուղին կարծես ինքնըստինքյան ստացվեց: Պատերազմի տարիներին բոլորս մեկ մարդու պես ծառայում էինք մեր հայրենիքին, օգնում մեր զինվորներին: Հենց այդ ժամանակ ԱՄՆ-ից օգնության եկան մեր գործընկերները, իսկ արդեն 1993 թվականին ես մեկնեցի ԱՄՆ վերապատրաստման եւ բարդ վերահատություններ կատարելու փորձ ձեռք բերեցի: Եվ մինչ այսօր էլ այդ մեթոդները կիրառելի են մեզ մոտ: 
Ասեմ, որ իմ արմատներում չկան բժիշկներ, եւ իմ ընտրությունը եղավ ինքնըստինքյան: Տղաս է ընտրել իմ ճանապարհը, աշխատում է ինձ հետ, աղջիկս նույնպես ընտրել է բժշկական ճյուղը: 
-Ի՞նչ կարծիք ունեք երիտասարդ կադրերի մասին, մեր ակնաբուժությունը վստահելի՞ ձեռքերում է:
-Պետք է ասեմ, որ երկու ծայրահեղության կա: Կան մեր ոլորտի նվիրյալներ, բայց կան նաեւ բացարձակապես չհետաքրքրվողներ:Ցավալին այն է, որ նորավարտների թիվը շատ է, իսկ մեր հանրապետությունն էլ այդքան մեծ չէ, եւ նրանց մի մասը ստիպված սովորում է գերմաներեն, որպեսզի ապագայում գնա Գերմանիա աշխատելու: Տեղի է ունենում ուղեղների արտահոսք, որը լավ բանի չի հանգեցնի:  
-Մեր հասարակությունը բժշկության առաջնային օղակին կարեւորություն չի տալիս, որովհետեւ չի  վստահում, ի՞նչ կասեք այդ առումով:
-Ցավոք, պոլիկլինիկաներն աշխատում են ոչ բարվոք պայմաններում: Այս պահին տեղյակ չեմ, թե ինչպես են վարձատրվում, բայց կարծում եմ` պետք է շատ լավ վարձատրվեն: Պետք է կատարվի օրվա հիվանդների սահմանափակում, որ գոնե իրենց պացիենտները ստանան լիարժեք խորհրդատվություն, որ աշխատանքը լինի ոչ թե քանակական, այլ որակական: Ուրախալի փաստ է, որ մեր առողջապահության նախարարն այսօր շատ է կարեւորում առաջնային օղակի աշխատանքը: Դա մեր ոլորտի բարելավման ուղղությամբ մեծ քայլ է: 
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Արդեն հանգուցյալ Սերգեյ Վարդանիչին, ում հետ իմ աշխատանքը տեւեց մի քանի ամիս, չհասցրեցի նրա հետ երկար ճանապարհ անցնել, բայց ցանկանում եմ իմ մեծ երախտագիտությունը հայտնել նրան եւ մեր կլինիկայի ղեկավարին` Ալեքսանդր Սերգեյի Մալայանին, ով ինձ տվեց ոչ միայն գիտելիքների մեծ բազա, այլ նաեւ, այսպես ասած, աճելու հնարավորություն ընձեռեց: Իսկ մեր հարաբերությունները ոչ թե ղեկավար-ենթակա, այլ ամուր ընկերական մակարդակի են:
-Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս ասոցիացիաները մեր բժիշկներին:
-Մենք ասոցիացիա ստեղծել ենք մոտավորոպես 3 տարի առաջ, բայց ցավոք, դրանք ստեղծվում եւ մարում են: Իմ կարծիքով, պետք է ասոցիացիաների մասին օրենք լինի, առանց ասոցիացիայի իմացության, նրա վերահսկողության ոչ մի գիտական թեզի պաշտպանություն, ոչ մի վերապատրաստում չպետք է լինի: Մենք այսօր այդ ճանապարհին ենք, փորձում ենք վերականգնել մեր գործունեությունը լիարժեքորեն եւ կատարյալ: 
-Կվերհիշե՞ք Ձեր առաջին վիրահատությունը, որով տպավորված եք մինչ օրս:
-Ես փորձում եմ ապրել իմ ամեն հաջողությամբ մինչ օրս եւ բնավորությամբ այնպիսին եմ, որ ինձ վրա շատ ծանր հետք է թողնում անհաջող դեպքը: Նման դեպքից հետո ուղեղումս շատ հարցեր են առաջանում, եւ ուզում եմ հասկանալ,  թե ինչու դա այդպես եղավ: Ես ապրում եմ ամեն մի հիվանդի խնդրով, փորձում դրան տալ վերջնական լուծում: 
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Կցանկանամ այս մթնոլորտը, որ ստեղծվել է պարոն Փաշինյանի շնորհիվ, բարի եւ լավ ավարտ ունենա մեր հասարակության համար: Կցանկանամ, որ մենք ապրենք եվրոպական եւ ամերիկյան երկրների պես խաղաղ ու անհոգ կյանքով, սակայն այսօր ագրեսիան եւ նեգատիվը մեզ մոտ, ցավոք, շատ-շատ են: Կցանկանամ մեր հասարակությանը տեսնել միշտ առողջ: Ոչինչ, թող մենք` բժշիկներս, լինենք գործազուրկ, բայց մեր ազգին տեսնենք առողջ եւ առանց հոգսերի: Առողջ եղեք, սիրեք ձեզ:
 

Աշխատանքային փորձ

2009թ. – առ այսօր Վլ.Ավագյանի անվան ԲԿ Անոթային վիրաբույժ

2015թ. – առ այսօր Վարդանանց նորարարական ԲԿ Բժիշկ խորհրդատու

2016թ. – առ այսօր <<SANUS VITA>> ԲԿ Բժիշկ խորհրդատու

Կատարելագործման դասընթաց 13.10.2014թ.-28.11.2014թ. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան Ինտերվենցիոն անոթաբանություն թեմայով

Կրթություն

2005-2008թթ. Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ Կլինիկական օրդինատուրա Անոթային վիրաբուժություն

1999-2005թթ. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան Բուժական գործ 1989-1999թթ. Ք.Երևան թիվ 62 միջն. դպրոց

Լեզուների իմացություն հայերեն, ռուսերեն, անգլերեն

«Կուզեմ, որ աշխարհին նայենք բարի աչքերով»

Հայաստանում ակնաբուժությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, եւ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն էլ, որտեղ իրականացվում է լայնածավալ ակնաբուժական բուժօգնություն, հագեցած է եվրոպական ու ամերիկյան արտադրության նորագույն բուժսարքավորումներով:

:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի բժիշկ-օրդինատոր, ակնաբույժ ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, բժշկուհի, որն ունի վճռականություն, ուղղամտություն, խղճով առաջնորդվելու հատկանիշ: Կայացած կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին:Սակայն մերօրյա կինը կոտրեց այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, բայց ընտանիքից դուրս ունենալ նաեւ սեփական աշխարհը, ուր դրսեւորվում եւ նյութական են դառնում կնոջ մասնագիտական երազանքները: 

 -Տիկին Գասպարյան, խոսենք ձեր բաժանմունքի գործառույթների մասին, հիմնականում ովքե՞ր կարող են Ձեզ դիմել։

-Մեզ հիմնականում դիմում են գլաուկոմայով եւ կատարակտով տառապող, ինչպես նաեւ այն հիվանդները, որոնք ունեն լորձաթաղանթի հիվանդություններ, մսամոլ եւ այլն։ Բայց վիրաբուժական միջամտություններն իրականացվում են գլաուկոմայի ու կատարակտի դեպքում:

-Գլաուկոման բուժվո՞ղ հիվանդություն է։

- Գլաուկոման հիվանդություն է` պայմանավորված ներակնային բարձր ճնշումով, որը բերում է տեսողական նյարդի ատրոֆիայի եւ չբուժման դեպքում  հնարավոր է բերի կուրության: Այն երեք գործոնի ազդեցությամբ է զարգանում` բարձր ներակնային ճնշում, տեսողական նյարդի վատթարացում եւ ապաճում, տեսադաշտի սահմանափակում։  Բուժել այդ հիվանդությունը հիմնականում հնարավոր չէ, որովհետեւ այն վնասում է տեսողական նյարդը, իսկ նյարդային բջիջները հնարավոր չէ վերականգնել:  Եվ նույնիսկ վիրահատությունից հետո գլաուկոմայի բուժում ասելով պետք է հասկանանք հիվանդությունը ժամանակին կանգնեցնելը: Եթե հիվանդի մոտ ախտորոշվում է գլաուկոմա, ապա նա ամբողջ կյանքում պարտավոր է երկու-երեք ամիսը մեկ ներկայանալ հիվանդանոց: Միայն նման վերահսկողությամբ կարող ենք պահպանել եղած տեսողությունը: Բայց, իհարկե, հիմա շատ հիվանդներ կան, որ ունեն հարյուր տոկոս տեսողություն, եւ այդ տեսողությունը պահպանվում է: Բարեբախտաբար, մեզ դիմում են հիվանդության ավելի վաղ շրջանում, եւ գնալով նվազում է այն հիվանդների թիվը, որոնք գալիս են կորցրած տեսողությամբ: Մինչդեռ մոտ քսան տարի առաջ, երբ նոր էինք սկսում աշխատել, շատ էին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Օրինակ, որպես կանոն, գալիս էին  մեկ աչքի տեսողությունը կորցրած, եւ միայն այդ ժամանակ էր հայտնաբերվում երկրորդ աչքի գլաուկոման:

-Իսկ կատարակտի մասին ի՞նչ կասեք:

-Կատարակտը, երեւի թե, մեր «ամենալավ» հիվանդություններից է, որի վիրահատությունը կատարվում է տեսողությունը լավացնելու նպատակով: Հիվանդը կարող է բացարձակ կույր գալ, միայն լուսազգացողություն ունենալ, բայց լավ տեսողությամբ հիվանդանոցից դուրս գրվել: Կատարակտի վիրահատությունը շատ շնորհակալ գործ է, որովհետեւ հիվանդը ձեռք է բերում կորցրած տեսողությունը: Որքան էլ պացիենտին բացատրենք, որ գլաուկոմայի դեպքումՙ վիրահատությունը կատարվում է միայն եղած տեսողությունը պահպանելու համար,  միեւնույն է, մարդկային բնույթն այնպիսին է, որ հիվանդը վիճակի լավացում է ակնկալում:

-Իսկ ընդհանրապես դիմելիության կուլտուրայի մասին ի՞նչ կասեք:

-Այսօր մարդկանց զգալի մասն ունի բժշկական ապահովագրություն, սոցիալական փաթեթ, եւ, իհարկե, դիմելիության մակարդակը բարձրացել է: Եթե հետագայում, տա Աստված, բոլորն ապահովագրված լինեն, հավատացեք, զգալիորեն կավելանա դիմողների թիվը:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են ծնողների ճանապարհը, Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Ծնողներս բժիշկներ չեն, բայց ընտանիքիս անդամները՝ տատիկ-պապիկներս, եղբայրներս, բժիշկներ են: Դուստրս էլ շուտով կավարտվի բժշկական համալսարանը, բայց չգիտեմ՝ ինչ նեղ մասնագիտացում կընտրի: Իսկ որդիս այլ մասնագիտություն է ընտրել:

-Ընտրել եք շատ պատասխանատու աշխատանք, ե՞րբ որոշեցիք դիմել այդ քայլին։

-Երեւի ուրիշ ելք չունեի, այսպես ասած, մտածելու կարիք էլ չկար: Չեմ կարող կոնկրետ ասել, թե երբ եմ այդ որոշումն ընդունել, երեւի մի քիչ եղբայրս էլ է ուղղորդել: Այնպես որ՝ երկրորդ կարծիք չի եղել, փոքրուց մեզ, այսպես ասած, ներարկել են, որ մենք պետք է դառնանք բժիշկ: Համալսարանում ուսանելու տարիներին էլ հստակ որոշումս էր, որ ակնաբույժ եմ դառնալու:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Միանշանակ՝ Ալեքսանդր Մալայանին, քանի որ նրա նման ակնաբույժ ուղղակի չկար հանրապետությունում: Երբ նա վիրահատության ժամանակ նայում է հեռվից ու քեզ ասում՝  ձեռքդ մանրադիտակի տակից երեւում է… Այնքան մանր նկատողություն է… Դա դպրոց է, դպրոց, որը նա է հիմնել:

-Բժիշկ լինելը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:

-Ինձ թվում է՝ կոչում, որովհետեւ ցանկացած մասնագիտություն պետք է սիրես, բայց բժշկության մեջ, ու հատկապես գլաուկոմայի դեպքում, շատ են հիվանդները, որոնք, մեկ է, քեզնից գոհ չեն մնում: Ու այստեղ կարող է միայն բժշկի այդ կոչումը փրկել, որ դու կարողանաս համբերատար ամեն անգամ նորից նույնը բացատրել ու նաեւ առանց նյարդայնանալու լսել նրանց:

-Մասնագիտական ասոցիացիաները, Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս ընդհանրապես:

-Ասոցիացիան, իհարկե, շատ հարցեր է լուծում գիտական աշխատանքների, գիտությունը զարգացնելու համար, բայց առաջին հերթին այն պիտի բժշկի պաշտպանը լինի, որովհետեւ,  ցավոք սրտի, այսօր ցանկացած մարդ տեղի-անտեղի դժգոհում, բողոքում է, իսկ բժիշկն անպաշտպան է:

-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին:

-Այո՛, որովհետեւ ունեմ մասնագիտություն: Մալայանը մեզ ասում էր` եթե մարդ առավոտյան վեր է կենում եւ լավ տրամադրությամբ գալիս գործի, իսկ երեկոյան գործից հետո լավ տրամադրությամբ գնում է տուն, ուրեմն նա երջանիկ է: Ինձ մոտ դա ստացվել է:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հասարակությանը:

-Մենք, իհարկե, տեսնում ենք դրական փոփոխությունները եւ գնահատում դրանք, բայց բժիշկների համար երբեք հեշտ չի եղել եւ հիմա էլ հեշտ չէ: Ես կարծում եմ՝ պարզապես անհամեմատելի են բժիշկների կատարած աշխատանքն ու այն գումարը, որ նրանք ստանում են: Բայց հույս ունեմ, որ ապագայում այդ ամենը կկարգավորվի: Կուզեմ, որ առողջության հետ կապված ինչ-որ խնդիր ունենալու դեպքում մարդիկ անմիջապես դիմեն բժշկի: Պետք է ժամանակին դիմել, որ խնդիրը հեշտ, արագ լուծվի, չբարդանա:

Կուզեմ, որ աշխարհին նայենք բարի աչքերով եւ չմոռանանք, որ աչքերը, լինելով հոգու հայելին, արտահայտում են մարդու հույզերը: Իսկ եթե կա տեսողական խնդիր, որը խոչընդոտում է մարդուն պարզ տեսնել, ընկալել շրջակա միջավայրը, նա արդեն ունենում է ներքին բարդույթներ: Եվ շատ հիվանդներ տեսողության վերականգնումից հետո բոլորովին այլ կերպ են նայում կյանքին: Պահպանեք ձեզ եւ ձեր աչքի լույսը:

Մաշկաբան-կոսմետոլոգ

Կրթություն

2019
ՌԺԲՀ, Շարունակական բժշկական կրթության ֆակուլտետ, մասնագիտացում՝ կոսմետոլոգիա
2019
ՌԺԲՀ, Մասնագիտական վերապատրաստում՝ «Կոսմետոլոգիա։ Կոսմետոլոգիայի և էսթետիկ բժշկության մեջ մեզոթերապիայի և օզոնոթերապիայի մեթոդները» լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրով
2019
ՌԺԲՀ, կատարելագործման դասընթացներ՝ կոսմետոլոգիայի և էսթետիկ բժշկության մեջ միկրոիմպլանտների կիրառման վերաբերյալ
2019
ՌԺԲՀ, կատարելագործման դասընթացներ՝ կոսմետոլոգիայի և էսթետիկ բժշկության մեջ բոտուլինոտոքսինի կիրառման վերաբերյալ
2018
ՌԴ ԱՆ Մոսկվայի Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան, մասնագիտացում՝ Մաշկաբանություն
2014
Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, մասնագիտացում՝ դերմատովեներոլոգիա
2005-2007
Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ, կլինիկական օրդինատուրա՝ դերմատովեներոլոգիա մասնագիտությամբ
1999-2005
Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական գործ

Վերապատրաստումներ

2019
PROFHILO դասընթաց - հիալուրոնանի հիբրիդային կոմպլեքսներ։ Բիոկոմպլեմենտար թերապիա Viscoderm Skinko-ի և Skinko E-ի միջոցով
2019
Մաշկի կենսաբանական վերականգնման դասընթաց. Քիմիական էքսֆոլիացիայի թերապևտիկ դիապազոնը (Enerpeel ICA, GA, MA, PA, SA, JR, EL, NECK, HANDS)
2014
Կոսմեցևտիկ շարքի սեմինար
2014
Մեզոթերապիայի և պլազմոլիֆտինգի դասընթաց՝ Meso Aroma World, Density Platelet Gel պրեպարատներով աշխատելու իրավունքի ձեռքբերմամբ
 
Laboratoires VIVACY theory and Injection Technique Advanced Training on STYLAGE indications
 
JALUPRO դասընթաց - Նոր սերնդի բիոռեվիտալացիա
 
Սեմինար «Էքսպրես-խնամք նորարարական կոսմետիկ դիմակներով»
 
Դասընթաց՝ Platinum հիալուրոնաթթվի հիմքով ֆիլերներով կոնտուրային պլաստիկա: Քիթ-շրթունքային ծալքերի և շրթունքների կոռեկցիա
 
Princess Filler, Princess Volume պրեպարատներով կոնտուրային պլաստիկայի սեմինար
 
Սեմինար՝ հիալուրոնաթթվի հիմքով ֆիլերներով քիթ-շրթունքային ծալքերի և շրթունքների շտկման արդյունավետ մեթոդներ (Skinasil, Apriline, Hyaluform, Hyalrepair)
 
Դասընթաց՝ նոր բոտուլոտոքսինը էսթետիկ կոսմետոլոգիայում․ առանձնահատկությունները և կիրառման սխեմաները
 
Կոնտուրային պլաստիկի տեսական և գործնական դասընթացներ․ PDO թելերի և ֆիլեր-թելերի կիրառումը
 
Restylane կոնտուրային պլաստիկայի դասընթաց
 
Lantox պրեպարատի բազային դասընթաց․ Նեյրոոկոսմետիկ թերությունների շտկում
 
Relatox А տիպի բոտուլինոտոքսինի կիրառման դասընթաց
 
Դասընթաց՝ «էսթետիկ բժշկության մեջ Dysport պրեպարատի (A տիպի բոտուլինոտոքսին) կիրառման տեսությունը և պրակտիկան»
 
Սեմինար՝ «Լազերային բիոռեվիտալացիա»
 
Դասընթաց՝ «Սպիական պաթոլոգիաների շտկում»

Թող մեր բոլորի սրտերը բաբախեն արագ եւ թրթռան միմիայն սիրուց, դրական էմոցիաներից»

Ըստ հիվանդացության եւ մահացության դեպքերի, ներկայումս աշխարհում առաջին հորիզոնականում սիրտ-անոթային հիվանդություններն են:Լ.Ա.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում սիրտ-անոթային ախտաբանության ժամանակ կիրառվող ախտորոշման ժամանակակից, բարձր ճշգրտության մեթոդները եւ բարձրակարգ մասնագիտացված սարքավորումները հնարավորություն են տալիս հիվանդություններն ախտորոշել նրանց զարգացման ամենավաղ շրջանում, իրականացնել ժամանակակից եւ արդյունավետ բուժում, լավագույն բժիշկների կողմից առաջարկվող կանխարգելիչ խորհուրդներ՝ կիրառելի յուրաքանչյուր անհատական դեպքում:

 Հայաստանի ուժը ոչ թե փողն է կամ նավթը, այլ մտավորականներն ու լավ մասնագետները. Հայաստանում կա սրտաբանների հզորագույն բանակ ու ուժեղ դպրոց:http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հետդիպլոմային եւ շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր, Լ.Ա.Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ-ի գիտաշխատող, բժիշկ-սրտաբան Լուսինե Հազարապետյանը:Բարեհամբույր եւ հետեւողական լինելու, ընդգծված համեստության, ազնվության, պացիենտների նկատմամբ ճիշտ մոտեցման, անձնվեր աշխատանքի, ինչպես նաեւ գերազանց մասնագիտական գիտելիքների շնորհիվ նա սիրված է թե գործընկերների, թե պացիենտների կողմից:

-Տիկին Հազարապետյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում, ովքե՞ր կարող են ձեզ դիմել:

- Ըստ էության, մեր սրտաբանական կլինիկա, բաժանմունք կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ունեն սիրտ-անոթային խնդիրներ (խոսքը վերաբերում է մեծահասակներին), կլինիկայում հասանելի են սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման ժամանակակից միջոցները, գործում են ինչպես քրոնիկական սրտային հիվանդությունների բաժանմունքներ, այնպես էլ, հրատապ դեպքում` ինվազիվ (միջամտական) սրտաբանական ծառայություն, որտեղ կատարվում են ժամանակակից սրտաբանական հիմնական միջամտությունները:   

-Ո՞ր սիրտ-անոթային հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Չնայած սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակակից ախտորոշման եւ բուժման մեթոդների զարգացմանը թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհում, ցավոք, սրտի իշեմիկ հիվանդությունը երիտասարդացում է ապրել, զարկերակային գերճնշում ունեցողների մեջ էլ են շատացել երիտասարդները:Դա, թերեւս, պայմանավորված է սիրտ-անոթային հիվանդություններին հանգեցնող ռիսկի գործոնների մասին բնակչությանը ոչ պատշաճ իրազեկմամբ:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Իմ ուսուցիչը, որի շնորհիվ կատարել եմ իմ առաջին քայլերը սրտաբանության ոլորտում եւ հետագայում մասնագիտացել, կայացել իմ մասնագիտության մեջ, իհարկե, պրոֆեսոր Սվետլանա Վիկտորի Գրիգորյանն է, ով տվել է ոչ միայն մասնագիտական խորը գիտելիքներ, այլ նաեւ սովորեցրել է կլինիկական մտածողություն, որը անփոխարինելի է բժշկի պրակտիկայում:Սովորեցրել է բուժել հիվանդին ոչ թե զուտ ստանդարտ ուղեցույցներով, այլև ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ, սիրել նրանց, սիրել մարդկանց ընդհանրապես:Չէ որ բժշկությունն ամենամարդասիրական մասնագիտությունն է, որտեղ սրտացավությունը եւ նվիրումը խաղում են առաջնային դեր:Իսկ գիտական ոլորտում ուսուցիչս ակադեմիկոս Կառլեն Ադամյանն է, ով եղել է իմ գիտական թեզերի ղեկավարը, եւ ում շնորհիվ հաջողությամբ պաշտպանել եմ թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններս:

-Բժշկուհի, մասնագիտական ասոցիացիայի անդա՞մ եք: Ընդհանրապես ասոցիացիաներն ի՞նչ են տալիս բժիշկներին:

-Շատ եմ կարեւորում մասնագիտական ասոցիացիաների գործունեությունը, նրանց դերը անփոխարինելի է  նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման եւ շփման հարցերում:Ես Հայաստանի սրտաբանների, եվրոպական սրտաբանների, եվրոպական սրտի ռիթմի խանգարումների ասոցիացիաների անդամ եմ եւ պետք է հպարտությամբ նշեմ, որ ամեն տարի դրանց կողմից իրականացվող ամփոփիչ գիտաժողովներում մեր գիտական աշխատանքները ներկայացվում են ու արժանանում բարձր գնահատանի մեր եվրոպական գործընկերների կողմից:Բացի այդ ամենը, վերջերս ստեղծել ենք «Հանուն հիվանդությունների կանխարգելման» հայկական ասոցիացիան, որի հիմնադիր-նախագահն եմ: Ամբողջ աշխարհում շատ կարեւորվում է հիվանդությունների կանխարգելման դերը բժշկության մեջ:Խոսքը ոչ միայն առաջնային կանխարգելման մասին է, որտեղ մեծ դեր է խաղում ազգաբնակչության լայնածավալ եւ մատչելի իրազեկումը, այլեւ երկրորդային:Ասոցիացիայի ջանքերով առաջիկայում իրականացվելու են ՇՄԶ կրեդիտավորված միջոցառումներ, գիտագործնական  սեմինարներ մեր բժիշկների համար, ինչը շատ կարեւոր է, քանի որ բժիշկը սովորում է ողջ կյանքում:Մանավանդ սրտաբանությունը սրընթաց վերելք է ապրումՙ, եւ անընդհատ կատարելագործվում են սրտի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման մեթոդները: 

-Ընտանիքը չի՞ տուժում Ձեր ծանրաբեռնվածությունից:

-Իմ կարծիքով, կինը շատ ճկուն էակ է եւ, ցանկության դեպքում, միշտ կարողանում է գտնել աշխատանքն ու ընտանիքը համատեղելու ճիշտ ուղիներ, ու, ամենակարեւորը, պետք է երկու դեպքում էլ ապահովի պատշաճ որակ:Կարծում եմ` կանայք այդ գործում գիտակ են, եւ ես բացառություն չեմ կազմում:Մի օրինաչափություն եմ նկատել. որքան ծանրաբեռնվածությունը շատ է լինում, մարդ այնքան ավելի ճիշտ է կարողանում տնօրինել իր ժամանակը եւ հասնել լավ արդյունքների:  

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:

-Հպարտությամբ ուզում եմ նշել, որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում:Ծնողներս բժիշկներ են, եւ կարծում եմ` մասնագիտությանս ընտրության գործում շատ մեծ դեր են խաղացել այդ հանգամանքը, այն մթնոլորտը, որում մեծացել եմ:Պետք է սիրես մասնագիտությունդ, որ նվիրվես եւ հաջողես, առանց սիրելու անհնար է:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք առողջապահության նախարարությունից:

-Առողջապահության նախարարությունից հիմնական սպասելիքներս երկուսն են:Առաջինը. շատ կուզենայի, որ դպրոցներում ներդրվեր առողջ ապրելակերպի սկզբունքներ ուսուցանող առարկա, որովհետեւ կարծում եմ` փոքր տարիքում մարդուն կրթելն ավելի հեշտ է եւ արդյունավետ:Եվ երկրորդ. շատ կուզենայի, որ Հայաստանում վերջապես ներդրվեր ապահովագրական բժշկության լայն փաթեթ, որը կներառեր ողջ բնակչությանը, հատկապես` բնակչության առավել խոցելի խմբերին:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին. դրական տեղաշարժ կա՞ այդ առումով:

-Իմ կարծիքով, այսօր բժշկին դիմելու կուլտուրան անհամեմատ բարձրացել է, բնակչության որոշ շերտեր արդեն  գիտակցում են առաջին իսկ գանգատի դեպքում բժշկին դիմելու անհրաժեշտությունը:Կարեւոր է, որ մարդիկ հասկանան` ցանկացած հիվանդություն առավել հեշտ է կանխարգելել եւ բուժել հնարավորինս վաղ փուլում:Իսկ ուշ փուլում դիմելու դեպքում եւ ֆինանսական բեռն է ավելի ծանր, եւ արդյունքի հասնելն է շատ դժվար:

- Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

-Ուզում եմ մաղթել մեր բնակչությանը լուրջ մոտեցում սեփական առողջությանը, վստահություն բժիշկների նկատմամբ, հավատ, որ ցանկացած բժշկի համար իր պացիենտի առողջացումը բարձրագույն արժեք է, ձգտման բարձրագույն նպատակ:

Ու թող մեր բոլորի սրտերը բաբախեն արագ եւ թրթռան միմիայն սիրուց, դրական էմոցիաներից:

Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-ռեպրոդուկտոլոգ,

 Կրթություն  

1990-1996Երևանի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ

1996-1997 Մասնագիտացում ինտերնատուրայում «Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի հիման վրա` պետական առողջապահական ձեռնարկության ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտությամբ

2001-2005 Կլինիկական օրդինատուրա «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ, Ավդալբեկյանի անվան ԱԱԻ բազայի հիման վրա

2009-2010 Կլինիկական օրդինատուրա «Էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ (մանկական էնդոկրինոլոգիա, կլինիկական էնդոկրինոլոգիա` Դիաբետոլոգիայի և ռեպրոդուկտիվ էնդոկրինոլոգիայի ամբիոնի բազայի հիման վրա), Ավդալբեկյանի անվան ԱԱԻ

Բժշկական պրակտիկա  

Ռեպրոդուկտիվ էնդոկրինոլոգիա (հորմոնալ խանգարումները դեռահասության շրջանում, վերարտադրողական և հետկլիմաքսային շրջաններ)

Հորմոններով պայմանավորված գինեկոլոգիական հիվանդություններ (ճարպակալում, դաշտանային ցիկլի խանգարումներ, էնդոմետրիոզ, հիպերանդրոգենիզմ և այլն)

Անպտղության բուժում (արտամարմնային բեղմնավորում, արհեստական սերմնավորում, անպտղության կոնսերվատիվ բուժում), հորմոնալ բեղմնականխիչ միջոցներ

1989-1990 Ասիստենտ՝ Կենսաքիմիայի ֆակուլտետում, Երևանի բժշկական ինստիտուտ

2008-2010 Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում,

2010 թ-ից Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնում  Վերարտադրողական առողջության բաժանմունք

2017 թվականից `հայ-իսրայելական IVF կլինիկայի գինեկոլոգ-էնդոկրինոլոգ-վերարտադրող,  «Աստղիկ» ԲԿ

2018 թվականից - Պտղաբերության կենտրոն (Fertility Center)

Վերապատրաստումներ  

2008\ Վերապատրաստման դասընթաց՝ «Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ» թեմայով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, Ավդալբեկյանի անվան ԱԱԻ բազայի հիման վրա

2009 Գործնական դասընթաց՝ «Գինեկոլոգիական ուռուցքաբանություն» թեմայով, Ուռուցքաբանության ազգային կենտրոն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան և «Շենգավիթ» ԲԿ

2009 Դասընթաց՝ «Հիպոթալամո-հիպոֆիզար-մակերիկամային համակարգ, Ֆիզիոլոգիա և պաթոլոգիա» թեմայով, (նախատեսված էնդոկրինոլոգների և մանկաբարձ-գինեկոլոգների համար), Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

2012 Վերաորակավորում՝ Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական հաստատություն, Մոսկվա, Ռուսաստան

2012 Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների դասընթաց՝ պրոֆեսոր Ե. Ա. Կալինինայի ղեկավարությամբ, Անպտղության բուժումը՝ արհեստական սերմնավորմամբ և արտամարմնային բեղմնավորմամբ՝ ART-ECO վերարտադրողական առողջության կլինիկայում, Մոսկվա, Ախտորոշիչ հիստերոսկոպիա՝ ձվարանների գերխթանում, ձվարանների գերխթանման կանխարգելում և վարում, ֆոլիկուլների ստիմուլյացիա և ուլտրաձայնային մոնիթորինգ, ֆոլիկուլի պունկցիա, սաղմի փոխադրումն արգանդի խոռոչ, պտուղների քանակի նվազեցում բազմապտուղ հղիության դեպքում

Կոնֆերանսներ  

2009 Գործնական դասընթաց՝ «Գինեկոլոգիական ուռուցքաբանություն» թեմայով, Ուռուցքաբանության ազգային կենտրոն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան և «Շենգավիթ» ԲԿ

2012 Կոնֆերանս՝ «Հակաֆոսֆոլիպիդային սինդրոմ, գենետիկ թրոմբոֆիլիա և թրոմբոհեմորագիկ բարդությունների կանխարգելումը կլինիկական պրակտիկայում» թեմայով, Երևան

2012 Հայ-վրացական կոնֆերանս՝ «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդիական խնդիրները», Երևան

2012 Ռեպրոդուկտիվ բժշկության հայկական ասոցիացիայի IX-րդ կոնֆերանս, Երևան

2013 «ESHRE 29-րդ տարեկան հավաք», Լոնդոն, Միացյալ Թագավորություն

2016 Մասնակցություն գիտագործնական միջազգային կոնֆերանսին, Երևան, Հայաստան

2016 Գիտագործնական միջազգային կոնֆերանս՝ «Վերարտադրողական բժշկության արձանագրությունները», Երևան, Հայաստան

2016 «ESHR 32-րդ տարեկան հավաք», Հելսինկի, Ֆինլանդիա

2018- ASRM- նախախորհրդարանական դասընթաց (սաղմերի տեղադրում արգանդի խոռոչ)  Կանզաս, ԱՄՆ

 2018- ESHRE- Բարսելոնա, Իսպանիա

 2019- ESHRE- Վիեննա, Ավստրիա

Շատ եմ ցավում, երբ երիտասարդ բժիշկների ներուժը չեն փորձում օգտագործել

Սիրտ-անոթային հիվանդությունները եղել եւ, ցավոք, շարունակում են մնալ լուրջ խնդիր ամբողջ աշխարհում:Բայց, եթե զարգացած երկրներում վերջին տարիներին նկատվում է հիվանդացության եւ մահացության որոշակի նվազման միտում (ի հաշիվ կենսակերպի փոփոխության, մի շարք ռիսկի գործոնների ազդեցության նվազման եւ այլն), ապա զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, այդ ցուցանիշներն ունեն բարձրացման միտում: Սիրտ-անոթային հիվանդությունների զգալի մասը բազմապատճառային հիվանդություններ են, այսինքն` այդ հիվանդությունների զարգացման համար անհրաժեշտ է 1-ից ավելի գործոնների ազդեցություն, որոնք անվանվում են ռիսկի գործոններ:
Բարձրակարգ մասնագետներով համալրված «Նորք-Մարաշ»  բժշկական կենտրոնը միշտ  հագեցած է եղել ժամանակակից սարքավորումներով, եւ բնական է, որ այդ հաստատությունը երբեք չի զիջել առաջատար դիրքերն իր բնագավառում: http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է մանկական եւ մեծահասակների սրտաբան, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայության ղեկավար ՏԱԹԵՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ:Հոգատար, գրագետ եւ մարդկային ամենակարեւոր հատկանիշներով օժտված բժշկուհի, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, հաստատուն քայլերով իր տեղն է զբաղեցնում սրտաբանության ոլորտում:
Բժշկուհի, որի երկարատեւ, անմնացորդ աշխատանքը, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման գործում ներդրած ավանդը մշտապես բարձր են գնահատվել եւ այսօր էլ գնահատվում են հանրության կողմից:

-Տիկին Հովակիմյան, խոսենք ձեր բաժանմունքի գործառույթների մասին:

-«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիայի բաժանմունքը զբաղվում է ամբուլատոր եւ ստացիոնար առիթմոլոգիական ցանկացած գործունեությամբ, իրականացվում են ինչպես ամբուլատոր պացիենտների հսկողություն, վարում եւ բուժում, տարատեսակ հետազոտություններ, այնպես էլ` ստացիոնար բուժում` ներառյալ տարբեր տիպի միջամտություններ:Ամբուլատոր հետազոտությունների մեջ, որոնք սպեցիֆիկ են առիթմոլոգիական պրակտիկայում, մտնում են հոլտեր մոնիթորինգը պացիենտի ԷՍԳ-ի երկարատեւ՝ 24-ժամյա անընդհատ գրանցումով, էվենթ-մոնիթորինգը, ֆիզիկական ծանրաբեռնվածության  թեստը առիթմոլոգիական թեքումով եւ այլ գործառույթներ:Ստացիոնար միջամտությունները կարելի է բաժանել երկու խոշոր խմբերի:Նրանից մեկը իմպլանտացվող էլեկտրոնային սարքերի տեղադրման վիրահատություններն են, մյուսը` տարբեր տիպի ռիթմի խանգարումների այրման վիրահատությունները, որոնք կոչվում են աբլացիա:Ներկայումս ռիթմի գրեթե բոլոր խանգարումների դեպքում կարելի է դրանք միջամտական եղանակով վերացնել` կատետրների օգնությամբ մտնելով սիրտ, հայտնաբերելով տվյալ օջախը, որից առաջանում է ռիթմի խանգարումը:Մեր կենտրոնում կատարվում են նաեւ իմպլանտացվող էլեկտրոնային սարքերի տեղադրումներ, որոնք նախատեսված են տարբեր գործառույթներ իրականացնելու համար։Նրանցից ամենապարզ տեսակներն ունեն շարունակական մոնիթորինգի գործառույթ եւ պայքարում են հազվասրտության կամ բրադիկարդիայի դեմ:

Դրանցից մեկ դասով ավելի բարձր են գտնվում կարդիովերտեր-դեֆիբրիլյատորները, որոնք, բացի ռիթմը վարելու գործառույթից, կարողանում են միջամտել եւ հարկ եղած դեպքում ընդհատել կյանքին վտանգ սպառնացող ռիթմի խանգարումները` դրանով իսկ իրականացնելով սրտային հանկարծամահության կանխարգելում:

3-րդ տիպի սարքը կոչվում է փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող սարք, որը նաեւ պացիենտի մոտ բարելավում է սրտային անբավարարության կարգավիճակը։

-Բժշկուհի, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ճիշտն ասած, ուսուցիչներս շատ են եղել տարբեր մասնագիտացումների առումով:Ինչ վերաբերում է առիթմոլոգիային, ապա կասեմ, որ իմ առաջին եւ շատ գնահատված ուսուցիչը բժիշկ Սմբատ Ջամալյանն է եղել, որն այս օրերին Հայաստանում չի ապրում, բայց նրա խորհուրդները մինչ օրս կիրառում եմ եւ դեռ պիտի շատ երկար տարիներ կիրառեմ:
-Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս ասոցիացիաները մեր բժիշկներին:
-Ասոցիացիաների նպատակը, իմ կարծիքով, մի քանիսն է:Առաջինը եւ կարեւորագույնը այն է, որ բժիշկները տվյալ բնագավառում կարողանան թիմային աշխատանք կատարել, ինչը միաժամանակ կբարելավի բուժման արդյունքները: Երկրորդը. ասոցիացիան կարող է լինել հզոր գործիք որոշ տեսակի ռեսուրսներ կառավարելու եւ ճիշտ ուղղությամբ օգտագործելու համար: 
-Իսկ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդներին շատ-շատ եմ սիրում, բարձր եմ գնահատում այն, որ, լինելով անփորձ, ամեն դեպքում փորձում են ուշադրության կենտրոնում պահել պացիենտին:Ու, եթե ճիշտ տեղում գտնվեն եւ ավագ բժիշկների խորհուրդներին հետեւեն, ապա, կարծում եմ, նրանց աշխատանքը շատ արդյունավետ կարող է լինել:Ավաղ, Հայաստանի Հանրապետությունում լուրջ խնդիր եմ տեսնում. զգալի բանիմաց ուղեղների արտահոսք կա, որը պայմանավորված է բժշկի մասնագիտությունը թերագնահատելու հանգամանքով:Իսկ դրա պատճառները բազմաթիվ են, եւ ես շատ եմ ցավում, երբ երիտասարդ բժիշկների ներուժը չեն փորձում օգտագործել, ու նրանք արտագաղթի ճանապարհն են փնտրում:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք առողջապահության նախարարությունից:
-Կարծում եմ` նախարարության նախատեսած թիրախային նպատակների իրականացումը թույլ կտա Հայաստանում զարգացնել առողջապահության համակարգը, հատկապես խոսքը վերաբերում է միասնական առողջապահական ծածկույթի ստեղծմանը:Ցավոք, սրտաբանությունն այսօրվա դրությամբ շարունակում է մնալ թիվ մեկ «մարդասպանը» մեր երկրում, եւ ցանկանում եմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի այս ոլորտին:
-Ի՞նչ կասեք մեր երկրում բժշկական տուրիզմի մասին: 
-Բժշկական տուրիզմը, իմ կարծիքով, կարող է լավ զարգանալ այն երկրներում, որոնք բավարար ռեսուրսներ ունեն առաջին  հերթին իրենց քաղաքացիների ծախսերը հոգալու համար:Մեր տարածաշրջանի իմաստով կոնկրետ մեր հիվանդանոցը բավականին զարգացած է, հաճախ ենք ունենում պացիենտներ հատկապես մոտակա տարածաշրջաններից`Վրաստանից, Աբխազիայից, Ռուսատանից եւ այլն: Իսկ ավելի հեռու երկրներից  պացիենտներ բերելու համար, կարծում եմ,  դեռ որոշակի քայլեր ունենք անելու:
-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին. դրական տեղաշարժ կա՞ այդ առումով:
-Իհարկե, որոշակի տեղաշարժ նկատելի է, քանի որ այսօր պացիենտներն ավելի շատ են ուշադրություն դարձնում կանխարգելիչ բժշկությանը:Ու այլեւս շատ չեն վախենում, երբ իրենց առաջարկվում է կատարել որեւէ միջամտություն, որը իրականում կարող է որոշակի դրական տեղաշարժ առաջացնել առողջական վիճակի մեջ:Բայց, ավաղ, բազմաթիվ խնդիրներ էլ եմ տեսնում այդտեղ, շատ քայլեր ունենք անելու այս ուղղությամբ: Ինտերնետ պորտալն այսօր շատ հզոր գործիք է, որը ունի թե իր դրական, թե բացասական  կողմերը. միշտ չէ, որ այն ճիշտ ուղղությամբ է տանում հասարակությանը:
ժիշկներն այսօր գնահատվա՞ծ են:
-Մեծ ցավ եմ ապրում, երբ խոսում եմ այդ հարցի մասին:Կցանկանամ, որ պետական մարմինների կողմից մեր երկրում քայլեր իրականացվեն բժիշկների դերի բարձրացման առումով, որպեսզի մեր լավագույն բժիշկները չհիասթափվեն: Պետք է գնահատել բժշկին, որպեսզի ապագայում չկանգնենք ինտելեկտի կորստի առջեւ
-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել ընտանիքը աշխատանքի հետ:
-Դա շատ դժվար է, բայց կանանց բնորոշ մի շատ կարեւոր հատկանիշ կա. դա միաժամանակ մի քանի բան անելու ընդունակությունն է:Այսօր հայ կինն ավելի ազատ եւ ինքնուրույն է, կայացած: Իրականում մեկ պարզ ճշմարտություն կա. ինչքան ծանրաբեռնված ես լինում, այնքան ավելի արագ ես աշխատում եւ ամեն ինչ հասցնում:Իսկ օրվա գերլարված վիճակից հետո իմ անդորրը գտնում եմ տանը` իմ երեխաների եւ ամուսնու կողքին:
-Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կցանկանայի խնդրել մեր հայրենակիցներին, որ ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, խնդրի դեպքում չհուսահատվեն եւ ժամանակին դիմեն գրագետ մասնագետներին:Հիշեք, որ դրական տրամադրվածությունը բարեհաջող բուժման եւս մեկ շատ կարեւոր գրավականն է, այդ իսկ պատճառով հավատացեք ձեր օրգանիզմի հնարավորություններին:Առողջ եղեք, սիրեք ձեզ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր