Առանց վերապատրաստումների մենք կմնանք նախորդ դարում

Վերջին  տարիներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելացել է, և սա լուրջ մարտահրավեր է ոչ միայն առողջապահական համակարգի, այլ նաև ամբողջ աշխարհի համար։ Մեր զրուցակիցը «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնար ծառայության ղեկավար, ինվազիվ սրտաբան ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆՆ է, ում հետ զրույցի ժամանակ նա հավաստիացրեց, որ սրտաբանությունը մեր երկրում մեծ քայլերով զարգացում է ապրում վերջին տասնամյակներում։ Ու այսօր էլ ոլորտն արձանագրում է սրընթաց վերելք ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ ինվազիվ, ինտերվենցիոն ուղղություններով:

- Պարոն Ադամյան, ի՞նչ կարծիքի եք՝ բժշկությունը մասնագիտությո՞ւն է, թե կոչում:

- Երբ նոր ինստիտուտ էի ընդունվում, ինձ թվում էր՝ դա միայն մասնագիտություն է, բայց արդեն ամենօրյա աշխատանքի մեջ զգացի, որ, եթե այդ կոչում չէ, ապա ավելի լավ է չզբաղվեմ բժշկությամբ։ Ինձ թվում է՝ դա բոլոր մասնագիտություններին է վերաբերվում:

- Ի՞նչ հիվանդություններով են ավելի շատ դիմում ձեր բաժանմունք։  

- Մեր բաժանմունքը համալրված է բոլոր սրտաբանական ծառայություններով, այսինքն՝ Հայաստանում եզակի բաժանմունքներից է, որն ունի բոլոր սրտաբանական նեղ մասնագիտությունները՝ առիթմոլոգիան, ինվազիվ առիթմոլոգիան, մի խոսքով՝ սրտի առիթմիաների դեպքում իրականացվող ավլիացիաները` տվյալ ուղիների այրումը: Մենք իրականացնում ենք  ամբուլատոր ծառայություն, մեզ մոտ կատարվում են սիրտ-անոթային հետազոտություններ, սրտի անոթների, պերիֆերիկ անոթների, երակների ստենդավորումներ։ Բացի այդ, բաժանմունքը համալրված է սրտային անբավարության բաժնով, ունենք ինտենսիվ թերապիայի սրտաբանական, ինչպես նաև սրտային վիրաբուժության բաժին, որը համարվում է առաջատարը իր կատարած վիրահատությունների որակով և քանակով:

-Ձեր մասնագիտության դեպքում սխալվելը կարող է լինել ճակատագրական:

-Սխալվելը բոլոր մահկանացուներիս բնորոշ երևույթ է, և մարդ չի կարող միշտ իդեալական, անթերի լինել։ Իհարկե, մեր մասնագիտության դեպքում սխալվելը կարող է բավականին թանկ արժենալ  ինչպես մեր, այնպես էլ պացինտների և նրա հարազատների համար: Սակայն պետք է խոստովանել, որ նույնիսկ բժշկի իդեալական աշխատանքի պարագայում գոյություն ունի բարդություններ առաջանալու հավանականության որոշակի տոկոսային աստիճան։ Բժշկության մեջ գոյություն ունի վիճակագրություն, որով ուղղորդվում են ամբողջ աշխարհում, բայց հայերի մտածելակերպում այդ վիճակագրությունը մի քիչ դժվար է ընդունվում:  

-Բժշկին դիմելու կուլտուրան, Ձեր կարծիքով, մեր երկրում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

-Կարող եմ հավաստիացնել, որ վերջին  5-6 տարիների ընթացքում բժշկին դիմելու կուլտուրան բարձրացել է, որովհետև և՛ պացինտներն ու նրանց հարազատներն են բավականաչափ տեղեկացված հիվանդությունների զարգացման ու հետագա բարդացումների մասին, և՛ հանրությանն իրազեկելու սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացվում։ Առաջընթաց կա նաև ակտիվ աշխատող ապահովագրական ընկերությունների շնորհիվ. սոցփաթեթներով հիվանդների հետ կապված էլ կարող եմ ասել, որ պետհիմնարկների աշխատակիցները ներգրավված են այդ փաթեթների մեջ, իսկ դա նույնպես հնարավորություն է տալիս դիմելիությունը շատացնել:

-Կարողանո՞ւմ եք համատել աշխատանքը վերապատրաստումների հետ:

- Առանց վերապատրաստումների մեր մասնագիտության մեջ անհնար է, հակառակ դեպքում մենք կմնանք նախորդ դարում: Տարեկան պարբերաբար մասնակցում ենք 6-8 միջազգային կոնգրեսների, որոնք հիմնականում լինում են Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Բացի այդ, ընթացիկ վերապատրաստումներ միշտ են իրականացվում, այսինքն՝ առանց դրանց աշխատելն անհնար է: Կարող եմ գովեստի խոսքեր ասել մեր երկրի սրտաբանության մասին, որը չի զիջում եվրոպական մակարդակին, ավելին՝ մահացության տոկոսը մեր երկրում ցածր է։  

-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

 -Եղեք առողջ, սիրեք ձեզ, հետևեք ձեր առողջությանը:

Կինեզոթերապիան շարժումների և հատուկ բեռնվածության միջոցով բուժումն է

Կինեզոթերապիան բառացի թարգմանաբար նշանակում է բուժում շարժման միջոցով. «կինեզիս»`  շարժում, «թերապիա»՝ բուժում: Կինեզոթերապիայի  հիմնական նպատակը  մկաններն ակտիվացնելն է, ապաքինելը,  վերականգնելը ցանկացած ախտաբանական վիճակներից հետո, այն ունի նաև պրոֆիլակտիկ նշանակություն: Հիվանդներից պահանջվում է միայն ցուցաբերել համբերություն և հետևել բժիշկների խորհուրդներին:

  «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական ծառայության ղեկավար ԼԵՎՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ հետ զրույցի ժամանակ քննարկեցինք կինեզոթերապիայի հետ կապված առկա խնդիրները և դրանց արդյունավետ բուժումն իրականացնելու հարցերը։

-Պարոն Զավարյան, կխնդրենք մի փոքր պատմեք  Ձեր մասնագիտական ուղու մասին:

-1985-1995թթ. սովորել և ավարտել եմ Վ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը: 1995-2003թթ. ուսանել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: 2003-2004թթ. անցել եմ մասնագիտացում ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ավանդական բժշկության ամբիոնում՝ ստանալով ֆիզիոթերապևտի որակավորում: 2005-2014թթ. աշխատել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական ծառայությունում, իսկ 2014թ.-ից մինչ օրս նույն բաժանմունքի ծառայութան ղեկավարն եմ:

- Բժիշկ, ի՞նչ է իրենից ներկայացնում կինեզոթերապիան:

- Կինեզոթերապիան իրենից ներկայացնում է ավելի շատ վերականգնողական թերապիա, որն զբաղվում է զուտ հետինսուլտային, հետտրավմատիկ վերականգնողական թերապիայով, այսինքն` շարժողական համակարգի խանգարման ժամանակ օգնում ենք հիվանդներին ակտիվացնել իրենց ախտահարված շարժումները, հիվանդներն անցնում են վերականգնողական փուլ, որը կարգավորում է նրանց շարժողական ապարատի հնարավորությունները։ Դրան զուգահեռ նաև ֆիզիոթերապևտիկ ծառայություններ ենք մատուցում, որոնք իրականացվում են սարքավորումների միջոցով՝ համարվելով դեղորայքի հետ օժանդակ միջոց։ Իսկ ֆիզիոթերապիա կատարվում է ինչպես հենաշարժողական խանգարումների, այնպես էլ հոդային ախտահարումների ժամանակ:

- Պարոն Զավարյան,  ձեր բաժանմունքում  ի՞նչ հիվանդություններով դիմելիությունն է գերակշռում:

- Մեր բաժանմունքն իր գործունեությունն իրականացնում է մյուս բաժանմունքների հետ զուգահեռ, աշխատում ենք ընդհուպ ռեանիմացիայի բաժանմունքի հիվանդների հետ, որոնք խնդիրներ են ունենում ինսուլտային, հենաշարժողական ապարատի խանգարումների ժամանակ, երբ ունենում են պարեզներ կամ լինում են դեպքեր, երբ անշարժանում է մի հատվածը, որը փորձում ենք վերականգնել բուժական ֆիզկուլտուրայի միջոցով: Այդպես փորձում ենք ազդակ հաղորդել նրանց ռեցեպտորներով, աշխատում ենք վերականգնել նրանց հենաշարժողական ապարատը, որպեսզի ավելի արագ անցնեն իրենց բնականոն կյանքին և առօրյային: Մեր բաժանմունքում ունենք նաև մասնագետներ, որոնք զբաղվում են խոսակցական խնդիրներով հիվանդերի հետ, լոգոպետներ, որոնք կլման ակտի խանգարում ունեցող հիվանդներին օգնում են վերականգնել իրենց կլման ակտի գործունեությունը և խոսակցական մի շարք խնդիրներ: Նշեմ նաև, որ հիմնականում մեր  «Էրեբունի» բժշկական կենտրոնում է կենտրոնացված այս ծառայությունը, և մենք համագործակցում ենք «Ստրոգ» կենտրոնի հետ («ստրոգ» նշանակում է ինսուլտ), որը նույնպես գործում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Մեր բաժանմունքում կատարվում են բուժական մերսումներ, պլազմոլիֆտինգ, պլազմայի ներարկման միջոցով օրգանիզմում ակտիվանում են ռեգեներատիվ գործընթացները: Մեր բաժանմունքը հատուկ սարքավորումներիի միջոցով  զբաղվում է նաև միջողային ճողվածքներով, այսինքն՝ ոչ վիրահատական միջամտություների օգնությամբ փորձում ենք հասնել առավելագույն արդյունքների:

-Բժի՛շկ, կարողանո՞ւմ եք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:

-Միանշանակ. մեր մասնագետները վերապատրաստվում են տարբեր կլինիկաներում: Համագործակցում ենք դրսից հրավիրված մասնագետների, օրինակ, շվեյցարացիների հետ, որոնց մոտ հիմնադրվել է «Բոբաթ» ծրագիրը, և նրանց հետ ամեն տարի անցկացնում ենք սեմինար, ինչպես նաև վերապատրաստումներ:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Բոլորին կմաղթեմ առողջություն և խաղաղ երկինք, շատ եմ ցանկանում, որ միշտ բոլորս ունենանք նպատակ ու փորձենք հասնել այդ նպատակներին։ Եվ ինչ էլ որ լինի, երբեք չհիասթափվենք և չհուսահատվենք:

Մարդիկ հիմնականում ֆինանսական վիճակից ելնելով են ուշ դիմում բժշկի

 Սիրտ-անոթային հիվանդություններն ամենատարածվածն են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես է՝ Հայաստանում: Միևնույն ժամանակ հենց սրտաբանությունն է բժշկության այն ուղղությունը, որն առաջինն է պարբերաբար զարգացումներ ու ձեռքբերումներ  գրանցելու տեսանկյունից: 

Մեր զրուցակից, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող և սրտաբան ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ հետ զրույցում քննարկվեցին Հայաստանում սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման ու բուժման հնարավորությունների, ձեռքբերումների ու անհրաժեշտ քայլերի վերաբերյալ հարցերը:

-Պարոն Չիլինգարյան, մի փոքր պատմեք  Ձեր մասնագիտական ուղու մասին:

 -Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Մխիթար Հերացու անվան՝ այն ժամանակ պետական բժշկական ինստիտուտը, որը գերազանց ավարտելուց հետո ընդունվեցի օրդինատուրա՝ կլինիկական սրտաբանության ինստիտուտում։ Այնտեղ երկու տարի վերապատրաստվելուց հետո անցա աշխատանքի նախ որպես սրտաբան, ապա նաև որպես գիտաշխատող:

-Ձեր բաժանմունքում հիմնականում սիրտ-անոթային համակարգի ի՞նչ հիվանդություններով է դիմելիությունը գերակշռում:

- Հիմնականում գերակշռում է սուր կորոնալ սինդրոմը՝ համախտանիշը, այսինքն՝ անկայուն ստենոկարդիայով և սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդները: Բայց ընդհանրապես սիրտ-անոթային հիվանդների հետազոտություննների ոլորտը շատ լայն է, գործնականում բոլոր սրտաբանական հիվանդներն ընդգրկված են հետազոտությունների մեջ. ամբուլատոր և սրտային անբավարարություն, ամբուլատոր զարկերակային գերճնշում:

-Սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել է վերջին տարիներին, արդյոք հնարավո՞ր է դեղամիջոցներով այդ հիվանդությունը բուժել:

- Այո,սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել է, իսկ պատճառները շատ-շատ են. քրոնիկական սթրեսները, նստակյաց կյանքը, բարձր ճնշման առկայության դեպքում իրենց չհետևելը և անտեղյակությունը տարբեր ռիսկային գործոնների մասին: Մարդիկ տեղեկացված չեն, բայց անգամ տեղյակ լինելով, որ ունեն շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ծանր քաշ, ծխամոլությամբ են տառապում, անտեսում են բոլոր ռիսկային գործոնները,  որովհետև մարդիկ, պարզ ասած, չեն ցանկանում հետևել իրենց առողջությանը: Կյանքը փոխվել է, և այդ բոլոր գործոնները գերակշռոմ են հասարակության մեջ։ Սնունդը, նույնիսկ ծխախոտի թութունն է փոխվել, որի մեջ քիմիական նյութեր են խառնվում, որն էլ իր հերթին կախվածություն է առաջացնում մարդկանց մոտ։ Դեղորայքային բուժումը և վիրահատական միջամտություններն այնքան են զարգացել այս վերջին 10 տարիների ընթացքում, կարելի է ասել՝ հեղախոփություն են ապրել, որ երկուսն էլ ունեն  իրենց ուրույն տեղը: Ասենք, եթե սկսված է սուր սրտամկանի ինֆարկտ կամ սուր կորոնալ համախտանիշ է, իհարկե, այստեղ առաջին հերթին արդարացված են վիրահատական միջամտությունները, այսինքն` կոռոնոգրաֆիան և ստենդավորումը։ Իսկ ավելի կայուն ստենոկարդիաների, կայուն սրտային հիվանդությունների ժամանակ, իհարկե, երկու բուժումն էլ կարող են տալ հավասար արդյունք: Այստեղ պետք է կշեռքի նժարին դնել, համեմատական կարգով դասակարգել՝ դեղորայքայի՞ն, թե միջամտական բուժումն է ավելի արդյունավետ: Կան սիրտ-անոթային հիվանդություններ, որոնք դեղորայքային կամ վիրահատական միջամտական բուժման դեպքում բացարձակ տարբերություն չեն տալիս: Արվեստը արդյունավետ տարբերակը ընտրելն է, որպեսզի հիվանդները ֆինանսապես ավելորդ չծանրաբեռնվեն, բուժվեն դեղերով, իսկ եթե հիվանդը ցուցում ունի, և միջամտությունից էլ ավելի կբարելավվի վիճակը, ապա  միանշանակ պետք է կատարվի վիրահատական միջամտություն: Դեղորայքային միջոցները, մանավանդ խոլեստերինը իջեցնող բետապաշարիչները միանշանակ պետք է տալ, մանավանդ՝ արյան մակարդելիությունը նոսրացնող դեղամիջոցներ: Այսօր դեղերն այնպիսի մակարդակի են հասել, որ ապահով կարելի է տալ հիվանդին։ Իհարկե, դեղորայքը այնքան մեծ ազդեցություն չի թողնում, ինչքան ռիսկային գործոններից` ծանր քաշից, ծխամոլությունից խուսափելը։

-Իսկ բժշկին դիմելու կուլտուրան ի՞նչ մակարդակ ունի այսօր: 

- Ինձ թվում է՝ մարդիկ հիմնականում ֆինանսական վիճակից ելնելով են ուշ դիմում բժշկի: Կան դեղեր, որոնք փոխարինողներ չունեն, թանկ են, իսկ հիվանդները ֆինանսապես ի վիճակի չեն երկարատև ընդունել դրանք: Լինում են նաև դեպքեր, երբ դեղորայքը չեն շարունակում ընդունել, որովհետև իրենց արդեն առողջ են համարում: Ցավոք սրտի, սրտաբանության մեջ մենք չենք առողջացնում, բուժում ենք, և այդ բուժումը էլ իր հերթին պետք է երկարատև լինի, գրեթե ամբողջ կյանքի համար: Առայժմ գիտությունն այդ աստիճանի զարգացած չէ, և, այսպես ասած, հիվանդությունը միշտ մնում է հիվանդի մեջ: Մենք դեղամիջոցով անում ենք այնպես, որ երկարացնենք պացիենտի կյանքը, նրանց կյանքին պարզապես որակ ենք տալիս։ Իսկ երբ հիվանդները նշանակված դեղորայքը չեն շարունակում ընդունել, և կյանքի ռիսկային գործոններն անտեսվում են, ապա հիվանդությունը մնում է նույն վիճակի մեջ, և մենք ոչինչ չենք կարող փոխել, կանգնում ենք, այսպես ասած, նույն կոտրած տաշտակի առջև:

- Ձեր բաժանմունքը տեխնիկապես հագեցա՞ծ է:

 -Վստահորեն կարող եմ ասել՝ այո. մենք ունենք այն բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են մեզ որակով բուժօգնություն ապահովելու համար: Ունենք էխոգրաֆիայի գերժամանակակից ապարատ, սթրեսէխոկարդիոգրաֆիայի ապարատ, հոլտեր, մոնիտորներ: 24 ժամյա ստուգումը բաժանմունքում բարձր մակարդակով ապահովված է:

 - Այսօր ի՞նչ վիճակում է գտնվում ՀՀ առողջապահության համակարգը:

- Ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ առողջապահության համակարգը ծանր տարիներ է ապրում: Կարծում եմ՝ դրա պատճառը համակարգի սխալ համակարգվելը չէ: Ամեն ինչ արվում է մեր ոլորտը կատարյալի հասցնելու համար, սակայն խանգարող պատճառներն օբյեկտիվ են, որոնք կլինեն մինչև իրավիճակի բարելավումը։  

- Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

- Կցանկանամ մեր ազգին մեծ առողջություն, քիչ սթրեսներ, երկրին՝ խաղաղություն: Մեր ժողովուրդը շատ լավն է. համբերատար է, բարեհամբույր: Ուզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել մեր հասարակությանը և խնդրել, որ միշտ մնա այդպես լավը: 

23 Մյս

ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆ

Written by

ԲՈՒԺՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԱՇԽԻՔԸ ՀԻՎԱՆԴԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԲԺՇԿԻ ՀԵՏ

Բժշկի մասնագիտությունն անչափ բարդ է ու պատասխանատու. չէ որ բժիշկը գործ ունի մարդկային կյանքի հետ, և նույնիսկ ամենափոքր սխալը կարող է ճակատագրական լինել։ Մեր զրուցակիցը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆՆ է, ով աշխատում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի  «Ներքին հիվանդությունների դիագնոստիկայի ամբիոնում»՝ պրոֆեսորի պաշտոնում: Ունի աշխատանքային շուրջ 42 տարվա ստաժ, որից 37 տարին՝ ԵՊԲՀ-ում: Հիվանդների տածած վստահությունը, նրանց սերն ու հարգանքը բժշկի աշխատանքային գործունեության մեծագույն նվաճումն ու ամենաբարձր գնահատականն են, և նա փոխադարձ սիրով ու անսահման նվիրումով ծառայել է ու շարունակում է ծառայել մարդկանց:

- Պարոն Եգանյան, կխնդրենք  մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:

-Դպրոցը «Ոսկե մեդալով» ավարտելուց հետո մասնագիտական ուսուցումս  սկսել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ Այն գերազանցությամբ  ավարտելուց հետո ընդունվել եմ Մոսկվայի թիվ 1 Պետական բժշկական ինստիտուտի «Թերապիայի» և «Ախտաբանական անատոմիայի» ամբիոններին կից ասպիրանտուրա, որտեղ կատարել եմ էքսպերիմենտալ և կլինիկական գիտական աշխատանք՝ ավարտելով այն թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ: Վերադառնալով Հայաստան՝ Երևանի բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում եղել եմ  կրտսեր գիտաշխատող, նաև  աշխատել բժիշկ Երևանի ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտում։ Դրանից հետո՝ 1980թ.,  մրցույթով ընդունվեցի աշխատանքի  Երևանի պետական բժշկական ինստիտուտի թերապիայի ամբոնին կից գիտահետազոտական լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող:

 1992 թ.  պաշտպանել եմ դոկտորական ատենախոսությունս՝ «Պարբերական հիվանդության ժամանակ ստամոքս-աղիքային ուղու ախտահարումների ախտածագումը և կլինիկական նշանակությունը» թեմայով: 1993 թ.-ից աշխատել եմ Պետական բժշկական համալսարանի թերապիայի և դիագնոստիկայի ամբիոններում՝ պրոֆեսորի պաշտոնում: Գիտական աշխատանքներ կատարելով՝ միաժամանակ ընդունել եմ հիվանդներ և գիշերային հերթապահություններ եմ կատարել: Հեղինակ եմ 185 տպագիր գիտական աշխատանքների, որոնց թվում՝ 2 մենագրությունների, 1 գյուտի,  5 ռացիոնալիզատորակաև  գիտապրակտիկ առաջարկությունների և մարսողական համակարգի հիվանդություններին նվիրված  ուսումնական ձեռնարկի: Բազմիցս անցկացրել եմ  սեմինարներ և կարդացել դասախոսություններ Երևան քաղաքի և մարզային կենտրոնների պոլիկլինիկաների ու հիվանդանոցների բժիշկների համար՝ ներքին օրգանների հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր մեթոդներին նվիրված թեմաներով:

-  Ձեր կարծիքով ո՞րն է հիվանդության  բուժման արդյունավետության երաշխիքը:

- Առաջին երաշխիքը հիվանդի համագործակցությունն է բժշկի հետ բուժման գործընթացում, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հիվանդը վստահում և հավատում է  բժշկին: Երկրորդը ճիշտ ախտորոշումն է, քանի որ, եթե ճիշտ ախտորոշես, ճիշտ էլ կբուժես: Իսկ ախտորոշման գործում, իմ կարծիքով, առաջնայինը հիվանդի հետ մտերմիկ զրույցն է, այլ ոչ թե գործիքային կամ լաբորատոր տվյալները: Հիվանդի հետ զրույցի ժամանակ բժիշկը պարզում է հիվանդության պատմությունը, տարբեր ախտաբանական նշանների ընթացքը, նրանց զարգացման հերթականությունը, հիվանդի վնասակար սովորությունները, կենցաղային պայմանները, տնտեսական վիճակը, ժառանգական տվյալները, ուղեկցող կամ նախորդող հիվանդությունները  և  այլ կարևոր, հիվանդության զարգացման համար նպաստավոր նշանակություն ունեցող փաստեր: Երբեմն նույնիսկ փոքր տարիքում կրած հիվանդությունները կարող են հետք թողնել մեծ տարիքում հիվանդի  ներկայիս առողջական վիճակի վրա: Օրինակ, սուր աղիքային վարակը մանկական տարիքում կարող է հետագայում քրոնիկական  գրգռված աղու համախտանիշի առաջացման պատճառ դառնալ:  Հիվանդության անամնեզից, կյանքի պատմությունից բացի, շատ կարևոր են հիվանդի գանգատները: Ուսանողներին միշտ ասում եմ, որ պետք է  առանձնացնել հիմնական գանգատը շատ մանրակրկիտ, պետք է պարզել հիմնական գանգատի մանրամասները։ Եթե դա ցավն է, ապա ինչի՞ց հետո է ցավն առաջացել, ինչպիսի՞ պատճառներից  է ցավը սրանում կամ թեթևանում, ինչպիսի՞ն է ցավի տեղակայումը,  ճառագայթումը, տևողությունը, կապը սնունդ ընդունելու և քաղցած վիճակի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, օրվա ժամերի և այլնի հետ:  Այդ ամենը կարևոր նշանակություն ունի ճիշտ ախտորոշման համար:  Զրույցից և հայացքով հիվանդին ուշադիր զննումից  հետո նոր միայն կարելի է ամփոփում կատարել և, գալով մի եզրակացության՝ նախնական ախտորոշման, անցնել հիվանդի մարմնի ֆիզիկական հետազոտման՝ շոշափելով, բաբախելով և լսելով (նկատի ունեմ աուսկուլտացիան ֆոնենդոսկոպով կամ ստետոսկոպով):  Շատ ժամանակ ես իմ ուսանողներին ասում եմ՝ շատ մի՛ տարվեք գործիքային լաբորատոր քննությունների տվյալներով. դրանք լրացուցիչ օգնություն են բժշկի համար, բայց օգնում են այն դեպքերում միայն, երբ արդեն հիվանդի հետ շատ մանրակրկիտ զրույց ես ունեցել, պարզել ես հիվանդության և կյանքի պատմությունը, գանգատները, կատարել ես ֆիզիկական հետազոտումը: Նման կլինիկական հետազոտումը թույլ է տալիս նախնական ախտորոշում կատարել, որը հետագայում 90 (եթե ոչ ավել) տոկոսով սովորաբար հաստատվում է գործիքային և լաբորատոր քննությունների շնորհիվ: Վերջիններիս նշանակությունը, անկասկած, կարևոր է նրանով, որ դրանք օգնում են հայտնաբերել հիվանդության սկիզբը, երբ դեռ չկան գանգատները:  Դա շատ արժեքավոր է, քանի որ թույլ է տալիս պրոֆիլակտիկ նպատակով կատարել կանխարգելիչ միջոցառումներ և բուժում՝ կանխելով հիվանդության հետագա զարգացումը: Հիվանդության բարդություններն էլ, իրենց հերթին, ունեն ծածկընթաց շրջան, որի ժամանակ հիվանդության բարդության երևույթները դեռ ի հայտ չեն եկել, բայց կարող ենք հայտնաբերվել գործիքային կամ լաբորատոր քննությամբ, և այդ շրջանում դրանք ավելի հեշտ են հետ զարգանում ժամանակին ընձեռված  բուժման շնորհիվ:

- Ներքին հիվանդություններից որո՞նք են եղել Ձեզ առավել հետաքրքրող և հետազոտման առարկա հանդիսացող հիվանդությունները:

-Ասեմ, որ ինձ միշտ հետաքրքրել են ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունների և պարբերական հիվանդության ախտորոշումը և բուժումը: Պարբերական հիվանդությունը, որը, ցավոք սրտի, մեծ տարածվածությում ունի մեր երկրում, ոչ հազվադեպ բարդանում է, այսպես կոչվող, ամիլոիդոզով, որի հետևանքով կարող է զարգանալ երիկամային անբավարարություն: Տվյալ ծանր ճակատագրական բարդությունը ժամանակին հայտնաբերելու համար մեր համալսարանի ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Սոմա Համբարձումյանի հետ մշակել ենք ամիլոիդոզի նոր ախտորոշման մեթոդ արյան իմունոցիտոքիմիական քննության միջոցով, որի համար ստացել ենք գյուտի արտոնագիր: Ի տարբերություն ընդունված ախտորոշիչ մեթոդների, մեր կողմից առաջարկված մեթոդը չի պահանջում հիվանդի օրգանների հյուսվածքի կենսազննում՝ բիոպսիա: Ինչ վերաբերում է գաստրիտի, խոցային հիվանդության բուժմանը, ապա ես և իմ դիսերտանտը՝ Կարինե  Ինջիգուլյանը, գիտական կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտման միջոցով ապացուցել ենք, որ կարելի է կրճատել երկու շաբաթից մինչև մեկ շաբաթ հակահելիկոբակտերիալ անտիբիոտիկների կիրառումը այդ հիվանդությունների ժամանակ՝ լրացնելով բուժումը պրոբիոտիկներով, որոնք ունեն հակահելիկոբակտերիալ ազդեցություն և միաժամանակ կանխում ու վերացնում են անտիբիոտիկների կողմնակի երևույթները: Կցանկանայի նաև խոսել հիպերտոնիա կոչվող հիվանդության մասին, որը 50-ից  բարձր տարիք ունեցողների  մոտ կազմում է 50 տոկոս, իսկ այդ 50 տոկոսի կեսն էլ տեղյակ չէ, որ հիպերտոնիա ունի:  Պարտադիր ցանկացած հիվանդի ճնշումը պետք է ստուգել ծածկընթաց  հիպերտոնիկ հիվանդությունը հայտնաբերելու համար և, անկախ գանգատների բացակայությունից, կազմակերպել տվյալ հիվանդության բուժումը: Եթե անձը  ճնշում ունի առանց բնորոշ գանգատների, կամ էլ, եթե տեղյակ չէ ու համապատասխան դեղորայք  չի ստանում, բնականաբար, սիրտը մեծ ծանրաբեռնվածության տակ է, և այդ դեպքում  ձախ փորոքը գերաճ է ունենում, ինչը վտանգավոր հետևանքների կարող է բերել:  Նշենք, որ ձեռքերի միջոցով բաբախելով հիվանդի կրծքավանդակը սրտի շրջանում, այլ կերպ ասած. պերկուսիայի միջոցով էլեմենտար կերպով այդ գերաճը կարող է հայտնաբերվել և այդ ուղղությամբ հիվանդին ավելի խորը հետազոտելուց հետո համապատասխան բուժում նշանակել, որը կկանխի հիվանդի մոտ սրտամկանի ինֆարկտի, ուղեղի կաթվածի, սրտային անբավարարության, առիթմիաների զարգացման և այլ հիվանդությունների ռիսկը:

Գործիքային հետազոտման վերաբերյալ ուզում եմ նշել, որ երբեմն դրա կարիքն էլ չի լինում։ Գալիս են հիվանդներ, ցանկանում են «կատե»  անելու ուղեգիր, բայց շատ անգամ կլինիկական և ավելի մատչելի գործիքային հետազոտումները ոչ միայն խնայում են հիվանդի գումարը, այլև նա խուսափում է ավելորդ ճառագայթումից:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հիվանդությունը հիվանդագին վիճակ ստեղծող ախտածագման և առողջածին մեխանիզմների պայքարի գործընթաց  է, այլ կերպ ասած, հիվանդությունը հենց այդպես միայն ախտածագում չէ, այլ նաև միաժամանակ սանոգենեզ է: «Սանուս» նշանակում է առողջություն: Կան սանոգենատիկ մեխանիզմներ, որոնց խթանումը վերականգնողական թերապիայի մի մասն է կազմում:  Խթանիչ, պաշտպանողական մեխանիզմները կարգավորող գործոնները, որոնց մենք, ցավոք, շատ հաճախ անտեսում ենք, բուժման կարևոր բաղադրիչը պետք է լինեն: Այդ բաղադրիչին արդյունավետ բուժման  համար և հետագա սրացումների կրկնողությունը կանխելու գործում ես մեծ նշանակություն եմ տալիս:

- Պարոև Եգանյան,  արդյոք մեր հանրությունն ունի՞ բժշկին դիմելու կուլտուրա:

- Հիվանդները դիմում են մեզ, երբ «դանակն արդեն ոսկորին է հասնում»,  չի կարելի թույլ տալ որ հիվանդությունը ծանրանա ու խորանա: Վախենում են գնան բժշկի, քանի որ մտածում են, որ հնարավոր է ավելի բարդ բաներ բացահայտվեն: Պետք է վերջապես զարգանա այդ կուլտուրան մեզ մոտ, չթողնենք բարդանա հիվանդությունը, նոր դիմենք բժշկին:

- Բժիշկ, կխնդրեի խոսեք պարբերական հիվանդության մասին:

-Պարբերական հիվանդությունը դրսևորվում է շճաթաղանթների ասեպտիկ (ոչ վարակային) բորբոքումով՝ պերիտոնիտով և պլևրիտով, պերիկարդիտով: Հիվանդությունը ինքնաբորբոքային հիվանդություն է, գենետիկորեն պատճառը պարզ է, բայց ախտածագումը լիովին պարզաբանված  չէ: Այդ հիվանդության բարդության զարգացման դեպքում ամենաթիրախային օրգանը երիկամներն են, որտեղ ոչ նորմալ, ամիլոիդ կոչվող կարծր նյութ է կուտակվում՝ ի վերջո առաջացնելով երիկամային անբավարարություն: Սուրցավային նոպաները կապված են արյան սպիտակ բջիջների՝ լեյկոցիտների ներսից բորբոքային մեդիատորների (հաղորդիչների) մեծ քանակով արտանետման հետ:  Բորբոքային և հակաբորբոքային մեդիատորների համակարգում կան ճնշող հաղորդիչ գործոններ, դրանք այդ հիվանդի մոտ լինում են գենետիկորեն պայմանվորված՝ ուղղակի դեֆեկտավոր:  Ժամանակ առ ժամանակ այդ բորբոքային մեդիատորները ճնշող գործոնների թուլության պատճառով դուրս են գալիս արյան մեջ՝ առաջացնելով տենդ և ոչ վարակային ասեպտիկ բորբոքում շճաթաղանթներում, հոդերում, երբեմն՝ մաշկում: Պարբերական հիվանդությունը այս օրերին բուժվող հիվանդություն է, եթե բուժում հասկացողության տակ մենք հասկանանք նոպաների վերացումը և ամիլոիդոզ բարդության կանխարգելումը: Կարելի է ասել՝ մի գրպանում ունես հիվանդությունը, մյուսում` նրա դեմ դեղամիջոցը, որի շնորհիվ կարող ես պրակտիկորեն առողջ զգալ և ապրել մինչև 80-90 տարի: Պարբերական հիվանդության դեղամիջոցը կոչվում է <Կոլխիցին>, որն ունի բուսական ծագում: Բույսը աճում է Կոլխիդայում: Դեռ հին ժամանակներում հույները գիտեին այդ բույսի մասին և օգտագործում էին  հոդատապի` «պոդագրա» կոչվող հիվանդության բուժման համար:  Անցյալ դարի 70-ական թվականներից դեղն սկսեցին օգտագործել և նրա բուժիչ արդյունքը հայտնաբերեցին պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ: Դրական արդյունքը կայանում է նրանում, որ դեղորայքը ոչ միայն կանխում է բորբոքային նոպաները՝ ապահովելով նորմալ կյանքի որակ, այլև, ամենակարևորը` կանխում է հնարավոր բարդությունները: Դեղամիջոցը, 90-95 տոկոսով արդյունավետ է, սակայն` լինում են դեպքեր, երբ գենետիկան իր դերը կատարում է, և, ցավոք, լինում է հիվանդների մի խումբ, որի վրա լիարժեք չի ազդում այդ բուժումը:  Ի դեպ, այդ դեղամիջոցը  Հայաստանում  անվճար է տրամադրվում մեծահասակ հիվանդներին՝ տեղամասային պոլիկլինիկաներում, իսկ մանկական տարիքում գտնվողներին՝ «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնում: Հիշեցնեմ նաև, որ իմ և համալսարանի ախտաբանական անատոմիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.դ. Սոմա Համբարձումյանի  կողմից մշակված պարբերական հիվանդության ժամանակ ամիլոիդոզի ախտորոշման նոր մեթոդը (արտոնագիր թիվ 2876)  արյան իմունոցիտոքիմիական քննության միջոցով, որը չի պահանջում հիվանդի օրգանների հյուսվածքի կենսազննում՝ բիոպսիա, ի տարբերություն ընդունված ախտորոշիչ այլ մեթոդների, թույլ կտա հայտնաբերել տվյալ բարդությունը հիվանդների մոտ ամենավաղ շրջանում, երբ դեռ բացակայում են մեզի կողմից ախտաբանական փոփոխությունները, ինչը մեծ երաշխիք է այդ բարդության արդյունավետ բուժման համար:

-Իսկ արդյոք պարգևի արժանացա՞ք այդ գյուտի համար:

- Գիտեք, պարգևները միշտ էլ ուշանում են: Կարևորը դա չէ, կարևորն այն է, որ այդ գյուտը ներդրվի Հայաստանի առողջապահության ոլորտում: Այս ամսվա մեջ պետք է կայանա կլոր սեղան «Կենսաբժշկության կիրառական խնդիրները»  խորագրով: Այդ կլոր սեղանին մասնակցելու են պրակտիկ բժշկական հիմնարկների և բժշկական խոշոր կենտրոնների ներկայացուցիչները, ազգային ակադեմիայի գիտնականները, բժշկական համալսարանի դասախոսները և այլոք: Ես պատրաստել եմ ելույթ, որում առաջարկելու և հիմնավորելու եմ մեր գյուտի լայն կիրառումը պարբերական հիվանդության դեպքերում: Հույս ունեմ, որ ինձ և իմ համահեղինակ Ս.Համբարձումյանին կհաջողվի ապացուցել  գյուտի առավելությունները և մեր առաջարկությունը՝ ներդնել այն պրակտիկ բժշկության մեջ, կնդունվի: Դա թույլ կտա բոլոր պարբերական հիվանդների մոտ  հանրապետությունում կատարել այդ հետազոտությունը կյանքի ընթացքում  մի քանի անգամ, քանի որ դա միայն արյան հանձնելու հետ է կապված, այլ ոչ թե օրգանի կենսազննման՝ բիոպսիայի:  Դա կնպաստի ամիլոիդոզ բարդության ժամանակին հայտնաբերմանը ու, հետևաբար, նրա արդյունավետ բուժմանը:

- Գիտենք, որ նաև դասավանդում եք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և գործ ունենք ուսանողների հետ: Ի՞նչ կարծիքի եք՝ մեր բժշկական համակարգին ապագայում ի՞նչ է սպասում:

-Մեր հասարակության մենթալիտետը փոխվել է. փող վաստակելը դարձել է աշխատանքի հիմնական նպատակը, իսկ ուսանողությունը հասարակության մի մասն է: Նախկինում հանդիպում էին և՛ ծույլ, և՛ թերի ունակություններ ունեցող ուսանողներ, իսկ հիմա կան նաև ուսանողներ, որոնք, ընդունակ լինելով, սովորելու ձգտում չունեն։ Նրանք ուղղակի գալիս են դասի,  քանի որ ծնողների ցանկությամբ ընդունվել են վճարովի ուսուցման, սակայն  ցանկություն չունեն բժիշկ դառնալու, իսկ նրանց առաջնային նպատակը ապագայում փոխշահավետ բիզնեսով  զբաղվելն է։ Բայց կան նաև լավ և գերազանց ուսանողներ, որոնք իրենց մասնագիտության մեջ հաջողության հասնելու ձգտում ունեն: Խմբում տասը ուսանողից երեք-չորսը  նման ուսանողներ են: Վատ ուսանողներից համալսարանը ազատվում է: Սակայն ես կարծում եմ, որ բժիշկը միջակ լինելու իրավունք չունի: Միաժամանակ կարծում եմ, որ ուսուցումը և նոր գիտելիքների ձեռքբերումը  գործնական աշխատանքի ընթացքում  բոլոր մասնագիտությունների և հատկապես բժշկության մեջ պետք է լինեն անդադար շարունակական:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք հանրությանը առողջ ապրելու համար:

- Բոլորին մաղթում եմ առողջություն,  հիվանդներին՝ շուտ ապաքինում: Թող ոչ ոք երբեք չհիվանդանա: Շատ կարևոր է ռեժիմը, հետևեք ձեր սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, որն օգնում է նաև նյարդային սթրեսային վիճակներից հանելուն: Իմ կարծիքով, ամենաարդյունավետ և անվտանգ հակասթրեսային  ազդեցությունը ֆիզիական ակտիվությունն է: Օրական 10-15 րոպե մարմնամարզությունը առողջ ապրելակերպի պարտադիր բաղադրիչն է: Երկար կյանք բոլորին, առողջ եղեք:

ՄԵՆՔ  ԱՇԽԱՏՈՒՄ  ԵՆՔ  ՍՏՎԵՐՈՒՄ  ՄՆԱԼ,  ԱՐԺԵՔՆԵՐ  ՍՏԵՂԾԵԼ

Հանրությունը մշտապես արժևորել է կրթությունը: Մեր օրերում պետության հաջողության գլխավոր երաշխիքը կրթված սերունդն է, բարեկեցության աղբյուրը՝ գիտելիքը: Մեր երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է: Հետևաբար, կրթությունը պետք է լինի որակյալ ու հասանելի բոլորի համար:

Տարիներ շարունակ կարողացել ենք արձանագրել հաջողություններ և ունեցել տեսանելի նվաճումներ գիտության ոլորտում, ու անհրաժեշտ է ձևավորել խրախուսական միջավայր գիտությամբ զբաղվելու և որակյալ գիտական արտադրանք ստեղծողների համար: Մեր զրուցակիցը Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ  է, ում հետ խոսեցինք ուսումնարանի պատմության, ներկայի և պլանների մասին:

 -Տիկի՛ն Բարսեղյան, ե՞րբ է ստեղծվել ուսումնարանը, ի՞նչ  պատմություն ունի:

- «Երևանի N10 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2004թ., իսկ 2014թ. օգոստոս ամսին վերանվանվել է «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան»: Այդպես վերանվանվեց, քանի որ ուսուցանվող ութ մասնագիտություններից յոթը արվեստի ճյուղեր էին, և միայն ավտոփականագործի մասնագիտությունն էր այդ ցանկից դուրս մնում։ Արդեն 10-րդ տարին է, որ զարդակիրառական արվեստ մասնագիտություններ են ուսուցանվում, և այդ ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է: Այս ուսումնական տարում ավելացել է նոր մասնագիտություն՝ մետաղի գեղարվեստական փորագրում, և հույս ունենք, որ այն իր մակարդակով չի զիջի մյուս մասնագիտություններին: Հավելեմ, որ մեզ մոտ ուսման տևողությունը 3 տարի է, ընդունելությունը՝ հիմնական կրթության վկայականի հիման վրա:

- Ձեր ղեկավարման տարիներին ի՞նչ բարեփոխումներ են եղել ուսումնական հաստատությունում, ապագայի ինչպիսի՞ ծրագրեր ունեք:

- Ուսումնարանը ղեկավարում եմ  2014 թվականի մարտ ամսից, բայց այստեղ աշխատում եմ 2006 թվականից։ Նախ դասավանդել եմ հայոց լեզու և գրականություն, եղել մեթոդմիավորման  նախագահ, հետո՝ փոխտնօրեն, այսինքն` գրեթե 11 տարի գործունեությունս այստեղ եմ ծավալել: Ուզում եմ ընդգծել, որ այն զգալի առաջընթացը, որին հասել ենք այսօր, ողջ կոլեկտիվի համախմբված աշխատանքի արդյունք է: Մանկավարժական կազմը համալրված է նաև մեծ թվով արվեստագետներով, որոնց  գերխնդիրն իրենց գիտելիքները, փորձը, հմտություններն այսօրվա սերնդին փոխանցելն է: Մեզ մոտ ընդունելությունն անցկացվում է մրցութային կարգով՝ դպրոցի  9-րդ դասարանի վկայականի միավորների հիման վրա, և լինում են դեպքեր, երբ երեխաների մի մասը մրցույթից դուրս է մնում, քանի որ ընդունվողների թիվը սահմանափակ է: Տարեցտարի ավելանում է մեր դիմորդների թիվը, իսկ դա այն փաստի արձանագրումն է, որ ուսումնարանը զարգացման ճիշտ ուղի է ընտրել։ Նշեմ նաև, որ մեր դիմորդները հիմնականում լինում են մեզ մոտ սովորող երեխաների ծանոթները, բարեկամները, հարևանները, այսինքն` մեզ առաջնահերթ գովազդողը հենց մեր սաներն են: Պարզից էլ պարզ է, որ եթե իրենք այստեղ իրենց վատ զգային, նորմալ կրթություն և դաստիարակություն չստանային, հաստատ որևէ մեկին խորհուրդ չէին տա  գալ մեզ մոտ: Ցանկանում ենք մասնագիտությունների շրջանակները ընդլայնել և ընդգրկել  բոլոր այն մասնագիտությունները, որոնք ազգային են, հային բնորոշ։ Սակայն դրա համար մեզ համապատասխան պայմաններ են անհրաժեշտ:

- Տիկի՛ն Բարսեղյան, պետության կողմից աջակցություն ստանո՞ւմ եք:

- Մեզ մոտ ուսուցումը պետպատվերի շրջանակներում է, այսինքն` բացառապես անվճար է, ավելին՝ բոլոր ուսանողներն անխտիր կրթաթոշակ են ստանում։ Իսկ պետության կողմից ֆինանսավորվելը նաև մեր ուսանողներին պարտավորեցնում է ավելի լավ իմանալ, գնահատել կրթության արժեքը, լավ սովորել, լինել նորմալ մարդ, իսկ հետագայում, ինչու ոչ, պետության համար արժանի, բարձրակարգ մասնագետ:

- Ինչպիսի՞ կարգավիճակ ունի Ձեր հաստատության վկայականը:

- Ուսանողներն ստանում են նախնական արհեստագործական կրթություն, նրանց տալիս ենք միջնակարգ կրթության ատեստատ, որը տրվում է ավագ դպրոցում, ու դրա հետ մեկտեղ՝ նաև պետական դիպլոմ երեք լեզուներով` հայերեն ռուսերեն, անգլերեն: Երեխան այստեղից դուրս է գալիս և՛ միջնակարգ, և՛ արդեն նախնական մասնագիտական կրթություն ստացած, ու հետագայում ինքն է որոշում, թե որ բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմի: Նշեմ, որ գրեթե բոլոր ուսումնական հաստատություններում սովորող շրջանավարտներ ունենք: Ժամանակը ցույց է տալիս, որ ավելի շատ ընդունվում են նկարչություն առարկան ուսուցանող հաստատություններ, օրինակ, Երևանի պետական մանկավարժական համալսարանի նկարչության բաժին։ Ուսանողներ կան նաև Գեղարվեստի և Գեղեցիկ արվեստների ակադեմիաներում, այսինքն՝ այն մասնագիտությունների գծով, որով մեզ մոտ նախնական կրթություն են ստանում: Մեր գերխնդիրներից մեկն էլ այն է, որ մեզ մոտ սովորած մասնագիտությամբ կարողանան իրենց ընտանիքը պահել։

- Տիկի՛ն Բարսեղյան, իսկ Ձեր սաներից մրցույթների մասնակիցներ, հաղթողներ կա՞ն։

- Այո, ունենք, մանրանկարիչ մասնագիտությամբ շրջանավարտ, որը, մեզ մոտ ստացած գիտելիքների բազայով տարիներ առաջ անվճար հիմունքներով ընդունվելով գեղարվեստի ակադեմիա, հետագայում արտերկրում մասնակցել է մանրանկարչության մրցույթի և արժանացել առաջին մրցանակի։ Մեր ձեռքբերումներից ենք համարում նաև մեր այն ուսանողներին, ովքեր մեզ մոտ ավարտելուց հետո շարունակում են իրենց ընտրած մասնագիտությամբ զբաղվել: Ապագայում ամեն մեկն իր ճանապարհն է ընտրում, բայց կարևորն այն է, որ երեխան այստեղից դուրս է գալիս, առաջին հերթին, որպես լավ դաստիարակված մարդ: Մինչև չդաստիարակենք, չենք  կարող ոչինչ սովորեցնել։ Ուսումնարանի ցուցասրահում ցուցադրվում են մեր երեխաների աշխատանքները, որոնք վկայում են, թե նրանք ինչ արդյունքների են հասել:  Մենք ունենք նաև կարգախոս, որը մեր ուսումնարանի մուտքի վերևում փակցված է։ Ըստ դրա, արվեստի ճյուղը ընտրող երեխայի համար մեզ մոտ սովորելը մի յուրահատուկ հանդիպում է իր և արվեստի միջև, իսկ մենք էլ այդ հանդիպումը կազմակերպողն ենք։  

- Ձեր սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք կազմակերպվո՞ւմ է:

- Վաճառք չի լինում, որովհետև մենք համարվում ենք ոչ առևտրային կազմակերպություն և ունենք մի կարևորագույն սկզբունք. յուրաքանչյուր երեխայի ստեղծած արժեքը մնայուն է, այն մեր պատմությունն է, ուստի մեզ մոտ  էլ պիտի մնա: Կան շրջանավարտներ, որոնք մեզ այցելում են ամեն օր և պարտադիր փնտրում են իրենց աշխատանքը ցուցասրահում։ Ու եթե չգտնեն, հաստատ մեծ հիասթափություն կապրեն: Մենք չենք սիրում շատ գովազդվել ու երբ հյուրեր ենք ունենում, նրանցից շատերը զարմանում են, որ շատ լավ աշխատանքներ ունենք, բայց իրենք չգիտեն այդ մասին: Մենք աշխատում ենք ավելի շատ ստվերում մնալով արժեքներ ստեղծել: Մեր ամենամեծ գնահատականը ու նաև գովազդը մեզ մոտ սովորողների և նրանց ծնողների բարձր գնահատականն է։  Մեզ մոտ չկա այնպիսի առարկա, որ երեխան խուսափի այն սովորելուց: Մեր մանկավարժների համար էլ իրենց աշխատանքը ոչ թե պարտականություն է, այլ սիրած գործ, իրենց էության մի մասը։ Երկար պատմություն չունենք և հուսով ենք, որ ինչքան այն երկարի, այնքան ավելի շատ մնայուն արժեքներ կունենանք։ Երբեմն մեզ մոտ եկող երեխան նույնիսկ մատիտ բռնել չի իմանում, բայց ավարտելուց հետո դառնում է լիարժեք մասնագետ: Մենք  ամեն մեկի հետ աշխատում ենք իր ընդունակությունների համապատասխան: Նշեմ, որ ամեն կիսամյակ ցուցահանդես ենք կազմակերպում,  որտեղ ներկայացվում են մեր բոլոր սաների աշխատանքները, և դա նրանց մեկ կիսամյակի հաշվետվությունն է: Լինում են նաև դեպքեր, երբ ծնողները, գալով այստեղ, տեսնելով իրենց երեխաների աշխատանքները, շատ են զարմանում, որ նրանք այդպիսի ընդունակություն ունեն:

Ինչ վերաբերում է ուսումնական գործընթացին, ապա դասերն սկսում ենք ժամը  09:00-ին, և, եթե հանկարծ երեխան թեկուզ հինգ րոպե ուշացավ, չներկայացավ դասի, վարպետը նրա ծնողին անմիջապես տեղեկացնում է այդ մասին։ Վարպետները, ղեկավարությունը պետք է տեղեկանան, թե երեխան ինչու չի եկել, իսկ դասերի ավարտից հետո երեխաներին ուղեկցում ենք մինչև կանգառ, որպեսզի մեր 340 սանին փողոցում որևէ մեկը նեղություն չտա:

Ես անչափ հպարտ եմ, որ շատ լավ սերունդ ունենք, նրանք գիտեն գիտելիքի, իրենց շրջապատող արվեստի և արհեստի արժեքը:

Ապրիլի 26-28-ը Մերգելյան ինստիտուտի տարածքում 17-րդ անգամ բացվեց «Կրթություն և կարիերա» միջազգային ցուցահանդեսը: Մեկ հարկի տակ էին հավաքվել հայաստանյան ուսումնական հաստատությունները և արտասահմանյան բուհերի հայաստանյան մասնաճյուղերը: Ցուցահանդեսին մասնակցեց նաև «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ը, որը եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում ներկայացավ իր սաների կատարած բազմաբնույթ աշխատանքներով:

Ինչպես միշտ, ուսումնարանն առանձնացավ արվեստի և արհեստի համադրությամբ, իր յուրօրինակ աշխատանքների բազմազանությամբ:

Մեր աշխատակազմը շնորհավորում և ի սրտե մաղթում է ուսումնարանին ստեղծագործական բեղմնավոր բազում տարիներ:

Բոլորս բավականին լավ գիտակցում ենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը

Բժշկությունում ոչ ինվազիվ ախտորոշման ասպարեզում ուլտրաձայնային հետազոտությունը` ՈՒՁՀ, սոնոգրաֆիան, ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը,  հակացուցումների բացակայությունը: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակը չի վնասում  մարդու առողջությանը: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով:  Ժամանակին արված հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում և  կանխել դրա հետագա զարգացումը: Բոլորս Էլ գիտակցում ենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը: Մեր զրուցակիցը «Էրեբունի» կանանց վերարտադրողական առողջության կենտրոնի բժշկուհի-թերապևտ, սոնոգրաֆիստ  ԱՆՆԱ  ՓԻՐՈՒԶՅԱՆՆ է,  ով հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, ունի հզոր կամքի ուժ և անկոտրում համբերություն: Իսկ բժիշկ լինելը նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն հիվանդին մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ անելու առավելագույնը սեփական ուժերի գերլարման հաշվին։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ բժիշկն իր հիվանդի մասին գիտի ավելին, քան նրա շատ հարազատները:

- Բժշկուհի Փիրուզյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Մի փոքր պատմեք  Ձեր մասնագիտական ուղու մասին:

- Ինստիտուտ ընդունվել եմ Ռուսաստանի Դաշնությունում,  այնուհետև ուսումս շարունակել՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որից հետո անցել եմ  ինտերնատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության, այնուհետև աշխատանքի եմ անցել «Էրեբունի» կանանց վերարտադրողական առողջության կենտրոնում որպես բժշկուհի-թերապևտ: Միաժամանակ դասավանդել եմ «Դեղաբանություն» առարկան «Էրեբունի» բժշկական քոլեջում: Ի դեպ, թերապիայի իմացությունն ինձ շատ է օգնում սոնոգրաֆիկ ախտորոշման մեջ: Մի քանի տարի հետո, թողնելով դասախոսական աշխատանքը, ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա՝ ռադիոլոգիայի ճյուղով, որից հետո անցել աշխատանքի որպես պրակտիկ սոնոգրաֆիստ: Ցանկացած բժիշկ պարտադիր այդ ուղին պետք է անցնի: Վերապատրաստումներ անցել եմ բավականին շատ, ընթացքում էլ արդեն ձեռք եմ բերել պրակտիկա, մասնագիտական փորձ: Պրակտիկան ձեռք է բերվում այն ժամանակ, երբ բժիշկն աշխատում է հիվանդի հետ, և միայն այդ ժամանակ բժիշկը բժիշկ է դառնում: Ամեն հիվանդ տարբերվում է մյուսներից, և ճիշտ է ասված, որ բժիշկը պետք է բուժի հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը: Գիտելիքները, որ ձեռք ես բերել տեսականորեն, պրակտիկայում կիառվում է բազմաթիվ հիվանդների ախտորոշելուց հետո:

- Կարողանո՞ւմ եք  արդյոք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:

- Իհարկե, եթե քեզ անհրաժեշտ է տվյալ վերապատրաստումը, ուրեմն պետք է որոշ ժամանակով կտրվես աշխատանքից, պարտադիր ժամանակդ տրամադրես նաև վերապատրաստումների:

- Գոյություն ունեն ախտորոշման բազմաթիվ մեթոդներ, կխնդրեինք նկարագրել սոնոգրաֆիա ախտորոշումը:

-Սոնոգրաֆիան բժշկության մեջ կարող ենք համեմատել ռենտգենի հետ, քանի որ դա ճառագայթային ախտորոշում է: Ասեմ, որ 20-րդ դարում բժշկության մեջ եղել են մի քանի հեղափոխություններ։ Դրանից մեկը ռենտգեն ճառագայթային մեծ գյուտի հայտնաբերումն է, որը մինչ օրս մեզ թույլ է տալիս ախտորոշում կատարել, իսկ երկրորդը 1942 թվականին «Պինիցիլին» դեղամիջոցի հայտնաբերումն է: Ավելի ուշ զարգացում է ապրել ռադիոլոգիայի մյուս ճյուղը` ուլտրաձայնային հետազոտությունը, իսկ այս տարիներին՝ արդի «МRТ» և համակարգչային տոմոգրաֆիան: Սոնոգրաֆիայի դեպքում կարևոր է այն հանգամանքը, որ չկա ճառագայթային ծանրաբեռնվածություն։ Բացի այդ, գնային առումով այն ավելի մատչելի է, եթե համեմատում ենք մյուս հետազոտությունների հետ: Սոնոգրաֆիան այդ պահին մեզ շատ ինֆորմացիա է տալիս, բազմաթիվ օրգաններ կարող ենք հետազոտել. և՛ որովայնային խոռոչում խորը տեղակայված, և՛ մակերեսային օրգաններ: Կարելի է նշել վահանաձև գեղձի, կրծքագեղձի հետազոտությունները, որոնք այսօր շատ հրատապ են։ Կարող եմ առանձնացնել տղամարդկանց մոտ սեռական օրգանների հետազոտությունը, ինչպես նաև սրտի, պտղի ուլտրաձայնային հետազոտությունը, որը շատ կարևոր է պտղի զարգացման արատները կանխարգելելու համար: Մի խոսքով՝ ուլտրաձայնային հետազոտությունն այսօր բժշկության մեջ շատ կարևոր դեր ունի, իսկ ես էլ այն երջանիկ մարդկանցից եմ, ովքեր ունեն նոր դարաշրջանի տեխնիկա, որը թույլ է տալիս շատ ճշգրիտ ախտորոշում կատարել: Այսօր ախտորոշումը բժշկության մեջ շատ-շատ է զարգացել, որն էլ իր հերթին բերում է հիվանդության՝ ժամանակին կանխարգելմանը: Մեր հասարակության գիտակցության մեջ պետք է ամրապնդվի այն մտածելակերպը, որ անհրաժեշտ է ժամանակին հետազոտվել, որովհետև հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելը հիվանդի փրկությունն է: Մինչդեռ մեզ այցելում են խորը ստադիաներում, երբ արդեն հնարավոր չէ ոչինչ անել: Լավագույն տեխնիկան օգնում է բժշկին, լրացնում է նրա աշխատանքը, փոխում բժիշկների կյանքի որակը, աշխատանքը որոշ չափով հեշտացնում։  

-Լինո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդի մոտ  չարորակ ուռուցք հայտնաբերելու դեպքում հայտնում եք նրան իր հիվանդության մասին։

-Այդ հարցը մինչ օրս մնում է ինձ համար շատ-շատ ցավոտ: Շատ դժվար է հիվանդին ասել այդ լուրը, բայց դա բժշկի պարտականություն է, և պետք է անել այն առավելագույն զգուշությամբ ու հիվանդի համար հասկանալի լեզվով բացատրել հիվանդության լրջության աստիճանը, բուժման անհետաձգելիությունը: Եվ եկեք չմոռանանք, որ ուլտրաձայնային հետազոտությունը հանդիսանում է ախտորոշման առաջին օղակը, և որևէ գոյացություն հայտնաբերելիս մենք միշտ առաջարկում ենք ախտորոշման այլ տարբերակներ` «КТ», «МRТ» կամ գոյացության բիոպսիա: Պետք է յուրաքանչյուր հիվանդին յուրովի մոտեցում ցուցաբերել: Բժիշկը առաջնահերթ պետք է հոգեբան լինի: Կշեռքի  մի նժարին դրված է պատասխանատվությունը, մյուսին` այն գիտակցությունը, որ դու կարող ես հիվանդին օգտակար լինել, շատ դեպքերում էլ, ինչու ոչ, նաև կյանքը փրկել:

-Ներքին օրգանների հետազոտման նպատակով կատարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ հիվանդի կողմից:

-Այո: Հիվանդը պետք է սոնոգրաֆայի գա սոված վիճակում, բնականաբար, դատարկ աղիներով, որպեսզի բժիշկն էլ կարողանա ճշգրիտ ախտորոշում կատարել: Իսկ միզապարկը պետք է լիքը լինի, քանի որ միզապարկը մեզ համար հանդիսանում է, այսպես ասած, հեղուկով լցված պատուհան, քանի որ ճառագայթը հեղուկի միջոցով շատ լավ է անցնում։

- Ամեն լավ մասնագետ պետք է ունենա լավ ուսուցիչներ, իսկ ո՞ւմ եք համարել և մինչ օրս համարում Ձեր ուսուցիչը:

-  Այդ առումով ես ինձ շատ բախտավոր մարդ եմ համարում, որովհետև ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, որոնց էլ միշտ շնորհակալ եմ իմ մասնագիտական ուղու ու հասած արդյունքների համար: Իմ մասնագիտական գործունեության կայացման մեջ կարևորագույն դերակատարություն է ունեցել իմ ամենակարևոր ուսուցիչը՝ <<էրեբունի>> բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը: Շատ տարիներ առաջ, նա մեզ` երիտասարդ ուսանողներիս, իր հետ տանում էր վիրահատարան, և իմ կյանքի առաջին վիրահատությունը ես տեսա նրա կատարմամբ, որն էլ շատ ցնցող ու տպավորիչ ազդեցություն թողեց: Եվ այդ պահից սկսած՝ ես վստահ և հստակ որոշեցի, որ պետք է միանշանակ լավ բժիշկ դառնամ:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին:

 -Կոչ եմ անում բոլորին հետազոտվել ժամանակին՝ տարին գոնե երկու անգամ: Ընդ որում, պետք է կատարվի ընդհանուր ստանդարտ փաթեթ հետազոտություն: Իսկ  եթե մարդը ունենում է թեկուզ աննշան գանգատ, թող  անհապաղ դիմի բժշկի: Բժիշկներին էլ կցանկանամ կուռ առողջություն, սթրեսակայունություն, ամուր նյարդեր, և բժիշկ թող աշխատի այն մարդը, ով իր մեջ ունի այդ ներքին ուժը, այդ կոչումը, ով յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ունի յուրովի մոտեցում, ինչը բուժման համար շատ կարևոր նախապայման է. բժշկի ասած մի խոսքը կարող ճակատագրական լինել:

Սիրելիներս, ուշադիր եղեք ձեր օրգանիզմի և առողջության նկատմամբ, գնահատեք կյանքը,  քանի որ այն Աստծո կողմից մեկ անգամ է մեզ ընձեռվում: Սիրեք ձեզ, որպեսզի շրջապատող մարդիկ էլ ձեզ սիրեն: 

ՄԵՂՈՒՆԵՐԸ  ՄԱՔՈՒՐ  ՕԴ  ԵՆ ՍԻՐՈՒՄ

Բոլոր ծնողներն էլ վաղ թե ուշ երեխային մանկապարտեզ տանելու հարցում կանգնում են ընտրության առջև: Մանկապարտեզ հաճախելն ունի մի շարք դրական ազդեցություններ երեխաների հոգեբանական զարգացման վրա, քանի որ, ի տարբերություն տանը ծնողի, ընտանիքի անդամի կամ դայակի հսկողության տակ մնալուն, մանկապարտեզ գնալիս երեխայի մոտ զարգանում են անհատների հետ հաղորդակցվելու խոսքային հմտությունները, հուզական աշխարհը, նրանք ավելի լավ են հասկանում իրենց և դիմացինի զգացմունքներն ու հույզերը, ինչպես նաև սովորում են հարգել դիմացինին, ձեռք են բերում նոր ընկերներ, լայնացնում աշխարհայացքը: Մանկապարտեզի ընտրության հարցը ծնողների համար լուրջ խնդիրներից մեկն է, որովհետև մանկապարտեզի և ընտանիքի փոխգործակցությունն է ապահովում երեխայի դաստիարակության, կրթության միասնականությունն ու անընդհատությունը:

Մեր հյուրը բավականին հրապուրիչ կին և հաճելի զրուցակից, <<Մեղուներ>> լիցենզավորված (դա շատ կարևոր փաստ է) մանկապարտեզի տնօրեն ՖԼՈՐԱ ՈՒԴՈՒՄՅԱՆՆ է, ով առաջնորդվում է մասնագիտական մոտեցմամբ, բազմավաստակ աշխատանքային փորձով և մեծ սիրով դեպի երեխաները։

-Տիկին Ուդումյան, խնդրում ենք համառոտ ներկայացնել մանկապարտեզի պատմությունը, ինչո՞ւ նրան տվեցիք <<Մեղուներ>> անվանումը:

- Մեր մանկապարտեզը գործում է 2015 թվականի հոկտեմբերի 15-ից, երբ կատարեցինք հանդիսավոր բացումը, որը լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից: <<Մեղուներ>> անվանումը որոշվեց սոցիալական ցանցերում անցկացված հարցումների արդյունքում։ Մեր հարցը հետևյալն էր. «Մարաշում բացվող մանկապարտեզին ի՞նչ անուն կարելի է տալ»: Շատ առաջարկներ եղան, և  վերջում ընտրեցինք <<Մեղուներ>> անվանումը, քանի որ մեղուներին անհրաժեշտ է մաքուր օդ, նրանք երեխաների նման չարաճճի են, աշխատասեր և բզզան: Մենք ունենք լավ աշխատանքային թիմ, առաջնորդվում ենք կրթական ծրագրերով, որոնք առաջարկել է կրթության ազգային ինստիտուտը և հաստատվել են կրթության և գիտության նախարարության կողմից: Մեզ մոտ խմբերն ըստ տարիքի են: Առաջին անգամ իմ աշխատանքային կենսագրության մեջ բացեցի մեկ տարեկանների համար մսուրային խումբ, իսկ դա նույնիսկ պետական մակարդակով համարվում է համարձակ քայլ, և մենք շատ ուրախ ենք, որ մեր առջև դրված այդ դժվար խնդիրը հաջողությամբ կարողանում ենք իրականացնել: Ծնողները գոհ են, վստահում են մեզ, իսկ դա ամենակարևոր հանգամանքն է:

Անչափ կարևորում եմ, որ ունենք շենքային և բակային շատ լավ պայմաններ` ընդարձակ դահլիճներ, խաղասենյակներ, ննջարաններ, մեծ և փոքր խոհանոցներ, մեծ ավազե հրապարակ, երեք  լողավազան` տարբեր տարիքների համար: Ունենք նաև բնական կանաչով մեծ խաղահրապարակ, քարե հրապարակներ, որտեղ անցկացվում է սպորտային միջոցառումների մի մասը, իսկ մյուս մասում՝ բնական կանաչի վրա կազմակերպվում են զանազան խաղեր։ Երեխաներն օրվա մեծ մասը լինում են դրսում՝ մաքուր օդում, անգամ ձմռանը նրանց՝ որոշ ժամանակով մաքուր օդում լինելը պարտադիր է: Անչափ կարևորում ենք ռեժիմի պահպանումը` օրը սկսելով առավոտյան ընդունելությամբ և մաքուր օդում մարմնամարզությամբ:

 - Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում աշխատակազմ ընտրելիս, չէ՞ որ գործ ունեք երեխայի զարգացման և դաստիարակության բարդ գործընթացի հետ:

- Ընտրության սկզբունքներից մեկը մասնագիտական կրթություն ունենալն է: Այժմ ևս մեկ խումբ ենք նախատեսում ավելացնել <<Մեղուններում>> և այս շրջանում փնտրում ենք այդ խմբի համար դաստիարակ, որը կհամապատասխանի <<Մեղունների>> ընտանիքին` շատ երեխասեր, համբերատար, հոգատար և բարի:

- Տիկի՛ն Ուդումյան, սովորաբար  երեխաները խուսափում են հաճախել մանկապարտեզ, ինչպե՞ս է հաղթահարվում այդ երևույթը ձեզ մոտ:

- Մենք դա կատարում ենք «թավշա» ինտեգրմամբ: <<Մեղուների>> աշխատակիցներն էլ շատ լավ գիտեն, որ երեխան պետք է ինտեգրվի մեր միջավայրին շատ փափուկ, պակաս կաշկանդվածությամբ: Այդ օրերին նոր հաճախող երեխաներին պարտադիր ռեժիմային կարգուկանոն չենք պարտադրում, միանգամից չենք տանում նոր սովորույթների, այլ մշակված ծրագրով թողնում ենք ազատ, <ինքն իր հետ խաղաղ>, հետո նոր արդեն նրան բերում ենք մեր կանոնակարգ` պարապմունքներ, զբոսանք, խաղեր….. Կախված երեխայի անհատականությունից, ինտեգրումը մեզ մոտ կարող է երկար տևողություն ունենալ: Ես չեմ ողջունում այն տեսությունը, որ, եթե երեխան չի ցանկանում պարապունքի մասնակցել, թող չմասնակցի, եթե երեխան չի ցանկանում քնել, թող չքնի: Երեխան պետք է իր տարիքին համապատասխան գիտելիքներ ստանա, նրա մոտ մշակում ենք կուլտուր-հիգիենիկ ունակություններ և այլն: Ու եթե ամեն տարիքում երեխան ստանա իր տարիքին համապատասխան գիտելիքներ, այդ դեպքում ծնողն և երեխան դպրոցի շեմին չեն կանգնի կոտրած տաշտակի առջև:

- Յուրաքանչուր երեխայի նկատմամբ ցուցաբերում եք անհատակա՞ն մոտեցում:

-Այո, մասնավոր մանկապարտեզի մեծ առավելություններից մեկն էլ հենց յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելն է։ Երկար տարիներ աշխատել եմ պետական համակարգի մանկապարտեզներում, որտեղ կան հրաշալի մասնագետներ, սակայն ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհատական մոտեցման հարցը կաղում է:  

«Մեղուներում» բոլոր երեխաները հավասար են՝ որևէ մեկից ո՛չ ավել, ո՛չ պակաս: Հենց այդպես են առաջնորդվում Սկանդինավյան երկրներում, և այդ իսկ պատճառով այնտեղ բոլորը երջանիկ են։

- Սնկի պես աճում են մասնավոր մանկապարտեզները, Դուք ինչո՞վ եք առաջնորդվում, որ ծնողը դիմի հենց  ձեր մանկապարտեզ:

- <<Մեղուների>> մեծ առավելությունից մեկն էլ սննդի անվտանգության տեսչության նորմերին համապատասխան գրագետ սննդակարգի կազմակերպումն է, որն իր մեջ ներառում է ամբողջ տարին թարմ բանջարեղեն, մրգեր, մսային և ձկնային տեսականիներ: Խիստ պահպանվում է ածխաջերի, սպիտակուցների և ճարպերի համակցությունը: Երեխաները սնվում են օրը 5 անգամ` նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք և աղանդերի ժամ: Եթե մասնավոր մանկապարտեզի տնօրենի իսկական կոչումը հենց այդ մասնագիտությունն է, եթե ինքն ու հիմնադիրը նայում են նույն ուղղությամբ, ապա նրան ոչինչ չի կարող խանգարել: Մանկապարտեզում կանոնավոր կերպով անց են կացվում ավազի, կանաչ բնական խոտի, նկարչության, մատների մանր մկանների զարգացման, ծեփագործության և էլի շատ-շատ թերապիաներ: Դրանց մեծագույն մասն անցկացվում է մաքուր օդում, որը մեր ամենամեծ առավելություններից մեկն է։  

-Որպես վերջաբան ի՞նչ կցանանայիք ավելացնել:

-Կցանկանայի, որ խաղաղ լինի մեր Երկիր մոլորակը, որ ոչ մի երեխա առանց ծնող չմեծանա, սնվելու և առողջական խնդիր չունենա։ Կցանկանայի, որ երեխաները մեծանան երջանիկ ու առանց սթրեսների, որ վերանան պատերազմները, չքավորությունը, անբուժելի հիվանդությունները:

Կանայք մոլորակի շարժիչ ուժն են, կյանքի աղբյուրը

Յուրաքանչյուր բժշկի կյանքի պատմություն միախառնված է մեծաթիվ այլ մարդկանց ճակատագրերի հետ: Բժիշկն ամեն օր տասնյակ մարդկային կյանքերի հետ է գործ ունենում, ապրում նաև նրանց ապրումներով, քաջալերում ու բուժում: Մեր զրուցակիցը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ  ՋԻԼԱՎՅԱՆՆ է, բժիշկ, ով կարողանում է իր աշխատանքը կատարել մեծ պրոֆեսիոնալությամբ, մարդ, որն իրեն դիմող հիվանդներին տալիս է հոգեկան ուժ և հավատ՝ ապրելու իրենց բաժին հասած կյանքը իմաստավորված ու բովանդակալից:

 - Պարո՛ն  Ջիլավյան, մի փոքր պատմեք  Ձեր անցած ճանապարհի մասին, մինչ օրս ի՞նչ մասնագիտական գործունեություն եք  ծավալել:

-1979թ. ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը` կարմիր դիպլոմով: 1979-1981թթ. անցել եմ կլինիկական օրդինատուրա Սանկտ Պետերբուրգում՝ ուռուցքաբանության Ն.Ն. Պետրովի անվան գիտահետազոտական ինստիտուտում` ուռուցքաբանության գինեկոլոգիա մասնագիտությամբ: 1981թ.-ից սկսած՝ արդեն  աշխատել եմ Հայաստանի Հանրապետությունում՝ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ սկզբից որպես բժիշկ, իսկ 1993թ. մինչ օրս՝ որպես օնկոգինեկոլոգիայի  բաժանմունքի ղեկավար: 1984թ. պաշտպանել եմ թեկնածուական թեզը Սանկտ Պետերբուրգում «Ձվարանների սերոզ ցիստադենոկարցինոմաների ռեցիդիվների բուժում» թեմայով, իսկ 2002թ.  Երևանում պաշտպանել եմ դոկտորական ատենախոսություն «Վերտհայմի վիրահատությունից հետո բարդությունների պրոֆիլակտիկան և բուժումը արգանգի վզիկի քաղցկեղով հիվանդների մոտ» թեմայով:

- Կխնդրենք խոսել  Ձեր  ղեկավարած բաժանմունքի մասին:

- Ասեմ, որ օնկոգինեկոլոգիայի բաժանմունքը բաղկացած է 40 մահճակալներից և միակն է Հայաստանի Հանրապետությունում, որը ստեղծված է զբաղվելու օնկոգինեկոլոգիայով: Բուժում ենք տարբեր տեսակի հիվանդություններ, այսինքն` տարբեր լոկալիզացիայի՝  արգանդի վզիկի չարորակ ուռուցքի,  արգանդի մարմնի, ձվարանների, արտաքին սեռական օրգանների: Բուժվում են նաև բարորակ և սահմանային ուռուցքներով հիվանդներ, այսինքն` բոլոր տիպի ուռուցքները: Մեզ մոտ կատարվում են բոլոր տեսակի վիրահատություններ, որոնք ընդունված են Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Մեր կենտրոնում ունենք նաև օնկոգինեկոլոգիական ճառագայթային բաժին և երկու քիմոթերապայի բաժանմունք: Ուստի այս բաժանմունքների առկայության դեպքում հիվանդները մեզ մոտ ստանում են կոմպլեքս բուժում, և դա միակն է մեր հանրապետությունում, որտեղ հիվանդը հնարավորություն ունի  առանց հիվանդանոցը փոխելու ստանալ միաժամանակ այդ կոմպելքս բուժումը: Իհարկե, չեմ ցանկանում գովազդել մեզ՝ ասելով, թե մի՛ գնացեք Գերմանիա բուժման նպատակով, եկեք մեզ մոտ, բայց հավատացեք՝ այն, ինչ կատարվում է ուրիշ երկրներում, նույն մակարդակով կատարվում է նաև մեզ մոտ: Արդյունքները բավականին դրական են: Մեր կողմից կատարվել է վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ մեր բուժման արդյունավետությունը գրեթե չի զիջում միջազգային չափորոշիչներին:

- Ձեզ հիմնականում ո՞ր հիվանդությունների դեպքում են ավելի շատ դիմում։

- Հիմնականում դիմում են երեք օնկոլոգիական պաթոլոգիաների դեպքում՝ արգանդի վզիկի, արգանդի մարմնի և ձվարանի քաղցկեղի: Ցավոք սրտի, արգանդի վզիկի և ձվարանի քաղցկեղի ժամանակ դիմում են, երբ արդեն բավականին քիչ է լինում օգնելու հավանականությունը, երբ հիվանդությունն արդեն բավականին ուշացած փուլում է: Այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարևորում կանանց՝ ժամանակին դիմելիությունը և հիվանդության վաղ փուլում ախտորոշումը:

- Պարոն Ջիլավյան,  բժշկին դիմելու կուլտուրան զարգացա՞ծ է մեր տարածաշրջանում։

- Ասեմ, որ բավականին դրական փոփոխություններ կան այդ առումով, եթե համեմատում ենք 5 տարի առաջվա հետ: Այժմ կանայք և աղջիկները սկսել են իրենց առողջությանը ավելի շատ հետևել: Բայց, ամեն դեպքում, հիմնականում դիմում են Երևանի և մեծ քաղաքների կանայք, իսկ փոքր քաղաքներում, գյուղերում ապրող կանայք շատ քիչ են դիմում, իսկ դա նշանակում է, որ բժշկին դիմելու կուլտուրան դեռ բարձր չէ շատերի մոտ: Դիմում են այն ժամանակ, երբ, ժողովրդի լեզվով ասած, դանակը հասնում է ոսկորին: Մեր նպատակը և գերխնդիրն է այդ շրջաններում կանանց մեջ այդ կուլտուրան զարգացնելն է,  որպեսզի առաջնահերթ նրանք իրենց առողջությանը հետևեն:

- Արդյոք կարողանո՞ւմ եք  զուգահեռ  ձեր աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

-Այո: Ամեն տարի տարբեր երկրներում մասնակցում ենք գիտաժողովների, օրինակ, Ռուսաստանում, Ֆրանսիայում, իսկ այս տարի նոյեմբեր ամսին գնալու ենք Ավստրիա: Հիմա ավելի շատ վերապատրաստվում ենք էդոսկոպիկ վիրաբուժության մեջ. իմ բժիշկը վերապարտրաստվել է Հունաստանում, իսկ ես 2-3 անգամ՝ Ֆրանսիայում: Աշխատում ենք ետ չմնալ բժշկության բնագավառի նորարարությունների հոսքից:

-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մեր կանանց և աղջիկներին:

- Կանանց կմաղթեմ առողջություն, հաջողություններ կյանքում: Թող սիրեն և սիրված լինեն: Մեր կանայք մեզ շատ-շատ պետք են, թող ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, և բոլորս պիտի միշտ գիտակցենք, որ կանայք մեր մոլորակի շարժիչ ուժն են, կյանքի աղբյուրը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր