Lusine

Lusine

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության խոշոր բուհերից մեկն է և ագրարային բնագավառի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը: Հայաստանում ագրարային բարձրագույն կրթության հիմքերը դրվել են 1921թ, երբ ԵՊՀ-ում բացվեց գյուղատնտեսական ֆակուլտետ:

Հետագայում, 1930թ. գյուղատնտեսական ֆակուլտետի հիմքի վրա ձևավորվեց Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: Մեկ տարի անց, 1931թ., բացվեց նաև Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:

1994թ., ՀՀ կառավարության որոշմամբ, Երևանի գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը 2005թ. վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան, իսկ 2012թ.-ին` Հայաստանի ազգային ագրարային համալսարան:

Ագրարային համալսարանը, լինելով գյուղատնտեսական ոլորտի միակ պետական բուհը հանրապետությունում, բարձրագույն կրթությամբ կադրեր է պատրաստում 37 մասնագիտություններով` ուսուցման եռաստիճան համակարգով, ինչը հնարավորություն է տալիս ինտեգրվելու միջազգային կրթական համակարգին:

Ագրարային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից են նաև գյուղատնտեսական քոլեջը, վարժարանը և Շուշիի, Վանաձորի, Սիսիանի մասնաճյուղերը:

ՀԱԱՀ-ի համար կարևոր նշանակություն ունի նաև Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը  (ԱՈՒԿ), որը ստեղծվել է 2000թ.-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ԱՄՆ Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի գործակցությամբ և ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ: Կենտրոնն առաջարկում  է Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում ագրոբիզնեսի ոլորտի երկաստիճան կրթություն` երկրի ագրոպարենային համակարգում և հարակից հատվածներում կայուն ձեռներեցության զարգացման նպատակով: ԱՈՒԿ-ը պատրաստում է տնտեսագիտական, շուկայագիտական և կառավարման լայն մտահորիզոն ունեցող ագրոբիզնեսի և առհասարակ բիզնեսի մասնագետներ` անգլերենի գերազանց իմացությամբ և արդիական հաղորդակցական հմտություններով: Ամեն տարի ԱՈւԿ-ի բակալավրիատ է ընդունվում մոտ 30 ուսանող, այդ թվում` 6-8-ը` Վրաստանի Հանրապետությունից: Ուսուցման լեզուն անգլերենն է, դասախոսները` ԱՄՆ և եվրոպական համալսարաններում գիտական աստիճաններ ստացած հայ և ամերիկացի մասնագետներ:

2010թ.-ին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների ֆինանսական աջակցությամբ ԱՈՒԿ-ում բացվեց Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB):  Երկամյա ծրագիրը ամերիկացի գործընկերներիհետ համատեղ մշակվել է Տեխասի A&M համալսարանի համապատասխան ուսումնական պլանի հիման վրա: Այն տարածաշրջանում  անգլերեն լեզվով միակ մասնագիտացված մագիստրոսական ծրագիրն է ագրոբիզնեսի տնտեսագիտության ոլորտում: Մագիստրոսական ծրագիրը պատրաստում է գործարար և տնտեսական վերլուծության ոլորտի բարձր որակավորում ունեցող, քանակական մեթոդներին տիրապետող մասնագետներ, ովքեր ի վիճակի են առաջնորդություն ստանձնել ագրոբիզնեսի տնտեսագիտության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման, կառավարչական որոշումների կայացման գործում: Մագիստրոսական ծրագիրը տրամադրում է ՀԱԱՀ մագիստրոսի` միջազգային չափորոշիչներին համարժեք աստիճան, ինչպես նաև Տեխասի A&M համալսարանի համապատասխան հավաստագիր: Սովորելու տարիներին ուսանողներն ակտիվորեն մասնակցում են տեղական և միջազգային գործընկերներիհետ Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի իրականացրած հետազոտական աշխատանքներին:

Կենտրոնի բազմաթիվ շրջանավարտներ կրթությունը շարունակում են ԱՄՆ և եվրոպական առաջատար համալսարանների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

ԱՈւԿ-ն առաջարկում է եզակի կրթական միջավայր, որտեղ արժևորվում են կարողությունը, ստեղծագործական մոտեցումնու սեփական երկրին օգտակար լինելու զգացողությունը: Համակարգչային լաբորատորիան, տեսակոնֆերանսի սրահը, լսարաններն ու այլ բաժինները հագեցած են ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով:

ՀԱԱՀ-ն ակտիվորեն մասնակցում է ուսանողների փոխանակման և արտերկրում ուսումնառության ծրագրերին, մասնավորապես` օգտագործելով ԱՈւԿ-ի ուսումնագործնական հարուստ բազան: Այդ ծրագրերը ներառում են եվրոպական Էրասմուս Մունդուս ծրագրի միջոցով Հայաստանի և եվրոպական երկրներիմիջև ուսանողների փոխանակումները, ինչպես նաև ԱՄՆ-ից, Հունաստանից, Սլովենիայից, Պորտուգալիայից և այլ երկրներից եկած ուսանողների ուսումնառության կազմակերպումը ՀԱԱՀ-ում և ԱՈւԿ-ում, ինչպես նաև ՀԱԱՀ-ի և ԱՈւԿ-ի միջոցով ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպումը ՀՀ ագրոբիզնեսի ոլորտիընկերություններում, գյուղատնտեսական և ագրոբիզնեսի միջազգային առաքելություններում:

ՀԱԱՀ-ն համագործակցում է մի շարք եվրոպական, ամերիկյան բուհերի, միջազգային կազմակերպությունների հետ և ընդգրկված է մի շարք կոնսորցիումներում և միջազգային կրթագիտական փոխանակման ծրագրերում: Ներկայումս համալսարանը մի շարք երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների հետունի 45 գործող կրթագիտական պայմանագրեր: Համալսարանը,  ուղղակի կապերից բացի,  տարբեր կոնսորցիումների և ցանցերի շրջանակներում որպես անդամ կամ գործընկեր/համագործակից համալսարան համագործակցում է 300-ից ավելի կազմակերպությունների հետ: Դրանց շարքում են ԱՊՀ առաջավոր ագրարային ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդը, Աշխարհի  250 ագրարային առաջատար համալսարանների ասոցիացիան, Կենտրոնական Ասիայում և Հարավկովկասում գյուղատնտեսական հետազոտությունների զարգացմանը միտված ագրարային համալսարանների կոնսորցիումը, ERASMUS-MUNDUS կոնսորցիումը, TIRI– Հանրային ինտեգրման կրթական ցանցը,  կոնսորցիումներTEMPUS ծրագերի շրջանակներում և այլն:

2008թ-ից ՀԱԱՀ-ի, Կասսելի համալսարանի,<> հիմնադրամի և <> (Գերմանիա) ընկերության միջև կնքված քառակողմ ռազմավարական համագործակցության պայմանագրի համաձայն` կողմերը մեթոդական և ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀԱԱՀ-ի <> ուսումնափորձնական տնտեսությունում կաթի վերամշակման արտադրամաս կառուցելու, առաջավոր տեխնոլոգիաներ ներդնելու, համակարգված ուսումնասիրություններ կազմակերպելու և այդ ամենը գիտակրթական նպատակներով օգտագործելու համար:

Բոլոնիայի գործընթացին համահունչ` բարձրագույն կրթության Եվրոպական տարածքին ինտերգրվելու քաղաքականությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար շարունակում է մնալ միջազգային համագործակցությանը խթանող հիմնական գործընթացներից մեկը: Համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի միացումը Եվրոպական ընդհանուր չափանիշներին կհանգեցնի ագրարային համալսարանի միջազգային մրցունակության ու գրավչության բարձրացմանը և միաժամանակ կխթանի տարածաշրջանի երկրներից դեպի համալսարան արտասահմանյան ուսանողների ներհոսքին:

Բոլոնիայի գործընթացներին ինտեգրումը համալսարանին հնարավորություն է ընձեռում բարեփոխելու, վերակառուցելու և արդիականացնելու իր կրթական համակարգը` որակի ապահովման Եվրոպական չափանիշներին համապատասխան  և այն ներդաշնակ ու համադրելի դարձնելու Եվրոպական կրթական համակարգին:

Կրթական բարեփոխումների անհրաժեշտությունը թելադրված է երկու հիմնական գործոններով` որակյալ կրթություն ապահովելու և Եվրոպական բարձրագույն կրթականտարածքում  (ԵԲԿՏ) ուսանողների կրթական արդյունքների արժևորման, պաշտոնական ճանաչման  և բուհից բուհ նրանց շարժունությունը դյուրացնելու նպատակով` ակադեմիական կերդիտների կուտակման ու փոխանցման Եվրոպական համակարգի հիմնումով:

Վերջին տարիներին համալսարանում իրականացվող կրթական, գիտական ու խորհրդատվական գործընթացները, կրեդիտային համակարգով կրթության կազմակերպումը և որակի ապահովման ներհամալսարանական համակարգի ներդրումը կատարվում են ՀՀ կառավարության, ԿԳՆ նախարարության որոշումներինուհանձնարարակններին համապատասխան և համահունչ են Բոլոնիային հռչակագրի ու ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի դրույթներին և բավարարում են ՀՀ Որակավորումների ազգային շրջանակների պահանջներին:

Բոլոնիայի հռչակագրի դրույթներին և պահանջներին համապատասխան՝կրեդիտային համակարգով կրթությունը կազմակերպելու և եվրոպական կրթական համակարգ ինինտեգրվելու նպատակով 2008թ. սեպտեմբերի 1-ից համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսումնական գործընթացում ներդրվում է ECTS կրեդիտների սկզբունքը:

Ապագայում մեր բուհը հավակնում է դառնալ արևմտյան տիպի լիարժեք գիտահետազոտական կենտրոն: Այս ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է. կառավարության որոշման համաձայն` ոլորտիխոշոր գիտահետազոտական կենտրոններ  ընդգրկվել են ՀԱԱՀ-ի կազմում:

 

 

 

 

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 75ամյա պատմությունը սկիզբ է առել 1935 թվականի փետրվարի 4-ին: Այդ օրը Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը որոշում է կայացնում փետրվարի 15-ից Երևանում հիմնել երկամյա մանկավարժական ինստիտուտ` ռուսաց լեզվի ուսուցիչներ պատրաստելու նպատակով: Առաջին տնօրեն է նշանակվում Մ. Շեուկովան:

Հինգ տարի անց` 1940 թվականին որոշվում է վերակազմել երկամյա ինստիտուտը և այն վերածել Պետական Մանկավարժական Ինստիտուտի:

 1941թ. փետրվարին դպրոցներն օտար լեզվի մասնագետներով ապահովելու նպատակով ինստիտուտում բացվում է օտար լեզուների (գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն) երկամյա կուրսեր:1962թ. մարտի 2-ին ինստիտուտը անվանվում է «Վ. Բրյուսովի անվան ռուսական և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ» :

1995թ. մարտի 17-ին ինստիտուտը վերանվանվում է`   «Հայաստանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան» իսկ 5 տարի անց , 2000թ. ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»:

Իր գործունեության ընթացքում համալսարանը պատրաստել է շուրջ 25000 մասնագետ` ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի,իտալերենի, իսպաներենի ,քաղաքագիտության, երկրագիտության, միջազգային տուրիզմի, միջազգային լրագրության և այլ մասնագիտությունների գծով:

Ներկայումս ԵՊԼՀ-ում մասնագիտանում է շուրջ 4 հազար ուսանող: Բուհի ավելի քան 389 դասախոսներից 15-ը գիտությունների դոկտորներ են, 15-ը` պրոֆեսորներ, 160-ը գիտությունների թեկնածուներ և 93-ը դոցենտներ:

Հիմնադրման տարի 1935

 
Ռեկտոր՝ Գայանե Գասպարյան

Յուրաքանչյուր պետության կրթական և մշակութային կարևոր ձեռնարկումներից մեկը միշտ էլ եղել է համալսարանի հիմնադրումը: Այս առումով բացառություն չէր նաև Հայաստանի առաջին Հանրապետությունը:

1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:       

Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:  

Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում:

Կառավարության 1923 թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:   

Հատկապես 1960 - 1990-ական թվականները համալսարանի համար դարձան աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն, զգալիորեն աշխուժացավ հրատարակչական գործը:

1991 թվականին Երևանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով:          

1994 թ-ին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը: Մասնաճյուղն ունի 4 ֆակուլտետ, որտեղ սովորում են շուրջ 1700 ուսանողներ:       

Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 207-ը պրոֆեսորներ են, 581-ը` դոցենտներ, 375-ը` ասիստենտներ, 453-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 15 ակադեմիկոսներ և 19 թղթակից անդամներ: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով:           

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:   

Հիմնադրման տարի 1919
 
Ռեկտոր-Արամ Հրաչիկի Սիմոնյան
 
 

Հայ խոշորագույն գրող Դ. Դեմիրճյանի անունը կրող թիվ 27 դպրոցը հիմնադրվել է 1941-42 ուստարում   Մ. Աբեղյանի անվ. թիվ 3 դպրոցի շենքում: Մեծ գրողի անունով կոչվել է 1944-45 ուստարվանից: Դպրոցն ունեցել է մի քանի տնօրեններ, որոնց տնօրինության ընթացքում արձանագրվել են բազմաթիվ ուսումնական հաջողություններ և ձևավորվել են մի շարք ավանդույթներ: 2002 թ.-ից դպրոցում իրականացվում է ներառական ծրագրով ուսուցում, որը բավականին հաջողությունների է հասել և ներկայումս էլ գործում է: Վարդապետի երդման և տոնական քայլերգերի ներքո բոլոր աշակերտները նշում են անկախության տոնը: Տոնին մասնակցում են ծնողներ, հյուրեր: Դպրոցում ձևավորված ավանդույթներից են նաև ազգային տոների արձագանք միջոցառումները` «Զատկի տոնը», որտեղ ամենամյա ցուցահանդեսներով իրենց աշխատանքներն են ներկայացնում դպրոցում գործող գոբելենի, խոհարարության, նկարչության անվճար խմբակները:
Գարնանային տոներին տարեկան հաշվետու համերգով են արձագանքում անվճար երգչախմբի սաները: Վոլեյբոլի և շախմատի մրցաշարերը նույնպես անցկացվում են դպրոցի շրջանակներում: Տարրական դպրոցում գործում է «Մեսրոպական» կազմակերպությունը, որն ունի օրհներգ, երդման խոսքեր և կրծքանշան: Լավագույն մեսրոպականները տարրական դպրոցն ավարտելիս ստանում են պատվոգրեր: Ինտելեկտուալ խաղ-մրցույթներից կարևոր նշանակություն ունի «Պատմության և աշխարհագրության դաշտ», «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» և առարկայական հայոց լեզու, մաթեմատիկա մրցույթները, իսկ 2011թ.ի մարտին դպրոցը մասնակցել է «Հայ ասպետ» խաղին: Ծնողական համայնքի աջակցությամբ դպրոցը կատարում է բարեգործական ակցիաներ, օգնում է անապահով ընտանիքներին, կատարում է այցելություններ մանկատներ (ներկայացնում է տարբեր միջոցառումներ), ծերանոցներ: Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդման տարբեր ծրագրերից է ուխտագնացությունները տարբեր եկեղեցիներ, ինչպես նաև ավանդական դարձած շրջանավարտների օրհնության արարողությունը «Սուրբ Սարգիս» եկեղեցում: Դպրոցում ուսուցանվում են ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն օտար լեզուները: Դպրոցն աշխատում է միահերթ աշխատանքային ռեժիմով, ունենք երկարօրյա խումբ, որտեղ երեխաները հանգստանում են, պատրաստում դասերը, դիտում ֆիլմեր, մուլտեր: Դպրոցն ունի 2 մարզադահլիճ, որոնք հագեցած են անհրաժեշտ մարզականգույքով: Դպրոցում ունենք համակարգչային սենյակ, հագեցած նոր համակարգիչներով, էլեկտրոնային գրատախտակով և պրոյեկտորով: Դպրոցի մի շարք դասարաններում նույնպես ունենք էլեկտրոնային գրատախտակներ, որոնց օգնությամբ դասերը դառնում են ավելի հետաքրքիր և հագեցած:

 

 

Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը հիմնադրվել է 1943 թվականին և գտնվել է Կոնդ թաղամասի տարածքում: 1953 թվականին այն տեղակայվել է Երևանի սրտում՝ Մաշտոցի 5/2 հասցեում, թամանյանական ոճով կառուցված շենքում:

Սկզբնական շրջանում դպրոցը եղել է ռուսական միջնակարգ դպրոց, 2010 թվականից դպրոցը ստացել է նոր կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց:

2011 թվականից դպրոցի տնօրենն է ՀՀ վաստակավոր մանկավարժ, Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ Էլեոնորա Թումանյանը, ով մարդկային հարաբերությունների մեծ գիտակ է, արժևորում է  բարոյահոգեբանական մթնոլորտը, մեծ  ուշադրություն  է դարձնում աշակերտների հոգեկերտությանն ու ապագա քաղաքացու կայացմանը, ակտիվորեն համագործակցում է ծնողական հասարակայնության և համայնքի հետ` ապահովելով վերջիններիս տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը արտադպրոցական նախաձեռնություններում:

2014 թվականին ուկրաինացի մեծանուն գրող, նկարիչ Տարաս Շևչենկոյի ծննդյան 200 ամյակին ընդառաջ դպրոցում հիմնադրվել է նրա անունը կրող դահլիճ- թանգարան:

Դպրոցը տվել է բազում անվանի շրջանավարտներ. նրա առաջին շրջանավարտներից է եղել երգչուհի Լուսինե Զաքարյանը, Թուրքմենիստանի դեսպան Վլադիմիր Բադալյանը, ՀՀ նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության թղթակից Տիգրան Լիլոյանը և այլոք:

Դպրոցն այսօր էլ իր հյուրընկալ դռներն է բացում նոր աշակերտների առաջ, ովքեր իրենց ժամանակին կհամալրեն դպրոցի անվանի շրջանավարտների շարքերը:

Դպրոցում մեծ տեղ է հատկացվում ժողովրդավարական սկզբունքներին, պահպանվում է ուսուցիչ-աշակերտ-ծնող եռակողմ համագործակցային մթնոլորտը, որի վառ ապացույցն է դպրոցում ավանդույթ դարձած տարեվերջյան հանդիսավոր եռակողմ նիստը,որի ժամանակ ֆիլմաշարի միջոցով ամփոփվում են ուստարվա ընթացքում կատարված դպրոցական և արտադպրոցական միջոցառումներն ու կատարված ուսումնադաստիարակչական աշխատանքները, որի ժամանակ հաջողություններ գրանցած  և տարբեր նախաձեռնություններում  ակտիվություն ցուցաբերած ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները պարգևատրվում են տնօրենի կողմից:

Դպրոցում մեծ տեղ է հատկացվում ռազմահայրենասիրական դաստիարակությանն ու հայեցի մտածողության զարգացմանը: Խրախուսվում են հայրենասիրական միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, որոնք միտված են հայրենասիրական ոգու բարձրացմանը, հայրենիք-դպրոց-բանակ հարաբերությունների ամրապնդմանը, հայոց պատմության էջերում տեղ գտած հերոսական անցյալի իմացությանն ու մեր օրերի «Հայրենիքի նվիրյալների» բացահայտմանը:

Ավանդույթ են դարձել ամենամյա հանդիպումները երկրապահների, զինվորականների, արցախյան ազատամարտի հերոսների և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ: Դպրոցում գործում է Պատանի երկրապահների ակումբ:

Դպրոցում մեծ կարևորություն է տրվել Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը. երթ դեպի Ծիծեռնակաբերդ, մասնակցություն «Պատվո պահակ» նախաձեռնությանը` ոգեկոչելու Ցեղասպանության զոհերի հիշատակը, պատմագրական կոմպոզիցիաներ: Դպրոցում նաև ստեղծվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված սրահ-թանգարան, որտեղ տեղ են գտել     ոչ միայն պատմական, փաստագրական տվյալներ, այլև ստեղծագործություններ, որոնք երեխայի ստեղծագործական մտքի արգասիք են, նրա զգացմունքների ու երևակայության մարմնավորում:

Դպրոցում մեծ տեղ են հատկացվում նաև արտաքին համագործակ-ցություններին:  Արդեն երեք տարի է դպրոցն ակտիվորեն համագործակցում է Հայաստանում «Россотрудничество» Դաշնային գործակալության հետ, որի արդյունքում դպրոցում հաճախակի կազմակերպվում են «Վարպետաց դասեր» և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների համար, որոնք անցկացվում են ռուսական հայտնի բուհերի լավագույն դասախոսների կողմից, ինչպես նաև կազմակերպվում են գրական- երաժշտական միջոցառումներ:

Դպրոցը սերտորեն  համագործակցում է Հայաստանում ուկրաինական դեսպանատան հետ, որի արդյունքում ձևավորվել են բարեկամական հարաբերություններ Ուկրաինայի նշանավոր բուհերի ու դպրոցների հետ:

 
Հիմնադրման տարի 1943թ.
 

Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 դպրոցը հիմնադրվել 1970թ: Այն հայկական հիմնական դպրոց է` ռուսերենի խորացված ուսուցմամբ, երկրորդ օտար լեզուն անգլերենն է: 2000թ.-ին դպրոցն անվանակոչվել է նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսեի անունով: 2003թ.-ից մինչ օրս  դպրոցն իրականացնում է ներառական կրթություն, իսկ 2004-ից ԿԳ նախարարի հրամանով ճանաչվել է ներառական կրթություն իրականացնող փորձարարական դպրոց և վերապատրաստման կենտրոն: 2004թ.-ին ԿԳՆ–ի կողմից դպրոցը ճանաչվել է ուսուցիչների վերապատրաստման կենտրոն  Նոր Նորք, Ավան-Առինջ համայնքների դպրոցների ուսուցիչների համար:       

 2015 թ-ին դպրոցը վարկանիշավորվել էտեղեկատվական-վերլուծական ընկերության  կողմից  և զբաղեցրել է առաջին տեղը:

  2015-թ-ին դպրոցը մասնակցել է հեռուստախաղի երևանյան մրցաշարին և գրավել է  առաջին տեղը: Որպես հաղթող թիմի համար նախատեսված մրցանակ՝ աշակերտները մեկնել են  Արևմտյան Հայաստանի Անի և Կարս մայրաքաղաքները, ինչպես նաև բարձրացել են Արագած լեռան գագաթը:

Դպրոցը լիովին վերանորոգված է և աշակերտների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Դասարանները հագեցած են աշակերտական գույքով, ուսումնաօժանդակ, ուսումնամեթոդական նյութերով և դիդակտիկ պարագաներով: Առկա են անվճար երկարօրյա 2 խմբեր:

 Դպրոցում տեղադրված են թեքահարթակներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար: Դպրոցն ունի սպորտդահլիճ, որն ունի  վերանորոգման կարիք, և բաց սպորտահրապարակներ, Նանսենի անվան սրահ, համակարգչային երկու դասասենյակներ,  որտեղ առկա են էլեկտրոնային գրատախտակներ, ընթերցասրահ-գրադարան՝  հագեցած  անհրաժեշտ գրականությամբ :

Դպրոցում աշխատում են բարձրակարգ  մասնագետներ, որոնք ամեն տարի մասնակցում են տեսչության կողմից կազմակերպած ստուգումներին: Դպրոցի չորս ուսուցիչներ ունեն բարձր որակավորման տարակարգ, որոնք իրականացնում են վերապատրաստող ուսուցչի գործունեություն:

Դպրոցը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ: Համագործակցում էկազմակերպության կողմից կազմակերպած ծրագրին, կազմակերպությունների,  իրավաբանական անձանց միությանի հետ:  Իրականացնում է  ծրագիր  Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ, որը վերաբերում է անձի՝ մասնավորապես աշակերտի  հոգեբանանական պաշտպանվածության բարձրացմանը, սթրեսային իրավիճակների կանխարգելմանը: Ինչպես նաև շարունակվում են մեր ծրագրերը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի հետ: Ակտիվ համագործակցում է «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնի հետ:

 Դպրոցում կազմակերպվում են բազմաթիվ և բազմաբովանդակ միջոցառումներ, բաց դասեր, քննարկումներ` նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Դպրոցն ունի շատ գեղեցիկ ավանդույթ` ուստարին ավարտել երգի փառատոնով` բոլոր դասարանների մասնակցությամբ:   Տնօրենության կողմից ամփոփվում է տարվա ընթացքում կատարված աշխատանքները և պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվում լավագույն աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին:   

 

 

«Միջազգային Կրթական Խորհուրդ»-ը 2007 թվականից ՀՀ ում գործող կրթական տեղեկատվական ցանց է, որի միջոցով կարելի է կապ  հաստատել աշխարհի ցանկացած երկրում գոյություն ունեցող կրթական կազմակերպությունների հետ` այնտեղ սովորելու, ուսումը շարունակելու, վերապատրաստվելու նպատակով: «Միջազգային Կրթական Խորհուրդ»ը նաև տեղեկատվական ցանց է նրանց համար, ովքեր նպատակ ունեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքային պրակտիկա անցնել որևէ երկրում: «Միջազգային Կրթական Խորհուրդ»ի միջոցով կարելի է ծանոթանալ այնպիսի ծրագրերի, ինչպիսք են`

.Կարճաժամկետ գարնանային/ամառային/աշնանային/ձմեռային ճամբարներ 

Երկու շաբաթից մինչև ութ շաբաթ տևողության այս ճամբարները կազմակերպվում են 8-12, 12-15, 15-17, 17+ և 50+տարիքային անձանց համար:  

. Կարճաժամկետ/երկարաժամկետ լեզվի ծրագրեր բոլոր երկրներում 

Յուրաքանչյուր ոք ցանկություն ունենալով սովորել/ բարելավել ցանկացած օտար լեզու արտասահմանում (անգլերեն-Անգլիայում, իտալերեն-Իտալիայում և այլն) կարող է 2-52 շաբաթ

տևողության դասերի հաճախել իր ցանկացած երկրում գտնվող իր ցանկացած ուսումնական
հաստատությունում:

.Կարճաժամկետ/երկարաժամկետ մասնագիտական ծրագրեր

Այս ծրագրերը ավելի հայտնի են որպես սերտիֆիկացման կուրսեր անվանմամբ, որոնք նախատեսված են այն անձանց համար ովքեր ցանկություն ունեն կարճ ժամանակահատվածում ուսումնասիրելու կամ կատարելագործվելու այն մասնագիտությամբ, որով իրենք ցանկանում են զբաղվել կամ արդեն զբաղվում են: Այս ծրագրերը ըստ կրթական հաստատության ծրագրերի կարող են տևել 2 ամսից մինչև 2 տարի, իսկ ավարտելիս ավարտողին տրվում է վկայական:

.Բակալավր

Միջնակարգ կրթությունը ավարտելուց հետո յուրաքնչյուր ոք իրավունք ունի դիմելու  իր ցանկացած կրթական հաստատությանը իր ցանկացած մասնագիտությամբ բակալավրի

որակավորման դասընթացների: Բակալավրի աստիճանի կրթությունը ըստ   մասնագիտությունների և ըստ երկրների կրթական ծրագրերի սովորաբար տևում են 3-7 տարի:

. Մագիստրատուրա

Բակալավրի աստիճանի կրթությունը ավարտելուց հետո սովորաբար կարիք է առաջանում ձեռք բերել մագիստրոսի աստիճանի կրթություն, որը ըստ երկրի կրթական համակարգի կարող է տևել 1-3 տարի:

. Ասպիրանտուրա

Ասպիրանտուրա-PHD, այս աստիճանի կրթական ծրագրին մասնակցելու համար դիմորդը պետք է  ունենա Մագիստրոսի աստիճանի կրթություն, իսկ կրթության ընթացքում ասպիրանտը զբաղվում է կոնկրետ գիտական աշխատանքով, որը հաջողությամբ ավարտին հասցնելով` ձեռք է բերում գիտական աստիճան:

. Աշխատայքային պրակտիկա

Գրեթե ցանկացած ոլորտում մասնագիտական կրթությանը զուգահեռ առանձնահատուկ նշանակություն է տրվում տվյալ ոլորտում պրակտիկ աշխատանքների կատարմանը: Տվյալ աշխատանքները հիմնկանում չեն վճարվում գործատուների կողմից, և որոշակի դեպքերում էլ ուսանողն է վճարում համապատասխան աշխատանքային փորձ ձեռք բերելու համար:

Խորհուրդը անմիջական կապի մեջ է գտնվում աշխարհի գրեթե բոլոր կրթական կազմակերպությունների հետ և նրանց մեծ մասի ներկայացուցչական մասն է կազմում ՀՀ-ում: Խորհրդի աշխատանքային հիմնական ոլորտներն են`

.  Կապ միջազգային կրթական կազմակերպությունների հետ

«Միջազգային Կրթական Խորհուրդ»ը մշտապես մասնակցում է միջազգային ասպարեզներում կազմակերպվող կրթական կազմակերպությունների հավաք/սեմինար/ժողովներին, որտեղ հիմնականում մասնակիցներն են լինում աշխարհի գրեթե բոլոր կրթական կազմակերպությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները: Նմանատիպ հանդիպումների ընթացքում ներկայացվում են կրթության հետ կապված նորարարությունները, խնդիրները, ուսանողների կողմից պահանջարկ ներկայացնող կրթական ծրագրերը, գալիք կրթական միջոցառումները և այլն:

.  Կրթական ծրագրերի տեղեկատվություն

Վերոհիշյալ միջոցառումների շրջանակներում «Միջազգային Կրթական Խորհուրդ»-ը պարբերաբար կազմակերպում է տարբեր բնույթների հանդիպում/սեմինար/ժողովներ ուսանողների շրջանում, որտեղ ներկայացվում են այն գործող և գալիք կրթական ծրագրերը, որոնց միջոցով կարելի է բարձրացնել սեփական կրթական աստիճանը կամ գտնել համապատասխան մասնագիտական աշխատանք:

.  Կրթաթոշակային ֆոնդերի լուսաբանում

Աշխարհում գործող հազարավոր կրթաթոշակային ծրագրերը նախատեսված են օգնելու որոշակի առանձնահատկություններ ունեցող ուսանողներին`իրականացնելու նրանց կրթական ցանկու­­թյունները, իսկ «Միջազգային Կրթական Խորհուրդը» օգնում է ուսանողներին`տեղեկացված լինելու նմանատիպ ֆոնդերի մասին:

.  Ծրագրերի մասնակցության փաստաթղթային ձեակերպումներ

Ցանկացած երկրում կրթական ծրագիր ընտրելուց հետո ծրագրի,  ինչպես նաև վիզաների փաստաթղթային ձևակերպման աջակցության կարիք է առաջանում: Այս խնդիրները լուծելու համար «Միջազգային Կրթական Խորհուրդ»-ը ունի իր հատուկ աշխատակազմը, որը զբաղվում է տվյալ աշխատանքներով:

 

 

1994թ. աշնանը` Հայաստանի համար ծանրագույն նյութական և հոգևոր տարիներին, Երևան քաղաքում ստեղծվեց մանկապատանեկան մի կենտրոն, որը տարիներ անց ստացավ «Ծիլ Բուսաց» անվանումը: Ստեղծման օրվանից մինչ այսօր կենտրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է երաժշտագետ, դաշնակահարուհի, արտ-թերապիայի մասնագետ Արմենուհի Մարտիրոսյանը: Այդ պահին հիմնական նպատակն էր դիմակայել կյանքի ճնշումներին, մեծացնել ներդաշնակ, դժվարությունների առաջ չնահանջող բարոյական անհատների:
Տարիներն անցան, Հայաստանը բարգավաճեց, բայց երեխաների առջև ծառացած խնդիրները մնացին: Եվ ավելին, պարզ դարձավ, որ դա միայն Հայաստանի խնդիրը չէ: Այսօր մանուկ հասակից երեխան ենթարկվում է արտաքին աշխարհի այնպիսի «հարձակման» (հեռուստացույց, համակարգիչ, ծնողների ոչ հավասարակշռված վիճակ, խիստ զբաղվածություն և այլն), որ խիստ կարիք է զգացվում երեխայի ներքին աշխարհը ներդաշնակության բերել այդ ճնշումներին դիմակայելու համար: Աշխատանքը կենտրոնում շարունակվեց իննովացիոն մեթոդներով` ատանալով մի փոքր այլ բնույթ և հիմք դառնալով Ա. Մարտիրոսյանի նորածին, յուրօրինակ մեթոդի համար: Այսօր այն (մեթոդը) կարելի է ասել՝ աշխատում է տարբեր տարիքի համար, ինչպես նաև տարբեր խնդիրներ ունեցող երեխաների (հիպերակտիվ, աուտիկ) և մեծահասակների համար (մեթոդը փորձարկվել է նաև Սևանի հոգեբուժարանին կից ռեաբիլիտացիոն կենտրոնում):
15 տարի անց առաջացավ նոր մտահղացում ` ստեղծել մասնաճյուղ ոչ քաղաքային պայմաններում, որի համար նպատակահարմար գտնվեց Լոռվա մարզի Դսեղ գյուղը` հայ անվանի բանաստեղծ Թումանյանի ծննդավայրը, որն աչքի է ընկնում իր առանձնահատուկ բնությամբ:

Կենտրոնի մասնաճյուղը ենթադրում է բազմաֆունկցիոնալ գործունեություն.

1.1 Հնարավորություն ստեղծել կենտրոնի երեխաների համար ամառային ամիսներն անցկացնել բնության գրկում, աշխատել հողի հետ, ինչպես նաև հմտանալ մասնաճյուղում կառուցված տարբեր փոքր արհեստանոցներում` կավագործության, փայտամշակման, գորգագործության և այլ բնագավառներում:
1.2 Նպատակ ունենք նաև, վերապատրաստելով տեղի համապատասխան մասնագետներին, ստեղծել որոշակի աշխատակազմ, ինչը հնարավոր կդարձնի իրականացնել «Ծիլ Բուսաց» կենտրոնի գործունեությունը Լոռվա երեխաների համար կլոր տարի:

Հայտնի է, որ այսօր աշխարհում կարևորագույն խնդիրներից է երեխաների դաստիարակությունը: Սթափ մտածող հոգեբաններն ու դաստիարակները խոսում են արժեքների վերաիմաստավորման և մանկության նոր հոգեբանության դաստիարակության համակարգի մասին: Ամենուր արվում են նոր տիպի դպրոցներ ստեղծելու փորձեր: Այսօր տարբեր երկրներում կազմակերպվում են սեմինարներ, կոնֆերանսներ, որոնք նվիրված են այս խնդիրների շուրջ նոր ուղիներ փնտրելուն: Բազմաթիվ անգամ մասնակցելով նմանատիպ միջոցառումների` մտահղացում առաջացավ Լոռվա կենտրոնը կառուցել այնպես, որ հնարավորություն ընձեռնվի այստեղ նույնպես նման միջոցառումներ կազմակերպել, ինչը նոր լիցքեր և փորձ կհաղորդի Հայաստանի մանուկների և պատանիների դաստիարակության ասպարեզին: 

Հուսով ենք, որ  Լոռվա կենտրոնը կնպաստի «Ծիլ Բուսաց»-ի  հիմնադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ա. Մարտիրոսյանի մեթոդի զարգացմանն ու փորձի փոխանակմանը տարբեր երկրներում հայ և արտասահմանյան մանկավարժների միջև:

 

Դպրոցը հիմնադրվել է 1958 թ. Ամալյա Ազնավուրովա-Հունանյանի և Թորոս Լավչյանի նախաձեռնությամբ: Հիմնադիր տնօրեն Լավչյանի շուրջ համախմբված պրոֆեսիոնալների համաստեղության ջանքերով հիմնադրման օրվանից դպրոցն առանձնանում էր ինքնատիպությամբ` աշակերտական փողային նվագախմբի, երգչախմբի, իր բնույթով եզակի ուսուցիչներից կազմված կամերային նվագախմբի, լարային քառյակի շնորհիվ:
1981 թ. դպրոցի տնօրեն էր նշանակվել անվանի թավջութակահար Հ. Թալալյանի սան Հենզել Հարությունյանը, որի տնօրինության օրոք ևս դրսևվորվեց կատարողական վարպետության աճ: 1991թ. մինչ 2012թ.  կրթօջախը ղեկավարեց Ռոլաննա Օրբելյանը, ում կողմից կատարվեցին մի շարք նորամուծություններ` սկսեցին գործել դեկորատիվ կիրառական արվեստի, նկարչության, պարի, շախմատի խմբակները, ակադեմիական երգեցողության դասարանը, կիրառվեց առանց տարիքային սահմանափակման ընդունելության սկզբունքը:
2012թ. առ այսօր դպրոցը ղեկավարում է Նորա Սարգսյանը, ով լինելով դպրոցի սան, իսկ այնուհետև նույն դպրոցում իր երկարամյա մանկավարժական և ադմինիստրատիվ ուղին անցած մարդ, քաջատեղյակ է դպրոցի ավանդույթներին, ստեղծագործական պոտենցիալին և շարունակում է իր նախորդների գործը,  քայլելով ժամանակին համընթաց: Ն. Սարգսյանի ջանքերով բացվեցին ջազվոկալի, հարվածային գործիքների, դհոլի, գեղզարգացման և խմբավարության  փորձարարական ) դասարանները: Առաջիկայում նախատեսվում է նաև թատերարվեստի խմբակի բացում:
Դպրոցում իրականացվում է հնգամյա (7-12 տարեկանից ), յոթամյա ( 7-9 տարեկանից), գեղզարգացման  (առանց տարիքային սահմանափակման)  և նախապատրաստական դասարանների ուսուցում: Գործում են դաշնամուրային, լարային, փողային, ժողգործիքների, երգեցողության, կիթառի, հարվածային գործիքների, դհոլի բաժիններ, պարի, շախմատի և նկարչության խմբակներ: Յուրաքանչյուր տարի նոր ընդուվողների թիվը  50-60 աշակերտ է, ներկայումս դպրոցում սովորում է 316 աշակերտ:
  Դպրոցի տնօրեններից յուրաքանչյուրը հետամուտ է եղել մեկ նպատակի. պահպանելով արդեն իսկ ձևավորված ավանդույթները, շարժվել առաջ` նոր գաղափարների և մտահղացումների իրականացման ճանապարհով: Ավանդական հաշվետու համերգներից, ակադեմիական ելույթներից բացի այսօր ավանդական են դարձել նաև դպրոցի հոբելյանական, Մայիսի 9-ի (ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության զինվորական փողային նվագախմբի հետ համատեղ), Ապրիլի 7-ի (պատանի երաշժտի նորամուտ), ապրիլի 24-ի, Ֆրանկաֆոնիայի, ջազային-պոպուլյար երաժշտության համերգները: 2015թ. դպրոցը հանդես եկավ բավականին լուրջ համերգային ծրագրով, նվիրված ցեղասպանության 100-ամյա  տարելիցին` երգչախմբի և պարի դասարանի մասնակցությամբ: Նշենք, որ վերջին մի քանի տարիները նշանակալից էին և׳ պարի դասարանի (գեղղեկավար` հայկ Անտոնյան), և׳ երգչախմբի (խմբավար` Մամիկոն Անդրեասյան) համար: Նրանց մասնակցությունը քաղաքային, հանրապետական, միջազգային մրցույթներում նշանավորվում էր հաղթանակներով, մրցանակային տեղերի գրավմամբ:
2015թ. հունիս ամսին դպրոցի երգչախումբը հաջողություններ ունեցավ Գերմանիայում` գրավելով առաջին տեղը  Էրվիտտե քաղաքում կայացած միջազգային մրցույթում: Բազմաթիվ ելույթներ են եղել Ավստրիայի Վիենա  և Գրաց քաղաքներում, որոնք արժանացել են Ավստրիայի հայ համայնքի ջերմ ընդունելությանը:
Ներկայումս կրթօջախում կողք կողքի աշխատում են թե׳ դպրոցի վետերաններ, թե׳ նախկին շրջանավարտներ, թե׳ ԵՊԿ դասախոսներ և թե׳ խոստումնալից երիտասարդ մանկավարժներ: Եվ այդ միասնական աշխատանքի առհավատչյան դպրոցում ուսումնառություն անցած բազմաթիվ սաների հաջողությունն ու ճանաչումն է ինչպես ՀՀ-ում այնպես էլ նրա սահմաններից դուրս:

 

 

82 տարի առաջ` 1934 թվականին արհեստների և արվեստների քաղաք Լենինականում հիմնադրվեց միջնակարգ մասնագիտական երաժշտական առաջին կրթօջախը` ուսումնարանը, որին վիճակված էր արժանավայել էջեր գրել հայկական երաժշտական մշակույթի պատմության մեջ: Լենինականի երաժշտական ուսումնարանը Հայաստանի երաժիշտ-մասնագետների կռման և կոփման անդրանիկ դարբնոցն է եղել:

1954 թվականին ուսումնարանի 20 ամյակի կապակցությամբ ՀՍՍՌ Մինիստրների Սովետը որոշեց երաժշտական ուսումնարանը կոչել հայ ականավոր կոմպոզիտոր Քրիստաֆոր Կարա-Մուրզայի անվան: Ութ տասնամյակից ավել տարեգրություն ունեցող կրթօջախը անցել է կայացման հստակ ճանապարհ: Հիմնադրման առաջին իսկ օրվանից ուսումնարանում /ներկայիս քոլեջում/ գործել են դաշնամուրային, լարային, փողային, երգեցողության իսկ ավելի ուշ նաև տեսական և ժողգործիքների բաժինները: Այսօր քոլեջը համալրվել է ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան նոր բաժիններով` էստրադային երաժշտարվեստ, դիզայն, պարարվեստ և դերասանական արվեստ:

Ի սկզբանե երաժիշտ-մանկավարժները անմնացորդ նվիրվեցին իրենց գործին և ջանք չխնայեցին նորաստեղծ կրթօջախի և մեր քաղաքի մշակութային կյանքի կայացանն ու զարգացմանը: Նշենք նրանցից մի քանիսին` Մինաս Քրիշչյան /ուսումնարանի առաջին տնօրենը/ Ա. Դոլուխանյան, Ե. Խունունց, Ա և Բ Չալդրանյաններ, Մ. Ծատուրյան, Գ. Գևորգյան ինչպես նաև Մոսկվայից և Լենինգրադից հրավիրված մասնագետներ  Օ. Գոլուբևա, Լ. Մոլևա, Ե. Կրանց, Ա. Յաննովսկայա: Ուսումնարանի առաջին շրջանավարտներից են Սեդա Տաշչյանը, Մարգարիտ և Ցիցիլիա Բրուտյանները, Գուրգեն Նալբանդյանը, Կարա Գևորգյանը, Մնացական Չախոյանը, Աննա Բարսամյան-Ծառուկյանը, Ֆելուշ Մկրտչյանը, Ելենա Աբաջյանը և այլք: Նրանցից շատերը հետագայում դարձան հանրապետության հայտնի երաժիշտներ, երաժշտագետներ, վաստակաշատ մանկավարժներ:

Շրջանավարտներից շատերը իրենց հետագա կրթությունը շարունակել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և վերադարձել հարազատ կրթօջախ շարունակելու մեծերից ժառանգած մանկավարժի վեհ առաքելությունը: Տարբեր սերունդների լավագույն շրջանավարտները միշտ մասնակցել են բազմաթիվ և բազմաբնույթ մրցույթների արժանանալով բարձր պարգևների` նվաճելով ՀՀ և աշխարհի մեծ բեմերը.

  • Կարլեն Թոփչյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
  • Ռոզա Թանդիլյան – Դաշնակահար, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր
  • Հմայակ Դուրգարյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Իսպանիայի Օվյեդի համալսարանի պրոֆեսոր
  • Երվանդ Երկանյան – ջութակահար, կոմպոզիտոր
  • Սեդրակ Երկանյան -  Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժոր
  • Մարտուն Իսրայելյան – Կոմպոզիտոր
  • Նարինե Սիմոնյան – Մենակատար, երգեհոնահար
  • Ծովինար Հովհաննիսյան – ստեղծագործող քանոնահար
  • Իրինա Զաքյան – Հայպետֆիլհարմոնիայի մեներգչուհի
  • Հրանտ Մարտիրոսյան – Լոնդոնի նվագախմբի արտիստ, ջութակահար
  • Վլադիկ Օթարյան  - Գերմանիայի Համբուրգի նվագախմբի արտիստ:

Իրենց գործունեությունը ծավալել են Երևանի պետ. Կոնսերվատորիայում հայտնի երաժշտագետներ Աննա Բարսամյան–Ծառուկյանը, Մարգարիտա և Ցիցիլիա Բրուտյանները, Արաքսի Սարյանը, Սուսաննա Ամատունին:

Ուսումնարանի երաժշտագետ և կոմպոզիտոր շրջանավարտները կրթվել են արվեստի վաստակավոր գործիչ կոմպոզիտոր-տեսաբան Լենինականի երգչախմբային ընկերության հիմնադիր Ազատ Շիշյանի դասարանում: Առանձնակի տեղ են գրավել ուսումնարանի փողային և ժող գործիքների բաժիննեը: Փողային բաժնի ուսանողներից լավագույնները համալրել են Երևանի ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ, Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբերը:

Ուսումնարանի փողային բաժնի մանկավարժներից և նրանց հետնորդներից բաղկացած նվագախմբի Գեորգի Ձամուկաշվիլու ղեկավարությամբ 90-ական թվականներին մասնակցել են Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացած «Ոսկե շեփոր» մրցույթին և արժանացել Գրան-Պրի մրցանակին:

Արհեստների և արվեստների քաղաք Լենինականին միշտ հոգեհարազատ է եղել ժող նվագարանների գունեղ հնչողությունը: Եվ ահա 1951 թվականին բացվում է ժողգործիքների բաժինը, որը աննախադեպ հնարավորություն տվեց լենինականցուն մասնագիտորեն տիրապետելու տարբեր ժող նվագարաններ:

1987 թվականին Լենինականում ստեղծվում է ժող գործիքների համույթ /ղեկավար Ջիվան Խաչատրյան/, որի գրեթե բոլոր անդամները կարամուրզացիներ էին: Համույթը այսօր էլ շարունակում է իր համերգային գործունեությունը:

Տարիներ շարունակ ուսումնարանի դաշնամուրային և լարային բաժինները աչքի են ընկել ուսանղների մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակով: Մեր օրերում ևս այդ ավանդույթը պատվով շարունակում են

Վարդան Գյոդակյան դաշնակահար /դասախոս Մարիա Կարապետյան/ ազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների, մրցույթ-փառատոների դափնեկիր, կրկնակի ոսկե մեդալակիր, ՀՀ և ԼՂՀ «Տաղանդավոր, պատանի երաժիշտ- կատարողների կայացման և կատարելագործման» նպատակային ծրագրի մասնակից

Դիանա Սարգսյան ջութակահարուհի / միջազգային մրցույթի դափնեկիր և Արուսյակ Ղևոնդյան Ջութակահարուհի դասախոս պարգև Չոլախյան/:

Ի դեպ Պարգև Չոլախյանը արհեստավարժ երաժիշտ լինելուց զատ 1984 թվականից մինչ օրս վարում է ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնը:

Քոլեջում այսօր գործում են.

Ջութակահարների համույթ – ղեկավար Երվանդ Վարոսյան

Ժող. գործիքների համույթ – ղեկավար Ալվարդ Երեմյան

Երգչախումբ – ղեկավար Աննա Հովհաննիսյան

2013 թվականին քոլեջի երգչախմբին վստահվեց Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի  100-ամյա հոբելյանին նվիրված նոր բեմադրության երգչխմբային կատարումները և արժանացան բարձր գնահատականի:

Այսօր էլ շարունակվում են հարուստ ավանդույթներ ունեցող Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի բազմաշերտ և բազմաբովանդակ աշխատանքները տնօրեն Մարիա Կարապետյանի շնորհիվ: Նրա ղեկավարության առաջին իսկ օրվանից նոր շունչ և եռանդ հաղորդվեց քոլեջի ստեղծագործական և մշակութային կյանքին, ինչը կնպաստի քոլեջի փառահեղ պատմության էջերում նորանոր նվաճումների գրառմանը:

Հանդիպում Հմայակ Դուրգարյանի հետ

Ապրիլի 15-ին մենք` կարամուրզացինես, մեծագույն սիրով ու հպարտությամբ հյուրընկալեցինք Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի լավագույն շրջանավարտներից մեկին` ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ իսպանաբնակ Հմայակ Դուրգարյանին:

Ուսանողների և քոլեջի աշխատանքային հանրույթի հետ հանդիպման սկիզբն ազդարարեց երրորդ կուրսի ուսանողներ Վարդան Գյոդակյանի (դաշնամուր – դասախոս Մարիա Կարապետյան) և Դիանա Սարգսյանի (ջութակ – դասախոս Պարգև Չոլախյան) ողջույնի ելույթներով:

Այնուհետև Հ. Դուրգարյանը մեծ կարոտով ու հպարտությամբ կիսվեց իր հուշերով և մասնագիտական փորձառությամբ:

Ցուցադրվեցին մի շարք լուսանկարներ, որոնք ջութակահարին հնարավորություն ընձեռեցին շրջագայել իր անցյալովև հասնել ներկա: 

«Դաշնամուրային երաժշտության երեկո» 

Ապրիլի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «Դաշնամուրային երաժշտության երեկո» խորագրով համերգ՝ դաշնակահարներ ՌՈՆԱ ՌԱՀԲԱՐԻԻ եւ ՎԱՐԴԱՆ ԳՅՈԴԱԿՅԱՆԻ մասնակցությամբ:

13-ամյա Ռոնա Ռահբարին միջազգային մրցույթների դափնեկիր է (2-րդ եւ 1-ին մրցանակ), սովորում է Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, դասատու՝ Լուսինե Գրիգորյան:

16-ամյա Վարդան Գյոդակյանը ևս  միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր է (2-րդ և 1-ին մրցանակ), սովորում է Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում` Մարիա Կարապետյանի դասարանում:

2013 թվականից «ՀՀ և ԼՂՀ պատանի տաղանդների կատարելագործման և զարգացման նպատակային ծրագիր» խմբի անդամ է:

«Դաշնամուրային երաժշտության երեկոյի» ընթացքում հնչեցին Կոմիտաս, Հարո Ստեփանյան, Բելա Բարտոկ, Ֆրեդերիկ Շոպեն, Լյուդվիգ վան Բեթհովեն, Սերգեյ Ռախմանինով, Յոհաննես Բրամս:

Նրանց գեղեցիկ և արհեստավարժ կատարումները հիացրեցին հանդիսատեսին և մեծ բավականություն պատճառեցին նրանց:

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը վերջին երկու տարիներին մասնագիտական օգնություն է ցուցաբերում  Շիրակի մարզի երաժշտական դպրոցներին: Քոլեջը ունենալով ՙԴաշնամուր՚, ՙԼարային գործիքներ՚, ՙՓողային և հարվածային գործիքներ՚, ՙԺողովրդական գործիքներ՚, ՙԵրգեցողություն՚, ՙԷստրադային երաժշտարվեստ՚, ինչպես նաև ՙԴիզայն՚, ՙՊարարվեստ՚, ՙԴերասանական արվեստ՚ մասնագիտությունները, խնդիր դրեց մարզում բացահայտել նաև շնորհալի արվեստասեր երեխաների, որոնք նույնպես կարող են հետագայում ստանալ պրոֆեսիոնալ կրթություն: 2016 թվականին քոլեջի տնօրեն Մարիյա Կարապետյանի նախաձեռնությամբ հայտարարվեց մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոն ՙՀրաշքների մոլորակ՚ անվանումով: 2016 թվականի մայիսի 3-ից 5-ը հաջողությամբ անցկացվեց մրցույթ-փառատոնը, որը նվիրվեց Հայոց բանակի զինվորին: Մրցույթ-փառատոնին մասնակցեցին մարզի երաժշտական և հանրակրթական դպրոցների մոտ  երկու հարյուր քառասուն աշակերտ, ովքեր ցուցաբերեցին իրենց ունակությունները երաժշտական տարբեր ուղղությունների, դիզայնի, պարարվեստի և դերասանական արվեստի ոլորտներում: Մրցութային հանձնաժողովը` կազմված քոլեջի լավագույն մասնագետներից, բացահայտեց շատ օժտված երեխաների և պատանիների, որոնք այսօրվանից կապված կլինեն քոլեջի հետ: Մայիսի 12-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ժամանակ դափնեկիրներին և խրախուսանքի արժանացած մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ, պատվոգրեր և նվերներ: Լավագույն կրտսեր մասնակիցներն արժանացան փառատոնի ՙԱրամիկ՚ հատուկ մրցանակին: Մրցանակաբաշխությունը ավարտվեց առաջին մրցանակակիրների գալա համերգով: Մայիսի 19-ին Երևանում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում նախատեսված է համերգ,  որպես կայացած ՙՀրաշքների մոլորակ՚ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի  հաշվետվություն:

Նվիրվում է Խաչատուր Ավետիսյանի 90 ամյակին

Յուրաքանչյուր մարդ կարող է սիրել արվեստը:

Բայց արվեստն արարել կարող է միայն ընտրյալը:

Նվիրվում է մեր հողից սերված ընտրյալներից մեկին` փայլուն քանոնահար, մանկավարժ, ժողովրդական նվագարաններ բաժնի հիմնադիր, կոմպոզիտոր Խ. Ավետիսյանի ծննդյան 90 ամյակին, ով պատրաստ էր զոհաբերել իրեն հանուն արվեստի` կյանքը իրենց խայթի հետ տվող մեղուների նման:

Նա լծեց աստղը իր սայլին: Գեղեցիկը կրելով իր մեջ` այն ձուլեց իր ստեղծագործություններին և իբրև գոհարներ սփռեց աշխարհով մեկ: Նրան ճանաչեցին ու սիրեցին և´ հայրենիքում, և´ սփյուռքում:

Տիրապետելով մի քանի գործիքների` թառ, քամանչա, ջութակ, դաշնամուր, քանոն, կոմպոզիտորը կատարելագործեց վերջինիս կատարման տեխնիկան, ստեղծեց քանոնի ուսումնական ձեռնարկներ, ծրագրեր և հիմնեց «ժողովրդական նվագարաններ» բաժինը դպրոցներում, ուսումնարաններում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա մարմնավորեց միտքը երաժշտության միջոցով՝  մշտապես ներհյուսելով երևակայության արծաթե թելը տքնանքների ու զրկանքների թևերով: Բացահայտեց ճշմարտությունը զգայական ձևով և վարպետությամբ:

Ասում են` մարդ մահանում է այն ժամանակ, երբ դադարում են իրեն հիշել:

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի հանրույթը Խ. Ավետիսյանին հիշում է միշտ, քանի որ մեր «ժողովրդական նվագարաններ» բաժնի ուսումնական ծրագրի հիմնական մասը կազմված է կոմպոզիտորի բազմաբնույթ, ազգային ելևէջներով համեմված մեղեդային ստեղծագործություններից, որտեղ թագուհին մեղեդին է, իսկ թագավորը` ներդաշնակությունը:

Կոմպոզիտորի հետնորդների շնորհիվ, որոնց շարքերն են համալրում նաև մեր ուսումնարանի շրջանավարտներ Վազգանուշ Պարմինը, Ծովինար Հովհաննիսյանը, Անահիտ Վալեսյանը, պահպանելով իրենց ուսուցչի ստեղծած «ժողովրդական նվագարանների» ավանդույթները` նոր շունչ են տալիս դրանց և փոխանցում ապագա սերունդներին, ինչով էլ ավելի է կարևորվում վարպետի անմահ գործը:

Խ. Ավետիսյանի անունը ոսկե տառերով գրվեց «ժողովրդական նվագարանների» պատմության էջերի մեջ` որպես ի վերուստ նշմարված ազգանվեր գործի փայլուն դերակատար:

Հեղինակ` Մ. Կարապետյան

«ՀՐԱՇՔՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿ»

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ

ՄՐՑՈՒՅԹ – ՓԱՌԱՏՈՆ

2016թ.

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Մարիյա Կարապետյանի կողմից նախաձեռնվեց «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնը, որի կազմակերպչական աշխատանքները մեկնարկեցին փետրվար ամսից` քոլեջի երաժշտա-տեսական բաժնի վարիչ Դոնարա Իսահակյանի ղեկավարությամբ: Նախապես հայտարարված մեկամսյա ժամկետում հավաքագրվեց մրցույթի մասնակցության մոտ 240 հայտ ինչպես Գյումրու, այնպես էլ Շիրակի մարզի համայնքների երաժշտական և հանրակրթական դպրոցի սաներից:

Մրցույթ-փառատոնի մասնակիցները բաժանվեցին և դասակարգվեցին ըստ նախապես սահմանված տարիքային խմբերի (I խումբ-5-7տ..  II խումբ 8-10տ..,  III խումբ 11-13 տ.,  IV խումբ 14-17 տ.) և մասնագիտությունների (երաժշտա-կատարողական, դիզայն, պար և ասմունք):

Սույն թվականի ապրիլի 28-ին մրցույթ-փառատոնի մեկնարկին ընդառաջ տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում պարզաբանվեցին մրցույթ-փառատոնի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող բոլոր մանրամասները::

Մրցույթի մեկնարկը տրվեց 2016թ. մայիսի 3-ին և անցկացվեց եռօրյա ժամկետում:

Մրցութային երեք օրերը լուսաբանվեցին ինֆորմացիոն հովանավոր «Շիրակ» հանրային հեռուստաընկերության կողմից, ինչը շարժեց շատերի հետաքրքրությունը:

Մրցութային 3 օրերի ընթացքում ժյուրին հայտնաբերեց մոտ 150 շնորհալի, տաղանդավոր երեխաների և պատանիների: Մայիսի 12-ին տեղի ունեցավ «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի արդյունքների ամփոփումը, մրցանակների և պատվոգրերի հանձնումը: Ձեռնունայն չմնացին նաև այն մասնակիցները, ովքեր որևէ մարցանակային տեղ չէին զբաղեցրել, սակայն ստացան խրախուսական հուշանվերներ և շնորհակալագրեր մրցույթին մասնակցելու համար: Մրցանակների հանձնման արարողությանը հետևեց գալա-համերգ մրցույթի դափնեկիրների մասնակցությամբ: Ապա մայիսի 19-ին «Հրաշքների մոլորակ»-ի հրաշքները իրենց գեղեցիկ կատարումներով փայլեցին նաև Երևանի Կոմիտասի ինստիտուտի-թանգարան բեմում:

Ելնելով «Հրաշքների մոլորակ» մրցույթ-փառատոնի արձանագրած հաջողություններից նոր գաղափար հղացավ անցկացնել ամառային դպրոց, որտեղ ընդգրկել փառատոնի լավագույն մասնակիցներին:

Ամառային դպրոցի մեկնարկն ազդարարվեց հունիսի 28-ին «Ազգային պատկերասրահ» XII միջազգային փառատոնի հիմնադիր-նախագահ Մարիամ Շահինյանի և մասնակիցների հետ հանդիպմամբ: Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի հյուրընկալ կամարներն այս անգամ ընդունեց Սոֆյա Մելիքյանին /դաշնամուր, Ֆրանսիա/, Ջեմմա Աբրահամյանին /ջութակ, Շվեյցարիա/, Գուրգեն Կակոյանին /կլարնետ, Շվեյցարիա/ և Անդերս Միոլինին /կիթառ, Շվեյցարիա/:

Փառատոնի հիմնադիր-նախագահ Մարիամ Շահինյանը ներկայացրեց վերոհիշյալ երաժիշտներին, ապա հանգամանորեն պատմեց փառատոնի և նրա անցած ուղու մասին, ցուցադրվեց հակիճ պատմող տեսանյութ: Երաժիշտները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, ներկայացրեցին իրենց երաժշտական գործիքների առավելություններն ու առանձնահատկությունները: Հանդիպման ավարտին անցկացվեցին վարպետության դասեր քոլեջի լավագույն ուսանողների հետ:

Այժմ համառոտ կներկայացնենք ամառային դպրոցի միջոցառումների շարքը.

  • Հուլիսի 6 - դաս «Հայ երգչախմբային արվեստի զարգացման պատմությունը» խորագրով, /քոլեջի երգչախմբի ղեկավար Աննա Հովհաննիսյան/:
  • Հուլիսի 7 - քոլեջի լարային բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Սարգսյանի մենահամերգը (դասախոս` Պարգև Չոլախյան):
  • Հուլիսի 8 -` դասախոսություն «Սիրենք մեր լեզուն» /քոլեջի հանրակրթական ցիկլի նախագահ Մարիետտա Հովհաննիսյանը և դասախոս Արմենուհի Սիրունյան/
  • Հուլիսի 9 - հանդիպում Հայաստանի վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ:
  • Հուլիսի 13 - զեկույց նվիրված Վ. Ա. Մոցարտին /քոլեջի դաշնամուրային բաժնի դասախոս Մանյա Հովհաննիսյանը/
  • Հուլիսի 15 - դաս «Նկարչություն ազատ թեմայով» /քոլեջի «Դիզայն» բաժնի դասախոս Նարինե Սնխչյան/
  • Հուլիսի 20 – զեկույց «Չարի և բարու գոյամարտը» /հանրակրթական ցիկլի դասախոս Արմենուհի Սիրունյան/
  • Հուլիսի 22 – Հանդիպում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի, դերասաններ` Հովհաննես  Հովհաննիսյանի, Տիգրան Գաբոյանի և քոլեջի նորաբաց «Դերասանական արվեստ» բաժնի դասախոս, դերասան Վաղարշակ Ասատրյանի հետ: Նրանք կիսվեցին ներկաների հետ:

Բացի «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունից մրցույթ-փառատոնը լուսաբանվեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» կողմից` «Առավոտ լուսո» և «Հայլուր» ծրագրերի շրջանակներում: «Հրաշքների մոլորակ» մրցույթ-փառատոնի հաջողություններից ելնելով տնօրեն Մարիյա Կարապետյանը և կազմակերպչական կազմը որոշեցին այն դարձնել շարունակական և ամենամյա:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ 2016-2017 ՈՒՍ ՏԱՐԻ

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը կրկին իր հյուրընկալ դռներն է բացել ուսանողների առջև: Մեկնարկեց 2016-2017 նոր ուսումնական տարին: Ինչպես միշտ, այս տարի ևս, կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն տնօրինության և աշխատանքնային ողջ հանրույթի կողմից:

Քոլեջում տիրում էր աշխույժ և ուրախ մթնոլորտ: Ապա տնօրենն ու փոխտնօրենը իրենց խրատական ողջույնի խոսքով բարի գալուստ մաղթեցին առաջին կուրսեցիներին:

 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25 ԱՄՅԱԿԻՆ

Այս տարի մեր երիտասարդ, նորանկախ ՀՀ-ն սեպտեմբերի 21-ին նշեց անկախության 25 ամյակը: Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի հանրույթը ևս այս կարևորագույն տոնին ընդառաջ` սեպտեմբերի 20-ին իրականացրեց զեկույց-դաս, որը վարեց քոլեջի պատմության դասախոս Կարեն Մարտիրոսյանը: Նա մանրակրկտորեն պատմեց ՀՀ անկախության կայացման ողջ գործընթացը` պատմական, քաղաքական, իրավական և մշակութային տեսանկյուններից:

 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻՆ

Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում տարիներ շարունակ կազմակերպվում և իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: Սակայն դրանց շարքում առանձնացվում են մի քանիսը, որոնք ավանդաբար բայց յուրաքանչյուր անգամ նորովի մեկնաբանությամբ հանձնվում է ներկաների դատին: Այդպիսի միջոցառոմ է նաև ուսուցչի տոնը, որն այս տարի նվիրված է քոլեջի «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասախոս Մարիետա Հովհաննիսյանին, ով այս տարի անցավ վաստակած հանգստի:

Ներկաներին իրենց ողջույնի ելույթներով շնորհավորեցին ինչպես քոլեջի ուսանողները, այնպես էլ «Հրաշքների մոլորակ» մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-փառատոնի կրտսեր մասնակիցները:

Ավարտին` իրենց փոխադարձ բարեմաղթանքներով հանդես եկան Մ. Հովհաննիսյանը, տնօրեն` Մ. Կարապետյանը և փոխտնօրեն` Պ. Չոլախյանը:

 

Հիմնադրման տարի 1934թ.
 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր