Children categories

Դիանա Ասլանյան (0)
Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։
-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
View items...
Իրականում մեր հենաշարժիչ համակարգը շատ շնորհակալ համակարգ է
Ինչքան էլ լինենք ժամանակակից տեխնոլոգիաների նորարարությունների զարկերակին, եւ որքան էլ սրընթաց դառնա կյանքը, այնուամենայնիվ, այսօրվա աշխատանքն ավելի նստակյաց է։ Իսկ սա իր հետքն է թողնում յուրաքանչյուրիս օրգանիզմի, հատկապես՝ հենաշարժողական համակարգի վրա` դժվարացնելով առավել հաճախ հանդիպող խնդիրների բուժումը։ Սակայն քչերին է հայտնի, որ դրանց առաջացումը հաճախ պայմանավորված է բազմաթիվ գործոններով, հետևաբար, խոսքն անպայման համալիր ախտորոշման և բուժման մասին է։ Մեր զրուցակիցն է «Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնի տնօրեն, «Երևան» բժշկական կենտրոնի (նախկին 8-րդ բժշկական կենտրոն) օրթոպեդ, վնասվածքաբան ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Անուրանալի է բժշկի մասնագիտական ներդրումն ու նվիրումը վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի մեջ: Նրա բացառիկ մարդասեր տեսակը, երկարամյա արգասաբեր գործունեությունը և ահռելի ավանդը ոլորտում արժանի է մեծագույն հարգանքի ու երախտագիտության: Նա ողջ էությամբ նվիրված է իր առաքելությանը, և իր հիմնադրած կլինիկան այսօր տալիս է բավականին լավ ցուցանիշներ: Մեծ նվիրումով բժիշկ եւ անկեղծ մարդ, որն իր կյանքը նվիրել է մարդկանց առողջությունը վերականգնելու մեծ առաքելությանը:
-Հիմնականում ի՞նչ խնդիրների դեպքում կարող են դիմել «Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոն։
-Կլինիկան զբաղվում է հենաշարժողական համակարգի խնդիրների բուժօգնությամբ, որի մեջ ներառված է հիմնականում ոսկրամկանային համակարգը։ Աշխատում ենք նաեւ նյութափոխանակության խանգարման արդյունքում առաջացած խնդիրների բուժմամբ։ Իհարկե, բուժառուների գերակա մասը դիմում են ողնաշարային խնդիրների դեպքում, որոնց մեջ մտնում են փափուկ հյուսվածքային պաթոլոգիաները եւ ճողվածքային խնդիրները։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, ընդգրկել ենք վերականգողական բուժման ամբողջ սպեկտրը, այսինքն` դրա մեջ մտնում են ոչ միայն հետվնասվածքային կամ ողնաշարային, այլ նաեւ նեյրովերականգնողական, ինչպես նաեւ հղիների մոտ առաջացած ողնաշարային համակարգի խնդիրները` կապված ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ: Կիրառելի ծառայություններ, որոնք այսօր աշխարհում ներդրված են առողջապահական ամբողջ համակարգում: Դրա մեջ մտնում են նախեւառաջ կինեզոթերապիան, ֆիզիոթերապիայի բոլոր բուժմոտեցումները, ռեֆլեքսոթերապիան եւ իհարկե բուժական մերսումը։ Շատ հաճախ բուժման ընթացքում ներառում ենք նաեւ Axiom DRX 9000 տպրակցիոն մեքենան, որը նույնպես շատ մեծ բուժական արդյունավետություն է ապահովում, հատկապես` ճողվածքների բուժման ժամանակ։ Վերջին տարիներին կիրառության մեջ է մտնել նաեւ օստիոպաթիան, եւ շատ հաճախ այն նույնպես շատ լավ արդյունքներ է ապահովում։ Այսինքն` կիրառում ենք բոլոր այն գիտական մեթոդները, որոնք ընդգրկված են ժամանակակից բուժմոտեցումների պրակտիկայում։
-Օստեոպաթիան ի՞նչ մեթոդ է, և որ խնդիրների դեպքում է կիրառվում։
-Օստեոպաթիան շատ լայն կիրառություն ունի ու չի ընդգրկում միայն հենաշարժիչ համակարգը, այլ նաեւ ամբողջ օրգանիզմը` բոլոր օրգան համակարգերով։ Օստեոպաթիկ գործառույթներ կան, որոնք կարելի է կիրառել ցանկացած խնդիրների դեպքում, բայց ցավոք, պետք է նշել, որ այս բուժմեթոդը դեռեւս առողջապահության մեջ պաշտոնապես ընդունված ճյուղ չէ, քանի որ այս բուժմոտեցման տեղեկատվությունը նույնպես բավականին թերի է: Կարող եմ ասել, որ հանրության քիչ զանգվածն է տեղյակ այս մեթոդից, բայց վստահորեն կարող եմ նաև փաստել, որ օստեոպաթայի արդյունավետությունը շատ բարձր է։ Այն իր մեջ չի ընդգրկում կոպիտ բուժմոտեցումներ, այլ հյուսվածքային մակարդակով կատարվող ձեռքի աշխատանք է: Եվ ինչպես վերը նշեցի, այն ամբողջ աշխարհում բավականին լայն կիրառություն ունի։ Եվրոպական, ամերիկյան առաջատար կլինիկաներում բոլորն ունեն իրենց լիցենզավորված օստեոպատները, որոնք ակտիվ մասնակցություն ունեն բուժական աշխատանքների մեջ։
-Բժի՛շկ, մի փոքր խոսեք այն մասին, թե Ձեր կլինիկայում քաշի կարգավորման դեմ ուղղված ինչ ծրագիր է իրականացվում:
-Այն նույնպես գիտական հիմնավորված մեթոդիկա է, և պետք է յուրաքանչյուր բուժառուի համար ցուցաբերվի անհատական մոտեցում։ Առաջնահերթ իրականացվում է ախտորոշում, որի ժամանակ որոշվում են մարմնի տարբեր ցուցանիշները` մարմնի քաշի ինդեքսը, ճարպային եւ ոչ ճարպային, նաև ակտիվ բջջային, հեղուկների` ներբջջային, արտաբջջային, այտուցային մասսաները, որոշվում է կալորիաների ծախսը, մետաբոլիկ տարիքը և այլն: Բացի վերը նշվածներից, շատ ցուցանիշներ են որոշվում, ընդ որում` մեր բժշկական կենտրոնում ընդունելությունը կատարվում է երկու բժիշկների` էնդոկրինոլոգի եւ դիետոլոգի կողմից, եւ ստացած արդյունքի վրա հենվելով, ինչպես նաեւ հաշվի առնելով սոմատիկ վիճակը, ուղեկցող հիվանդությունները, ֆիզիկական տվյալները եւ այլն, յուրաքանչյուր բուժառուի համար տրվում է անհատական սննդակարգ, որը բոլորի համար կարող է լինել խիստ տարբեր: Այս ծրագիրը միտված է բուժառուի քաշի կարգավորման ուղղությամբ, եւ ընդ որում` քաշի կարգավորումը ստացվում է նյութափոխանակության կարգավորման ճանապարհով։ Սա այն ծրագիրն է, որով անցնում են ոչ միայն գեր քաշ ունեցողները, այլեւ` անորեքսիայիով տառապողները։ Անցնելով հետազոտությունը` ստանում են իրենց անհատական դիետան։ Այսինքն` ծրագիրն ուղղված ոչ թե քաշի, այլ նյութափոխանակության կարգավորմանը, արդյունքում քաշի կարգավորումը ստանում ենք երկրորդային, նյութափոխանակության կարգավորման ճանապարհով: Եվ մեթոդի հեղինակները պնդում են, որ ծրագիրը լիովին անցնելու դեպքում, անկախ սննդային վարվելակարգից, մարդը քաշի փոփոխություններ չի ունենում, քանզի նյութափոխանակությունը բարելավվում է այնքանով, որ կարողանում է կարգավորել ցանկացած էքստրեմալ իրավիճակ։ Այն նույնպես բավականին արդյունավետ ծրագիր է և ընթանում է փուլերով. առաջին փուլը 4 շաբաթ տեւողությամբ, 2-րդը` 6, 3-րդը` ավելի երկարատև, եւ յուրաքանչյուր փուլից հետո այդ հետազոտությունը կրկնվում է։ Դիետան հիմնովին փոխվում է, լրիվ այլ սննդակարգ է տրվում, եւ այստեղ շատ կարևոր հոգեբանական պահ կա, որ ցանկացած հերթական հետազոտությունից հետո բուժառուն ինքը կարողանում է թղթի վրա տեսնել, թե որ ցուցանիշը նախկինում ինչքան է եղել, եւ այդ պահին ինչ մակարդակի վրա է այն։ Այսինքն` այստեղ ոչ թե կշեռքն ու հայելին են կարեւոր դառնում, այլ թե ինչ արդյունքի ցուցանիշներ կան այդ պահին, եւ դա շատ լուրջ խթան է հանդիսանում բուժառուների համար` հետագայում ավելի հետեւողական լինելու։ Շատ հաճախ այս ծրագրին զուգահեռ կիրառվում է նաեւ կինեզոթերապիա, զուտ էներգետիկ ծախսը ապահովելու եւ հենաշարժիչ համակարգը բարելավելու համար, շատ դեպքերում զուգակցվում է ասեղնաբուժությունը, որը նույնպես արդյունավետ է։
-Ձեր կողմից վերը նշված մեթոդները փոխարինո՞ւմ են մեկը մեկին, թե` լրացնում։
-Միանշանակ, դրանք բոլորը մեկը մյուսին լրացնող մեթոդներ են, եւ իհարկե հայտնագործություն չեմ անի, որ ասեմ, որ համակցված թերապիայի արդյունքներն ավելի գոհացուցիչ են։
-Որպես վնասվածք-օրթոպեդ, ըստ Ձեզ, որ հիվանդություններն են այսօր երիտասարդացում ապրել։
-Պրակտիկապես կարող ենք ասել, որ հենաշարժիչ համակարգի բոլոր խնդիրների տհաճ երեւույթները երիտասարդացում են ապրել։ Դա իհարկե ավելի շատ կապված է մեր տոտալ ադինամիայի հետ, քանզի մենք դադարել ենք շարժվել եւ օրվա հիմնական մասն անցկացնում ենք համակարգչի, պլանշետի կամ հեռախոսի ընկերակցությամբ, իսկ դա արդեն իսկ հենաշարժիչ համակարգի համար առաջացնում է շատ լուրջ խնդիրներ, ձեւափոխումներ եւ ընդհանրապես հենաշարժիչ համակարգի խաթարում, որը հիմք է հանդիսանում տարատեսակ հիվանդությունների առաջացման համար։ Այսպես որ, երբեմն ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ պրակտիկապես չկա այսօր մի չափահաս մարդ, որը հենաշարժիչ համակարգի խնդիրներ չունենա. իրականությունը դա է, քանզի մենք շատ ժամանակ ենք տրամադրում տեխնոլոգիաներին թե՛ աշխատանքի վայրում, թե՛ հանգստի ժամանակ, եւ գալիս է մի պահ, որ պետք է առողջության տեսանկյունից, այսպես ասած, դրա պատասխանը տանք։
– Կիֆոզ, սկոլիոզ. կտարբերակե՞ք մեր ընթերցողների համար դրանց զարգացման տեսակները։
- Իրականում դրանք տարբեր պաթոլոգիաներ են։ Նորմայում յուրաքանչյուր մարդու մոտ մենք մասնագիտորեն տեսնում ենք պարանոցային եւ գոտկային լորդոզ, կրծքային կիֆոզ, ինչպես նաեւ սրբոսկրային կիֆոզ։ Եվ նորմայում այդ բնականոն կորությունների անկյունները պետք է իհարկե տատանվեն որոշակի սահմաններում։ Եվ այդ անկյունների փոփոխություններն են, որ արդեն հանդիսանում են հիվանդություն։ Բայց լորդոզն ու կիֆոզը նորմալ բնականոն կորություններ են, որոնք պետք է ունենալ։ Իհարկե, կորությունների փոփոխությունները լինում են տարբեր` նորմայից ավել կամ պակաս։ Անկյունների ավելանալը ստացել է հիպեր անվանումը, այսինքն` հիպերլորդոզ, հիպերկիֆոզ, իսկ երբ այդ անկյունը նորմայից պակաս է լինում, ասում ենք հարթեցում, որը կարող լինել ե՛ւ լորդոզի, ե՛ւ կիֆոզի հարթեցում: Այն նույնպես բավականին բարդ հիվանդություն է։ Կրկին անդրադառնալով համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` վերջին տարիներին առավել շատ է հանդիպում հենց հարթեցում ասվածը, մանավանդ` պարանոցային հատվածում, եւ շատ հաճախ ունենում ենք ոչ միայն պարանոցային լորդոզի հարթեցում, նաեւ նույնիսկ այդ լորդոզի տրանսֆորմացիա պաթոլոգիական կիֆոզի: Այսինքն` լորդոզը ոչ միայն հարթվում է, այլեւ սկսում է ձեռք բերել հակառակ կորությունը, եւ դա այն խնդիրն է, որն իր հետ բերում է այնպիսի գանգատներ, որոնց պատճառով մարդիկ դիմում են տարբեր բժիշկների` հասկանալու, թե ինչ է կատարվում։ Պարանոցային լորդոզի հարթեցումը իր հերթին կարող է բերել ցավեր պարանոցում, գլխացավեր, գլխապտույտներ, աղմուկ ականջներում, երբեմն նույնիսկ` ընդուպ սրտխառնոց։ Նկատվում է նաեւ օրթոստատիկ կլինիկա` տեղից կտրուկ կանգնելիս գլխապտույտ, կարող է աչքերի առջեւ սեւանալ: Եվ այս պաթոլոգիկ վիճակների հետ կապված` բուժառուներն առաջնահերթ դիմում են թերապեւտի, սրտաբանի, նյարդաբանի, նեյրովիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի օգնությանը. կարող եմ շարունակել նեղ մասնագետների ցանկը, քանզի կլինիկական պատկերն է այդպիսին` ոչ կողմնորոշված։ Եվ առավել հաճախ այդ բուժառուները վերջում են դիմում մեր բուժօգնությանը: Մկանային կարկասի հետ տարվող աշխատանքների արդյունքում բավականին լավ արդյունքներ են գրանցվում։ Եթե բուժում ասելով` մենք հասկանում ենք, որ 50 տարեկան կնոջը պետք է դարձնենք 25 տարեկան, իհարկե դա խելամիտ չէ: Պարզապես, մենք ձգտում ենք ստանալ վիճակ, որի դեպքում բուժառուն հետագայում կապրի հենաշարժիչ համակարգի առանց ցավային սինդրոմների, գանգատների եւ բողոքի: Դա իրականում հնարավոր է մեր կողմից տարվող բուժումների արդյունքում։
- Ի՞նչ կասեք բժշկի դիմելու, դիմելիության կուլտուրայի մասին։
-Իրականում, կարծում եմ, դիմելիությունը բխում է բուժառուի ունեցած գանգատներից: Եթե նրա մոտ արդեն առկա են գանգատներ, այսպես թե այնպես նա դիմում է բժշկի օգնությանը։ Իսկ ինչ վերաբերում է դիմելիության կուլտուրային, ապա կասեմ, որ վերջին տարիներին դրական տեղաշարժ իհարկե նկատելի է այդ առումով: Նախկինի պես չէ, որ ըստ հայկական մտածելակերպի` դանակը հասներ ոսկորին, նոր դիմեին բժշկի օգնությանը։ Իսկ այսօր շատ հաճախ են լինում դեպքեր, երբ մեզ դիմում է, օրինակ, երիտասարդ կին, որը ցանկանում է մինչ հղիությունը պատրաստել իր օրգանիզմը հղիության` ցանկանալով իր հենաշարժիչ համակարգը բերել պատշաճ վիճակի` գիտակցելով իր սպասելիքը հղիության ընթացքում: Դա իրականացվում է կանխարգելիչ նկատառումներով. իրականում նա գանգատ չունի, որը, ըստ իս, բավականին գովելի քայլ է, քանզի հղիության ընթացքում սկսվող խնդիրների ժամանակ, կարծես, մեր ձեռքերը կապված են լինում. իրավունք չունենք ամեն հետազոտություն կատարել, քանզի հղիության ընթացքում առաջացած խնդիրների դեպքում նախնական անամնեզ չունենալու առկայության դեպքում սկսում ենք, այսպես ասած, մոտավորապես աշխատել բուժառուի հետ, որն իհարկե այդքան էլ ցանկալի չէ։
-Երիտասարդ կադրերի հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմում մեր առողջապահության ոլորտի ապագայի մասին։
-Կասեմ, որ այսօր ուսանողների քանակը բավականին շատ է, բայց իրականում ձգտող, պրպտող տեսակներ, ըստ իս, ցավոք, քիչ կան։ Ինձ թվում է` այն ուսանողը, որը գիտակցված գնում է այդ քայլին` դառնալ բժիշկ, հաշվի առնելով իրենց սպասվելիք դժվարությունները, իրականում ընդհանուր առմամբ կհասնի իր նպատակին, կդառնա լավագույն մասնագետը, քանզի բժշկությունը ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է։
-Ի՞նչ նոր ասելիք ունի իր ոլորտում այսօր «Աքսիոմեդ» կլինիկան։
-Մեր կլինիկայի գործունեության մեջ այսօր բավականին մեծ առաջընթաց է նկատելի, որը չեմ համեմատի սրանից 10 տարի առաջվա հետ, քանզի այս տարիների ընթացքում բավականին շատ համալրվել է թե՛ տեխնիկական, սարքավորումների, մարզասարքերի եւ թե՛ աշխատանքային թիմը: Այսօր մենք անհամեմատ մեծ ծավալի աշխատանքներ ենք տանում, իսկ աշխատանքային ծավալը նաև նոր փորձ է, նոր գիտելիք, նոր տեխնիկա, նոր բուժմոտեցումների տակտիկա, ընթացիկ, անընդմեջ աճելու, բարելավման արդյունքում։
-Արդյո՞ք արտերկրից ունենում եք բուժառուներ։
-Այո, շատ հաճախ, ավելի շատ ամռանը, քանզի բոլորիս էլ գիտենք, որ մեր երկրում բժշկությունն ավելի մատչելի է, քան` դրսում։ Նաեւ լինում են արտերկրացի բուժառուներ, ովքեր մեր երկրում են աշխատում և ժամանակավոր բնակվելով մեզ մոտ` օգտվում են մեր բուժծառայությունից։
-Իսկ որպես վերջաբան` Ձեր մասնագիտական խորհուրդը մեր ընթերցողներին։
-Ուղղակի մեր հանրությանը խորհուրդ կտամ քիչ զլանալ, շատ շարժվել, ուշադիր լինել առողջության հանդեպ, քանզի մեր օրգանիզմը ունի բավականին հարուստ ռեսուրսներ եւ ռեզերվներ, բայց պետք չէ դրանք վատնել աջ ու ձախ, որովհետև ցանկացած ռեզերվ մի օր սպառվելու է։ Ցանկալի է օրգանիզմին տալ այն, ինչը ինքը մեզանից պահանջում է, քանզի այն չի կարող ծառայել քեզ եւ նեղություն չտալ։ Իրականում մեր հենաշարժիչ համակարգը շատ շնորհակալ համակարգ է. երբ դու իրեն մատուցում ես որեւէ ծառայություն, այն միանշանակ քեզ դրական պատասխան է տալիս։ Իսկ երբ դու անընդհատ, այսպես ասած, իրեն շահագործում ես, այն սկզբնական շրջանում նույն իր ռեզերվների հաշվին կոմպենսացիա է կատարում, բայց պետք է միաժամանակ հասկանալ, որ կոմպենսացիան անսպառ եւ անժամկետ չի կարող լինել, քանզի ցանկացած կոմպեսացիային հետևում է դեկոմպեսացիան, որաի արդյունքում սկսում են կտրուկ ի հայտ գալ խնդիրներ, որոնց լուծումը դառնում է բավականին երկարատեւ եւ դժվարին։ Այնպես որ, առողջ ապրելու համար պետք է սիրել ու պահպանել մարմինը։ Առողջ եղեք։
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
«Հնարավորն ու անհնարն է արվում բարձրակարգ բուժօգնություն մատուցելու համար»
Հայաստանը վերջին տարիներին սրտաբանության ոլորտում արձանագրել է լուրջ հաջողություններ: Մեր երկրում իրականացվում են սրտաբանության վերջին միտումներին համապատասխան բարդագույն վիրահատություններ:
Սրտաբանությունը Հայաստանում զարգացող ճյուղ է, այն պահանջում է արհեստավարժություն, բարձր պատրաստվածություն և բացառիկ հմտություններ:
Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր մեր հանրապետությունում ունենք սիրտ-անոթային ծանրագույն հիվանդություններով տառապող մարդկանց էականորեն ապաքինելու, շատ հաճախ նրանց լիովին առողջացնելու հնարավորություն, ինչը, իրավամբ, նաև հեղափոխական համարձակ մտքի արգասիքն է:
Այսօր մեր նվիրյալ բժիշկներն իրենց փորձառության ու ներուժի շնորհիվ իրականացնում են անհնարն ու հնարավորը՝ առաջ գնալու բժշկության անկանխատեսելի ճանապարհներով, որտեղ փորձում են արժևորել իրենց ծանրակշիռ ու նվիրական վաստակը:
Ինտերվենցիոն սրտաբան, «Բեսթ Լայֆ» հայ–ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանը սրտաբանության մեջ մեծ ավանդի և նվիրման համար բազմիցս արժանացել է մեծագույն պարգևների: Բժշկի բացառիկ մարդասեր տեսակը, անուրանալի ավանդն ու անձնվեր աշխատանքը մարդկային կյանքերի փրկության անօրինակ սխրանք է: Նրա վաստակը պարզապես անգնահատելի է, իսկ ավյունն ու ջանասիրությունը` օրինակ շատերի համար:
Մարդկային բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ Համբարձումյանի գլխավորությամբ կենտրոնում ցուցաբերվում է լայնածավալ բուժօգնություն` սրտաբանության հիմնական ուղղություններով։ Նրա գլխավորությամբ աշխատակազմը շատ մեծ պատասխանատվությամբ ու բժշկին վայել պատվախնդրությամբ լուծում է սրտաբանության մեջ ծառացած վիրաբուժական և ոչ վիրաբուժական ցանկացած բնույթի խնդիր։
-Պարոն Համբարձումյան, ինչպե՞ս է դրսևորվում առիթմիան, որոնք են առիթմիայի առավել հաճախ հանդիպող նշանները:
- Սրտաբանական հիվանդությունների շարքում մեծ տարածում ունեն սրտի ռիթմի տարատեսակ խանգարումները` հասարակության մեջ ճանաչում գտած առիթմիա անվանումով։ Գանգատները դրսևորվում են շնչարգելությամբ, սրտի անկանոն աշխատանքով, երբեմն` գլխապտույտով, բուժառուները հաճախ նշում են, որ նկատում են սրտի աշխատանքի ավելի ուժգին լսելիությունը, կամ հակառակը՝ չեն լսում սրտի զարկերը։ Կան առիթմիայի տարբեր տեսակներ` տարբեր վտանգավորության աստիճանի, այսինքն` անվտանգ առիթմիայից մինչև շտապ հոսպիտալացման կարիք ունեցող առիթմիա։ Շատ է հաճախացել մեր ազգաբնակչության մեջ նախասրտերի շողացող առիթմիան, որի դեպքում նախասրտերն անկանոն կծկումներ են ունենում: Կարևոր է հիշել, որ ցանկացած խնդրի դեպքում պետք է վաղ դիմել բժշկի, որպեսզի ախտորոշվի առիթմիայի տեսակը, և մշակվի բուժմոտեցման համապատասխան ձևը։
-Ո՞ր խնդրի հետևանքով է անձն ունենում սրտխփոց հանգստի ժամանակ:
-Սիրտը, հանդիսանալով շատ զգայուն օրգան, սրտխփոցի տեսքով արձագանքում է օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած փոփոխության, լինի դա օրգանական, օրինակ` ստամոքս-աղիքային տրակտի կամ վահանաձև գեղձի խնդիրներ, թե` սթրեսային իրավիճակներ:
-Կարծես թե, ազգաբնակչության շրջանում հաճախացել են քնային զարկերակերի հետ կապված խնդիրները: Խնդրում եմ նշեք, որոնք են տվյալ հիվանդության ախտանիշները:
-Քնային զարկերակի նեղացումը կարող է զարգանալ առանց ախտանշանների և հայտնաբերվի պատահական հետազոտությունների արդյունքում: Եթե բուժառուն ունի որևէ համակարգի անոթային ախտահարում, այսինքն, եթե ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի անոթների ախտահարում, ապա անպայման պետք է հետազոտվեն քնային զարկերակները, կամ հակառակը, եթե ունեցել է ոտքի անոթների խնդիրներ, խցանումներ, պետք է անպայման հետազոտվեն սրտի անոթները կամ քնային զարկերակները:
Ամբողջ անոթային համակարգը փոխկապակցված է, ախտահարման առաջնային պատճառներից է աթերոսկլերոզ հիվանդությունը կամ լիպիդային փոխանակության խանգարումը, որն արտահայտվում է բուժառուների շրջանում առավել հայտնի խոլեստերինի մակարդակի տատանումներում:
Մեր բժշկական կենտրոնում սահմանել եմ լիակատար հետազոտման ընթացակարգ, և մեր բոլոր բուժառուները, որոնք անցնում են սրտային վիրահատություններ, սրտի անոթների ստենտավորում, արդեն իսկ մինչհոսպիտալացման փուլում անցնում են այն բոլոր հետազոտությունները, որոնք ուղղված են հայտնաբերելու ցանկացած անոթային խնդիր: Այդ կապակցությամբ կատարվում են պարանոցի անոթների (քնային զարկերակների հիվանդությունները հայտնաբերելու նպատակով) և ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն: Այս հետազոտություններն անցավ են, տևողությունը 15-20 րոպե է, բայց մեզ համար` բավականին ինֆորմատիվ։
Հարկավոր է նշել, որ 80 տոկոս դեպքերում հայտաբերվում են այս կամ այն աստիճանի բարդության խնդիրներ։ Ճիշտ է, ոչ բոլոր դեպքերն են թելադրում վիրահատական միջամտություն, բայց մեծ մասամբ տեսնում ենք ախտահարված քնային զարկերակներ` 40-80 տոկոս նեղացումներով, և այդ 80 տոկոսից մոտավորապես 50-60 տոկոսը կարիք են ունենում ինչ-որ միջամտության, դեղորայքային բուժման կամ քնային զարկերակների ստենտավորման, որը մեր կենտրոնում կատարվում է ամեն օր, փակ կամ բաց եղանակով։
-Ովքե՞ր կարող են դառնալ «Բեսթ Լայֆ» պոլիկլինիկաների շահառուներ։
-Ոչ մի սահմանափակում չկա` մեր կողմից սահմանված, տարածքային և մարզային ցանկացած բուժառու, ով կցանկանա դառնալ «Բեսթ Լայֆ» պոլիկլինիկայի շահառու, կարող է դիմել մեզ, շատ արագ ընթացակարգով կկատարվի գրանցման աշխատանքը օնլայն կարգով, օրեր և ամիսներ սպասելու կարիք չկա։
-Արդյո՞ք ունեն արտոնություններ պետպատվերի շահառու հանդիսացող քաղաքացիները, եթե բուժօգնություն են ստանում «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում։
-Այո ունեն, շուրջ 5 տարի է, ինչ մեր բժշկական կենտրոնում պետպատվերի շրջանակներում ծրագրի շահառուները տարատեսակ խնդիրների դեպքում սպասարկվում են անվճար հիմունքներով: «Փարոսի» շահառուները, ովքեր ունեն 28 և ավելի բալ, իրենց համար բոլոր սրտային վիրահատական միջամտությունները կատարվում են անվճար՝ կորոնարոգրաֆիա, ստենտավորում, բաց վիրահատություն, ռիթմավար սարքերի տեղադրում: Զինվորականները և իրենց ընտանիքի անդամները վերը նշված միջամտությունները նույնպես ստանում են անվճար, հաշմանդամության 1-ին, 2-րդ, և 3-րդ կարգի հաշմանդամերը նույնպես հնարավորություն ունեն օգտվել վերը նշված ծառայություններից, ինչը սահմանված է պետական կարգով։
Ուղղակի, մեր հասարակության մեջ մի թյուր կարծիք կա, որ անվճար ասվածի տակ ամեն ինչն է անվճար, բայց այդպես չէ։ Ենթադրենք, ցանկանում են առանձին հիվանդասենյակ, իհարկե, դա վճարովի է, կամ վիրահատության ժամանակ կամ հետո արյան փոխարինիչների ներարկման կարիք կա, պլազման, արյունը կրկին անվճար չէ։
Պետության կողմից երաշխավորված և սահմանված կարգ կա. օրինակ` դեղորայքային բուժման դեպքում 15.000 դրամ և ավել գնային արժողությամբ թանկ անտիբիոտիկ ստանալու դեպքում, կամ եթե ալբումին պետք է ներարկել, պետք է վճարել: Այսինքն 90 տոկոս դեպքերում անվճար է, իսկ 10 տոկոս հավելյալ բուժմոտեցումների անհրաժեշտության դեպքում անվճար չէ։
-Տեղյակ ենք, որ համագործակցում ենք սիրտ-անոթային և ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում տասնամյակների փորձ ունեցող պրոֆեսոր Մասահիսա Յամանեի հետ, ով Ճապոնիայի Saitama Sekishinkai հիվանդանոցի սիրտ-անոթային բժշկության ավագ խորհրդատուն է։ Կմանրամասնե՞ք այդ համագործակցության արդյունքների մասին։
-Նախկինում այն բուժառուն, ով ունենում էր սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, օրինակ` անոթները փակ էին կամ երկար ժամանակ ունեցել է քրոնիկ փակ անոթ, այդ դեպքում կատարվում էին բաց վիրահատություններ։ Պրոֆեսոր Յամանեն աշխարհում այն 5-6 նեղ մասնագետներից մեկն է, ով բերեց այս ոլորտի մի նոր ճյուղ, որը կոչվում է քրոնիկ փակ անոթների բացում, ինչպես անտեգրատ, այնպես էլ ռետրոգրատ ճանապարհով։ Հատուկ գործիքների, միկրոկատետրների, ուղելարերի օգնությամբ հակադարձ կամ անտեգրատ եղանակով մտնում և բացվում է այդ փակ անոթը։
Այդ մեթոդը ներդրվել և կիրառվում է մեր կենտրոնում շուրջ 5 տարի, տարեկան վիրահատում ենք մոտ 70-80 բուժառուների: Մեր իրականությունում սա բավականին լուրջ թիվ է: Եթե նախկինում պետք է կատարվեր բաց եղանակով վիրահատական միջամտություն, այսինքն` կրծքավանդակը հատվեր, բարձր լինեին ռիսկի գործոնները, իրականացվեր հետվիրահատական ապաքինման բարդ շրջան, ապա հիմա նման հիվանդությունների մեծ մասի բուժումը փակ եղանակով է կատարվում։
Այո, այդ մեթոդի ներդրման մեջ մեծ լումա ունի պրոֆեսոր Յամանեն, ինչպես նաև պրոֆեսոր Ալֆրեդո Գալասին, որոնց հետ մենք տարին 1-2 անգամ պարբերաբար կատարում ենք փորձի փոխանակում. կամ իրենք են գալիս, կամ մեր մասնագետներն են գնում, և այդ մեթոդը, վստահորեն կարելի է ասել, հաջողությամբ կիրառվում է մեր կենտրոնում:
-Պարոն Համբարձումյան, ձեր բժշկական կենտրոնն արդյո՞ք ունի նոր ասելիք սրտաբանության ոլորտում։
- Երբ ստեղծեցինք «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը, որդեգրեցինք այն քաղաքականությունը, որ չպետք է լինենք հերթական բժշկական բիզնես կենտրոնը, որոշեցինք լինել մի կենտրոն, որն առաջատարը կլինի ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում։ Եվ դրա վառ ապացույցն ու գնահատանքն է ISO 9001:2015 միջազգային սերտիֆիկացումը։ Բժշկությունն այսօր մեզ մշտապես պահում է նորարարությունների զարկերակի վրա, անվերջ պահանջում է վերապատրաստում և փորձի փոխանակում:
Շատ դեպքերում մենք ինքնուրույն չենք կարող այդ առաջընթացը գրանցել, քանզի այն կախված է մեծ ֆինանսերի և այլ գործոնների հետ, իսկ ճապոնացի պրոֆեսոր Յամանեն աշխարհահռչակ ճապոնական առաջատար «Ասսա» ընկերության (ամբողջ աշխարհում առաջատարն է քրոնիկ անոթների համար նախատեսված գործիքների արտադրությամբ) առաջատար մասնագետն է և էքսպերտը այս ոլորտում: Եվ պարբերաբար նրա այցերը, թրեյնինգները, մաստեր կլասները բերում են մեզ նոր մակարդակի այդ մասնագիտության մեջ: Եվ փառք Աստծո, ինչը, որ կատարվում է աշխարհում քրոնիկ փակ անոթների բացման ուղղությամբ, նույն մակարդակով կատարվում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում։
Անցած տարի դեկտեմբերին, պրոֆեսոր Յամանեի հետ մեր կենտրոնում կատարեցինք մի շարք բարդագույն վիրահատություններ, և այդ համագործակցության արդյունքում մենք ստեղծեցինք նաև բորտ. երբ խորհրդատվության կարիք է լինում, կամ երբ լինում են բարդագույն դեպքեր, դիմում ենք պրոֆեսորներ Ալֆրեդո Գալասիին և Յամանեին, կապ ենք հաստատում իրենց հետ և քննարկման արդյունքում` կոնսուլիումի միջոցով, գալով ընդհանուր հայտարարի, տվյալ բուժառուի համար ընտրում ենք բուժման լավագույն տակտիկան: Նշեմ, որ մեր մասնագետներն էլ հմտանում են այդ ուղղվածությամբ, և անցյալ տարի մեր մի քանի մասնագետներ մեկնեցին Ճապոնիա` տվյալ ուղղվածությամբ վերապատրաստման:
-Նշեցիք, որ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը պաշտոնապես ստացավ ISO 9001:2015 միջազգային սերտիֆիկացում։ Շնորհավորում ենք այդ առիթով և մաղթում նորանոր ձեռքբերումներ։ Կմանրամասնե՞ք:
-Մենք որդեգրել ենք հետևյալ գաղափարը, որ պետք է նվազագույն ծախսով ստանանք առավելագույն արդյունք, և եթե մենք գնային քաղաքականությունը փոփոխում ենք՝ գնիջեցման հաշվին, իհարկե չի տուժում որակը:
Մեր բժշկական կենտրոնը հանդիսանում է մի շարք առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը, որոնք լավագույնն են աշխարհում։ «Բիոտրոնիկ» ընկերությունը, որը լավագույնն է թե՛ առիթմոլոգիայի ոլորտին վերաբերող արտադրանքով, թե՛ իր ստենտերով, նրանց «Օստերոմիշեն» ստենտն այսօր լավագույնն է ամբողջ աշխարհում, որը Հայաստանում տեղադրվում է միայն մեր կենտրոնում, և իրենց դեղապատ «պանտերալյուքս» բալոնները, որոնք կրկին աշխարհում լավագույնն են համարվում, նույնպես կիրառվում են մեզ մոտ:
«ԱՍՍԱ» աշխարհահռչակ ճապոնական ընկերությունն առաջատարն է աշխարհում ինտրերվեցիոն սրտաբանության մեջ իր բժշկական գործիքներով՝ միկրոկատետրների, կատետրների ուղելարերի և այլն բժշկական պարագաների առումով։ Ինչպես նաև ամերիկյան «Մեդլայն» բժշկական ընկերությունը, որը կրկին լավագույնն է իր արտադրության ոլորտում ամբողջ աշխարհում բժշկական պարագաների` թանզիֆից, անձեռոցիկից սկսած, տարբեր բժշկական պարագաներով վերջացրած, որոնց ներկողը կրկին մենք ենք։ Եվ արդյունքում այս լավագույն ընկերությունների արտադրատեսակներով, նվազագույն գնով բուժառուներին տալիս ենք առավելագույն արդյունք: Ե՛վ մեր մասնագետները, և՛ բժշկական կենտրոնի կառուցվածքը, լոգիստիկան, պոլիկլինիկան և շտապօգնությունը, որտեղ տեղակայված են վերակենդանացման բաժանմունքները (դրանք երրորդ մակարդակի են իրենց հագեցվածությամբ) ISO 9001:2015 միջազգային սերտիֆիկացման շնորհմամբ ստացան ճիշտ և գրագետ աշխատանքի գնահատականը:
Ուսումնասիրում ենք թե՛ տեղային, թե՛ միջազգային առողջապահական շուկան:
Այն բժշկական միջամտությունները, որոնք տալիս են նվազագույն ռիսկ և առավելագույն արդյունք, միանգամից տեղայնացում ենք մեր կենտրոնում։
Մեր կենտրոնը Հայաստանում միակն է, որը զբաղվում է լուծվող ստենտերի տեղադրմամբ, միակն ենք տարածաշրջանում, որ կիրառում ենք «Շոկվեյ» սարքը, այսինքն, երբ անոթը կարծրացած ու քարացած է, կատարվում է միջամտություն, որը կոչվում է ներանոթային լիտոտրիպսիա, և այդ հատուկ մեթոդով կոտրվում են «կարծրացումները», արդյունքում բացվում է անոթը։
Միակն ենք Հայաստանում, որ կատարում ենք աորտալ փականի պրոթեզավորում հիվանդի սեփական պերիկարդից, որն ունի շատ բարձր ռիսկեր, բայց նաև`մի շարք առավելություններ։
Նշեմ, որ մեր բժշկական կենտրոնում զարգացնում ենք նաև անոթաբանությունը: Տարբեր տեսակի անոթային խնդիրների դեպքում՝ կրծքային, որովայնի աորտայի խնդիրներ, կատարում ենք էնդոպրոթեզավորում` բաց և փակ եղանակով։ Այսինքն` մենք անում ենք ամեն հնարավորը ու անհնարը, որ մեր հասարակությունը ստանա ամերիկյան և եվրոպական բժշկությանը համընթաց մատչելի արժեքով բարձրակարգ բուժօգնություն։
Ունենք շտապօգնության ծառայություն, քանի որ շատ կարևոր է ժամանակին հիվանդին բժշկական կենտրոն հասցնելը, ախտորոշել և տալ անհրաժեշտ բուժօգնությունը։ Շտապօգնություն ծառայությունն անվճար է, և Երևան քաղաքի տարածքում սիրտ-անոթային համակարգի ցանկացած խնդրի դեպքում՝ կրծքավանդակում ցավի զգացում, հևոցի, սրտի անկանոն աշխատանքի դեպքում կարող են արագ զանգել մեր Շտապօգնության ծառայություն, և մասնագետների բրիգադը, տալով արագ և ճշգրիտ առաջին բուժօգնությունը, անհրաժեշտության դեպքում բուժառուին միանգամից կտեղափոխի մեր բժշկական կենտրոն` ստանալու անհրաժեշտ անվճար բժշկական օգնություն։
Հասարակությունը պետք է ընտրի այն բժշկական կենտրոնները, որտեղ սիրտ-անոթային համակարգի խնդիրների դեպքում մատուցվում է ամբողջական բուժօգնություն։
-Եվ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հանրությանը, մեր ընթերցողներին։
-Մեր հասարակությանը միայն կմաղթեմ համբերատարություն, այն, ինչ մեր ժողովուրդը վերապրեց այս վերջին 4-5 տարիներին, անբուժելի ցավ է. պատերազմ, մեր արցախյան հայրենակիցների տնազրկում, գաղթականներ: Կցանկանամ, որ հավատով լցվենք առ Աստված, լինենք միասնական, միաբան, իրար սիրող, ներող. միաբանության մեջ է մեր հաջողությունը։ Եվ մեր հասարակությունը թող հետևություններ անի այս իրավիճակներից. արժևորենք այն, ինչ ունենք` մի կողմ թողնելով հպարտություն ասվածը, միմյանց քննադատելն ու փնովելը: Ես լիահույս եմ, որ Աստված դեռ իր վերջին խոսքը չի ասել Արցախ աշխարհի հարցում։ Միգուցե, շատերի համար անտրամաբանական թվա ասածս, բայց ես հավատում եմ, որ Արցախ աշխարհը կրկին մերն է լինելու։
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Կասեմ, որ հուրախություն մեզ, մեր բժշկությունը վստահելի ձեռքերում է
Կոչումով բժշկին բոլոր ժամանակներում էլ բնորոշ են եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, հիվանդի ցավը խորապես վերապրելով` նրան մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ապաքինելը:
Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, այլ նաև ճակատային պայքարող զինվոր` հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործական կյանքի, հանուն խաղաղության:
Մեր զրուցակիցն է Բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, Հայաստանի վիրաբույժների հայկական ասոցացիայի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը: Վիրաբուժության մեջ ներդրած մեծ ավանդի համար բժշկական երկարամյա դարբնոցում մշտապես արծարծվում է մեծանուն վիրաբույժի անունը, ով բժշկագիտության մեջ յուրահատուկ անհատականություն է՝ իր տարբերվող մտածողությամբ ու հույզերով, իր գործի արժեքով ու ճշտությամբ: Լինելով ճանաչված բժիշկ ու իր ժողովրդի նվիրյալ զավակ՝ նա արդեն երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը: Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջև դրված նպատակի իրականացում:
Բազում պարգևներից և կոչումներից, իր բարձր հեղինակությունից նա երբեք չի մեծամտացել, բժշկությանը սիրահարված մարդ է՝ միշտ զգոն և աչալուրջ, միշտ աշխատասեր ու պահանջկոտ: Նա ողջ էությամբ տարված է իր աշխատանքով և հավակնություններ չունի` իր անձի շուրջ հերոսական պատմություներ լսելու: Մարդ, որն իր կյանքը նվիրել է մարդկային կյանքեր փրկելու, նոր կյանք պարգևելու մեծ ու սուրբ առաքելությանը:
-Պարոն Միրիջանյան, խոսենք ձեր կլինիկայի՝ վիրաբուժության դարբնոցի մասին, որը ղեկավարելու մեծագույն և պատասխանատու բեռը երկար տարիներ դրված էր Ձեր ուսերին։
-Ասեմ, որ մեր բաժանմունքը սկսել եմ ղեկավարել 1996 թվականից, երբ պաշտպանեցի դոկտորական թեզ «Էրեբունի» բժշկական կենտրոնում որպես ամբիոնի աշխատակից, Հովհաննես Վազգենիչի հանձնարարականով տեղափոխվեցի այստեղ` որպես Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավար։ Չեմ ցանկանա խոսել մինչ իմ ղեկավարելը կլինիկայի վիճակի մասին. միայն մի բան կասեմ` այդ տարիներին կլինիկայի վիրասրահը ջեռուցվում էր փայտի վառարանով։ Եվ ստանձնելով մեծ պատասխանատվություն` փորձեցի հունի մեջ դնել առկա իրավիճակը: Այդ տարիներին մեր կլինիկայում աշխատում էին եթե ոչ Հայաստանի, ապա Երևանի լավագույն վիրաբույժները։ Բայց արդեն նրանք մեծահասակ տարիքային շեմին էին, և իհարկե արդեն նկատելի էին որոշ դժվարություններ, քանզի հայկական մտածելակերպում կա այն կարծրատիպը, որ սկսում են արդեն չվստահել տարիքն առած մասնագետներին, որը նկատելի է նաև այսօր: Եթե նախկինում 1 ամսում 80-100 վիրահատություն էին իրականացնում, ապա այսօր երևի թե` 8-10, և այդ կարծրատիպը հաշվի առնելով` ցանկացա իմ ձեռք բերած փորձը փոխանցել իմ ավանդը շարունակողներին` կրթելով ապագա բժիշկների։ Մեր կլինիկայի անունը բարձր էր հնչում շնորհիվ այդ տարիներին մեծ ճանաչում ունեցող վիրաբույժների թիմի՝ Կամիս Մարտիրոսյան, Զարե Աբրահամյան, Պավել Սիմոնյան, Յուրա Կարապետյան և պրոֆեսոր Սուրեն Զախարի Հովհաննիսյան, ով Հայաստանի այդ տարիների լավագույն վիրաբույժներից մեկն էր, պատկառելի հզոր թիմ` Հովհաննես Վազգենիչի ղեկավարությամբ: Այնուհետև իմ ղեկավարման տարիներին փորձեցի նորամուծություններ ներառել մեր կլինիկայում: Իրականում ունեինք լավագույն աշխատանքային թիմ, չէի ասի` շատ երիտասարդ էինք, երիտասարդների շարքերում ես էի, Հրաչյա Բաղդասարյանը և մի շարք լավագույն մասնագետներ: Թող ամպագոռգոռ չթվա, բայց սկսեցինք աշխատել մեծ նվիրվածությամբ` աշխատելով լավագույն արդյունքներ ապահովել, կատարելով ամեն տեսակի վիրահատություններ` որովայնի խոռոչի, ինչու չէ, նաև կրծքավանդակի անհետաձգելի դեպքերի հետ կապված։ Եղել են նաև դեպքեր, որ կատարել ենք սրտի և թոքի դանակահարության և հրազենային վնասվածքներով անհետաձգելի վիրահատություններ։ Ցավոք, այդ տարիներին նման դեպքերը շատ էին, բայց փառք Աստծո, մեր երիտասարդ, բայց հմուտ մասնագետների ներուժի և նվիրումի շնորհիվ հասնում էինք հիանալի արդյունքների։ Կրթվելով և մեծ փորձ ձեռք բերելով իրենց ոլորտում` մեր երիտասարդ կադրերն առաջ շարժվեցին, ցավոք, մի քանիսը գնացին արտերկիր աշխատելու, մնացին նաև այդ լավագույն կադրերից Հովհաննես Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, ով այսօր փոխարինում է ինձ ամբիոնի վարիչի և կլինիկայի ղեկավարի պաշտոններում։ Ես մեծ ուրախությամբ, առանց մեկ վայրկյան կասկածելու, վստահեցի նրան այդ պատասխանատու գործը: Ցանկանում եմ նշել նաև Արման Կիրակոսյանի, Արամայիս Յուրևիչի, իմ եղբոր տղայի` Արամ Միրիջանյանի անունները, լավագույն աշխատանքային թիմ ունենք` նաև բուժքույրերի և մայրապետների առումով: Երախտապարտ եմ բոլորին, որ կարողացել ենք շուրջ 30 տարիների ընթացքում լավ աշխատանքային թիմ ձևավորելով` հասնել բավականին լավ արդյունքների։ Մեր երիտասարդ վիրաբույժներն այսօր կիրառության մեջ ներդրել են նորագույն մեթոդներով վիրահատական միջամտություններ: Մեր թիմում է նաև օնկոլոգիական հմուտ վիրաբույժ Գագիկ Աշոտի Համբարձումյանը, ինչպես նաև իր տղան, ովքեր կատարում են լապարոսկոպիկ օնկոլոգիական, օրինակ` հաստաղիքի, հետորովայնային տարածության գոյացությունների, թափածակված խոցի, ճողվածքների, կույր աղիքի վիրահատություններ։ Աշխատում ենք մշտապես լինել վիրաբուժության նորարարությունների զարկերակին: Մեր վիրաբույժերին միշտ հորդորում եմ կլինիկայում ներդնել բոլոր նորարարական մեթոդները, իսկ խոչընդոտների դեպքում դիմել ղեկավարությանը` նոր անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար։
-Ըստ Ձեզ` ո՞րն է ձեր բաժանմունքի հաջողության գրավականը։
-Մեր հաջողության գրավականը աշխատանքային թիմի անվերապահ նվիրումն է, որևէ մեկի մոտ չեմ տեսել թերացում իր աշխատանքի մեջ` սկսած մայրապետներից, քույրերից և բժիշկներից, բոլորը կատարում են անհնարն և հնարավորը իրենց ուսերին դրված գործը պատվով կատարելու համար:
-Ի՞նչ նոր ասելիք ունի այսօր Ձեր բաժանմունքը, և որն է, ըստ Ձեզ, Ձեր ղեկավարած բաժանմունքի առաքելությունը մինչ օրս:
-Մեր առաքելությունը մարդկանց առողջությունը վերականգնելն է։ Այսօր այդ առաքելությունը պետք է միանա գիտության և արդի նոր տեխնոլոգիաների ներդրումը. չէ՞ որ մենք նաև բժշկական կարևորագույն ամբիոն ենք ներկայացնում:
-Հաճախ ենք Ձեր մասին լսել հետևյալ արտահայտությունը` պարոն Միրիջանյանը վիրտուոզ վիրաբույժ է և հոգատար ուսուցիչ։
-Շնորհակալ եմ նման գնահատանքի համար, հուսամ, որ իմ անցած ուղին ներդրում է մեր ոլորտում, ուղղակի ես չեմ սիրում իմ մասին ամպագոռգոռ խոսքեր լսել։ Աշխատանքս մինչ օրս մեծ նվիրումով եմ կատարում և փորձս փոխանցում մեր երիտասարդ կադրերին։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում բժշկությունը վստահելի ձեռքերո՞ւմ է:
-Կասեմ, որ հուրախություն մեզ, մեր բժշկությունը վստահելի ձեռքերում է։ Կարևոր է նաև կառավարություն աջակցությունը մեր առողջապահական համակարգին, և որ երբեք չմարի հանրության վստահությունը։ Հասարակությունն այսօր ավելի պահանջատեր է դարձել, վստահություն, ցավոք, շատ չեմ տեսնում, պատճառը ես էլ չեմ կարող ասել։ Հավատացեք, մեր բժիշկները մեծ բուժօգնություն եմ ցուցաբերում`իրականում չունենալով այն տեխնիկական հագեցվածությունը, ինչն առկա է արտերկրում։
-Եթե կրկին մասնագիտություն ընտրելու առջև կանգնած լինեինք, կրկին կընտրեի՞ք վիրաբուժությունը։
-Միանշանակ կրկին ու կրկին կընտրեի իմ սիրելի վիրաբուժությունը` բայց առավել կներգրավվեի տեխնիկական հագեցվածության ապահովման գործին` ավելի մեծ արդյունքներ գրանցելու համար։
-Ո՞րն է պարոն Միրիջանյանի համար մասնագիտական դեղատոմսը՝ լավ բժիշկ դառնալու միակ նախապայմանը։
-Հոգատարությունը և գիտելիքների կիրառությունը։
-Ձեր տեսակով պահանջկո՞տ եք Ձեր և Ձեզ շրջապատող մարդկանց հանդեպ։
-Կասեմ, որ բավականին շատ, պաթոլոգիական աստիճանի պահանջկոտ եմ իմ և ինձ շրջապատող մարդկանց հանդեպ:
-Պարոն Միրջանյան, Դուք միշտ հանրության ուշադրության կենտրոնում եք, բազմիցս արժանանում եք մրցանակների, ի՞նչ են տալիս այդ մրցանակները Ձեզ։
-Այդ մրցանակներն ինձ իրականում ոչինչ չեն տալիս, դրանք իմ ժառանգներին և թոռնիկներին են հպարտանալու առիթ տալու, որ հետագայում ասեն, որ իրենց պապիկը արժանացել է հանրության նման գնահատանքին։
-Ո՞րն է Ձեր ամենակարևոր խորհուրդը, որ տալիս ենք սկսնակ բժիշկներին։
-Առաջինը` լինել լավ մարդ, մարդասեր ու իրենց աշխատանքի նվիրյալը։
-Ի՞նչ մաղթանք և հորդոր ունենք մեր հասարակությանը, մեր ընթերցողներին:
- Մեր երկրին խաղաղություն եմ մաղթում, մեր հասարակությանը՝ առողջություն, իսկ բժիշկներին` համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ և հաստատուն կամք։ Ցանկանում եմ, որ մարդիկ վստահեն բժիշկներին և համբերություն ու լավատեսություն ունենան վաղվա օրվա հանդեպ։ Թող միշտ մեր ավանդական սեղանների շուրջ հնչող առողջության մաղթանքներն իրականանան: Բայց այդ մաղթանքի տակ ամեն ոք իր լուման պետք է ունենա իր առողջության պահպանման համար, առողջ ապրելակերպ սահմանի իր համար: Մաղթում եմ մեր հայ ազգին, որ ոչ ոք հիվանդ չունենա իր ընտանիքում, իսկ եթե արդեն առկա է խնդիրը, հաղթահարեն առողջ ապաքինման ելքով։
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
«Առողջությունից զատ, չկա ավելի կարևոր բան, այն մեր գլխավոր արժեքն է»
Առողջապահական համակարգը պարբերաբար նոր նշաձողեր է սահմանում, և Հայաստանը նույնպես անմասն չի մնում բժշկության բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան առաջատար կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը: Տարեցտարի աճում է ալերգիայի տարբեր տեսակներով տառապող մարդկանց թիվը, և այսօր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ ախտորոշվում է այդ հիվանդությունը: Իմունային համակարգը հուսալի պաշտպանություն է ապահովում արտաքին միջավայրի բացասական ազդեցությունից և խոչընդոտում օտարածին տարրերի ներթափանցումը օրգանիզմ: Նորմալ վիճակում իմունային համակարգի արձագանքը համապատասխանում է օրգանիզմի վրա ախտածին տարրի ազդեցության ուժին: Ալերգիկ բնույթի պաթոլոգիաներից տառապող մարդկանց մոտ նկատվում է իմունային համակարգի բարձր ակտիվություն` նույնիսկ նվազագույն արտաքին ազդեցության դեպքում: Որոշ բժիշկներ այդ հիվանդության լայն տարածումը կապում են բնապահպանական վիճակի վատթարացման, փոշու պարունակության ավելացման հետ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ այլ բնակելի տարածքներում:
Մեր զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի ալերգոլոգ-իմունոլոգ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ: Բժշկուհին իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է հիվանդների հանդեպ: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձևավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը:
-Բժշկուհի, ինչ է անաֆիլակտիկ շոկը, և ինչպես է այն դրսևորվում։
-Անաֆիլակտիկ շոկը արտաքին ազդակների հանդեպ մարմնի սուր, ալերգիկ ռեակցիան է. զարգանում է կայծակնային արագությամբ, պատճառ կարող են լինել դեղորայքը, սնունդը, միջատների խայթոցը։
Այն անաֆիլաքսիայի ծանրագույն դրսևորումն է, որը բնորոշվում է զարկերակային ճնշման անկմամբ, հյուսվածքային օքսիգենացիայի խանգարմամբ: Ծանր ալերգիկ ռեակցիա է, որը զարգանում է արագ՝ ընդհուպ մահվան ելքով։ Առաջանում է որոշ նյութերի՝ ալերգենների օրգանիզմ մուտք գործելու դեպքում, որի ախտանիշներն են ցանը, քորը` լեզվի կամ ըմպանի այտուցով, փսխումով, հևոցով։
-Դերմատիտի ի՞նչ տեսակներ կան։
-Դերմատիտների` մաշկաբորբների ամենատարածված տեսակներից են ատոպիկ, կոնտակտային, սեբորեային մաշկաբորբը, նեյրոդերմիտը, ինչպես նաև էկզեման։
-Դեղորայքային ալերգիան ի՞նչ պաթոլոգիաների կարող է հանգեցնել։
-Դեղորայքային ալերգիան օրգանիզմի գերզգայունությունն է որոշակի դեղամիջոցների նկատմամբ։ Դա իմունային համակարգի պատասխանն է ալերգենների՝ նույնիսկ նվազագույն քանակի դեպքում։ Հիմնական դրսևորումներից են մաշկային ցանը, քորը, կարող է առաջանալ անգիոայտուց, արագ զարգացող տեսակի ժամանակ ընդհուպ մահվան ելք։ Նաև դրսևորվում է արյունատար անոթների և հոդերի վնասմամբ։
-Ինչպիսի՞ն են կենցաղային, փոշուց և այլ ծագման ալերգիաների արտահայտման ձևերը։
-Գոյություն ունեն ալերգիկ ռեակցիաներ տան փոշուց, կենցաղային նյութերից, որոնք արտահայտվում են ցանավորումով, քորով, փռշտոցով, ալերգիկ մաշկաբորբի ձևով։
-Եղջերացանի ի՞նչ տեսակներ կան, և ո՞ր դեպքում կարող է այն զարգանալ։
-Եղջերացանը (լատ.՝ urticaria) ունի սուր և քրոնիկ ձևեր, արտահայտվում է շոշափելիությամբ, քորի զգացումով, լինում է տեղային և գեներալիզացած։ Առաջացման պատճառներն են սնունդը, դեղորայքը, ցուրտը, արևի ազդեցությունը, ներքին հիվանդությունները։
-Եթե տեղյակ ենք, որ ալերգիկ ենք, բայց չունենք նման ռեակցիաներ, կարիք կա՞ այցելելու ալերգոլոգի՝ կանխելու համար։
-Այո, պարտադիր պետք է այցելել բժիշկ-ալերգոլոգի և գտնվել ամբուլատոր բուժման հսկողության տակ։
-Ինչպե՞ս զսպել քորելու կամ փռշտալու ցանկությունը, կամ հնարավո՞ր է դրանց զսպումը, գուցե չի՞ կարելի։
-Զսպելը սխալ է, նաև կարելի է ասել, որ հնարավոր չէ։ Անհապաղ պետք է դիմել ալերգոլոգի։
- Արդյո՞ք որոշ մետաղներ կարող են ալերգիկ երևույթներ առաջացնել:
-Այո, գոյություն ունեն մետաղների հետ շփումից (շփումային ալերգիա), հատկապես ոչ թանկարժեք մետաղներից առաջացած ալերգիկ ռեակցիաներ։
- Ի՞նչ կասեք հղիների շրջանում ալերգիկ հիվանդությունների տարածվածության մասին:
-Հղիների մոտ ավելի հաճախ հանդիպող ալերգիկ ռեակցիաները սննդային և սեզոնային են։ Սովորաբար հղիության ժամանակ նոր ի հայտ եկած ալերգիաները անցնում են, սակայն դրանք պահանջում են անընդհատ հսկողություն ալերգոլոգների կողմից և համապատասխան թույլատրելի դիետա։ Իսկ եթե հղիի մոտ ախտորոշված է բրոնխիալ ասթմա, այդ դեպքում կիրառվում է նաև հորմոնոթերապիա։
-Ալերգիաները հիմնական բուժում ունենո՞ւմ են, թե՞ իրենց հետքն ամեն դեպքում թողնում են:
-Հիմնական բուժումը ալերգիաների ժամանակ, ինչպես և բոլոր մնացյալ հիվանդությունների, պարտադիր է, ինչն առաջին հերթին կբերի առողջության բարելավմանը և հետագայում կրկնվելու քչացմանը, ինչու չէ` նաև լիարժեք լավացմանը։
-Շատերն ինքնաբուժությամբ են զբաղվում հարևանի կամ բարեկամի խորհրդով: Ի՞նչ կասեք մեզանում տեղ գտած, լավագույն դեպքում՝ դեղատների «խորհրդատվությամբ» ինքնաբուժության վերաբերյալ:
-Վերաբերմունքս բացասական է, ինքնաբուժումը չի խրախուսվում, քանի որ այն շատ դեպքերում ավելի է խորացնում խնդիրը: Այնպես որ, ալերգիկ ֆոնի ի հայտ գալուն պես պետք է անպայման դիմել բժիշկ-ալերգոլոգի: Օգտվելով առիթից՝ հանրությանը հորդորում եմ և ոչ մի հիվանդության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, ժամանակին դիմել համապատասխան մասնագետի, ստանալ նրա խորհրդատվությունը, ու եթե կա կարիքը, նաև մասնագիտական օգնությունը: Դա լավագույն երաշխիքն է, որ հիվանդությունն արագ կբուժվի և չի դառնա քրոնիկական: Իսկ ալերգոլոգի առաջնահերթ խնդիրն է ապահովել մարդու կյանքի որակը՝ թեթևացնելով հիվանդության ախտանշանները:
-Կանդրադառնա՞ք կոսմետիկ միջոցներից ալերգիայի առաջացմանը:
-Դրանք կարող են առաջանալ օծանելիքից, շրթներկից, մազի ներկից, դեմքի կրեմներից և այլն։ Այս դեպքում առաջանում է մաշկի բորբոքում, ցանավորում և քոր։ Անհրաժեշտ է դադարեցնել կիրառել այդ միջոցները և ստանալ համապատասխան բուժօգնություն բժիշկ-ալերգոլոգի կողմից` հետագայում բժշկի հետ ընտրելով համապատասխան հիպոալերգիկ կոսմետիկ միջոցները։
- Որպես մեր զրույցի վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։
-Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության, ամեն ինչ ոչինչ է: Չգիտեմ՝ որպես վերջաբա՞ն, հորդո՞ր կամ խնդրա՞նք գուցե, դիմում եմ մեր հասարակությանը, որ գնահատեն իրենց առողջությունը, վստահեն բժիշկներին: Մեր հասարակությանը կհորդորեմ պահպանել առողջությունը, քանզի առողջությունից զատ, չկա ավելի կարևոր բան, այն մեր գլխավոր արժեքն է։ Ես լիահույս եմ, որ ամենամեծ սերը, որը մենք կարող ենք պարգևել մեր ընտանիքին և աշխարհին, մենք ենք՝ առողջ վիճակում։ Միայն առողջ հասարակությունը, առողջ ազգն է ընդունակ բարձր նվաճումների։ Առողջ եղեք:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
«Հիվանդի հավատն է ինձ պարտավորեցնում և ոգեշնչում, քանի որ նա ինձ վստահում է ամենաթանկը` աչքի լույսը»
Ակնաբուժությունը բժշկության ամենազարգացած ճյուղերից մեկն է Հայաստանում:
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը` Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական հաստատությունը, հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որտեղ իրականացվում է ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն` միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս ամենը հնարավորություն է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները:
Կենտրոնի 45 տարիների կերտած պատմությունն իր մեջ է կրում բազմաթիվ անուններ, որոնց շնորհիվ մենք հնարավորություն ունենք քայլելու աշխարհի զարգացման ռիթմին համահունչ: Պատմությունը նույնքան գեղեցիկ է, որքան ազնիվ ու գեղեցիկ են եղել նպատակներն այն մարդկանց, ովքեր իրենց մնայուն քայլերն են կատարել այս ճանապարհին:
Արդյո՞ք հայկական ակնաբուժությունը տիրապետում է ժամանակակից բուժման արդիական մեթոդներին, ունի՞ համապատասխան մասնագիտական ու նյութատեխնիկական ներուժ` արդյունավետ բուժօգնություն տրամադրելու համար:
Հայկական ակնաբուժության խնդիրների ու զարգացման միտումների մասին զրուցեցինք Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Սրբուհի Բաբաջանյանի հետ: Բժշկուհու երկար տարիների նվիրյալ աշխատանքը իսկապես մեծագույն սխրանք է, իսկ կյանքը՝ բացառիկ հրաշք: Նրա բազմամյա վաստակը ակնաբուժության մեջ պարզապես անգնահատելի է, իսկ ավյունն ու ջանասիրությունն օրինակ կարող են լինել շատ-շատերի համար:
-Բժշկուհի, ի՞նչ է կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան, և ո՞ր դեպքում է այն իրականացվում։
-Նախ մեր ընթերցողներին հիշեցնենք կատարակտ հիվանդության մասին: Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական ոսպնյակը, դա թափանցիկ փոքր լինզա է աչքի ներսում, գտնվում է անմիջապես բբի ետևում և ֆոկուսավորում է լույսը այնպես, որ պատկերն ընկնի ուղիղ ցանցենու կենտրոնի վրա: Ժամանակի ընթացքում այս կամ այն պատճառով ոսպնյակը կարող է պղտորվել` կորցնելով իր թափանցիկությունը, որն էլ իր հերթին բերում է տեսողության սրության խանգարման։ Ոսպնյակի ցանկացած պղտորումը կոչվում է կատարակտ: Կատարակտի առաջացման պատճառները տարբեր են: Դրանք հիմնականում տարիքային փոփոխություններն են, և սովորաբար 60 տարեկանից հետո են զարգանում, ավելի հազվադեպ հանդիպում են բնածին կատարակտները: Տրավմաները նույնպես կարող են դառնալ կատարակտի առաջացման պատճառ, ինչպես նաև որոշ դեղորայքների երկարատև ընդունումը։ Կատարակտի ժամանակակից բուժմոտեցումը միայն վիրահատական է, այլ մեթոդներ գոյություն չունեն, քանի որ դեղորայքային կամ ժողովրդական ավանդական մեթոդներով բուժումները չունեն ոչ մի էֆֆեկտիվություն, և աչքի ցանկացած կաթիլներ չեն կարող բուժում համարվել կատարակտի համար։ Կատարակտի հայտնաբերումը բավականին հեշտությամբ է իրականացվում` բիեոմիկրոսկոպիայի օգնությամբ։ Եվ ինչպես արդեն նշեցի, արդի բուժմոտեցումը վիրահատական է՝ կոչվում է կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա: Վիրահատական միջամտությունը կատարվում է տեղային անզգայացման պայմաններում՝ կաթիլների օգնությամբ։ Վիրահատության ընթացքը կարճատև է, որի ընթացքում բուժառուի բնական պղտորված ոսպնյակը հեռացվում է, և այն փոխարինվում է արհեստական թափանցիկ ոսպնյակով (լինզայով)։ Այս վիրահատության արդյունավետությունն այն է, որ կատարվում է շատ փոքր միկրոկտրվածքով ՝ մոտ 1,8 մմ, ոսպնյակի պարունակությունը հեռացվում է, նույն կտրվածքի միջոցով, առանց այն մեծացնելու տեղադրվում է արհեստական ոսպնյակ: Շատ կարևոր է, որ կար չի դրվում, հետվիրահատական շրջանն անցնում է բավականին դյուրին, դիսկոմֆորտը նվազագույն է: Հետվիրահատական շրջանում աստիգմատիզմ գրեթե չի հանդիպում` ի տարբերություն նախկինում կիրառվող մեթոդի, որը կոչվում է կատարակտի էքստրակապսուլյար էքստրակցիա, որի դեպքում եղջերաթաղանթի վրա կատարվում է մոտ 9-10 մմ կտրվածք, ամբողջական ոսպնյակը հեռացվում է և տեղադրվում կոշտ, արհեստական ոսպնյակ, իսկ եղջերաթաղանթի կտրվածքը, այսինքն` ակնագնդի ամբողջականությունը վերականգնվում է կարերի կիրառմամբ։ Կարերը հեռացվում են 3 ամիս անց, և հավանականությունը մեծ է, որ կարերի հեռացումից հետո բուժառուի մոտ առաջանա աստիգմատիզմ, որի պատճառով տեսողությունը որոշ չափով կտուժի: Ժամանակակից արդյունավետ վիրահատական բուժմոտեցումը՝ ֆակոէմուլսիֆիկացիան, այդ խնդիրները չի առաջացնում, բնական պղտոր ոսպնյակը ուլտրաձայնի միջոցով վերածվում էմուլսիայի, և ասպիրացիայի միջոցով ոսպնյակի մանր մասնիկները հեռացվում են, վիրահատության ժամանակ օգտագործվում են ճկուն ոսպնյակներ:
Այսօր կիրառության մեջ առկա են տարբեր ներակնային ոսպնյակներ` տարբեր երկրների արտադրության: Մինչ վիրահատությունը նախապես բժշկի կողմից կատարվում են չափումներ, և տվյալ աչքի համար ընտրվում է նախապես հաշվարկված համարով համապատասխան ոսպնյակ։
Շատ հաճախ լինում են հարցադրումներ բուժառուների կողմից, թե դրանք որակապես ինչպիսին են, որն է լավը, որը ընտրել, և վիրահատությունից հետո ինչպիսի արդյունք կլինի։
Արհեստական ոսպնյակների հիմնական տեսակներն են մոնոֆոկալ, մուլտիֆոկալ, տորիկ, EDOF ոսպնյակներ։
Մոնոֆիկալ ոսպնյակները առավել հաճախ կիրառվող լինզաներն են կատարակտի բուժման ժամանակ, հնարավորություն են տալիս լավ տեսնել որոշակի հեռավորության վրա` հեռու կամ մոտ: Դա կախված է բուժառուի ցանկությունից, և եթե նա փոքր հեռավորության վրա աշխատանքներ շատ է կատարում, և հարմար է առանց ակնոցի մոտ հեռավորությունը լավ տեսնել, մենք հաշվարկում ենք, որպեսզի բուժառուն լավ տեսնի մոտը, իսկ հեռվի համար կրի փոքր ակնոց, կամ հակառակը` հեռուն տեսնի առանց ակնոցի, իսկ մոտի համար բուժառուն կրի փոքր ապակիներով ակնոց։
Մուլտիֆոկալ ոսպնյակներ կիրառելիս ակնոցների կարիք չի լինում, դրանք հնարավորություն են տալիս լավ տեսնել միաժամանակ հեռու, միջին և մոտ հեռավորության վրա (կարծես մի քանի լինզաներից կազմված լինեն , որոնք թույլ են տալիս տեսնել տարբեր հեռավորության վրա ) :
Տորիկ լինզաները կիրառվում են այն բուժառուների մոտ, ովքեր բացի կատարակտից ունեն նաև աստիգմատիզմ:
EDOF լինզաների ֆոկուսային տարածությունը ապահովում է սահուն անցումը հեռու, միջին, մոտ տարածություններ ֆիքսելիս, արագ նեյրոադապտացիան, լույսի աղբյուրից լուսարձակումների բացակայությունը, և միջին ֆոկալ տարածություններում տեսողությունը չի տուժում։
Նշեմ, որ մեր կլինիկայում առաջադրվող բոլոր ոսպնյակներն էլ որակապես բարձր են, և տվյալ բուժառուի ցանկությունից և անհատականությունից ելնելով` ընտրվում է տեսակը:
-Ի՞նչ ասել է արտիֆակիկ աչք։
- Դա աչքի բնական ոսպնյակը արհեստական ոսպնյակով փոխարինված աչքն է։ Եթե ոսպնյակ դրված չէ ընդհանրապես, այլ բնական ոսպնյակն ուղղակի հեռացված է, դրանք անվանում ենք աֆակիկ աչքեր։ Պղտորված ոսպնյակները վիրահատության ժամանակ պարտադիր փոխարինվում են արհեստական ոսպնյակներով` բարձր տեսողություն ապահովելու նպատակով։
-Ո՞րն է ֆակիկ ոսպնյակը, և ո՞ր դեպքերում են այն կիրառվում։
-Կան բուժառուներ, որոնք ունեն տեսողության խանգարումներ, կրում են ակնոց կամ կոնտակտային լինզաներ, սակայն այս կամ այն պատճառով ցանկանում են հրաժարվել դրանցից: Այսպիսի դեպքերում ակնաբույժները առաջարկում են տեսողության շտկման լազերային կորեկցիա: Սակայն երբ ռեֆրակցիոն խանգարումները հնարավոր չէ կամ ցուցված չէ շտկել լազերային կորեկցիայով, օրինակ` շատ բարձր աստիճանի կարճատեսություն կամ հեռատեսություն ունեցող բուժառուների մոտ (շատ հաճախ դա բարակ եղջերաթաղանթի առկայությունն է, որը թույլ չի տալիս ամբողջությամբ վերացնել այդ խնդիրը), այդ դեպքում ժամանակակից բուժմոտեցումներում կատարում են ֆակիկ ոսպնյակների իմպլանտացիա, որը հնարավորություն է տալիս վերականգնել տեսողությունը՝ պահպանելով սեփական ոսպնյակը: Իսկ դա ակոմոդացիայի, այսինքն՝ ֆոկուսավորելու հնարավորության պահպանումն է: Ֆակիկ լինզաների հիմնական առավելությունը նրա «դառնալիությունն» է, այսինքն, եթե լազերային միջամտությունից հետո այս կամ այն պատճառով ինչ-որ բան այնպես չի եղել, ապա դրանից հետո չենք կարող այն վերականգնել, իսկ ֆակիկ լինզաների դեպքում, ցանկացած ժամանակ կարող ենք այդ լինզան հեռացնել, և բուժառուն վերադառնում է իր սովորական կարճատեսությանը, որն ուներ մինչ վիրահատական միջամտության դիմելը։ Վիրահատությունը կարելի է համեմատել ակնոցների կրման հետ, ուղղակի այն ակնոցները, որոնք սովորաբար կրում են, վիրաբույժը կատարում է իմպլանտացիա` այն տեղադրելով աչքի մեջ: Այդ լինզաները շատ բարակ են և թեթև, տեղադրում է հետին խցիկում, բնական ոսպնյակի վրա, որոնցով բուժառուն երկար տարիներ ապրում է: Այս ժամանակակից ոսպնյակները հետին խցիկում դրվելուց չեն գրգռում աչքը, չեն խանգարում ցանկացած ֆիզիկական աշխատանք կատարելիս, սպորտով զբաղվելիս, լողալիս, գլխի շարժման դեպքերում երբեք այն չի շարժվում և երկար տարիներ կարող է ծառայել բուժառուին` ապահովելով բարձր տեսողության սրություն։
-Ի՞նչ է ամետրոպիան։
-Ամետրոպիան աչքի ռեֆրակցիայի խանգարումն է, այն հունարենից թարգմանաբար նշանակում է աչքի անհամաչափություն։ Նորմայում լույսի ճառագայթները անցնում են աչքի օպտիկական համակարգի միջով (դրանք են եղջերաթաղանթը, ոսպնյակը, ապակենման մարմինը): Նորմայում այդ թափանցիկ համակարգի միջով անցնելիս ճառագայթները հավաքվում են, ֆոկուսավորվում են ցանցենու վրա: Դա կոչվում է էմետրոպիա: Այդ գործընթացը` լույսի ճառագայթների անցումը և բեկումը օպտիկական համակարգի միջոցով, կոչվում է ռեֆրակցիա։ Ռեֆրակցիայի խանգարումները կոչվում են ամետրոպիա, որոնք լինում են տարբեր տեսակների, հիմնականում 3-ն են ` կարճատեսություն, հեռատեսություն և աստիգմատիզմ։
Կարճատեսությունը կամ միոպիան ամետրոպիայի առավել հաճախ հանդիպող ձևն է, որը սկսում է զարգանալ մանկական տարիքից և սովորաբար ժառանգական հիվանդություն է, չնայած վերջին տարիներին շատացել են մարկանց քանակը, որոնք ձեռք են բերել կարճատեսություն կյանքի ընթացքում: Կարճատեսնեը թույլ են տեսնում հեռու տարածության վրա գտնվող պատկերները, իսկ մոտը տեսնում են շատ լավ: Կարճատեսության շտկումը իրականացվում է բացասական «ցրող» ապակիներով:
Հեռատեսությունը կամ հիպերմետրոպիան ամետրոպիայի տեսակ է, երբ խավար է տեսնում մոտը, իսկ հեռու տարածության վրա գտնվող պատկերները տեսնում է շատ լավ: Հեռատեսության շտկումն իրականացվում է դրական «հավաքող» ապակիներով:
Աստիգմատիզմը ռեֆրակցիայի այն խանգարումն է, երբ նույն աչքում, տարբեր առանցքներում մարդը կարող է ունենալ և՛ հեռատեսություն, և՛ կարճատեսություն, կամ կարճատեսության, կամ հեռատեսության տարբեր աստիճաններ։ Այսպիսի խնդրով մարդկանց տեսողության շտկումն իրականացվում է «ցիլինդրիկ» ապակիներով:
Նշեմ, որ մանկական հասակում ամետրոպիայի վաղ հայտնաբերումը և բուժումը թույլ է տալիս որոշ դեպքերում խուսափել վիրահատական միջամտությունից, իսկ ավելի հաճախ թույլ չտալ այսպես կոչված «ծույլ աչքի» համախտանիշի զարգացման:
-Շփվելով երիտասարդ կադրերի հետ`ինչպե՞ս եք պատկերացնում մեր ապագա բժշկությունը:
-Բարեբախտաբար, վերջին տարիներին երիտասարդ կադրերի մեջ գիտության և կրթության հանդեպ մեծ ուշադրություն կա. եթե 10 տարի առաջ շատերը ձգտում էին ուսանել արտերկրում, այսօր ունենք բավականին լավ կադրեր, որոնք ձգտող են, պրպտող, վերապատրաստվում են և ձգտում են մնալ մեր հայրենիքում։ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը այն բժշկական կենտրոններից է, որտեղ ունենք նաև բավականին երիտասարդ կադրեր, որոնց ձեռագիրն իրենց ոլորտում առանձնահատուկ է։ Մեր երիտասարդ կադրերին մաղթում եմ, որ աշխատանքային ուղու երկար և ձիգ ճանապարհի վերելքների և վայրէջքների ժամանակ պահպանեն մարդկային յուրօրինակ արժեքները, չլճանան:
- Ի՞նչն է Ձեզ համար ներշնչանքի աղբյուր։
-Հայրենիքս, հայոց աշխարհը, մեր լեռները, որոնք մեզ տվել են իրենց կարծրությունը, որ հայի հոգում համբերություն ու համառություն են դարձել։ Այստեղ է, որ լսում ես հայրենիքիդ հավերժության երգը և գիտակցում, որ դու ես նրա սուրբ բազկի ուժն ու զորությունը։ Ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ Հայաստանի քաղաքացի եմ։ Այն Հայաստանի, որտեղ անցել է իմ մանկությունը, և պետք է անցնի ողջ կյանքս։ Եվ պարտավոր եմ ապրել ու արարել իմ հայրենիքում։
- Որպես մեր զրույցի վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։
-Իրականում, ակնաբուժության մեջ ահռելի արդյունքներ կունենանք խնդրի վաղ հայտնաբերման դեպքում: Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի: Առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց մեր բժշկական կենտրոնում արդիականացվում են բուժման և ախտորոշման մեթոդները, իրականացվում են հիվանդների համար անհրաժեշտ պայմանների բարելավման միջոցառումներ, որոնք հստակ շարունակական բնույթ են կրելու: Ամեն բուժառուին պետք է յուրովի վերաբերվել և իհարկե չդոփել տեղում: Հորդորս այն է, որ մարդիկ ավելի հանդուրժող, ներող լինեն, սիրող, զիջող, և ես հավատում եմ, որ միաբանության մեջ է հաղթանակը. հայերը պետք է միաբանվեն, տարաձայնությունները մի կողմ դնելով` արդեն մի բուռ դարձած հողը պահեն։ Կարծում եմ մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր փոքր հաղթանակները հանուն Հայաստանի մեծ հաղթանակի:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Ցանկանում եմ` մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես
Հայաստանում այսօր վնասվածքաբանությունը, մասնագետների խոսքերով, բարձր դիրքերում է, նկատելիորեն արագ է զարգանում` թե՛ մասնագիտական, թե՛ պատրաստվածության տեսանկյունից: Այդ ակտիվությունն օրեցօր ավելանում է, բայց ինչպես բժշկության ցանկացած ճյուղ, այնպես էլ վնասվածքաբանությունը, անընդհատ թարմացվելու և կատարելագործվելու կարիք ունի, այսինքն՝ չի կարելի ոչինչ չանելով` սպասել ինչ-որ նորությունների, պետք է մշտապես աշխատել նորանոր բարձունքների հասնելու համար:
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-վնասվածքաբան, «Կոկսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանը։ Երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ նա մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը։ Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջև դրված նպատակի իրականացում:
-Պարոն Հարությունյան, կպատմե՞ք էնդոպրոթեզավորման նորագույն մեթոդների և վերականգնողական շրջանի առանձնահատկությունների մասին։
-Ասեմ, որ էնդոպրոթեզավորման մեթոդիկան երբեք տեղում դոփել չի կարող, միշտ կան պրոթեզների նոր տարբերակներ` ավելի քիչ հետվիրահատական բարդություններով: Մեր կենտրոնում 1 տարուց ավելի է, ինչ առաջարկում ենք զույգ հոդերի միաժամանակ էնդոպրոթեզավորում, որը բավականին լուրջ և մեծ առաջընթաց է մեր երկրի առողջապահական համակարգում։ Այժմ իրականացնում ենք կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում, տիրապետում ենք դիմային կտրվածքով, առանց մկանների հատման, կարճ ոտիկի տեղադրմանը, որից հետո շատ արագ է ընթանում հետվիրահատական վերականգնողական փուլը, և արդյունքները շատ ավելի գոհացուցիչ են, քան ստանդարտ իրականացվող վիրահատությունները։ Այն ցուցված է մի շարք հիվանդությունների դեպքում: Դրանցից են հոդերի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունները, օստեոարթրոզները, ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նևրոզը, ազդրոսկրի վզիկի կոտրվածքը, կեղծ հոդերը, որոնք առաջացել են կոտրվածքների չսերտաճման հետևանքով և այլն: Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը, լինելով մի շարք ախտաբանությունների բուժման առավել արդյունավետ եղանակ, թույլ է տալիս շատ արագ վերականգնել փոփոխված հոդի աշխատանքը և բարելավել հիվանդի կյանքի որակը:
Այս կամ այն էնդոպրոթեզ տեղադրելու եղանակներին առնչվող հակացուցումները պետք է որոշվեն հիվանդի ոսկրային հյուսվածքի վիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո: Դժվարություններ առաջանում են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած կոքսարթրոզների ժամանակ: Էնդոպոթեզավորումից հետո առօրյա կենսակերպի մեջ սահմանափակումներ չեն լինում. ամենաշատը 6 ամիս հետո մարդիկ մոռանում են արհեստական հոդի մասին, վերադառնում է շարժումների ազատությունը, և կյանքի որակն է բարելավվում: Ժամանակակից էնդոպրոթեզների կիրառման առավելությունն այն է, որ հիվանդի մոտ վերականգնվում է շարժումների ողջ ծավալը, նախկին ցավերն այլևս չեն անհանգստացնում: Ոսկրի որակական փոփոխությունները կապ ունեն հաճախ կիրառվող հորմոնալ պատրաստուկների հետ: Քացախափոսի շրջանի ձևախախտումների դեպքում առաջնային պրոթեզավորման ժամանակ կարող են օգտագործվել ռևիզիոն պրոթեզներ:
-Ո՞ր դեպքում կարող է առաջանալ ծնկի հոդի դեֆորմացիա, որոնք են ծնկացավի պատճառները։
-Ծնկահոդի դեֆորմացիան առաջանում է մի քանի պատճառներից. օստեոարթրոզի մեջ մեծ նշանակություն ունի գենետիկ ֆակտորը, բայց իհարկե կան պատճառահետևանքներ, որոնք կարող են նպաստել ընթացքի արագացմանը, կարող են վատթարացնել պրոցեսը: Առաջինը կրած տրավմաններն են, և կան հիվանդություններ, որոնք կարող են թիրախային դառնալ հոդերի համար. դրանք ռևմատիկ և ռևմատոմալ հիվանդություններն են, օստեոպորոզն է, հետմենոպաուզալ շրջանում՝ կանանց համար, օստեոպորոզի հարցը և տարած ինֆեկցիաները։ Քիչ նշանակություն չունի նաև ճարպակալումը, որը նպաստում արթրոզների ընթացքի վատթարացմանը, արագ զարգացմանը։
-Այսօր մեծ տարածում ունի արթրիտը։ Մի փոքր կխոսեք այս հիվանդության տեսակների և դրանց առաջացման պատճառահետևանքների մասին։
- Հոդաբորբը կամ արթրիտը հոդերի բորբոքային հիվանդություն է, որը կարող է առաջանալ տեղային կամ ընդհանուր վարակների, նյութափոխանակության խանգարումների, վնասվածքների և այլ պատճառներով։ Մի շարք ծանր հիվանդությունների (ռևմատոիդ հիվանդություն, անշարժացնող սպոնդիլոարթրիտ և այլն) առաջացման պատճառը դեռևս լրիվ պարզ չէ, սակայն հաստատված է, որ նպաստող գործոններ են համարվում օրգանիզմի սառեցումը, ֆիզիկական գերլարվածությունը և այլև։ Ըստ դասակարգման` հիվանդությունները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ որպես ինքնուրույն հիվանդություն և որևէ հիվանդության ախտանշան։ Մեկ հոդի բորբոքումը կոչվում է մոնոարթրիտ, մի քանիսինը՝ պոլիարթրիտ։ Ըստ ընթացքի` հիվանդությունները լինում են՝ սուր, ենթասուր և քրոնիկական, չոր և էքսուդատիվ (շճային, թարախային, արյունային), ըստ ծագման՝ վարակիչ և սպեցիֆիկ, դիստրոֆիկ, վնասվածքային և այլ հիվանդությունների հետ կապված։ Արթրիտները լինում են արթրոզի ուղեկցող հիվանդություն, եթե արթրիտները առանց արթրոզի են, հոդախտ կամ հոդաբորբոքում չի լինում։ Արթրիտները կարող են լինել նաև ռևմատիկ հիվանդությունների դեպքում և ինֆեկցիոն բնույթի, որոնք պատանեկան կամ յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ են` այսինքն, օրգանիզմը սուր վիրուսներ է կրել, փչացած ատամ է ունեցել, թոքաբորբ կամ միզային ինֆեկցիա է տարել, որն էլ առաջացրել է հոդի բորբոքում: Ախտանշաններն են հոդացավեր, հոդի այլաձևություն, ֆունկցիայի խանգարում, հոդի մաշկածածկույթների կարմրություն և ջերմաստիճանի բարձրացում։ Սուր հիվանդությունների ժամանակ ցավերը լինում են ուժեղ և մշտական, իսկ քրոնիկականի դեպքում՝ միայն հոդը շարժելիս։
- Ի՞նչ հիվանդություն է պոդագրան, արդյո՞ք այն ունի զարգացման հստակ տարիքային շեմ։
- Հոդատապը (պոդագրա) նյութափոխանակության հիվանդություն է, առաջացնում է բորբոքային պրոցես։ Հոդատապը արթրիտի տեսակ է, արտահայտվում է հոդերի ուժեղ ցավով, այտուցվածությամբ և կարմրությամբ՝ առավել հաճախ վերջույթների հատվածում: Հիմնական պատճառը օրգանիզմից միզաթթվի արտադրության և արտազատման խախտումն է, որը կապված է միզաթթու պարունակող սննդամթերքի չարաշահմամբ կամ էլ այդ նյութն օրգանիզմից հեռացնելու գործընթացի խանգարմամբ: Պոդագրան հստակ տարիքային շեմ չունի: Այն միզաթթվի փոխանակման խանգարումն է, որը բերում է հոդերի ախտահարման։ Պոդագրայի վերջնական ապաքինում ամբողջ աշխարհում դեռ չկա, այն միշտ կարգավորման կարիք ունի դեղամիջոցներով և ներարկումներով։
- Պատելոֆեմորալ ցավային համախտանիշ։ Կմանրամասնե՞ք։
- Պատելոֆեմորալ ցավային սինդրոմը թարգմանաբար ծնկոսկր-ազդրային համակցության ցավային համախտանիշն է, ամենատարածված հիվանդություններից մեկը: Առաջին նախադրյալը ծնկոսկրի դրսային տեղակայումն է, երբ ծնկոսկորը չի աշխատում ազդրի փոսիկությունից, կոպիտ է, մի քիչ թեքված դեպի դուրս: Այն առաջացնում է ազդրի ծնկոսկրի ցավ, արթրոզ՝ մաշվածություն: Մյուսը ծալքի հաստացումն է. հոդաշապիկի ծալքն այնքան է հաստանում և կոպտանում, որ ընկնում է ծնկոսկրի և ազդրի արանքը` առաջացնելով ցավային սինդրոմ և ձայներ։ Պատելոֆեմորալ ցավային համախտանիշի պատճառներն են ծնկների հոդի չափից ավելի ծանրաբեռնումը (վազել, ցատկել, կծկել և աստիճաններով բարձրանալ), սխալ սպորտային տեխնիկա կամ սարքավորում ընտրելը, կոշիկի փոփոխությունը, կոշտ խաղային մակերեսները, ծնկան հոդի հարթեցման անատոմիական խնդիրները, ազդրի թույլ մկանները, հաճախակի կամ երկար ժամանակ մարզվելու հանկարծակի փոփոխությունը։
-Ի՞նչ մեթոդ է պլազմոթերապիան։
- Այն աշխարհում մեծ տարածում գտած բուժմոտեցում է և ոչ միայն օրթոպեդիայում, այլ բժշկության տարբեր ոլորտներում՝ կոսմետոլոգիա, գինեկոլոգիա, ուռոլոգիա, վիրաբուժություն: Բուժմոտեցման ընթացքում բուժառուի արյունից թանձրացված պլազման ներարկվում է վնասված հյուսվածքների կամ հոդերի մեջ: Այս պլազման հարուստ է թրոմբոցիտներով, որոնք օգնում են խթանել հյուսվածքների վերականգնումը:
Թրոմբոցիտներում առկա աճի գործոնները արագացնում են բջջային վերականգնումը: Շատ քիչ են կողմնակի ազդեցությունները, ինչը նվազեցնում է ալերգիկ ռեակցիաների և վարակների վտանգը, ավելի քիչ ցավոտ է և արագ է վերականգնվում: Կիրառվում է մկանային վնասվածքների դեպքում, ինչպես նաև նվազեցնում է ցավը և բորբոքումը արթրիտի և մենիսկների վնասվածքների դեպքում։ Ներարկումների շնորհիվ տվյալ տարածքը սնուցվում է, և բորբոքային պրոցեսները թեթևանում են: Այն բավականին էֆֆեկտիվ մեթոդ է։
-Ի՞նչ է դաստակային թունելի համախտանիշը, և ի՞նչ բուժում է իրականացվում։
-Դաստակային թունելի համախտանիշը կամ կարպալ թունելի սինդրոմը ամենահաճախ հանդիպող մոնոնևրոպաթիան է։ Դասվում է վերին վերջույթի կոմպրեսիոն մոնոնևրոպաթիաների շարքին: Այն ախտանիշների հանրագումար է, որն առաջանում է դաստակային խողովակում (թունելում) վերին վերջույթի նյարդերից մեկի՝ միջնակ նյարդի ճզմումից՝ կապված դաստակային թունելի չափսերի և դրա պարունակության անհամապատասխանության հետ։ Կարող է լինել միակողմանի՝ հիմնականում ախտահարելով գերակշռող (դոմինանտ) կողմի ձեռքը։ Սակայն ավելի հաճախ հանդիպում է երկկողմանի դաստակային թունելի համախտանիշ, հատկապես էնդոկրին և հոդային հիվանդությունների ֆոնին։ Հաճախ հիվանդները գանգատվում են դաստակի ցավերից, ձեռքի թուլությունից (ձեռքից առարկաները կարծես «վայր են ընկնում»), ափի շրջանի ու I-III մատների ծակծկոցներից ու թմրածությունից։ Տիպիկ գանգատը ձեռքում ցավի սաստկացումն է, ծակծկոցները և ծանրության զգացումը հատկապես գիշերային ժամերին, որոնք ստիպում են հիվանդին արթնանալ, ձեռքն իջեցնել, թափահարել ու մատներն ինտենսիվորեն ծալել-տարածել։ Աշխատանքի ժամանակ, հատկապես, եթե այն պահանջում է ճաճանչ-դաստակային հոդի կրկնվող շարժումներ, ախտանիշները սովորաբար սաստկանում են։ Ոչ հազվագյուտ դիտվում է ցավի ճառագայթում դեպի բազկի, ուսագոտու շրջան: Որքան վաղ է կատարվում ախտորոշումը, այնքան ավելի է մեծանում ոչ վիրահատական (կոնսերվատիվ) եղանակով բուժվելու և լիարժեք ապաքինվելու հավանականությունը։ Եթե վաղ և միջին շրջաններում նշանակվում է կոնսերվատիվ բուժում, ապա ուշ շրջանում ձեռքի վիրաբույժը ստիպված է լինում առաջարկել վիրահատական բուժում։ Կոնսերվատիվ բուժման ընթացքում կատարվում են տեղային ներարկումներ և քսուքների թերապիա: Եթե ջլաբորբը խրոնիկ բնույթ է կրում` առաջացնելով բշտեր, կարող է անհրաժեշտ լինել ընդհուպ վիրահատական բուժում, որն իրենից ներկայացնում է դաստակային լայնաձիգ կապանի հատում բաց կամ էնդոսկոպիկ եղանակով:
-Բժիշկ, տեղյակ ենք, որ անցած տարի սեպտեմբերին մասնակցել եք Հնդկաստանում կայանալիք 22-րդ Master's Course-ին։ Ըստ Ձեզ` ի՞նչ հնարավորություն այն տվեց ոլորտի զարգացմանը։
- Այո, անցած տարի`, սեպտեմբերի 26-28-ը մասնակցեցինք Հնդկաստանում կայացած Meril Academy-ում 22-րդ Master's Course-ին, որը կարևոր հնարավորություն է աշխարհի առաջատար վիրաբույժների հետ փորձի և նորարարությունների փոխանակման համար արթրոպլաստիկայի ոլորտում: Ի դեպ, ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև արտերկրի մի շարք երկներում մենք մասնակցում ենք տարբեր Master's Course-ի և աշխատում ենք մշտապես նորարարությունների զարկերակի վրա լինել: Այս տարի հունվարին վերադարձել ենք Իտալիայում կայանալիք մաստեր կուրսերից, դա մեզ համար պարտադիր բնույթ է կրում, որպեսզի լինենք առաջադեմ ոլորտում, քանի որ օրթոպեդիկ վիրաբուժությունը խիստ գործիքային վիրաբուժություն է համարվում: Եթե մենք համընթաց չքայլենք այդ նորարարություններին, հետագայում իհարկե դժվար կլինի կիրառության մեջ ներդնել այդ բուժմոտեցումները:
-Ի՞նչ տեխնոլոգիա է իրենից ներկայացնում LIPOGEMS®-ը։
-LIPOGEMS®-ը առաջադեմ տեխնոլոգիա է, որը մշակում և օգտագործում է մարմնի սեփական ճարպային հյուսվածքը՝ վնասված հատվածների ցավային սինդրոմները մեղմելու և բուժելու համար:
Այս նորարարական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ճարպից ստանալ ցողունային բջիջներ: Կարճ ասած՝ այս շրջադարձային տեխնոլոգիայի շնորհիվ օրգանիզմը ինքն իրեն է բուժում:
Այս միջամտությունն իրականացվում է տեղային անզգայացմամբ: Սովորաբար այն կիրառվում է խոշոր, ինչպես օրինակ՝ կոնքի կամ ծնկի, հոդերի բուժման համար։
LIPOGEMS® իտալական ընկերության հետ մեր համագործակցությունը 2007 թվականից է, համարվում է ներարկումային տեխնոլոգիաների գագաթնակետը, այսինքն` ամենալուրջ ներարկումային տեխնոլոգիաները սկսում են լիպոսակցիայի, այսինքն ճարպաբջջանքի ստացումից լիպոսակցիայի միջոցով, և LIPOGEMS® ընկերության հավաքածուի օգնությամբ կատարվում է ճարպի «կոտրում» և զտում, որի օգնությամբ մենք ստանում ենք հատուկ մեխանիզմ, որի մեջ ցողունային բջիջների կլետկաները կարող են հասնել տարբեր թվերի` ընդհուպ 5 միլիոնի։ Այն ներարկվում են հոդերի մեջ, եթե հիվանդության զարգաման վաղ դեպքերում է կատարվում բուժօգնությունը, կարող ենք գրանցել նաև ամբողջական առողջացում, իսկ եթե արթրոզի դանդաղ ընթացք է, դրա էֆֆեկտիվությունը 5 տարի է: Այն համարվում է նորագույն մեթոդներից մեկը, իհարկե եթե կատարվում է գրագետ։
- Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
- Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն։ Իսկ եթե արդեն առկա է խնդիրը, հաղթահարեն ապաքինման ելքով։ Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման և հետագա բուժման արդյունավետ ընթացքի համար։ Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իսկ բժիշկներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ և հաստատուն կամք։ Մեր հասարակությանը կմաղթեմ, որ միշտ մեր ավանդական սեղանների շուրջ հնչող առողջության մաղթանքները իրականանան: Բայց այդ մաղթանքի տակ ամեն ոք իր լուման պետք է ունենա իր առողջության պահպանման համար` առողջ ապրելակերպ սահմանելով իր համար:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Բժշկությունը ազնվագույնն է բոլոր մասնագիտությունների և արվեստների մեջ, քանզի այն մարդուն պարգևում է ամենաթանկը՝ առողջությունը
Նյարդային հիվանդությունների առաջացման պատճառներից մեկը հոգու անհանգստությունն է, աններդաշնակությունը մարմնի, մտքի հետ: Իսկ նյարդաբանությունը մարդու հոգեկան և սոմատիկ աշխարհները կապող օղակն է: Ինչպես վկայում էր Սոկրատեսը. «Հնարավոր չէ բուժել մարմինը՝ չբուժելով հոգին»: Բացի այդ, նյարդաբանությունը զարգացող և դեռևս բացահայտման կարիք ունեցող հեռանկարային ճյուղ է, որը նաև կապող օղակ է բժշկության բոլոր ճյուղերի միջև:
Բժշկության մեջ հիմնական դեղատոմսը բժիշկն է: Բժիշկը նախ հոգեբանորեն պետք է տրամադրի հիվանդին, ճիշտ գնահատի իրավիճակը, ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում նշանակի թիրախային բուժում և վերահսկի ընթացքը: Ճշգրիտ ախտորոշման համար պետք է ունենալ մասնագիտական խորը գիտելիքներ, լինել հոգեբան և փիլիսոփա, մանրակրկիտ ուսումնասիրել հիվանդի բժշկական պատմությունը, ստեղծել անկաշկանդ և վստահելի կապ հիվանդի հետ:
Իզուր չէ ասված՝ բժիշկն իր կյանքում ստիպված է հաջողության և անհաջողության փորձություն անցնել: Առաջինը վտանգվում է ինքնամեծարմամբ, երկրորդը` հոգու պարտությամբ: Եվ դրանցից զերծ մնալը անվիճարկելիորեն կախված է բժշկի անհատականությունից, նրա մարդկային էությունից, արժեքների համակարգից, համոզմունքներից, բարոյական նկարագրից:
Մեր զրուցակիցն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի դասախոս, «Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի» նախագահ, «Երևան» բժշկական կենտրոնի Ցավի և նյարդաբանության կլինիկայի ղեկավար ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Անուրանալի է պարոն Հովհաննիսյանի ներուժն ու նվիրումը նյարդաբանության մեջ: Նրա բացառիկ մարդասեր տեսակը, նրա երկարամյա արգասաբեր գործունեությունը, ահռելի ավանդը նյարդաբանության մեջ արժանի է մեծագույն հարգանքի ու երախտագիտության: Նա ողջ էությամբ տարված է իր առաքելությամբ և հավակնություններ չունի` իր անձի շուրջ հերոսական պատմություներ լսելու: Մարդ, որն իր կյանքը նվիրել է մարդկային կյանքեր փրկելու մեծ ու սուրբ առաքելությանը:
-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում Ձեր բաժանմունքում, և ի՞նչ նյարդային խնդիրների դեպքում բուժառուները կարող են դիմել Ձեզ:
-Մեր բաժանմունքում իրականացվում են բոլոր գործառույթները, ինչն անհրաժեշտ է նյարդաբանական խնդիրների ախտորոշման և բուժման համար: Իհարկե, մեր բժշկական կենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս դրանք իրականացնել, և յուրաքանչյուր բուժառու, ով ունի նյարդաբանական խնդիրներ, վստահորեն կարող է դիմել մեզ: Ճիշտ է, մեր բաժանմունքը բավականին երիտասարդ բաժանմունք է, բայց մեզ մոտ աշխատում են փորձառու բժիշկներ, որոնք տարիներ շարունակ նյարդաբանության ոլորտում ունեն մեծ ներդրում ու ներուժ, և մշտապես աշխատել են բժիշկների կատարելագործման ինստիտուտի, այնուհետ բժշկական համալսարանի ամբիոններում: Իսկ այսօր արդեն մեր տարիների վաստակած գիտելիքներն ու փորձը փոխանցում ենք մեր երիտասարդ սերնդին։
-Բժիշկ, ի՞նչ ախտաբանություն է կաթվածը: Կաթվածների ի՞նչ տեսակներ կան:
-Կաթվածը բավականին մեծ տարածում ունի. Հայաստանում տարեկան գրանցվում են կաթվածի մի քանի հազար դեպք: Կաթվածը բաժանվում է 2 խոշոր տեսակների՝ իշեմիկ կաթված և արյունազեղումներ։ 2018 թվականից սկսած, Հայաստանում գործում է թրոմբոլիզիս ծրագիրը, որի կիրառման ժամանակ, օրինակ, իշեմիկ ինսուլտի դեպքում ներարկում են թրոմբը լուծող դեղամիջոցները, որոնք թույլ չեն տալիս, որ այդ հիվանդությունը զարգանա։ Այն Հայաստանում բավականին մեծ հաջողություն ունեցող ծրագիր է, քանի որ բուժառուների մեծամասնությունը, ում ժամանակին են ախտորոշել կաթվածը, ժամանակին են դիմում բժշկի օգնությանը, և եթե չեն ունենում այդ դեղորայքի հանդեպ հակացուցումներ, բավականին լավ արդյունք ենք ստանում, և ձեռքի և ոտքի թուլությունը մեծ հաջողությամբ վերականգնվում է։ Հայաստանյան արդի բժշկությունը ժամանակակից միջազգային ուղեցույցներով առաջատար երկրներին համընթաց բուժում է այդ հիվանդությունը։ Իսկ ինչ վերաբերում է արյունազեղումներին, դրանք իրենց բնույթով ավելի բարդ և մահացու պաթոլոգիաներ են, և բուժման տեսակետից` մեծ արյունազեղումների ժամանակ բուժումը վիրահատական է: Թեև պետք է ցավով նշեմ, որ ամբողջ աշխարհում դրանք, չակերտավոր ասած, շատ անշնորհակալ վիրահատություններ են, քանզի մեծ մասամբ, չնայած ճիշտ ժամանակին բժշկին դիմելուն և ժամանակին կատարված վիրահատությունների արդյունքում, մնում են կամ հաշմանդամ, կամ մահացության ելք ունենում։ Բայց բժշկությունը, այդ թվում նյարդաբանությունը օր օրի զարգացում է ապրում, և կարծում եմ` մոտ ապագայում կհայտնաբերվեն որոշակի ճշգրիտ մոտեցումներ, որպեսզի կարողանանք կանխարգելել հետվիրահատական շրջանի այդ բարդությունները։ Եվ այսօր արդի բժշկության մեջ իրականացվում է ամեն ինչ, որ հիվանդության նախնական ախտորոշումը և կանխարգելումը կատարվեն այնպես, որ մարդիկ հնարավորինս քիչ ստանան արյունազեղումներ։ Հուսամ` մոտ ապագայում կունենանք հրաշալի արդյունքներ։
-Ի՞նչ է ցրված սկլերոզը, և որո՞նք են դրա առաջացման պատճառները:
-Ցրված սկլերոզը բազմապատճառական հիվանդություն է։ Արդի ենթադրվող պատճառներից են աուտոիմուն խանգարումներով ուղեկցվող վիրուսային վարակները, ինչպես նաև վիտամինների, հատկապես` վիտամին D-ի ցածր մակարդակը: Ելնելով վիտամին D-ի պակասի պատճառագիտությունից` այս հիվանդությունը հյուսիսում ավելի շատ է տարածված, իսկ հարավում տարածվածության շրջանակը նեղանում է, քանի որ հյուսիսում վիտամին D-ի պակասի մակարդակն ավելի տարածված է։ Ճիշտ է, այս հիվանդության դեմ օրգանիզմը սկսում է ինքնուրույն պայքարել, բայց նյարդաթելերի միելինային թաղանթները սկսում են աստիճանաբար վնասվել։ Վերը նշեցի` աուտոիմուն, այսինքն` օրգանիզմը, չգիտես ինչու, ինքն է սկսում պայքարել իր դեմ։ Այսօր, իհարկե հաշվի առնելով միջազգային ուղեցույցները, Հայաստանում պետպատվերի շրջանակներում գործում է ծրագիր` ցրված սկլերոզով տառապող բուժառուների բուժումը կազմակերպելու համար, բայց ցավոք սրտի, հիվանդության բուժման դեղորայքը ամբողջ աշխարհում բավական թանկ է. 4 դեղերը, որոնք պետպատվերի շրջանակներում ստանում են բուժառուները, բնականաբար լիարժեք բուժում չի կարող համարվել, այն ուղղակի դանդաղեցնում կամ կանգնեցնում է այդ հիվանդության ընթացքը։ Վատն այն է, որ առանց բուժման բուժառուները դառնում են հաշմանդամ: Դեղորայքի կիրառումը շատ դեպքերում երկար ժամանակով կարող է կանխել հաշմանդամության առաջացումը և կտրուկ բարձրացնում է կյանքի որակը։ Բավական արդյունավետ ծրագիր է, սակայն որոշ դեպքերում բուժումը որևէ արդյունք չի տալիս՝ հանգեցնելով ծանր հաշմանդամության։
-Կա՞ն էլեկտրոմիոգրաֆիայի կիրառման արդյունավետության անառարկելի փաստեր:
-էլեկտրոմիոգրաֆիան այն հետազոտությունն է, որի օգնությամբ կարողանում ենք ստուգել նյարդամկանային հաղորդականության վիճակը։ Այն ճշգրիտ հետազոտություն է այն հիվանդությունների ժամանակ, երբ ախտահարվում է նյարդամկանային համակարգի աշխատանքը։ Թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել այս հիվանդության ախտորոշման հարցում։ Կան հիվանդություններ, որոնք ախտորոշվում են միայն էլեկտրամիոգրաֆիայով։ Սկզբնական կլինիկական զննման արդյունքում որոշ ենթադրություններ լինում են, բայց մինչև չի կատարվում այս հետազոտությունը, ճշգրիտ չի հաստատվում նյարդամկանային համակարգի կոնկրետ ախտահարումը։ Այս մեթոդը կիրառվում է գրեթե բոլոր նյարդաբանական բաժանմունքներում, և մեր բժշկական կենտրոնում էլ այն լայն կիրառություն ունի։
-Տիկեր և Տուրետի համախտանիշ. կմանրամասնե՞ք։
-Տուրետի համախտանիշը կամ Տուրետի հիվանդությունը, Ժիլ դե լա Տուրետի համախտանիշը (անգլ.՝ Tourette syndrome), կենտրոնական նյարդային համակարգի` գեներով պայմանավորված ժառանգական բնույթ կրող խանգարում է, որը դրսևորվում է ցանկացած տարիքում և բնորոշվում է բազմաթիվ շարժական տիկերով և առնվազն մեկ ձայնային տիկով։
Տուրետի համախտանիշ ունեցող մարդկանց ինտելեկտի մակարդակը և կյանքի տևողությունը նորմայի մեջ է։ Հիվանդության ժամանակ, առանց պատճառի սկսում են տարբեր տեղակայման մկանային կծկումներ` դեմքի, ուսագոտու, պարանոցի, ձեռքերի: Հնարավոր է` երկար ժամանակ չարտահայտվի, բայց սթրեսը կարող է նպաստել, որ ակտիվանա, և մկանային կծկումներն արթնանան։
Ռիսկերը բավական տարբեր են. կան, որոնք ենթակեղևային են, կան, որոնք ֆունկցիոնալ են, այսինքն` առանց որևէ պատճառագիտության։ Ինչ վերաբերում է բուժմանը, Տուրետի համախտանիշը լիարժեք չի բուժվում, սակայն մենք կարողանում ենք նպաստել շարժումների քչացմանը։
-Միոկլոնուս։ Կմանրամասնե՞ք։
-Դրանք մկանների կծկումներ են` առանց պատճառի: Այն` որպես առանձին հիվանդություն, չկա, այլ ինչ-որ մի հիվանդության հետևանքն է, իսկ երբ չեն կարողանում գտնել հիվանդության առաջացման պատճառները, ասում են` միոկլոնուս է հիվանդի մոտ, այսինքն` որպես ախտորոշում է այս դեպքում։ Կան տարբեր բուժմոտեցումներ, երբեմն այն ունենում է ոչ օրգանական հիմք, և պետք է հիվանդներին պարզապես հանգստացնող դեղամիջոցներ նշանակել, որպեսզի այդ կծկումները չլինեն։ Եվ եթե դրանք արդեն ունեն օրգանական հիմք, ախտահարված է նյարդային համակարգը, ապա նշանակվում է դեղորայք, որոնք մկանների կծկումները վերացնում են։ Այն մեծ տարածում չունի մեր երկրում, հանդիպում է այն երկրներում, որտեղ բնակչության թիվը մեծ է, բայց մեր երկրի տոկոսային հարաբերակցությամբ քիչ դեպքեր են հանդիպում։
-Հասարակության մեջ մեծ տարածում ունի միգրենը. այն ունի արդյո՞ք ամբողջովին առողջացում։
- Այո, միգրենը բավականին մեծ տարածում ունի, կանայք ավելի շատ են հիվանդանում այս հիվանդությամբ, տղամարդկանց մոտ հանդիպում է քիչ տոկոսային հարաբերակցությամբ։ Պարզապես, ախտորոշման տեսակետից շատ անգամ սխալ մոտեցումներ են լինում. գլխացավ ունենալով` կարծում են միգրեն է, և երբեմն առանց հաստատելու, իրենք են եզրակացություն են դնում` միգրեն, և անցնելով մի քանի տարի` դիմում են բժշկի, պարզվում է, որ ոչ մի միգրեն էլ չկա. գլխացավն այլ պատճառագիտություն է կրում։ Միգրենի բուժումը սպեցիֆիկ բնույթ է կրում, քանզի այն դեղորայքը, որն ազդում է միգրենի նոպայի վրա, չի ազդում այլ ախտահարում կրող գլխացավերի վրա։ Օրինակ` ներգանգային ճնշման պատճառով կարող է լինեն գլխացավեր, և այդ միգրենի դեղերը չեն կարող օգնել իրենց ոչ մի դեպքում։ Այո, այսօր միգրենը լայն տարածում ունի, այն անոթային և հորմոնալ հիվանդություն է, այդ իսկ պատճառով կանանց մոտ ավելի հաճախ են հանդիպում, բայց ժամանակին ախտորոշելով` կարելի է բուժել, քանի որ այն այդքան սարսափելի պաթոլոգիա չէ, որ չենթարկվի բուժման։ Պարզապես պետք է ժամանակին ախտորոշել և ժամանակին ստանալ գրագետ բուժում։ Իհարկե, մի կուրս ստանալուց հետո հնարավոր չէ, որ անցնի. նոպաների ժամանակ պետք է այնպես անել, որ նոպան չզարգանա, այն պետք է կանխել դեղորայքով։
-Ալցհեյմերի հիվանդություն։ Ի՞նչ նշաններով է դրսևորվում։
-Այն, կարելի է ասել, տարիքային հիվանդություն է, հանդիպում է տարեցների մոտ, բայց իհարկե կարող է հանդիպել նաև 50 տարեկանի շեմը հաղթահարածների մոտ։ Լինում է երկու տեսակ` ժառանգական և ոչ ժառանգական։ Այս հիվանդության սկզբնական շրջանում բջիջները սկսում են ենթարկվել ատրոֆիայի։ Այդ իսկ պատճառով հանրությանը տեղեկացնելու համար ասեմ, որ սկզբնական շրջանում նկատվում է հիշողության խանգարում, այնուհետև հիշողություն չլինելու դեպքում հիվանդի մոտ նկատվում է գրգռվածություն և շրջապատի մարդկանց նկատմամբ ագրեսիվ պահվածք։ Այնուհետև դա էլ է վերանում, և սկսում է աստիճանաբար հիվանդի մոտ վերանալ բնավորության կարևորագույն գծերը։ Այսինքն` ուշադրությունը, նրանք դառնում են անտարբեր շրջապատի նկատմամբ, ճիշտ չեն կարողանում գնահատել առարկաների ճշգրտությունը, աստիճանաբար իրենց մոտ զարգանում է դեմենցիա, որն աստիճանաբար տանում է անհատի «ես»-ի վերացմանը։ Անձը դրսևորում է երեխայի վարքագիծ. ոչ մի բան չի գիտակցում, դառնում է անկողնային հիվանդ, որն արդեն խնամքի կարիք է ունենում։ Իմիջիայլոց, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ հիվանդության ուսումնասիրությամբ և բուժմամբ ակտիվ սկսեցին զբաղվել, երբ երկրի նախագահ Ռոնալդ Ռեյգանը հիվանդացավ այդ հիվանդությամբ, ում կինը բավական լավ խնամք էր տանում: Նրա մահից հետո սկսեցին այդ երկրում ավելի խորքային ուսումնասիրել այդ հիվանդությունը: Հաշվի առնելով, որ հիվանդության սկզբում ի հայտ են գալիս նյարդաբանական ախտանիշները, առաջին հերթին դիմում են նյարդաբանի օգնությանը, իսկ երբ միանում են հոգեկան խանգարումները՝ հոգեբույժների օգնությանը։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում բժշկությունը վստահելի ձեռքերո՞ւմ է:
-Այսօր մեծ ուրախությամբ կնշեմ, որ մեր երիտասարդները բավականին պրպտող են, ձգտող սերունդ ունենք, պարզապես պետք է ճիշտ ուղու վրա նրանց դնել, ուղղորդել, ինչպես մեզ էին դաստիարակում խորհրդային միության տարիներին։ Բոլոր ժամանակներում էլ պետք է երիտասարդ սերնդին ճիշտ ուղղորդել։ Ես 70-ական թվականներից սկսած զբաղվում եմ դասախոսությամբ, երիտասարդ սերնդի համար և՛ դասախոս եմ, և՛ ուսուցիչ և իրենց ճիշտ ճանապարհի կերտման գործում անում եմ հնարավորն ու անհնարը: Չպետք է անտարբերություն ցուցաբերել, պետք է հետաքրքրություն մտցնել այս ոլորտի հանդեպ, որպեսզի դառնան լավ մասնագետներ, և իրենք էլ իրենց հաջորդ սերնդին մեծ սիրով փոխանցեն իրենց ուսանածը: Ուղղակի իրենք շատ կախվածություն ունեն համացանցից` հեռախոս, համակարգիչ, մեր ժամանակներում գիրք-գրականություն էր, իրենք չեն սիրում գիրք կարդալ, ձգտում են համացանցից տեղեկանալ։
- Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Իհարկե, բժշկի առաջին մաղթանքը մեր հասարակությանը առողջությունն է. ժամանակին հետևեն իրենց առողջությանը, գանգատների առկայության դեպքում անհապաղ դիմեն բժշկի: Հիվանդությունը ստեղծված է մարդկության համար, եթե մաղթենք հիվանդություններ երբեք չլինեն, դա իհարկե հնարավոր չէ, թող քիչ դեպքերի առնչվենք, ուղղակի հորդորս և խնդրանքս է` ժամանակին դիմեն բժշկին, որպեսզի հետագա բարդացած իրավիճակների չբախվեն։ Առողջ եղե՛ք, սիրեք ձեզ և ձեր մարմինը:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Ծանրալսության ախտորոշումը և բուժումը արդիական խնդիր է օտորինոլարինգոլոգիայում:Չնայած օտովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումներին, լսողության խանգարումներով հիվանդները բավականին շատ են` հատկապես մանկական տարիքի երեխաները և դեռահասները:
Մեր տարածաշրջանում քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղի ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է խուսափել ինչպես չհիմնավորված վիրահատական միջամտություններից, այնպես էլ հետվիրահատական բարդություններից:
Մեր զրուցակիցն է «Աստղիկ» և «Շենգավիթ» բժշկական կենտրոնների քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքի ԼՕՌ-բժիշկ, աուդիոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Չնայած իր երիտասարդ տարիքին` վաղուց է համարձակորեն մուտք գործել բժշկության բարդ և միաժամանակ հետաքրքիր աշխարհը, և անվարան ընթանում է արդեն իսկ ակնհայտորեն հաջողված ճանապարհով:
Հոգատար ու բանիմաց բժշկուհին իր աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ: Իր գրագետ աշխատանքի, ինչպես նաև վերապատրաստումների միջոցով մասնագիտական գիտելիքներն անվերջ համալրելու ու կատարելագործելու շնորհիվ նրան հաջողվում է շատերին երջանկացնել՝ վերականգնելով և կայունացնելով իր օգնությանը ապավինողների առողջությունը:
-Բժշկուհի, կխնդրենք մանրամասնել` ո՞ր դեպքում են իրականացնում կոխլեար իմպլանտացիան։
- Կոխլեար իմպլանտացիան բարձր տեխնոլոգիական վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող բուժառուներին հնարավորություն է տալիս վերականգնել լսողությունը: Այն իրականացնում են 4-րդ աստիճանի ծանրալսության դեպքում, և իմպլանտացիայի իրականացման համար ցանկալի տարիքը մինչև 3 տարեկանն է՝ պրոլինգվալ, երբ երեխայի խոսքը դեռ զարգացած չէ, և պոստլինգվալ, այսինքն` կյանքի ընթացքում կորցրած, եթե լսողական նյարդը ակտիվ է, այսինքն` լսողական սարքերի կրելը, կիրառումը ընդունելի է, և ուղեղի այդ հատվածը ակտիվ է։
-Լսողական սարքը ո՞ր դեպքերում են կիրառում։
-Լսողական սարքը կիրառելի է ծանրալսության բոլոր աստիճանների դեպքում, սկսած առաջինից մինչև չորրորդ աստիճան։ Լսողական սարքերը լինում են տարբեր երկրների արտադրության և տարբեր տեսակների։ Այսօր ցանկալի է նորարական թվային լսողական սարքերի կիրառությունը, որոնք արդեն արդի տեխնոլոգիաներով են պատրաստված: Այսօր առկա են սարքեր, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում և ամբողջությամբ մոտեցված են բնական ականջի գործառույթներին։
-Իսկ որո՞նք են աուդիոլոգիական հետազոտության տեսակները, և որ դեպքերում են դրանք կիրառվում։
-Աուդիոմետրիան (լատիներենից ` audīre - լսել և metria - չափել) աուդիոլոգիայի ճյուղ է: Այն ձայնի ինտենսիվության և տատանումների, ինչպես նաև տոնային մաքրության տատանումների համար լսելիության չափման գիտություն է, որը ներառում է շեմեր և տարբեր հաճախականություններ: Աուդիոմետրիկ թեստերը սովորաբար սահմանում են լսողության մակարդակները աուդիո-չափագրիչների օգնությամբ, բայց կարող են չափել նաև տարբեր ձայնային ինտենսիվությունների միջև ընկալման ունակությունը, ճանաչել հնչյունը կամ տարբերակել խոսքը ֆոնային աղմուկից: Հնարավոր է չափել նաև ակուստիկ ռեֆլեքսը և օտոակուստիկ արտանետումները: Աուդիոմետրիկ թեստերի արդյունքներն օգտագործվում են լսողության կորստի կամ ականջի հիվանդությունների ախտորոշման համար:
Աուդիոլոգիական հետազոտությունները լինում են օբյեկտիվ և սուբյեկտիվ։
Սուբյեկտիվ լսողության ախտորոշումը հիմնված է բուժառուի սուբյեկտիվ զգացողության վրա, որոնք են` տոնալ, խոսքային, լսողական զգայունության հետազոտում: Սուբյեկտիվն այն է, երբ բուժառուի մասնակցությունը հետազոտման գործընթացին առկա է: Մեծահասակների մոտ դա տոնալ շեմքային աուդիոմետրիան է: Վերշեմքայինը հայտնաբերում է ձայնի բարձրության արագացված աճի ֆենոմենը, որը վկայում է լսողական անալիզատորի կոխլեար ախտահարման մասին:
Խոսքային աուդիոմետրիան իրականացվում է ձայնամեկուսացված սենյակում՝ լսողության խոսքային ընկալման հետազոտման համար: Այն գնահատվում է տոկոսներով:
Երեխաների մոտ լսողության հետազոտությունն անցկացվում է խաղային ձևով: Ամենաժամանակակից մեթոդը առաջացած լսողական ներուժի գրանցումն է: Մեթոդի իմաստը ներուժի ազդանշանների նկատմամբ գլխուղեղի կեղևի ռեակցիայի դրդումն է: Արդյունքը գրանցվում է էլեկտրոէնցեֆալոգրամայով:
-Ականջներում ծանրության և աղմուկի զգացումը ինչի՞ պատճառահետևանք է։
-Ականջներում աղմուկի առկայությունը մի շարք հիվանդությունների դեպքում կարող է ի հայտ գալ, օրինակ` օտոսկրելոզի, որն աղմուկ է առաջացնում ականջներում, կարող է լինել նաև ներքին ականջի վնասման կամ անոթային հիվանդությունների դեպքում, երբ գլխուղեղի անոթներում առկա է որոշակի պաթոլոգիա:
-Օտիտները և դրանց տեսակները, կմանրամասնե՞ք։
- Վիրուսային կամ ինֆեկցիոն օտիտները սուր օտիտներն են, որոնք հաճախ հանդիպում են մանկական տարիքում` նրանց մանկական անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններից կախված: Սուր օտիտների դեպքում սկզբնական շրջանում պետք է ճիշտ և գրագետ բուժմոտեցում ցուցաբերվի, քանզի բարձիթողի վիճակից այն կարող է քրոնիկ դառնալ:
-Արդյո՞ք համագործակցում եք արտերկրի նեղ մասնագետների հետ։
-Այո, համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության, Ավստրիայի և այլ երկրների մասնագետների հետ: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իրականացվեց ականջի կոխլեար իմպլանտացիա հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալիի և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գիտական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Արթուր Շուքուրյանի կողմից։ Առաջին անգամ Հայաստանում կատարվեց արտաքին ականջի բացակայության վերականգնում և արտաքին լսողական անցուղու` ատրեզիայի վերականգնողական վիրահատություն: Այսինքն` երեխան ունեցավ և՛ արտաքին ականջ, և՛ լսողական անցուղին բացվեց` վերականգնելով լսողությունը: Վիրահատություն, որը Հայաստանում մինչ օրս չէր կատարվել: Պրոֆեսոր Շուքուրյանի շնորհիվ այդ մասնագետը համաձայնեց մեզ հետ համագործակցել, և այսօր մեր թիմային աշխատանքի շնորհիվ կարողանում ենք մեր ոլորտում գրանցել լրջագույն վիրահատություններ։
-Ո՞րն է բնածին հարականջային խուղակի առաջացման պատճառը:
-Այս արատն առաջանում է որոշ բացասական գործոնների ազդեցությամբ ներարգանդային կյանքի 9-11 շաբաթականում, քանի որ այդ շրջանում է առաջնային և երկրորդային խռիկային ճեղքերից հետագայում ձևավորվում ականջախեցին: Խուղակը ձևավորվում է առաջնային և երկրորդային խռիկային ճեղքերի ոչ լրիվ փակվելու հետևանքով:
Բնածին հարականջային խուղակը հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ:
Խուղակը բնածին արատ է, երբ լսողական անալիզատորի ձևավորման ընթացքում այդ խուղակը չի փակվում, որն առանձնապես իրենից սիմպտոմներ չի ցուցաբերում, անհանգստություն չի պատճառում, բայց եթե բորբոքվեց, կարող է կրել շարունակական բնույթ, որից հետո թարախային արտադրությունը վերածվում է կիստայի, որը վիրահատական բուժում է պահանջում։
-Ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
-Ցավոք, ծանրալսությամբ տառապող բուժառուների թիվն այսօր բարձր է, որին նպասեց նաև կովիդը: Բացի դրանից, խնդրին նպաստում են նաև կենսակերպը, քիմիական նյութերի առկայությունը սննդում:
-Ամեն դեպքում բուժառուն ինչպես հասկանա` խնդրահարույց օջախը որտեղ է, քանի որ գործ ունենք երեք փոխհամաձայնեցված օրգանների հետ` քիթ-կոկորդ-ականջ։
-Մենք ընդհանուր ԼՕՌ բժիշկներ ենք համարվում, բայց կա նաև նեղ մասնագիտացում. ես աուդիոլոգ եմ, բայց դա չի նշանակում, որ չեմ հետազոտում այլ խնդիրներով բուժառուների: Մեր ոլորտը պահանջում է թիմային աշխատանք։
Այսօր, հուրախություն մեզ, մեր հասարակությունը բավականին տեղեկացված է, բավական լավ ուսումնասիրում է բժշկության` իրեն հետաքրքրող ոլորտը, գիտի որ նեղ մասնագետին դիմի, ինչ բարդություններ են իրեն սպասվում։ Շատ հաճախ էլ ինտերնետ հարթակը ողողված է թերի ինֆորմացիայով, այսինքն` բժիշկը, չլինելով նեղ մասագետ, չտիրապետելով ոլորտի վերջին նորարարություններին, ոչ լիարժեք ինֆորմացիա է փոխանցում հանրությանը, որը կարող է շատերին երկմտանքի առջև կանգնեցնել, թե որպես նեղ մասագետ ում դիմի: Բուժառուին ճիշտ ուղղորդելը շատ կարևոր է: Երբեմն ոչ ճիշտ ընտրության դեպքում այն կրում է շղթայաձև բնույթ` մի բժշկից մյուսի մոտ, որը բուժառուի մոտ կարող է թերահավատություն ստեղծել ոլորտի նեղ մասնագետների հանդեպ, և ինչու չէ նաև ֆինանսապես տուժեն: Ասեմ, որ պետպատվերի շրջանակներում շահառուները բավականին մեծ աջակցություն են ստանում, բայց ամեն դեպքում շատ բուժառուներ, ուղղակի ոչ կայուն ֆինանսական վիճակից ելնելով, շատ ժամանակ չեն դիմում բժշկի: Կցանկանամ, որ պետպատվերի շահառուների շրջանակը մեծանա, որպեսզի մեր հասարակությունն իրեն հուզող առողջական խնդիրների դեպքում վստահ դիմի բուժօգնության։ Դիմելիության մշակույթից խոսելով` կասեմ, որ մեր հասարակությունը, չգիտես ինչու, դարձել է շատ ստրեսային, և շատ դեպքերում մենք` բժիշկներս պետք է հոգեբանորեն մոտենանք բուժառուներին, հասցնենք այն գիտակից մակարդակին, որ վստահեն ու հավատան բժշկին: Իսկ մենք է լիարժեք կզգանք մեր ոլորտում, եթե մեզ դիմած յուրաքանչյուր բուժառուն առողջացած հեռանա։
- Քանի որ Ձեր ոլորտը պահանջում է թիմային աշխատանք, ապա ներգրավված են նաև վիրաբույժներ, սուրդոմանկավարժներ, աուդիոլոգներ:
- Այո՛, մեր աշխատանքին պարտադիր մասնակցում են սուրդոմանկավարժները: Չպետք է մոռանալ, որ վիրահատված երեխաները և բժիշկներս պետք է հաղթահարենք դրանից հետո մեր և երեխայի առջև դրված շատ ծանր ճանապարհը:
-Տեղյակ ենք, որ ծննդատներում գործում է սքրինինգային ծրագիր։
-Այո, Հայաստանում 2008 թվականից գործում է պետական ծրագիր, որի շրջանակներում բացի մի քանի այլ սքրինինգներից, նորածիններին արվում է լսողության սքրինինգ, որի միջոցով որոշվում է՝ արդյո՞ք նրանք ունեն լսողության խանգարումներ, և եթե` այո, հատկապես` ինչպիսի: Սքրինինգային ծրագրի օգնությամբ հենց ծննդատնից աշխատում ենք երեխաներին հետազոտել, որպեսզի հետագայում երեխան հաշմանդամ չմնա։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է:
-Եթե համեմատենք մեր ուսանելու տարիներին հետ, ապա կասեմ, որ այսօր ինտերնետ հարթակը օգնում է երիտասարդ կադրերին իրենց բուժառուներն իրազեկված պահել հիվանդությունների և դրանց նորարական բուժմոտեցումերի մասին, որն իրականում բավականին դրական արդյունք է տալիս։
Իրականում նոր սերունդը բավականին պրպտող է, ձգտող, ճկուն միտք ունի, արագ է ընկալում ուսանածը։
-Բժշկուհի, հասցնո՞ւմ եք վերապատրաստման դասընթացներ անցնել` Ձեր գերլարված աշխատանքային ռեժիմին համադրելով։
-Այո, բնականաբար, պարտադիր մասնակցում ենք ինչպես մեր երկրում կազմակերպվելիք սեմինարների և կոնֆերանսերի. արտերկրից ժամանած բժիշկների կողմից մեզ մեծ ինֆորմացիա է փոխանցվում մեր ոլորտում իրակացվող նորարարական բուժմոտեցումների մասին` մշտապես մեզ պահելով նորարարությունների զարկերակի վրա, այնպես էլ արտերկրում տարին 2 և ավելի անգամ վերապատրաստման դասընթացներին: Եթե չզբաղվենք ինքնակրթությամբ, դոփենք տեղում, բժշկությունը մի օր կվերջանա մեզ համար:
-Իսկ ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին։
-Ասոցիացիաները բժիշկներին հնարավորություն են տալիս հենց մեր երկրում անցնել վերապրաստումներ, նոր գիտելիքների ձեռք բերել, փորձի փոխանակություն իրականացնել ոլորտի մասնագետների հետ, արտերկրի բուժմոտեցումների տարբերակները համեմատել մեր բուժմոտեցումների հետ: Մեր քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցիացիան ամեն ամիս կազմակերպում է նիստ, որտեղ ներկայացվում են թե՛ նոր դեղորայքները, թե՛ մեր ոլորտի նեղ մասնագետների կողմից ներդրված բուժմոտեցման տարբերակները:
-Բժշկուհի, նախ շնորհավորում ենք, վերջերս «Որակի նշան» ընկերության կողմից արժանացել եք «Տարվա բժիշկ-2025» մրցանակի։ Ըստ Ձեզ` ինչ են տալիս նման մրցանակները բժիշկներին։
-Իրականում լիահույս եմ, որ նման մրցանակները մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, մասնագետներ, որոնք հանրության կողմից արդեն ճանաչված են և վստահություն են ձեռք բերել:
- Իսկ որպես վերջաբան` ի՞նչ կցանկանաք հասարակությանը:
- Առաջնահերթ մեր հասարակությանը խորհուրդ կտամ, որ փոխեն իրենց կենսակերպը, հոգեբանորեն հավասարակշիռ լինեն, միմյանց հանդեպ սիրով լցվեն, դրական տրամադրվեն և մեծացնեն հավատն առ Աստված: Մենք պետք է գիտակցենք, որ քրիստոնյա ենք ոչ թե զուտ անունով, այլ մեր ապրած կյանքով, մեր ազգի ճակատագիրը միասնական կերտելու դեգերումներով: Մաղթում եմ, որ առողջ լինեն, քանզի առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է: Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, որ տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ բժշկական հետազոտություն, քանի որ որքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը:
Իսկ մեր երկրին մաղթում եմ խաղաղ և անամպ երկինք. խաղաղության պայմաններում, ըստ իս, բոլոր հարցերն արդեն լուծելի են: Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք տարել ենք դառը պարտություն, եւ մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը իր ծաղկունքը դեռ կապրի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը