
Lusine
ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆ
Հայ կանայք իրենց առողջության նկատմամբ շատ անուշադիր են
bestgroup.am կայքի զրուցակիցը բժիշկ-ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դոցենտ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշման գծով փոխտնօրեն ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ է։
- Պարոն Քոչարյան, ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման հիմքն է, ախտորոշման ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում ձեր բաժանմունքում։
- Մենք կիրառում ենք ավանդական հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, ռենտգեն, համակարգչային շերտագրություն (КТ), որոնք կատարվում են գերժամանակակից, ամենավերջին սերնդի սարքերով։ Այս պահին մեր հետազոտման սենյակում տեղադրված է համաշխարհային չափանիշներով էքսպերտ դասի լավագույն սարքը, որը ճշգրիտ և արագ պատասխան ստանալու հնարավորություն է տալիս։ Այս բաժանմունքի համար՝ արդեն վերջին՝ չորրորդ սերնդի սարքն ենք գնում։
Հարկ է նշել, որ մենք զարգացնում ենք նաև ինտերվենցիոն ռադիոլոգիան, դա КТ-ի, ռենտգենի կամ սոնոգրաֆիայի հսկողության տակ կատարվող միջամտություններն են, բիոպսիաները։ Դրանով հիմնականում զբաղվում է մեր բաժանմունքի ղեկավար Հայկ Գյուրջյանը։
- Ախտորոշման ոլորտում նոր տեխնոլոգիաները եկան փոխարինելո՞ւ, թե՞ լրացնելու միմյանց։
- Լրացնելու։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ մի երեսուն տարի առաջ Հայաստանում չունեինք համակարգչային շերտագրության և մագնիսառեզոնանսային շերտագրության սարքավորումներ, ապա կարող ենք ասել, որ շատ բաներ փոխարինեցին: Իսկ այսօր, հատկապես ռադիոլոգիայում, այդ տեխնոլոգիաները մեկը մյուսին լրացնում են։ Գինեկոլոգիայում, օրինակ, ունենք հետազոտման ստանդարտներ՝ տրանսվագինալ սոնոգրաֆիա, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, որոշ իրավիճակներում մեկն է առավելություն ունենում հետազոտման համար, մեկ այլում՝ մյուսը։ Օնկոգինեկոլոգիայի պարագայում երեքն էլ պարտադիր կիրառվում են։
- Ի՞նչ է սքրինինգը, և ի՞նչ է սքրինինգային ծրագիրը։
- Սքրինինգ նշանակում է ընտրություն։ Այլ կերպ ասած՝ հետազոտվողների ընդհանուր զանգվածից ընտրում ենք ռիսկային խումբը։ Մեզ մոտ հիմնականում հղիության սքրինինգն է արվում։ Սքրինինգային հետազոտությունները երկուսն են և արվում են հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում։ Առաջին եռամսյակում սքրինինգի հիմնական նպատակը ժառանգական հնարավոր հիվանդությունների հայտնաբերումն է, որոնք հետագա հետազոտությունների կարիք են ունենում։ Հիմնականում կատարվում է գենետիկ ոչ ինվազիվ պրենատալ թեստավորում (ՆԻՊՏ-ը), որն իհարկե որոշակի սահմանափակումներ ունի և վերջնական ախտորոշում չէ։ Եթե տվյալ փուլում այդ մեթոդով որևէ շեղում է հայտնաբերվում, ապա անցնում ենք ինվազիվ գենետիկ հետազոտություններին։ Տասներեք շաբաթականում կիրառում ենք քորիոն բիոպսիա, կորդոցենտեզ, իսկ տասնվեց շաբաթականից հետո՝ ամնիոցենտեզ։ Նյութն ուղարկվում է գենետիկ քննության, որի արդյունքում ստանում ենք մանրամասն պատասխանը։ Սա ամբողջ աշխարհում ընդունված հետազոտման եղանակ է։ Ցավոք, ելնելով մեր ազգային առանձնահատկություններից, այս գործընթացում որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Կան մարդիկ, որոնք բացարձակապես այս մեթոդներին և հետազոտություններին չեն հավատում և ասում են՝ երեխան կծնվի, հետո կտեսնենք։ Լինում է և այլ ծայրահեղություն, երբ անգամ փոքր կասկածի պարագայում ցանկանում են անմիջապես ընդհատել հղիությունը, ինչն անընդունելի է։
- Պարոն Քոչարյան, գոյություն ունեն ուլտրաձայնային հետազոտության ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված հստակ չափորոշիչներ, որոնք կիրառվում են ՀՀ բոլոր բուժկենտրոններում։ Ելնելով ձեր երկարամյա փորձից, որևէ բան կառաջարկեի՞ք ներառել։
- ՀՀ առողջապահության նախարարության կողմից հղիության ամբողջ ընթացքի համար հաստատված է երեք սքրինինգային հետազոտություն։ Առաջինն արվում է 11-14 շաբաթականում, երկրորդը՝ 18-21, իսկ երրորդը, որը սոնոգրաֆիա է և սքրինինգ չի համարվում, արվում է 32-34 շաբաթականում։ Բոլորիս է հայտնի, որ կեսարյան հատումների թիվն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճել է։ Այն կանանց, որոնք կեսարյան հատումով են ծննդաբերել, խորհուրդ է տրվում դաշտանի անգամ մեկ շաբաթ ուշացման պարագայում պարտադիր սոնոգրաֆիկ հետազոտություն անցնել։ Քանի որ այսօր ունենք նոր արտարգանդային հղիության ձև, երբ պտղաձուն իջնում և ամրանում է կեսարյան հատման սպիի մեջ։ Ուշ ախտորոշման ժամանակ շատ բարդ է լինում դեղորայքային միջամտություն կիրառել և հավանականությունը, որ կինը արգանդը կկորցնի, բավականին մեծ է, քանի որ, ընկերքի հյուսվածքն աճում է այդ սպիի մեջ և նրան անջատել գրեթե անհնար է։ Իսկ երբ հղիությունը հայտնաբերում ենք փոքր պտղաձվի փուլում, ապա դեղորայքային ընդհատում հնարավոր է լինում կատարել։ Սա այսօր բավականին տարածված երևույթ է։ Միայն մեզ մոտ այս տարվա մեջ տասից ավելի նման դեպք ենք ունեցել, ու փառք Աստծո, ոչ մեկը արգանդի հեռացմանը չի հասել։ Կառաջարկեի սա հաշվի առնել, քանի որ եթե ուղղորդվենք նրանով, որ առաջին հետազոտությունն անցնելու են 11 շաբաթականում, ապա այս դեպքում դա շատ ուշ է։
Լավ կլիներ, որպեսզի 26-30 շաբաթականում դոպլեր հետազոտություն կատարվեր։ Ռուսաստանի Դաշնությունում դա արվում է պարտադիր կարգով, մեզ մոտ՝ բժիշկների հայեցողությամբ կամ հղիների ցանկությամբ։ Մեր բաժանմունքում այդ հետազոտությունը մենք կատարում ենք, որովհետև 21 շաբաթականի և 33 շաբաթականի միջև բավականին մեծ ժամկետ է և առնվազն երեք ամիս պտուղը չհսկելը խնդրահարույց կարող է լինել։
Շատ կարևոր են նաև ոչ հղի կանանց սքրինինգները։ Բազմաթիվ խնդիրներ կան՝ վզիկի, կրծքագեղձի քաղցկեղ, էնդոմետրիում և այլն։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ օրինակ, կինը պարտադիր կրծքագեղձի սոնոգրաֆիա անցնի և տարին կամ գոնե երկու տարին մեկ՝ մամոգրաֆիկ հետազոտություն։ Ցավոք, շատ դեպքերում կրծքագեղձի քաղցկեղը, որը վաղ հայտանբերելիս գրեթե հարյուր տոկոսով ենթակա է լիարժեք ապաքինման, հայտնաբերվում է այն փուլում, երբ անելիքներն արդեն սահմանափակ են։
- Իսկ սոնոգրաֆիան հակացուցում ունի՞։
- Ոչ, այդ մեթոդի հիմնական առավելությունը այն է, որ որևէ հակացուցում չունի, դա ոչ ճառագայթ է, ոչ ինվազիա է։ Այն անվնաս է և հնարավոր է կրկնել շատ անգամներ։ Մենք ունենք հղիներ, որոնք օրումեջ պարտադիր հետազոտվում են, դրանք կատարվում են դոպլերի վատ ցուցանիշի, պտղի ներարգանդային աճի դանդաղման, վիժման սպառնալիքի, հեմատոմաների և այլ վտանգավոր դեպքերի ժամանակ։
- Ելնելով ձեր աշխատանքային փորձից, արդյո՞ք շատացել են պտղի հետ կապված շեղումները։
- Այո, շատացել են, դրանք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներ են՝ սխալ սննդակարգը, վատ էկոլոգիան, ավելի ուշ վերարտադրողական ֆունկցիայի մասին հիշելը, այլ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումը։ Այդ ամենը հանգեցնում է շեղումների թվի մեծացմանը։ Սուբյեկտիվ պատճառներ են համարվում այն դեպքերը, երբ մարդիկ որոշակի կասկած ունենալու պարագայում դիմում են ինձ, հաշվի առնելով այս ոլորտում ունեցած իմ տարիների փորձը։ Այդ իսկ պատճառով ստացվում է, որ ինձ դիմողների շրջանում շատացել են պտղի հետ կապված շեղումները, ինչը չեմ կարող ասել ընդհանուրի մասին։
- Ձեր կարծիքով, հայ կանայք որքանո՞վ են ուշադիր սեփական առողջության նկատմամբ։
- Ցավոք, հայ կանայք իրենց առողջության նկատմամբ շատ անուշադիր են։ Համեմատության կարգով կուզենամ ռուսների օրինակը բերել, քանի որ հիմա Հայաստանում բավականին շատ ռուսներ են ապրում։ Եթե ասվում է՝ ձեզ երեք ամիս կամ մեկ տարի անց կրկնակի այց է անհրաժեշտ, նրանք ճիշտ այդ օրը գալիս են։ Իսկ եթե կոնկրետ հետազոտության կարիք չկա, ապա պարտադիր տարին մեկ հետազոտվում են։ Մեր կանայք, ցավոք, մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն այցելում։ Յուրաքանչյուր ոք, կապ չունի կին, թե տղամարդ, պետք է տարին մեկ պարտադիր հետազոտվի։ Արդյունավետ պայքարի միակ ձևը բոլոր տեսակի հիվանդությունների և հատկապես ուռուցքների դեմ՝ վաղ ախտորոշումն է։
- Ելնելով ձեր տարիների փորձից, ո՞ր հիվանդություններն են ավելի երիտասարդացել։
- Բոլորը, առաջին հերթին օնկոլոգիան։ Ցավոք, այսօր երիտասարդների շրջանում այնպիսի հիվանդություններ ենք հայտնաբերվում, որոնք նախկինում անգամ չենք էլ պատկերացրել։
- Եթե հետազոտության արդյունքում չարորակ գոյացություն եք հայտնաբերում, դուք իրավասո՞ւ եք այդ մասին հայտնել բուժառուին։
- Այո, իհարկե, իրավիճակով պայմանավորված։ Եթե կինը մենակ է եկել հետազոտման, ապա միանգամից նման լուր հայտնելը կարող է խնդրահարույց լինել։ Հիմնականում հայտնում ենք կնոջն ուղեկցող հարազատներին։ Բայց, ասեմ, որ մեր հետազոտության պատասխանը հարյուր տոկոսանոց ախտորոշում չէ։ Ռադիոլոգը հիմք ընդունելով հետազոտման միջազգային չափորոշիչները միայն գրանցում է իր կասկածը։
Վերջնական ախտորոշումն արվում է բիոպսիայից հետո, որը տալիս է հյուսվածքաբանը։ Հնարավոր է, որ շատ նման լինի չարորակ գոյացությանը, բայց վերջնական հետազոտման արդյունքում հերքվի։ Ռադիոլոգը հայտնում է իր կասկածը և հորդորում, որ չանտեսեն, դիմեն նեղ մասնագետի և շարունակեն հետազոտությունը։
- Մասնագետներն իրենց կայացման ճանապարհին ունենում են ուսուցիչներ, ձեր նեղ մասնագիտացման հարցում ո՞ւմ եք ուսուցիչ համարում։
- Սոնոգրաֆիայի այբուբենը ամբողջովին սովորել եմ Խոջոյան Ռուզաննա Լևոնովնայից, որը մինչ օրս աշխատում է «Դիագնոստիկա» ՓԲԸ բժշկական կենտրոնում։ 1996 թվականին, երբ ես ընդունվեցի Կլինիկական օրդինատուրա, այդ կենտրոնը միակն էր, որը հագեցած էր անհրաժեշտ ռադիոլոգիական սարքավորումներով և միակն էր, որ ուներ համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներ։ Ուսուցիչներ շատ եմ ունեցել, բայց առանձնակի կցանկանամ նշել Նիկողոսյան Հայկ Արայիչին և Ղազարյան Արմեն Կարպովիչին։
- Պարոն Քոչարյան, դուք նաև դասավանդում եք, որպես դասախոս, ի՞նչ կասեք այսօրվա երիտասարդ կադրերի մասին։
- Փայլուն երեխաներ իսկապես կան։ Այսօրվա երիտասարդությունը շատ տարբերվում է իր տեսակով, ինչպես նաև տարբերվում են մեզանից։ Այն հնարավորությունը, որն այսօր ընձեռված է նրանց, մենք չունեինք։ Եթե մի հարցի պատասխանի համար մենք գնում էինք գրադարան, ժամերով փնտրում և անգամ չգիտեինք կգտնենք, թե ոչ, ապա այսօր, ունենալով ձեռքի տակ այնպիսի մեծ ռեսուրսներ, ինչպիսիք են համացանցը, տարբեր գիտական, մասնագիտական խմբեր, հեշտությամբ հնարավոր է գտնել յուրաքանչյուր հարցի պատասխան։ Միակ բանը, որ անհրաժեշտ է, ցանկությունն է և ճիշտ ընկալումը, ինչը, ցավոք, այսօրվա ուսանողներից, օրդինատորներից քչերն ունեն։ Իսկ ժամանակը ցույց է տալիս, որ արդյունքի են հասնում նրանք, ովքեր իրենց վրա աշխատում են։
- Ըստ ձեզ, բժշկությունը առաքելությո՞ւն է, թե՞ կոչում
- Ըստ իս՝ առաքելություն։
- Եվ մեր զրույցի ավարտին ձեր խորհուրդը մեր ընթերցողներին։
- Խորհուրդ կտամ ճիշտ սնվել, հնարավորինս քիչ նյարդայնանալ, ավելի լավատես լինել, յուրաքանչյուրն իր չափով ակտիվ ֆիզիկական կյանք վարի։ Հակառակ պարագան հանգեցնում է օրգանիզմում լուրջ խախտումների, որոնք էլ հիմնականում դառնում են հիվանդությունների, ուռուցքների զարգացման պատճառ։ Խորհուրդ կտամ լսել սեփական օրգանիզմը և պարբերաբար հետազոտվել, դա միակ ճանապարհն է՝ անցանկալի պրոցեսները կանխելու։
Լիանա Գրիգորյան
Խորհուրդ կտամ միշտ լինել պոզիտիվ, պարզապես փոխեք ձեր վերաբերմունքը եւ փորձեք ամեն ինչում լավատես լինել
Բժիշկն իր աշխատանքով գրում է սեփական կենսագրությունը, ստեղծում այն պատմությունը, որը դառնում է հանրության սեփականությունը, որտեղ հստակ երեւում է նրա արհեստավարժությունն ու նվիրվածությունը աշխատանքին ու մարդկանց։
«Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից»։ Վոլտերի այս խոսքերը ուղղակիորեն բնութագրում են մեր զրուցակցին` «Աստղիկ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Լիանա Գրիգորյանին: Հոգատար ու բանիմաց բժշկուհին իր աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ: Իր մասնագիտական գիտելիքներն անվերջ համալրելու ու կատարելագործելու շնորհիվ նրան հաջողվում է շատերին երջանկացնել՝ վերականգնելով և կայունացնելով իր օգնությանը ապավինողների առողջությունը:
-Հիպոպարաթիրեոզ, ի՞նչ պաթոլոգիա է, կմանրամասնե՞ք:
- Հիպոպարաթիրեոզը մի հիվանդութուն է, որը պայմանավորված է մեր օրգանիզմում հարվահանաձեւ գեղձերի կողմից արտադրվող պարատհորմոնի ցածր սեկրեցիայով կամ իսպառ բացակայությամբ։ Պարատհորմոնը կարգավորում է մեր օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակությունը, հետեւաբար դրա դեֆիցիտը հանգեցնում է ծանր հիպոկալցեմիայի, այսինքն` արդյունքը լինում է կալցիումի բացակայությունը արյան մեջ: Առաջացման պատճառները տարբեր են, բայց ամենից շատ հանդիպում է
հետվիրահատական հիպոպարաթիրեոզը` որպես վահանաձև գեղձի վիրահատության բարդություն։
Կալցիումի պակասը օրգանիզմում արտահայտվում է մկանային ջղակծկումներով, հատկապես վերին եւ ստորին վերջույթների, ինչպես նաեւ դեմքի մկանների, կարող են կծկվել նաեւ ներքին օրգանների մկանները, արդյունքում զարգանում է բրոնխոսպազմ, կոկորդի սպազմ, կլման ակտի խանգարում, ստամոքս-աղիքային տրակտում կարող է լինել լուծ, փորկապություն, ինչպես նաեւ փսիխոգեն խանգարումներ, որն արտահայտվում է ծանր նեւրոզով, հիշողության կորստով, անքնությամբ եւ դեպրեսիայիով։ Նման դեպքերում պացիենտները հակված են ամբողջ կյանքում ստանալ կալցիումի ու ակտիվ վիտամին D-ի դեղամիջոցներ։
-Վահանաձև գեղձի դեմ ուղղված հակամարմինների բարձր մակարդակի դինամիկայում հսկողությունը որևէ նպատակ ունի՞, թե` ոչ։
-Սովորաբար վահանաձև գեղձի նկատմամբ հակամարմինների մակարդակը ստուգում ենք առաջին այցի ժամանակ ախտորոշումը հստակեցնելու համար` կա արդյո՞ք աուտոիմուն պրոցես, թե՝ ոչ։ Այնուհետև ոչ հաճախ ենք ստուգում, քանի որ դրանք բավականին երկար են պահպանվում։ Իսկ բուժման նշանակման համար հակամարմինների բարձր մակարդակը էական նշանակություն չունի, քանի որ բուժառուին հորմոնալ բուժում նշանակվում է միայն այն դեպքում, երբ կա վահանաձև գեղձի հորմոնների նորմայից շեղումներ, այսինքն՝ դիսֆունկցիա։ Հակառակ դեպքում, երբ միայն հակամարմիններն են բարձր, նշանակվում են միայն իմունիտետը լավացնող պրեպարատներ։ Վահանաձև գեղձի հորմոնները հսկողության տակ ենք պահում յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, իսկ կայուն էութիրոզի դեպքում` 6 ամիսը մեկ։
-Ի՞նչ է տալիս մեզ քրոմ պիկոլինատը։
-Քրոմը դա միկրոէլեմենտ է, ինչպես կալցիումը, մագնեզիումը, իսկ քրոմ պիկոլինատը նույն քրոմն է, որը կապված է պիկոլինաթթվի հետ, ինչն ապահովում է դրա ավելի լավ յուրացումը օրգանիզմի կողմից։ Քրոմը նշանակվում է որպես նիհարեցնող միջոց, քանի որ այն ակտիվորեն մասնակցում է ճարպերի ու ածխաջրածինների նյութափոխանակությանը, այն համագործակցում է ինսուլինի հետ, որը օրգանիզմին օգնում է ավելի լավ յուրացնել գլյուկոզան` նվազեցնելով շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։ Որքան շատ քրոմ է պարունակվում մեր սննդակարգում, այնքան քիչ ուտելու ցանկություն է լինում։ Հետեւաբար ունի նաեւ ախորժակ փակող հատկություն։
-Ցինկի անբավարարությունը ի՞նչ խնդրի կարող է հանգեցնել։
-Վերջին շրջանում կորոնավիրուսով պայմանավորված շատ ենք լսում ցինկի կարեւորության եւ օգտակարության մասին, եւ բժիշկները իրենց դուրս գրած դեղատոմսում անպայման ներառում են այս միկրոէլեմենտը։ Բանն այն է, որ ցինկը մեր օրգանիզմի նորմալ աշխատանքի համար նույնպես կարեւոր տարրերից մեկն է, որի դեֆիցիտը հանգեցնում է լուրջ խանգարումների։ Ցինկը ամրապնդում է օրգանիզմի իմունային համակարգը, բարելավում է մարսողությունը, մասնակցում սպիտակուցների սինթեզի, ինչպես նաեւ մեր օրգանիզմում տեղի ունեցող մի շարք գործառույթներին։ Օրգանիզմում ցինկի ցուցանիշի պակասի դեպքում առաջանում է աճի դանդաղում, արյան ճնշման ցածր ցուցանիշներ, ախորժակի կորուստ, ոսկրերի աճի դանդաղում, համի եւ հոտի զգացողության կորուստ, դեպրեսիա, չոր մաշկ, քաշի կորուստ, գունատ մաշկ, աղիների թուլություն, մազաթափություն, հոգնածության զգացում, եղունգների վրա սպիտակ բծերի առկայություն։ Մարդկային օրգանիզմը ունակ չէ ինքնուրույն ցինկ արտադրել, ինչը նշանակում է, որ այն բավարար քանակությամբ ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել ցինկով հարուստ մթերք կամ այն ստանալ համապատասխան դեղամիջոցների տեսքով։ Ցինկի օրական անհրաժեշտ քանակը կանանց դեպքում 8մգ է, իսկ տղամարդկանց համար` 11մգ։
- Ի՞նչ հորմոն է օքսիտոցինը և ի՞նչ գործառույթ է այն կատարում։
-Օքսիտոցինը հորմոն է, որն արտադրվում է գլխուղեղի հիպոթալամուսի շրջանում, այն կարգավորում է մեր օրգանիզմում մի շարք գործառույթներ։ Լայնորեն կիրառվում է մանկաբարձության բնագավառում, երբ ծննաբերող կնոջը ներարկում են օքսիտոցին, որպեսզի ուժգնանան ծննդաբերական կծկանքները, առաջացնի ընկերքի ծննդաբերությունը կամ կանխարգելվի արգանդային առատ արյունահոսությունը։ Իսկ երբ կինը կերակրում է կրծքով, օքսիտոցինը օգնում է, որ կաթը կաթնածորաններով դուրս գա։ Այն նաեւ կարեւոր դերակատարություն ունի գլխուղեղի այնպիսի գործունեությանը, որն ուղղված է մարդկանց հետ փոխհարաբերություններ ստեղծելուն։ Այս հորմոնը օգնում է, որ մարդիկ ճանաչեն մեկը մյուսին, նպաստում է հավատարմության եւ հոգատարության զգացումների ձեւավորմանը, իսկ կանանց օգնում է իրենց նորածին երեխայի հետ առավել մերձենալուն։ Օքսիտոցինը արտադրվում է նաեւ սեռական հարաբերության ժամանակ, որը մարդկանց պարգեւում է սեռական հաճույքի զգացում։ Հետեւաբար օքսիտոցինը անվանում են նաեւ սիրո եւ հավատարմության հորմոն։ Դուք կարող եք նաեւ հանդիպել օքսիտոցինի սփրեյ, որը գովազդվում է որպես հավատարմության եւ հրապուրանքի զգացումներ առաջացնող միջոց, սակայն նման պնդումները դեռեւս ապացուցողական հիմք չեն ստացել։ Ինչպես նաեւ կատարվում են մի շարք հետազոտություններ օքսիտոցինային բուժումը կիրառել նաեւ աուտիզմով տառապող երեխաների մոտ, սակայն այդ պնդումները դեռ հետազոտությունների փուլում են։
-Որո՞նք են հիպոթիրեոիդիզմի ախտանշանները։
-Նախ ասեմ, որ հիպոթիրեոզի ժամանակ ընկնում է վահանաձև գեղձի ակտիվությունը, եւ գեղձը չի կարողանում համապատասխան քանակով թիրոքսին հորմոն արտադրել։ Պատճառները տարբեր են` սկսած բնածին հիպոպլազիաներով, վերջացրած աուտոիմուն գենեզով։ Վերջին շրջանում շատ հաճախ հանդիպում են աուտոիմուն գենեզի հիպոթիրեոզները։ Իսկ վահանաձև գեղձը, կարելի է ասել, համարվում է մեր օրգանիզմի ղեկավարը, եւ դրա թերֆունցիայի պատճառով տուժում է մի շարք օրգան համակարգերի գործունեությունը։ Ախտանիշները, որոնք լինում են հիպոթիրեոզի ժամանակ, հետեւյալն են` հոգնածության զգացում, քնկոտություն, ալարկոտություն, մազաթափություն, մաշկի չորություն, թեփոտում, ցրտի նկատմամբ գերզգայունություն եւ անտանելիություն։ Հիպոպարաթիրեոզով տառապող բուժառուները հիմնականում շատ մրսկան են, փորկապություն, քաշի ավելացում, դեմքի այտուցվածություն` հատկապես առավոտյան ժամերին, ձայնի խռպոտում, մկանային թուլություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, հիշողության թուլացում կարող է լինել, սրտխփոց, սրտի ռիթմի խանգարում` բիադիկարդիա, տրամադրության անկում, դեպրեսիա եւ այլ ընթացիկ խանգարումներ։
-Կարո՞ղ է հիպոթիրեոզը առաջացնել անպտղություն։
-Այո, նույնիսկ ենթակլինիկական կամ թեթեւ հիպոթիրեոզը կարող է հանգեցնել հնարավոր անպտղության եւ վիժման։ Հիպոթիրեոզը բարձրացնում է պրեէկլամսիայի, պերինատալ մահացության ռիսկը, ինչպես նաեւ կապված է հեստացիոն դիաբետի եւ վաղաժամ ծննդաբերության հետ։ Հետեւաբար իմ խորհուրդն է` բոլոր այն կանայք, ովքեր պլանավորում են հղիություն, պարտադիր անցնեն վահանաձև գեղձի հետազոտություն, եթե կա հորմոնների խախտում, ապա անպայման ստանան համապատասխան բուժում, կարգավորեն դիսֆունկցիան, այնուհետև նոր պլանավորեն հղիություն։
-Փոփոխական տրամադրություն, ի՞նչ պաթոլոգիայի պատճառահետևանք է։
-Տրամադրությունը կարեւոր գործոն է մարդու զգացմունքային ներաշխարհը բացահայտելու համար։ Ուրախ տրամադրություն ունեցող մարդը իր շրջապատը ընկալում է դրական, իսկ վատ, տխուր տրամադրությունը ընդհակառակը առաջացնում է դժգոհություն, տագնապ, տհաճ զգացողություններ։ Տրամադրության փոփոխություն կարող են լինել ինչպես վահանաձև գեղձի թերֆունցիայի, այնպես էլ գերֆունկցիայի դեպքում։ Թերֆունցիայով տառապող մարդիկ ավելի հավասարակշռված են, դանդաղախոս, ալարկոտ, խուսափում են մարդաշատ վայրերից, ավելի դժվարությամբ են մտնում կոնտակտի մեջ եւ ավելի անտարբեր են շրջապատի նկատմամբ։ Իսկ վահանաձև գեղձի գերֆունկցիայիով կամ այսպես կոչված` թիրոտոկսիկոզով տառապող մարդիկ ավելի դյուրագրգիռ են, շուտ են բռնկվում, հուզվում, լացում, հետեւաբար ավելի զգայուն են։ Եվ նման գանգատներ ի հայտ գալու դեպքում ցանկալի է հետազոտել վահանաձև գեղձի ֆունկցիան։
-Ի՞նչ նյութերի թվին է պատկանում սերոտոնինը։
-Սերոտոնինը, ինչպես այն անվանում են երջանկության հորմոն, արտադրվում է գլխուղեղում եւ կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչն է։ Բնականաբար բարձրացնելով սերոտոնինի մակարդակը` մենք կարող ենք բարելավել մեր հոգեկան վիճակը, մոտիվացիան, ուշադրությունը, հիշողությունը, ինչպես նաեւ սեռական ցանկությունը։ Այնուամենայնիվ, հակադեպրեսանտները բժիշկների ընտրությունն են սերոտոնինի մակարդակի բարձրացման համար, բայց դրանց կիրառումը հաճախ ունենում է անցանկալի կողմնակի ազդեցություններ։ Նշենք մի քանի բնական միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է բարձրացնել օրգանիզմում սերոտոնինի մակարդակը. Նախևառաջ սննդակարգում ավելացնել տրիպտոֆան, որն ամինաթթու է և օգնում է մեր օրգանիզմում սերոտոնինի արտադրությանը։ Տրիպտոֆան պարունակող մթերքներն են ձուկը, անյուղ միսը, հնդկահավը, կաթնամթերքը, ընկույզը եւ սերմերը։ Ցանկալի է հաճախ մերսում կատարել, որով կբարձրանա տրամադրությունը, եւ նվազեցնել կորտիզոլի` սթերսի հորմոնի մակարդակը։ Իսկ սթերսը, ինչպես գիտենք, արգելափակում է սերոտոնինի արտադրությունը։ Պետք է շատ օգտագործել B խմբի վիտամիններ, հատկապես B12, B6, որոնք նույնպես կարող են օգնել սերոտոնինի արտադրությանը։ Շատ կարևոր է նաեւ արեւի տակ մնալը, այսինքն` վիտամին D-ի նորմալ քանակը օրգանիզմում, որը նույնպես շատ կարևոր է սերոտոնինի համար, ինչպես նաև մագնեզիումի ընդունումը։
-Որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը, ընթերցողներին:
-Խորհուրդ կտամ միշտ լինել պոզիտիվ, պարզապես փոխեք ձեր վերաբերմունքը եւ փորձեք ամեն ինչում լավատես լինել, օգտագործեք քաղցր, որը նույնպես բարձրացնում է տրամադրություն, փորձեք մեդիտացիա, մարմնամարզություն, շատ օգտագործեք վիտամին C, քանի որ այն ամուր կապված է տրամադրության հետ եւ ունի նաև հակադեպրեսանտ հատկություն։ Նվազեցրեք սթրեսը, սթրեսի հորմոնը` ինչպիսին է կորտիզոլը, որի դեմ պայքարի միջոցը դրական մնալն է եւ ձեր մասին հոգ տանելը։ Առողջ եղեք:
Լիլի Սարքսյան
«Կանխարգելումը շահեկան է ե՛ւ ֆինանսական, ե՛ւ այլ առումներով, ու մասնագետին ժամանակին դիմելու դեպքում խնդիրները դյուրին են հարթվում»
Ժամանակակից ստոմատոլոգիան սրընթաց զարգացում է ապրում՝ բուժման ավելի արդյունավետ ու ժամանակակից մեթոդներով բուժառուներին գեղեցիկ ժպիտ պարգևելով։
Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը մարդու արտաքինն ավելի ներդաշնակ են դարձնում: Գեղեցկությունը, ներքին ազատությունը և հրապուրիչ ժպիտը հաջողակ մարդու համար պարտադիր պայման են: Եթե ատամների ինչ-ինչ հիվանդություններ մարդուն զրկել են անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, այստեղ օգնության է հասնում էսթետիկ ստոմատոլոգիան: Ժամանակակից ստոմատոլոգիան, բուժման հիմնական մեթոդների հետ մեկտեղ, յուրացրել և լայնորեն կիրառում է գերժամանակից մեթոդները, որոնք ատամնաշարին հիանալի տեսք են հաղորդում:
Բոլորը կհամաձայնեն, որ ամենևին էլ պարտադիր չէ՝ մարդը բնությունից օժտված լինի գեղեցիկ և ճերմակ ատամներով: Չէ՞ որ ժամանակակից ստոմատոլոգիան լայն հնարավորություններ է ընձեռում` վերափոխելու ատամնաշարը՝ դրանք դարձնելով ուղիղ ու ճերմակափայլ: Թե ինչպես է դա իրականացվում, կփորձենք պարզել Աշտարակ քաղաքի «Աթանեսյան» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ ԼԻԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ մեր զրույցում:
Շուրջ 24 տարվա վաստակ ունեցող եւ իր ոլորտում մեծ հեղինակություն վայելող բժշկուհին իր գործի գիտակն է։ Բժշկուհին բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստումների ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում։
Բժիշկ դառնալու թիվ մեկ պայմանը համարում է ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելը: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, շարունակական ուսում, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում եւ վազք` ժամանակին համընթաց: Եթե պատրաստ ես անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն ճիշտ ուղու վրա ես: Մարդու, առավել եւս` բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:
-Բժշկուհի, ընտրել եք մի մասնագիտություն, որը պահանջում է մեծ պատասխանատվություն, անկոտրում կամք և անսպառ ջանքեր: Ներկայացրեք, խնդրեմ, մինչ օրս անցած Ձեր ուղին:
-Այո, բժշկությունը շատ մեծ պատասխանատվություն կրող մարդասիրական մասնագիտություն է, քանի որ գործ ունենք մարդկային կյանքի հետ։ Իրականում անցնելով երկար եւ դժվար ճանապարհ` ուսանողական տարիների երկրորդ կուրսից սկսած` ուսումնական պրոցեսին զուգահեռ անցել եմ պրակտիկա Հայ-ֆրանսիական ստոմատոլոգիական կլինիկայում, այնուհետև ավարտելով ինստիտուտը, ընդունվել եմ ինտերնատուրա, որն ավարտելուց հետո` 2001 թվականից մինչ օրս, ունենալով շուրջ 24 տարվա աշխատանքային մեծ փորձ, նվիրումով եւ սիրով աշխատում եմ իմ սիրած մասնագիտությամբ։
-Ընդհանրապես ստոմատոլոգիան առողջապահության զարգացող ուղղություն է:
Ըստ Ձեզ` վերջին տարիներին զարգացման ինչպիսի՞ ցուցանիշներ եք գրանցել ստոմատոլոգիայում:
- Ստոմատոլոգիան աշխարհի նորարարությունների զարկերակին է` թե՛ տեխնիկապես, թե՛ միջազգային ուղեցույցների բավականին գրագետ եւ արդիական մատուցումներ կան ոլորտում։
- Ատամնաշարի հետ կապված` ի՞նչ խնդիրների դեպքում կարող են Ձեզ դիմել:
-Կարող են դիմել թերապեւտիկ, էնդոդոնտիկ խնդիրների դեպքում, ինչպես նաև ատամնաշարի էսթետիկ վերականգնման համար։
-Իսկ կան արդյո՞ք օրթոպեդիայի մեջ նորարական բուժմոտեցումներ։
-Այո, նորարական բուժմոտեցումներից են ցիրկոնե շապիկները, վիներները, պրեսկերամիկները։
-Ի՞նչ է պերիոդոնտիտը, եւ ի՞նչ բուժում է այն պահանջում։
-Այն հարատամնային հյուսվածքների բորբոքումն է. բուժմոտեցումը սկսվում է թարախային գոյացությունը հեռացնելով, արմատախողովակների անտիսեպտիկ մշակումներով, իսկ արմատախողովակները ապահովում ենք որակյալ լիցքով եւ պլոմբավորավորումով։ Նաև լինում են դեպքեր, որ նշանակում ենք հակաբորբոքայիներ։
-Ո՞րքան հաճա խ կարելի է կատարել ատամների պրոֆեսիոնալ մաքրումը։
-Տարին երկու անգամ, այսինքն` 6 ամիսը մեկ կարելի է կատարել ատամնաշարի պրոֆեսիոնալ մաքրում։
-Արդյոք կարելի՞ է հղիների մոտ բուժել գինգիվիտը` լնդաբորբը:
-Միանշանակ կարելի է, եւ ոչ միայն գինգեվիտը: Եթե հղի կինն ունի ատամնաշարի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ, հղիության թույլատրելի ժամանակահատվածում բոլոր անհրաժեշտ բուժմոտեցումները կարելի է իրականացնել։
-Ի՞նչ առաջընթաց ունի ստոմատոլոգիայում էսթետիկ ենթաբաժինը:
-Ստոմատոլոգիայի էսթետիկ բաժինը շատ արագ տեմպերով է զարգանում, եւ շատ բուժառուները ձգտում են ունենալ լայն տարածում գտած «հոլիվուդյան ժպիտը»:
Կարելի է ասել, որ տափակաձեւ պլոմբաները, վիզուալ առումով արդեն վաղուց անցյալում են: Հիմա ցանկացած գործընթաց, որ կատարում է ստոմատոլոգը, ենթադրում է էսթետիկ դրսեւորում: Նույնիսկ չերեւացող ատամը պետք է այնպես բուժել, շտկել, որ ե՛ւ գեղեցիկ լինի, ե՛ւ ֆունկցիոնալ:
- Բժշկուհի, ի՞նչ են վինիրները, և որ դեպքում են դրանք կիրառվում ժամանակակից ստոմատոլոգիայի մեջ։
-Վինիրները կերամիկական երեսպատիչներ են, որոնց միջոցով հնարավոր է շտկել մի շարք թերություններ: Այս միջամտությունը շատ պարզ ու արագ ճանապարհ է՝ ձեռք բերելու ատամների ցանկալի գույն ու գեղագիտական տեսք, ինչը և ձևավորում է ժպիտի գեղեցկությունն ու ամբողջականությունը: Ի տարբերություն պսակներով վերականգնման տարբերակի՝ վինիրների տեղադրումը կատարվում է ատամների մինիմալ հղկմամբ. դրանք չեն փոխում իրենց նախնական գույնը նույնիսկ սուրճից ու ծխախոտից, և ամենակարևորը՝ դրանք լիովին համատեղելի են բերանի խոռոչի հյուսվածքների հետ:
Վինիրներն այդպիսի մեծ տարածում են ստացել նաև իրենց հարատևության շնորհիվ. կանոնավոր հիգիենայի և նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ վինիրները կարող են ծառայել բավական երկար՝ ապահովելով շլացուցիչ ժպիտ: Դա է պատճառը, որ այսօր ատամների վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ ողջ աշխարհում: Անցավ լինելու և կարճ ժամանակում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու շնորհիվ այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ։ Այն կիրառվում են կրկին էսթետիկ ստոմատոլոգիայի մեջ։
-Իսկ ո՞րն է ցիրկոնե պսակների առավելությունը, և ո՞ր դեպքերում են դրանք կիրառվում:
- Ցիրկոնե պսակները ևս ժամանակակից պրոթեզավորման տեսակ են արդի էսթետիկ ստոմատոլոգիայի մեջ: Դրանք հիպոալերգիկ են, կենսահամատեղելի, և, թերևս, չի գրանցվել այնպիսի դեպք, երբ բերանի խոռոչում առաջացնեն բացասական ռեակցիաներ: Դրանք ցուցված են կիրառել ատամների վերականգնման ժամանակ՝ ատամների քայքայվածության դեպքում, ինչպես նաև մասնակի անատամության` անգամ մեկ բացակա ատամի դեպքում։
-Շատե՞րն են ստոմատոլոգի դիմում ոչ միայն բուժման, այլ նաեւ ատամնաշարի հետ կապված էսթետիկ թերությունները շտկելու համար:
-Նոր տեխնոլոգիաները եւ ժամանակակից նյութերի անսահմանափակ հնարավորությունները թույլ են տալիս ունենալ գեղեցիկ եւ առողջ ատամնաշար: Այո, վաղ դիմելիության տենդենցը շատացել է, բավականին փոխվել է բուժառուների դիմելիության կուլտուրան, դիմում են արդեն վաղ, չթողնելով բախվել բարդացումների, քանի նախկինում էր։ Ըստ իս, բավականին գովելի փաստ է, եւ ոչ միայն դիմում են ցավային սինդրոմի դեպքում, այլ էսթետիկ ստոմատոլոգիայի համար, այսօր բուժառուները ավելի տեղեկացված են եւ գիտակից։ Մարդկանց մոտ ճերմակ եւ կատարյալ ուղիղ ատամներ ունենալու մեծ միտում կա, եւ նրանք պատրաստ են շտկել նույնիսկ աննշան թեքությունը։
-Ժամանակակից տեխնոլոգիաները չեն շրջանցել նաեւ ստոմատոլոգիան: Խոսենք վերջին ձեռքբերումներից:
-Կարծում եմ՝ ստոմատոլոգիան, հատկապես նրա էսթետիկ բաժինը բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: Ճյուղ, որն կենտրոնանում է ոչ միայն ատամների առողջության, այլև դրանց արտաքին տեսքի վրա` բուժառուի ժպիտը դարձնելով ավելի գրավիչ և ինքնավստահ։
Արդի ստոմատոլոգիան ավելի է թվայնացվում, ինչը ստոմատոլոգներին մեծ հնարավորություններ է տալիս առավելագույն արդյունավետ դարձնել իրենց աշխատանքը:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում բժշկությունը վստահելի ձեռքերո՞ւմ է:
-Կասեմ, որ հուրախություն մեզ, մեր բժշկությունը ապագայում վստահելի եւ ոսկե ձեռքերում է։ Մեր երիտասարդները բավականին պրպտող են, ձգտող սերունդ ունենք, նպատակասլաց են, եւ ըստ իս, ապագայում ավելի մեծ բարձունքների եւ վերելքների կհասնեն, պարզապես պետք է նրանց ճիշտ ուղղորդել։
-Ո՞րն է Ձեր ունեցած ամենամեծ ձեռքբերումը։
-Ամեն վերապատրաստումից, ամեն նոր գիտելիք ստանալուց հետո այդ ամենը մեծ սիրով կիրառում եմ իմ պրակտիկայում, եւ, ասեմ, որ բավականին մեծ եւ էֆֆեկտիվ արդյունքներ են գրանցում, իսկ ամենամեծ ձեռքբերումը դա իմ բուժառուների գոհունակ ժպիտով հեռանալն է մեր կլինիկայից։
-Որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Ասեմ, որ կանխարգելումը շահեկան է ե՛ւ ֆինանսական, ե՛ւ այլ առումներով, ու մասնագետին ժամանակին դիմելու դեպքում խնդիրները դյուրին են հարթվում։ Սակայն ամենակարեւոր կանխարգելումը տարրական հիգիենայի պահպանումն է: Որպես բժիշկ մաղթում եմ միմիայն առողջություն: Թող մարդկանց հոգիներում լինեն խաղաղություն, հանգստություն եւ ներդաշնակություն: Առողջ եղե՛ք։
ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ
Կցանկանամ, որ բժիշկ-բուժառու հարաբերությունը լինի կարեւոր և երկկողմանի
21-րդ դարում բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում զարգացող հիվանդությունը կանխարգելելու և բուժելու համար: Սակայն, ինչպես առողջապահական այլ ոլորտների, այնպես էլ ակնաբուժության մեջ կարևորվում է բանիմաց մասնագետներին ժամանակին դիմելը: Ընդհանրապես բուժառուի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու եթե բուժառուի և բժշկի միջև ստեղծվում է վստահելի համագործակցություն, առավել հեշտ են լուծվում խնդիրները:
Մեր զրուցակիցն է բ.գ.թ., դոցենտ, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի վարիչ, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ։
Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց երբ հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան այդ ճանապարհին, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ եւ արդյունավետ: Եվ մեր զրուցակիցը նման երջանիկներից է: Երկար տարիների վաստակ ունեցող և մեծ հեղինակություն վայելող բժշկուհու համար հաջողության գաղտնիքը ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելն է: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում և վազք` ժամանակին համընթաց:
Մարդկային բարձր առաքինություններով օժտված բժշկուհին վստահ կանգնած է իրեն ապավինած յուրաքանչյուր բուժառուի կողքին։ Ընտրելով բժշկի դժվարին ու պատասխանատու մասնագիտությունը` երբեք չի զղջացել` մշտապես բարձր դիրքերում պահելով ամենօրյա տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Եվ իզուր չեն ասում՝ հիվանդի համար բժշկի հոգատար ու մարդկային վերաբերմունքը բուժման կեսն է։
-Բժշկուհի, տեղյակ ենք, որ գլաուկոմա հիվանդությունը համարվում է «տեսողության համր գող»։ Կտարբերակե՞ք, թե որոնք են բաց անկյուն եւ փակ անկյուն գլաուկոմայի տեսակները։
-Այո, ինչպես նշեցինք, գլաուկոմա հիվանդությունը համարվում է տեսողության գող, քանի որ ազդում է տեսողական նյարդի վրա։ Ցանկացած տիպի գլաուկոմայի դեպքում տեսողական նյարդը ճնշման տակ է, և էական չէ` բարձր է ճնշումը, միջին է, երբեմն ցածր է, միեւնույնն է, տվյալ նյարդի համար այդ ճնշումը համարվում է բարձր։ Եվ տեսողությունը վատթարանում է այն պատճառով, որ տեսողական նյարդը աստիճանաբար վնասվում է։ Մարդիկ դա երկար ժամանակ չեն զգում եւ անգամ, երբեմն գալիս են բավականին բարձր տեսողության սրությունով, քանզի բարձր ճնշման տակ հատակի կենտրոնական մասը ժամանակավորապես ավելի ակտիվ է աշխատում։ Հետո տեսողական նյարդը շատ է վնասվում, եւ տեսադաշտի փոփոխությունները բերում են նրան, որ մարդը նկատում է, որոշ մանր փոփոխություններ աստիճանաբար տեսադաշտից կորցնում է։ Իսկ եթե խոսենք բաց անկյուն եւ փակ անկյուն գլաուկոմաներից, դրանք պայմանավորված են, այսպես կոչված, անկյունով։ Այսինքն` ներակնային ճնշումն իր մակարդակը պահում է շնորհիվ անկյան արտահոսքի։ Աչքի ներսում կա այնպիսի մի հատված, որը կոչվում է աչքի անկյուն. դա արցունքի հետ կապ չունի, այլ ներակնային հեղուկի մասին է խոսքը, եւ այդ հեղուկը անկյունից աստիճանաբար դուրս է գալիս։ Բաց անկյան ժամանակ անատոմիապես անկյունը բաց է. հարց է առաջանում` բա ինչո՞ւ է գլաուկոման զարգանում: Որովհետև, երբ ասում ենք բաց կամ փակ անկյուն, նկատի ունենք անատոմիական կառուցվածքը: Ըստ կառուցվածքի` բոլոր շերտերը առկա են, եւ արտահոսքը լինում է: Փակ անկյան ժամանակ ոչ բոլոր շերտերն են առկա։ Այդ դեպքում հեղուկն ինքն իրեն, անգամ առողջ անկյունում, արտահոսքի հնարավորություն չունի։ Դրա համար փակ անկյան ժամանակ առաջին հերթին պետք է կատարվի լազերային միջամտություն, որպեսզի բացվի, ուղղվի այս անկյունը: Այն արվում է 40 տարեկանից հետո։ Մինչեւ 40 տարեկանը, իմաստ չունի, քանի որ երիտասարդների գլաուկոման` բաց թե փակ անկյուն, զարգանում լրիվ այլ կերպ։ Փակ անկյան ժամանակ անկյունը լազերով բացելուց հետո հետեւում ենք, որ այս անատոմիապես բաց անկյունն իր գործառույթը կատարի։ Եվ հենց բաց անկյուն գլաուկոման դրանով է տարբերվում, որ այն անատոմիապես բաց է, բայց ֆունկցիոնալ գործունեության տեսակետից` անկյունը թերի է աշխատում՝ խցանված է, նեղացած, չի թողնում, որ անգամ բաց վիճակում հեղուկը լիրաժեք արտահոսք անի, եւ այդ դեպքում բարձրանում է ներակնային ճնշումը: Բաց անկյուն գլաուկոմայի դեպքում կատարվում է մեկ այլ լազերային միջամտություն, միայն այն դեպքում, եթե տեսողական նյարդը լավ վիճակում է եւ թույլ է տալիս այդպիսի միջամտություն։ Եթե տեսողական նյարդը շատ է վնասված, լազերային միջամտությունը կարող է իրենից վտանգ ներկայացնել։ Այդ իսկ պատճառով գլաուկոմայի բաց անկյան ժամանակ, եթե նյարդը դեռ լավն է, կարելի է այդ միջամտությունը: Իսկ եթե նյարդը վնասված է, ցանկացած տիպի գլաուկոմայի դեպքում՝ բաց թե փակ, արդեն մտածում ենք վիրահատության մասին։ Եվ բաց անկյուն գլաուկոմայի տարբերությունն այն է, որ այստեղ հանգիստ կարող ենք կատարել ստենտավորում կամ շունտավորում, այսինքն` անկյունը բաց է, թերի է աշխատում, եւ ստենտով կամ շունտով բացում ենք այդ թերացումները, իսկ փակ անկյուն գլաուկոմայի ժամանակ ստենտավորումը իմաստ չունի, տեղ չկա տեղադրելու, եւ վիրահատելով պետք է արհեստական տեղ ստեղծել։
-Գլաուկոմայի ժամանակ, ովքե՞ր կարող են ռիսկային խմբում գտնվել, եւ արդյո՞ք հիվանդությունը ժառանգական բնույթ կրում է։
-Այո, գլաուկոման ինքնին ժառանգական բնույթ է կրում, անգամ` երեխաների մոտ։ Ուղղակիորեն կա գեն, որը պայմանավորված է գլաուկոմայի զարգացմանը ուղղված, եւ ինչ-ինչ սոցիալական պայմանների, նյութափոխանակության խանգարումների պատճառով աչքն էլ դառնում է շատ թիրախային եւ ավելի զգայուն, իսկ ներակնային ճնշումը տվյալ նյարդի համար հանդիսանում է ավելի բարձր։
Ռիսկի խմբի մեջ առաջին հերթին մտնում են հեռատեսությամբ տառապողները, աչքեր, որտեղ հիմնականում աչքի անկյունը նեղ եւ փակ է լինում, ինչի համար ասիական երկրների մարդիկ ունեն փակ անկյուն, եւ միշտ լազերը կատարվում է, քանի որ իրենք գենետիկորեն ունեն նեղ աչքեր, աչքի նեղ անկյուն, որոնց հեշտ է լազերային միջամտություն կատարել։ Կարճատեսությամբ տառապողների մոտ պատկերն այլ է, շատ զգայուն են եւ ռիսկային գոտում են բաց անկյուն գլաուկոմայի ժամանակ։ Թիրախային խմբի մեջ են նաեւ բարձր արյան ճնշում ունեցող հիվանդները, որոնց մոտ արյան ճնշում տատանումներն էլ բերում նրան, որ սնուցումը տեսողական նյարդի շուրջը վնասված է լինում: Ինչպես նաեւ շաքարային դիաբետով եւ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ, որոնց մոտ անոթային համակարգը կարող է թերանալ, արդյունքում թերի սնուցել տեսողական նյարդը: Բոլոր վերը նշվածները գլաուկոմա հիվանդության թիրախային խմբի մեջ են։ Ինչպես նաեւ այն մարդիկ, որոնք ունեն աչքի տարբեր հիվանդություններ` սկսած կատարակտից ընդհուպ աչքի բորբոքային հիվանդություններ։ Չգտնվելով բժիշկների հսկողության տակ, կամ թեկուզ գտնվում են, բայց պատշաճ չեն կաթեցնում աչքի կաթիլները, անպայման ի վերջո երկրորդային գլաուկոմա են ունենում։ Այդ իսկ պատճառով էլ բժշկի հսկողության տակ լինելը շատ կարեւոր է, և «տեսողության գող» ասված հիվանդությունը երբեք չլինի։
- Պոզներ-Շլոսման սինդրոմ (PSS)։ Կմանրամասնե՞ք։
-Այդ սինդրոմը գլաուկոմայի մի խումբ է, որը մինչ օրս տարբեր տեսություններ է ունեցել։ Ժամանակին այն համարվել է բորբոքում։ Այնուհետև համարվել է գլաուկոմա, հետո` փակ անկյուն, նաև անվանում էին վիրուսային բորբոքում: Արդի տեսլականը այս հիվանդության վերաբերյալ կամ այլ կերպ երբեմն ասում են գլաուկոմա ցիկլիտիկ կրիզ, երբ վիլյար մարմնի՝ թաղանթի մի հյուսվածքի բորբոքման պատճառով ոչ թե ինֆեկցիան է, այլ ուղղակի ինչ-ինչ պատճառներով այն բորբոքվում է եւ սկսում է համեմատաբար ավելի շատ արտադրել առաջնային խցիկի հեղուկ, եւ այս հեղուկը չի հասցնում դուրս գալ, որովհետև անկյունը նեղանում է, և դրա հետեւանքով հետեւից սեղմում է հյուսվածքը, մի կողմից հեղուկն է շատ արտադրվում, մյուս կողմից անկյունը թերանում իր գործառույթը, և սկսում է կուտակվել հեղուկը։ Եվ շատ հաճախ ընթանում է հենց փակ անկյուն գլաուկոմայի ձեւով։ Ամենադժվարը, երբ մարդը ունենում է անատոմիապես փակ անկյուն` զուգակցված Պոզներ-Շլոսման սինդրոմով, այսինքն` ասեպտիկ ոչ ինֆեկցիոն, բորբոքման պատճառով ավելորդ հեղուկ է կուտակվում աչքի ներսում եւ բերում կտրուկ ճնշման բարձրացմանը։ Այս տիպի գլաուկոմայի բուժումը ոչ միայն ճնշումը իջեցնելով է, այլ հակաբորբոքայիներ նշանակելով։ Սա ուղղորդվում է ցավերով, ճնշման կտրուկ բարձրացումով: Շատ նման է փակ անկյուն գլաուկոմայի սուր նոպայի, ի տարբերություն նրան, որ այստեղ բիբը չի լայնանում, եւ չենք ունենում ծիածանաթաղանթի շուրջը ատրոֆիկ վնասված օջախներ։
-Գլաուկոմայի պրոգրեսիայի հսկման համար ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ։
-Ակնաբույժի ստուգումը, թե տեսողական նյարդը ինչ վիճակում է, նաև ներակնային ճնշման ստուգում` հասկանալու ապագա բուժման ընթացքը` հետեւելով նախկին եւ ներկա ցուցանիշները։ Պետք է կարգավորել ճնշումը` հասկաալու համար` կա՞ն արդյոք տեսողական նյարդում փոփոխություններ, թե` ոչ։ Այսինքն` գլաուկոմայի ժամանակ լինում է տեսողական նյարդի վնասում։ Ամբողջ մեր հսկողությունը կատարվում է տեսադաշտի վրա, թե ինչ փոփոխություններ են ժամանակի ընթացքում նկատվում տեսադաշտում։ Կան նաեւ օսիթի օկուլյար կոլեհեր տոմոգրաֆիա, որը ցույց է տալիս այս նյարդաթելերի ամենաանտեսանելի հատվածում եղած փոփոխությունները` բարակո՞ւմ են արդյոք նյարդաթելերը, թե` ոչ։ Եվ եթե այդ բարակումը կրում է շարունակական բնույթ, ուրեմն իրականացվող բուժումը թերի է, չպիտի շարունակվի։ Այսինքն` այս հետազոտությունը ցույց է տալիս տեսողական նյարդի վնասումը համակարգչային տեխնիկայի միջոցով։
-Կոմբինացված վիրահատությունների օգնությանը ե՞րբ եք դիմում։
-Այն դեպքում, եթե տեսողական նյարդը արդեն 80 տոկոսով եւ ավելի վնասված է, եւ մենք ստիպված պետք է կատարենք կատարակտի դեմ միջամտություն, այս դեպքում միայն կատարակտի միջամտությունը իմաստ չունի։ Շատ հաճախ գնում ենք կոմբինացված վիրահատությունների, քանզի կատարակտի միջամտությունը կատարելուց հետո կա, այսպես կոչված, հիպերտենզիֆազա, այսինքն որոշ ժամանակ հետո ճնշումը կարող է բարձրանալ։ Եթե 80 տոկոսով վնասված նյարդի ճնշումը բարձրացավ, անպայման կկորցենք նյարդը։ Այդ իսկ պատճառով հաճախ այդ դեպքերում կատարակտի հետ զուգակցված կատարում ենք գլաուկոմայի համակցված վիրահատություն էֆֆեկտիվ արդյունք ունենալու համար։ Բացի դրանից, կոմբինացված վերահսկողություն կատարում ենք այն դեպքում, եթե բուժառուի մոտ բարձր է ճնշումը, եւ ինչ դեղորայք ընդունվում է, չի իջնում: Բայց եթե բուժառուն ունի նաեւ կատարակտա, որը խանգարում է իրեն, եւ շատ հաճախ մենք ստիպված ասում ենք, որ եթե նրա ցանկությունն է մեկ անգամ վիրահատարան մտնելով` ստանանք արդյունքը, դիմում ենք կոմբինացված վիրահատության։ Մենք աշխատում ենք հիմա շատ չկատարել կոմբինացված միջամտություններ, քանզի ներվիրահատական ռիսկը կրկնապատկվում է։ Բայց երբեմն ստիպված ենք լինում` ե՛ւ բուժառուի շահերից ելնելով, ե՛ւ բժշկական տեսակետից։ Նախկինում օրական 4-5 կոմբինացված վիրահատություններ էինք կատարում, այսօրվա մեր ռեժիմի մեջ 30 վիրահատությունների ընթացքում 1 բժշկի կողմից կարող ենք 1-2 կոմբինացված վիրահատություն կատարել։
- Հնարավո՞ր է գլաուկոմայի կրկնվելու հավանականությունը վիրահատելուց հետո։
-Գլաուկոմայի վիրահատության իմաստն այն է (ոչ թե շունտավորման, այլ` վիրահատության), որ մենք նոր տեղ ենք ստեղծում, ձեւավորում, որպեսզի կոմպենսացնենք բնությունից արդեն թերացած հատվածը, տեղ ենք ստեղծում, որպեսզի արտահոսքը լիրաժեք տեղի ունենա։ Այս տեղը կարող է ապագայում փակվել, այսինքն` սպիանալ։ Եթե բուժառուն սպիացման հակում ունի, որոշ դեպքերում շատ փոքր տոկոս է կազմում։ Եվ այն դեպքում, երբ փակվում է գլաուկոմայի վիրահատությունից անմիջապես հետո, եթե ճնշումը բարձրանում է, լազերով կտրում ենք կարը եւ 3 տարվա կտրվածքով կարգավորում ենք ներակնային ճնշման մակարդակը: Բայց 3 տարի հետո կարող է սպիանալ, այս դեպքում էլ ստիպված ենք լինում հատուկ խողովակներ, ապարատներ տեղադրել, որպեսզի սպիացման պրոցեսը կապ չունենա արդյունքի հետ։
-Աչքի իմպլանտացիա հասկացություն կա՞ արդյոք ակնաբուժության մեջ։
-Աչքի իմպլանտացիա հասկացություն ամբողջ աշխարհում գոյություն չունի։ Սա միֆ է, կա աչքի տարբեր հատվածների իմպլանտացիա, օրինակ` եղջերաթաղանթի, ոսպնյակի, գոյություն ունի կոնկրետ խողովակների ստենտերի իմպլանտացիա, բայց աչքը` որպես այդպիսին, փոխել անհնարին է, քանզի գիտենք, որ աչքը ցանցաթաղանթն է, որը ուղեղի շարունակություն է դեպի արտաքին աշխարհ։ Քանզի այսօր, երբ գիտությունը դեռևս չի գտել ուղեղի փոխպատվաստում, աչքն էլ փոխպատվաստել անհնար է։
-Գլաուկոմայի լազերային միջամտությամբ բուժման մեջ արդյոք կա՞ն նորարարական մոտեցումներ, որոնց մասին կցանկանայիք խոսել։
-Վերը նշեցի` հիմնականը փակ անկյունը բացելն է եւ բաց անկյան վրա աշխատելը։ Համեմատաբար նոր մեթոդ է սելեկտիվ լազերային տրաբեմուլոպլասիկան, որի իմաստն է այնպես աշխատել անկյան վրա, որպեսզի կողքի հարակից հյուսվածքները չվնասենք։ Մենք դեռ մեր կլինիկայում 2012 թվականին իրականացրել ենք այս մեթոդները, բայց այսօր սա ապարատային բուժման օգնությամբ է իրականացվում, որոնք ավելի լավացնում են տրաբիկուպլասիկայի արդյունքը։ Այսինքն` սարքավորումներն են նոր, բայց միջամտությունը նույն է։
- Պերդյուի համալսարանի ամերիկացի գիտնականները կոնտակտային ոսպնյակներ են ստեղծել գլաուկոմայի վաղ ախտորոշման համար, ի՞նչ ոսպնյակներ են դրանք։
-Արդեն բավականին ժամանակ է կան այդ ոսպնյակները, որոնք ինֆորմացիա են հասցնում ներակնային ճնշման մակարդակի եւ ներակնային ճնշման տատանման մասին։ Այսինքն` այդ ոսպնյակը, երբ իմպլանտացվում է աչքի մեջ, տեղադրված չիպը չափում է ներակնային ճնշումը` անկախ կողմնակի ազդեցությունից։ Սա ավելի լավ մեթոդ է գիտական աշխատանքների իրականացման ժամանակ։ Մենք էլ ունենք այսպիսի առաջարկ և շուտով կիրագործենք, որ ոսպնյակը իմպլանտացվի հատուկ սարքով, որը կչափի ներակնային ճնշման մակարդակը օրվա կտրվածքով, որի օգնությամբ բժիշկը կհսկի` արդյո՞ք նորմայում կամ ոչ նորմայի սահմանում է տատանվում ներակնային ճնշումը, որպեսզի ճիշտ համակարգված և ժամանակին բուժումը կատարվի։
- Տեղյակ ենք, որ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի է ունեցել «Ակնաբուժության հեռանկարները. Հայաստանի և Վրաստանի փորձը» խորագրով գիտաժողով։ Կմանրամասնե՞ք։
-Շատ հետաքրքիր կոնֆերանս էր Վրաստանի կոլեգաների հետ համատեղ։ Ընդամենը 8 զեկույց ամեն կողմից, բայց մեկը մյուսից` հագեցած, մեկը մյուսից` շատ հետաքրքիր։ Եվ գլաուկոմայի վերաբերյալ շատ նորանոր տեղեկատվություն եղավ։ Ես միշտ ցիտում եմ ԱՄՆ մեր կոլեգաների ասածը եւ Վրաստանի պատվիրակությունը նույնպես հաստատեց այն, որ Հայաստանի գլաուկոմայով հիվանդները շատ երջանիկ են: Իրականում պարծենում եմ այդ փաստով, քանզի մեր կլինիկայում կատարվում է գլաուկոմայի բուժման ամենավերջինը, նորագույնը, եւ միշտ մեր հսկողության տակ են մեր բուժառուները։ Վրաստանի բժիշկներն էլ փաստեցին մեր կլինիկայի առաջադեմ եւ բարձր մակարդակը, ժամանակին բուժօգնություն ցուցաբերելը, եւ իրենք էլ կիսվեցին իրենց փորձով, որն էլ մեզ համար էր շատ հետաքրքրական: Պատրաստվում ենք, որ մեր համագործակցությունը կրի շարունակական բնույթ։ Ամենակարեւորը մեզ մոտ պետք է ուսուցանվեն Վրաստանից ժամանած բժիշկները, եւ այդ պահին արդեն մեկ հոգի ունենք, որ եկել է ուսանելու աչքի տարբեր հիվանդությունների բուժման նորագույն մեթոդները։ Մենք էլ պատրաստվում ենք մի քանի ամիս հետո իրենց այցելել կոնֆերանսի մեր համագործակցության շարունակելու համար։
-Բժշկուհի, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը հուսալի՞ ձեռքերում է:
- Ինքս Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչն եմ, եւ ինձ համար ուսուցանելը եւ երիտասարդ կադրեր պատրաստելը շատ կարեւոր է։ Կարծում եմ, որ մենք ունենք փայլուն երիտասարդություն, հանգիստ եւ վստահորեն կարող եմ ասել հենց գլաուկոմայի բաժանմունքի մասին, որ երիտասարդ կադրերն արդեն ինքնուրույն սկսում են աստիճանաբար վիրահատություններ կատարել, եւ ամենակարեւորը ակտիվ մասնակցում են թե՛ տեղական, թե՛ միջազգային կոնֆերանսերին, և իրենց գրագետ զեկույցներով օժանդակում են մեր աշխատանքին: Գլաուկոմայի տեսակետից իրենք էլ են աստիճանաբար ներգրավվում բոլոր գիտական աշխատանքների մեջ, որպեսզի տեղեկացված լինեն գլաուկոմայի բուժման նորագույն միջամտություններին հենց սկզբնական փուլերում։ Մենք ամերիկյան ծրագրի հետ էլ ունենք գլաուկոմայի հետ կապված մեկ լավ հետազոտություն` հայտնաբերելու Հայաստանում փակ անկյուն գլաուկոմայի քանակը, տոկոսը եւ բուժել դրանք, որի մեջ ներառված է երիտասարդ սերունդը։ Կարծում եմ, որ մեր ակնաբուժության ապագան ապահով ձեռքերում է։ Իրականում մեր աջակցությունն էլ իրենց պետք է մեծ լինի: Հաճախ իրենք ավելի առաջադեմ են նորարական բուժմոտեցումները ներդնելու համար։
-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:
-Ամենակարեւորը կցանկանայի, որ մեր բուժառուն լինի ավելի տեղեկացված ու ավելի գրագետ։ Իրականում մարդը կարող է շատ գրագետ եւ զարգացած լինել, բայց իր հիվանդության մասին շատ տեղեկացված չլինել։ Կցանկանայի, որ մեր բուժառուներն ավելի հետևողական լինեն բժիշկների ցուցումներին։ Չգիտես ինչու, շատ հաճախ բժշկի ասածը դրվում է կասկածի տակ: Իրականում լրատվական միջոցներով տեղեկատվության տարածումը բավականին օգնում է, որ բուժառուներն ավելի գրագետ եւ հետեւողական մոտենան իրենց խնդրին: Պետք է հետեւողական լինեն գլաուկոմայի վիրահատությունից հետո դեղորայքի պարտադիր կաթեցմանը։ Թողնելով բարձիթողի մեր ցուցումները` հաճախ տրտնջում են, որ արդյունք չեն տեսնում։ Պետք է հետեւողական լինեն, եթե բուժառուն գիտի` ինչ ճանապարհ պիտի անցնի բժշկի հետ, ավելի գիտակից է մոտենում իր խնդրին, որն էլ հետագայում օգնում է բուժման ընթացքին։ Կցանկանամ, որ բժիշկ-բուժառու հարաբերությունը լինի կարեւոր և երկկողմանի: Իրականում ոչ ոք չի պատկերացնում, թե բժիշկը ինչի միջով է անցնում, որպեսզի բուժառուն իր կորցրած առողջությունը հետ բերի, հատկապես գլաուկոման ինքնին տարիքային շեմ է ընդգրկում։ Եվ շատ հաճախ մեծահասակների հետ աշխատելով` բժիշկն իրոք անցնում է մեծ դժվաությունների միջով` թե՛ հոգեպես եւ թե՛ ֆիզիկապես։Ինչպես ասում են, երբ հիվանդությունը գալիս է, բժիշկը եւ բուժառուն մի կողմի վրա են, իսկ հիվանդությունը` մյուս, միասին հիվանդությանը հաղթելը ավելի հեշտ է։ Իսկ որպես մաղթանք` բոլորիս առողջություն, որ այն միշտ իրենց մոտ հսկելի լինի։ Եվ կարևոր մի բան, որը ոչ միայն անհրաժեշտ է մեր երկրին, այլ ամբողջ աշխարհին. թող խաղաղություն լինի թե՛ երկրում, թե տանիքներում, թե իրենց ուղեղում, հարաբերություններում, հոգիներում։ Անամպ ու կապույտ երկինք, որպեսզի մենք էլ կարողանանք արարել մեր երկրում։
Լիլի Սարգսյան
Անի Լևոնի Սարգսյան
Անի Լևոնի Սարգսյան
Ծնվել է 1993թ․ հոկտեմբերի 16-ին ք․Երևանում։
2010թ․ ոսկե մեդալով ավարտել է ք․Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցը։
2017թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը։
Եղել է Մխիթար Հերացու անվան կրթաթոշակակիր։
2020թ․ ավարտել է կլինիկական օրդինատուրան «Ակնաբանություն» մասնագիտությամբ։
2021թ․ ավարտել է կլինիկական օրդինատուրան «Մանկական ակնաբանություն» մասնագիտությամբ։
2020թ․-ից աշխատում է Ս․Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կետրոնում որպես բժիշկ-օրդինատոր։
Հանդիսանում է ՀՀ ակնաբույժների ասոցիացիայի անդամ։
Հանդիսանում է ՀՀ մանկական ակնաբույժների ասոցիացիայի անդամ։
Պարգևատրվել է Տարվա բժիշկ- Որակի նշան- 2023 մրցանակով՝ «Տարվա երիտասարդ մանկական ակնաբույժ» անվանակարգում։
Մասնակցել է մի շարք միջազգային գիտական կոնֆերանսների, սեմինարների և կոնգրեսների։
Էլ․ հասցե՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Հեռ․ +374 94 00 10 00
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱԶԱՏԻ
Հովակիմյան Տիգրան Ազատի. բժշկական գիտությունների թեկնածու
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1991-1996թթ. – ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետ
1996-1999թթ. – Օրդինատուրա (օրթոդոնտիա և մանկական պրոթեզավորում)
2001թ. – ստացել է ԲԳԹ կոչում
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Դասավանդել է Երևանին Պետական Բժշկական Համալսարանում և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ»-ում
2006թ-ին հիմադրել է «Orthodent» ստոմատոլոգիական կլինիկան, որը երկար տարիներ է, ինչ որակյալ ծառայություններ է մատուցում
2015-2017թթ․ արժանացել է «Տարվա օրթոդոնտ» անվանակոչմանը
Ամուսնացած է, ունի 2 որդի
ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
«Սիրտը մեր էմոցիոնալ կենտրոնն է»
Վերջին տարիներին Հայաստանը սրտաբանության ոլորտում զգալի հաջողություններ եւ առաջընթաց է արձանագրել: Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ լիարժեք բուժման համար այսօր ստեղծված են բոլոր պայմանները: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել գրեթե բոլոր անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները:
Մեր զրուցակիցն է «Երևան» բժշկագիտական կենտրոնի՝ նախկին 8-րդ հիվանդանոցի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայության ղեկավար, պրոֆեսոր ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ։ Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ եւ վաստակ`պրոֆեսորը նաև բարեհամբույր, սկզբունքային մարդ է, ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ եւ արժանի է բժիշկ կոչվելու պատվին:
-Բժի՛շկ, սրտի իշեմիկ հիվանդությունը ի՞նչ նախանշաններով է ի հայտ գալիս, եւ որո՞նք են ռիսկի գործոնները։
-Սրտի իշեմիկ հիվանդությունն ախտորոշվում է առաջին հերթին բուժառուի նշած գանգատներով, որի դեպքում հնարավոր է 80 տոկոսով հայտնաբերել հիվանդությունը եւ եզրակացություն անել։ Գանգատները կրծքավանդակում ճնշող ցավերն են կամ օդի պակասը քայլելիս, աստիճաններ բարձրանալիս, որոնք վերանում են կանգնելիս։ Սակայն կարող են լինել ատիպիկ գանգատներ: Հաջորդ փուլում արդեն հետազոտություններ են իրականացվում` պարզելու իշեմիկ հիվանդության առկայությունը, եթե իհարկե բուժառուն մեզ առաջին անգամ է դիմել։ Հիվանդություն, որի զարգացումը պայմանավորված է սրտի անոթների նեղացման պատճառով, սակայն դա պարտադիր պայման չէ: Բացի գանգատներից իշեմիկ հիվանդությունն ախտորոշվում է նաեւ էլեկտրասրտագրության, էխոսրտագրության, ծանրաբեռնվածության տեստի փորձերով, հեծանիվի կամ վազքուղու վրա իրականացվող հետազոտություններով, ինչպես նաև կորոնալ անոթների կոմպյուտերային շերտագրությամբ։ Միայն ամենավերջին փուլում, երբ մենք արդեն գրեթե համոզված ենք, որ բուժառուի մոտ անոթները նեղացած են, և գտնում ենք որ կա նրանց բացելու անհրաժեշտություն, իրեն ուղղորդում ենք կորոնագրոգրաֆիայի, որը կատարվում է սրտի անոթների նեղացումները բացելու նպատակով, այլ ոչ թե այն ախտորոշման վերջին փուլն է համարվում։ Ցավոք, Հայաստանում, որպես առաջին փուլ, շատ բժիշկներ աջ ու ձախ կորոնար անգիոգրաֆիայի են ուղղորդում, բայց ամբողջ աշխարհում դա վերջին փուլում է իրականացվում, քանզի մինչ այդ, ախտորոշումն արդեն պարզվում է։ Երբ մենք 90-100 տոկոսով համոզված ենք, որ բուժառուն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, և բացի դրանից ունի անոթները բացելու անհրաժեշտություն, նոր ուղարկում ենք կորոնար անգիոգրաֆիայի, որպեսզի արդեն ստենտավորում իրականացվի։ Սակայն, քիչ դեպքերում, ըստ իրավիճակից իհարկե կարելի է դիմել այդ հետազոտությանը ավելի վաղ փուլերում: Ախտորոշումը կորոնար անգիոգրաֆիայով չի դրվում: Այն սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման մեթոդներից է ընդամենը մի քանի տոկոս դեպքերում, մնացյալ դեպքերում մենք մինչ այդ պետք է ախտորոշումը կարողանանք դնել` սրտի իշեմիկ հիվանդություն է, թե` ոչ։ Սրտի իշեմիկ հիվանության դրսեւորումներից մեկն է սրտամկանի սուր ինֆարկտը: Այդ դեպքում ախտորոշումից հետո անոթի անհապաղ բացելը անհրաժեշտ է: Մնացած դեպքերում պետք է հիվանդության խորը ուսումնասիրություն:
-Ուղեղի կաթված։ Կմանրամասնե՞ք։
-Ուղեղի կաթվածը նույն մեխանիզմով է դրսեւորվում, ինչ` սրտի ինֆարկտը։ Ինֆարկտը կատարվում է սրտում, կաթվածը՝ ուղեղում։ Դա անոթի փակումն է ուղեղում, որն առաջացնում է ուղեղի մեռուկացում, այսինքն` արյան սնուցվումը բացակայում է։
-Առիթմիայի ի՞նչ տեսակներ կան, եւ որո՞նք կարող են իրենցից վտանգ ներկայացնել:
-Առիթմիան բավականին ծավալուն ուղղվածություն է սրտաբանության մեջ: Դրանց մեծ մասը վտանգ չի ներկայացնում, ուղղակի պարտադիր թելադրում են ախտորոշում, քանզի դրանք իրականում առողջությանը վտանգ են սպառնում։ Վտանգավոր, կյանքին սպառնացող առիթմիաներից է փորոքային հաճախասրտությունը, եթե տեւողությունը երկար է լինում եւ կարող է բերել սրտի կանգի, փորոքների ֆիբրիլացիայի, երբ փորոքները սկսում են այնպիսի իմպուլսներ ստանալ, օրինակ` «թպրտալով» են աշխատում: Հիմնականում շողացող առիթմիան կարող է իրենից վտանգ ներկայացնել, եթե բուժառուն չի օգտագործում հակակոագուլիանտներ` արյուն ջրիկացնողներ, որոնց չկիրառելու դեպքում կարող է նախասրտերում տրոմբներ առաջանալ։ Առիթմոլոգիան` որպես գիտություն, այսօր մեծ զարգացում է ապրել, կարող ենք հաջողությամբ միջամտություններ կատարել նույնիսկ վտանգավոր առիթմիաների դեպքում, ինչը նախկինում շատ քիչ էինք կարողանում իրականացնել: Առիթմիաների մեծամասնությունը սովորաբար լինում է անվտանգ, անցողիկ, առանց որեւէ միջամտության կարող է անցնել կամ երբեմն պահանջում է թեթեւ բուժում: Շատ ժամանակ դրանք լինում են նյարդային, եւ երբ տեսնում ենք, որ առիթմիան վտանգավոր չէ, սովորաբար ավելի շատ խորհուրդ ենք տալիս նյարդեր հանգստացնող, շարժունակություն ապահովող գործողություններ կատարել, սպորտային միջոցառումների մասնակցել, որոնք կարող են առիթմիաները նվազեցնել կամ վերացնել: Իսկ եթե առիթմիան արդեն լինում է վտանգավոր, պետք է դրա դեմ կա՛մ դեղորայքային բուժում տարվի, կա՛մ, եթե տեսնում ենք, որ դեղորայքը չի ազդում, կատարվի այլ միջամտություն:
-Շողացող առիթմիան վտանգավոր չէ՞:
-Շողացող առիթմիայի գլխավոր վտանգն այն է, որ նախասրտերը չեն կծկվում, նրանք, այսպես ասած, «շողում են», եւ այդ պատճառով արյունը դանդաղ է շարժվում նրանց մեջ ու կարող է անգամ մակարդվել՝ առաջացնելով թրոմբներ: Նախասրտերում առաջացող թրոմբները կարող են «թռչել» եւ դառնալ ինսուլտի պատճառ: Դրա համար շողացող առիթմիայի դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի, որպեսզի վերջինս որոշի՝ տա՞լ հիվանդին արյունը ջրիկացնող դեղորայք, թե` ոչ: Բացի այդ, կարող են իրականացվել նաեւ թրոմբի «թռիչքը» կանխող այլ գործողություններ:
-Ռիթմի խանգարումների դեպքում տարիքային շեմ ո՞րը կարող ենք համարել:
-Գործնականում տարիքային շեմ չկա. տարբեր տարիքներում լինում են տարբեր ռիթմի խանգարումներ: Ընդ որում, շատերը կարող են ամբողջ կյանքում ունենալ ռիթմի խանգարումներ, բայց դա չզգալ: Մարդիկ էլ կան, որ բացարձակ անվտանգ ռիթմի խանգարումներն այնքան սուր են զգում, որ դրանք իրենց համար լինում են ուղղակի անտանելի, եւ գլխավոր բանը այդ մարդկանց հանգստացնելն է, որ իրենց առիթմիան անվտանգ է: Եվ միայն ինչ-որ խնդիր լինելու դեպքում կարելի է միջամտել: Սակայն եթե անվտանգ առիթմիան ազդում է կյանքի որակի վրա, մենք ստիպված միջամտում ենք: Ամեն դեպքում, եթե լինում են առիթմիաներ, ցանկալի է դիմել բժշկի, որովհետեւ բժիշկն արդեն կարող է կողմնորոշվել եւ ասել՝ այդ առիթմիան անվտա՞նգ է, թե` ոչ, արժե՞ այդ առիթմիան վերացնել, ինչպիսի կանխարգելիչ մեթոդներ ձեռնարկել, որ այդ առիթմիան չկրկնվի…
-Նյարդային համակարգը որքանո՞վ է ազդում սրտի գործունեության վրա:
-Սիրտը մեր էմոցիոնալ կենտրոնն է, եւ շատ արագ հենց նա է զգում ամեն տեսակ էմոցիաները: Բացի այդ, սիրտը անատոմիական շատ հարուստ իներվացիա ունի, ներվերով սնուցվում է, եւ եթե ինչ-որ էմոցիոնալ, նյարդային բաներ են լինում, սիրտը շատ արագ դա զգում է: Փաստորեն, ամեն ինչը արտահայտվում է սրտով: Կարող է լինել արագախփություն, սրտի անկանոն աշխատանք, ինչ-որ նեղվածություն, որովհետեւ սրտի լեզուն զգացմունքների լեզուն է, եւ նա խոսում է մեզ հետ ոչ թե բառերով, այլ` զգացմունքներով: Բառերը գալիս են մեր ուղեղից, զգացմունքները՝ սրտից: Ցավեր կարող են առաջանալ կրծքավանդակում, բայց ո՛չ սրտի, ո՛չ իշեմիկ, ո՛չ անոթի նեղացման հետ կապված ցավեր: Կարող են առաջանալ ծակծկոցներ, սրտխփոց, սրտի անկանոն աշխատանք, սակայն բացարձակ առողջ սրտով, եւ այդ գանգատները կարծես մեր մարմնի/սրտի լեզուն է, որն ասում է՝ ինչ-որ բան մեր դուրը չի գալիս: Եթե ամեն ինչ նորմալ է, եթե մենք չունենք ուրիշ ռիսկի գործոններ (ես նկատի ունեմ բարձր ճնշում, շաքարային դիաբետ, ծխել, նստակյաց կյանք, ավելորդ քաշ), մեզ մոտ առանձնապես սրտային հիվանդություն չի լինում: Իհարկե, քրոնիկական երկարատեւ սթրեսը կարող է բերել որոշ սրտային հիվանդությունների:
-Եղանակային փոփոխություններն ի՞նչ ազդեցություն ունեն սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող բուժառուների վրա։
-Այո, իրականում որոշ չափով ազդում են, կարող են ազդել ճնշման վրա, բայց ոչ բոլոր հիվանդների մոտ: Կան բուժառուներ, որ իրոք զգայուն են եղանակային փոփոխությունների հանդեպ։
-Ոտքերի այտուցը ի՞նչ վտանգի մասին է խոսում։
-Եթե այն սրտային եւ երիկամային անբավարարությունից չէ, իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն վտանգավոր է, երբ բուժառուի երակներում կա տրոմբ, եւ երկար ժամանակ խցանվել է, այդ դեպքում ոտքը այտուցվում է, եւ հնարավոր է տրոմբը թռնի դեպի թոքեր: Բայց սովորաբար, եթե տրոմբ է լինում, լինում է ոչ թե 2, այլ 1 ոտքում, ոտքն այտուցվում է, ցավում ի տարբերություն սրտային և երիկամային այտուցների, որոնք 2 ոտքում են լինում և անցավ: Իսկ մնացյալ այտուցները լինում են մեկ կամ երկու ոտքերում հավասարաչափ եւ եթե պայմանավորված չեն երիկամային կամ սրտային անբավարարությամբ, իրենցից վտանգ չեն ներկայացնում։ Այտուցները հիմնականում լինում են լիմֆոստազից, լիմֆատիկ անոթների, վերջույթների արյան ոչ ճիշտ շրջանառությունից:
-Սրտխփոցը հանգիստ ժամանակ ինչի՞ հետեւանք է։
-Դա կարող լինել նյարդային բնույթի, ջերմության բարձրացումից, բորբոքային պրոցեսից, իսկ եթե շատ կտրուկ է սկսվում սրտխփոցը, դա սովորաբար առիթմիայի զարգացման տարբերակ է: Առիթմիա է, եթե 130-140 ավել են սրտի զարկերը, իսկ 110-120-ի դեպքում` սովորաբար դա ուղղակի ինչ- որ տագնապային երեւույթ է, նևրոզ կամ բարձր ջերմության հետևանք։
-Ինչպե՞ս վերահսկել սրտային հիվանդությունները հղիության ընթացքում։
-Հղիության ընթացքում սրտային խնդիրներով կինը պարտադիր պետք է լինի հսկողության տակ, ինչը մեզ մոտ բավականին լավ է իրականացվում։ Եվ առաջին հերթին, պետք է հետեւել սրտի աշխատանքին եւ ճնշմանը։ Ճնշումը ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, որը կարող է ի հայտ գալ հղի կնոջ մոտ, եւ դա պահանջում է շատ խիստ հսկողություն սրտաբանի կողմից, որպեսզի կարողանանք ճնշումը նորմայում պահել։ Փառք Աստծո, հիմա կա բավականին դեղորայք, որը կարելի է նշանակել հղի կանանց ճնշումը կարգավորելու համար եւ պահել նորմայի սահմաններում: Եվ իհարկե, արդեն ուլտրաձայնային հետազոտություններն այսօր զարգացման այնպիսի փուլում են, որ կարող են ներարգանդային կյանքում պտղի սրտում առկա արատները հայտնաբերվել։ Եթե իրականում հետեւողական լինեն, կարող են հանգիստ վիճակում պահել հղիին` անգամ եթե նա կրում է սրտի տարբեր արատներ։ Մեծամասնության դեպքերում ծննդաբերությունը ավելի գերադասելի է բնական ճանապարհով:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։
-Հրաշալի կադրեր ունենք: Ընդհանրապես կյանքում ամեն ինչը շատ-շատ է փոխվել: Օրինակ` մեր ուսանելու տարիներին համացանց չկար, գրականությունն էր քիչ, հետաքրքրությունն էլ առանձնապես շատ չէր, ամեն ինչը կարծես ինչ որ տեղ կանխորոշված էր: Իսկ հիմա պրոֆեսիոնալիզմի դար է, եւ ամեն մեկը պետք է շատ բան իմանա, իրենից մի բան ներկայացնի, որ կայանա: Այդ իսկ պատճառով ե՛ւ ուսանողները, ե՛ւ հետագայում, մեր` օրդինատուրա, ինտերնատուրա անցնողների բավականին մեծ տոկոսը շատ հետաքրքրասեր են, խորանում են, ամեն ինչ ուզում են իմանալ, որովհետեւ գիտեն, որ իրենց ապագան կախված է իրենց գիտելիքներից, որ, ամենաքիչը, պետք է գոնե միջակ կամ միջակից բարձր լինեն, որ կարողանան այսօրվա մրցակցությանը դիմանալ:
-Ըստ Ձեզ` ի՞նչ մակարդակի վրա է արդի սրտաբանությունը Հայաստանում։
Հուրախություն մեզ` Հայաստանում բավականին զարգացում է ապրում սրտաբանությունը և այն ամենազարգացած ուղղություններից մեկն է։ Իհարկե, մենք դեռ չենք հասել այն մակարդակի, որի սանդղակում զարգացած երկրներն են` եվրոպական եւ ամերիկյան, նաև Ճապոնիայում եւ շատ ասիական երկրներում մեծ առաջընթաց ունեն։
-Արդիական խնդիրներ ոլորտում, որոնց մասին կցանկանայիք խոսել։
- Առաջնային խնդիրների շարքում, իհարկե, սրտի իշեմիկ հիվանդությունն է, որը կապված է աթերոսկլերոզի հետ. դարի հիվանդություն, որն աստիճանաբար բերում է սրտամկանի ինֆարկտի եւ ուղեղի կաթվածի, նաեւ երիկամների անոթների նեղացմանը, ընդհուպ երիկամային ինֆարկտի: Հիվանդություններ, որոնք ունեն հատուկ ռիսկի գործոններ։ Եվ եթե մենք այդ ռիսկի գործոնները կանխարգելենք, հասարակության մեջ հասանելի լինի մեր ձայնը եւ իրենց հասու լինի, թե իրականում ինչի հետ գործ ունեն, կարծում եմ, մեր հասարակությունը ավելի գիտակից կմոտենա կանխարգելիչ բուժօգնությանը: Դրանցից մեկը ճնշման հսկումն է, շատերը դեղամիջոցներ չեն ընդունում, չեն հետեւում իրենց։ Մեր ազգը շատ է սիրում ծխախոտը, նորաձեւ դարձած էլեկտրական ծխախոտից օգտվել, որի վնասակարության մասին մեծ հետազոտություններ չկան, ուղղակի ավելի քիչ վնաս է տալիս, քան ծխախոտը, ավելի քչանում է հազը, բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած ծխախոտ ունի իր բացասական ազդեցությունը և նրանք նույնպես վնասում են անոթները։ Հաջորդը շաքարային դիաբետն է, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը. եթե այդ ամենը մենք կարողանանք կանխարգելել, կունենանք բավականին առողջ հասարակություն։ Սրանք են ամենաարդիական խնդիրները: Սիրտ-անոթային հիվանդությունները տոկոսը կարելի է քչացնել, փոխելով հասարակության մտածելակերպը, այլ ոչ թե բուժելով կոնկրետ անհատների, որ իրենք գանգատներ չունենան, սակայն նրանց սիրտը արդեն միշտ կմնա հիվանդ կարճացնելով կյանքի տևողությունը:
-Հիվանդությունները «երիտասարդացե՞լ» են:
-Սրտի իշեմիկ հիվանդությունն է «երիտասարդացել»: Ընդհանրապես երիտասարդացումը ավելի շատ պայմանավորված է նրանով, որ սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումն է լավացել, ավելի վաղ շրջանում ենք կարողանում հայտնաբերել հիվանդությունը: Բացի դրանից, նաեւ իրոք հիվանդությունները որոշակի «երիտասարդացում» են ապրել, որովհետև կյանքը, անգամ ծխախոտը, սնունդն են փոխվել. արհեստական նյութերն են այսօր շատ: Շատերն են նստակյաց կյանք վարում, մարդկանց քաշն է ավելացել սննդի պատճառով. Ուտելիքերն էլ ավելի են համեղ դարձել, տեսականին՝ շատացել, սնունդը կարծես արվեստ է դարձել շատերի համար, այն ոչ միայն հագենալու, այլ ավելի շատ, կարծես, հաճույքի եւ ժամանցի աղբյուր է դարձել: Աղն է շատացել, այնպիսի բաղադրություններ կան պատրաստի ուտելիքների մեջ, որ կարող են նույնիսկ շաքարախտ առաջացնել, խոլեստերինը բարձրացնել եւ այլն, եւ այլն: Եթե այդ ամենին գումարենք նաեւ քրոնիկական սթրեսները, որոնք իրենց հերթին նպաստում են ծխելուն, ուտելուն, ալկոհոլի քանակն ավելացնելուն, ապա տխուր պատկերն մեզ համար արդեն լիարժեք է:
- Կա՞ն նորարարական մեթոդներ սրտաբանության մեջ, որի մասին կցանկանայիք, որ լուսաբանվեր։
-Նորարարական մեթոդները մեր երկրում օր օրի գնալով ավելանում են, եւ դրանց շարքում են միջամտական վիրահատությունները. արդեն կատարված են առաջին քայլերը փոխարինելու աորտալ փականը առանց կրծքավանդակի բաց վիրահատությունով: Արտերկրում դա արդեն ստանդարտ գործողություն է, քան մեր երկրում: Ցանկանում են միտրալ փականը փոխել, եւ կարծես թե առաջին փորձը ճանապարհին է, եւ բանակցություններ են գնում, թե ինչպես դա կատարվի: Բավականին զարգանում են պատկերավորման մեթոդները` սրտի մագնիսարեզոնանսային շերտագրումը, էխոսրտագրության 3D մեթոդները, եռաչափ, քառաչափ մեթոդները: Իրականում, այո, բավականին լուրջ առաջընթաց կա հայկական սրտաբանության մեջ։
-Իսկ որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք հանրությանը:
-Մեր ժողովրդին առողջություն եմ ցանկանում: Առողջ եղեք, մի՛ կենտրոնացեք ամեն մի մանրուքի վրա. մարդիկ ծախսում են իրենց կյանքը, իրենց երջանկությունը այնպիսի բաների վրա, որոնք արժանի չեն դրան, պետք է ապրել այսօրվա օրով, պետք չէ գնալ անցյալ ու տառապել, կամ մտածել, թե ապագայում իրենց ինչ է սպասվում։ Պետք է ապրել ներկայով ու անհոգ: Մարդիկ կան, որոնք դժգոհ լինելը դարձրել են սովորություն, լավ ապրելը իրենց համար դարձել է օտար։ Լավ ապրելը եւ երջանիկ լինելը կախված չի ունեցվածքից: Միշտ լինելով ստրեսային իրավիճակների մեջ` ինքնըստինքյան ձեռք են բերում հիվանդություններ: Բժիշկներս ուզում ենք դրսից առողջացնել մարդուն, բայց մարդը պետք է ներսից փոխվի, ամեն փոփոխություն ներսից է գալիս: Մենք չենք կարող դեղորայքով նրան առողջացնել, եթե ինքն իրեն չի հետեւում: Ամենակարեւորը առողջ մնալն է, ոչ թե` բուժվելը, որովհետեւ բուժումն արդեն չի բերում առողջ մակարդակի, մենք ուղղակի այնպես ենք անում, որ մարդն այդ հիվանդությունը չզգա, ուստի մարդը պետք է իրեն հետեւի, գիտակցորեն մոտենա առողջությանը: Պահպանեք առողջությունը, վարեք առողջ ապրելակերպ, որպեսզի ապրեք լիարժեք կյանքով:
ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ
«Մանկական ակնաբուժության մեջ նորագույն բուժմոտեցումները հնարավորություն են տալիս կանխարգելելու եւ բուժելու աչքի հիվանդությունները»
ժամանակակից բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում տեսողությունը պահպանելու, աչքերի զարգացող հիվանդությունները կանխարգելելու եւ բուժելու համար: Ժամանակակից ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Սակայն, ինչպես ցանկացած այլ օրգան-համակարգերի, այնպես էլ աչքի հիվանդությունների պարագայում առաջին հերթին կարեւորվում է ճիշտ
ժամանակին մասնագետներին դիմելու հանգամանքը:
Այսօր մանկական ակնաբուժության մեջ նորագույն բուժմոտեցումները հնարավորություն են տալիս վաղ հայտնաբերելու, կանխարգելելու եւ բուժելու աչքի հիվանդությունները: Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց ավելանում է տեսողական ծանրաբեռնվածությունը: Մեր օրերում աչքի հիվանդությունները գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ձեռք բերում:
Համակարգիչը, բջջային հեռախոսը բնության կողմից առօրյայում չնախատեսված լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում: Այս ամենի հետեւանքով տեսողական խնդիրներն ավելացել են եւ սկսել են դրսեւորվել ավելի վաղ մանկական տարիքից:
Մեր զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ակնաբույժ ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Երիտասարդ բժշկուհին համարձակորեն մուտք է գործել բժշկության անկանխատեսելի, դժվարություններով ու բարդություններով լի աշխարհ եւ ընթանում է այդ դժվարին, սակայն հաջողությունների ճանապարհով: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ գրագետ կազմակերպված աշխատանքի շնորհիվ իրականացնում է ճշգրիտ ախտորոշում եւ հետագա բուժում` երեխաներին վերադարձնելով կյանքի լավագույն պարգեւներից մեկը` աչքի լույսը:
Բժշկուհին իր գործի գիտակն է, բազում մանուկների աչքերի լույսն է վերադարձրել: Իր աշխատանքում առաջնորդվում է այն հստակ գիտակցությամբ, որ առողջ երեխաները մեր ազգի գոյության պատվարն են, ամուր հասարակության գրավականը:
-Բժշկուհի, ավելի հաճախ ակնային ի՞նչ խնդիրներով են երեխաները Ձեզ դիմում։
- Մանկական բաժանմունքը բազմապրոֆիլային է։ Մեր բաժանմունքում հսկվում և բուժում են ստանում ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի խնդիրներով երեխաներ։ Մեզ դիմում են հիմնականում կատարակտայի, գլաուկոմայի, շլության, ռեֆրակցիոն շեղումների՝ կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի, բորբոքային հիվանդությունների, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի խնդիրների, վնասվածքների, արցունքային համակարգի, կոպերի խնդիրների դեպքում։ Յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Անկասկած, շատ կարևոր է, որ խնդիրը հայտնաբերվի հնարավորինս շուտ՝ ճիշտ և ժամանակին բուժում նշանակելու և երեխային օգնելու նպատակով։
- Ինչպե՞ս ծնողը հասկանա, որ երեխան ունի տեսողության խնդիր։
- Շատ հաճախ երեխաները չեն գանգատվում ցածր տեսողությունից։ Լինում են դեպքեր, երբ լռում են դրա մասին վախից, որ ծնողները կզրկեն իրենց սիրելի գաջեթներից։ Եթե ծնողը նկատում է երեխայի աչքերի հետ կապված որևէ խնդիր, ապա պետք է հնարավորինս շուտ դիմի մանկական ակնաբույժի, որպեսզի մասնագետը հաստատի կամ ժխտի խնդրի առկայությունը։ Ծնողները պետք է ուշադիր լինեն հետևյալ նշանների դեպքում. երեխան հեռավորության վրա առարկաները վատ է տեսնում, գրել-կարդալիս ունենում է դժվարություններ, շուտ է հոգնում, հաճախակի թարթում, կկոցում է աչքերը, տեսողական ծանրաբեռնվածությունից հետո ունենում է գլխացավեր, գլխապտույտ, ընդունում է գլխի հարկադրական դիրք, առարկաները մոտեցնում է աչքերին:
Եթե կա նախատրամադրվածություն ցածր տեսողության հանդեպ (օրինակ՝ ծնողների մոտ կա կարճատեսություն կամ այլ ակնային հիվանդություններ ), անհրաժեշտ է պարբերաբար այցելել ակնաբույժի՝ հնարավոր խնդիրների սկրինինգի նպատակով։
-Ռեֆրակցիոն ախտահարումներ։ Կմանրամասնե՞ք։
- Ռեֆրակցիոն շեղումների դեպքում լույսի ճառագայթները, թափանցելով աչք, չեն ֆոկուսավորվում ցանցաթաղանթի վրա, ինչն էլ բերում է ոչ հստակ տեսողության։ Երեխաների մոտ կարող է հանդիպել կարճատեսություն՝ լույսի ճառագայթները բեկվելուց հետո գտնվում են ցանցաթաղանթից առաջ։ Երեխան տեսնում է մոտ տարածության վրա, սակայն հեռուն լավ չի տեսնում։ Իսկ հեռատեսության դեպքում լույսի ճառագայթները ֆոկուսավորվում են ցանցաթաղանթից հետ։ Կախված հեռատեսության աստիճանից` առարկաների տեսանելիությունը իջնում է և՛ մոտիկ, և ՛ հեռու տարածության վրա։ Նորմայում նորածինների մոտ առկա է հեռատեսություն, որն աստիճանաբար նվազում է աչքի աճին զուգահեռ և վերանում 7-8 տարեկանում։ Աստիգմատիզմը պայմանավորված է եղջրաթաղանթի կամ ոսպնյակի ոչ սֆերիկ կորությամբ, որը լույսի ճառագայթները միաժամանակ ֆոկուսավորում է տարբեր կետերում, և պացիենտը պատկերը տեսնում է աղավաղված ցանկացած հեռավորության վրա։
- Բջջային հեռախոսների ազդեցությունը տեսողության վրա։Կպարզաբանե՞ք։
Մեր օրերում երեխաները շատ վաղ են սկսում իրենց շփումը գաջեթների հետ։ Պետք է խուսափել վաղ տարիքից երեխային հեռախոսներ և պլանշետներ տրամադրելուց։ Մինչև երեք տարեկանը ցանկալի չէ, հետագայում պետք է սահմանափակել ժամանակը՝ օրական մինչև 15 րոպե։ Շատ դպրոցահասակ երեխաների հանձնարարություններ լինում են համակարգչով։ Այս դեպքում նույնպես պետք է լինի դոզավորված՝ հետևելով 20-20-20 կանոնին, որի համաձայն էկրանի հետ աշխատելիս՝ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ պետք է տալ 20 վայրկյան դադար և նայել 20 ֆուտ կամ մոտ 6մ հեռավորության վրա գտնվող ինչ-որ առարկայի։ Այս գործոնները կարող են ազդել կարճատեսության զարգացման վրա, ինչպես նաև կարող են բերել ակոմոդացիայի սպազմի(կեղծ կարճատեսություն)։ Ծնողները պետք է ուշադիր լինեն, որպեսզի երեխան չչարաշահի հեռախոսների և պլանշետների օգտագործումը։ Եվ հատկապես, եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ապա պետք է ավելի աչալուրջ լինել։
-Ի՞նչ ակնային խնդիր կարող է կրել երեխան, եթե ժամանակին չգնա ստուգման, բայց ունենալով կարճատեսություն կամ հեռատեսություն` չկրի ակնոց։
-Բոլոր երեխաները պետք է անցնեն կանխարգելիչ ստուգումներ, որը թույլ կտա ժամանակին հայտնաբերել շեղումները, տալ ակնոցային շտկում։ Հեռատեսության առավել տարածված հետևանքներն են համամիտվող շլությունը (ակնագնդի դիրքի շեղում դեպի ներս) և ամբլիօպիան (ծույլ աչքի համախտանիշ)։
Ամբլիօպիան կամ ծույլ աչքի համախտանիշը տեսողության իջեցումն է մեկ, հազվադեպ երկու աչքերում, որը զարգանում է տեսողական անալիզատորի նեյրոնների անբավարար գրգռման հետևանքով։ Ամբլիօպիայի դեպքում ուղեղը, ստանալով 2 տարբեր պատկերներ, չի կարողանում դրանք միաձուլել և ժամանակի ընթացքում սկսում է անտեսել վատ որակի պատկերը, իսկ այն ուղարկող աչքը դադարում է զարգանալ։ Անհրաժեշտ է ժամանակին կատարել ճիշտ ակնոցային շտկում, անհրաժեշտության դեպքում նշանակել օկլյուզիա՝ աչքի փակում, ապարատային բուժումներ։
Պրոգրեսիվ կարճատեսությունը կարող է բերել ցանցաթաղանթի անատոմիական փոփոխությունների` ընդհուպ ցանցաթաղանթի շերտազատման։ Մանկական տարիքում ձևավորվում է երկաչյա տեսողություն՝ հաստատվում են կապեր տեսողական օրգանի և գլխուղեղի միջև, որի շնորհիվ կատարվում է առարկաների ստերեոսկոպիկ ընկալում։ Այն հատկապես ակտիվ է ընթանում կյանքի առաջին տարիներին և շարունակվում է հիմնականում մինչև 7-8 տարեկանը։ Եթե այս ընթացքում տեսողական անալիզատորը չի ստանում հստակ պատկերներ, այս գործընթացները խախտվում են, և զարգանում են բարդություններ, որոնք ավելի դժվար են ենթարկվում բուժումների։
-Շլությունն ուղղելի՞ է։
-Հնարավո՞ր է արդյոք ազատվել շլությունից՝ կախված է նրա տեսակից, պատճառից, ակնաշարժ մկանների ֆունկցիայից, ակնային հիվանդություններից, որոնք բերում են տեսողության զգալի իջեցման, նույնիսկ բացակայության, ինչպես նաև երկաչյա տեսողության մեխանիզմի զարգացման խանգարումներից։ Կախված տեսակից՝ շլությունը կարող է շտկվել վիրահատական և ոչ վիրահատական մոտեցումներով, ինչպես նաև դրանց զուգակցումով։ Հիմանական նպատակը աչքերի սիմետրիկ դիրքի, երկաչյա տեսողության վերականգնումն է։ Վիրահատական միջոցով հնարավոր է ազատվել կոսմետիկ դեֆեկտից, սակայն երկաչյա տեսողության վերականգնումը պահանջում է երկարատև բուժում։ Այդ պատճառով ցանկալի է խնդիրը հայտնաբերել և բուժել մանկական տարիքում։ Այս շրջանում հիվանդությունն ավելի հեշտ է ենթարկվում բուժման։
- Կատարակտան միայն տարեցների՞ մոտ հանդիպող հիվանդություն է, թե նաև երեխաների մոտ է հանդիպում։
- Կատարակտան հանդիպում է նաև երեխաների շրջանում։ Մանկական կատարակտաները լինում են բնածին և ձեռքբերովի։ Դրանք կարող են զուգակցվել մի շարք համախտանիշների և հիվանդությունների հետ։ Կարևոր է ժամանակին ախտորոշել և կատարել վիրահատական միջամտություն, որպեսզի մաքրվի տեսողական առանցքը, ինֆորմացիան հասնի ակնահատակ, հնարավորինս կանխվի ամբլիօպիան, երկաչյա տեսողության խանգարումը։ Կախված երեխայի տարիքից՝ օպտիկական շտկումը ներառում է ակնոցային կորեկցիան, կոնտակտային լինզաները և ներակնային ոսպնյակների տեղադրումը։ Ցանկանում եմ նշել՝ ինչպես բոլոր ակնային հիվանդությունների դեպքում, այս պարագայում նույնպես շատ կարևոր է պացիենտների, նրանց ծնողների համագործակցությունը բժշկի հետ։ Այն նպաստում է հնարավորինս լավ արդյունքների ստացմանը։
- Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը և հորդորը մեր հասարակությանը, մեր ընթերցողներին։
-Պայմանավորված երեխաների շրջանում ակնային խնդիրների առաջացման հաճախակիությամբ՝ խորհուրդ կտամ ծնողներին պարբերաբար կատարել պլանային ստուգումներ։
Ցանկանում եմ մեր փոքրիկներին և իրենց ծնողներին առողջություն և երջանկությունից փայլող աչքեր, որն ամենից շատն է ոգեշնչում բժշկին։
ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իրականում մեր հենաշարժիչ համակարգը շատ շնորհակալ համակարգ է
Ինչքան էլ լինենք ժամանակակից տեխնոլոգիաների նորարարությունների զարկերակին, եւ որքան էլ սրընթաց դառնա կյանքը, այնուամենայնիվ, այսօրվա աշխատանքն ավելի նստակյաց է։ Իսկ սա իր հետքն է թողնում յուրաքանչյուրիս օրգանիզմի, հատկապես՝ հենաշարժողական համակարգի վրա` դժվարացնելով առավել հաճախ հանդիպող խնդիրների բուժումը։ Սակայն քչերին է հայտնի, որ դրանց առաջացումը հաճախ պայմանավորված է բազմաթիվ գործոններով, հետևաբար, խոսքն անպայման համալիր ախտորոշման և բուժման մասին է։ Մեր զրուցակիցն է «Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնի տնօրեն, «Երևան» բժշկական կենտրոնի (նախկին 8-րդ բժշկական կենտրոն) օրթոպեդ, վնասվածքաբան ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Անուրանալի է բժշկի մասնագիտական ներդրումն ու նվիրումը վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի մեջ: Նրա բացառիկ մարդասեր տեսակը, երկարամյա արգասաբեր գործունեությունը և ահռելի ավանդը ոլորտում արժանի է մեծագույն հարգանքի ու երախտագիտության: Նա ողջ էությամբ նվիրված է իր առաքելությանը, և իր հիմնադրած կլինիկան այսօր տալիս է բավականին լավ ցուցանիշներ: Մեծ նվիրումով բժիշկ եւ անկեղծ մարդ, որն իր կյանքը նվիրել է մարդկանց առողջությունը վերականգնելու մեծ առաքելությանը:
-Հիմնականում ի՞նչ խնդիրների դեպքում կարող են դիմել «Աքսիոմեդ» վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոն։
-Կլինիկան զբաղվում է հենաշարժողական համակարգի խնդիրների բուժօգնությամբ, որի մեջ ներառված է հիմնականում ոսկրամկանային համակարգը։ Աշխատում ենք նաեւ նյութափոխանակության խանգարման արդյունքում առաջացած խնդիրների բուժմամբ։ Իհարկե, բուժառուների գերակա մասը դիմում են ողնաշարային խնդիրների դեպքում, որոնց մեջ մտնում են փափուկ հյուսվածքային պաթոլոգիաները եւ ճողվածքային խնդիրները։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, ընդգրկել ենք վերականգողական բուժման ամբողջ սպեկտրը, այսինքն` դրա մեջ մտնում են ոչ միայն հետվնասվածքային կամ ողնաշարային, այլ նաեւ նեյրովերականգնողական, ինչպես նաեւ հղիների մոտ առաջացած ողնաշարային համակարգի խնդիրները` կապված ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ: Կիրառելի ծառայություններ, որոնք այսօր աշխարհում ներդրված են առողջապահական ամբողջ համակարգում: Դրա մեջ մտնում են նախեւառաջ կինեզոթերապիան, ֆիզիոթերապիայի բոլոր բուժմոտեցումները, ռեֆլեքսոթերապիան եւ իհարկե բուժական մերսումը։ Շատ հաճախ բուժման ընթացքում ներառում ենք նաեւ Axiom DRX 9000 տպրակցիոն մեքենան, որը նույնպես շատ մեծ բուժական արդյունավետություն է ապահովում, հատկապես` ճողվածքների բուժման ժամանակ։ Վերջին տարիներին կիրառության մեջ է մտնել նաեւ օստիոպաթիան, եւ շատ հաճախ այն նույնպես շատ լավ արդյունքներ է ապահովում։ Այսինքն` կիրառում ենք բոլոր այն գիտական մեթոդները, որոնք ընդգրկված են ժամանակակից բուժմոտեցումների պրակտիկայում։
-Օստեոպաթիան ի՞նչ մեթոդ է, և որ խնդիրների դեպքում է կիրառվում։
-Օստեոպաթիան շատ լայն կիրառություն ունի ու չի ընդգրկում միայն հենաշարժիչ համակարգը, այլ նաեւ ամբողջ օրգանիզմը` բոլոր օրգան համակարգերով։ Օստեոպաթիկ գործառույթներ կան, որոնք կարելի է կիրառել ցանկացած խնդիրների դեպքում, բայց ցավոք, պետք է նշել, որ այս բուժմեթոդը դեռեւս առողջապահության մեջ պաշտոնապես ընդունված ճյուղ չէ, քանի որ այս բուժմոտեցման տեղեկատվությունը նույնպես բավականին թերի է: Կարող եմ ասել, որ հանրության քիչ զանգվածն է տեղյակ այս մեթոդից, բայց վստահորեն կարող եմ նաև փաստել, որ օստեոպաթայի արդյունավետությունը շատ բարձր է։ Այն իր մեջ չի ընդգրկում կոպիտ բուժմոտեցումներ, այլ հյուսվածքային մակարդակով կատարվող ձեռքի աշխատանք է: Եվ ինչպես վերը նշեցի, այն ամբողջ աշխարհում բավականին լայն կիրառություն ունի։ Եվրոպական, ամերիկյան առաջատար կլինիկաներում բոլորն ունեն իրենց լիցենզավորված օստեոպատները, որոնք ակտիվ մասնակցություն ունեն բուժական աշխատանքների մեջ։
-Բժի՛շկ, մի փոքր խոսեք այն մասին, թե Ձեր կլինիկայում քաշի կարգավորման դեմ ուղղված ինչ ծրագիր է իրականացվում:
-Այն նույնպես գիտական հիմնավորված մեթոդիկա է, և պետք է յուրաքանչյուր բուժառուի համար ցուցաբերվի անհատական մոտեցում։ Առաջնահերթ իրականացվում է ախտորոշում, որի ժամանակ որոշվում են մարմնի տարբեր ցուցանիշները` մարմնի քաշի ինդեքսը, ճարպային եւ ոչ ճարպային, նաև ակտիվ բջջային, հեղուկների` ներբջջային, արտաբջջային, այտուցային մասսաները, որոշվում է կալորիաների ծախսը, մետաբոլիկ տարիքը և այլն: Բացի վերը նշվածներից, շատ ցուցանիշներ են որոշվում, ընդ որում` մեր բժշկական կենտրոնում ընդունելությունը կատարվում է երկու բժիշկների` էնդոկրինոլոգի եւ դիետոլոգի կողմից, եւ ստացած արդյունքի վրա հենվելով, ինչպես նաեւ հաշվի առնելով սոմատիկ վիճակը, ուղեկցող հիվանդությունները, ֆիզիկական տվյալները եւ այլն, յուրաքանչյուր բուժառուի համար տրվում է անհատական սննդակարգ, որը բոլորի համար կարող է լինել խիստ տարբեր: Այս ծրագիրը միտված է բուժառուի քաշի կարգավորման ուղղությամբ, եւ ընդ որում` քաշի կարգավորումը ստացվում է նյութափոխանակության կարգավորման ճանապարհով։ Սա այն ծրագիրն է, որով անցնում են ոչ միայն գեր քաշ ունեցողները, այլեւ` անորեքսիայիով տառապողները։ Անցնելով հետազոտությունը` ստանում են իրենց անհատական դիետան։ Այսինքն` ծրագիրն ուղղված ոչ թե քաշի, այլ նյութափոխանակության կարգավորմանը, արդյունքում քաշի կարգավորումը ստանում ենք երկրորդային, նյութափոխանակության կարգավորման ճանապարհով: Եվ մեթոդի հեղինակները պնդում են, որ ծրագիրը լիովին անցնելու դեպքում, անկախ սննդային վարվելակարգից, մարդը քաշի փոփոխություններ չի ունենում, քանզի նյութափոխանակությունը բարելավվում է այնքանով, որ կարողանում է կարգավորել ցանկացած էքստրեմալ իրավիճակ։ Այն նույնպես բավականին արդյունավետ ծրագիր է և ընթանում է փուլերով. առաջին փուլը 4 շաբաթ տեւողությամբ, 2-րդը` 6, 3-րդը` ավելի երկարատև, եւ յուրաքանչյուր փուլից հետո այդ հետազոտությունը կրկնվում է։ Դիետան հիմնովին փոխվում է, լրիվ այլ սննդակարգ է տրվում, եւ այստեղ շատ կարևոր հոգեբանական պահ կա, որ ցանկացած հերթական հետազոտությունից հետո բուժառուն ինքը կարողանում է թղթի վրա տեսնել, թե որ ցուցանիշը նախկինում ինչքան է եղել, եւ այդ պահին ինչ մակարդակի վրա է այն։ Այսինքն` այստեղ ոչ թե կշեռքն ու հայելին են կարեւոր դառնում, այլ թե ինչ արդյունքի ցուցանիշներ կան այդ պահին, եւ դա շատ լուրջ խթան է հանդիսանում բուժառուների համար` հետագայում ավելի հետեւողական լինելու։ Շատ հաճախ այս ծրագրին զուգահեռ կիրառվում է նաեւ կինեզոթերապիա, զուտ էներգետիկ ծախսը ապահովելու եւ հենաշարժիչ համակարգը բարելավելու համար, շատ դեպքերում զուգակցվում է ասեղնաբուժությունը, որը նույնպես արդյունավետ է։
-Ձեր կողմից վերը նշված մեթոդները փոխարինո՞ւմ են մեկը մեկին, թե` լրացնում։
-Միանշանակ, դրանք բոլորը մեկը մյուսին լրացնող մեթոդներ են, եւ իհարկե հայտնագործություն չեմ անի, որ ասեմ, որ համակցված թերապիայի արդյունքներն ավելի գոհացուցիչ են։
-Որպես վնասվածք-օրթոպեդ, ըստ Ձեզ, որ հիվանդություններն են այսօր երիտասարդացում ապրել։
-Պրակտիկապես կարող ենք ասել, որ հենաշարժիչ համակարգի բոլոր խնդիրների տհաճ երեւույթները երիտասարդացում են ապրել։ Դա իհարկե ավելի շատ կապված է մեր տոտալ ադինամիայի հետ, քանզի մենք դադարել ենք շարժվել եւ օրվա հիմնական մասն անցկացնում ենք համակարգչի, պլանշետի կամ հեռախոսի ընկերակցությամբ, իսկ դա արդեն իսկ հենաշարժիչ համակարգի համար առաջացնում է շատ լուրջ խնդիրներ, ձեւափոխումներ եւ ընդհանրապես հենաշարժիչ համակարգի խաթարում, որը հիմք է հանդիսանում տարատեսակ հիվանդությունների առաջացման համար։ Այսպես որ, երբեմն ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ պրակտիկապես չկա այսօր մի չափահաս մարդ, որը հենաշարժիչ համակարգի խնդիրներ չունենա. իրականությունը դա է, քանզի մենք շատ ժամանակ ենք տրամադրում տեխնոլոգիաներին թե՛ աշխատանքի վայրում, թե՛ հանգստի ժամանակ, եւ գալիս է մի պահ, որ պետք է առողջության տեսանկյունից, այսպես ասած, դրա պատասխանը տանք։
– Կիֆոզ, սկոլիոզ. կտարբերակե՞ք մեր ընթերցողների համար դրանց զարգացման տեսակները։
-Իրականում դրանք տարբեր պաթոլոգիաներ են։ Նորմայում յուրաքանչյուր մարդու մոտ մենք մասնագիտորեն տեսնում ենք պարանոցային եւ գոտկային լորդոզ, կրծքային կիֆոզ, ինչպես նաեւ սրբոսկրային կիֆոզ։ Եվ նորմայում այդ բնականոն կորությունների անկյունները պետք է իհարկե տատանվեն որոշակի սահմաններում։ Եվ այդ անկյունների փոփոխություններն են, որ արդեն հանդիսանում են հիվանդություն։ Բայց լորդոզն ու կիֆոզը նորմալ բնականոն կորություններ են, որոնք պետք է ունենալ։ Իհարկե, կորությունների փոփոխությունները լինում են տարբեր` նորմայից ավել կամ պակաս։ Անկյունների ավելանալը ստացել է հիպեր անվանումը, այսինքն` հիպերլորդոզ, հիպերկիֆոզ, իսկ երբ այդ անկյունը նորմայից պակաս է լինում, ասում ենք հարթեցում, որը կարող լինել ե՛ւ լորդոզի, ե՛ւ կիֆոզի հարթեցում: Այն նույնպես բավականին բարդ հիվանդություն է։ Կրկին անդրադառնալով համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` վերջին տարիներին առավել շատ է հանդիպում հենց հարթեցում ասվածը, մանավանդ` պարանոցային հատվածում, եւ շատ հաճախ ունենում ենք ոչ միայն պարանոցային լորդոզի հարթեցում, նաեւ նույնիսկ այդ լորդոզի տրանսֆորմացիա պաթոլոգիական կիֆոզի: Այսինքն` լորդոզը ոչ միայն հարթվում է, այլեւ սկսում է ձեռք բերել հակառակ կորությունը, եւ դա այն խնդիրն է, որն իր հետ բերում է այնպիսի գանգատներ, որոնց պատճառով մարդիկ դիմում են տարբեր բժիշկների` հասկանալու, թե ինչ է կատարվում։ Պարանոցային լորդոզի հարթեցումը իր հերթին կարող է բերել ցավեր պարանոցում, գլխացավեր, գլխապտույտներ, աղմուկ ականջներում, երբեմն նույնիսկ` ընդուպ սրտխառնոց։ Նկատվում է նաեւ օրթոստատիկ կլինիկա` տեղից կտրուկ կանգնելիս գլխապտույտ, կարող է աչքերի առջեւ սեւանալ: Եվ այս պաթոլոգիկ վիճակների հետ կապված` բուժառուներն առաջնահերթ դիմում են թերապեւտի, սրտաբանի, նյարդաբանի, նեյրովիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի օգնությանը. կարող եմ շարունակել նեղ մասնագետների ցանկը, քանզի կլինիկական պատկերն է այդպիսին` ոչ կողմնորոշված։ Եվ առավել հաճախ այդ բուժառուները վերջում են դիմում մեր բուժօգնությանը: Մկանային կարկասի հետ տարվող աշխատանքների արդյունքում բավականին լավ արդյունքներ են գրանցվում։ Եթե բուժում ասելով` մենք հասկանում ենք, որ 50 տարեկան կնոջը պետք է դարձնենք 25 տարեկան, իհարկե դա խելամիտ չէ: Պարզապես, մենք ձգտում ենք ստանալ վիճակ, որի դեպքում բուժառուն հետագայում կապրի հենաշարժիչ համակարգի առանց ցավային սինդրոմների, գանգատների եւ բողոքի: Դա իրականում հնարավոր է մեր կողմից տարվող բուժումների արդյունքում։
- Ի՞նչ կասեք բժշկի դիմելու, դիմելիության կուլտուրայի մասին։
-Իրականում, կարծում եմ, դիմելիությունը բխում է բուժառուի ունեցած գանգատներից: Եթե նրա մոտ արդեն առկա են գանգատներ, այսպես թե այնպես նա դիմում է բժշկի օգնությանը։ Իսկ ինչ վերաբերում է դիմելիության կուլտուրային, ապա կասեմ, որ վերջին տարիներին դրական տեղաշարժ իհարկե նկատելի է այդ առումով: Նախկինի պես չէ, որ ըստ հայկական մտածելակերպի` դանակը հասներ ոսկորին, նոր դիմեին բժշկի օգնությանը։ Իսկ այսօր շատ հաճախ են լինում դեպքեր, երբ մեզ դիմում է, օրինակ, երիտասարդ կին, որը ցանկանում է մինչ հղիությունը պատրաստել իր օրգանիզմը հղիության` ցանկանալով իր հենաշարժիչ համակարգը բերել պատշաճ վիճակի` գիտակցելով իր սպասելիքը հղիության ընթացքում: Դա իրականացվում է կանխարգելիչ նկատառումներով. իրականում նա գանգատ չունի, որը, ըստ իս, բավականին գովելի քայլ է, քանզի հղիության ընթացքում սկսվող խնդիրների ժամանակ, կարծես, մեր ձեռքերը կապված են լինում. իրավունք չունենք ամեն հետազոտություն կատարել, քանզի հղիության ընթացքում առաջացած խնդիրների դեպքում նախնական անամնեզ չունենալու առկայության դեպքում սկսում ենք, այսպես ասած, մոտավորապես աշխատել բուժառուի հետ, որն իհարկե այդքան էլ ցանկալի չէ։
-Երիտասարդ կադրերի հետ շփվելով՝ ի՞նչ պատկերացում եք կազմում մեր առողջապահության ոլորտի ապագայի մասին։
-Կասեմ, որ այսօր ուսանողների քանակը բավականին շատ է, բայց իրականում ձգտող, պրպտող տեսակներ, ըստ իս, ցավոք, քիչ կան։ Ինձ թվում է` այն ուսանողը, որը գիտակցված գնում է այդ քայլին` դառնալ բժիշկ, հաշվի առնելով իրենց սպասվելիք դժվարությունները, իրականում ընդհանուր առմամբ կհասնի իր նպատակին, կդառնա լավագույն մասնագետը, քանզի բժշկությունը ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է։
-Ի՞նչ նոր ասելիք ունի իր ոլորտում այսօր «Աքսիոմեդ» կլինիկան։
-Մեր կլինիկայի գործունեության մեջ այսօր բավականին մեծ առաջընթաց է նկատելի, որը չեմ համեմատի սրանից 10 տարի առաջվա հետ, քանզի այս տարիների ընթացքում բավականին շատ համալրվել է թե՛ տեխնիկական, սարքավորումների, մարզասարքերի եւ թե՛ աշխատանքային թիմը: Այսօր մենք անհամեմատ մեծ ծավալի աշխատանքներ ենք տանում, իսկ աշխատանքային ծավալը նաև նոր փորձ է, նոր գիտելիք, նոր տեխնիկա, նոր բուժմոտեցումների տակտիկա, ընթացիկ, անընդմեջ աճելու, բարելավման արդյունքում։
-Արդյո՞ք արտերկրից ունենում եք բուժառուներ։
-Այո, շատ հաճախ, ավելի շատ ամռանը, քանզի բոլորիս էլ գիտենք, որ մեր երկրում բժշկությունն ավելի մատչելի է, քան` դրսում։ Նաեւ լինում են արտերկրացի բուժառուներ, ովքեր մեր երկրում են աշխատում և ժամանակավոր բնակվելով մեզ մոտ` օգտվում են մեր բուժծառայությունից։
-Իսկ որպես վերջաբան` Ձեր մասնագիտական խորհուրդը մեր ընթերցողներին։
-Ուղղակի մեր հանրությանը խորհուրդ կտամ քիչ զլանալ, շատ շարժվել, ուշադիր լինել առողջության հանդեպ, քանզի մեր օրգանիզմը ունի բավականին հարուստ ռեսուրսներ եւ ռեզերվներ, բայց պետք չէ դրանք վատնել աջ ու ձախ, որովհետև ցանկացած ռեզերվ մի օր սպառվելու է։ Ցանկալի է օրգանիզմին տալ այն, ինչը ինքը մեզանից պահանջում է, քանզի այն չի կարող ծառայել քեզ եւ նեղություն չտալ։ Իրականում մեր հենաշարժիչ համակարգը շատ շնորհակալ համակարգ է. երբ դու իրեն մատուցում ես որեւէ ծառայություն, այն միանշանակ քեզ դրական պատասխան է տալիս։ Իսկ երբ դու անընդհատ, այսպես ասած, իրեն շահագործում ես, այն սկզբնական շրջանում նույն իր ռեզերվների հաշվին կոմպենսացիա է կատարում, բայց պետք է միաժամանակ հասկանալ, որ կոմպենսացիան անսպառ եւ անժամկետ չի կարող լինել, քանզի ցանկացած կոմպեսացիային հետևում է դեկոմպեսացիան, որաի արդյունքում սկսում են կտրուկ ի հայտ գալ խնդիրներ, որոնց լուծումը դառնում է բավականին երկարատեւ եւ դժվարին։ Այնպես որ, առողջ ապրելու համար պետք է սիրել ու պահպանել մարմինը։ Առողջ եղեք։
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը