Children categories
Դիանա Ասլանյան (0)
Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։
-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
View items...
Երեխայի առաջին ճիչը մոռացության է մատնում բարդ ու դժվարին պայքարի ողջ ուղին...
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու եւ կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Կարինե Կիրակոսյանն ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, որից հետո՝ Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի օրդինատուրան: Ապա Մոսկվայի մանկաբարձության ու գինեկոլոգիայի կենտրոնում պաշտպանել է թեկնածուական թեզը կենտրոնի տնօրեն, ինչպես նշում է մեր զրուցակիցը, ՌԴ այդ ոլորտի հայր, երջանկահիշատակ Վլադիմիր Կուլակովի ղեկավարությամբ: Չնայած մի քանի կլինիկայից, ինչպես նաեւ վերոնշյալ կենտրոնից աշխատելու առաջարկներ է ստացել, սակայն որոշել է վերադառնալ հայրենիք:
-Եվ ինչպիսի՞ գործունեություն ծավալեցիք Հայաստանում, ինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել:
-Անմիջապես աշխատանքի անցա «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ այն ժամանակ ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքը նոր միայն ստեղծվում էր, ավելի ճիշտ՝ հենց մենք պետք է այն ստեղծեինք: 2010 թվականից մինչեւ 2018 թվականը ես բաժանմունքի վարիչն էի, ապա տեղափոխվեցի ու նույն գործունեությունն եմ ծավալել «Աստղիկ» բժշկական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժնում: Արդեն Մոսկվայում իմ գիտական ղեկավարների հետ ծրագրել էի պաշտպանել դոկտորական ատենախոսություն եւ, վերադառնալով Հայաստան, հավաքագրեցի նյութը, ապա Մոսկվայում պաշտպանեցի դոկտորական թեզը: Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն նշեմ, որ իմ թե՛ թեկնածուական, թե՛ դոկտորական թեզերը նվիրված են ռեպրոդուկտոլոգիայի կարեւորագույն խնդիրներին, որտեղ անպտղության հարցում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ ազգային առանձնահատկությունները:
-Մեր բժշկությունը, մասնավորապես՝ ձեր ոլորտը կարելի՞ է համեմատել ռուսականի կամ որեւէ այլ երկրի նույն ոլորտի հետ:
-Ես երբեք ոչ մի երկրի հետ համեմատական չէի անցկացնի, որովհետեւ ամեն երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում եւ Հայաստանում, կա լավ, խելացի, բարեխիղճ մասնագետ, եւ կա ոչ բարեխիղճ, ոչ խելացի մասնագետ: Մասնագիտացում անցնելու նպատակով եղել եմ նաեւ եվրոպական մի քանի երկրում ու կարող եմ ասել, որ բժշկության մեր ոլորտը քայլում է եվրոպական չափանիշներին համաչափ, որովհետեւ մենք այսօր ունենք բոլոր այն ժամանակակից սարքավորումները, որոնք պետք է ունենալ առաջընթաց ապահովելու համար: Բացի այդ, ունենք նաեւ համապատասխան որակավորում անցած մասնագետները, եւ ուշադրությամբ հետեւում ենք գիտության ժամանակակից միտումներին, անպայման մեկնում ենք գիտաժողովների, բացի այդ, օգտվում ենք համացանցի ընձեռած լայն հնարավորություններից: Մի խոսքով՝ անընդհատ կատարելագործում ենք մեր գիտելիքները, եւ վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում բժշկության տվյալ ոլորտը որեւէ երկրի նույն ոլորտին չի զիջում:
-Ո՞ր դեպքում է ախտորոշվում անպտղություն։
-Անպտղությունն ախտորոշվում է այն զույգերի մոտ, որոնք, կանոնավոր սեռական կյանքով ապրելով, չօգտագործելով հակաբեղնավորիչներ, չեն հղիանում մեկ տարվա ընթացքում: Սակայն, եթե ամուսնական զույգի մոտ կան առողջական խնդիրներ (օրինակ`ամուսնու մոտ սերմի որակի հետ կապված, կնոջ մոտ` դաշտանային ցիկլի խանգարումներ, արգանդի բացակայություն եւ այլն), այդ դեպքում պետք է դիմել ավելի վաղ, քան մեկ տարի: Կարեւորվում է նաեւ կնոջ տարիքային շեմը: 35 եւ ավելի տարիք ունեցող կանայք 6 ամիս անց արդեն բժշկի դիմելու անհրաժեշտություն ունեն:
-Էնդոկրինոլոգիական հիվանդությունները կարո՞ղ են բերել անպտղության:
-Անպայման: Ընդ որում, դրանք Հայաստանում զբաղեցնում են առաջատար տեղերից մեկը անպտղության պատճառների թվում: Հորմոնալ խախտումները կնոջ մոտ հանգեցնում են ձվարանների գործունեության վատթարացմանը: Տղամարդկանց մոտ հորմոնալ խանգարումները անդրադառնում են սերմի որակի վրա: Այդ իսկ պատճառով մանրակրկիտ հորմոնալ հետազոտությունն անպտղության բուժման առաջին քայլն է:
-Ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:
-Իմ ուսուցիչ համարում եմ պրոֆեսոր Տատյանա Նազարենկոյին՝ Ռուսաստանում շատ ճանաչված գիտնականի: Եվ հենց նրա հետ էլ որոշեցինք դոկտորական ատենախոսության թեման: Իմ երկրորդ ուսուցիչը ՌԴ ԳԱԱ-ի թղթակից անդամ Քսենյա Կրասնոպոլսկայան է: Այդ երկու գիտնական կանայք մեծ դեր են ունեցել իմ մասնագիտական կյանքում: Մեր համագործակցությունը տեւում է արդեն 18 տարի:
-Ձեր արմատներում բժիշկներ կա՞ն:
-Այո՛: Բժշկությունը մեր ընտանիքում ժառանգաբար անցնում է սերնդեսերունդ: Պապիկիս եղբայրը՝ Արտաշես Թոխիյանը, ոչ միայն հանրապետությունում, այլ ամբողջ Սովետական Միությունում հայտնի վիրաբույժ էր: Հայրս` Էդուարդ Կիրակոսյանը, երկար տարիներ դասախոսել է բժշկական համալսարանի, այնուհետեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոններում (բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ): Մայրս` Նոննա Թոխիյանը, Հայաստանում առաջին ռեֆլեքսոթերապեւտներից է (ասեղնաբույժ): Նույնպես դասախոսել է բժշկական համալսարանում (բժշկական գիտությունների թեկնածու է, դոցենտ): Իսկ մորաքույրս պրոֆեսոր Կարինե Թոխունցն է: Ավագ քույրս հոգեբույժ է:
-Ձեր գերբեռնվածությունը ընտանիքին չի՞ խանգարում:
-Ես երջանիկ եմ, քանզի ամուսինս խիստ մեծարանքով ու ըմբռնումով է մոտենում իմ մասնագիտությանն ու աշխատանքին: Բոլոր բարդ իրադրություններում ինձ հետ մտահոգվում են իմ ընտանիքի բոլոր անդամները, եւ այդ ամենն օգնում է ինձ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Ի դեպ, նշեմ, որ վերարտադրողական բժշկությամբ զբաղվող բժիշկները մեծամասամբ չեն վարում հղիություն եւ ծննդաբերություն, սակայն ես ե՛ւ հղիություն եմ վարում, ե՛ւ ծննդաբերություն, որպեսզի ձվաբջջից հասցնեմ մինչեւ երեխայի ծնունդ, իսկ ծնված երեխայի ճիչը, իր լայն տարածած ձեռքերը, որոնցով նա կարծես աշխարհն է գրկում, մոռացության է մատնում բարդ ու դժվարին պայքարի ողջ ուղին: Այդ երկար սպասված երեխայի ծնունդն իմ եւ երեխայի ծնողների համառ աշխատանքի արդյունքն է, որը երջանկացնում է շատերին:
-Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
Ւնձ համար, որպես այս կյանքի ձեռքբերում, համարում եմ ամեն նոր երեխայի ծնունդը, որը ոչ միայն երջանկացնում, այլեւ ամրապնդում է կարծես արդեն փլուզվող ընտանիքներ: Այս աստվածահաճո գործն իմ կյանքի իմաստն է: Եվ, չնայած իմ քսանամյա գործունեությանը, նույն ապրումներն եմ ունենում յուրաքանչյուր երեխայի սրտի զարկը լսելիս ու ծնունդն ընդունելիս:
-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:
Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում թեւածեն սերն ու երջանկությունը, լսվի մանկան չարաճճի ծիծաղն ու խինդը: Թող մարդիկ ապրեն հույս ու հավատով:
Դանկոյի նման մեր սրտի լույսը տվել, բայց հանիրավի քարկոծվել ենք
Եթե մարդն առողջ չէ, նրան հասու չեն լինի կյանքի մյուս ոլորտները, կբացակայի նորը ստեղծելու, գեղեցիկն արարելու ձգտումը: Եվ պատահական չէ, որ բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի: Եվ յուրաքանչյուր բժիշկ կոչված է պայքարելու առողջությանը սպառնացող ամեն մի չարիքի դեմ` պարգեւելով մարդուն առողջություն եւ կյանքով լեցուն առողջ հոգի: ԼՕՌ հիվանդությունները, ցավոք, այսօր մեծ տարածում ունեն: Թույլ դիմադրողականությունը, նստակյաց կյանքը, գունանյութերով ու կոնսերվանտներով հարուստ սնունդը, հակաբիոտիկների չարաշահումը, ինչպես նաեւ հարբուխը, գրիպը եւ տարբեր վիրուսները կարող են նպաստել քթի, կոկորդի ու ականջի հիվանդությունների առաջացմանը: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված եւ վստահելի: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, եւ որ դեպքում պետք է կիրառել նոր մոտեցումներ: Մեր զրուցակից, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, ԼՕՌ ծառայության ղեկավար, Ազգային առողջապահության ինստիտուտի գլխի, պարանոցի, պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արայիկ Ղարիբյանը հենց այդպիսին է:
-Բժիշկ, հիմնականում ովքե՞ր կարող են ձեզ դիմել:
-ԼՕՌ ծառայությունը տեղակայված է հիվանդանոցում գործող երկու վիրաբուժական բաժանմունքներից մեկի տարածքում եւ, բնականաբար, օգտվում է դրա բոլոր հնարավորություններից ու նաեւ նպաստում բաժանմունքի ընդհանուր զարգացմանը: Ես ապահովում եմ քիթ-կոկորդ հիվանդությունների դասական վիրահատությունների ամբողջ ծավալը ու կատարում նաև էնդոսկոպիկ վիրահատություններ, որն ավելի ժամանակակից մեթոդ է: Իրականացվում են միջնապատի, խեցիների, քթի պլաստիկայի, հայմոնյան, ֆրոնտալ խոռոչների ե՛ւ ռադիկալ, ե՛ւ էնդոսկոպիկ ու ընդհանրապես քթի հետ կապված բոլոր վիրահատությունները: Իհարկե, նախապատվությունը տրվում է էնդոսկոպիկ վիրահատություններին` որպես ավելի ժամանակակից վիրահատություններ: Կատարվում է տոնզիլեկտոմիա, ադենոտոմիա, վազոտոմիա, մի խոսքով՝ իրականացվում են քթի, կոկորդի եւ ականջի հետ կապված գրեթե բոլոր տեսակի միջամտությունները: Մենք ունենք նաեւ ասթմա կենտրոն, որի բժիշկները համագործակցում են ԼՕՌ մասնագետների հետ, եւ ասթմոլոգները շատ հաճախ են դիմում մեր օգնությանը: Հիմնականում ասթմատիկ հիվանդների մոտ լինում է քթի որեւիցե հարակից խոռոչի պոլիպոզ, կամ տոտալ պոլիպոզ բոլոր հարակից խոռոչներից, եւ նման դեպքերում մեր վիրահատությունները բավականին օգնում են թոքաբաններին ասթման բուժելու հարցում:
-Ձեր կարծիքով քիթ-կոկորդ-ականջաբանությունը զարգացա՞ծ է Հայաստանում:
-Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանությունը, կարելի է ասել, շատ-շատ զարգացած է, որովհետեւ մեր բժիշկները բաց չեն թողնում միջազգային որեւէ գիտաժողով, վարպետության դասեր, զանազան դասընթացներ: Հիմա հնարավորությունների, սովորելու դաշտը մեծացել է: Նույնիսկ տեղում տեսագրություններ դիտելով կարողանում ես նորությունների մասին տեղեկատվություն ստանալ: Բացի այդ, այսօր մեր ԼՕՌ բժիշկներն այնքան կայացած են, որ նույնիսկ մենք բազմաթիվ կոնֆերանսների ներկայացնում ենք մեր փորձը եւ հնարավորությունները: Այդ առումով մեծ գործ է անում նաեւ Հայաստանի ԼՕՌ ասոցիացիան, որը շատ նման կազմակերպություններից դրականորեն տարբերվում է: Եվ Հայաստանում ԼՕՌ բժշկության բավականին զարգացած լինելու պատճառն այն է, որ ԼՕՌ ասոցիացիան մի թիմ է:
-Պացիենտը ինչպե՞ս հասկանա՝ որտե՞ղ է խնդրահարույց օջախը. չէ՞ որ նա երեք փոխհամակցված օրգանի հետ խնդիր ունի:
-Երեք փոխհամակցված օրգաններն իրար հետ շատ կապված են, եւ, իհարկե, հիվանդության առաջացման պատճառը մարդիկ շատ ժամանակ շփոթում են: Երբեմն հիվանդը դիմում է բժշկին տոնզիլէկտոմիայի կապակցությամբ, բժիշկը դիտում է քիթը, կոկորդը եւ տեսնում, որ նշիկներն այդքան ախտահարված չեն, ու պացիենտն այդքան հաճախ չպիտի հիվանդանա: Բայց հիվանդության պատճառն այն է, որ պացիենտը ոչ թե քթով, այլ բերանով է շնչում, եւ, բնական է, առաջին հարվածը ստանում են նշիկները: Հիվանդին առաջարկում ենք նշիկները հանգիստ թողնել եւ քիթը վիրահատել, քանի որ խնդիրը քթի հետ է: Լինում են դեպքեր, երբ քթի վիրահատությունից հետո նշիկները վերականգնվում են, իհարկե, լինում են նաեւ դեպքեր, երբ չեն վերականգնվում, ու մենք ստիպված գնում ենք երկու փուլով բուժման եւ երկրորդ փուլում կատարում ենք տոնզիլէկտոմիա: Շատ դեպքեր էլ կան, երբ դու հաստատ համոզված ես, որ քթի վիրահատությունից հետո նշիկները չեն վերականգնվելու ու հիվանդին բացատրում ես, որ հետագայում շատ հնարավոր է գնալ երկրորդ վիրահատության, բայց, քանի դեռ քիթը չի վիրահատվել, նշիկների վիրահատությունը սխալ է: Եվ գիտակից հիվանդը, բժշկի հետ խորհրդակցելով, առաջին հերթին քիթն է վիրահատում, հետո՝ նշիկները:
-Հետին հայացք նետելով Ձեր անցած ուղուն՝ ամենամեծ ձեռքբերումը ո՞րը կհամարեք:
-Ամենամեծ ձեռքբերումը, իհարկե, ժողովրդի, պացիենտների՝ իմ հանդեպ սերն ու գոհունակությունն է: Ես բավականին հետաքրքիր ու տարաբնույթ ճանապարհ եմ անցել, եւ իմ հիվանդների շրջանակը տարբեր ոլորտներից է: Տասը տարի եղել եմ զինվորական բժիշկ, ուսանողական տարիներին մասնակցել եմ մեր ազատագրական շարժմանը, պատերազմին, ծառայել եմ զինվորական հոսպիտալում, զորքերում հաճախակի գործուղումների եմ մեկնել: Իսկ երբ ծառայությունը թողեցի, սկսեցի աշխատել քաղաքացիական բժշկության ոլորտում: Մի խոսքով՝ շրջապատս բավականին մեծ է եղել:
Կյանքս բաժանել եմ երկու մասի. զինվորական եւ ոչ զինվորական: Եվ թե՛ զինվորական, թե՛ ոչ զինվորական մասում ունեցել եմ շատ-շատ լավ ընկերներ, որոնք իմ հիվանդներից են եղել: Շնորհակալ եմ իմ ճակատագրին, բախտին ու Աստծուն, որ ունեմ մասնագիտություն, որն ինձ տալիս է ընկերներ:
-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ:
-Բարեկամների շրջանում բժիշկներ եղել են, բայց արմատներով բժիշկների ընտանիք չէ: Տոհմում երեւի առաջին բժիշկը ես եմ: Աղջիկս է պատրաստվում դառնալ բժշկուհի, իսկ տղաս որոշեց եւ դարձավ իրավաբան:
-Կաջակցե՞ք, թե կխոչընդոտեք Ձեր երեխաներին մասնագիտության ընտրության հարցում:
-Փորձում եմ հուշել, խորհուրդ տալ, բացատրել տվյալ մասնագիտության թե՛ առավելությունները, թե՛ թերությունները, բայց այսօրվա երիտասարդները մեր խորհուրդներին չեն հետեւում, իրենք են որոշում՝ ինչ դառնալ: Տղաս որոշեց դառնալ իրավաբան եւ իր նպատակին հասնում է:
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Ուսուցիչներ շատ եմ ունեցել: Եթե նույնիսկ մեկ անգամ վիրահատության ժամանակ մեկը կողքիս կանգնած նայում եւ ասում է, թե ինքն ինչ է անում, ինչպես է վարվում նման դեպքում, ես նրան էլ ինչ-որ առումով համարում եմ իմ ուսուցիչը: Բայց, իհարկե, ուսուցիչ համարում եմ իմ չորրորդ կուրսի դասախոսին՝ լուսահոգի Կիմ Շուքուրյանին, որի շնորհիվ որոշեցի դառնալ քիթ-կոկորդ-ականջի մասնագետ: Երբ ընդունվեցի կլինիկական օրդինատուրա, իմ օրդինատուրայի ղեկավարը Նորայր Լուսինյանն էր, իսկ կլինիկայի ղեկավարը՝ լուսահոգի Ռաֆայել Խանամիրյանը, եւ նրանք երկուսն էլ բժշկական գործիքը տվել են եւ ասել՝ վիրահատի՛ր, մի՛ վախեցիր: Նրանք ինձ են վստահել իրենց հիվանդներին՝ դրանով իսկ սովորեցնելով վիրահատել: Թե՛ ընթացիկ կենցաղային, թե՛ հիվանդների հետ վարվելու հարցերում ինձ բավականին շատ բան է տվել Վասակ Մելիքսեթյանը: Նրանից ես, վիրահատելուց բացի, նաեւ շատ-շատ բաներ եմ սովորել, ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ: Ես նրանից սովորել եմ, եւ այսօր ինքս եմ փորձում զանազան խնդիրներում ամեն կերպ օգտակար լինել իմ բոլոր օրդինատորներին, երիտասարդ բժիշկներին:
Ինձ շատ բան է սովորեցրել նաեւ Կարինե Մխեյանը: Չեմ կարող ծառայության տարիներից չնշել Ստեփան Գեւորգյանին ու Մարիկա Սուրենովնային, որոնց հետ կենտրոնական զինվորական հոսպիտալում մեծ թվով հիվանդների, զինվորների ենք ընդունել, եւ ես նրանցից սովորել եմ այն հոգատարությունն ու ջերմությունը, որը կարելի էր տալ հիվանդ զինվորին: Այնպես որ՝ ուսուցիչներ շատ եմ ունեցել, ու,եթե ինչ-որ մեկին չեմ հիշել, թող ներողամիտ լինի:
Առանձնահատուկ ուզում եմ նշել Արթուր Կիմի Շուքուրյանի դերը իմ կյանքում, մարդ, որը թեւ ու թիկունք է եղել ինձ ամբողջ բժշկական կարիերայիս ընթացքում: Լինելով թեկնածուական թեզիս ղեկավարը՝ ինձ ոգեւորել է բոլոր հարցերում, մեծ հնարավորություններ բացել իմ առջեւ որպես լավ բժիշկ կայանալու հարցում, մեծ դեր կատարել շատ ու շատ այլ հարցերում:
-Ըստ Ձեզ, այսօր Հայաստանի առողջապահական համակարգը ի՞նչ վիճակում է:
-Թե՛ խորհրդային տարիներին, թե՛ նախկին իշխանությունների ժամանակ, թե՛ այսօր բժիշկները եղել են անտեսված, չպաշտպանված: Դանկոյի նման մեր սրտի լույսը տվել, բայց հանիրավի քարկոծվել ենք որեւէ վիրահատության, բժշկական միջամտության ոչ ցանկալի ավարտի համար, երբ չի եղել որեւէ բժշկական սխալ: Այսպես ասած, կրակին յուղ են լցնում հատկապես որոշ լրատվամիջոցներ, որոնք ինչ-որ մեկի շահի, ինչ-որ մեկին դուր գալու համար հակաքարոզչություն են իրականացնում՝ մի վայրկյանում փորձելով զրոյին հավասարեցնել բժշկի՝ տքնաջան, անձնվեր ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տարիների, տասնամյակների ընթացքում ստեղծած վարկանիշը: Միայն ասոցիացիաներով ենք կարողանում մեր շահերը պահել, չկա պետական մոտեցում բժիշկների նկատմամբ, ոչ մի բժիշկ չունի բժշկական ապահովագրություն: Շատերը բժշկի գալիս են զինվորական, ոստիկանական ուղեգրերով, ապահովագրությամբ, պետպատվերով, սոցփաթեթով, անվճար վիրահատվում են, բայց բժիշկը որեւէ արտոնություն չունի: Ու, եթե չլինի գործընկերոջ, բուժհաստատության տնօրենի բարի կամքը, ընկերոջ խնդրանքը, բժիշկը հաճախ կհայտնվի անելանելի վիճակում: Անչափ կարեւոր է հատկապես այս վիրուսային իրավիճակում, երբ բժիշկն ամեն վայրկյան վտանգի տակ է, ապահովագրված լինելը:
-Վերջում ի՞նչ կմաղթեք:
-Կցանկանամ, որ բժիշկն ապահովագրված լինի, գտնվի պետական աջակցության ներքո, իսկ ժողովուրդն էլ սիրի բժիշկներին, որովհետեւ նրանք այդ սիրուն արժանի են: Այս տարին աղետալի տարի է, եւ բոլորիս մաղթում շուտ ազատվել այս փորձանքից: Իհարկե, էլի շատ բան կարելի է մաղթել հայ ժողովրդին, սակայն այս պահին սրանից ավելի լավ մաղթանք դժվար է գտնել:
«Կցանկանայի, որ ոչ մեկի մոտ հղիանալու, մայր դառնալու խնդիր չլինի»
Արհեստավարժ մասնագետ լինելու համար առաջին հերթին պետք է ձգտել խորությամբ տիրապետել այն մասնագիտությանը, որն ընտրել ես: Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց, երբ արդեն հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան բժշկության ասպարեզում, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ ու հետաքրքիր,http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի գլխավոր սաղմնաբան ԻՆԵՍԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նման երջանիկներից մեկն է: Սաղմնաբանությունն ունի էական դերակատարում վերարտադրողական բժշկության մեջ, ու պետք է նաեւ լավ հոգեբան լինես, որպեսզի անպտղության դեմ պայքարում կարողանաս պացիենտին դարձնել դաշնակիցդ: Մեզ հետ զրույցում սաղմնաբանը մատչելի լեզվով ներկայացրեց ժամանակակից մասնագիտության նրբությունները:
-Բժշկուհի՛, կներկայացնե՞ք ձեր բաժանմունքի գործառույթները:
-Երբ զույգը դիմում է մեր բաժանմունք, կատարվում են խորհրդատվություններ բժիշկ-վերարտադրողաբանի ու սաղմնաբանի հետ: Կան զույգեր, որոնք չեն պատկերացնում, թե սաղմնաբանն ինչով է զբաղվում, եւ ինչքան մեծ դերակատարում ունի նրա աշխատանքը: Նրա գիտելիքներից եւ փորձառությունից է կախված նաեւ անպտղության բուժման ու ցանկալի արդյունքի հասնելու արդյունավետությունը: Սկզբում սաղմնաբանը սեռական բջիջները նախապատրաստում է բեղմնավորմանը: Ֆոլիկուլների պունկցիայի ժամանակ սաղմնաբանը փնտրում է ձվաբջիջները ֆոլիկուլյար հեղուկի մեջ եւ պահպանում դրանք հատուկ միջավայրում: Նա նաեւ կատարում է սերմի որակի գնահատում ու մշակում է այն ձվաբջիջները բեղմնավորելու համար: Այնուհետեւ կատարում է բեղմնավորում:
-Ինքնին հետաքրքիր մասնագիտություն է, բայց ամենատպավորիչ այցը ո՞րն եք համարում:
-Շատ կան տպավորիչ այցեր, բայց կցանկանայի հիշել դրանցից մեկը: Մեզ էր դիմել զույգ, եւ երկուսի մոտ էլ դա երկրորդ ամուսնությունն էր: Նրանք ունեին որդեգրած երեխա, եւ, բնական է, իրենց երեխան էին ուզում ունենալ ու մեր օգնությամբ, փառք Աստծո, արդեն սպասում են երկու աղջիկ բալիկի: Խոստացել են երեխաներից մեկին իմ անունով կոչել` Ինեսա:
-Ո՞ր տարիքային շեմից կարող են դիմել ձեզ:
-Դրա համար հնարավոր չէ նշել ամենափոքր տարիքը: Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության սահմանման, անպտղությունը սեռական կյանքով ակտիվ ապրող զույգի կնոջ մոտ մեկ եւ ավելի տարվա ընթացքում հղիության բացակայությունն է առանց հակաբեղմնավորիչների օգտագործման: Իսկ ամենամեծը քառասուներկու, քառասուներեք տարեկանն է:
-Բոլորն ունեն իրենց կյանքի ուսուցիչը, ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:
-Ես իմ ուսումը սկսել եմ Իսրայելում, քանի որ բնակվում էի այնտեղ: Աշխատել եմ Ֆրանսիայում եւ կարող եմ ասել, որ ինձ բախտ է վիճակվել շփվել այս ոլորտի շատ ճանաչված բժիշկների, օրինակ, Ֆրանսիայի հայտնի մասնագետներ Ֆրիդմանի, Կասուտոյի հետ, որն ունի հայտնի լաբորատորիաների ցանց: Այժմ համագործակցում եմ մեր բաժնի պրոֆեսոր Օրվիետտոյի հետ, ունեցել եմ աշխատանքային փորձ շատ հայտնի կենսաբան Գաբոր Վայտայի հետ: Այդ առումով ես շատ երջանիկ եմ:
-Մեր երկրում, ըստ Ձեզ, սաղմնաբանությունը զարգացման ի՞նչ մակարդակ ունի:
-Ես եղել եմ տարբեր երկրներում եւ կարող եմ ասել, որ մենք ոչնչով չենք թերանում, իսկ մեր «Աստղիկ» բժշկական կենտրոնի սաղմնաբանության բաժինը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով: Մենք ոչ մի առումով չենք զիջում, ամեն տարի մասնակցում ենք միջազգային գիտաժողովների, ինչպես նաեւ արդեն առցանց հնարավորություններ ունենք. ամեն նոր բան կարող ենք տեսնել, կարդալ եւ օգտագործել մեր պրակտիկայում:
-Դրդող եղե՞լ է Ձեր մասնագիտության ընտրության հարցում:
-Դրդող չի եղել, բայց, երբ նայում եմ դպրոցական շարադրություններս, նկարներս եւ այլն, հասկանում եմ, որ փոքրուց երազանքներս միայն բժշկության մասին են եղել: Չնայած տասներկու տարի պարով եմ զբաղվել եւ շատ եմ սիրել պարը, բայց ընտրել եմ բժշկությունը:
-Որպես երիտասարդ ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Այսօրվա երիտասարդ կադրերն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ, նրանց առջեւ բոլոր դռները բաց են: Նրանք չունեն տեղեկատվության, գրականության պակաս, ինչը եղել է մեր ժամանակներում: Շատ նպատակասլաց են: Հիմա ես դասավանդում եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում եւ տեսնում, որ ուսանողներն ուզում են սովորել, ընկալում են, ձգտում են դառնալ լավ մասնագետ:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Իմ տղան ու իմ աշխատանքը:
-Ձեր տղայի մեջ դեպի բժշկությունը ձգտում տեսնո՞ւմ եք:
-Այո՛, ասում է, որ սիրում է եւ շարունակելու է իմ գործը: Ինձ թվում է՝ կկարողանա:
-Աշխատանքը չի՞ խանգարում ընտանիքին:
-Իհարկե ընտանիքի հետ ավելի քիչ ժամանակ եմ անցկացնում, բայց փորձում եմ այնպես անել, որպեսզի ընտանիքս իմ պակասը չզգա: Սակայն, ամեն դեպքում, կնոջ համար աշխատանքը ընտանիքի հետ համատեղելը շատ դժվար է:
-Վերջին անգամ որտե՞ղ եք եղել վերապատրաստման:
-Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
-Ի՞նչ տվեց այդ վերապատրաստումը Ձեզ:
-Այն տվեց մասնագիտության հետ կապված բավականին նոր տեղեկատվություն, շփում տարբեր երկրների գործընկերների հետ, ծանոթացում սաղմնաբանությանը վերաբերվող նոր սարքավորումներին, նյութերին եւ լաբորատոր պարագաներին: Ես սիրում եմ կարծիք լսել, մասնակցել մասնագիտական քննարկումներին:
-Ինչի՞ մասին կցանկանայիք խոսել, որը, ըստ Ձեզ, շատ կարեւոր է:
-Կցանկանայի խոսել կենսանյութի կիրոպահպանման մասին: Սա կարեւոր է այն առումով, որ, երբ զույգն անցնում է այդ դժվար ճանապարհը, մենք ստանում ենք լավ որակի սաղմեր, որոնք կարող ենք պահպանել հաջորդ տեղադրման համար: Այսինքն, եթե առաջին տեղադրումից հետո հղիություն չի լինում կամ էլ լինում է, բայց ցանկանում են ունենալ նաեւ երկրորդ, երրորդ երեխան, ապա զույգը այդ ամբողջ ճանապարհը նորից չի անցնում: Այդ ժամանակ որոշակի նախապատրաստական գործընթացներից հետո տեղադրվում են ապասառեցված սաղմերը: Փաստորեն, զույգին երկրորդ, երրորդ շանս տալու հնարավորություն կա:
-Զույգն ի՞նչ փուլերով է անցնում մինչեւ ցանկալի արդյունքին հասնելը:
-Սկզբում նախապատրաստական փուլն է: Կինը եւ տղամարդը անցնում են հետազոտություններ, ու, եթե տղամարդու մոտ ի հայտ են գալիս խնդիրներ, նրան ուղարկում ենք ուրոլոգի մոտ խորհրդատվության: Եվ այդ ամբողջ պրոցեսը անցնելուց հետո, երբ զույգն արդեն պատրաստ է արտամարմնային բեղմնավորման, կինը սկսում է ստանալ հորմոնային պրեպարատներ, որպեսզի իր մոտ ձվաբջիջների քանակն ավելի շատ լինի: Երբ ստեղծվում է համապատասխան քանակը, մենք նշանակում ենք ձվաբջիջները վերցնելու օրը եւ կատարում ենք արհեստական բեղմնավորումը: Արդի սաղմնաբանության մեջ գոյություն ունի բեղմնավորման երկու մեթոդ. «ստանդարտ ԱՄԲ» կամ ICSI (intracytoplasmic sperm injection): «Ստանդարտ ԱՄԲ»-ի ժամանակ ձվաբջիջները մի քանի ժամ թողնում են սպերմատազոիդների սուսպենզիայի հետ հատուկ միջավայրում՝ ինկուբատորի մեջ: ICSI-ի ժամանակ սաղմնաբանը, ելնելով սպերմատազոիդի որակական հատկանիշներից, ինքն է ընտրում սպերմատազոիդը ու ներարկում այն ձվաբջջի ցիտոպլազմայից ներս: Այս գործընթացը կատարվում է միկրոմանիպուլյատորի միջոցով եւ պահանջում է բարձր մասնագիտական հմտություններ: Այս մեթոդով բեղմնավորումը կատարվում է, երբ տղամարդու մոտ առկա է խնդիր, ինչպես նաեւ, երբ կնոջ մոտ ձվաբջիջների քանակը շատ քիչ է:
-Ձեզ համարո՞ւմ եք ուժեղ կին:
-Վստահ կարող եմ ասել՝ այո: Իհարկե, կինը կարող է ուժեղ լինել: Չնայած, ամեն դեպքում, ներսում թույլ է, բայց կարող է իրեն պահել այնպես, որ ուժեղ է:
-Իսկ ո՞րը կարող եք համարել Ձեր բնավորության թույլ կողմը:
-Իմ խիղճը: Չեմ վախենում ոչնչից, ինձ տանջում է միայն իմ խիղճը: Շատ եմ սիրում մարդկանց, ու այդ ամենն օգնում է իմ աշխատանքում, ուժ է տալիս, որ հասնեմ դրական արդյունքի:
-Մեր ազգը, Ձեր կարծիքով, շնորհակա՞լ ազգ է:
-Իհարկե, երբ դրական արդյունք չի լինում, հիասթափությունը մեծ կարող է լինել, որովհետեւ մարդիկ ներդնում են ջանքեր, գումար, հոգեբանորեն են պատրաստվում ու հանկարծ կարող են կանգնել դատարկության առաջ: Բայց դրական արդյունքի դեպքում շատ շնորհակալ են լինում:
-Որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք ասել:
-Կցանկանայի, որ ոչ մեկի մոտ հղիանալու, մայր դառնալու խնդիր չլինի, որ այդ ճանապարհը շատ հեշտ լինի, ու բալիկ ունենալու ուրախությունը, երջանկությունը վայելեն բոլոր ընտանիքները: Մենք աշխատում ենք ու ցանկանում, որ մեր աշխատանքի դրական արդյունքը երջանկացնի անպտղության խնդրի առաջ կանգնած ընտանիքներին:
Բացառվում է սկոլիոզի բուժումը մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով
Ցանկացած առողջական խնդիր կյանքի ինչ–որ մի փուլում մարդու թե՛ ապրելակերպի, թե՛ օրգանիզմի ֆունկցիոնալ գործունեության «սխալի» արդյունք է։ Նշանակում է՝ ֆունկցիոնալ մակարդակում առաջացած «սխալը» ժամանակին հայտնաբերելու, ուղղելու եւ ճիշտ ուղղորդելու դեպքում հնարավոր է բուժել հիվանդին՝ խուսափելով հետագա բարդություններից։
Այսօր արդի բժշկությունն ունի գերժամանակակից կլինիկական ախտորոշիչ եւ բուժական հնարավորություններ, որոնց մեծամասնությունը կարող է ֆիքսել եւ գնահատել մարդու օրգանիզմում տեղի ունեցող ախտաբանական պրոցեսների հետեւանքները: Տեխնիկական միջոցների ընդլայնմանը զուգընթաց նորարարական մոտեցումների բազմազանությունը թույլ է տալիս հասնել այն ամենին, ինչը ժամանակին անհավանական էր թվում։
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է օրթոպեդ-վերտեբրոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարային ախտաբանության բաժանմունքի ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆՆ է՝ բժշկության մեջ մեծ ավանդ ունեցող մասնագետ, ով ջանք եւ եռանդ չի խնայում իր հիվանդներին բարեհաջող բուժելու նպատակով: Պարոն Մոմջյանի հետ մեր զրույցը ծավալվեց ողնաշարային հիվանդություների տեսակների, դրանց դրսեւորման ձեւերի ու թեմային առնչվող այլ կարեւոր հարցերի շուրջ:
-Պարո՛ն Մոմջյան, խնդրում ենք կատարել սկոլիոզ, կիֆոզ հիվանդությունների տարանջատում, ի՞նչ բուժական մեթոդներ են կիրառելի այդ հիվանդությունների դեպքում:
-Իրականում դրանք տարբեր ողնաշարային խնդիրներ են: Կիֆոզը հիվանդություն չէ, այլ ողնաշարի թեքում է կրծքային հատվածից դեպի առաջ, նորմալ ձեւավորված ողնաշարի դեպքում հանդիպում է նաեւ գերկիֆոզ, որը բերում է ցավային սինդրոմի, սակայն այն խիստ վնասակար է եւ շատ քիչ դեպքերում կարիք ունի վիրահատական միջամտության:
Ինչ վերաբերում է սկոլիոզին, ապա դա անբնական վիճակն է, երբ ողնաշարը թեքված է լինում կողմնային հարթության մեջ, որը կարող է ի հայտ գալ տարբեր մակարդակներով` պարանոցային, կրծքային, հիմնականում՝ գոտկային հատվածներում: Այն աջակողմյան, ձախակողմյան կամ երկկողմյան հիվանդություն է, որն ունի մի քանի տարատեսակներ, կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի, որոշակի նյարդամկանի հիվանդությունների ժամանակ ձեւավորված սկոլիոզներ: Սկոլիոզի բուժումը հիմնականում մինչեւ 45 աստիճանը կոնսերվատիվ է, որի դեպքում կիրառվում են կորսետային բուժում եւ բուժական ֆիզկուլտուրա: Քանի դեռ երեխան դեռեւս աճ ունի, սակայն հիվանդությունը ակտիվ պրոգրեսիվող ձեւն է, առաջարկվում է անհապաղ վիրահատություն: 45 աստիճանից ավելիի դեպքում, երբ տարիքն առած հիվանդ է, պահանջվում է վիրահատական բուժում: Սկոլիոզի ժամանակ մեծահասակների դեպքում վիրահատություն արվում է արտահայտված ցավային ախտանիշների դեպքում: Կա կարծիք, որ սկոլիոզը դիրքի, ծանրության եւ այլ պատճառերից է առաջանում, ու, երբ երեխան աճում է, այն կարելի է բուժել դիրք տալով, մերսումների օգնությամբ եւ այլն: Սակայն միայն մերսումներով ու բուժական ֆիզկուլտուրայով սկոլիոզը բուժվող չէ:
-Ինչպիսի՞ բուժական նորարարական մեթոդներ եք կիրառում:
-Այսօր որոշակիորեն փոխվել է գործիքավորումը, կորսետավորումը պահպանվել է, եւ Հայաստանում առկա ու կիրառելի են վերջին սերնդի լավագույն կորսետները: Վիրահատական առումով հիմնականում իմպլանտների տեսակները եւ որակն է լավացել, կոտրվածքների դեպքում քիչ քանակությամբ սկսել են կիրառելի լինել մինի ինվազիվ մեթոդները, իսկ համապատասխան գործիքների առկայության դեպքում դրանք կիրառելի կլինեն նաեւ սկոլիոզի դեպքում: Որոշ տեսակի սկոլիոզների համար կան հատուկ գործիքներ, որոնք կիրառելի են աշխարհով մեկ, բայց մենք չենք կարող դրանք ձեռք բերել, քանի որ շատ թանկ արժեն, եւ Հայաստանում նման հիվանդներ քիչ են հանդիպում, որպեսզի նրանց համար գործիքը ներմուծվի եւ կիրառվի: Իսկ քիչ քանակության դեպքում ոչ մի ընկերություն չի համաձայնի համագործակցել մեզ հետ: Իմպլանտները պետության աջակցության ծրագրի մեջ չեն մտնում, դրանք գնվում են հիվանդների կողմից, իսկ պետությունը հոգում է բուժման ծախսերը:
-Բժի՛շկ, վերապատրաստման վերջին անգամ ե՞րբ եք եղել:
-Եղել եմ նախանցյալ տարի եւ կասեմ, որ վերապատրաստումները հնարավորություն են տալիս ծանոթանալ նորագույն մեթոդներին, փորձի փոխանակություն կատարել: Ի դեպ, տարբեր ժամանակներ դրսում աշխատելու հնարավարություններ են եղել, սակայն ես ի վերջո հասկացա, որ ինձ Հայաստանից պետք չէ գնալ:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Այսօր կան լավագույն կադրեր, որոնք մեր աջակցության կարիքն ունեն, եւ մենք նրանց օգնում ենք գիտելիքների ամրապնդման հարցում, ուղղորդում ճիշտ ճանապարհով: Ընդ որում, ինտերնետ պորտալի շնորհիվ նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր տարիներին էին: Նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են, քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, եւ տեղի է ունենում փորձի փոխանակում:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում, ժողովրդական լեզվով ասած, ողնաշարի «գրիժան»` ճողվածքը:
-Դա այն է, երբ դիսկի ամրությունը թուլանում է, ու դոնդողանման կորիզի նյարդարմատը դուրս է գալիս դեպի պատռված հատվածները եւ դուրս եկած ճողվածքներով սեղմվում է՝ պատճառելով սուր ցավեր ու նյարդարմատի աճի խանգարում: Փոքր չափերը ոչ վիրահատական են, իսկ մեծ չափերի դեպքում անիմաստ է սպասել, քանի որ հիվանդներն ունենում են սուր ցավեր, կարիք կա նյարդարմատն ազատել ճնշումից, եւ պետք է իրականացվի վիրահատություն:
-Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:
-Կցանկանամ հասարակությունը լինի միշտ առողջ, աչալուրջ, երբեւէ չդիմի այնպիսի մարդկանց, որոնցից միայն վնաս կստանա: Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաեւ կանխարգելիչ ստուգումների, որպեսզի ժամանակ չկորցնեն ու վնասեն առողջությունը: Եղեք առողջ, սիրեք ձեզ եւ ձեր մարմինը:
Կանխարգելելը սրտանոթային գանգատների վերացման միակ ճանապարհն է
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն ունեն սրտային հիվանդությունները: Այսօր Հայաստանի սրտաբանության զարգացվածության եւ բուժման բարեհաջող ելքերով լավագույն օջախներից մեկը սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն է, որտեղ լավագույն մասնագետների օգնությամբ իրականացվում են որակյալ բոլոր բուժօգնությունները:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող եւ սրտաբան ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, ում հետ զրույցում քննարկվեցին Հայաստանում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման ու բուժման հնարավորությունների, ձեռքբերումների ու անհրաժեշտ քայլերի վերաբերյալ հարցերը: Բժիշկները, դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում են նրա դժվարությունները` հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր: Հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ամեն կերպ ձգտում է բարելավել պացիենտների հետագա կյանքի որակը:
-Պարո՛ն Չիլինգարյան, հիմնականում սիրտ-անոթային ի՞նչ հիվանդությունների դեպքում են ձեզ դիմում:
-Սովորաբար սիրտ-անոթային խնդիրների դեպքում գանգատները շատ տարբեր են՝ կրծքավանդակի ցավերից, շնչարգելությունից մինչեւ սրտի անկանոն աշխատանք, ոտքերի այտույցներ, գլխապտույտներ: Շատ անգամ այնպիսի արտառոց գանգատներով են դիմում՝ կարծելով, որ սրտային խնդրից է, քանի որ սիրտը այնպիսի մի օրգան է, որի համար անհանգստանալը առաջնային է: Գալիս են ճշտելու՝ սրտայի՞ն խնդիր է, թե ոչ, պարզելու իրենց գանգատների իրական պատճառները: Վիրուսային համաճարակի այս օրերին շատերի մոտ սրտային խնդիրը գլուխ է բարձրացրել: Երբ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մարդիկ վարակվում են վիրուսով, ավելի է բարդանում նրանց քրոնիկական հիվանդությունը, ավելի ծանր են սկսում տանել այն:
-Հիմնականում ո՞ր սրտանոթային հիվանդություններն են երիտասարդացում ապրել:
-Միշտ կան հիվանդություններ, որոնք տարիքային շեմ չեն հարցնում, օրինակ, սրտի բնածին եւ ձեռքբերովի արատները, որոնք սովորաբար ի հայտ են գալիս ավելի վաղ տարիքում: Մասնավորապես պիտի նշեմ երիտասարդացում ապրած սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտը, ստենոկարդիան, որոնց առաջացման պատճառները բազմազան են: Դրանց նպաստում են ճարպակալումը, շաքարային հիվանդությունը, սթրեսները, սննդի անկանոն ընդունումը, ծխելը, որը, ցավոք սրտի, մեր երկրում վաղ տարիքից է նկատվում: Մի խոսքով, կյանքի որակն է իրականում բավականին փոփոխության ենթարկվել, ինչն էլ նպաստում է սրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը:
-Հասարակությունը հաճախ չի տարանջատում ինսուլտը ինֆարկտից: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Ինֆարկտն ու ինսուլտը, կարելի է ասել, նույն հիվանդություններն են, ուղղակի տարբերվում են տարբեր օրգաններում տեղակայմամբ: Իրականում խցանվում է անոթը, եւ արյուն չի մատակարարվում սիրտ, սրտամկանի որոշ մաս մահանում է, վերք է առաջանում, այնուհետեւ սպիանում, ու նույն իրավիճակը տեղի է ունենում ուղեղում, որը կոչվում է ինսուլտ: Անոթը խցանվում է ուղեղում, որտեղ մեռուկացում է առաջանում ուղեղի հյուսվածքի որոշակի տարածքում: Տարանջատելու համար ասենք՝ ուղեղինը ինսուլտ է, սրտինը` ինֆարկտ: Հիվանդություններ են, որոնք ունեն նույն մեխանիզմը եւ նույն պաթոլոգիան, որոնց հիմքում ընկած է անոթային խցանումը, եւ երկուսի դեպքում էլ ռիսկային գործոնները կրկնվում են՝ ալկոհոլի չարաշահում, ճարպակալում, շաքարախտ, ճնշման խնդիրներ, նստակյաց կյանք:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր սրտաբանությունը ապագայում լավագույնների ձեռքերո՞ւմ կլինի:
-Մեր երիտասարդությունն այսօր բավականին նպատակասլաց է, ձգտող, պրպտող, հետաքրքրասեր, եւ այդ ամենը մեզ համար բավականին ուրախալի փաստ է, որին նպաստում է արդի տեղեկատվական դաշտի տարածվածությունը: Ասօրվա երիտասարդությունը հասուն մոտեցում է ցուցաբերում իր մասնագիտությանը, նրա պատասխանատվության զգացումը բավականին բարձր է, շուտ է յուրացնում գիտելիքները: Իսկ մենք էլ, ավելի ոգեւորվելով երիտասարդների հետաքրքրասիրությամբ, ցանկանում ենք ավելին տալ նրանց:
-Ի՞նչ կասեք կանխարգելիչ բուժման մասին, մեր երկրում այն զարգացա՞ծ է:
-Կանխարգելիչ բուժումը, կարծես թե, մեր էթնոսում ծնված չէ, դաջված չէ: Բոլորը կարծում են, թե սրտանոթային հիվանդությունները վերջնական բուժվող հիվանդություններ են, սակայն, ցավոք սրտի, դրանք չեն բուժվում, հիվանդի սիրտը միշտ էլ մնում է հիվանդ: Մենք ուղղակի նպաստում ենք գանգատների վերացմանը, որպեսզի պացիենտը չզգա իր հիվանդության գոյությունը: Սրտային խնդիրների դեպքում պետք է հետեւողական լինել, հիվանդը պետք է միշտ ընդունի իր դեղորայքը, որովհետեւ դադարեցնելու դեպքում կվերադառնա իր նույն գանգատներին: Կանխարգելելը սրտանոթային գանգատների վերացման միակ ճանապարհն է, եւ ամբողջ աշխարհում սրտանոթային խնդիրների դեպքում բժշկությունն աշխատում է միայն կանխարգելիչ բուժման ճանապարհով: Իհարկե, ավելի լավ է՝ մարդիկ իրենց հետեւելով փորձեն չհիվանդանալ՝ խուսափելով ռիսկային գործոններից: Բժշկությունը դրսից է ազդում անհատի վրա, ավելի շատ պետք է սեւեռվել առողջության վրա, ոչ թե հիվանդության, մենք բուժում ենք հիվանդությունը, ոչ թե հիվանդին, մենք ոչ թե առողջության, այլ հիվանդությունների հետ ենք առնչվում: Դա է բժշկությունը. մենք ուսումնասիրում են հիվանդությունը, ոչ թե առողջությունը: Ժամանակին կանխարգելումը առողջություն է, իսկ մեր բուժածը հիվանդությունն է:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Առաջին հերթին մեր հասարակությանը կցանկանամ առողջություն: Այսօր շատ ծանր ժամանակներում ենք ապրում. վիրուսի առկայությունը շատ բան փոխեց մեր ապրելակերպի մեջ: Կցանկանամ, որ մարդիկ ավելի սթափ մտածեն չկորցնելու համար մեր ազգային եւ մարդկային արժեքները, պահպանենք մեր անհատականությունները, ավելի պարտաճանաչ լինենք մեր անձի նկատմամբ: Կցանկանամ, որ մարդկանց սրտերը առողջ բաբախեն, որ նրանց գանգատները սրտային չլինեն, աշխատեն հեռու մնալ տարբեր ռիսկային գործոններից, հետեւեն իրենց ճնշմանը, շատ քայլեն, նյարդերը հանգիստ պահեն, բարի մնան: Եվ այդ ամենը կնպաստի մարդու ֆիզիկական եւ հոգեւոր առողջությանը:
Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության մասին մտածել
Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու, եթե պացիենտի եւ բժշկի միջեւ ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիրների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլեւ հոգեբանական շփմամբ: Հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչվում է «կոմպլայնս»՝ պացիենտի եւ բժշկի միջեւ համաձայնություն ու համագործակցություն՝ ուղղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համբերությունը փորձության ենթարկող երեւույթների հաղթահարմանը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ բավականին հաճելի մարդ է, ով իր բնագավառում առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով եւ իր մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում հիվանդների վստահությունը։
-Պարո՛ն Գրիգորյան, հիմնականում աչքի ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում:
-Բաժանմունքը կոչվում է անոթային պաթոլոգիայի բաժանմունք, բայց վաղուց արդեն կորցրել է անվան էությունը: Նրա գործառույթների մեջ մտնում են աչքի հետ կապված բոլոր խնդիրները: Մեր բաժանմունքը մեծ գործունեություն է ծավալել 90-ական թվականներից, երբ ռազմական հոսպիտալը դեռ ստեղծման փուլում էր, եւ բոլոր խնդիրներով հիվանդները մեզ էին դիմում: Մեզ դիմում են ընդհանրապես աչքի բոլոր վիրաբուժական միջամտությունների, աչքի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում, վերջին տարիներին ավելի շատ ռազմական վնասվածքներ ստացածների հետ ենք զբաղվում, որպեսզի փրկենք եւ վերականգնենք աչքը:
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների ուղին, ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է:
-Երկու երեխաներս էլ բժիշկ են: Տղաս ակնաբույժ է, աշխատում է մեր բաժանմունքում, աղջիկս բժշկական գրասենյակում զբաղվում է առողջապահական, օպտիկական հարցերով:
-Բժի՛շկ, ունենո՞ւմ եք պացիենտներ արտերկրից:
-Հիմնականում դրսից մեզ մոտ որեւէ մեկի խորհրդով են գալիս: Ունենում ենք պացիենտներ Իրանից, Վրաստանից: Բժշկական տուրիզմը, կարծես թե, փորձում են մեր երկրում զարգացնել, բայց այն լայնածավալ բնույթ դեռեւս չի կրում: Նկատելի շարժ կա միայն ատամնաբուժության եւ պլաստիկ վիրաբուժության բնագավառներում, քանի որ գներն ավելի մատչելի են, քան իրենց մոտ: Մեր ոլորտում ավելի քիչ են դրսից այցելուները:
-Հիմնականում ո՞ր տարիքային խմբի պացիենտներ են ձեզ այցելում:
-Մեզ այցելում են հիմնականում ծեր պացիենտներ, բայց ցավալի փաստ է, որ աչքի որոշ հիվանդություններ, ինչպես, օրինակ, կատարակտան, երիտասարդացել են, վնասվածքներով պացիենտներ էլ են լինում, ուստի մեզ դիմողների տարիքային շրջանակը մեծ է:
-Ձեր բաժանմունքը տեխնիկապես հագեցա՞ծ է:
-Ցավալի փաստ է, բայց մեր երկրում դեռ չունենք բժշկին դիմելու, հիվանդությունները վաղ ախտորոշելու, ժամանակին բուժելու կուլտուրա: Ընդհանրապես հիվանդ մարդն արդեն պահանջատեր է, որի ներաշխարհը խաթարվում է իր հիվանդության պատճառով. կան հիվանդություններ, որոնք չեն բուժվում, ամբողջ կյանքի ընթացքում պահանջում են ուշադրություն, հետեւողականություն: Ցավով պետք է նշեմ, որ կորոնավիրուսի ժամանակ առաջին երկու ամիսը մենք բաց թողեցինք, չաշխատեցինք այնպես, ինչպես պետք էր:
-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ:
-Ես սիրում եմ իմ ընտանիքը, ունեմ կին, որին պաշտում եմ: Անհրաժեշտության դեպքում նա միշտ իմ թիկունքին է պաշտպանողի դիրքում: Ունեմ լավ երեխաներ ու լավ թոռնիկներ, որոնց համբույրների պակասը երբեք չեմ ունեցել, ովքեր ինձ ստիպում են ապրել եւ արարել:
-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կասեք:
-Ինչքան էլ փորձեն սոցիալապես անապահով խավին օգնել, պետպատվերի գաղափարը զարգացնել, միեւնույն է, դա չի բերելու նրան, ինչին ձգտում ենք: Հասարակությունը ինքը պետք է սկսի իր առողջության մասին մտածել, որովհետեւ ոչ մի պետություն չի կարող բավարար չափով դա իրագործել: Ինչպես ասում էր ակադեմիկոս, հայտնի վիրաբույժ Ամոսովը. «Բժիշկը կարող է բուժել հիվանդությունը, բայց նա չի կարող ձեզ առողջություն տալ»: Եվ սա պետք է գիտակցի ու հասկանա մեր հասարակությունը: Ցանկանում եմ բոլորին միմիայն առողջություն, միասնական ուժերով կորոնավիրուսի հաղթահարում: Ինչու ոչ, հնարավոր է, որ կլինի համաճարակի երկրորդ փուլը, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չհասնենք դրան: Եղե՛ք առողջ, սիրե՛ք եւ եղե՛ք սիրված:
Գոյություն ունի բուժելի եւ անբուժելի կուրություն
Լավ բժիշկ լինելու համար, նախ եւ առաջ, լավ հոգեբան է պետք լինել` անկախ ընտրած նեղ մասնագիտացումից: Առաջնային նշանակություն ունի բժշկի հետ շփումը։ Զուտ մասնագիտական տեսանկյունից հիվանդների ճնշող մեծամասնությունը չի կարող եզրակացություններ անել բժշկի պրոֆեսիոնալիզմի մասին, դրա համար առնվազն պետք է շատ լավ տեղեկացված լինել բժշկության տվյալ ոլորտից: Հենց այս պատճառով էլ ուրիշներից ստացած տեղեկություններից առավել կարեւորվում է բժշկի հետ շփումը. որքանով է նա ուշադիր, ինչպես էր հարցեր տալիս, ինչ հոգատարություն էր ցուցաբերում եւ այլն: Բնականաբար, համապատասխան իր պրոֆեսիոնալիզմին: Այսինքն` կարողանա հենց այդ շփումով վստահություն առաջացնել հիվանդի մոտ: Այս դեպքում կարելի է ասել, որ գործի կեսն արված է: Եթե հիվանդը վստահեց բժշկին, ավելի արդյունավետ կլինի բուժումը: Հակառակ դեպքում արդյունքը սպասվածից կարող է շատ ավելի ցածր լինել:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, Ամերիկայի ակնաբույժների ասոցիացիայի անդամ (AAO), ՀԱՆ աչքի շարժական հիվանդանոցի (ԱՇՀ) համակարգող եւ Եվրոպական կատարակտալ-ռեֆրակցիոն վիրաբույժների միության անդամ (ESCRS), բժիշկ-ակնաբույժ, միկրովիրաբույժ ԱՍԱՏՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է:
-Ի՞նչ գործունեություն է ծավալում ներկայումս աչքի շարժական հիվանդանոցը:
-Աչքի շարժական հիվանդանոցը, որը գործում է «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում, մշտապես նպատակ է ունեցել կանխարգելել ձեռքբերովի կուրությունը` Հայաստանի բոլոր համայնքների բնակիչների համար բարձրորակ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելով: Ակնային հիվանդությունները վաղ հայտնաբերելու եւ ժամանակին բուժելու նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում կուրության պատճառ դարձող մի շարք ակնային, օրինակ, կատարակտի, գլաուկոմայի, շաքարախտային ցանցենախտի, մակուլյարդիստրոֆիայի եւ այլ հիվանդությունների հայտնաբերմանը: Միակ վատ նորությունն այն է, որ այսօր, ցավոք, այս էպիդեմիկ վիրուսային իրավիճակի պատճառով հիվանդանոցը չի գործում, մարտ ամսից դադարեցված են մեր աշխատանքները, շուտով պարետատան կանոնների համաձայն կփորձենք ժամանակավորապես տարածաշրջանային հիվանդանոցի ղեկավարությունից տարածք խնդրել ակնային խորացված հետազոտումների համար, կկատարվեն պացիենտների ընդունում եւ ջերմաչափում, իհարկե, տեղի ինֆեկցիոնիստ բժշկի հետ համագործակցությամբ: Կկատարվեն ախտորոշում եւ հիվանդների նախապատրաստում, բայց ԱՇՀ-ի վիրահատարան եւ լազերային բուժման սենյակներ (փաստացի համարվում է միասնական փակ տարածք) կփորձենք ապահովել հիվանդների մեկ առ մեկ այցելություն` բուժման կամ վիրահատության համար, այսինքն՝ ԱՇՀ-ում աշխատանքները վերագործարկելու ժամանակ չպետք է խախտենք օրենքով սահմանված էպիդեմիկ նորմերը:
Կարանտինի առաջին ամիսներին ակնաբուժության մեջ էլ էր դադար տրված, միայն շտապ դեպքերի ժամանակ էին կատարվում վիրահատություններ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում, դրան զուգահեռ, իհարկե, այս ամիսներին մասնակցեցինք հեռավար կազմակերպվող դասընթացներին, այսինքն` փորձեցինք ավելի շատ զբաղվել ինքնակրթությամբ:
-Ձեր կյանքում կա՞ն մարդիկ, որոնց խոսքերով մշտապես առաջնորդվում եք:
-Իհարկե կան: Ես մեծ երախտագիտություն եւ հարգանք եմ տածում պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի հանդեպ ու մշտապես հետեւում նրա խորհուրդներին: Ուզում եմ նշել նաեւ մեր ծրագրի ղեկավար Ռոջեր Օհանեսյանի անունը եւ, իհարկե, հիմնարար գիտությունների համար պարտական եմ հորս` ինժեներ-գյուտարար Նիկոլայ Հովսեփյանին, որի մտահաղացումները, ցավոք, դեռ մնում են թղթի վրա:
-Խոսենք արհեստական ոսպնյակի ֆիքսացիայի Ձեր անհատական մեթոդի մասին: Կիրառվո՞ւմ է այդ մեթոդն այսօր ակնավիրաբուժական պրակտիկայում: Կվերհիշե՞ք Ձեր կատարած ամենատպավորիչ վիրահատությունը:
-Բավականին շատ վիրահատություններ եմ իրականացրել իմ ստեղծած մեթոդով, որը հայտնաբերել եւ կիրառության մեջ եմ դրել 2007 թվականից, երբ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հիվանդներիցս մեկի վիրահատության ընթացքում հետին խցիկային ոսպնյակի հենարանի անլիարժեքության պատճառով, ընդունված կանոնների համաձայն, անհրաժեշտ էր գնել նոր առաջային խցիկային մոդելի ոսպնակ: Իսկ դա հիվանդիս համար մատչելի չէր, եւ ես ստիպված էի օգտագործել արդեն ներդրված հետին խցիկային մոդելի ոսպնյակը, որի համար մտածեցի նոր ֆիքսացիայի մեթոդ: Առայսօր մեթոդը կիրառել եմ այն բոլոր բարդ դեպքերի ժամանակ, երբ ոսպնյակի բնական հենարանը շատ թույլ էր կամ իսպառ բացակայում էր: Այս մեթոդն ավելի շատ սկսեց ներդրվել «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագրում:
Իմ կյանքում, թերեւս, ամենատպավորիչն էր «Humanoptics» ֆիրմայի անհատական արհեստական ծիածանաթաղանթի պատվաստման վիրահատությունը, որի կիրառելիությունը բավականին թանկ հաճույք է, եւ այդ մեթոդի կիրառման համար ես վերապատրաստում էի անցել վերը նշված ֆիրմայում: Հիշում եմ նույնիսկ պացիենտիս. երիտասարդը Վանաձորից էր, մետաղալարից վնասվել էր եւ արտանկել ոսպնյակը՝ ծիածանաթաղանթի հետ միասին, բայց, փառք Աստծո, ցանցաթաղանթը չէր վնասվել: Բավականին բարդ վիրահատություն էր, քանի որ միաժամանակ կարվեց նաեւ արհեստական ոսպնյակ, հետագայում փոխպատվաստվեց նաեւ վնասված եղջերաթաղանթը:
-Տեսողության որակից կախված է նաեւ մարդու կյանքի որակը, կուրությունն այսօր լիարժեք բուժվո՞ւմ է:
-Իրականում գոյություն ունի բուժելի եւ անբուժելի կուրություն: Անբուժելի կուրությունը ձեր տեսողություն ապահովող ցանցաթաղանթի նյարդային բջիջների մասնակի կամ լիարժեք կորուստն է։ Սա, այսպես կոչված, «բացարձակ» կուրությունն է, երբ առկա է երկու աչքի տեսողության կայուն, անվերադարձ եւ լիարժեք կորուստ, լույսը մթից տարբերելու անընդունակություն, եւ տեսողությունը մոտ կամ հավասար է զրոյի։ Սակայն իրավական, գործնական եւ սոցիալական իմաստով կուրությունն ավելի լայն հասկացություն է, եւ այս առումով կույր համարվող մարդիկ կարող են որոշակի տեսողական զգացողություններ ունենալ, բայց չտարբերել շրջապատի առարկաները կամ մարդկանց, կորցնել շրջապատող պայմաններում կողմնորոշվելու հատկությունը եւ չկարողանալ առանց կողմնակի անձանց օգնության քայլել թեկուզ այն դեպքում, երբ լուսազգայությունը պահպանված է, ու կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Այսօր բարձր տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհի որոշ երկրներում ակնավիրաբույժները եւ նեյրովիրաբույժները համատեղ կատարվող վիրահատությունով կարող են մարդուն մութ աշխարհից բերել լուսավոր աշխարհ, բայց, ցավոք սրտի, կարդալու ունակությունը չի կարող վերականգնվել:
-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ, Ձեր երեխաները կցանկանա՞ն շարունակել Ձեր գործը:
-Իմ արմատներում չկան բժիշկներ. հայրս ինժեներ է, մայրս` ուսուցչուհի: Երեխաներս էլ դեռ փոքր են, բայց ավագ դպրոցում սովորող մեծ աղջիկս, կարծես թե, սեր ունի բժշկության հանդեպ, երկրորդ երեխաս նախընտրում է արվեստի ոլորտը: Մյուս երկու երեխաներս դեռ փոքր են, եւ վաղ է նրանց մասնագիտության ընտրության մասին խոսել:
-Կանխարգելիչ բուժումն ի՞նչ մակարդակ ունի այսօր մեր երկրում:
-Ուրախալի փաստ է, որ մարդիկ այսօր վաղ են դիմում բժշկի: Իհարկե, դա կախված է հիվանդի մենթալիտետից: Այսօր բավականին լավ են աշխատում նաեւ առաջնային օղակում` պոլիկլինիկաներում, ուր մարդիկ դիմում են հիվանդության վաղ փուլերում, իսկ ավելի բարդացած փուլերում արդեն դիմում են ակնաբուժական կլինիկաներ: Անհատը պետք է պատասխանատու, հետեւողական լինի իր առողջության նկատմամբ եւ միայն բարդացած վիճակում չդիմի բժշկի: Իհարկե, մեծ դեր ունի նաեւ սոցիալական վիճակը, բայց, ամեն դեպքում, պետք է հետեւողական լինել առողջության հարցում:
-Սակայն առաջնային օղակի նկատմամբ հասարակության շրջանում վատ կարծիք է ձեւավորված, եւ մարդիկ հաճախ խնդրի առկայության դեպքում միանգամից դիմում են ակնաբուժական կլինիկաներ:
-Իհարկե ճիշտ եք. մեր հանրության մեջ դա նկատելի է եւ, ինչ-որ տեղ, գովելի, եթե հերթեր չգոյանան, բայց, օրինակ, Ավստրալիայում, ԱՄՆ-ում պատկերն այլ է. հերթագրվում են, եւ ամիսներ են պահանջվում, որպեսզի մարդիկ կարողանան հանդիպել բժշկի հետ` հաղթահարելով ընտանեկան բժշկի եւ օպտոմետրիստի հերթագրումները: Իսկ նման ձգձգումը երբեմն անիմաստ խորացնում է եղած խնդիրը:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:
-Հուսամ, որ մեր երկիրն այս տնտեսական ճգնաժամից արագ դուրս կգա, որովհետեւ կառավարությունը բավականին լայնածավալ աշխատանքներ է տանում երկրում կարգուկանոնը վերականգնելու ուղղությամբ: Իսկ բուժօգնությունը իրականացվում է որակապես բարձր մակարդակով: Ամեն մարդ ունի իր իրավունքները, ցանկությունները, եւ մենք պետք է հարգենք դրանք: Ու, եթե մեր երկրում բարեփոխումները դրականորեն զարգանան, մեր ազգը կցուցաբերի իր լավագույն որակները` աշխատասիրությունը, կրթված, բանիմաց, իմաստուն լինելը:
Կինն ամեն ինչի չափանիշն է
Բոլոր ժամանակներում մարդիկ կնոջ մեջ գնահատել ու գովաբանել են խոնարհությունը, հնազանդությունը, հեզությունն ու մայրանալու շնորհը: Կինն Աստծուց ժառանգել է արարչագործության պսակը` մարդ ծնելու եւ դաստիարակելու շնորհը:
Հղիությունը կնոջ կյանքում յուրահատուկ շրջան է: Եվ, որպեսզի այդ շրջանը հնարավորինս թեթեւ անցնի կնոջ համար, նա պետք է ոչ միայն գտնվի բժշկի հսկողության ներքո, այլեւ տիրապետի անհրաժեշտ գիտելիքի՝ առողջ եւ գրագետ կենսակերպ վարելու համար: Ինն ամիս շարունակ կնոջ ներսում ձեւավորվում եւ զարգանում է նոր կյանք՝ կենդանի էակ, ում հետ կինն անտեսանելի, ամուր կապերով կապված է լինելու ողջ կյանքում, ով կնոջ համար դառնալու է ամենահարազատն ու կարեւորն աշխարհում: Թե ինչպիսին կլինի ապագա երեխան, ինչ ունակություններով օժտված կլինի, մեծապես կախված է հղի կնոջ կենսակերպից եւ հղիության հանդեպ նրա վերաբերմունքից: Յուրաքանչյուր կնոջ համար հղիությունը տարբեր հուզական ապրումներով լի փուլ է: Այդ սոցիալական դերին անցնելիս կինը, երեխային կրելուց, զգում է ոչ միայն ուրախություն, այլ նաեւ անհանգստություն ապագա երեխայի համար:
Չի կարելի կնոջը մի օր սիրել եւ գնահատել, կնոջը պետք է սիրել, պաշտել մշտապես, եւ այս տեսանկյունից մի քիչ հակասություններ կան տոների հետ կապված, քանի որ այդ դիտանկյունից կանանց մեկամսյակն ուղղակի ժամանակավրեպ է: Կինը եղել է, կա ու պետք է լինի մարդկային էության ավանդույթը կրողը, հիմքը ու շարունակողը: Մարդկության գլուխգործոցը կինն է: Հարգելի´ տղամարդիկ, պետք է հասկանալ, ընդունել ու սիրել կնոջ վեհությունը, կնոջ գեղեցկությունը, կնոջ՝ մայր լինելու գերարժեքությունն ու խորությունը: Յուրաքանչյուր տղամարդ պետք է սիրահարվածության մի փոքր տարր միշտ պահի իր ներսում, որը կապրեցնի կնոջը:
Մեր զրուցակիցն է Հայկական բժշկական ինստիտուտի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս, ցիկլի ղեկավար, 2015 թ.-ին ԼՂՀ-ում «Տարվա լավագույն երիտասարդ բժիշկ» կոչմանն արժանացած, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շաքե Խաչատրյանը, ում հետ զրույցում քննարկվեցին կնոջ առողջությանը վերաբերող մի շարք խնդիրներ եւ դրանց լուծման ելքերը:
-Բժշկուհի, ընտրել եք մի մասնագիտություն, որի պատասխանատվության սահմանններն անքննելի են: Ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:
-Ասեմ, որ արմատներումս կան բժիշկներ. հորեղբայրս է բժիշկ, եւ, ճիշտն ասած, մանկուց երազանքս բժիշկ դառնալն է եղել: Ընտանիքս դեմ էր իմ ընտրությանը եւ մինչեւ վերջ պայքարել է, որպեսզի այլ ընտրություն կատարեմ, բայց, քանի որ ինձ այլ ասպարեզում չէի պատկերացնում, հասա նրան, ինչ այսօր կա:
-Ուսուցիչ: Մարդ, ում տված ներուժը բավական է լինում ամբողջ կյանքի համար: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
-Իմ ուսուցիչը եղել եւ մնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը, ում մոտ ժամանակին անցել եմ օրդինատուրան եւ մինչ օրս էլ աշխատում եմ շատ բան սովորել տաղանդաշատ բժշկից: Իսկ առհասարակ կյանքում միշտ մայրիկիս եմ համարել իմ խորհրդատուն ամեն հարցում եւ կարող եմ մշտապես վստահել նրան ամեն քայլում: Հենց նա ինձ հորդորեց ընտրել այս մասնագիտությունը, իսկ ես ինձ միշտ պատկերացնում էի պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Երբ հայտնվում եմ բարդ իրավիճակներում, հիշում եմ մորս խորհուրդները, որոնք ինձ օգնում են հնարավորինս դյուրին եւ հարթ անցնել իմ ընտրած ճանապարհը:Եվ վստահ եմ, որ երբեւէ չեմ փոշմանի իմ ընտրության մեջ:
-Բժշկուհի, հասցնո՞ւմ եք աշխատանքը համատեղել վերապատրաստումների հետ:
-Այո, իհարկե. առանց վերապատրաստումների չենք կարող նորարարություններին համընթաց քայլել: Վերջինը եղել է 2019թ. դեկտեմբեր ամսին, վերապատրաստվել եմ ինտիմ էսթետիկ պլաստիկայի մեջ, որը դեռեւս այդքան էլ զարգացած չէ Հայաստանում, դեռ այն մակարդակի չենք հասել, որին մենք ձգտում ենք: Ցանկանում եմ իմ ներդրումն էլ ունենալ այդ ճյուղի զարգացման մեջ մեր երկրում, մոտակա վերապատրաստումս այս ամսին է՝ Իտալիայում, որտեղ կայանալու է էնդոկրին գինեկոլոգիայի միջազգային կոնֆերանս: Հույսով ենք, որ այս կորոնավիրուսը չի խանգարի դրա անցկացմանը, եւ մենք նոր գիտելիքներով կվերադառնանք Հայաստան:
-Տեղյակ ենք, որ նաեւ դասախոսում եք: Ի՞նչ կասեք մեր երիտասարդության մասին:
-Դասախոսում եմ 2016 թվականից եւ ասեմ, որ ունենք խոստումնալից կադրեր, որոնց շնորհիվ կարող ենք ավելի վստահ քայլերով առաջ գնալ բժշկության ոլորտում: Առհասարակ այժմյան սերնդին պետք է ներգրավել ամեն բնագավառում, անպայման նրանց խրախուսել, որ իրենք կարող են ավելին անել իրենց ընտրած մասնագիտության մեջ:
-Ի՞նչ կասեք հասարակության մասին, ի՞նչ մակարդակի վրա է դիմելիության կուլտուրան:
-Դիմողները տարբեր են լինում, սակայն մեծամասամբ գնահատում են բժշկի աշխատանքը, հարգանքով են մոտենում: Ամենակարեւորը հիվանդին ուրախ եւ ժպիտով տեսնելն է, երբ արածդ գործի արդյունքները շատ ընտանիքների երջանկություն են պարգեւում: Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ, որ բժիշկը պետք է գրագետ եւ հոգեբանորեն ճիշտ մոտեցում ցուցաբերի պացիենտի հետ հարաբերություններում: Անչափ կարեւոր է, որ բժիշկը միշտ գնահատված լինի բոլորի կողմից, մնա եւ արարի իր երկրում, բախտն օտար ափերում չփնտրի:
-Բժշկուհի, ովքե՞ր կարող են Ձեզ դիմել:
-Քանի որ աշխատում եմ գինեկոլոգիայի բաժանմունքում, վարում եմ հղիություններ, ծնունդներ, գինեկոլոգիական հիվանդություններով եմ զբաղվում, մասնակցում վիրահատությունների, ինձ կարող են դիմել նրանք, ովքեր բախվել են մանկաբարձական եւ գինեկոլոգիական խնդիրների: Ցավոք, հիմա շատ են դեպքերը, երբ դժվար է լինում հղիանալ, եւ տարբեր պատճառներով դիմում են բժշկի: Ընդհանրապես անպտղությունը ցավոտ թեմա է, ու երկարատեւ կամ կարճատեւ ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր անպտուղ զույգի՝ դրական արդյունքի հասնելը շատ է ոգեշնչում բժշկին, որպեսզի ավելի վստահ եւ հստակ քայլերով առաջ շարժվի:
-Այսօր երիտասարդ կանայք ձգտում են իրենց ծննդալուծումը կատարել կեսարյան հատումով, ի՞նչ կասեք այդ առումով:
-Կեսարյան հատումը պետք է իրականացվի խիստ ցուցումով, եւ մենք արդի բժշկության մեջ փորձում ենք ամեն ինչ տանել բնական ճանապարհով: Իսկ եթե նրանք կարծում են, որ, գնալով այդ քայլին, ցավերից խուսափում են, կրճատում դրանք, ապա չարաչար սխալվում են, քանի որ կեսարյան հատումն էլ իր հետագա հետվիրահատական բարդություններն ունի: Դրանցից մեկն այն է, որ արգանդի առաջային պատին սպի է առաջանում, որի արդյունքում դրա ամբողջականությունը խախտվում է, հետո վերականգնման շրջանը բավականին ցավոտ է լինում: Եվ մինչ այդ պատախանատու քայլին գնալը նրանք պետք է հղիությունը ընկալեն որպես մեծ պատասխանատվություն, դրա ամբողջ ընթացքը ճիշտ տանեն՝ գիտակցելով, որ այդ ճանապարհն անցնում են Աստծո տված բալիկի համար, իսկ կեսարյան հատմանը դիմեն միայն խիստ ցուցումների դեպքում:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ամուսնությունը համարվի անպտուղ:
-Կանոնավոր սեռական կյանքով ապրող զույգերի մոտ մեկ տարի եւ ավել հղիություն չգրանցվելու դեպքում արդեն կարող ենք ամուսնությունը համարել անպտուղ: Ցավոք, անպտղությունը երիտասարդացում է ապրել, ու թե տղամարդկանց, թե կանանց գործոնը գրեթե նույն նժարի վրա է դրված: Ռեպրադուկտիվ տարիքը սկսում է այն ժամանակ, երբ ձվարանները սկսում են իրենց ֆունկցիան լիարժեք կատարել եւ ավարտվում է այն ժամանակ, երբ ձվարանային ռեզերվը վերջանում է (լավագույն ռեպրադուկտիվ տարիքը 18-40 տարեկանն է):
-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում արգանդի պարանոցի քաղցկեղը:
-Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Պատճառը բջիջների ոչ նորմալ աճելու ունակությունն է, որը տարածվում է մարմնի այլ մասեր: Վաղ փուլերում ախտանիշներ չկան: Ավելի ուշ առաջանում է հեշտոցային արյունահոսություն, ցավ կոնքի շրջանում, ցավ սեռական հարաբերության ժամանակ: Սեռական հարաբերությունից հետո արյունահոսությունը կարող է լուրջ ախտաբանության մասին չխոսել, բայց նաեւ կարող է լինել պարանոցի քաղցկեղի առկայության նշան:
Դեպքերի 90%-ում պատճառը համարվում է մարդու պապիլոմա վիրուսը, այնուամենայնիվ, շատ մարդկանց մոտ, ովքեր ունեցել են այդ վիրուսը, չի զարգացել պարանոցի քաղցկեղ։ Այլ ռիսկի գործոններից են ծխելը, թույլ իմունային համակարգը, հակաբեղմնավորիչ պրեպարատները, վաղ տարիքում սեռական հարաբերություն սկսելը, բազմաթիվ սեռական զուգընկերներ փոխելը, բայց դրանք քիչ կարեւոր են։ Պարանոցի քաղցկեղը սովորաբար զարգանում է նախաքաղցկեղային փոփոխությունների հիման վրա՝ 10-20 տարվա ընթացքում: Դեպքերի մոտ 90%-ը տափակ բջջային կարցինոմա է, մոտ 10%-ը՝ ադենոկարցինոմա, եւ փոքր մասը՝ այլ տեսակներ։ Ախտորոշումը կատարվում է պարանոցի սքրինինգների միջոցով (արգանդի պարանոցի բջջաբանական քննություն): Հետագայում կիրառում են տեսապատկերման եղանակները ուռուցքի տարածվածությունը որոշելու համար: ԱՄՆ-ում սքրինինգը խորհուրդ է տրվում կատարել 21 տարեկանից, որը պայմանավորված է սեռական կյանքը վաղ սկսելու եւ այլ ռիսկի գործոններին ենթարկվելու հանգամանքով։ ՀՀ –ում Պապ թեստը կատարվում է ամեն 3 տարին մեկ՝ անգամ 30-65 տարեկանում: Թեստը կոչվում է իր ստեղծողի՝ հայտնի հույն բժիշկ Յորյոս Պապանիկոլաուի անվամբ։ Պապ-քսուկի ժամանակ հատուկ գործիքով արգանդի պարանոցից բջիջներ են վերցվում, որոնք ստուգվում են մանրադիտակով: Թեստը շարունակում է մնալ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման արդյունավետ եւ տարածված մեթոդ։ Ցավոք, հայ կանանց մոտ տարածված է, որ միայն բարդացած դեպքերում դիմեն բժշկի օգնությանը: Կցանկանամ, որ մեր հայ կանայք հարգեն եւ սիրեն իրենց անձը, ու, քանի որ առողջությունից կարեւոր բան չկա աշխարհում, անպայման անցնեն այդ սքրինինգային հետազոտությունները, որովհետեւ դրա համար մեծ գումարներ եւ ժամանակ հարկավոր չէ: Ես մասնակցել եմ Հայ-Կանադական կլինիկայի կողմից երկու տարուց ավելի հայաստանյան սահմանանամերձ գյուղերում անցկացված սքրինինգային ծրագրին, որի նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը կանխարգելելն էր:
-Բժշկուհի, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում միոմա հիվանդությունը:
-Միոման արգանդի բարորակ հարթ մկանային ուռուցք Է: Կանանց մեծամասնության մոտ լինում է անախտանիշ, սակայն ոմանց մոտ դիտվում է ցավոտ եւ առատ դաշտան: Մեծ չափեր ունենալու դեպքում կարող է սեղմել միզապարկին եւ բերել հաճախամիզության: Հնարավոր է ցավ սեռական հարաբերության ժամանակ: Տեղակայումը եւ աճը գանգատների, խնդիրների առաջացման համար գլխավոր գործոններից են: Արգանդի խոռոչում տեղակայվելու ժամանակ նույնիսկ փոքր ախտահարումները կարող են ուղեկցվել գանգատներով, մինչդեռ խոռոչից դուրս գտնվող հանգույցները երկար ժամանակ կարող են լինել անախտանիշ: Ըստ տեղակայման դասակարգվում են՝
- Ներմկանային՝ ինտրամուրալ միոմա, որը գտնվում է արգանդի պատի հաստության մեջ: Ամենահաճախ հանդիպող տեսակն է: Չնայած որ դա չափերով բավականին մեծ է, սակայն հազվադեպ է գանգատներ առաջացնում: Ժամանակի ընթացքում ինտրամուրալ հանգույցները կարող են մեծանալ դեպի ներս՝ ձեւախախտելով արգանդի խոռոչը:
- Ենթաշճային՝ սուբսերոզ միոմա, գտնվում է արգանդի մակերեսի վրա՝ շճաթաղանթի տակ: Կարող է մեծանալ դեպի դուրս՝ միացած լինելով արգանդին հյուսվածքային ոտիկով:
- Ենթալորձային՝ սուբմուկոզ միոմա, գտնվում է էնդոմետրիումի տակ՝ միոմետրիումի վրա: Դեֆորմացնում է արգանդի խոռոչը: Փոքր հանգույցներն էլ կարող են բերել արյունահոսության եւ անպտղության:
- Պարանոցային հանգույց, որը հազվադեպ է հանդիպում, տեղակայվում է արգանդի պարանոցի պատին:
Հանգույցները լինում են եզակի եւ բազմակի: Մեծ մասը սկիզբ է առնում միոմետրիումից՝ հետագայում աճելով կա՛մ դուրս, կա՛մ ներս: Երկրորդային փոփոխությունները ներառում են արյունահոսություն, մեռուկացում (նեկրոզ), կալցիֆիկացիա եւ կիստոզ ձեւափոխում: Որպես կանոն կալցիֆիկացվում են դաշտանադադարից հետո: Միոմաների հիմնական մասը բուժման կարիք չունի, քանի դեռ չի բերել գանգատների եւ ախտանիշների առաջացման: Դաշտանադադարից հետո հանգույցները փոքրանում են եւ սովորաբար խնդիրներ չեն առաջացնում: Վիրահատական միջամտություն արվում է, երբ ունենք անհանգստացնող ախտանիշներ: Տարբերում ենք հետեւյալ վիրահատական մեթոդները` հիստերէկտոմիան՝ արգանդի հեռացումը, միոմաների հեռացման դասական մեթոդն է: Կոնսերվատիվ միոմէկտոմիա (միոմատոզ հանգույցի հեռացում), որը կատարվում է հետեւյալ մեթոդներով՝
- հիստերոսկոպիկ միոմէկտոմիա,
- լապարոսկոպիկ միոմէկտոմիա,
- լապարոտոմիկ միոմէկտոմիա:
-Բժշկուհի, խոսենք ձվարանի կիստայի տեսակների մասին:
-Ձվարանի կիստաների տեսակներն են՝ ֆոլիկուլյար, դեղին մարմնի, դերմոիդ, էնդոմետրիոդ, մուցինոզ: Երբ այդպիսի կիստաները չեն անհետանում կես տարի տեւող պահպանողական բուժման արդյունքում, որոշվում է դրանք հեռացնել վիրահատության միջոցով: Եթե ֆունկցիոնալ կիստաների առաջացումը ցիկլից ցիկլ կրկնվում է, ապա անհրաժեշտ է որոշել, թե ինչն է դրա պատճառը, եւ ջանքերն ուղղել այդ պատճառների վերացմանը: Ֆոլիկուլյար կիստան (ռետենցիոն կիստա) ձեւավորվում է դոմինանտ ֆոլիկուլից, եթե այն չի պայթել, այլ կերպ ասած՝ եթե ձվազատում տեղի չի ունեցել: Ախտորոշելու համար անհրաժեշտ է ՈւՁ հետազոտություն: Առավել հաճախ ձվարանի ֆոլիկուլյար կիստան անցնում է մինչեւ ցիկլի ավարտը, որում այն առաջացել է: Երբեմն այդ գործընթացին օգնելու համար նշանակում են հեստագեններ (պրոգեստերոն, ուտրոժեստան, դյուֆաստոն): Դեղին մարմնի կիստան (լյուտեինային կիստա) ձեւավորվում է ձվազատված ֆոլիկուլից: Դեղին մարմնի կիստայի ախտանշանները, նրա ախտորոշումը եւ բուժումը նույնպիսին են, ինչպես ֆոլիկուլյար կիստաների դեպքում:
Ֆունկցիոնալ կիստաների վտանգավոր բարդություններ կարող են լինել կիստայի ոլորումը եւ պատռվածքը, որոնք երբեմն ուղեկցվում են ներքին արյունահոսությամբ, նման դեպքերում դիմում ենք վիրահատական միջամտության: Ֆոլիկուլյար եւ լյուտեինային կիստաների կրկնվելու վտանգը շատ ցածր է: Ձվարանի էնդոմետրիոիդ կիստան էնդոմետրիոզի դրսեւորում է եւ սկսում է ձեւավորվել նրա օջախից: Քանի որ էնդոմետրիոիդ օջախի բջիջները ենթակա են կնոջ օրգանիզմում ցիկլիկ հորմոնային փոփոխությունների միեւնույն ազդեցությանը, ինչ եւ էնդոմետրիումի բջիջները, յուրաքանչյուր դաշտանի ժամանակ այդպիսի օջախի ներսում արյուն է կուտակվում: Այդ արյունը դուրս գալու տեղ չունի, եւ յուրաքանչյուր ցիկլի հետ այն ներսում ավելի ու ավելի է շատանում. կիստան աճում է: Կիստայի արյունային պարունակությունը ժամանակի ընթացքում վերածվում է թանձր շագանակագույն զանգվածի, ինչի համար էլ այդպիսի կիստաները ստացել են իրենց երկրորդ անվանումը՝ շոկոլադե: Ինչպես եւ էնդոմետրիոզի մյուս բոլոր օջախները, էնդոմետրիոիդ կիստաները հաճախ անպտղության պատճառ են դառնում կնոջ օրգանիզմում հորմոնային գործընթացների խախտման պատճառով: Այդպիսի կիստաները հղիության համար հակացուցում չեն, եթե հաջողվում է հղիանալ դրանց առկայությամբ: Ցավոք, ձվարանների վրա այդպիսի գոյացությունները, ի տարբերություն լյուտեինային կիստաների, ինքնուրույն չեն անցնում եւ մեծ չափերի հասնելիս ու կնոջը անհարմարություն պատճառելիս պահանջում են վիրահատական բուժում: Վիրահատության արդյունքն ամրապնդելու համար էնդոմետրիոիդ կիստայի հեռացումից հետո հաճախ նշանակվում է հորմոնային բուժում՝ ուղղված ցիկլիկ հորմոնային փոփոխությունների ճնշմանը, որոնք նպաստում են էնդոմետրիոզի օջախների կրկնակի աճին:
Ձվարանի դերմոիդ կիստան (տերատոման), թեեւ ունի կիստայի արտաքին հատկանիշներ, սակայն գիտական տեսանկյունից վերաբերում է կիստոզային ուռուցքներին: Ձվարանում այդպիսի գոյացությունն առաջանում է սաղմնային զարգացման փուլում խանգարումների պատճառով եւ կարող է տեղայնացվել ոչ միայն ձվարաններում: Տերատոման բարորակ ուռուցք է՝ կազմված հաստ պատիճից՝ լցված լորձե կամ ճարպե զանգվածով, որի ներսում կարող են լինել ձվարանին ոչ հատուկ հյուսվածքներ՝ մաշկ, մազեր, ճարպային, մկանային, ոսկրային կամ նյարդային հյուսվածքներ: Դերմոիդ կիստայի առկայությունը չի ազդում հորմոնային ֆոնի վերարտադրողական հնարավորությունների վրա, սակայն նրա մեծացման հաշվին կարող է նվազել ձվարանի առողջ հյուսվածքի ծավալը, խանգարվել՝ նրա արյունամատակարարումը: Ախտորոշման մեթոդը ՈւՁՀ-ն է: Դերմոիդ կիստան լյուտեինային եւ էնդոմետրիոիդ կիստաներից, որոնց հետ դրանք երբեմն շփոթում են, տարբերելու համար օգտագործվում է ՄՌՏ: Իրականացվում է միայն վիրահատական բուժում:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հայ կանանց:
- Մեր հայ կանանց մաղթում եմ դրական էներգիա, պոզիտիվ: Ընդհանրապես կինը նեգատիվ չպետք է լինի: Կինը, ինչու չէ, նաեւ հայ կինը շատ ավելի իմաստուն է, հոգեւոր ու էսթետիկ: Հուսամ, որ մենք էլ ավելի կթարմացնենք, կնորացնենք ինտիմ էսթետիկ պլաստիկան՝ բարելավելով կանանց կյանքի որակը: Ամփոփելով միտքս, մաղթանքս՝ ասեմ, որ, անկախ ամեն ինչից, աշխարհն ընդունված է գնահատել մի նշաձողով, ու դա հենց կինն է: Ասել եմ ու կասեմ. կինն ամեն ինչի չափանիշն է: Մեր կանանց մաղթում եմ, որ իրենք իրենց շատ հարգեն, իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին կան ու գնահատված լինեն իրենց շրջապատողների եւ սիրված՝ տղամարդու կողմից: Ու չխուսափեն գինեկոլոգի մոտ այցերից ոչ միայն բարդացված դեպքերում, այլ կանխարգելիչ ստուգումներ անցնելու համար: