Lusine

Lusine

There is no translation available.

Առողջությունը ետք է վստահել բանիմաց մասնագետներին, որպեսզի հետագայում չբախվեն բարդացած իրավիճակների

Քիթ-կոկորդ-ականջաբանությունը այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ և պահանջարկված ուղղություններից մեկը: Մասնագետների հավաստմամբ՝ մեր տարածաշրջանում բժշկության քիթ-կոկորդ- ականջաբանության ճյուղում ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը:

Մեր զրուցակից «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի»  քիթ-կոկորդ-ականջաբան Երանուհի Վարագյանն իրականացնում է քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայությունների լայն սպեկտր՝ մասնավորապես ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում, ԼՕՌ հիվանդությունների և  բարդությունների պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ: Վերապատրաստման եւ վարպետության դասեր է անցել Բելգիայի Բրյուսել, Ֆրանսիայի Փարիզ, Իսպանիայի Բարսելոնա քաղաքներում, ինչպես նաեւ Ալեքսանդրիայում, ԱՄՆ (Սան Ֆրանցիսկո), Գերմանիայում, Սինգապուրում, երկու անգամ Ավստրիայում, այնուհետեւ Զազբուրգում, Վիեննայում եւ Դուբայում։

Բժշկուհին ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը և երբեք չի զղջացել: Առաջնորդվել է իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Նա հանրության շրջանում ճանաչված է որպես իր մասնագիտական պատասխանատվությունը լավագույնս գիտակցող, իր գործին  այդ պարտքի խորը կարևորությամբ վերաբերվող բժիշկ: Այս ամենը լրացնում է նրա մարդասիրությունը՝ յուրաքանչյուր հիվանդի  վերաբերվել յուրովի՝ պատրաստ լինելով հանուն նրա առողջության սեփական ուժերի գերլարման հաշվին անել առավելագույնը:

-Բժշկուհի, Ձեր կարծիքով քիթ-կոկորդ-ականջաբանությունը զարգացա՞ծ է Հայաստանում: 

-Իհարկե, Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանությունը առաջատար դիրքերում է, որի վկայությունն է միջազգային ֆորումներում մեր մասնագետների բարձրակարգ մասնակցությունները, փորձի փոխանակումները և վերջապես, մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացումը։

-Բուժառուն ինչպե՞ս հասկանա՝ որտե՞ղ է խնդրահարույց օջախը. չէ՞ որ նա երեք փոխհամակցված օրգանի հետ խնդիր ունի: 

-Իրոք, այս երեք փոխհամակցված օրգաններից որևէ մեկի ախտահարումը անպայման ազդում է մյուս երկու օրգանների վրա, ուստի բուժառուն շատ հաճախ չի կարող հստակ կողմնորոշվել, թե որտեղ է տեղակայված առաջնային խնդիրը, այդ իսկ պատճառով պետք է վաղ դիմել նեղ մասնագետի օգնությանը, այլապես բուժումը երկարատև կլինի` ուղեկցվող սրացումներով և բարդություններով։

-Ի՞նչ է օտիտը։

-Օտիտը  ականջաբորբն է. մեր լսողական օրգանն ունի երեք բաժիններ` արտաքին, միջին և ներքին։ Այս բոլոր երեք բաժիններից  մեկի ախտահարումը առաջացնում է օտիտ, որի տեսակներն են` արտաքին օտիտ, միջին օտիտ և ներքին օտիտ։ Լինում են սուր, ենթասուր, խրոնիկական օտիտներ, ինչպես նաև կարող են հանդիպել չոր կատարալ, էքսուդատիվ օտիտներ։ Եթե մենք փորձենք խոսել օտիտների ծագումնաբանության, առաջացման պատճառների, ախտահարման, բուժման և կանխարգելման մասին, մեր ժամանակը հավանաբար չի բավարարի։

-Խոսենք հարքթային խոռոչների բորբոքային խնդիրներից. մանրամասնեք, խնդրեմ, դրանք։

-Հայտնի է, որ քթի յուրաքանչյուր կողմում կան օդակիր խորշիկներ, որոնք ապահովում են թե քթային նորմալ շնչառությունը, դրա ֆունկցիան, օդի արիացիան, հետևաբար բավականին մեծ նշանակություն ունեցող տարածքներ են դրանք, որոնք մասնակցում են օդի մաքրմանը և հոսքին։ Շատ հաճախ, քանի որ քթի լորձաթաղանթը կապ ունի նաև քթի խոռոչների լորձաթաղանթի հետ, երկարատև, ձգձգվող, քթային վերքերի հետևանքով առաջացած բորբոքային պրոցեսը կարող է տարածվել նաև այս խոռոչների վրա` առաջացնելով խոռոչի լորձաթաղանթի այտուց, և բնական ուղիների սաուստիաների փակվածություն։ Խոռոչի ներսում զարգանում են ճնշման բարձրացում և արտադրության կուտակումներ, որն էլ իր հերթին բերում է ծանրության զգացում, ցավ, ջերմության բարձրացում։ Ուստի` նախ պետք է ապահովել վերը նշված խոռոչների արիացիան, օդի մուտքը խոռոչ, հոսքը  դեպի քթի անցուղիները` քչացնելով այտուցվելու հավանականությունը։ Այս խոռոչների բորբոքումը կարող է տարածվել դեպի քթի անցուղիները` հետևաբար պակասեցնելով այտուցը։ Այն կարող է առաջանալ ինչպես ինֆեկցիոն, այնպես էլ ալերգիկ հիվանդությունների պատճառով, հատկապես վերծնոտային խոռոչների բորբոքումն առաջանում է ստոմատոլոգիական ծառայությունների արդյունքում պլոմբանյութերի ներթափանցումից: Արյան համակարգի հիվանդությունները, ինչպես նաև ուռուցքային հիվանդությունները նույնպես կարող են խոռոչների բորբոքման պատճառ դառնալ։

-Պոլիպոզ ռինիտ, ի՞նչ հիվանդություն է այն և ինչպե՞ս է արտահայտվում։

-Պոլիպոզ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ հիվանդությունն է, առաջանում է լորձաթաղանթի` ալերգենի նկատմամբ տևական կոնֆլիկտի հետևանքով, և արդյունքում տեղի է ունենում լորձաթաղանթի դիմադրողականության անկում, այտուց, լորձաթաղանթի հյուսվածքի գերաճ, ինչպես նաև բարորակ գոյացության` պոլիպի առաջացում։

- Ի՞նչ խնդիրների հետևանք է քթի չորությունը։

-Հայտնի է, որ քթի ֆունկցիայի նորմալ աշխատանքը կարգավորելու համար պետք է քթի լորձաթաղանթը լինի խոնավ: Քթի չորության պատճառ կարող է առաջանալ շնչուղիների տևական ինֆեկցիոն հիվանդությունների, լորձաթաղանթի վնասման, սկլերոտիկ փոփոխությունների, ինչպես նաև խեցիների բացակայության պատճառով։ Լորձաթաղանթը արտադրում է պաշտպանողական նյութ՝ մուտին, որն ապահովում է լորձաթաղանթի դիմադրողականությունը։ Ուստի երբ բացակայում են խեցիները, որ լինում է հետվիրահատական շրջանում կամ հիվանդություններից հետո սկլերոտիկ փոփոխությունների ժամանակ, երբ բջիջը չի կարող արտադրել մուտին, ինչպես նաև տևական քիմիական նյութերի առկայությունը, քթի անոթասեղմիչ կաթիլները  նպաստում են քթի լորձաթաղանթի վնասմանը և լորձի արտադրությանը։ Ի վերջո, արդյունքում քիթը մնում է անպաշտպան և չոր:

-Այժմ էլ կոկորդի նորագոյացություններից խոսենք։

-Կոկորդի նորագոյացությունները կարող են լինել բարորակ, չարորակ, որոնց առաջացման պատճառ կարող են հանդիսանալ տևական ինֆեկցիոն հիվանդությունները, ինչպես նաև քիմիական նյութերի բացասական ազդեցությունները, ծխախոտը, ալկոհոլը, իմունային համակարգի խաթարումը, նաև դեղորայքի երկարատև ընդունումը։ Գոյացությունների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև մասնագիտությունները, օրինակ` հռետորները, երգիչները, որոնց մոտ առաջանում են ձայնալարերի բարորակ գոյացություններ, այսպես կոչված` երգեցիկ հանգույցներ, որոնք ձայնալարի մշտական և բարձր ամպլիտուդով շփման պատճառով են զարգանում։ Կարող են այլ օրգան համակարգերի ուռուցքային գոյացություններից արյան միջոցով թափանցել կոկորդ։ Էթալոգիայի, բուժման և կանխարգելման նպատակով պետք է անպայման ախտորոշվի, թե ինչ տեսակի ուռուցք է, որտեղից է արմատապես ի հայտ գալիս, և ինչ դեղամիջոցներով կարել է կազմակերպել բուժմոտեցումները, որը կարող է լինել խիստ անհատական բնույթի։

-Ո՞ր ԼՕՌ հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Երիտասարդացել են ալերգիկ բնույթի, պոլիպոզ, ուռուցքային հիվանդությունները` կապված շրջակա միջավայրի և օդի աղտոտվածության հետ, ինչպես նաև տարաբնույթ դեղորայքների անկառավարելի օգտագործման և անորակ սննդի օգտագործման հետևանքով։

-Ֆարինգիտը և դրա տեսակները։

-Ֆարիգիտը ըմպանի հետին պատի լորձաթաղանթի բորբոքումով ուղեկցվող հիվանդություն է, որն առաջանում է քթային դժվարաշնչության պատճառով, բերանային շնչառության հետևանքով, որի արդյունքում առաջանում է լորձաթաղանթի տեղային սառեցում,  իմունիտետի տեղային իջեցում, որը հանգեցնում է լորձաթաղանթի այտուցի և բորբոքման:  Պատճառ կարող են հանդիսանալ հաճախակի և քրոնիկական տոնզիլիտները, բերանի լորձաթաղանթի  և ատամների բորբոքումները, քրոնիկական այլ հիվանդությունները, որոնք տեղակայված են բերանում։ Լորձաթաղանթը չորանում է, սկսում է լորձաթաղանթի մեջ ֆոլիկուլների մեծացում՝ սկլերոզացիա, հաճախակի այտուց, որն ուղեկցվում է նաև տեղային ցավային զգացողությամբ, կլման ակտի դժվարացմամբ, ջերմության տատանումներով և կյանքի որակի իջեցմամբ:

-Արդյո՞ք ճիշտ է, որ քթի խեցիները հեռացվեն ամբողջությամբ։

-Քթի խոռոչում ամեն կողմից ունենք խեցիներ, որոնք մասնակցում են քթի խոռոչում լորձային արտադրության` մուցինի առաջացմանը, որի պատճառով քթի մեջ զարգանում է պաշտպանական ֆունկցիա` խոնավացնելով խոռոչը։ Երբ ախտահարվում են խեցիները, խեցիների հյուսվածքի փափարային մարմինը վերածվում է սկլերոտիկ օջախների, և խեցին դժվարությամբ է կրճատվում, կամ չի կրճատվում` առաջացնելով խիստ դժվարաշնչություն։ Քանի որ խեցիները մեր քթի խոռոչում 90 տոկոսով ապահովում են խոնավությունը, ցանկալի չէ խեցիները լիովին հեռացնել, կատարել կոնխոտոմիա։ Ներկայումս խեցիների բուժմոտեցումների մեջ կան տարբեր տեսակներ, երբ հիպերտրոֆիայի ենթարկված խեցիներում կատարում ենք վազոտոմիա, անոթներն ենք հատում, կոագուլացիա կամ ռադիոալիքային ձայնային ալիքով դեզինգրետացիա՝ կրճատում։ Եթե այս մեթոդները չեն օգնում, և արդեն խնդրի լուծումը խեցիների հեռացմամբ է լուծվում, ուստի ցանկալի չէ կատարել ամբողջական հեռացում, այլ` մասնակի կամ առաջային բևեռի կամ հետին բևեռի մասնակի կոնխոտոմիա։

-Նշիկները հեռացնելուց հետո  հետագայում  արդյո՞ք կա հետվիրահատական բարդությունների  առնչվելու հավանականություն։

-Նշիկների հեռացման հետվիրահատական շրջանի բարդություններից առաջնայինը համարվում են արյունահոսությունները, որոնք կարող են լինել սուր և ուշացած։ Սուր, երբ հետվիրահատական առաջին մինչև 5 օրերին տեղի է ունենում ֆիբրոզ փառերի անջատում, և ուշացած, որը կարող է լինել 14-րդ օրից հետո: Լինում են նաև դեպքեր, երբ 20-րդ օրը ռեգեներացիայի արդյունքում նոր անոթներ են ձևավորվում, սակայն լորձաթաղանթը բավականին փխրուն և բարակ է, և կարող են թափանցելիության բարձրացման հաշվին զարգանալ արյունահոսություններ։ Նշիկների հեռացման մյուս բարդությունը ֆարինգիտների զարգացումն է, այսինքն` երբ նշիկը բացակայում է, ըմպանի հետին պատի լորձաթաղանթում եղած նույն գեղձային հյուսվածքը իր վրա է վերցնում ըմպանի պաշտպանական ֆունկցիան և կարող է հիպերտրոֆիայի ենթարկվել ինֆեկցիաներից, մրսածությունից իմունտիտի անկման հետ և զարգանալ ֆարինգիտներ։

-Ի՞նչ է բնածին հարականջային խուղակը։

-Խուղակները  ականջի տարբեր բաժիններում ոչ անատոմիական համակցումներ են, որոնք լինում են արտարգանդային կյանքում տարած հիվանդությունների, ինչպես նաև ժառանգական հիվանդությունների արդյունքում։ Հաճախ հանդիպող խուղակներից են ականջի պարույրի առաջնային հատվածում գտնվող խուղակները, որոնք կամ բացվում են դեպի արտաքին աշխարհ կամ լսողական անցուղու մեջ։ Այս խուղակների պատը հարուստ է ճարպային բջիջներով, ինչպես նաև ծծումբ արտադրող բջիջներով ճարպային բջիջները հարուստ միջավայր են ինֆեկցվելու համար, որոնք էլ հաճախակի պատճառ են հանդիսանում թարախակալման: Երբեմն նաև խուղակի բնական ուղին փակվում է, և զարգանում են թարախապալարներ։ Խիստ ցավոտ են և պատճառ են հանդիսանում ջերմության բարձրացման, ինքնազգացողության վատացման։ Խուղակների բուժման միակ եղանակը վիրահատական ճանապարհն է։

-Ականջների աղմուկը, հատկապես տարեցների շրջանում, մեծ տարածում ունի:  Որո՞նք են դրա տեսակներն ու առաջացման պատճառները։

-Վերը նշեցինք, թե որ հիվանդություններն են երիտասարդացում ապրել, միանշանակ կարող եմ ասել, որ` նաև ականջի աղմուկը։ Եթե նախկինում ականջի աղմուկը համարվում էր տարեցների հիվանդություն, այսինքն` լսողական անալիզատորի սկլերոտիկ փոփոխությունների արդյունքում զարգացած հիվանդություն, ապա այսօր այն ավելի երիտասարդացում է ապրել: Պատճառը կարող են լինել ինչպես սուր, քրոնիկական, ինֆեկցիոն հիվանդությունները, այնպես էլ գլխուղեղի փորոքներում տեղի ունեցող ախտահարումները, քիմիական նյութերի արդյունքում առաջացած ախտահարումները։ Կարող է նաև հիվանդության պատճառ լինել ողնուղեղի պարանոցային ողերի արանքում աղերի բյուրեղների ճնշումը նյարդային վերջույթների վրա: Արդյունքում զարգանում է կորտյան օրգանի լսողական նյարդի ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական ախտահարում։ Սուր ախտահարման ժամանակ վերականգնման հնարավորությունները ավելի շատ են, իսկ քրոնիկականի դեպքում կարող են անդառնալի փոփոխություններ զարգանալ։ Այսինքն` կարող է հիվանդությունը հաջորդ փուլում վերածվել տինուտուսի, մի հիվանդություն, որի ընթացքում լսողական անալիզատորի սկլերոտիկ ախտահարումը անդառնալի է, այսինքն` ամբողջ կյանքի ընթացքում ականջի աղմուկը չի անցնում։ Նման դեպքերում հիվանդների հետ աշխատում են հոգեբանները` եղած աղմուկի հետ ընտելացնելու և նյարդային վիճակից հանելու համար։ Այս հիվանդության պատճառ կարող է լինել բարձր աղմուկը, վերջին ժամանակներում պատերազմի դաշտում դեպքերի հետ կապված ականների պայթյուններից մեր երիտասարդների մոտ շատ հաճախ հանդիպող այս հիվանդությունը, որը, ցավոք սրտի, կամ չի բուժվում, կամ շատ դժվարությամբ է հիվանդության ընթացքը թեթևանում։

-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

- Ես կասեի` բժշկությունը բավականին հուսալի ձեռքերում է, ունենք խելացի, ձգտող, պրպտող, աշխատասեր նեղ մասնագետներ, որը հուսադրող է և հպարտացնող։

-Մեր ընթերցողները ԼՕՌ հիվանդությունների և դրանց բուժման վերաբերյալ շատ կարևոր տեղեկություններ ու գիտելիքներ   ստացան: Սակայն մասնագիտական խոսքից  զատ, մարդիկ  կարևորություն են տալիս բժշկի  խորհուրդ-հորդորներին: Արդ, Ձեր  ուղերձը  մեր հասարակությանը. ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:

-Չնայած մեր հասարակությունը բավականին զարգացած է և  տեղեկացված, սակայն չլինելով մասնագետ` շատ հաճախ նույնականացնում են հիվանդությունները և հետևաբար` բուժմոտեցումները։ Բժիշկը բազմակողմանի է մոտենում յուրաքանչյուր բուժառուի խնդրին, անհատական բուժմոտեցում է ցուցաբերում, հետևաբար բուժումն  իրականացնում է անհատական։ Իրականում լավ է, որ տեղեկացված են, բայց պետք է առողջությունը վստահել բանիմաց մասնագետներին, որպեսզի հետագայում չբախվեն բարդացած իրավիճակների։ Առողջ եղեք։

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

There is no translation available.

Կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ

Այսօր անհերքելի իրողություն են ժամանակակից ճառագայթաբանության մեջ  իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդություններ, ճշգրիտ և գրագետ ախտորոշվելով,  ոչ միայն բուժվում են, այլեւ` կանխարգելվում:

Մեր զրուցակիցը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանն է, ով շատ լավ պատկերացնում է իր մասնագիտության բարդ, պատասխանատու լինելը և աշխատում մեծ սիրով ու նվիրումով: Բժշկուհին նաև լավ հոգեբան է և կարողանում է ստեղծել փոխադարձ կապ բուժառուների հետ, և ամենօրյա տքնաջան աշխատանքն իր դրական արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Իսկ ստացված աշխատանքն ու կայացած արդյունքները բժշկուհուն էլ ավելի մեծ եռանդ ու նոր ուժ են հաղորդում: Աշխատանքային դժվարությունների լավագույն գնահատականը  բուժառուների երախտագիտության շռայլ խոսքերն են, որոնք բժշկուհու համար թանկ են ու նվիրական:

-Բժշկուհի, մասնագիտության ընտրության հարցում, վստահ ենք, չեք երկմտել, քանզի տեղյակ ենք, որ ծնվել և մեծացել եք բժիշկների գերդաստանում։

-Այո, իրավացի եք, մասնագիտության ընտրության հարցում երբեք երկմտանքի առջև չեմ կանգնել, քանզի, ինչպես նշեցինք, ծնվել եմ բժիշկների գերդաստանում և դեռևս մանկուց հստակ գիտեի, որ իմ մասնագիտական ուղին լինելու է բժշկության բարդագույն և միաժամանակ շատ գեղեցիկ ու հետաքրքիր աշխարհը, և այլ մասնագիտությունների  ընտրություն չեմ էլ դիտարկել։ Ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո ճառագայթային ախտորոշման օրդինատուրան և այն ավարտելուց հետո անմիջապես անցել եմ աշխատանքի` որպես` բժիշկ ճառագայթաբան՝ կրծքագեղձերի ռադիոլոգ և սոնոգրաֆիստ։

-Ինչո՞ւ հենց նեղ մասնագիտացում ընտրեցինք ճառագայթաբանության ոլորտը։

- Ասեմ, որ ի սկզբանե ընտրել էի քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտը, բայց մի քանի ամիս աշխատելուց հետո հասկացա, որ այդ ոլորտում ես ինձ լիրաժեք չեմ զգում, այսպես ասած` իմը չէր, ընտրեցի արդեն իսկ ինձ սիրելի ոլորտը` ռադիոլոգիան, և մինչ օրս վստահ եմ իմ ընտրության մեջ և ոչ մի վայրկյան չեմ զղջացել, և եթե կրկին  ինձ հնարավորություն ընձեռվեր մասնագիտություն ընտրել, ապա առանց վարանելու,  կընտրեի  իմ սիրելի ռադիոլոգիայի ոլորտը։

-Բժշկուհի, բոլորն էլ իրենց կայանալու ճանապարհին ունենում են ուսուցիչներ։ Ձեր նեղ մասնագիտացման մեջ ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը։

-Միանշանակ`Հասմիկ Դավթյանին։ Իհարկե անցել եմ մի շարք վերապատրաստումներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում, բայց իրականում իմ նեղ մասնագիտացման մեջ ինձ «կերտել» է Հասմիկ Դավթյանը, որին զուգակցվել է նաև իմ աշխատասիրությունը: Երբեք չեմ  դոփել  տեղում և աշխատում եմ միշտապես լինել բժշկության նորարարությունների զարկերակին։

-Ըստ Ձեզ` ախտորոշման մեջ նոր տեխնոլոգիաները եկան փոխարինելո՞ւ, թե` լրացնելու։

-Միանշանակ` լրացնելու, իրականում որքան շատ լինեն ախտորոշման մեթոդները, այնքան  ախտորոշման ավելի ստույգ արդյունք կստանանք, այսինքն` տվյալ պարագայից ելնելով` կընտրենք` որ հետազոտման մեթոդը կլինի ավելի ինֆորմատիվ, քանզի  յուրաքանչյուր բուժառուի  հանդեպ անհատական մոտեցում է պահանջվում։ Եթե մեր ընտրած մեթոդը ինչ-որ տեղ, այսպես ասած, այդ պահին թերանա, դրան լրացնելու կգան մյուս մեթոդները։ Իրականում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ոսկե ստանարտը դեռևս համարվում է մամոգրաֆիան։

 -Ի՞նչ ասել է թվային մամոգրաֆիա։

-Թվային մամոգրաֆիան, և հատկապես 3D-ն, մեր ոլորտում ներգրավելուց հետո բեկումնային եղավ, քանզի այն մեզ` մասնագետներիս, հնարավորություն ընձեռեց հայտնաբերել գոյացությունները վաղ փուլերում և ավելի մանրակրկիտ հետազոտել կրծքագեղձերը: Անգամ փոքր գոյացությունները, որոնք նախկինում կարող էին տեսանելի չլինել, այսօր ուսումնասիրվում են և ստանում ճշգրիտ պատասխաններ։

-Արդյո՞ք մամոգրաֆիան ունի հակացուցումներ։

-Ցանկացած ախտորոշման մեթոդ ունի իր ցուցումներն ու  հակացուցումները, որոնք կարող են լինել բացարձակ կամ հարաբերական։ Բոլորս էլ գիտենք, որ մամոգրաֆիայի դիմում են արդեն 40 տարեկանի շեմը հաղթահարած բուժառուները կանխարգելման նկատառումներով, իսկ մինչ 40 տարեկանը կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն։ Բայց եթե ուլտրաձայնային հետազոտության արդյունքում նկատվում է որեւէ կասկածելի օջախ կամ գոյացություն,  ապա անկախ տարիքային շեմից, դիմում ենք մամոգրաֆիայի։ Քանի որ մամոգրաֆիան համարվում է ռենտգեն ախտորոշման մեթոդ, հակացուցումներ կարող եմ նշել հղիությունը, կրծքով կերակրման շրջանը։ Նշեմ, որ ներկայումս կրծքերի իմպլանտների կրման դեպքում մամոգրաֆիայով հետազոտման մեջ կան հատուկ ռեժիմներ, որոնք թույլ են տալիս նաև  իմպլանտներով կրծքագեղձերը հետազոտել։ Սակայն այստեղ մեզ կարող է օգնության գալ նաև ՄՌՏ հետազոտման մեթոդը, և իմպլանտների առկայության պարագայում որոշակի խոչընդոտների դեպքում ՄՌՏ-ն մեզ կօգնի ավելի ճշգրիտ պատկեր ստանալ։

-Տեղյակ ենք, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը համագործակցում է Առողջապահության նախարարության հետ։ Ի՞նչ ծրագրերի շրջանակներում է այդ համագործակցությունը։

-2021 թվականից Առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ներդրվել է  պիլոտային սքրինինգային ծրագիր, որի նպատակն է հետազոտել առողջ, գանգատներ չունեցող կանանց և հնարավորություն ընձեռել հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում։ Տվյալ ծրագիրը իր գործառույթն իրականացնում է դեռևս մարզերում, սակայն գնալով իր շրջանակներն ընդլայնում է, և նպատակ  կա, ու լիահույս ենք, որ այն առավել տարածուն բնույթ կկրի, և ամբողջ հանրապետությունը կընդգրկվի այդ սքրինինգային ծրագրի մեջ։ Կրծքագեղձն այն օրգանն է, որտեղ խնդիրը  կանխարգելիչ հետազոտություններով  կարող ենք հայտնաբերել դեռևս նախաքաղցկեղային փուլում։ Իրականում կան օրգան-համակարգեր, որոնք կարող են թաքնված  կրել ուռուցքը և դժվարություն ներկայացնեն հայտնաբերման առումով, բայց կրծքագեղձի քաղցկեղի նախաքաղցկեղային փուլերում հայտաբերման համար մենք ունենք ախտորոշման հրաշալի մեթոդներ: Ցավալին իրականում այն է, երբ  կրծքագեղձի քաղցկեղը ուշ փուլերում է հայտնաբերվում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ վաղ փուլերում հայտնաբերումը եթե ոչ 100, ապա 99 տոկոսով ապահովում է ապաքինում բարեհաջող ելքով։

-Բժշկուհի, մարզերում ի՞նչ պատկեր է։

-Սքրինինգային ծրագրի ներդրումից հետո կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ նախնական փուլերում կրծքագեձի քաղցկեղի հայտնաբերումը 1,2 անգամ ավելացավ`  համեմատ մինչ սքրինինգային ծրագրի ներդումը: Այսինքն` ծրագիրն իրեն լրջագույնս արդարացրեց։ Որքան էլ մենք հորդորենք, որ գոնե տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ հետազոտություններ, շատերը տարբեր պատճառներով չեն հետազոտվի: Սքրինինգային ծրագիրն անվճար է, և կանայք հնարավորություն ունեն  իրենց իսկ բնակավայրում հետազոտվել շարժական մամոգրաֆիկ սարքով։ Եվ երբ զրուցում ենք իրենց հետ, հասկանում ենք, որ իրենց մեջ կա չհիմնավորված վախ, որ միգուցե հետազոտման արդյունքում հայտնաբերվի ուռուցք:  Պետք է գիտակցել, որ ոչ բոլոր հայտնաբերված գոյացությունները են չարորակ: Իսկ  եթե կրծքագեղձում չարորակ ուռուցքն արդեն առկա, ապա այն մի օր իր գոյության մասին զգացնել է տալու։ Գանգատներն առաջանում են քաղցկեղի  արդեն ուշացած փուլերում։ Իրականում այս ծրագիրը վաղուց կիրառելի է ամբողջ աշխարհում, որն իրենից ենթադրում է մահացության թվերի կրճատում:  Բոլորը պետք է գիտակից մոտենան իրենց առողջությանը։ Հասկանան, որ եթե արդեն կրում են չարաբաստիկ գոյացությունը, երբեք մենակ չեն, իրենց աջակից են ընտանիքը, բժիշկներն ու  հոգեբանները։

-Արդյո՞ք ժառանգական նախատրամադրվածություն ունի քաղցկեղը:

-Ինչպես բոլոր քաղցկեղները, կրծքագեղձի քաղցկեղը նույնպես ունի ժառանգական նախատրամադրվածություն, բայց իրականում շատ պետք չէ կենտրոնանալ այդ ուղղվածությամբ, և այն շատ բարձր տոկոս չի կազմում` 10-12 տոկոս, բայց միևնույնն է, այն կանայք, ում ընտանիքում գենետիկորեն առկա է այդ խնդիրը,  պետք է  ավելի զգոն լինեն և պարտադիր վեց ամիսը մեկ հետազոտվեն։ Քաղցկեղի առաջացման բուն պատճառագիտությունը դեռևս մինչ օրս լիովին բացահայտված չէ։

-Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ բիոպսիան արագացնում է քաղցկեղի ընթացքը։ Բժշկուհի, իրականում դա մի՞ֆ է, թե՞ իրականություն։

-Իրականում դա թյուր կարծիք է, բիոպսիայից պետք չէ ընդհանրապես վախենալ, ընդհակառակը` գոյացության հայտնաբերման դեպքում պարտադիր պետք է կատարել բիոպսիան։ Միայն այդ հետազոտման մեթոդն է թույլ տալիս հյուսվածքաբանորեն ճիշտ ախտորոշում ստանալ և քաղցկեղի մոլեկուլային ենթատիպը որոշել և համակարգել բուժման հետագա ընթացքը:

-Իսկ չարորակ գոյացություն բացահայտվելուց հետո Դուք բուժառուին պարզ ասո՞ւմ եք, որ իր մոտ կասկածելի գոյացություն է հայտնաբերվել:

- Նախևառաջ կախված է, թե ում հետ գործ ունենք, հոգեբանորեն ինչ վիճակում է բուժառուն. կան բուժառուներ, որ գիտակից են մոտենում իրենց խնդրին, ցանկանում են տեղեկանալ, որպեսզի  բժշկի հետ հավասար անցնեն այդ ճանապարհը։ Բայց կան դեպքեր էլ, երբ բուժառուն շատ էմոցիոնալ է, աշխատում ենք հոգեբանորեն աջակցել նրան, աստիճանաբար բացատրել իրողությունը, ճիշտ ուղղորդել, որպեսզի հետագայում ավելի զգոն, գիտակից և հետևողական լինի և բարձիթողի չվերաբերվի կյանքին վտանգ սպառնացող իրավիճակին։

-Քաղցկեղը հայտնաբերվեց. վիրահատությո՞ւն, թե՞ քիմիոթերապիա։

-Կրկին կախված է մոլեկուլային ենթատիպից, բայց ինչքան քաղցկեղը ուշացած փուլերում է հայտնաբերվում, այնքան հավանականությունը մեծ է, որ քիմիոթերապիա կիրականացվի։ Երբեմն քիմիոթերապիան լինում է վիրահատություններից առաջ, օրինակ, երբ քաղցկեղը մեծ չափերի է լինում, քիմիոթերապիայի միջոցով փոքրացվում է,  և դեպքեր են լինում, երբ վիրահատությունից հետո, միևնույնն է, պետք է շարունակել քիմիոթերապիայի կուրսը։ Եթե հայտնաբերվի նախաքաղցկեղային փուլում, հնարավոր է, որ միայն վիրահատությամբ կարող ենք ունենալ ցանկալի բուժման ելք։

Տարին մեկ անգամ յուրաքանչյուր կին պետք է անցնի կանխարգելիչ բուժզննում, քանի որ ուշացած փուլերում բուժման արդյունավետությունը կարող է նվազել։

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն  ու հորդորը մեր հասարակությանը, մեր ընթերցողին:

-Որպես մաղթանք` կցանկանամ, որ մեր կանայք գնահատեն  իրենց առողջությունը։ Պետք է գիտակցեն, որ իրենք  ընտանիքի հենասյունն են։ Մեր կանայք միշտ սիրում են առաջին տեղում պահել երեխաներին և ամուսնուն, բայց չեն գիտակցում, որ իրենք նույնչափ կարևոր են ընտանիքի համար։ 21-րդ դարում քաղցկեղը բուժելի է, այն դատավճիռ չենք կարող համարել։ Արդի տեխնիկական հագեցվածությունը, տարատեսակ ախտորոշման մեթոդները և միջազգային ուղեցույցները տալիս են քաղցկեղի բուժման բավականին լավ արդյունքներ, մանավանդ` կրծքագեղձի քաղցկեղի դեպքում։ Կինը պետք է պատասխանատու լինի առաջինը ինքն իր հանդեպ, սիրի իրեն ու իր օրգանիզմը` գիտակցելով, որ իր առողջ լինելով`երջանիկ ու ամուր է իր ընտանիքը:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

There is no translation available.

Ճառագայթաբան

Կրթություն

 2012թ ավարտել եմ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի ճառագայթային ախտորոշման օրդինատուրան և մինչև այժմ աշխատում են որպես բժիշկ-ռադիոլոգ (ճառագայթաբան)՝ կրծքագեղձերի ռադիոլոգ մասնագիտությամբ։

Հանդիսանում եմ ռադիոլոգների հայկական ասոցացիայի, ռադիոլոգների եվրոպական ասոցացիայի ինչպես նաև կրծքագեղձի պատկերավորման եվրոպական հասարակության անդամ (EUSOBI)։ 2017թ-ին վերապատրաստվել եմ ԱՄՆ-ի կրծքագեղձերի հիվանդություններով զբաղվող առաջատար կենտրոններից մեկում (ORANGE COAST MEMORIAL CENTER )։

Մասնակցում եմ ինչպես 2023թ․-ի փետրվար ամսվա ՈՒԱԿ-ում և դեկտեմբեր ամսվա Աստղիկ ԲԿ-ում տեղի ունեցած ուռուցքաբանական գիտաժողովներին ընտրվել եմ որպես լավագույն զեկուցող։

2021թ․ից մինչ այժմ հանդիսանում եմ ՀՀ-ում առաջին անգամ ներդրված և միակը հանդիսացող կրծքագեղձի քաղցկեղի պիլոտային սկրինինգային ծրագրի առաջատար մամոգրաֆիստ,որի նպատակն է հայտնաբերեկ կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում՝ փրկելով բազմաթիվ կանանց կյանքեր։

Ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա։

There is no translation available.

Մայրության բեկրանքն զգալու այդ աստվածատուր սուրբ նպատակը թող ձեզ ուժ ու կամք տա այն իրականություն դարձնելու ճանապարհին

Վերջին շրջանում բավականին շատ է խոսվում մեր երկրում ծնելիության աճի մասին: Ժամանակակից բժշկությունն իր զինանոցում ունի անպտղության բուժման անհրաժեշտ բոլոր միջոցները:
Անպտղության բուժումը ռազմավարական նշանակություն ունի, այն նաև ժողովրդագրական ու վիճակագրական խնդիրներ է լուծում։ Ամբողջ աշխարհում պետական, հասարակական և մասնավոր ընկերություններն այս հարցին հատուկ ուշադրություն են դարձնում…
Երեխան ծնողների համար նոր, հետաքրքիր, չբացահայտված աշխարհ է, սիրո և հիացմունքի անկրկնելի դրսևորում, որը ծնողի  առօրյան լցնում է ու իմաստավորում  նրա կյանքը:
Եվ ուրախությամբ պետք է փաստել, որ ժամանակակից բժշկությունն արդեն վաղուց  կարողացել է ձեռնոց նետել անպտղությանը՝ շնորհիվ  բժշկագիտության առաջընթացի, ինչպես նաև այս ոլորտի  նվիրյալ ու անձնուրաց բժիշկների:
Ասում են՝ հույսը վերջինն է մահանում, սակայն երբ կողքիդ կա գրագետ և փորձված մասնագետ, ապա իրականանում են նույնիսկ ամենահամարձակ ու անիրականանալի թվացող երազանքները:
Մեր զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրության բաժանմունքի գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, «Անպտղությունը դատավճիռ չէ» գրքի հեղինակ Մարգարիտ Գրիգորյանը: Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Բժշկուհու  համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր մանկան ծնունդը, և նա  ջանք ու եռանդ չի խնայում՝ զույգերին նվիրելու ծնող դառնալու  այնքան բաղձալի բերկրանքը:

- Բժշկուհի, արդյո՞ք այսօր անպտղությունը կարող ենք համարել դատավճիռ:
-Այսօր` օր օրի զարգացում ապրող տեխնիկական դարաշրջանում, անպտղությունն արդեն կարող ենք համարել բուժելի հիվանդություն, քանզի վերարտադրողական բժշկությունը սրընթաց վերելք է ապրում, և մեծ մասամբ անպտղությամբ տառապող և պայքարող զույգերն այսօր, հուրախություն մեզ, կարող  են զգալ ծնող դառնալու բերկրանքը։

-Ո՞ր տարիքային շեմը կարող ենք համարել անպտղություն։
-Մենք` ռեպրոդուկտոլոգներս, սիրում ենք «երիտասարդ» կանանց հետ աշխատել, քանզի նրանց հղիանալու հավանականությունը ավելի բարձր է, քանի որ 40 տարեկանից հետո այդ տոկոսը սկսում է աստիճանաբար նվազել, իսկ 45 տարեկանից հետո, հղիությունը պրակտիկորեն դառնում է անհնար: Իհարկե, լինում են նաև դեպքեր, որ Աստծո մեծագույն կամքով  հրաշքներ են կատարվում, և մեծ տարիքում կինը հղիանում է։

-Ի՞նչ պատկեր ունի կանանց և տղամարդկանց  անպտղության տոկոսային հարաբերակցությունը:
-Հիմնականում հավասարապես է բաշխված` մոտավորապես 40 տոկոսը տղամարդկանց, 40 տոկոսը կանանց մոտ, և 20 տոկոսով զույգը միաժամանակ կարող է ունենալ խնդիրներ։

-Այսօր, կարծես թե, երիտասարդ կանայք բավականին շատ են դիմում կեսարյան հատմամբ ծննդալուծման: Ի՞նչ կասեք այդ առումով։ Արդյո՞ք այս մոտեցումն ավելի ընդունելի է:
-Կեսարյան հատումների թիվը մեր ժամանակներում իսկապես  աճում է ամբողջ աշխարհում: Բանն այն է, որ երիտասարդ ծննդկանների մոտ բնական ճանապարհով ծննդալուծման նկատմամբ կա չհիմնավորված վախ, մինչդեռ  պետք է խնդրին գիտակցաբար մոտենալ, և չպետք է վախենալ բնական ճանապարհով ծննդաբերելուց: Իհարկե, ցանկացած բժիշկ դեմ կլինի կեսարյան հատումով ծննդալուծմանը, եթե չկան ցուցումներ, քանզի այն  թելադրում է վիրահատական միջամտություն, և կեսարյան հատումների պատճառով հետագայում կարող է կինը հանգել անպտղության։

-Արտարգանդային հղիությունը ի՞նչ պայմաններում է զարգանում։
-Արտարգանդային հղիության պատճառագիտությունը մինչ օրս դեռևս լիովին բացահայտված չէ, բայց մեր աշխատանքային պրակտիկայից ելնելով` սեռավարակները, օրինակ` խլամիդիոզը, գոնորեան բերում են փողերի ախտահարման` արդյունքում բարձրացնելով արտարգանդային հղիության զարգացման ռիսկը։ Նաև կա հետազոտություններ արդյունքում ապացուցված տեսակետ, որ այն կարող է զարգանալ ծխող և անառողջ ապրելակերպ վարող կանանց մոտ։ Սակայն իրականում վերը նշեցի, որ վերջնակապես բացահայտված չէ պատճառագիտությունը։

-Ի՞նչը կարող է համարվել հղիության համար բացարձակ հակացուցում։
- Ելնելով կնոջ առողջական վիճակից` հղիությունը կարող է հակացուցվել։ Օրինակ` արգանդի բացակայություն կամ արգանդի արատներ, կամ սրտի արատ, լյարդի ցիրոզ եւ այլ հղիության հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող կանանց խորհուրդ ենք տալիս  դիմել փոխնակ մայրության ծրագրին։

-Բժշկուհի, ովքե՞ր կարող են օգտվել Հայաստանում մեկնարկած անպտղության հաղթահարման ծրագրից։
-Հուրախություն մեզ, այս տարի պետպատվերի շրջանակում ծրագիրն ավելի ընդլայնվեց, այսօր արդեն մեզ կարող են դիմել առաջնային անպտղություն դեպքում, այսինքն` այն զույգերը, ովքեր երեխան չունեն, մեզ կարող են դիմել մինչև 40 տարեկանը, իսկ այն զույգերը, որոնք ունեն արդեն մեկ բալիկ, մեզ կարող են դիմել մինչև 36 տարեկանը, նաև  մինչ 40 տարեկան միայնակ կանայք, որոնք  չունեն զուգընկեր։

- Վիժում, ի՞նչը կարող է հանգեցնել վիժման։
-Վիժման տարբեր պատճառներ կան` հորմոնալ դիսբալանս, ինֆեկցիաներ, արյան մակարդելիության խնդիրներ, արգանդի արատներ, կարող են լինել նաև ժառանգական նախատրամադրվածություն կնոջ կամ ամուսնու մոտ, և իհարկե կան չբացահայտված պատճառագիտությամբ վիժումներ, բայց պետք է հիշենք, որ 1-2 վիժումները կարող են լինել պատահականություն և չկրկնվել։ Սակայն, երբ կինը վիժում է 3 և ավելի անգամ, ուրեմն` միանշանակ խնդիր կա, որը պետք է բացահայտել։ Վիժման կարող է հագեցնել նաև «հիվանդ» սաղմիկի խնդիրը, արդյունքում լինում է վիժում, որպեսզի առողջական խնդրով երեխա չծնվի։ Այսինքն` զույգը կարող է խնդիր չունենալ, ուղղակի կարող է պատահականության սկզբունքով «հիվանդ»  սաղմիկի ձևավորվել, և վիժում գրանցվել, որպեսզի հիվանդ բալիկ լույս աշխարհ չգա:

-Ի՞նչ պետք է հասկանալ  ներարգանդային ինսեմինացիա բառակապակցության տակ։
-Մեր օրերում բավականին հաճախ կիրառվում է ներարգանդային ինսեմինացիա, երբ արգանդի խոռոչ է ներարկվում նախապես հատուկ մշակված, ընտրված սպերմատոզոիդների զանգվածը: Միջամտությունն իրականացվում է օվուլյացիայի շրջանում (դաշտանային ցիկլի միջին շրջանում): Դրան հաջորդող բոլոր գործընթացներն ընթանում են բնական կերպով: Իսեմինացիան համարվում է բավականին արդյունավետ մեթոդ: Սերմնավորումը համարվում է առաջնային մեթոդներից մեկը, որի դեպքում կարևոր պայման է, որ  արգանդափողերը լինեն անցանելի և, իհարկե, մշակված սերմը սերմի հատուկ քանակությունից պակաս չպետք է լինի, որպեսզի կարողանանք հաջողության հասնել։
Մենք դիմում ենք այդ միջամտությանը այն դեպքում, երբ կա չբացահայտված, անհայտ պատճառի անպտղություն, եթե կան սերմի հետ կապված խնդիրներ, բայց ոչ շատ արտահայտված: Նաեւ դիմում ենք այն դեպքում եթե կան անհամատեղելիություն, իմունոլոգիական գործոն, այսինքն կնոջ վզիկի մեջ սպերմատոզոիդները մահանում են:

-Արտամարմնային բեղմնավորման դիմած կանայք արդյո՞ք գործընթացի ընթացքում ունենում են ցավային սինդրոմ։
-Հիմնականում` ոչ, սովորաբար այն անցավ պրոցեդուրա է, ցավային սինդրոմ լինում է ձվաբջջի պունկցիայի ժամանակ (բայց որպեսզի ցավ չզգան, այն  կատարվում է ներերակային անզգայացման տակ): Նշեմ, որ սաղմերը տեղադրելուց հետո չենք թողում կինը պառկած վիճակում մնա, քանզի պրակտիկան մեզ ցույց տվեց, որ պառկած վիճակը չի կարող նպաստել արդյունավետության բարձրացմանը։ Իրականում տեղադրումից 1-2 րոպե հետո կարող են վեր կենալ ու գնալ տուն։
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները օր օրի սրընթաց զարգացում  են ապրում։ Այսօր կարևոր է, որ կարող ենք  ստուգել սաղմիկի վիճակը. առողջ է, թե` ոչ, զարգացում են ապրել խթանիչ նյութերը, ավելի շատ որակյալ ձվաբջիջներ ենք կարողանում ստանալ, կան բավականին որակյալ նյութեր լավ սաղմիկների ստացման համար։ Գերժամանակակից ինկուբատորներ կան, որոնց մեջ ավելի բարենպաստ պայմաններում զարգացում են ապրում որակյալ սաղմիկները։ Արտամարմնային բեղմնավորումից առաջ հետազոտությունները շատ գրագետ են կազմակերպվում, և մենք ամեն ինչ անում ենք այս մեթոդի արդյունավետության բարձրացման համար։

-Ձվաբջջի դոնորություն. ո՞ր դեպքերում է այս մեթոդի կիրառությունը դառնում անհրաժեշտություն։
-Կան դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորում և դոնորական սերմով, կախված թե զույգերից ում մոտ է առկա խնդիրը: Դոնորական ձվաբջիջներին դիմում են այն դեպքում, երբ  կինը չունի սեփական ձվաբջիջներ, կամ տարիքային բարձր շեմից ելնելով`  որակապես առողջ ձվաբջիջներ չունի: Այդ մեթոդով կանայք մեր երկրում` մինչև 52 տարեկանը ներառյալ, կարող են հղիություն գրանցել։ Սակայն եթե ցանկանում են սեփական ձվաբջջով մայրանալ, պետք է ավելի գիտակից մոտենան այդ խնդրին`շտապեն, դիմեն ավելի վաղ տարիքում։ Բայց իմ աշխատանքային փորձից ելնելով, հանդիպել եմ դեպքերի, թե ինչպես են կանայք դոնորական ձվաբջիջներով լույս աշխարհ եկած երեխաներին վերաբերվում  իրենց հարազատ երեխաների պես, քանզի պտղի զարգացումը  հենց իրենց արգանդում է լինում, և հոգեբանական խնդիրներ չեն ունենում։

-Բժշկուհի, ձվաբջիջների սառեցումը պիտանիության ժամկետ ունի՞, թե` ոչ:
-Ոչ, պիտանիության ժամկետ չունի, այն կարելի է սառեցնել և տարիներով պահպանել, բայց այն ցանկալի է սառեցնել մինչև 38 տարեկանը: 38 տարեկանից հետո շատ են դիմում, բայց արդյունավետությունը ցածր է լինում այդ տարիքում: Պետք է աղջիկները և կանայք տեղեկանան, որ եթե չեն ցանկանում վաղ մայրանալ, ապա ձվաբջիջների սառեցման պետք է դիմեն մինչև 38 տարեկանը։ Անկեղծ կլինեմ` ասելով, որ մինչև 35 տարեկանն է ավելի արդյունավետ։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում առողջապահությունը ո՞ւմ ձեռքերում է:
-Ինքս երիտասարդ կադրերին մեծ սիրով  եմ իմ փորձը փոխանցում: Ի վերջո, ոչինչ հավերժ չէ, պետք է գան մեզ փոխարինողներ։ Ժամանակին ինձ եղել են կրթողներ, և իրենց փորձը փոխանցող բժիշկներ, և եղել են նաև չփողանցողներ, ես բոլորից էլ շատ շնորհակալ եմ։ Ես իրականում գրքասեր եմ, ինձ համար իմ ամենամեծ ուսուցիչները  գրքերն են։

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են ծնողների ուղին։ Դուք կուղղորդե՞ք արդյոք ձեր երեխաներին մասնագիտության ընտրության հարցում:
-Ոչ, ես երբեք չեմ ուղղորդում իրենց, թող իրենք ինքնուրույն ընտրեն իրենց սիրելի և նախընտրելի մասնագիտությունը: Ես չեմ սերմանում սեր դեպի բժշկությունը, եթե ընտրեն դեմ չեմ լինի, բայց իրականում պետք է սիրով կատարես քո աշխատանքը, որ ստանաս դրա պտուղները։

-Ի՞նչ խորհուրդ կտայիք անպտղությամբ տառապող ամուսնական զույգերին:
- Կցանկանամ, որ մեր գենոֆոնդը մեծանա, շատ բալիկներ լույս աշխարհ գան, քանզի մեր ազգը այս վերջին տարիներին ինչերի միջով անցավ` բոլորս էլ գիտենք։ Մենք մնացել ենք մի բուռ ազգ, օդի և ջրի պես պետք է, որ բազմանա մեր ազգը։ Կցանկանամ, որ մարդիկ ձգտեն շատ երեխաներ ունենալ, մեզ պես փոքր ազգերի համար դա կենսական նախապայման է։
Վերարտադրողական բժշկությունը անընդհատ զարգացող գիտություն է, որը երբեմն, ցավոք սրտի, արձանագրում է նաև անհաջող ելքեր։ Իհարկե, մենք անում ենք հնարավորն ու անհնարինը լավագույն արդյունքներին հասնելու համար, բայց, բնականաբար, բոլորս գիտակցում ենք, որ  չենք կարող մշտապես 100 տոկոսանոց արդյունք ապահովել։
Երեխաները ծնվում են Աստծո կամոք: Իսկ մեր այն զույգերին, որոնց  մոտ չի ստացվում բնական ճանապարհով հղիանալ, հորդորում եմ երբեք չընկճվել, չհանձնվել, հավաքելով իրենց վերջին ներուժը՝ պայքարել և հավատով անցնել այդ դժվարին, բայց այնքան բաղձալի ճանապարհը: Ծնող դառնալու, մայրության բեկրանքն զգալու այդ աստվածատուր սուրբ նպատակը թող ձեզ ուժ ու կամք տա այն իրականություն դարձնելու ճանապարհին։ Մենք էլ` որպես նեղ մասնագետներ, պատրաստ են ծնող դառնալու երազանքով ապրող զույգերին  աջակցել: Երբեք չպետք է հիասթափություն ապրել և ետ կանգնել պայքարի ճանապարհի կեսից։

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

There is no translation available.

Առողջ եղեք, սիրեք ձեզ և ձեր մարմինը

Չնայած տեխնիկական զինվածությանը, բժշկությունը չի դադարում լինել բժիշկ անհատի ներդրումը: Իհարկե, պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չխամրի բժշկի թանկարժեք որակը` սրտակցությունն ու մարդասիրությունը: Բժիշկը ստիպված է լինում կյանքում երկու հիմնական քննություն բռնել. հաջողության և անհաջողության փորձություն: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է բժշկի անհատականությունից, մարդկային տեսակից, և, ի վերջո, բարոյական նկարագրից: Չէ՞ որ կարևոր է ոչ միայն  հիվանդության ախտորոշումն ու բուժումը,  այլև հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանով է արտահայտվում բժշկի մարդասիրությունը:

Մեր զրուցակիցն է «ԱՍՏՂԻԿ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Նարինե Բեգլարյանը: Բժշկուհի, ում համար բժշկի մասնագիտությունն ամենամարդասիրականն է, մարդկանց առողջություն պարգևելը՝ ամենաբարձր մարդկային առաքելությունը, որին իր բնույթով պիտի կոչված լինի բժիշկը: Նրանք եզակի անհատներ են, որոնք առանձնանում են ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային բարձր արժեքներով: Իսկ մեր  զրուցակցի պարագայում այդ արժեքներին գումարվում է անսահման նվիրումն իր գործին, ինչն անում է նույնքան  համեստորեն: Բարեհամբույր և հետևողական լինելու, ընդգծված համեստության, ազնվության, բուժառուների նկատմամբ ճիշտ մոտեցման, անձնվեր աշխատանքի, ինչպես նաև գերազանց մասնագիտական գիտելիքների շնորհիվ նա սիրված է թե՛ գործընկերների, թե՛ այցելուների կողմից:

-Բժշկուհի, ի՞նչ է  Ադիսոնի հիվանդությունը:

 -Ադիսոնի հիվանդությունը մակերիկամների կեղևային շերտի հորմոնների անբավարար արտադրությունն է՝ մակերիկամային անբավարարությունը։ Իրականում այդ հիվանդության տարածվածությունը մեծ չէ։ Հիմնական գանգատները՝ հոգնածություն, թուլություն, սրտխփոց, քաշի անկում, սրտխառնոց, փորլուծություն։ Նախկինում այն ավելի շատ էր հանդիպում, քանի որ առկա էր տուբերկուլյոզը, որի ժամանակ ախտահարվում էին նաև մակերիկամները։ Այս հիվանդությունը առաջանում է մակերիկամների կեղևի երկկողմանի ախտահարման արդյունքում: Հիվանդության ողջ ընթացքում նվազում կամ դադարում է մակերիկամների կեղևային շերտի հորմոնների (կորտիզոլ, ալդոստերոն) արտազատումը, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն սիրտ-անոթային համակարգի, ջրաաղային փոխանակության կարգավորման համար: Այս հիվանդության մասին առաջին անգամ խոսել է ծագումով անգլիացի բժիշկ Թ. Ադիսոնը 1849 թվականին, որի անունն էլ կրում է հիվանդությունը: Այսօր հիվանդության հիմնական պատճառը աուտոիմուն խնդիրներն են, այսինքն` հակամարմիններ են առաջանում մակերիկամների նկատմամբ, և մակերիկամները ժամանակի ընթացքում իրենց գործունեությունը կորցնում են։ Սա առաջնային մակերիկամային անբավարարություն է։ Այսօր մեր պրակտիկայում ավելի հաճախ հանդիպում է երկրորդային մակերիկամային անբավարարությունը, որի պատճառագիտությունը  ոչ թե հենց մակերիկամի գործունեության անկումն  է, այլ հիպոֆիզից եկող ազդակի նվազումը, քանի որ մակերիկամները կառավարվում են հիպոֆիզից եկող ազդակով, ուստի, երբ ազդակ՝ հրահանգ չի լինում հիպոֆիզից, մակերիկամները չեն արտադրում կորտիզոլ։  Այսպես՝ հիպոֆիզի խնդիրների դեպքում ընկճվում է ACTH հորմոնի արտադրությունը, որը կառավարում է մակերիկամը, և այդ մեխանիզմով առաջացնում է ստիմուլի ընկճում, և հետևաբար, երբ վերևից հրահանգը չկա, մակերիկամների գործունեությունը հանգչում է: Դա կարող է լինել հիպոֆիզի ուռուցքների դեպքում, որպես ուռուցքի մեխանիկական ճնշման հետևանք հիպոֆիզի վրա,ինչը բերում է ACTH հորմոնի սինթեզի նվազմանը, և երկրորդը կարող է լինել հիպոֆիզի ուռուցքի վիրահատության հետվիրահատական բարդություն, երբ վիրահատության ժամանակ վնասվում է հիպոֆիզի ACTH արտադրող շերտը։ Բուժումն իրականացվում է փոխարինող թերապիայով, այսինքն` նշանակվում են մակերիկամային հորմոնի սինթետիկ փոխարինողներ՝ մասնավորապես սինթետիկ գլյուկոկորտիկոիդներ։ Ամենամոտը բնական գլյուկոկորտիկոիդներին <<Հիդրոկորտիզոնն>> է, որը մեր շուկայում կարելի է գտնել <<Կորտեֆ>> անվան տակ։ Եթե միայն <<Կորտեֆ>>-ը բավարար չի լինում, ավելացվում է նաև <<Մեթիլպրեդնիզոլոն>>:

-Հարվահանաձև գեղձի հիվանդություններից որո՞նք են ավելի հաճախ հանդիպում Ձեր պրակտիկայում։

-Հարվահանաձև գեղձի հիվանդություններից են հիպոպարաթիրեոզը և հիպերպարաթիրեոզը։ Երկուսն էլ բավական հաճախ հանդիպող պաթոլոգիաներ են։ Հիպոպարաթիրեոզը՝ այսինքն՝ գեղձի թերֆունկցիան, լինում է առաջնային և երկրորդային։ Առաջնային հիպոպարաթիրեոզը՝ հարվահանաձև գեղձի գործունեության անկումը, սովորաբար աուտոիմուն բնույթ է կրում, երբ իմուն համակարգը հարվահանաձև գեղձը դիտարկում է որպես օտար մարմին և, հակամարմիններ, ընկճում է նրա գործունեությունը: Այդ հիվանդությունն ավելի հաճախ հանդիպող է իմ պրակտիկայում, քան Ադիսոնի հիվանդությունը։ Սակայն ավելի հաճախ է հանդիպում երկրորդային հիպոպարաթիրեոզը, որը վահանաձև գեղձի վիրահատության հետվիրահատական բարդություն է, երբ վիրահատության ժամանակ վնասվում են մեկ, կամ մի քանի հարվահանագեղձեր: Որպեսզի վիրահատությունից հետո չլինի այս բարդությունը, նախ շատ կարևոր է վիրաբույժի փորձառությունը, որը պետք է շատ ուշադիր և զգոն լինի, որպեսզի վիրահատության ժամանակ չվնասի հարվահանաձև գեղձերը, սակայն լինում են դեպքեր, երբ անգամ փորձառու վիրաբույժի միջամտությունից կարող է զարգանալ այս բարդությունը վիրահատության բարդ լինելու պատճառով։  Հիվանդության ախտանիշներն են՝ մկանային ձգվածություն, մատներում թմրածություն, առատ քրտնարտադրություն, սրտխփոց, գլխացավեր, բարդ դեպքերում ՝ ցնցում։ Այս հիվանդության բուժումը երկարատև է. ըստ ուղեցույցների՝ ամբողջ կյանքի ընթացքում հիվանդները ստանում են կալցիում զուգակցված վիտամին D-ի ակտիվ ձևով, որը մեր շուկայում կարելի է գտնել <<Ռոկալտրոլ>> կամ <<Ալֆակալցիդով>> անվանմամբ։ Մշակվում է նաև հենց սինթետիկ պարատհորմոնի օգտագործումը, այսինքն՝ հորմոնալ փոխարինող թերապիան, որը, սակայն, առայժմ ուղեցույցներում չի գտել իր տեղը և լայնորեն չի կիրառվում։ Մյուս հիվանդությունը  հարվահանաձև գեղձի գերֆունկցիան է` հիպերպարաթիրեոզը, որը կրկին բավականին հաճախ է հանդիպում մեր պրակտիկայում, հատկապես` երկրորդայինը։ Առաջնային հիպերպարաթիրեոզը հարվահանաձև գեղձերից (որոնք չորսն են) որևէ մեկում, կամ միաժամանակ մի քանիսում ուռուցքի առաջացումն է, որը կարող է լինել պատահական կամ կրել ժառանգական բնույթ: Բուժումը վիրահատական է. հեռացվում է ախտահարված՝ ուռուցքային փոփոխված հարվահանաձև գեղձը։ Սակայն ավելի հաճախ հանդիպում են երկրորդային և երրորդային հիպերպարաթիրեոզները։ Երկրորդայինը լինում է արյան մեջ կալցիումի դեֆիցիտի հետևանքով, ինչը բերում է հարվահանաձև գեղձերի կոմպենսատոր ավելացած աշխատանքի՝ պարատհորմոնի ավելացած արտադրությանը։ Սրա հիմնական պատճառներն են՝ վիտամին D-ի դեֆիցիտը, աղիների լուրջ խնդիրների դեպքում Ca-ի ներծծման նվազումը, երիկամների ախտահարված աշխատանքը: Մեր պրակտիկայում ավելի հաճախ հանդիպում է վիտամին D դեֆիցիտի հետևանքով առաջած հիպերպարաթիրեոզը, որը կարելի է շփոթել առաջնայինի հետ, այդ իսկ պատճառով ճշգրիտ ախտորոշումը դնելու համար առաջին հերթին պետք է վերականգնել վիտամին D-ի մակարդակը արյան մեջ, և եթե դրանից հետո չի կարգավորվում հարվահանաձև գեղձի հորմոնը արյան մեջ, նոր դրվում է առաջնային հիպերպարաթիրեոզ ախտորոշումը: Լինում է նաև երրորդային հիպերպարաթիրեոզ, որը դիտվում է քրոնիկ երիկամային անբավարարություն, մասնավորապես հեմոդիալիզ ստացող հիվանդների մոտ։ Հիպերպարաթիրեոզը սկզբում լինում է երկրորդային, քանի որ հեմոդիալիզի հետևանքով կալցիումի կորստի հետևանքով հարվահանագեղձերը սկսում են արտադրել ավել քանակի պարատհորմոն: Դիալիզով անընդհատ կալցիումի կորստի հետևանքով անընդհատ նորմայից շատ հորմոն արտադրող հարվահանաձև գեղձերը սկսում են կոմպենսատոր մեծանալ, այնուհետև դրանք այնքան են մեծանում, որ ուռուցքանման փոփոխվում են և սկսում են մշտապես շատ արտադրել հորմոն, այդ իսկ պատճառով հիիպերպարաթիրեոզը կոչվում է երրորդային։ Բնականաբար, այստեղ ավելի խորքային բուժում է անհրաժեշտ։ Պետք է անընդհատ լրացնել կալցիումի պակասը, նշանակել  վիտամին D-ի ակտիվ ձևեր՝ ռոկալտրոլ: Եթե այս ամենը դրական արդյունք չի տալիս, ծայրահեղ դեպքերում մեծացած հարվահանաձև գեղձերից որևէ մեկի հեռացմամբ է գրագետ բուժման լուծման ելքը գտնվում, այսինքն` վիրահատությամբ։

 -Բժշկուհի, արդյո՞ք քրոնիկ հոգնածության զգացումն  ունի  ավելի խորքային պատճառ:

-Որոշ հրապարակումներ կան, որտեղ խոսվում է քրոնիկ հոգնածության համախտանիշի մասին, բայց եթե գլոբալ առումով և բնակչության բավարար միտումով դիտարկենք, դա ուղղակի գերհոգնածություն է, որի պատճառագիտությունը բազմաբնույթ է: Եթե նման խնդրով բուժառուն դիմում է էնդոկրինոլոգի, հետազոտվում է այն ամենը, ինչ պահանջվում է, քանզի ցանկացած շեղում կարող է հանգեցնել այդ խնդրին։ Առաջին հերթին ժխտում ենք վահանաձև գեղձի խնդիրները, շաքարախտի առկայությունը, մակերիկամների ախտահարումները, բայց ավելի հաճախ հոգնածության պատճառը ինչ-որ վիտամինի դիֆիցիտն է արյան մեջ։ Ամենատարածվածը վիամին D-ի դեֆիցիտն է, ինչը կարող է բերել հոգնածության։ Աղջիկների մոտ շատ տարածված է երկաթի դիֆիցիտը, քանզի առատ դաշտան են տեսնում, հաճախ սուրճն են չարաշահում, մսի ընդունումն իրենց ռացիոնում բավարար չէ։ Ընդ որում արյան ընդհանուր քննությունը կարող է չբացահայտել երկաթի դեֆիցիտը, պետք է որոշել ֆերրիտինի և երկաթի մակարդակը արյան մեջ։ Հաջորդ հաճախակի տարածված դեֆիցիտը վիտամին B12-ի պակասն է։ Կա այսպիսի ամինաթթու՝ հոմոցիստեին, որը հանդիսանում է նյութափոխանակության արգասիք: Երբ դրա քանակը նորմայից ավել է, ի հայտ են գալիս մի շարք ախտանիշներ՝ նույնպես հոգնածություն, հևոց, գլխապտույտ։ Մեր բնակչության մեջ մեծ տարածվածություն ունի հիպերհոմեցիստեմիա կոչվող երևույթը,  քանի որ մեր ազգի գեների մեջ կա այսպիսի գենետիկ մուտացիա` ֆոլաթթվի փոխանակության խանգարում, որի հետևանքով հոմոցիստեինը նորմայից շատ է առաջանում անգամ արյան մեջ ֆոլաթթվի բավարար քանակի դեպքում։ Սրա բուժմանը հասնում ենք` նշանակելով ֆոլաթթվի հավելումներ։ Եվ իհարկե հոգնածությունը կարող է առաջանալ ինչ-որ թաքնված վիրուսներից, ինֆեկցիաներից, կարող է առաջանալ հեպատիտ C-ի, թաքնված ուռուցքային գոյացությունների առկայությունից,  արյան խնդիրներից։ Այդ ամենը պետք է ժխտել։ Երբ վերը նշված բոլոր խնդիրները ժխտվում են, նոր դրվում է նյարդաբանական ախտորոշում, և անգամ վիճելի է գիտնականների կողմից, թե արդյո՞ք կա նման համախտանիշ, թե` ոչ։ Քանզի հոգնածություն կարող է լինել նաև դեպրեսիաների ժամանակ։

-Ինչի՞ հետևանք է անքնությունը:

-Անքնությունը բավականին կոմպլեքսային սիմպտոմ է, որը կարող է ուղեկցել տարբեր հիվանդությունների, դեպրեսիաների, տագնապային ինչ-որ սինդրոմների, սթրեսային վիճակների, կամ երբ գերլարված հոգսաշատ օրվանից գիշերը ուղեղը չի անջատվում։ Վահանաձև գեղձի գերֆունկցիայի ժամանակ էլ է լինում անքնություն, բուժման ընթացքում էլ՝ դեղորայքից նույնպես կարող է լինել անքնություն: Անքնության  բուժումը տարբեր է. սկզբում խորհուրդ է տրվում կենսակերպի փոփոխություն, հետո նշանակվում տարբեր հանգստացնող թուրմեր, նաև մագնեզիում, մելատոնին, որը շատ նուրբ հորմոն է և ոչ միշտ է օգնում, և եթե այս միջոցները չեն օգնում, ապա արդեն նյարդաբանները անտիդեպրեսանտներ են նշանակում, որպեսզի քունը կարգավորվի։

-Շաքարային դիաբետի ժամանակ, երբ  վերջույթները ամպուտացվում են, կարո՞ղ ենք դա համարել  դատավճիռ:

-Երբ վերջույթներն ամպուտացվում են, նշանակում է` ունենք ծանր դիաբետիկ ոտնաթաթ համախտանիշը։ Դիաբետիկ ոտնաթաթը բավականին բարդ համախտանիշ է, որը տարիների ընթացքում նյարդաթելերի և անոթների  ախտահարման արդյունք է, ինչը բերում է ոտնաթաթերի դեֆորմացիաների և սնուցման խանգարման: Ոտնաթաթերի այդպիսի դեֆորմացիայի առկայության պայմաններում մի փոքր վնասող գործոնը, ինչպիսին է քիչ սեղմող կոշիկի կրումը, կամ ոտքի աննշան վնասումը բոբիկ ման գալու հետևանքով առաջացնում է կոշտուկներ, ասեպտիկ չբուժվող վերքեր։ Հետագայում պրոցեսը խորանում է, և առաջանում են նեկրոզի օջախներ, և հարկ է լինում հեռացնել ախտահարված հատվածը՝ սկզբում մատը, հետագայում ոտնաթաթը։ Իրականում` այո, երբ ունենում ենք վերջույթների ամպուտացիա, նշանակում է արդեն առկա են շաքարախտի բավականին լուրջ բարդություններ. հետազոտությունները ցույց են տալիս, որ ամպուտացիաներից հետո  հիվանդների ապրելիությունը հետագայում ավելի քիչ է։

- Որպես մեր զրույցի  վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

- Կհորդորեմ մեր հասարությանը վարել առողջ ապրելակերպ, առողջ սննդակարգ։ Ես ամեն դեպքում մնում եմ մի համոզման, որ բոլոր հիվանդությունները, սկսած զարկերակային գերճնշումից, շաքարային դիաբետից, ճարպակալումից, ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի խնդիրներից գալիս են անառողջ սնունդից: Արագ սննդի կետերը, ինչպես նաև գազավորված ըմպելիքները, չիպսերը, որոնք ծնողները, երբեմն երեխաների քմահաճույքին ընդառաջ գնալով, թույլ են տալիս օգտագործել, իրենց մեջ պարունակում են օրգանիզմը վնասող գործոններ, որոնք հետագայում կարող են վնասել երեխաների առողջությունը։ Ինչպես նաև կանանց եղունգների գելաքը, որի ժամանակ կիրառվում է միկրոդոզայով ճառագայթում, չի կարող իր վնասակար ազդեցությունը չթողնել օրգանիզմի վրա: Ինչպես նաև մազահեռացման որոշ միջոցներ կարող են  վնասել առողջությունը, և ընդհանրապես առօրյա կենցաղում կիրառվող քիմիական մաքրող միջոցները, ինչն ամեն օր կիրառելիս նեշնչում ենք փոքր դոզաներով, նույնպես տալիս են իրենց վնասակար ազդեցությունը մեր օրգանիզմի վրա։ Բոլորս լավ գիտակցում ենք, որ պետք է առողջ ապրելակերպ վարել, ֆիզիկապես ակտիվ լինել, ժամանակին քնել, և այս դեպքում վստահաբար կլինենք ավելի առողջ, անգամ  ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդությունները ավելի քիչ և ավելի ուշ ի հայտ կգան: Առողջ եղեք, սիրեք ձեզ և ձեր մարմինը:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

There is no translation available.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2007-2012թ

Մ.Հերացու անվ. Երևանի Պետական Բժշկական Համալսարան

Ընդհանուր բժշկության ֆակուլտետԲժշկագիտության բակալավրի աստիճան, բուժական գործ մասնագիտությամբ)

2012-

2014թ

2014-

2017թ

2018թ

2019-2020թթ

2021-2022թթ

Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարան Մագիստրատուրա ( բժշկի որակավորում բուժական գործ մասնագիտությամբ )

Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարան Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոն ( Կլինիկական օրդինատուրա )

բժիշկ - մասնագետի որակավորում Ինֆեկցիոն հիվանդություններ մասնագիտությամբ « Նորք » Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց

Երևանի Մ․ Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի ասպիրանտ առ այսօր

Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարան Գաստրոէնտերոլոգիայի և Հեպատոլոգիայի ամբիոն ( Կլինիկական օրդինատուրա )

բժիշկ - մասնագետի որակավորում Գաստրոէնտերոլոգիա մասնագիտությամբ

07/06-07/07, 01/09-01/02 անցել եմ «սոնոգրաֆիա» (ՈՒլտրաձայնային ախտորոշում) լրացուցիչ մասնագիտացում՝ ստանալով բժիշկ- սոնոգրաֆիստի որակավորում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2017-2019թ

« Նորք»ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց

որպես Բժիշկ-վարակաբան

2018թ

2019թ

2019թ

2020թ

2023թ․        

«Արմենիկում» Կլինիկական Կենտրոնհամատեղությամբ որպեսԲժիշկ-վարակաբան

« Աստղիկ » Բժշկական Կենտրոնտրանսպլանտ թիմի անդամ,Վարակաբան  

«Վիոլետա Բժշկական Կենտրոն»-ի Կլինիկական Ծառայության Ղեկավար, Վարակաբան

«Վիոլետա Բժշկական Կենտրոն»-ի Կլինիկական Ծառայության Ղեկավար, Վարակաբան, Գաստրոէնտերոլոգ-Լյարդաբան առ այսօր

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» Բուժական գծով փոխտնօրեն առ այսօր

ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

2011թ

2012թ

2012թ

        

“Հայկական հեպատոլոգիական ֆորում”, ՀՀ Երևան

1-ին միջազգային կոնֆերանս

Մասնակցության վկայական

Վրաստանի Հեպատոլոգիական Ասոցիացիա – GHA

Լյարդի հիվանդությունների Եվրոպական Ասոցիացիա – EASL

Լյարդի Միջազգային Սիմպոզիում, Թբիլիսի, Վրաստան

Մասնակցության վկայական

APASL The 10th JSH Single Topic Conference “Hepatitis C: Best Practice Based on Science” Tokyo Japan Certificate of Attendance

   
 
   
 
   
   

2013թ.

      

ՀՀ ԱՆ, “Արաբկիր” ԲԿ, Բելգիայի  Անտվերպենի Համալսարանական Հոսպիտալ, Մանկական Բժիշկների Հայկական Ասոցիացիա

“Լյարդի հիվանդություններ, կլինիկական և մորֆոլոգիական ասպեկտները”

Հեպատոլոգիական կոնֆերանս

 

               

 

2013թ.

2014թ        

EASL THE INTERNATIONAL LIVER CONGRESS 2013 Amsterdam, The Netherlands CERTIFICATE of participated

CROCUS Medical BV (The Netherlands)

GCP (Good Clinical Practice) բազային դասընթաց

Կլինիկական մոնիտորի որակավորում

2014թ.

2015թ.

2015թ

2016թ

2016թ        

2017թ

2019թ

2020թ

2021թ

                   

APASL BRISBANE  2014. 23rd Conference of the Asian Pacific Association for the Study of the Liver. Australia. CERTIFICATE of participated

APASL Single Topic Conference Hepatitis C. Delhi India CERTIFICATE of participated

EASL The International Liver congress 2015 Vienna, Austria. CME ACCREDITATION CERTIFICATE OF ATTENDANCE

EASL THE INTERNATIONAL LIVER CONGRESS 2016 . CME ACCREDITATION CERTIFICATE OF ATTENDENCE. Barselona, Spain

AASLD (American Association For The Study Of Liver Diseases) THE LIVER MEETING 2016 BOSTON. 39.0 AMA PRA Category 1 Credits. Certificate of Attendance.

AASLD(American Association For The Study Of Liver Diseases) THE LIVER MEETING 2017 WASHINGTON, DC. 39.0 AMA PRA Category 1 Credits. Certificate of Attendance

The 2nd Transcaucasus Symposium on HBV Infection – 27-28 September, Tbilisi, Giorgia 

09․03-03․04 –ին մասնակցել եմ «Պալիատիվ խնամք» թեմայով 10-օրյա դասընթացին 

Ներքին Հիվանդությունների Բժկության Հայկական Ասոցիացիա։ 

«Քովիդ 19 և գլխուղեղ․վտանգավոր կապեր» թեմայով գիտաժողովին

   

2022թ․

2022թ․

2021թ․

  

Լյարդի Փոխպատվաստման հիմնահարցերը թեմայով գիտագործնական գիտաժողով։ Ներկայացրել եմ զեկույց՝ Լյարդի փոխպատվաստման ենթակա պացիենտների նախապատրաստումը և վարումը անվանումով։

։ 

Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման Ասիական խաղաղ օկիանոսյան ասոցացիայի (APASL) կողմից կազմակերպված առցանց գիտաժողովին նվիրված“ACLF” թեմային։ Ներկայացրել եմ զեկույց կլինիկական դեպքի նկարագրությամբ։

Հունիսի 14-ին Լյարդի Փոխպատվաստման հիմնահարցերը թեմայով գիտագործնական գիտաժողով։ 

Զեկույց՝ «Լյարդի փոխպատվաստման ենթակա պացիենտների նախապատրաստումը և վարումը»

202

2022թ․

2022թ․

2022թ․

2022թ․

                          

Փետրվարի 18 Լյարդի հիվանդությունների ուսումնասիրման Ասիական խաղաղօվկիանոսյան ասոցացիայի  (APASL) “ACLF”․

Զեկույց՝ «Կլինիկական դեպքի» նկարագրությամբ։

28․03-13․05 «Ներքին հիվանդությունների ախտորոշման և բուժմանառամձնահատկությունները» վերապատրաստման դասընթաց

Հունիսի 25-26-ին Ջերմուկ քաղաքում կայացած «Հաճախ հանդիպող հիվանդությունների ախտորոշման և բուժման թերապևտիկ և վիրաբուժական արդի մոտեցումները» 

Զեկույց՝ «Լյարդի ցիռոզ, փոխպատվաստման ցուցումներ»

Մայիս 2 - Հունիս17 Երևանի Մ․ Հերացու անվան Պետական Բժշկական համալսարան «Ինֆեկցիոն հիվանդություններիարդիական հիմնահարցեր» վերապատրաստում

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2014թ

2007թ․

APASL – Asian Pacific Association for the Study of the Liver

Լյարդի Հիվանդությունների ՈՒսումնասիրման Հայկական Ասոցացիա

2017թ

2017թ

Գաստրոէնտերոլոգների Հայկական Ասոցիացիա

EASL European Association for the Srudy of the Liver

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

 

15-ից ավելի հրապարակումներ տեղականև միջազգային հեղինակավոր կոնֆերանսների նյութերում։

2015թ.

2022թ․

Poster Presentation abstract – Conference of the APASL, Armenia, Yerevan

Մայիս 31 Գիտական հոդվածների ժողովածու։ էրիթրոցիտների թաղանթների ֆոսֆոլիպիդային սպեկտորի փոփոխությունների  դինամիկան քրոնիկ հեպատիտ Ց-ի ժամանակ

There is no translation available.

«Վիոլետա» բժշկական կենտրոնի առաքելությունն է բարձրակարգ բժշկական օգնությամբ ապահովել մեր ազգաբնակչությանը

Այսօր մեր երկրում բժշկությունը զարգանում է համաշխարհային նորարարություններին համահունչ: Բարեբախտաբար, վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը և տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, և հնարավոր է ստանալ հետազոտությունների առավելագույն ճշգրիտ արդյունքներ և լավագույն ու նվիրյալ բժիշկների շնորհիվ բուժման գրագետ բուժմոտեցումներ:

Երբ կոչումն ու նվիրումը միաձույլ են դառնում, գրվում է ուրույն կենսագրություն, որն իր բարերար և նշանակալից հետքն է թողնում բժշկագիտության մեջ: Նրա շնորհիվ է տեղայնացվում միջազգային փորձը, և հարյուրավոր հիվանդներ գտնում են առողջացման ճանապարհը:​

Մեր զրուցակիցն է «Վիոլետա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բուժական գծով փոխտնօրեն, «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխպատվաստման թիմի լյարդաբան-վարակաբան Սոնա Սարգսյանը: Երիտասարդ բժշկուհին աշխատում է մեծ նվիրումով` ցուցաբերելով վարպետություն ամենամարդասիրական գործում, եւ  վայելում  իր բուժառուների վստահությունն ու   հարգանքը՝ այն համարելով իր գործունեության մեծագույն նվաճումն ու ամենաբարձր գնահատականը:
Մարդու, առավել եւս` բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, լինել նախաձեռնող, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

-Բժշկուհի, ինչո՞ւ ընտրեցիք բժշկի՝ անչափ բարդ ու պատասխանատու  մասնագիտությունը, մասնավորապես՝ հենց լյարդաբանության ճյուղը:

-Ծնվելով և մեծանալով բժշկի ընտանիքում, մեր տանը մշտապես բժշկական մթնոլորտ է տիրել, ինչը որոշիչ դեր է խաղացել մասնագիտությանս ընտրության հարցում։ Մայրս նույնպես բժիշկ է, մասնագիտությամբ վարակաբան-լյարդաբան, այդ իսկ պատճառով լյարդաբանությունը դեռևս մանկուց  բժշկագիտության ինձ հետաքրքրող ճյուղերից  մեկն է եղել։ Լյարդաբանությունը ամենաարագ զարգացող ճյուղերից է ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում։

 -Լյարդի ախտահարման հետևանքով ո՞ր հիվանդություններն են այսօր սպառնում աշխարհի մարդկությանը, և որո՞նց պարագայում է մահացությունը մեծ:    

-Լյարդի ախտահարման պատճառները կարող են զանազան լինել, և պատճառից կախված` տարբերակում ենք լյարդի ախտահարմամբ մի շարք հիվանդություններ:

Դրանցից ամենատարածվածը վիրուսային հեպատիտներն են, հատկապես` B և C հեպատիտները, լյարդի ալկոհոլային հիվանդությունը, տոքսիկ հեպատիտները, լյարդի առաջնային ուռուցքը` հեպատոցելուլյար կարցինոման։ Իսկ վերջին ժամանակներս ամբողջ աշխարհում գլոբալ խնդիր է դարձել  մետաբոլիկ ասոցացված  լյարդի ճարպային հիվանդությունը, որը լյարդի հիվանդությունների առաջացման պատճառների մեջ առաջատար դիրք է զբաղեցնում։ Առհասարակ լյարդի հիվանդությունները պրակտիկ առողջապահության կարևորագույն խնդիրներից են` կապված լայն տարածվածության, ծանր ընթացքի և ոչ հազվադեպ նաև վատ ելքերի հետ։ Մահացությունը հատկապես բարձր է լյարդի ցիռոզի և նրա բարդությունների, ինչպես նաև հեպատոցելուլյար կարցինոմայի ժամանակ։

-Իսկ ինֆեկցիոն վիրուսների նախանշաններն ինչպիսի՞ն են, և սովորաբար հիվանդության ո՞ր փուլերում են ձեզ դիմում:  

-Սովորաբար լյարդի ինֆեկցիոն ախտահարումները կապված են վիրուսային հեպատիտների հետ։ Սուր վիրուսային հեպատիտներն  ընթանում են բնորոշ կլինիկական նշաններով՝ սրտխառնոց, փսխում, մաշկի, սկլերաների դեղնություն, մեզի գույնի մգացում, կղանքի անգունացում, երբեմն նաև քոր։ Սակայն վիրուսային հեպատիտներ B-ին և C-ին առավել հաճախ բնորոշ է քրոնիկական ընթացքը, որի ժամանակ  գրեթե ոչ մի ախտանիշներ կամ գանգատներ բուժառուն երկար տարիներ կարող է չունենալ, և հաճախ հիվանդությունը հայտնաբերվում է  պատահաբար և ցավոք, այն շրջանում,  երբ առաջացել են կյանքին վտանգ սպառնացող բարդություններ` ինչպիսիք են լյարդի ցիռոզը և հեպատոցելուլյար կարցինոման։

-Կխնդրեինք մեր ընթերցողների համար տարբերակեիք լյարդի վիրուսային հեպատիտների տեսակները:              

-Տարբերում են A, B, C, D, E և այլ տեսակի վիրուսային հեպատիտներ, և այդ շարքը հետզհետե մեծանում է։ Եթե A հեպատիտը սովորական դեղնախտն է` իր բնորոշ նշաններով, և սովորաբար հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների և քրոնիզացիայի,  ապա B և C հեպատիտներին բնորոշ է քրոնիկական ընթացքը: Երկար տարիներ դրանք կարող են ընթանալ առանց ախտանշանների, և ժամանակին չախտորոշվելու և չբուժելու դեպքում բերում են լյարդի ցիռոզի և լյարդի առաջնային քաղցկեղի զարգացման։

-Որո՞նք են լյարդի ուռուցքների առաջացման պատճառները:          

-Լյարդի ուռուցքների առաջացման պատճառներ կարող են լինել վիրուսային հեպատիտները, հատկապես` B-ն և C-ն, լյարդի ալկոհոլային ախտահարումը, լյարդի աուտոիմուն հիվանդությունները, և ցանկացած ծագման լյարդի ցիռոզ կարող է բերել հեպատոցելուլյար կարցինոմայի զարգացման։

-Որո՞նք են լյարդի ցիռոզի տեսակները։                  

-Լյարդի ցիռոզը լյարդի հյուսվածքի պնդացումն է ՝ խորացված ֆիբրոզը։ Տարբերում են լյարդի HBV, HCV ասոցացված, ալկոհոլային, աուտոիմուն ծագման, մետաբոլիկ ասոցացված լյարդի ցիռոզ և այլն։

-Իսկ ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել լյարդի ճարպակալումը, և ի՞նչ միջոցներ են պետք ձեռնարկել լյարդը միշտ առողջ պահելու համար:    

-Լյարդի ճարպակալումը ուղեկցվում է ոչ միայն լյարդի ախտահարմամբ, այլ նաև այն բերում է սիրտ-անոթային և էնդոկրին խնդիրների, ինչպես նաև ճարպային հեպատոզով պացիենտների մոտ մեծանում է ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը: Այդ են վկայում կատարված բազմաթիվ կլինիկական փորձարկումների և հետազոտությունների արդյունքները։

-Ի՞նչ է իրենից ներկայացնում պորտալ հիպերտենզիան:            

-Պորտալ հիպերտենզիան բնորոշվում է դռներակի համակարգում ճնշման բարձրացմամբ, որը բերում է պորտալ անոթներում, լյարդային անոթներում, ստորին սիներակում արյան շրջանառության խանգարման: Դրա  կլինիկական դրսևորումներն են կերակրափողի վարիկոզ լայնացած անոթներից արյունահոսությունը, ասցիտը, սպլենոմեգալիան:

-Ո՞ր դեպքում է իրականացվում փոխպատվաստում:

-Փոխպատվաստումը ցուցված է լյարդի ախտահարման տերմինալ փուլում գտնվող բոլոր բուժառուներին` որպես բուժման ռադիկալ միջոց։ Այն ցուցված է լյարդի ցիռոզով, սուր կամ ֆուլմինանտ լյարդային անբավարարությամբ, ինչպես նաև լյարդի առաջնային քաղցկեղով բուժառուներին, աուտոիմուն ծագման ցիռոզի, լառաջնային բիլիար ցիռոզի, սկլորոզացնող խոլանգիտի, Վիլսոն Կնավալովի հիվանդության ժամանակ, պոլիկիստոզով բուժառուներին և մի շարք այլ պատճառներով լյարդի ախտահարման ժամանակ։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն կատարվել է թվով  8 լյարդի ազգակցական փոխպատվաստում։ Ինքս կանգնած եմ եղել այդ գործընթացի ակունքներում` լինելով լյարդի փոխպատվաստման թիմի վարակաբան-լյարդաբան։

-Ի՞նչ կասեք կիստաների մասին:                        

-Լյարդի կիստան բարորակ գոյացություն է, որը տեղակայվում է լյարդի ներսում կամ նրա մակերեսին: Հաճախ այն պատահաբար է հայտնաբերվում՝ այլ նպատակով իրականացված որովայնի ՈՒՁՀ-ի կամ ՀՇ-ի ժամանակ: Կիստան հեղուկով կամ դոնդողանման թանձր պարունակությամբ լցված և փափուկ հյուսվածքով պատված պարկ է: Չափերը տատանվում են մի քանի մմ-ից մինչև 20 սմ տրամագծի սահմաններում: Փոքր կիստաները, ինքնին, լուրջ վտանգ չեն ներկայացնում: Հնարավոր է բուժառուի ամբողջ կյանքում դրանք չանհանգստացնեն և չհայտնաբերվեն: Սակայն ժամանակին հայտնաբերումը խիստ կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս խուսափել կիստայի ոչ բարենպաստ ելքից և բարդություններից: Ժամանակին հայտնաբերման դեպքում հնարավոր է արդյունքի հասնել միայն դեղորայքային բուժմամբ, հակառակ դեպքում հարկ է լինում դիմել վիրահատության և կիստայի լիարժեք հեռացման: Տարբերակվում են կիստաների կեղծ և իրական տեսակներ:

-Իրական և կեղծ կիստաներ: Կմանրամասնե՞ք:

-Կիստաները կարող են ունենալ մի քանի խոռոչներ, տարբերակում ենք նաև պոլիկիստոզ տարբերակը և տարբեր հատվածներում կարող են զարգանալ մի քանի կիստաներ: Բնածին են և տարբերվում են էպիթելի ներսում առկա ծածկույթով: Իրենց հերթին իրական կիստաները՝ ըստ կիստայի մորֆոլոգիական առանձնահատկությունների, բաժանվում են մի քանի տեսակի` ռետենցիոն, հասարակ, դերմոիդ, բազմախոռոչային: Կեղծ կիստաները կարող են զարգանալ կյանքի ընթացքում: Պատճառներից են տարած վիրահատությունները, վնասվածքները, բորբոքումները, որոնց հետևանքով լյարդի հյուսվածքում փոփոխություններ են տեղի ունենում և նպաստում հեղուկային կիստայի առաջացմանը:Կիստաները կարող են ունենալ մի քանի խոռոչներ, որից ելնելով, տարբերում են միայնակ և բազմախոռոչային կիստաներ: Գոյություն ունի նաև պոլիկիստոզ տարբերակ, երբ լյարդի տարբեր հատվածներում զարգանում են մի քանի կիստաներ: Տարբերում են նաև պարազիտար (էխինակոկոզ) և ոչ պարազիտար կիստաներ: Հանդիպում են նաև ալվեոկոկային կիստաներ, որոնք առաջանում են կիստայի հելմինթներով ախտահարման արդյունքում, լյարդի բիլիար և խոլանգիոգեն  կիստաներ: Լյարդի կիստաների կասկածի դեպքում իրականացվում են որովայնի ՄՌՏ և ՀՇ, որովայնի օրգանների ՈՒՁՀ։

-Տեղյակ ենք, որ գոյություն ունի «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիա»։ Ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին:            -Հայաստանում երկար տարիներ է` ինչ գործում է Լյարդաբանների ասոցացիան, ինքս էլ հանդիսանում եմ ասոցիացիայի ակտիվ անդամներից մեկը և ոչ միայն հայկական ասոցիացիայի անդամ եմ, այլև եվրոպական, ասիական, ամերիկյան լյարդի հիվանդությունների ուսումնասիրման ասոցիացիաների անդամ եմ, տպագրված հոդվածներով, թեզիսներով և զեկուցումներով հանդես եմ եկել բազմաթիվ կոնֆերանսներում և գիտաժողովներում։ Կարծում եմ, որ ասոցիացիաների դերը և նշանակությունը շատ կարևոր է թե՛ բժիշկների մասնագիտական որակը բարձրացնելու, և թե հանրությանը իրազեկելու առումով։ Լյարդաբանների ասոցիացիան ամենաակտիվ գործող ասոցիացիաներից մեկն է մեր երկրում։ Ասոցիացիաների կողմից կազմակերպվող կոնֆերանսները բժիշկներին մշտապես պահում է ինֆորմացված ոլորտի նորություններին, բուժման նոր մոտեցումներին` բարձրացնելով բժիշկների մասնագիտական որակը։ Ինձ բախտ է վիճակվել ուսանել, այնուհետև նաև աշխատել մեծանուն բժիշկների, վարակաբանների և լյարդաբանների հետ՝ Արա Ասոյանի, Վիգեն Ասոյանի, Հասմիկ Ղազինյանի, Նաիրա Գյուլազյանի, Գագիկ Հակոբյանի, լյարդի փոխպատվաստման թիմի ղեկավար՝ Հայրապետ Բարսեղյանի և Վիոլետա Սարգսյանի հետ, ով նաև մայրս է:

-Հասցնո՞ւմ եք մասնակցել վերապատրաստումների։

Գրեթե միշտ աշխատում եմ մասնակցել թե՛ մեր երկրում և թե՛ ԱՄՆ-ում, Եվրոպական ու Ասիական երկրներում կազմակերպվող միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին։ Եթե ծանրաբեռնվածությունից ելնելով չի հաջողվում ներկա գտնվել, ապա մասնակցում եմ առցանց հարթակով։ Առհասարակ սիրում եմ հանդես գալ զեկուցումներով տարբեր գիտաժողովներում եւ կոնֆերանսներում, լինել տեղեկացված ոլորտի նորություններին` միևնույն ժամանակ իրազեկելով նաև գործընկերներիս և հանրությանը։

-Բժշկուհի, լինելով երիտասարդ, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

Առհասարակ աշխատասիրությունը և նպատակասլացությունը յուրաքանչյուր գործի հաջողության գրավականն է, սակայն բժշկության մեջ շատ կարևոր է նաև ուղղորդողի դերը՝ երիտասարդ բժիշկների կայացման, նրանց լիարժեք գիտելիքներով և հմտություններով զինելու համար։ «Վիոլետա» բժշկական կենտրոնը, որն ըստ էության Երևանի համար առաջին ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի իրավահաջորդն է, իր առաքելություններից մեկն է համարում երիտասարդ կադրերի պատրաստումը և նրանց մասնագիտական հմտություններով զինելը։  Հաճախ մեր կենտրոնը անվանում են երիտասարդ կադրերի պատրաստման դարբնոց։ Միաժամանակ հանդիսանալով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վարակային հիվանդությունների ամբիոնի բազա` երիտասարդ կադրերի պատրաստման գործընթացը սկսվում է դեռևս ուսանողական տարիներից։ Կենտրոնի շատ սաներ հետագայում առողջապահական համակարգում  կարևոր գուրծունեություն են իրականացնում։ 

-Բժշկուհի, բազմիցս արժանացել ենք պատվոգրերի եւ մրցանակների։ Ըստ Ձեզ` ի՞նչ են տալիս նման մրցանակները բժիշկներին։

-Կարծում եմ, որ առաջին հերթին պարտավորվածության զգացում։ Յուրաքանչյուր բուժառուի ապաքինումն ու առողջացումն ինքնին պարգև է բժշկի համար, սակայն գնահատված լինելու զգացողությունը միշտ հաճելի է, իսկ մրցանակները և պարգևները մեզ ոգեշնչում են նոր հաջողությունների և ձեռքբերումների։

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հանրությանը, մեր ընթերցողներին։ 

-Կմաղթեմ, որ մեր հանրությունը հոգ տանի իր առողջության մասին, իրենց բազմազբաղ առօրյայում ժամանակ հատկացնեն հետազոտություններին, հնարավորինս առողջ ապրելակերպ վարեն, օգտվեն վերականգնողական միջամտություններից, որոնք ուղղված են ոչ միայն հիվանդագին վիճակների վերացմանը, այլև կանխարգելմանը, ֆիզիկական ակտիվությամբ զբաղվեն, ինչը լյարդի հիվանդությունների և առհասարակ հիվանդությունների կանխարգելման և բուժման կարևորագույն նախապայման է։ Հիվանդությունների վաղ հայտնաբերման համար անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվել և ժամանակին պատվաստումներ ստանալ։ Ապրել առողջ և ժպիտով, չէ՞ որ ժպիտը նաև առողջության գրավականն է:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

 

There is no translation available.

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան

 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1981-1987թթ. ուսանել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ստանալով քիթ-կոկորդ-ականջաբանի որակավորում

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1888թ.-ի օգոստոսի 1-ից ընդունվել է Գյումրի քաղաքի բժշկական համալիրի մանկական բուժկենտրոնում, որպես մանկական քիթ-կոկորդ-ականջաբան

21.06.2013 թվականին եղել է Շիրակի մարզի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբանը

2015-2018թթ. եղել է Շիրակի մարզի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանը, իսկ 2018 թվականից գլխավոր մասնագետի խորհրդական

Ուսանելու տարիներին աշխատել է Երեւանի Հանրապետական պետական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում, որպես բուժքույր

Երանուհի Վարագյանը իրականացնում է քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայությունների լայն սպեկտր՝ մասնավորապես ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում, ԼՕՌ հիվանդությունների և  բարդությունների պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Վերապատրաստման եւ վարպետության դասեր է անցել Բելգիայի Բրյուսել, Ֆրանսիայի Փարիզ, Իսպանիայի Բարսելոնա քաղաքներում, ինչպես նաեւ Ալեքսանդրիայում, ԱՄՆ (Սան Ֆրանցիսկո), Գերմանիայում, Սինգապուրում, երկու անգամ Ավստրիայում, այնուհետեւ Զազբուրգում, Վիեննայում եւ Դուբայում

2014 թվականին Ավստրիայի Զազբուրգ քաղաքում 36 երկրների ժամանած ներկայացուցիչների մեջ բժշկուհին միակն էր, որ արժանացավ գերազանցության դիպլոմի

Մասնակցել է նաեւ Եգիպտոսի Ալեքսանդրիա, Արաբական միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքներում անցկացված բժշկական գիտաժողովների

Իր ձեռք բերած փորձը, գիտելիքները եւ նորարարական բուժմոտեցումները տեղայնացնել է իր հարազատ Գյումրի քաղաքում

Բազմիցս արժանացել է մարզային պատկան մարմինների բարձր գնահատանքին

Կրկնակի անգամ արժանացել է ՀՀ առողջության նախարարության կողմից պատվոգրի, իսկ 2024 թվականին <<Հուսալի բժիշկ>> անվանակարգում, <<Կոչումով կին ոսկե կոդ>> մրցանակների, ինչպես նաեւ առողջության զարգացման ոլորտում ունեցած մեծագույն վաստակի, բացառիկ պրոֆեսիոնալիզմի, բարձր պատասխանատվության, մարդասիրության եւ բարեխիղճ աշխատանքի համար <<Որակի նշան>> ընկերության կողմից արժանացել է <<Տարվա մարզային քիթ-կոկորդ-ականջաբան>> անվանակարգում մրցանակի

Առաջիկայում նոյեմբերի 1-7-ը վերապատրաստման նկատառումներով մեկնում  է Հռոմ, այնուհետեւ 2025 թվականի փետրվարի 15-19-ը Մայամի, ապրիլի 25-28-ը Փարիզ <<դեմքի էսթետիկ եւ վերականգնողական բժիշկ>> թեմայով վերապատրաստման դասընթացների

2002 թվականից հիմնադրել է քիթ-կոկորդ-ականջաբանական կլինիկա, որտեղ ազատ օրերին կազմակերպում է բաց դռների օրեր իրեն դիմաց բուժառուների նեղ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար

There is no translation available.

     «Ուշադիր եղեք ձեր առողջությանը, ժամանակին դիմեք բժշկի,  և մենք՝ բժիշկներս կկատարենք մեր առաքելությունը»

Զուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են, և ամեն մեկն աշխարհն ընկալում է յուրովի: Ավաղ, այն կախված է ոչ միայն նրանց անհատականությունից, այլ նաև` առողջական վիճակից:

Շրջապատող աշխարհի մասին տեղեկության 90%-ը մենք ստանում ենք տեսողական զգայարանի շնորհիվ:

Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, և Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը: Աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման համար խիստ կարևոր է աշխատանքը սկսել հենց առաջնային օղակներից` պոլիկլինիկաներից:

Եվ բնական է, որ ցանկացած երկրում անչափ կարևորվում են տեսողության հետ կապված խնդիրները, և ակնաբուժությունն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ ու պահանջված ուղղություններից մեկը: Ոլորտ, որտեղ բարձրակարգ և սրտացավ բժիշկ-մասնագետներն իրենց գործի նվիրյալներն են: Մեծատառով բժիշկ կարելի է համարել այն մասնագետին, ով մարդուն կարող է վերադարձնել աչքի լույսը, աշխարհն իր բոլոր երանգներով տեսնելու երջանկությունը: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Երևան» բժշկագիտական կենտրոնի՝ նախկին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի Ակնաբուժական անոթային բաժանմունքի ակնաբույժ, ակնավիրաբույժ Մարիամ Նալբանդյանը: Հաճելի կին և հետաքրքիր զրուցակից, ով մարդկանց լիարժեք տեսողություն պարգևելու, կյանքը վայելելու շնորհակալ գործն է իրականացնում` իր բազմավաստակ աշխատանքային փորձով ու բացառիկ գիտելիքների շնորհիվ` կենտրոնում իրականացնելով ակնաբուժական մի շարք վիրահատություններ: Բժշկուհին անցել է մի շարք վերապատրաստումներ աշխարհի բազմաթիվ երկրներում և Երևանում կազմակերպված նշանակալից դասընթացներին, մասնակցել մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների և սեմինարների: Նա ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը և երբեք չի զղջացել: Առաջնորդվել է իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը:

-Բժշկուհի, ընտրել եք ռիսկային և շատ պատասխատու աշխատանք, ինչո՞ւ հենց նեղ մասնագիտացում ընտրեցիք ակնաբուժության ոլորտը։

- Երբ ավարտում էի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այդ տարիներին՝ ինստիտուտը, դեռ կողմնորոշված չէի իմ նեղ մասնագիտության հարցում։ Մորաքրոջս ամուսինն է ինձ ուղղորդել ակնաբույժի մասնագիտության ընտրության մեջ, ու այդ իսկ պահից սկսած, կարծես թե, գիտակցեցի, որ ես մեծ սիրով կդառնամ ակնաբույժ: Բժշկությունն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է, և եթե ինձ կրկին հնարավորություն ընձեռվեր մասնագիտության ընտրության կատարել, ապա միանշանակ կընտրեի ակնաբուժության գեղեցիկ և հետաքրքիր ոլորտը։ Հավատացեք` անսահման սիրում եմ իմ մասնագիտությունը, ամեն օր ապրում իմ յուրաքանչյուր բուժառուի ապրումներով, և ուրախություն վերապրում` յուրաքանչյուր ապաքինվածով։

-Ակնաբուժական ի՞նչ խնդիրների դեպքում կարող են Ձեզ դիմել։

-Բնականաբար ամեն ակնաբույժ ունի իր նեղ մասնագիտացման պրոֆիլը. ես կատարում եմ կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա վիրահատությունը և հիմնականում զբաղվում եմ աչքի հատակի հետ կապված պաթոլոգիաներով՝ շաքարային դիաբետի, հիպերտոնիայի ժամանակ, աչքի հատակի ցանցաթաղանթի տարիքային փոփոխությունների, և իրականում ամեն մի բուժմոտեցմամբ, ինչ կապված է աչքի հատակի հետ: Նաև ցանկացած այլ պաթոլոգիա` ակնոցների նշանակում աստիգմատիզմի, կարճատեսության, և հեռատեսության ժամանակ: Աշխատում եմ ամենայն պատասխանատվությամբ և սիրով, իրականացնում բուժօգնություն իմ ներուժի սահմաններում և սահմաններից դուրս:

-Իսկ  մեր ժամանակներում  աչքի  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։ Ըստ Ձեր աշխատանքային փորձի` որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները։

- Կարելի է ասել` բոլոր հիվանդություններն են այսօր երիտասարդացում ապրել:

Երիտասարդացում են ապրել հիպերտոնիկ հիվանդության արդյունքում ակնահատակի վնասումը, շաքարային դիաբետի թողած լուրջ հետևանքը աչքերին: Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը առաջին հերթին վնասում է անոթները, որից հետո, ցավոք, շղթայաձև առաջանում են այլ օրգան համակարգերի  պաթոլոգիաները։ Առավել շատ երիտասարդացել է կարճատեսությունը, որը մեծապես պայմանավորված  է մեր առօրյա կենսակերպով` այս տեխնոլոգիական դարում համակարգիչ-հեռախոս համատարած կիրառումը բերում է  այդ խնդրին: Ամենից հաճախ հանդիպող աչքի հիվանդություններն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը, կատարակտը, գլաուկոման, ցանցաթաղանթի խնդիրները, վիրուսային, բակտերիալ շաղկապենաբորբերը և այլն: 

- Ի՞նչ է կատարակտը, և կա՞ն արդյոք կատարակտի վիրահատության նորագույն մեթոդներ։

- Կատարակտը հիվանդություն է, որի դեպքում ակնագնդի ներսում գտնվող թափանցիկ  ոսպնյակը մասնակի կամ ամբողջությամբ  պղտորվում  է, իսկ  այդ թափանցիկ բնական ոսպնյակը  թույլ է տալիս, որ լույսի ճառագայթներն աչքում բեկվեն, անխափան մուտք գործեն դեպի ակնահատակ՝ ցանցենի: Տարիների ընթացքում, տարբեր պատճառներով այն կարող է պղտորվել,  խափանել լույսի ճառագայթների ներթափանցումը, բերել տեսողության սրության վատացման, մինչև իսկ` լուսազգացողության: Կատարակտը կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի: Հիվանդության միակ բուժումն ամբողջ աշխարհում վիրահատական միջամտությունն է, որի ժամանակ բնական պղտոր ոսպնյակը փոխարինվում է արհեստական թափանցիկ ոսպնյակով: Ամենաժամանակակից մեթոդը (նվազագույն ռիսկեր պարունակող, նվազագույն տրավմատիկ, վստահելի) կոչվում է ֆակոէմուլսիֆիկացիա։ Այս վիրահատությունը կատարվում է առանց կտրվածքի, առանց կարի, փոքր անցքով, տեղադրվում են ժամանակակից փափուկ, ճկվող ոսպնյակներ` ցանկացած արտադրության և մոդելի:

-«Չոր աչքի համախտանիշ»։ Կմանրամասնե՞ք:

- Վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախ հանդիպում ենք «չոր աչքի համախտանիշ» ախտորոշումը, որը նկատելի է պրակտիկորեն ցանկացած մարդու մոտ: Այն տեսողության խնդրի հետ ընդհանրապես կապ չունի, ուղղակի կապված է աչքի հիգիենայի հետ: Խնդիր, որի նպաստող պայմաններն են համակարգիչները, հեռախոսը, կլիման, օդորակիչները, տաքացուցիչները, գործառույթներ, որոնք մեծապես պայմանավորված են մեր առօրյա կենսակերպով: Այդ դեպքում մենք ավելի հազվադեպ ենք թարթում աչքերը, և արցունքային շերտը ավելի արագ է գոլորշիանում, որոնք բերում են օդի չորացմանը: Ուղղակի խորհուրդ է տրվում օգտագործել խոնավացնող կաթիլներ։

-Լինզա՞, թե՞ ակնոց։ Ո՞րն է ավելի արդյունավետ:

-Դրանք ցուցված են` իրավիճակից ելնելով, ինչպես նաև բուժառուի ցանկությամբ: Լինում են դեպքեր, երբ բժիշկը ինքն է ցուցում տալիս կրել լինզա, թե՝ ակնոց։ Լինզա կրելուց վնաս չկա, ուղղակի պետք է գրագետ պահպանել լինզաների հիգիենան։ Օրինակ` եղջերաթաղանթի որոշ հիվանդությունների դեպքում լիզան հակացուցված է։ Իրականում այսօր լինզաների տեսակներն էլ բավականին բազմազան են, եթե աստիգմատիզմի ժամանակ նախկինում լինզաներ չկային, այսօր արդեն կան: Կան նաև կերատոկոնուսի դեպքում սկլերալ լինզաներ։

-Ի՞նչ խնդրի կարող է հագեցնել աչքերին շաքարային դիաբետը:

-Հիմնականում ակնահատակի պաթոլոգիաների մեջ մեծ տոկոս են կազմում շաքարային դիաբետի հետևանքով առաջացած բարդությունները, որոնք ամբողջ աշխարհում համարվում են կուրության առաջացման համար մեկ պատճառներից մեկը: Հիվանդությունը կոչվում է դիաբետիկ ռետինոպաթիա, որի դեպքում ախտահարվում է աչքի ցանցաթաղանթը: Այդ հիվանդության բուժման մեջ առաջնայինը էնդոկրինոլոգ- ակնաբույժ սերտ կապի անհրաժեշտությունն է, ու ցանկացած բուժառուի մոտ խնդրի հայտնաբերման դեպքում պետք է պարտադիր լինի ակնաբույժի մշտական հսկողություն, և կապ չունի` գանգատներ կան, թե` ոչ, տեսողությունը բավարար է, թե` ոչ։

-Բժշկուհի, արդյո՞ք բուժելի է  կուրությունը:

-Նախևառաջ կարևոր է, թե ինչ պատճառով է զարգացել կուրությունը։ Ակնաբուժության մեջ այն լայն հասկացություն է և պատճառահետևանք: Կուրությունն այն է, երբ բուժառուն լույս չի տեսնում: Օրինակ` հասուն և գերհասուն կատարակտները բերում են տեսողության իջեցման, ընդհուպ` լուսազգացողության, այսինքն` մարդը կարող է այդ աչքով զգալ միայն  լույսի առկայությունը՝ դա կուրություն չի համարվում և վիրահատական միջամտությունից հետո տեսողության սրությունը կարող է բարձրանալ մինչ 100%:  Ցանցենու շերտազատման ժամանակ տեսողությունը նույնատիպ կարող է նվազել, և եթե վիրահատությունը կատարվում է ժամանակին, տեսողությունը կարող է բավականին բարձրանալ:

- Ներակնային բարձր ճնշումը ի՞նչ խնդրի ահազանգ է:

-Շատ հաճախ այն աչքի կառուցվածքի խնդիր կարող է համարվել: Բավականին լուրջ պաթոլոգիա է: Այդ խնդրի առանձնահատուկ վտանգն այն է, որ ներակնային բարձր ճնշումը վնասում է ակնահատակի տեսողական նյարդը: Դա գլաուկոմա հիվանդությունն է, որն անհապաղ բուժում է պահանջում՝ կոնսերվատիվ կամ վիրահատական: Ցավոք սրտի, եթե անտեսվի այս հիվանդությունը, աչքի հատակում տեսողական նյարդը կենթարկվի ատրոֆիայի։

-Հասցնո՞ւմ եք արդյոք մասնակցել վերապատրաստումների Ձեր գերլարված աշխատանքային գրաֆիկին զուգահեռ։

-Բավականին ծավալուն և մեծ ճանապարհ եմ անցել վերապատրաստման առումով, և մինչ օրս էլ մասնակցում եմ: Սեպտեմբերին պատրաստվում եմ մասնակցել ակնաբուժության եվրոպական ամենամեծ համաշխարհային կոնֆերանսին` կատարակտայի և ռեֆրակցիոն լազերային վիրահատությունների նորագույն, նորարական բուժմոտեցումներ թեմայով։

-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։

- Ինքս աշխատում եմ կլինիկական օրդինատորների հետ ու շատ դրական կարծիք ունեմ, և լիահույս եմ, որ հետագայում շատ լավ մասնագետներ են լինելու։ Ունենք բավականին նպատակասլաց, պրպտող, ձգտող երիտասարդ կադրեր, խոստումնալից են, և շատ բան իրականում մեր ավագ սերնդից էլ է կախված, մենք պետք է իրենց գիտելիք տանք, որ պահանջենք։ 

-Ի՞նչ կասեք առաջնային օղակի գորճելաոճից:

-Բավականին աշխատանք է այսօր տարվում առաջնային օղակներում, պոլիկլինիկաները տեխնիկական հագեցվածություն ունեն, և այնտեղ աշխատում են գրագետ և բանիմաց բժիշկներ: Եվ այնտեղ հայտնաբերվում են պաթոլոգիաները և ուղղորդվում համապատասխան նեղ մասնագետների մոտ։

-Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելություն է, թե՝ կոչում։

-Ըստ իս` միանշանակ առաքելություն, եթե սիրում ես մասնագիտությունդ, ապրում ես դրանով և դարձնում ես այն քո ապրելակերպը: Տարիների փորձն է ցույց տալիս` դու արդյո՞ք կարող ես Հիպոկրատի տրված քո երդմանը հավատարիմ մնալ, թե` ոչ։

 -Ո՞րն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձևը:

- Իրականում տեղեկատվությունը մարդն  առաջնահերթ ստանում է աչքերի միջոցով, որն ուղղակի կապ ունի ինքնադրսևորման հետ: Գիտնականներն էլ մշտապես պնդել են, որ մարդն արտաքին աշխարհից 90 տոկոս տեղեկատվությունը ստանում է աչքերի միջոցով: Ուստի անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի, զննումներ անցնել, հարկ եղած դեպքում վիրահատվել, որպեսզի կանխարգելվի հիվանդությունների հետագա զարգացումը: 

-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Պարզապես կհորդորեմ, որպեսզի բուժառուները ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, ժամանակին դիմեն բժշկի,  մենք՝ բժիշկներս էլ սրտացավ և կարեկից կկատարենք մեր առաքելությունը։ Թող առավելագույնս ուշադիր լինեն աչքի լույսի նկատմամբ: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, բնականաբար հեշտ կլինի և դրա հետագա բուժումը: Խորհուրդ կտայի առաջին իսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմել ակնաբույժի:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

There is no translation available.

«Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա»

Յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն արժեքներ են  ընտանիքն ու երեխան, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազում գույներով: Յուրաքանչյուր կին ծնված օրից իր մեջ կրում է մայրական բնազդը, որը տարիքի հետ հասունանում և ուղեկցում է նրան ողջ կյանքում: Թեև աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց ավաղ, նրանց մի մասը զրկված է մայրանալու երջանկությունից:

Հայաստանում անպտղության ցուցանիշը օր օրի ավելի մտահոգիչ է դառնում։ Այն գերակա հիմնախնդիր է` սոցիալական ու բժշկական առումներով: Բայց ուրախությամբ պետք է փաստել, որ ժամանակակից բժշկությունն արդեն վաղուց  կարողացել է  անպտղությանը ոչ ասել՝ շնորհիվ ինչպես բժշկագիտության առաջընթացի, այնպես էլ` այս ոլորտի իսկապես նվիրյալ ու անձնուրաց բժիշկների: 

Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգն ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասին գիտի ավելին, քան նույնիսկ շատ հարազատ մարդիկ: Լուրջ խնդիրներով ցանկացած պացիենտ առաջին հերթին բողոքում է ոչ թե իր հիվանդությունից, այլ բուժման բազմաթիվ փուլերով ու բժշկական տարբեր կաբինետներով անցնելուց: Մինչդեռ այս ամենից կարելի էր ոչ միայն խուսափել, այլև առողջության պահպանման ավելի մեծ երաշխիքներ ունենալ:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի և «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ: Բժշկուհին հիմնականում զբաղվում է ծննդօգնությամբ և  հղիության վարումով, և երկար տարիների աշխատանքային փորձ ունենալով` նրա պրակտիկայում քիչ չեն նաև դեպքերը, երբ իր մոտ ծննդաբերել են կանայք, ովքեր իր օգնությամբ են լույս աշխարհ բերել իրենց փոքրիկին: ժամանակին  ընտրելով բժշկի մասնագիտությունը` բժշկուհին մասնագիտական պատվով էլ շարունակում է կատարել իր աշխատանքը: Մարդկային բարձր առաքինություններով օժտված բժշկուհին վստահ կանգնած է իրեն դիմած յուրաքանչյուր ամուսնական զույգի կողքին և ամեն  վայրկյան հոգածությամբ պայքարում է ամենաարժեքավորի` կնոջ առողջության պահպանման համար: Նա ապրում է իր բուժառուների հոգսերով, ում  համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր մանկան ծնունդը: Արմինե Մխիթարյանը  ջանք ու եռանդ չի խնայում՝ զույգերին նվիրելու ծնող դառնալու մեծագույն և այնքան բաղձալի բերկրանքը:

-Բժշկուհի, ի՞նչ է էնդոմետրիումի հիպերպլազիան։ Ի՞նչ պաթոլոգիա է այն։

-Էնդոմետրիումի հիպերպլազիան լինում է հորմոնալ փոփոխությունների դեպքում, կարող է հանդիպել թե՛ երիտասարդ տարիքում և թե՛ մեծ  տարիքային շեմում, և հնարավոր է կրի նաև չարորակ բնույթ: Էնդոմետրիումի հիպերպլազիան (արգանդի խոռոչը պատող լորձաթաղանթը) հյուսվածքի ախտաբանական տարածումն ու խտացումն է: Այս գործընթացն իր բնույթով բարորակ է և տեղի է ունենում էնդոմետրիումի բջիջների չափազանց ակտիվ բաժանման պատճառով: Արգանդում կա լորձաթաղանթ, ֆունկցիոն շերտ, որը դաշտանի  արյան հետ դուրս է գալիս։ Տարբերակվում է պրոֆերացիա և սեկրեցիա, այսինքն՝ լորձաթաղանթը հաստանում է հորմոնալ ազդեցության տակ, երբ այդ հորմոնալ համակարգը խախտվում է, սկսում է լորձաթաղանթի գերաճ։ Երբ մենք գործողություն ենք կատարում բուժիչ կամ դիագնոզիչ քերուկ ենք վերցնում` լինի գա հիստերոսկոպայի միջոցով, թե` ուղղակի գործիքային, երբ հեռացվում է լորձաթաղանթը, որպեսզի արյունահոսությունը կանգ առնի, լորձաթաղանթը ուղարկվում է հետազոտման` հասկանալու համար գոյացությունը բարորակ է, թե` չարորակ: Եվ, հուրախություն մեզ, 80-90 տոկոս դեպքերում բարորակ է լինում հիպերպլազիան, որն էլ ենթակա է բուժման: Նախ պետք է գերաճած լորձաթաղանթը հեռացնել, և եթե հորմոնալ բնույթ է կրում, բուժում նշանակել, իսկ բացասական պատասխանի դեպքում որպես ցուցում կատարվում է վիրահատական միջամտություն։ Կախված կնոջ տարիքից` մեր կողմից մշակվում է բուժման ընթացակարգը։ Կարող է նույնիսկ արգանդի  հեռացման կարիք լինել։ Կա նաև ուղղակի լորձաթաղանթի հեռացում: Իսկ եթե կինը երիտասարդ է, հետագա պլաններից կախված՝ նշանակվում է հորմոնալ բուժում։

-Արգանդի կպումները՝ սինեխիաները, ի՞նչ խնդրի հետևանք են:

-Այն պաթոլոգիա է, որի դեպքում արգանդի խոռոչում մասնակի կամ ամբողջական կպումներ են ի հայտ գալիս, որը կոչվում է սինեխիա կամ Աշերմանի համախտանիշ։ Հանդիպում է ցանկացած տարիքում և հիմնականում չի դրսևորվում ախտանշաններով, չի սպառնում կյանքին, սակայն կարող է հանգեցնել այլ պաթոլոգիաների՝ դաշտանի խանգարման, անպտղության, հղիության կրելախախտի և այլն։ Հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, եթե մի քանի վիժում է եղել, հնարավոր չի լինում հղիանալ կամ ամիսներ շարունակ դաշտանը բացակայել է: Առաջանում է այն ժամանակ, երբ արգանդի խոռոչում բժշկական միջամտություններ են իրականցվում, երբ հնարավոր է լորձաթաղանթից շատ վերցվի, այդ տեղում առաջանում են կպումային պրոցեսներ։ Դա էլ վիրահատական միջամտությամբ կարողանում ենք վերացնել։ Ներարգանդային կպումները հնարավոր է հեռացնել միայն հիստերոռեզեկստոսկոպի միջոցով, ինչը կատարվում է վիրահատարանում և հետագայում վերահսկվում ՈւՁՀ-ի միջոցով։ Վիրահատությունից հետո, ըստ ցուցման, էնդոմետրիումի վերականգնման նպատակով նշանակվում է հորմոնային թերապիա։

-Պոլիպներ: Կմանրամասնե՞ք:

-Պոլիպները` նույն հիպերպլազիան, պատճառագիտություն ունեն. դրանք էլ մեծ մասամբ բարորակ են լինում, բայց բնականաբար խանգարում են հղիության զարգացմանը` նայած իրենց տեղակայումից: Պոլիպների դեպքում միմիայն ցուցված է վիրահատական միջամտություն, այն լորձաթաղանթի գոյացություն է։ Հեռացվում է հիստալոգիայից հետո, և թելադրվում է մեր հետագա բուժմոտեցումը։  

 -Արհեստական ընդհատումներ։  Հաճա՞խ են այսօր դիմում:

-Ես կտրականապես հրաժարվում եմ արհեստական ընդհատումներ կատարել, միայն ընդհատում ենք խիստ բժշկական ցուցումների դեպքում։ Ես շատ հավատքով մարդ եմ, ինձ համար մեծ նշանակություն ունի, եթե Աստծո կամոք հղիություն է գրանցվել, և խանգարող խոչընդոտ չկա հղիության համար, ապա այդ երեխան պետք է լույս աշխարհ գա:

-Բժշկուհի, խոսենք արգանդի միոմայի մասին:

-Արգանդի միոման բարորակ գոյացություն է, որն առաջանում է մկանային հյուսվածքից: Արգանդի միոման կարող է լինել մեծ չափերի, և հաճախ միայն այդ դեպքում է կինը դիմում մասնագետին։ Կլինիկական դրսևորումները հաճախ պայմանավորված են լինում միոմայի տեղակայմամբ, չափերով։ Դրանք, պարզ անհարմարավետությունից զատ, կարող են ցավային համախտանիշի, արյունահոսությունների և այլ բարդությունների պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով հորդորում եմ կանանց ժամանակ առ ժամանակ դիմել գինեկոլոգին, համապատասխան հետազոտությունների ենթարկվել, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն խնդիրները, կանխարգելվեն հնարավոր բարդությունները կամ բուժվեն։

Արգանդի հեռացումը բազմաթիվ պատճագիտություն ունի, կատարվում է խիստ ցուցումների դեպքում, երբ այլընտրանք չկա, պետք է հեռացնել արգանդը, որպեսզի փրկենք կնոջ կյանքը։ Կան պաթոլոգիաներ, որոնց դեպքում ցուցված է, օրինակ, առատ արյունահոսությունները, մեծ միոմաների դեպքում, երբ արդեն տարիքային այդ օրգանը իր գործառույթը չի կարող կատարել, այդ դեպքում ամբողջական հեռացվում է։ Կարող է լինել արգանդի պարանոցի պաթոլոգիա. ուղղակի բուժող բժիշկը հապճեպություն չպետք է դրսևորի, որոշակի հետազոտություններ կատարելուց հետո նոր տա ճշգրիտ և գրագետ բուժմոտեցում։

- Վիժում, ի՞նչը կարող է հանգեցնել վիժման։

-Վիժումները կարող է առաջանալ սեռավարակների, էնդոկրին համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, օրինակ` վահանաձև գեղձի հիպոթիրեոզի պատճառով, ժառանգական նախատրամադրվածության, արյան մակարդելիության գերակա խնդրի առկայության դեպքում, ինչպես նաև պատճառ կարող են հանդիսանալ զույգերի գենետիկ անհամատեղելիությունը։

-Ըստ Ձեր աշխատանքային փորձի` գինեկոլոգիական ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Ըստ իս` արգանդի միոմաները, նախկինում այսքան մեծ տոկոս չէին կազմում։ Միոման մկանային շերտի գերաճ է, գոյացություն է, որը զարգանում է` հորմոնալ ֆոնի փոփոխություններով պայմանավորված: Նայած, թե այն ինչ տեղակայում ունի, ըստ այդմ ձեռք է բերում իր անվանումը։ Օրինակ, եթե ավելի արտաքին շերտին մոտ է տեղակայված, ստացել է սուպսերոզ անվանումը, եթե անմիջապես արգանդի մեջ է տեղակայում գտել, նիտրամուռալ է, եթե լորձաթաղանթին մոտ է, ապա այն սուպմուկոզ է:  Շատ վտանգավոր են լորձաթաղանթի մոտ գերաճած միոմաները, որոնք ավելի շատ են արյունահոսության պատճառ հանդիսանում և իրենցից մեծ վտանգ են ներկայացնում:

-Արտարգանդային հղիությունը ի՞նչ պայմաններում է զարգանում։

-Մեծ մասամբ կպումային պրոցեսից է զարգանում, երբ պտղաձուն ձևավորվում է և, այսպես ասած, ճանապարհի անանցանելիության պատճառով չի հասնում արգանդ։ Կարող է նաև զարգանալ ինֆեկցիաների, նախկինում տարած վիրահատությունների, էնդոմետրիոզի դեպքում, իրականում պատճառագիտությունը բավականին բազմազան է։

-Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելությո՞ւն է, թե՝ կոչում։

-Կարծում եմ, որ երկուստեք պետք է լինի, տարանջատել չեմ կարող։ Ես դեռ 12-13 տարեկան էի, որ որոշումս արդեն կայացրել էի, որ պետք է զբաղվեմ բժշկությամբ: Ըստ իս` ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է բժշկի աշխատանքը, և ի վերուստ ինձ տրված է եղել միանշանակ այդ առաքելությունը, իսկ կոչումը ձեռք ես բերում  աշխատանքային տարիների թողած եզրագծով։ Իմ արմատներում չեն եղել բժիշկներ: Իսկ իմ երեխաների դեպքում` աղջիկս է ընտրել բժշկությունը, իրականում ես իրեն ուղղորդել եմ մասնագիտացման մեջ, բայց ոչ գինեկոլոգիա: Այսօր արդեն ուսանում է 6-րդ կուրսում: Իմ նեղ մասնագիտացման տարիներին ունեցել եմ բավականին շատ ուսուցիչներ, կնշեմ Վարդան Վլադիմիրի Ռափյանի,  Արմեն  Հրաչի Գրիգորյանի, Դավիթ Պողոսի Իգնոյանի անունները, որոնց ներուժը իմ նեղ մասնագիտացման մեջ անուրանալի է: Ես միշտ սիրում եմ շարունակական կրթությունը. մասնակցում եմ կոնֆերանսների, առցանց վերապատրաստման դասընթացների, մեկնում եմ նաև արտերկիր, մասնակցում վերապատրաստման դասընթացների, աշխատում եմ զերծ չմնալ նորությունների զարկերակից։

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում առողջապահությունը ո՞ւմ ձեռքերում է:

-Բավականին բանիմաց երիտասարդ կադրեր ունենք: Իրականում եթե ընտրած մասնագիտությունը չսիրես, հավատացեք, լավ մասնագետ չես դառնա։ Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էին, հիմա` ինտերնետային դարում, ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։

-Որքանո՞վ է հայ կինը ուշադիր իր առողջության նկատմամբ։

-Նախկիում պատկերն այլ է, ըստ հայկական մտածելակերպի` մինչև դանակը ոսկորին չէր հասնում, չէին դիմում բժշկի: Բայց այսօր հակառակ պատկերն է, սկսել են հետևել իրենց առողջությանը, որն ինձ համար ուրախալի փաստ է:

-Ո՞վ կամ ի՞նչն է ձեր ոգեչնչման աղբյուրը։

-Ես սիրում եմ բարին արարել, բարեգործ լինել, օգտակար լինել ինձ շրջապատող մարդկանց, իմ ուժերի շրջանակներում աջակցել, իսկ եթե իմ ուժերից վեր է, խորհրդով օգնել։ Աստված ինձ շնորհել է  բնավորության այս գծով` հնարավորինս լավը արարել, գրեթե ոչ ոքից չեմ նեղանում, քանի որ մտածում եմ, որ հաստատ դիմացինը այդ պահին հոգեկան գերլարված վիճակում է  եղել, որ այդպես է արտահայտվել, պետք է իր կողքին լինել, և ոչ թե նեղսրտել։ Իրոք  հարգենք միմյանց, չվիրավորենք, սիրենք, ոչ թե ձևական  խոսքեր շռայլենք։

-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Բոլոր  բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք  է  փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա  համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Կցանկանամ, որ բոլոր կանայք զգան մայրանալու բերկրանքը, ունենան շատ բալիկներ, չէ՞ որ մեր ազգաբնակչության գենոֆոնդն այս պահին բավականին ցածր մակարդակի վրա է։ Մեր ազգը պետք է շատանա, մենք` բժիշկներս էլ, պատրաստակամ ենք աջակցել և ցանկացած առողջական խնդրի դեպքում լինել ամուսնական զույգերի կողքին։ Առողջ, արժանի ապագա սերունդ է մեզ պետք։

Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը  

Страница 1 из 68

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր