Lusine

Lusine

Բժշկի աշխատանքային ճանապարհը հիվանդի կյանքի եւ առողջության համար ամենօրյա դժվարին պայքար է
Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, եւ  Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից եւ կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը: Աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերման համար խիստ կարեւոր է աշխատանքը սկսել հենց առաջնային օղակներից` պոլիկլինիկաներից: Բժիշկները պետք է մշտապես աչալուրջ լինեն ակնային բարդությունների նկատմամբ:
ժամանակակից ակնաբուժության խնդիրների մասին զրուցեցինք «Վ. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ-միկրովիրաբույժ ԱՐԱՔՍՅԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ: Բժշկուհի, ով ակնաբուժության ոլորտում կատարած իր պրոֆեսիոնալ աշխատանքի եւ մասնագիտական անմնացորդ նվիրման համար հասարակության մեջ մեծ հարգանքն է վայելում: 
-Տիկի՛ն Առաքելյան,  իրականացնում եք աչքի Էքսիմեր-լազերային վիրահատություններ: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:
-Էքսիմեր-լազերային վիրահատությունները հիմնականում կատարվում են կարճատեսության, հեռատեսության եւ տարբեր տեսակի ասիգմատիզմների ժամանակ, իսկ դրանց նպատակը պացիենտին ակնոցից եւ կոնտակտայյին ոսպնյակներից ազատելն է. վիրահատությունից հետո լավանում է տեսողության որակը: Բարձր աստիճանի կարճատեսությունների դեպքում էքսիմեր-լազերային վիրահատությունը հիվանդության հետեւանքները չի վերացնում (օրինակ, եթե ցանցաթաղանթի վնասվածք կա), բայց շտկում է տեսողությունը, եւ այդ իսկ պատճատով հիվանդները մնում են մեր հսկողության տակ: Հիմնական ցուցումներից մեկն այն է, որ պացիենտի տարիքը պետք է լինի 18 տարեկանից բարձր,  ասինքն` հասունացման շրջանում մենք վիրահատություն չենք կատարոմ, հսկողություն է սահմանվում մինչեւ 18 տարեկան դառնալը, որպեսզի հիվանդությունը վերջնական կանգ ունենա: Մեր նպատակն է մեկ անգամ եւ այնպես կատարել վիրահատությունը, որպեսզի տեսողությունը մարդուն ծառայի մինչեւ կյանքի վերջ: Հազվադեպ բարձր աստիճանի կարճատեսության դեպքեր են գրանցվում, երբ կարող է փոքրիկ վերադարձ լինել, որն էլ շտկվում է անվճար հիմունքներով: Եթե վիճակագրությանը հետեւենք, ապա 5000-6000 մեզ դիմածներից մեկի մոտ կարող է այն կրկնվել: Այդ իսկ պատճառով նրանք մշտապես մեր հսկողության տակ են մնում: Վիրահատությունն անվնաս է համարվում, այն իրականացվում է գերժամանակակից սարքավորումներով, բայց կան մի շարք հակացուցումներ որոնց դեպքում չի կատարվում վիրահատական միջամտություն: Ուստի պարտադիր իրականացվում է 10 տեսակի հետազոտություն, եւ, եթե պարզվում է, որ պացիենտի մոտ ոչ մի ցուցանիշ խախտված չէ, կասկած չի հարուցում, ու պետք չէ հսկողություն սահմանել ժամանակի ընթացքում,  նշանակվում է վիրահատություն: Ընդ որում, նախօրոք տեղեկացվում է, թե ինչպիսի տեսողություն կունենա վիրահատական միջամտությունից հետո: Եթե պացիենտին այդ պայմանները բավարարում են, այդ դեպքում միայն կատարվում է վիրահատությունը: Բացի տարիքից, վիրահատությունը հակացուցված է նաեւ եղջերաթաղանթի կերատոկոնուս հիվանդություն դեպքում, որը լայն տարածում ունի մեր երկրում: Մոտավորապես 9 տարի է, ինչ կատարում ենք կերատոկոնուսի վիրահատություն  ժամանակակից մեթոդով, իսկ նախկինում այդ վիրահատությունը չէր կատարվում: Այն եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է, ստանում կոնի տեսք, եւ այդ իսկ պատճառով ստացել է կերատոկոնուս անվանումը: Նման հիվանդության դեպքում մարդը կորցնում է տեսողությունը աստիճանաբար` փուլերով, եւ այն կարող է հանգեցնել ընդհուպ եղջերաթաղանթի պատռվածքի:  Նախկինում սպասում էին՝ այնքան բարակի թաղանթը, որ կատարվեր փոխպատվաստում, ինչը բավականին բարդ վիրահատություն է, բացի այդ, պացիենտի համար համատեղելիության առումով թաղանթը հայթայթելու խնդիրներ էին ծագում: 
 Կարող եմ ասել, որ այս վիրահատության ներդրումով ակնաբուժության մեջ հեղափոխական շրջադարձ եղավ, այսինքն, երբ գերմանացի եւ շվեյցարացի բժշիկների համատեղ ջանքերով, նրանց հետազոտությունների արդյունքում ստեղծվեց այդ նոր մեթոդը, որը կոչվում է եղջերաթաղանթի  կռոսլինքինգ: Այն արդյունավետ վիրահատություն է, որովհետեւ ավելի թեթեւ, այլ ոչ թե ծանր ընդհանուր անզգայացմամբ է իրականացվում: Վիրահատական միջամտությունից հետո, առաջին հերթին, հիվանդությունը չի տարածվում, չի վատացնում տեսողությունը, հիվանդության կանգ է տեղի ունենում, եւ, որքան շուտ այն հայտնաբերվի, այնքան երկար կպահպանվի եղջերաթաղանթը: Ընդհանրապես շատ կարեւոր է հիվանդությունները ժամանակին հայտնաբերելը, ու, քանի որ շատ անգամ կլինիկաների, պոլիկլինիկաների բժիշկներն են առնչվում այդ հիվանդություններով հիվանդների հետ, մենք միշտ նրանց հորդորում ենք նույնիսկ փոքր կասկածի դեպքում պացիենտին խորհուրդ տալ անհապաղ անցնել եղջերաթաղանթի հետազոտություն՝ տոպոգրաֆիա, որը կարող է մեզ տալ ճշգրիտ ախտորոշում, թե ինչ հիվանդություն է զարգանում այդ պահին: Ավելի լավ է ժամանակին ստուգվել, բուժվել, քան լինեն բացթողումներ, որոնք կհանգեցնեն ավելի բարդ վիճակների: Հիշեցնեմ, որ եթե արդեն հիվանդությունը շատ բարձիթողի վիճակում է, այդ մեթոդը չի օգնի. հիվանդությունը կկանգնեցվի,  բայց լավագույն տեսողության չի բերի: 
- Բժշկուհի՛, ինչպիսի՞ մասնագիտական ճանապարհ եք անցել, և այն ինչպե՞ս կգնահատեք այսօր:  
-Կոնկրետ չեմ կարող տարեթիվ նշել, բայց կարող եմ հստակ ասել, որ մանկուց սիրել եմ բժշկի մասնագիտությունը, եւ իմ գերակա նպատակն էր բժիշկ դառնալը: Ի դեպ, մեր ընտանիքում բժշիկներ չեն եղել. ծնողներս գիտնական ու երաժիշտ են, այնպես որ՝ իմ ճանապարհն ընտրել եմ ինքնուրույն ու երբեւէ չեմ փոշմանել դրա համար: Բժշկի մասնագիտությունը շատ դժվար եւ հոգսաշատ է. շատ անգամ հիվանդի հետ վերապրում ես նրա խնդիրը ու նաեւ պետք է հոգեբան լինես նրան տրամադրելու համար: Ընդհանրապես շատ նյարդային են դարձել թե՛ հիվանդները եւ թե՛ բժիշկները: Բոլորս էլ մահկանացու ենք, հոգնում ենք օրվա ընթացքում, բայց եթե մարդը դիմել է բժշկին, պետք է նրա աշխատասենյակից բավարարված դուրս գա: Պացիենտը շատ ժամանակ ուզում է, որպեսզի բժիշկն իրեն պարզապես լսի ու հասկանա, եւ եղել են դեպքեր, որ նա ագրեսիվ տրամադրված մուտք է գործել իմ աշխատասենյակ, բայց երբ ես  հանգիստ, մեղմ պատասխանել եմ իրեն հուզող հարցերին, բավարարված, ժպիտով հեռացել է: Բժշկի համար համբերատար լինելը շատ կարեւոր գործոն է: Ես լավ էի պատկերացնում բժշկի աշխատանքային ճանապարհը, հիվանդի կյանքի եւ առողջության համար ամենօրյա դժվարին պայքարը, հասկանում էի, որ դժվար է լինելու, սակայն չընկճվեցի ու ընտրեցի հենց այդ դժվարին, ու, միեւնույն ժամանակ, պատասխանատու ու պատվաբեր աշխատանքը:  
- Որքանո՞վ  է բժշկի մասնագիտությունն օգնում կամ խանգարում հայ կնոջն ընտանիքում: 
- Եթե կազմակերպված եւ  պլանավորված ես օրդ  դասավորում, նույնիսկ կարող ես ժամանակ գտնել քո հոբբիով զբաղվելու համար: Պարտաճանաչությունը, պատասխանատվությունը, կազմակերպվածությունն ինձ փոխանցվել է հայրիկիցս, եւ ես չեմ սիրում սպասեցնել իմ պացինտներին, հերթագրված ժամին կազմակերպում եմ ընդունելությունը: Շատ դեպքերում, երբ զանազան խնդիրներով, հոգսերով տուն ես գնում, պետք է այդ ամենը պահես քո մեջ, հիվանդանոցային մթնոլորտը չփոխանցես ընտանիքիդ անդամներին: Ու սովորաբար տանը չեմ կիսվում աշխատանքային խնդիրներով: 
- Հայաստանում աչքի հիվանդությունը «երիտասարդացե՞լ է», ո՞ր տարիքային խումբն է թիրախային: 
- «Երիտասարդացել է» վերը նշված կերատոկոնուսը՝ եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդությունը, որի ժամանակ եղջերաթաղանթը հարաճուն բարակում եւ ընդունում է կոնի ձեւ: Այն հիմնականում արտահայտվում է զարգացող աստիգմատիզմով եւ կարճատեսությամբ՝ պայմանավորված տեսողության վատացմամբ: Հիվանդները գանգատվում են ակնոցի օպտիկական ուժի հաճախակի փոխելու անհրաժեշտությունից եւ կոնտակտային ոսպնյակների անտանելիությունից: Հիվանդությունների «երիտասարդացումը» կարող է պայմանավորված  լինել ինչպես գենետիկ բնույթով, այնպես էլ՝ տեղանքով, մասնավորապես, շատ է տարածված բարձրադիր գոտիներում: Դրա զարգացմանը նպաստում է նաեւ արեւի տակ շատ գտնվելը, մի խոսքով՝ հայերի մոտ այն շատ է հանդիպում: Երկրորդը կարճատեսությունն է, որի «երիտասարդացմանը», բացի հեռուստացույցը, նպաստում են նաեւ բջջային հեռախոսները, համակարգիչներն ու պլանշետները: Կարճատեսության առաջացումը երկու պատճառ ունի. երբ երեխան կտրուկ հասակ է առնում կամ հեռախոսի հետ ժամերով, երկարատեւ զբաղվում է: Ամենավտանգավորը բջջային հեռախոսն է, եւ ավելի լավ է հեռուստացույց դիտել, քան թե զբաղվել հեռախոսով:  
 
- Նախկինում ՀՀ շատ քաղաքացիներ ստիպված էին լինում վիրահատության ենթարկվելու համար արտերկիր մեկնել, սակայն այսօր միտումն այլ է. նույնիսկ այլազգի կամ սփյուռքահայ քաղաքացիներն են այդ նպատակով գալիս Հայաստան: Ինչի՞ արդյունքում հասանք նման ցուցանիշների:
 
-Մանավանդ ամռան ամիսներին շատ ենք ունենում ոչ միայն հայ, այլեւ այլազգի այցելուներ: Գալիս, այստեղ վիրահատվում են, որովհետեւ մեզ մոտ ոչ միայն գինն ավելի մատչելի է, այլեւ մեր ունեցած գերժամանակակից տեխնիկան չի զիջում արտերկրի տեխնիկային: 
 
- Կա՞ն հայտնի անձինք Ձեր կյանքում, որոնց խորհրդին մշտապես հետևում եք: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
 
- Աշխատանքային պրակտիկաս սկսել եմ 8-րդ բուժմիավորուման ակնաբուժական մանկական բաժանմունքում՝ ակնաբուժության բնագավառի ամենավառ ներկայացուցիչներից հանգուցյալ Վերոնիկա Խրիստաֆորովնայի, Իրինա Իվանովնայի կողքին, որոնցից շատ գիտելիքներ եմ քաղել: Եվ հենց նրանք էլ եղել են իմ ուսուցիչները: Բայց երբ ի հայտ եկան նորագույն եւ լազերային մեթոդները, մեր երկրում կերատոկոնուս հիվանդության բուժման մեթոդը ինքներս ներդրեցինք: Այդ տարիներին վերապատրաստվել ենք շվեյցարացի գիտնական Թեոդոր Զեյլերի դպրոցում, Մոսկվայի Ֆյոդորովի անվան ակնաբուժական միկրովիրաբուժական ինստիտուտում, եւ ես նույնիսկ բախտ եմ ունեցել տեսնելու աշխարհահռչակ Ֆյոդորովին: Միասին մի գիտաժողովի մասնակցեցինք, որից հետո նա դժբախտ պատահարի զոհ դարձավ: Իմ նշածները մեծագույն մարդիկ էին, ակնաբուժության մեջ մեծ ավանդ ունեին, ստեղծել էին մի համակարգ, որտեղ իրականացվում էր ինչպես վիրաբուժություն, այնպես էլ՝ դեղորայքի արտադրություն, նույնիսկ գործիքների մշակում: Եվ մենք պարբերաբար օգտվում էինք այդ համակարգից:  Տարիներ առաջ Հայաստանում ներդրվեց կերատոկոնուսի բուժման մեթոդը, որը կոչվում է կրոսլինքինգ (Crosslinking): Կատարվում է եղջերաթաղանթի բարակած կոլագենային թելիկների խաչաձեւ ամրացում հատուկ ճառագայթների ու նյութի միջոցով: Այս մեթոդը կիրառվում է հիվանդության վատթար զարգացումը կանխարգելելու եւ տեսողությունը վերականգնելու նպատակով, եթե այն առաջին կամ երկրորդ աստիճանի է: Երրորդ և չորրորդ աստիճանների դեպքում կատարվում է եղջերաթաղանթի տրանսպլանտացիա` կերատոպլաստիկա դոնորական թաղանթով:
Մինչև այս մեթոդը Հայաստանում կիրառելի բուժիչ կամ կանխարգելիչ որեւէ այլ մեթոդ չկար: 2003թ. շվեյցարացի գիտնական Թեոդոր Զեյլերը, հայտնաբերելով կրոսլինքինգը, օգնեց աշխատունակ տարիքի միլիոնավոր մարդկանց պահպանել եւ որոշ չափով լավացնել տեսողությունը:  Վիրահատությունը կատարվում է տեղային ցավազրկմամբ, տեւում է մեկ ժամ: Առաջին կես ժամում եղջերաթաղանթը հագեցվում է ռիբոֆլավին եւ դեքստրան նյութերով, հաջորդ կես ժամում դրանց ավելացվում է նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթը (Special Laser):
- Բժշկուհի՛, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:
-Իհարկե մասնակցում եմ, եւ դրա մասին արդեն վերեւում նշեցի: Նախկինում, եթե նոր սարք էր ներդրվում մեզ մոտ, պետք է պարտադիր վերապատրաստվեինք: Իսկ այս օրերին արդեն  հիմնականում միջազգային գիտաժողովների ենք մասնակցում, որովհետեւ անչափ կարեւոր է փորձի փոխանակումը, նորարությունների մասին միշտ տեղեկացված լինելը: Բժշկությունն այնպիսի գիտություն, մասնագիտություն է, որ պետք է միշտ համընթաց քայլես նորարություններին: Եթե 3-4 օր չկարդաս, չծանոթանաս նորություններին, կլճանաս, կդոփես տեղում: Ակնաբուժությունը մեր երկրում այնպիսի զարգացում է ապրել, որ մեզ մոտ իրականացվում են հնարավոր բոլոր տեսակի ակնաբուժական միջամտություններ եւ բուժում: 
- Բժշկուհի՛, ոսպնյակների կրո՞ւմն եք ճիշտ համարում, թե ակնոցի:
 
-Ես ունեմ արդեն 19-20 տարվա աշխատանքային փորձ, երկար տարիներ աշխատել եմ մանկական բաժանմունքում եւ գիտեմ, որ, մանավանդ հեռու մարզերում, աղջիկները բարդույթավորված են ակնոց կրելու հարցում: Բայց ժամանակները փոխվել են, եւ մարդիկ գիտակցում են, որ 18 տարիքային շեմը լրանալուց հետո, ուշ թե շուտ, կհրաժարվեն ակնոց կրելուց: Այսօր կան ոսպնյակներ, որոնք ազատում են ակնոց կրելու խնդրից, եւ բարձր աստիճանի կարճատեսության դեպքում մեկ-մեկ գերադասելի է հենց ոսպնյակներ կրելը: Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որ միաժամանակ կարող են կրել թե՛ ոսպնյակ, թե՛ ակնոց, քանի որ ակնոցը շատ հարմար է կրել. կարող ես այն հանել, ապա նորից կրել: Ակնոց  կրելու բացասական կողմն այն է միայն, որ, ինչքան կարճատեսությունը շատ լինի, ապակին այնքան ավելի հաստ կլինի: Իսկ ոմանք շատ դեպքերում ուղղակի չեն ցանկանում ինչ-որ բան կրել: Եթե աչքերի տեսանելիությունը զգալիորեն տարբերվում է, այդ խնդիրը հնարավոր չէ ակնոցով շտկել, քանի որ այդ տարբերությունը գլխացավ է առաջացնում, եւ նման դեպքերում ոսպնյակ կրելը շատ ավելի նպատակահարմար է: Ոսպնյակների բարդությունն էլ նրանց խնամքն է, օրինակ, քնելիս պարտադիր պետք է հանել. ինչքան էլ գերժամանակակից ոսպնյակ լինի, այն օտար մարմին է, արհեստական նյութից պատրաստված եւ չի թողնում, որ եղջերաթաղանթը շնչի: Կամ փոշոտ, կեղտոտ ձեռքերով աչքը տրորելու դեպքում կարող է ինֆեկցիա առաջացնել, որը կանցնի եղջերաթաղանթին: Հիգիենան շատ կարևոր է, այսինքն՝ կանոնները պետք է պահպանել խստագույնս եւ լիարժեք, հեղուկը փոխել ժամանակին, ուշադրություն դարձնել, որպեսզի  չկանգնենք ավելի բարդացած վիճակների առաջ: 
 
- Ձեր խորհուրդը մեր ընթերցողին:
-Առաջին հերթին կցանկանամ, որ առողջ, երջանիկ լինեն, հետեւեն իրենց առողջությանը: Շատ դեպքերում մեզ դիմում են արդեն շատ բարդացված վիճակներում, մինչդեռ տարին գոնե երկու անգամ պետք է կատարվի կանխարգելիչ ախտորոշում: Ու շատ դեպքերում դրան խանգարում է ոչ թե սոցիալական ծանր վիճակը, այլ վախի զգացումը: Եթե տեսնում ենք, որ մարդ ֆինանսապես ի վիճակի չէ բուժզննում անցնել, աշխատում ենք անվճար իրականացնել ախտորոշումը: Նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին, կար մշակված ծրագիր, որ երեխան պարտադիր մանկապարտեզ եւ դպրոց հաճախելուց առաջ պետք է անցի աչքերի հետազոտություն, հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, բուժզննում: Այդ տարիներին շատ մեծ դեր են ունեցել մանկավարժները, որոնք, նկատելով երեխայի վատ տեսողությունը, շատ արագ այդ մասին տեղեկացնում էին ծնողներին: Կարծում եմ՝ նվիրվածությունը մասնագիտական գործունեության մեջ շատ կարեւոր է, ու, եթե բժիշկը հիվանդին վստահություն ներշնչի, դա կօգնի, որպեսզի մարդիկ հետեւեն իրենց առողջությանը եւ լսեն մասնագետի խորհուրդները: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, որն ինձ հոգեկան հանգստություն է փոխանցում: 
- Ո՞րն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձեւը:
- Պետք չէ, իհարկե, համեմատական անցկացնել տեսողության եւ լսողության զգայարանների միջեւ, բայց իրականում տեղեկատվությունը մարդն  առաջնահերթ ստանում է աչքերի միջոցով, որն ուղղակի կապ ունի մարդկային երջանկության, ինքնադրսեւորման հետ: Գիտնականներն էլ մշտապես պնդել են, որ մարդն արտաքին աշխարհից 90 տոկոս տեղեկատվությունը ստանում է աչքերի միջոցով: Անհատը կարող է չխոսել, չլսել, բայց եթե չի տեսնում, դրանից ավելի շատ կտուժի նրա կյանքի որակը: Ուստի կհորդորեմ բոլորին, անկախ սոցիալական վիճակից, ժամանակին դիմել բժշկի, զննում անցնել, հարկ եղած դեպքում վիրահատվել, որպեսզի կանխարգելվի հիվանդությունների հետագա զարգացումը: 
 

 Մեզ անչափ պարտավորեցնում է այն հանգամանքը, որ մեզ մոտ արված զննման արդյունքներն արտերկրի մասնագետների կողմից հավանության են արժանանում

Այսօր ռադիոլոգիան՝ ճառագայթաբանությունը, որը մի շարք հիվանդությունների ախտորոշման ու բուժման նպատակով իոնիզացնող ճառագայթման հնարավորություններն է ուսումնասիրում, ժամանակակից բժշկության անբաժանելի մասն է կազմում: Ի սկզբանե այն միայն էլեկտրամագնիսական էներգիայի կիրառման հնարավորություններն էր դիտարկում, սակայն այսօր արդեն ոչ միայն ռենտգենյան ճառագայթներ է կիրառում, այլ նաեւ բարձր հաճախականության ալիքներ, մագնիսական դաշտեր եւ ճառագայթման այլ եղանակներ: 

Հետազոտման բավականին բարձր մակարդակ ապահովող նոր սարքավորումների ձեռքբերման արդյունքում մեր երկրում նույնպես այդ  ոլորտում սկսեցին իրականացվել ավելի լայնածավալ հետազոտություններ:  

Արդի բժշկության ու հատկապես ճառագայթաբանության ոլորտում գրանցված ձեռքբերումների մասին զրուցեցինք «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-ճառագայթաբան ԼՈՒՍԻՆԵ ԹԱՆԱՆՅԱՆԻ հետ:

Կենտրոնի ՈՒՁՀ բաժանմունքի՝ ռադիոլոգիայի բնագավառում մեծ փորձառություն ունեցող մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, ինչպես նաեւ մասնակցում հեղինակավոր գիտաժողովների ու սեմինարների՝ հանդես գալով զեկույցներով:

- Տիկի՛ն  Թանանյան, ի՞նչ գերժամանակակից տեխնիկայով է հագեցած «Սլավմեդ» բժշկական կենտրոնը: Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում հենց Ձեր բաժանմունքում:

 -«Սլավմեդ» բժշկական կենտրոնի՝ ուլտրաձայնային հետազոտության նպատակով կիրառվող սարքավորումը դասվում է ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումների շարքին, քանի որ հագեցած է 3D/4D ուլտրաձայնային համակարգով, որը նոր սերնդի վիզուալիզացիայի լավագույն տեխնոլոգիաներից է: Սարքը հագեցած է նոր Fly Thru և Inversia հատուկ օպցիաներով, ինչը հնարավորություն է տալիս բժշկին տեսնել ինչպես խոռոչավոր օրգանների, ծորանների, անոթների լուսանցքումները, այնպես էլ նույն օրգանների վիզուալիզացիան դրսի մակերեսից՝ հաղորդելով լրացուցիչ տեղեկություն ուռուցքների եւ ծավալային գոյացությունների վերաբերյալ:

Ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) տալիս է օրգան-համակարգերի կառուցվածքի ֆունկցիոնալ բնութագիրը՝ տրամադրելով որակական եւ քանակական տվյալներ: Կիրառվող սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել բավականին փոքր գոյացությունները, ճշգրիտ ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը, ստանալ նույնիսկ աննշան գոյացությունների եւ շրջակա հյուսվածքների վերաբերյալ առավել հստակ պատկերներ ու նկարագիր: Սա հիվանդություններն ավելի վաղ շրջանում հայտնաբերելու շատ լավ հնարավորություն է: Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը լեղապարկի, լյարդի, փայծաղի եւ ենթաստամոքսային գեղձի ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտությունն է: Այն թույլ է տալիս ոչ միայն մանրակրկիտ ուսումնասիրել պացիենտի որովայնի խոռոչի օրգանների եւ համակարգերի ֆունկցիոնալ ու անատոմիական առանձնահատկությունները, այլեւ պարզել առկա շեղումների պատճառահետեւանքային կապը՝ հնարավորություն տալով ճիշտ մեկնաբանել հետազոտվող օրգանների վիճակը՝ ըստ հիվանդի գանգատների եւ հիվանդության կլինիկական պատկերի: Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտության շնորհիվ կարելի է հստակեցնել բոլոր ներքին օրգանների բացարձակ չափսերը, նկարագրել նրանց կառուցվածքը, բացահայտել կամ հերքել բորբոքային օջախների, նորագոյացությունների առկայությունը: Հատկապես շատ կարեւորում ենք էլաստոգրաֆիան, որը ժամանակակից հետազոտության մեթոդ է, պատկերում է հյուսվածքի պնդությունը (stiffness) արտաքին կոմպրեսիայի միջոցով: Մեթոդը հնարավորություն է տալիս հաշվել պաթոլոգիկ գոյացության կարծրությունը, ինչը կարեւոր ցուցանիշ է գոյացությունների տարբերակման համար:
Պրակտիկայում էլաստոգրաֆիան համարվում է սոնոգրաֆիկ հետազոտության շարունակություն, ինչպես, օրինակ, դոպլերը: էլաստոգրաֆիկ ինֆորմացիան ստացվում է իրական ժամանակում (real time), մի քանի րոպեի ընթացքում: Հետազոտությունը իրականացվում է էքսպերտ դասի նորագույն TOSHIBA APLIO ՈՒՁ սարքով, ինչը վահանաձեւ գեղձի ուռուցքների վաղ հայտնաբերման համար մեծ նշանակություն ունեցող մեթոդ է, որի միջոցով վահանաձեւ գեղձի անգամ մի քանի միլիմետրանոց հանգույցները կարողանում ենք գտնել եւ պահել հսկողության տակ: Եվ, կախված նրանից, թե ինչ փոփոխություններ են լինում, կարող ենք վիրահատել կամ երկարաժամկետ հետեւել ուռուցքների ընթացքին: Մենք կիրառում ենք նաեւ <<Micro pyure>> մեթոդը, որը նույնպես վահանաձեւ գեղձի լիարժեք հետազոտության հնարավորություն է տալիս: Բացի դրանից, որովայնի խոռոչավոր օրգանների համար կիրառում ենք 3D ուլտրաձայնային համակարգով հետազոտությունը, որը կոչվում Fly Thru եւ Inversia հատուկ օպցիաներով հետազոտություն: Դրա շնորհիվ կարողանում ենք լեղապարկն ու միզապարկը  հետազոտել ներսից, ինչը հնարավորություն է տալիս հայտնաբերել բարորակ եւ չարորակ բնույթի նորագոյացությունները, նույնիսկ շատ փոքր գոյացությունները կարողանում ենք իրենց եզրագծերով ավելի լավ տեսնել: Էլաստոգրաֆիան չունի կողմնակի ազդեցություն եւ հակացուցումներ:

  Հետազոտություններ կատարում ենք նաեւ սոնոգրաֆիայի միջոցով, բայց ոչ բոլոր դեպքերում է այն լիարժեք 100 տոկոսանոց ախտորոշիչ մեթոդ համարվում, օրինակ, աղեստամոքսային համակարգի համար, որի ժամանակ, դրան զուգահեռ կատարվում է էնդոսկոպիա: Բայց շատ դեպքերում բորբոքումները, հաստացումները, այսինքն` ոչ ուռուցքային փոփոխությունները կարողանում ենք հետազոտել, հայտնաբերել: Վերջին տարիներին իրականացվում է նաեւ ձայնալարերի սոնոգրաֆիա:

- Բժշկուհի, հասցնո՞ւմ եք մասնակցել վերապատրաստումների:

- Մշտապես մասնակցում ենք վերապատրաստումների, վերջին անգամ եղել եմ Գերմանիայում, ինչպես նաեւ Իսրայելում, պատրաստվում եմ կրկին մեկնել Գերմանիա: Անչափ ուրախալի է, որ մեզ մոտ նույնպես ասոցիացիաները կազմակերպում են շատ գիտաժողովներ, արտերկրից ժամանում են մասնագետներ, որոնց հետ փորձի փոխանակում ենք կատարում, աշխատում ենք բոլոր նորարարությունները քաղել նրանցից: Ունենք շատ հիվանդներ, որոնք մեր հետազոտության արդյունքներով մեկնում են Իսրայել, Գերմանիա բուժման, իսկ ովքեր բուժվում են մեզ մոտ, նրանց հետազոտությունների արդյունքներն էլ ենք ուղարկում արտերկիր: Մենք սերտ կապեր ունենք Գերմանիայի եւ Ռուսաստանի, մասնավորապես՝ Մոսկվայի մասնագետների հետ: Մեզ մոտ հիվանդներ են գալիս քիմիաթերապիա անցնելու համար, քանի որ արտերկրում այն բավականին թանկ է: Իհարկե, մեզ անչափ պարտավորեցնում է այն հանգամանքը, որ մեզ մոտ արված զննման արդյունքներն արտերկրի մասնագետների կողմից հավանության են արժանանում: Ասեմ, որ մշապես աշխատանքային հրավերներ ենք ստանում Գերմանիայից, Բելգիայից: Մեր երկրում աշխատելը շատ դժվար է, մրցակցությունը մեծ է, եւ բժիշկը պետք է լինի լավագույններից լավագույնը, որպեսզի կարողանա արարել իր բնագավառում: Շատ ուրախալի եւ գովելի փաստ է ինձ համար այն, որ մեր ժողովուրդը սկսել է հետեւել իրեն, գոնե տարին մեկ անգամ անցնել կանխարգելիչ հետազոտում: Իսկ նախկինում, մինչեւ չէր վատթարանում վիճակը, բժշկի չէին դիմում: Բավականին շատ են արտերկրից պացիենտեր, որոնք տարին մեկ անգամ գալիս են մեր երկիր բուժզննում անցնելու եւ մեզ վստահեցնում են, որ հայ բժիշկներից լավը չկա աշխարհում:

-Բժշկի  մասնագիտությունը խիստ պարտավորեցնող է: Հետին հայացք նետելով՝ ինչպե՞ս կգնահատեք Ձեր անցած ուղին:

- Դեռեւս 9-րդ դասարանում էի սովորում, երբ բժիշկ դառնալու որոշում կայացրեցի: Իհարկե, նման որոշում կայացնողներս լավ գիտակցում ենք, որ շատ մեծ պատասխանատվություն ենք վերցնում մեր ուսերին, քանի որ ամեն հիվանդի հետ <<վիրահատվում>>, ամեն հիվանդի հետ լավանում ենք, ապրում նրանց խնդրով: Բայց պետք է անկեղծորեն նշեմ, որ այս մասնագիտությունն ինձ համար լավագույնն է աշխարհում՝ չնայած մեր առջեւ ծառացած բոլոր դժվարություններին եւ անքուն գիշերներին: Ու ես, միեւնույն է, ուրիշ մասնագիտություն չէի ցանկանա ունենալ: Ասեմ, որ աշխատանքային գործունեությանս սկզբնական շրջանը ծանր եղել. այդ տարիներին սարքավորումները շատ փոքր, գրեթե հեռախոսի էկրանի տրամաչափի էին, որոնցով անչափ դժվար էր ինչ-որ բան տեսնել, ախտորոշել: Այդ տարիներին դեռ չկային ասոցիացիաներ, չէին կազմակերպվում գիտաժողովներ… Վերջին 10 տարվա ընթացքում ենք  վերապատրաստում անցնում, մշտապես կատարում փորձի փոխանակում արտերկրի մեր գործընկերների հետ, որոնք մեզ ծանոթացնում են նորարարություններին: Եվ կարող եմ վստահ ասել, որ հիմա շատ ավելի հեշտացել է մեր աշխատանքը, որովհետեւ պարբերաբար անցկացվող գիտաժողովները մեզ բավականին օգնում են, հեշտացնում մեր աշխատանքը: Լավագույն սարքավորումների 50-60 տոկոսը մեզ օգնում է ճիշտ պատկերացում կազմել օրգան-համակարգերի վիճակի մասին, վերջին 5-6 տարիներին, երբ արդեն օգտվում եմ TOSHIBA APLIO սարքավորումից, զգում եմ, որ իմ մասնագիտական կարողությունները մի տասն անգամ աճել են հին տեխնիկայով աշխատելու համեմատ:   

- Որպես սոնոգրաֆիստ Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է պացիենտին իր հիվանդության ախտորոշման մասին հայտնելը:

 -Կան շատ նախազգուշացնող սոնոգրաֆիկ նշաններ, որոնք մեզ հուշում են գոյացության չարորակ լինելու մասին, բայց, բոլոր դեպքերում, մինչեւ չկատարվի բջջաբանական քննություն, իրավունք չունենք հիվանդին նախապես ենթարկել սթրեսի: Մենք միշտ աշխատում ենք շատ զգույշ մոտենալ հիվանդին, ընդամենը նրան ասենք, որ մի փոքր կասկած կա… Եվ միայն գոյացության առկայությունը 100 տոկոսով հաստատվելու դեպքում հայտնում ենք հիվանդին այդ մասին, որպեսզի նա հասկանա, թե  ինչ քայլեր պետք է իրականացնի  հետագայում:

 -Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Լավն է այն ուսուցիչը, ով դառնում է գիտելիքի, մարդկային հարաբերությունների, ճաշակի, բարեկրթության ու շատ այլ լավ հատկանիշների չափանիշ, ում աշակերտները տարիներ անց սիրով են հիշում, ում տված գիտելիքները հաղթահարում են ժամանակի փորձությունը, ում միշտ օրինակ են բերում, ով ոգեշնչում է նոր գիտելիքների ձեռքբերման, կյանքում կայանալու հարցերում, վայելում է բոլորի սերն ու հարգանքը: Ինձ համար իմ մասնագիտության մեջ ուղղություն տվողը, լավագույն ուսուցիչը եղել է Արմեն Կարպի Ղազարյանը: Երբ ինչ-որ հարցի վերաբերյալ կասկած ունեինք, առանց տատանվելու զանգահարում էինք նրան, խորհուրդ հարցնում եւ առաջնորդվում դրանով: Եվ նա մեծ ուրախությամբ էր ընդունում մեր հաջողությունները: Հիմա էլ ես եմ աշխատում մեր երիտասարդ կադրերին ճիշտ ուղու վրա դնել, մշտապես իմ խորհուրդներով փորձում օգտակար լինել նրանց:

Ուզում եմ նշել, որ կան շատ լավ երիտասարդ կադրեր, որոնք ձգտում են հասնել կատարյալին իրենց գործի մեծ, միշտ պրպտող են, որոնող, տեղեկատվություն կորզող: Ու եթե միայն չլքեն մեր երկիրը, շատ լավ կլինի: Ես միշտ նրանց հորդորում եմ, որ իրենց գործում պարտաճանաչ եւ մաքրամաքուր լինեն, հիվանդին ասեն այն, ինչ որ իրականում կա, որ մեր հասարակության միջից դուրս գա բժշկին չվստահելու գործոնը: Ու նաեւ իրենց գործում միայն շահ չհետապնդեն, ոչ մի բան չուռճացնեն, ոչ մի բան չպակասեցնեն, աշխատեն ճշգրիտ, իրենց խղճի առաջ մաքուր, երբեք չխաբեն: Այդ դեպքում բժիշկն ավելի հարգված ու ընդունելի կլինի բոլորի կողմից եւ կհասնի ցանկալի արդյունքների:  

- Եվ որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

 - Կցանկանամ, որ միշտ երջանիկ լինեն, առողջ եւ կանխարգելիչ նպատակով պարբերաբար այցելեն բժշկի: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատեւման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է:

 

Առողջությունը, թերեւս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է

Այսօր անհերքելի իրողություն են բժշկության ոլորտում իրականացված եւ իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդությունները հնարավոր է ոչ միայն բուժել, այլեւ կանխարգելել: Սակայն  բժշկությունը մի բնագավառ է, որը մշտապես զարգացման ու նորագույն նվաճումների կարիք ունի: Իսկ եթե մարդն առողջ չէ, նրան հասու չեն լինի կյանքի մյուս ոլորտները, կբացակայի նորը ստեղծելու, գեղեցիկն արարելու ձգտումը: Եվ յուրաքանչյուր բժիշկ կոչված է պայքարելու առողջությանը սպառնացող  ամեն մի չարիքի դեմ` պարգեւելով  մարդուն առողջություն եւ կյանքով լեցուն առողջ հոգի:

Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտի տարածված հիվանդությունների եւ  բուժական մեթոդների, ընդհանրապես մասնագիտական գործունեության վերաբերյալ  մանրամասներ է ներկայացնում  Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, քիթ-կոկորդ-ականջաբան, Եվրոպական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի (ԵՔԿԱԱ) անդամ ԿԱՏԱՐԻՆԱ ԴՐԱՄԲՅԱՆԸ: Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել ճանաչված եւ վստահելի: Արդեն 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին դեռ մանկուց գիտեր, որ մարդկանց բուժելն իր առաքելությունն է լինելու: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, այն ինչ բարդություններով կուղեկցվի, և որ դեպքում պետք է  կիրառել նոր մոտեցումներ:

- Տիկի՛ն Դրամբյան, բոլոր բժշկական կենտրոնների որդեգրած քաղաքականությունը եվրոպական առողջապահական չափանիշներին մոտենալն է: Ձեր անմիջական մասնակցությամբ ի՞նչ լազերային վիրահատություններ են իրականացվում Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում:

- Մեր բժշկական կենտրոնում շուրջ 12 տարի է, ինչ գործում է քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը, որտեղ կատարվում են բոլոր տեսակի ԼՕՌ վիրահատություններ՝ քմային նշիկների հեռացում (տոնզիլէկտոմիա), քթի ադենոիդների հեռացում (ադենոտոմիա), քթի պոլիպների հեռացում (պոլիպոտոմիա), հայմորյան խոռոչների վիրահատություն (հայմորոտոմիա), քթի միջնապատի ուղղում (սեպտոտոմիա): Վիրահատությունները կատարվում են ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ, որոնք ցուցված են հիվանդներին` 3 տարեկանից սկսած: Իրականացվում է նաեւ բոլոր տեսակի ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում: Բաժանմունքում ներդրվել է (առաջինը մեր հանրապետությունում եւ մինչ այժմ միակը) քիթ-կոկորդ-ականջաբանության լազերային վիրաբուժության մեթոդը: Լազերային եղանակով կատարվում են վիրահատություններ հիպերտրոֆիկ եւ ալերգիկ ռինիտների, քթի պոլիպների, խռռոցի դեպքում, քթային արյունահոսությունը դադարեցնելու  նպատակով: Պետք է նշել, որ լազերային վիրահատությունները ոչ մի հակացուցում չունեն, դրանք ցուցված են նույնիսկ հղիներին եւ կերակրող մայրերին: Չկան հետվիրահատական բարդություններ, վիրահատությունը ավելի թեթեւ ընթացք է ունենում, քանի որ տամպոն չի տեղադրվում, և հիվանդը վիրահատությունից 1-2 ժամ հետո կարող է տուն գնալ ու շատ արագ վերադառնալ իր բնականոն կյանքին:  

- Բժշկի մասնագիտությունը ռիսկային եւ պատասխանատու գործ է, ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:

- Դեռ չորրորդ դասարանից որոշել էի, որ պետք է ընտրեմ հենց բժշկի մասնագիտությունը, իսկ ուսանելու տարիներին արդեն հստակ որոշում կայացրեցի ՝ընտրել քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղը: Իմ մասնագիտության ընտրության հարցում ճակատագրական նշանակություն ունեցավ պապիկիս եւ մայրիկիս բժիշկ լինելու հանգամանքը: Պապիկս հայտնի վիրաբույժ, ակադեմիկոս Իվան Քրիստափորովիչ Գևորգյանն էր: Մայրս՝ Մարինա Գեւորգյանը, բժշկական գիտությունների թեկնածու էր, դասախոսել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի միկրոբիոլոգիայի ամբիոնում: Իսկ հայրս՝ Հարություն Թերզյանը, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էր, ով երկար տարիներ աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ):  Հպարտ եմ, որ ունեմ նման նախնիներ, որոնց ներդրումը մեծ է եղել մեր պետության ամրապնդման գործում: Երեւանի բժշկական համալսարանն ավարտելուց հետո օրդինատուրան շարունակել եմ Մոսկվայում եւ հայտնի ԼՕՌ բժիշկ, պրոֆեսոր Վ.Ս. Պողոսովի ղեկավարությամբ այնտեղի թիվ 67 հիվանդանոցում պաշտպանել «Փափուկ քիմքի ուռուցքներ» թեմայով գիտական թեզս: Ապա վերադարձել եմ Հայաստան եւ 1997 թվականից աշխատանքի անցել 2-րդ բուժմիավորման հիվանդանոցում, որտեղ էլ 2002-2004թթ. ղեկավարել եմ քիթ-կոկորդ-ականջ ծառայությունը: 2006 թվականից սկսած մինչ օրս աշխատում եմ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում՝ որպես քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ:

- Բժշկուհի՛, ո՞ր  ալերգիկ  հիվանդություններն ավելի մեծ տարածվածություն ունեն: 

- Քթի եւ հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Ընդ որում, հիվանդների քանակը գնալով մեծանում է, որը պայմանավորված է շրջակա միջավայրի զգալի աղտոտվածությամբ, մեծ քանակությամբ ալերգիեններ շնչելով, տեղային եւ ընդհանուր իմունիտետի իջեցմամբ:

 - Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել շնչառության, հատկապես՝ քթային շնչառության խանգարումները:

- Քիթը շնչառական առաջնային օրգան է համարվում։ Քթարցունքային խողովակի բացվածքը արտաքին անցուղում է, որով արցունքները հոսում են քթի խոռոչ։ Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերեւույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում։  Քիմիական ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ եւ այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը։ Քիթը համարվում է զգայուն շնչառական օրգան, այն կատարում է նաեւ կարեւորագույն ֆունկցիա ամբողջ օրգանիզմի համար՝ հանդիսանալով ինչպես ֆիզիկական, այնպես էլ իմունային պաշտպան շրջապատող վնասակար ազդեցություններից: Ի վերջո, քիթը մասնակից է խոսքի զարգացմանը, ինչպես նաեւ կատարում է էսթետիկ ֆունկցիա: Այն շատ զգայուն եւ անփոխարինելի օրգան է անհատի համար: Օրինակ, քիթը մասնակիորեն մասնակցում է քաղցրի, աղիի, կծվի համերի ընկալմանը, իսկ մնացած համային ընկալումները կարող են տարբերակվել հոտառությամբ: Իր հերթին համային զգացումը մեզ <<զգուշացնում>> է սննդի պիտանելիության, նրա մեջ առկա տոկսիկ նյութերի մասին: Սուր հոտառությունն անհրաժեշտ է խոհարարության, հրուշակագործության, օծանելիքի արտադրության և այլ բնագավառներում: Անհատի մոտ ֆիզիոլոգիական շնչառությունը կատարվում է միայն քթի միջոցով: Շնչառությունը բերանի միջոցով ոչ նորմալ է եւ համարվում է լրացուցիչ օժանդակ միջոց քթային շնչառության համար: Շնչառությունը քթի և արտաշնչումը բերանի միջոցով դառնում է քթի լորձաթաղանթի չորացման պատճառ: Քթային շնչառության բացակայությունը աստիճանաբար  հանգեցնում է կոկորդում տեղակայված լորձային հանգույցների վերջնական չորացմանը: Քթի կառուցվածքում մեխանիկական փոփոխությունները, օրինակ, քթի միջնապատի կամ խեցիների գերփոփոխված վիճակը կարող է  բերանով շնչելու պատճառ դառնալ, որը հղի է անցանկալի հետեւանքներով և կարող է հանգեցնել քթային խոռոչի լորձաթաղանթի հարակից սինուսների (խոռոչներ) ախտահարմանը: Նորմալ քթային շնչառության դեպքում շնչած օդը, անցնելով քթի միջով, տաքանում է, <<մշակվում>> եւ մաքրվում: Բացի վերը նշված գործառույթներից, քիթը կատարում է նաեւ պաշտպանական գործառույթ՝ զերծ պահելով օրգանիզմը արտաքին բացասական ազդեցություններից: Պետք է նշել, որ կարեւորագույն կապ կա քթի և թոքերի, բրոնխների, սրտի, մկանային հյուսվածքների միջեւ, որոնք իրենց մասնակցությունն են ունենում նյութափոխանակության եւ սեռական օրգանների գործառույթներին: Քիթը ազդում է նաեւ խոսքի արտաբերման վրա՝ ձայնը խռպոտացնելու իմաստով: Քիթը խոնավեցնում ու մաքրում է շնչած օդը՝ մեր թոքերի համար այն դարձնելով ավելի անվնաս, կարգավորում է օդի ջերմաստիճանը, որպեսզի այն քիչ թե շատ համապատասխանի մեր մարմնի ջերմաստիճանին:  

- Բժշկուհի՛, հասցնո՞ւմ  եք  աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

- Իհարկե: Մի քանի անգամ վերապատրաստվել եմ  Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, մշտապես հետեւում ու մասնակցում եմ միջազգային գիտաժողովներին և, իհարկե, Հայաստանում կազմակերպվող սեմինարներին: Բժիշկը պետք է միշտ ձգտի կատարելագործվել, պետք է քայլի ժամանակի զարգացումների հոսքին համընթաց: Այսինքն, եթե բժիշկը ցանկանում է լինել տեղեկացված, պետք է մշտապես հետևի ինտերնետ պորտալին, կարդա տպագրված բժշկական գրականություն, պետք է մասնակցի գիտաժողովների, կոնգրեսների, շարժվի նորություններին համընթաց:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

- Կցանկանամ, որ մարդիկ առավելագույնս ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Եթե հիվանդությունը ժամանակին ախտորոշվի, հեշտ կլինի եւ դրա հետագա բուժումը: Առողջությունը, թերեւս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է: Մաղթում եմ բոլորին սեր, երջանկություն, ամենայն բարիք, բարձր տրամադրություն եւ ժպիտ:

 
Լուսինե Վլադիմիրի Թանանյան
 
Մասնագիտություն  
Պաշտոն  
Հասցե  
Բաղրամյան պող, 3-րդ նրբ, շ. 4/8, Երևան 0033, Հայաստան
Հեռախոս  
Կրթություն  
1989-1995
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ
1995-1996
ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, ճառագայթային ախտորոշում
Մասնագիտական գործունեություն
1997-ից
Բժիշկ-սոնոգրաֆիստ 8-րդ բուժմիավորումում
2014-ից
Բժիշկ-սոնոգրաֆիստ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է

 

Արաքսյա Նորայրի Առաքելյան - ակնաբույժ միկրովիրաբույժ

Հասցե

Հայաստան, 0001, Երևան Մոսկովյան փող. 15 շենք

Հեռախոս

(374-10)529661, (374-91)438216

Էլ-փոստ

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Աշխ. ժամեր

10:00-17:00

Աշխ. օրեր

Երկ Երք Չրք Հնգ Ուրբ

Հավելյալ տեղեկություններ

  • Ծնվել է 1972 թ.Երեւանում:
  • 1979-1980 թթ.սովորել է Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում:
  • 1989-1995 թթ. սովորել է ԵրՊԲՀ մանկաբուժական ֆակուլտետում։

Բժշկական պրակտիկա

  • 1996 - 1998թթ. անցել է կլինիկական օրդինատուրա «Մանկական ակնաբուժություն» մասնագիտությամբ ակդ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում։
  • 1999 – 2015թթ. «Քանաքեռ-Զեյթուն» բուժմիավորման մանկական ակնաբուժական բաժանմունքի բժիշկ-օրդինատոր։
  • 2006թ. – մինչ օրս «Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն»-ի աչքի էքսիմեր-լազերային բաժանմունքի բժիշկ-միկրովիրաբույժ։

Վերապատրաստումներ

  • 1999թ. քաղաք Մոսկվա Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների ԳՀԻ վերապատրաստում «Նորը երեխաների ռեսողության պահպանման մեջ» թեմայով։
  • 2000թ. քաղաք Մոսկվա հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայում վերապատրաստում «Աչքի միկրովիրաբուժություն» թեմայով։
  • 2006թ. քաղաք Մոսկվա գերմանական «Կառլ Ցեյս» ֆիրմայի կողմից արտոնագիր MEL – 60, MEL – 70, էքսիմեր-լազերների վրա աշխատելու համար։
  • 2009թ. քաղաք Ցյուրխ վերապատրաստում «Եղջերաթաղանթի կրոսս-լինքինգ» կուրսով։
  • 2014թ. քաղաք Մոսկվա գերմանական «Կառլ Ցեյս» ֆիրմայի կողմից արտոնագիր MEL – 80, էքսիմեր-լազերների վրա աշխատելու համար։

Միջազգային կոնֆերանսներ

  • 1999թ. Մոսկվա – Համառուսական ակնաբուժական կոնգրեսս։
  • 2012թ. Միլան – Եվրոպական կատարակտալ եւ ռեֆրակցիոն վիրաբույժների կոնգրեսս։
  • 2015թ. Բարսելոնա – Եվրոպական կատարակտալ եւ ռեֆրակցիոն վիրաբույժների կոնգրեսս։

Որքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան հիվանդությունը շուտ կնահանջի

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները առողջապահական համակարգի գերակա խնդիրներից են, ինչը պայմանավորված է մեծ տարածվածությամբ, հիվանդների քանակի աճի հակման պահպանմամբ, քրոնիկ ընթացքով և շատ այլ գործոններով: Ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում աճը շարունակում է մնալ առաջնային հիմնահարցերից մեկը, չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին սրտաբանությունը մեծ թռիչք է կատարել ինչպես սարքավորումների զարգացման բնագավառում, այնպես էլ կիրառվող բուժման նոր մեթոդների լայն ընտրությամբ: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման և բուժման հիմնահարցը պետք է դիտվի ոչ միայն բժշկական տեսանկյունից, այլ նաև տնտեսական, քանի որ այս հիվանդությունների կողմից հասցված բժշկատնտեսական վնասը բավականին բարձր և ահռելի է: Եվ դրանց բնականոն զարգացման ու  ընթացքի վրա ազդում են բազմաթիվ ռիսկի գործոններ` ժառանգական, սոցիալական, հոգեբանական, բնակլիմայական և այլն: Իր «աշխատանքային կարիերայի» ընթացքում սիրտը հաղթահարում է մեծ քանակությամբ արգելքներ, պատնեշներ` զանազան սթրեսներ, ինֆեկցիաներ, զարկերակային գերճնշում, իշեմիկ հիվանդություն, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահում, տարբեր հոգեբանական վիճակների հետևանքով ի հայտ եկող դժվարություններ և այլն:

Մեր զրուցակիցն է «Նաիրի» և «Արմենիա» բժշկական կենտրոնների բժիշկ-էխոսրտաբան ԵԼԵՆԱ ԱԶԻԶՅԱՆԸ, բժշկուհի, ով մեծ սրտացավությամբ է լսում յուրաքանչյուր հիվանդի խնդիրը, հմայիչ կին, ով ունի հզոր կամքի ուժ և անկոտրում համբերություն:

     Բժիշկ լինելը նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, ամեն հիվանդին մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ անելու առավելագույնը սեփական ուժերի գերլարման հաշվին։  

- Տիկին Ազիզյան, ի՞նչ մեթոդ է իրենից ներկայացնում էխոսրտագրություն հետազոտության մեթոդը, ո՞ր սիրտ-անոթային հիվանդությունների  դեպքերում է այս հետազոտության, ախտորոշման մեթոդը ոսկե ստանդարտ համարվում, վերջիններիս որակական բնութագրման համար։

- Էխոսրտագրությունը ուլտրաձայնային հետազոտության մեթոդ է, որն ապահովում է սրտի ախտորոշման համար անհրաժեշտ մեծ ծավալի տեղեկատվություն: Ուլտրաձայնային ամենաժամանակակից սարքերը` հյուսվածքային դոպլեր հետազոտությամբ երկտարածական, ինչպես նաև եռատարածական էխոսրտագրություն կատարելու հնարավորություն է տալիս, ինչպես նաև գնահատելու սրտի ֆունկցիան, փականային ապարատը, սրտամկանի ֆունկցիայի նույնիսկ նուրբ, ամենաաննշան փոփոխությունները, ինչը  նախկին էխոսրտագրական մեթոդներով հնարավոր չէր որոշել: Հիվանդին զննելիս էկրանին երևում է սրտամկանի բոլոր հատվածների կծկողականությունը հստակ թվայնացված տարբերակով:  Վերջին սերնդի սարքերի ոչ միայն արդյունավետությունն է բարձր, այլև անվտանգ և մատչելի հետազոտության մեթոդ են համարվում: Կիրառվում է գրեթե բոլոր սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, նույնիսկ այն կարող ենք համարել սկրինինգային մեթոդ բոլոր կառուցվածքային փոփոխությունների և յուրահատկությունների ժամանակ: Բավականին գործածական հետազոտման մեթոդ է այն համարվում, եթե 30 տարի առաջ նորություն էր և շատ դեպքերում չէր նշանակվում, կամ կիրառվում էր ծայրահեղ դեպքերում, ապա այս օրերին այն սիրտ-անոթային խնդիրներ ունեցող պացիենտների համար համարվում է հետազոտման պարտադիր մեթոդ, և ոչ միայն սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, այլ նաև խրոնիկ հիվանդությունների ժամանակ, օրինակ շաքարային դիաբետի դեպքում տարին մեկ անգամ ցուցված է որպես կանխարգելիչ մեթոդ իրականացնել, որպեսզի գնահատվի այդ պահին սիրտ-անոթային համակարգի վիճակը:

- Բժշկուհի, կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ Հայաստանում  էխոսրտագրության ճյուղը իր տեխնիկապես զարգացվածությամբ բարձր դիրքերում է գտնվում:

- Այո, էխոսրտագրությունն բավականին գերզարգացած մեթոդ է համարվում, և ուրախալի փաստ է, որ մարզերն էլ են արդեն ներգրավվում լավագույն սարքավորումների ձեռքբերման գործում: Այս օրերին ընդունված չէ ձեռք բերել հին սարքավորումներ, նույնիսկ վերջին սերնդի սարքերը կարող են մրցակցել կոմպյուտերային տոմոգրաֆիայի սարքի հետ՝ թե՛ իր տեսադաշտի տեսանելիության առումով և թե՛ պատկերի հստակությամբ:

- Բժշկուհի՛, արդյոք կա՞ն էխոսրտագրության մեջ հակացուցումներ:

- Ոչ, էխոսրտագրությունն իրենից ներկայացնում է բավականին անվտանգ մեթոդ, միաժամանակ մատչելի է, հակացուցված է միայն այն դեպքերում, երբ հնարավոր չի սպասված տեսադաշտը ստանալ, այսինքն` երբ պացիենտը բավականին գեր է, որի մոտ ճարպաշերտը բավականին ծավալուն է, որն էլ չի թողնում ուլտրաձայն ներթափանցի սիրտ: Երբեմն լինում են նաև դեպքեր, երբ կրծքավանդակը կառուցվածքով §բարդ¦ է, կառուցվածքի պատճառով ուղղակի ցանկալի որակի պատկեր չենք ստանում: Այդ դեպքերում ցուցված է ներկերակրափողային էխոսրտագրություն, որը հնարավորություն է տալիս նոր լայնածավալ ներկերակրափողային ուլտրաձայնային ցուցիչի օգնությամբ իրական ժամանակում կատարել գունավոր դոպլերային քարտեզագրում՝ փականների և ներսրտային արյան հոսքի վիճակը գնահատելու նպատակով:

- Բժշկուհի, վերջին տարիներին Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների և մահացության կտրուկ աճ է նկատվում:  Ըստ Ձեր աշխատանքային փորձի՝ կարո՞ղ եք ասել, որ վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդություններրը «երիտասարդացել» են:

- Այո, ցավոք սրտի, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացում, ինչը պայմանավորված է նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությամբ, լարվածությամբ, ինչպես նաև ոչ առողջ ապրելակերպով, և, բնականաբար, մահացության թիվն է դրա հաշվին բարձրացել: Բայց պետք է նշեմ, որ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, օրինակ, ստենդավորման ծրագրեր են իրականացվում պետպատվերի շրջանակներում, որն էլ հնարավորություն է տալիս նվազեցնել մահացության տոկոսները:

- Վերջին տարիներին հանդիպած սիրտ-անոթային հիվանդությունների շրջանում ավելի շատ կանա՞նց, թե՝ տղամարդկանց մոտ են դրանք գրանցվում, և ո՞ր տարիքային շեմին են հիմնականում հանդիպում:

- Ասեմ, որ վիճակագրությունը նույնն է ամբողջ աշխարհում, եթե նախկինում թույլ օղակ համարվում էին արդեն 50-ին մոտ և բարձր տարիքային շեմին կանգնած տղամարդիկ, ապա այս օրերին` նաև այն կանայք, ովքեր արդեն դաշտանադադարի շրջանում են գտնվում, և այս դեպքերում նրանք երկուսն էլ հայտնվում են նույն նժարի վրա: Կանայք, մինչ դաշտանադադարը, համարվում են §ապահովագրված¦ սիրտ-անոթային հիվանդություններից խոցելի լինելուց, քանի որ կանանց մոտ էստրոգեն հորմոնը, որն համարվում է §պահպանիչ և ապահովագրող¦ հորմոն, զերծ է պահում նրանց բոլոր խնդիրներից: Իհարկե, պատկերն արդեն բավականին փոխվում է դաշտանադադարի ժամանակ, երբ կնոջ մոտ արդեն ի հայտ է գալիս որոշ տարիքային հիվանդություններ, օրինակ` հիպերտոնիկ հիվանդությունը, որն իր հերթին բերում է ստենոկարդիայի, որի արդյունքում էլ հավասար դիրքերում են հայտնվում կանայք և տղամարդիկ:

- Կա՞ն  արդյոք ձեր ոլորտում նորարարություններ, որոնց մասին կցանկանայիք խոսել:

- Նորարարությունները բավականին շատ են մեր բնագավառում, քանի որ ամեն օր կարող են գիտականորեն նոր զարգացում ապրել, նոր չափանիշներ, նոր մոտեցումներ լինեն, և հետագայում փորձը ցույց կտա, թե դրանք իրականում կիրառելի կլինե՞ն, թե՝ ոչ:

- Բժշկուհի՛, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

- Այո, հասցնում եմ, բայց շատ դժվարությամբ, թրենինգներ են կազմակերպվում մեր երկրում, որտեղ  տեսականորեն լուսաբանվում և գործնականորեն կիրառվում են ամենակիրառական մեթոդները, որպեսզի տիրապետենք ձեռքբերված սարքերին՝ գործառույթներին արդեն նեղ մասնագիտորեն, և մեզ համար այս նոր սարքի կիրառումը դառնում է որակավորման բարձրացման, մասնագիտական գիտելիքների ընդլայնման նոր նշաձող:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

- Կցանկանայի, որ մարդիկ իրենց հանդեպ հետևողական լինեին, կանխարգելիչ նպատակներով մշտապես հետազոտվեին, չթողնեին հասցնել հիվանդությունը բարդացված վիճակների, քանի որ մեզ դիմում են հիմնականում արդեն բարդացած վիճակներում. որքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան հիվանդությունը շուտ կնահանջի: Սիրտ-անոթային խնդիրներից խուսափելու համար նախևառաջ պետք է դադարեցնել ծխախոտի օգտագործումը, սահմանափակել խմիչքի օգտագործումը,  չօգտվել  արագ սննդից, պայքարել ճարպակալման դեմ, եթե խոլեստերինի քանակը արյան մեջ բարձր է, ապա պետք է փորձել նվազեցնել, ինչպես նաև ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, զբոսնել կամ սպորտով զբաղվել: Մաղթում եմ մեր հասարակությանը միմիայն առողջություն: Սիրեք ձեզ, հետևեք ձեր առողջությանը:

 

Կատարինա Դրամբյանը Երևանի բժշկական համալսարանն ավարտելուց հետո օրդինատուրան շարունակել է Մոսկվայում, այնտեղ էլ պաշտպանել գիտական թեզը՝ «Փափուկ քիմքի ուռուցքներ» թեմայով հայտնի ԼՕՌ մասնագետ Վ.Ս. Պողոսովի ղեկավարությամբ թիվ 67 հիվանդանոցում: Ապա վերադարձել է Հայաստան և 1997 թվականից աշխատանքի է անցել 2-րդ բուժմիավորման հիվանդանոցում, որտեղ 2002-2004թ.թ. ղեկավարել է Քիթ-կոկորդ-ականջ ծառայությունը: 2006 թվականից արդեն մասնագիտական հմտությունները գործի է դրել Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում՝ դառնալով Քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ:
Քիթ-կոկորդ-ականջաբան Կատարինա Դրամբյանի համար բժշկի ընտանիքում մեծանալը ճակատագիր էր: Բժիշկ էր պապը՝ վիրաբույժ, ակադեմիկոս Գևորգյան Իվան Քրիստափորովիչը, բժիշկ էր նաև մայրը, դասախոս բժշկական համալսարանի միկրոբիոլոգիայի ամբիոնում, ու դեռ մանկուց արդեն 20 տարուց ավել աշխատանքային փորձ ունեցող բժշկուհին գիտեր, որ մարդկանց բուժելն իր առաքելությունն է լինելու:

Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն
Քիթ-կոկորդ-ականջ բաժամնունք (ԼՕՌ)
Բաժ. վարիչ Կատարինե Դրամբյան
Հեռ. 091 410904 010 529680
Հասցե. Մոսկովյան 15

Азизян Елена Арзумановна, 28.07.63 г. р.

1981 г. - 1987 г. училась в ЕрМИ на факультете “Лечебное дело”, параллельно с 1981г. по 1987 гработала в РКБ дежурным фельдшером, дежурной мед сестрой.

1987 г. по 1988 г. работалав 1-ой клинической больнице врачом-интерном по специальности “Терапия”.

По окончании интернатуры с 1989 г. по 1990 г. работала во 2-ой гор.поликлинике надолжности - 0.5ст. врача-кардиолога и 0.5ст. врача-ревматолога

С 1990 г. по 1994 г. работала НПО “Диагностика” в отделении функциональной диагностики врачом-эхокардиографистом

С 1994 г. по 2001 гне работала посемейным причинам

С 2001 года по настоящее время работает в диагностическом центре РМЦ “Армения”врачом-эхокардиографистом

С 2004 года по настоящее время  по совместительству работает в МЦ “Наири”врачом-эхокардиографистом

1989 г. – Ереванский Институт Усовершенствования Врачей (НИИ Кардиологии)  4-х месячная специализация - “Кардиология”

1990 г. – НПО “Диагностика” – 6-и месячная специализация по функциональной диагностике, эхокардиографии

2000 г. –Ереванский Институт Усовершенствования Врачей 2-х месячный курс “Современные методыдиагностики и лечения кардиологических болезней”

2001 г. – Национальный Институт Здравоохранения  “Современные подходы анализа эхокардиографии”

2013 г. – Ереванский Государственный Медицинский Университетим. М. Гераци “Основные задачи эхокардиографии”

Контакты: (+374)-91-46-93-62, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ցանկալի արդյունք ստանալու համար շատ կարեւոր է, որ ի սկզբանե վստահություն լինի բժշկի եւ պացիենտի միջեւ

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Քիթ-կոկորդ-ականջաբանության` ԼՕՌ հիվանդությունները, ցավոք սրտի, բավականին մեծ տարածում ունեն Հայաստանում: Թույլ դիմադրողականությունը, նստակյաց կյանքը, գունանյութերով ու կոնսերվանտներով հարուստ սնունդը, հակաբիոտիկների չարաշահումը, ինչպես նաեւ հարբուխը, գրիպը եւ տարբեր վիրուսները կարող են նպաստել քթի, կոկորդի ու ականջի հիվանդությունների առաջացմանը: Շնչառական համակարգի տարաբնույթ հիվանդությունները եղանակային սահմանափակումներ չունեն: Ընդունված է համարել, որ քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններն ու ալերգիաները բնորոշ են փոփոխական եղանակներին: Միեւնույն ժամանակ, սինուսիտները, հայմորիտներն ու ռինիտները պատուհասում են՝ անկախ տարիքային ու սեռային սահմանափակումից: Արդյունքում առաջանում են բորբոքային վիճակներ, որոնք կարող են ուղեկցվել բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, ստիպել անլիարժեք ու հիվանդ զգալ: Մասնագետները հորդորում են երբեք անուշադրության չմատնել այս հիվանդությունը եւ կասկածի դեպքում դիմել մասնագետի: Քիթ-կոկորդ-ականջաբանություն. տարածված հիվանդություններ եւ բուժական մեթոդներ. Մասնագիտական գործունեությունից մանրամասներ է ներկայացնում Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ՔԿԱ հիվանդությունների ամբիոնի դասախոս, Հայաստանի ՔԿԱ բժիշկների ասոցացիայի անդամ, 2-րդ բուժմիավորում եւ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնների քիթ-կոկորդ-ականջաբան ԱՐՏԱՇԵՍ ԱԶՆԱՈՒՐՅԱՆԸ: Ազնաուրյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների երեք սերունդ: Այս գերդաստանի բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Արտաշես Վարդանի Ազնաուրյանից: Ազնաուրյան ազգանունը կրելը չափազանց մեծ պատասխանատվություն է, ուստի մեր զրուցակցի մեծ եւ նվիրական նպատակն է մշտապես կատարելագործել իր փորձն ու գիտելիքները՝ Ազնաուրյանների անունը միշտ իր բարձր դիրքերում պահելու, բժշկական տոհմիկ ավանդույթները պահպանելու եւ զարգացնելու նվիրական գործում:

- Պարոն Ազնաուրյան, բոլոր բժշկական կենտրոնների որդեգրած քաղաքականությունը եվրոպական առողջապահական չափանիշներին մոտենալն է: Ձեր կարծիքով որքանո՞վ է այսօր դա իրական եւ, առհասարակ, ի՞նչ գնահատական կտաք ՀՀ առողջապահության Ձեր ոլորտին:

- Իհարկե, դժվար է համեմատական կարգ տանել եվրոպական երկրներին հետ, քանի որ, ըստ իս, բավականին մեծ է տարբերությունը, չնայած ես կարող եմ միայն օրինակ բերել Ամերիկայի Միացյալ Նահագները, քանի որ այնտեղ եմ եղել: Բնականաբար, մեր երկրի զարգացվածությունը որոշ չափով զիջում է եվրոպական երկրներից: Առաջնահերթ եվրոպական երկրների առավելությունը տեխնիկայի մեջ է, երկրորդը` երեւի թե դեղորայքային, ինչպես նաեւ իրենց բուժքույրերի պատրաստվածությունն ավելի բարձր է: Իսկ եթե փորձենք համեմատվել արտերկրի բժիշկների հմտությունների հետ, ապա չէի ասի, որ մեր բժիշկները զիջում են նրանց իրենց գիտելիքներով եւ աշխատանքային հմտություններով:

- Բժիշկ, գործ ունենք երեք փոխհամակցված օրգան-համակարգերի հետ: Պացիենտը ինչպե՞ս հասկանա, թե որտեղ է տեղակայված խնդրահարույց օղակը:

- Հայաստանում ընդունված է, որ քիթ-կոկորդ-ականջաբանները ավելի շատ փորձում են <<նեղ>> մասնագիտանալ իրենց նախընտրած ուղղության մեջ, շատերն, օրինակ, ընտրում են պլաստիկան: Մեր բաժանմունքում դիմելիությունը ավելի շատ դժվարացած քթային շնչառության դեպքերով են լինում: Մեզ դիմում են նաեւ գոյացությունների, անգինաների, ականջի բորբոքումների եւ զանազան այլ-այլ խնդիրներով: Քթըմպանային նշիկի գերաճն առաջատար տեղ է զբաղեցում քթըմպանի ախտաբանության մեջ, որն անուղղակիորեն կապված է դիմածնոտային ապարատի ախտաբանության հետ: Ադենոիդներն ավելի հաճախ հանդիպում են մանկական հասակում, երբ դիմային գանգի ոսկրերը շարունակում են աճել` ձեռք բերելով մեծահասակին բնորոշ կոնֆիգուրացիա: Հետեւաբար, կարծր քիմքի եւ ատամների աննորմալ զարգացումը կանխելու համար քթային շնչառությունը պետք է լինի բավարար: Ադենոիդները կարող են դառնալ քթային շնչառության կայուն խանգարման, քթի եւ հարքթային ծոցերի լորձաթաղանթի կանգային պրոցեսների, ինչպես նաեւ կայուն ռինիտների եւ միջին ականջաբորբերի պատճառ: Հետագա բուժումը կատարվում է ըստ բարդության աստիճանի, որոնց պատճառները կարող են տարբեր լինել, միջնապատի ծռվածության դեպքում վիրահատական միջամտության է ենթարկվում: Քթային դժվարաշնչությունն ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից է, օրինակ, քթի միջնապատի թեքությունը, որը կարող է ի հայտ գալ տարիքային տարբեր փուլերում՝ հիմնականում վնասվածքների պատճառով, իսկ ֆիզիոլոգիական ծռվածությունը առաջանում է միջնապատի եւ նրան շրջակա ոսկրային հատվածի աճի անհամապատասխանելիության հետեւանքով: Քթի միջնապատը թեքվելով մեկ կամ երկու կողմից` նեղացնում է անցուղին եւ խանգարում նորմալ շնչառությանը: Արդյունքում պակասում է մարդու օրգանիզմ թափանցող թթվածնի քանակը, եւ տարիների ընթացքում զարգանում է քրոնիկ թթվածնային քաղց: Թթվածնային քաղցից տուժում է եւ՛ գլխուղեղը, եւ՛ սիրտը, եւ, ընդհանրապես, բոլոր օրգանները: Բացի միջնապատի թեքությունից, քթով դժվարաշնչության պատճառ կարող է լինել խեցիների հիպերտրոֆիան, հատկապես շատ է հանդիպում ստորին խեցիների հիպերտրոֆիա: Խեցիների հիպերտրոֆիան առաջանում է հաճախակի հարբուխներից, վարակային գործընթացներից, հատկապես, եթե ժամանակին չեն բուժվում կամ, առհասարակ, չեն բուժվում: Սա իր հերթին բերում է քրոնիկ դժվարաշնչության եւ ամբողջ օրգանիզմի թթվածնային քաղցի: Երբեմն այս երկու ախտաբանությունը` միջնապատի թեքությունն ու խեցիների հիպերտրոֆիան, զուգակցվում են: Դժվարաշնչության այլ պատճառներից են ախտաբանական գոյացությունները, օրինակ` պոլիպները: Ալերգիկ ֆոնի հետեւանքով առաջացող պոլիպների հետ կապված ուսումնասիրությունները պարզել են, որ դրանց ձեւավորմանը նպաստող գործոններից է օդափոխանակման գործընթացը: Ալերգիկ ռինիտները տարատեսակ ալերգենների՝ ծաղկափոշու, փողոցում առկա, նաեւ շինարարական աղբի ու կենցաղային փոշու հետեւանք են: Կարեւոր է ալերգիկ հիվանդության եւ սինուսիտների միջեւ եղած նուրբ սահմանը ժամանակին ճանաչելը: Հակառակ պարագայում սխալ բուժումը կարող է հանգեցնել դրա ձգձգման, կյանքի որակի վատացման, ինչպես նաեւ քրոնիկ ընթացքի ձեւավորման: Եթե հիպերտոֆիկ ռինիտ է, ապա կատարվում է խեցիների տարատեսակ վիրահատական միջամտություններ, որոնց դեպքում արգելվում է ամբողջովին հեռացում կատարելը. խոսքը ստորին խեցիների մասին է, քանի որ, երբ օդը չի կարողանում իր դինամիկ անցումը կատարել, հակառակ դեպքում, երբ այդ դինամիկան խախտվում է, ինչի արդյունքում դժվարանում է շնչառությունը` բավարար չի լինում: Քթային շնչառության դեպքում օդը խոնավանում, տաքանում է, նոր իջնում ստորին շնչուղիներ, որն ընթացքում վնասազերծվում է փոշուց եւ վնասակար մանրէներից: Երբ բերանով է կատարվում շնչառությունը, այդ դեպքում թթվածինը քիչ քանակությամբ է հասնում գլխուղեղ, որն իր հերթին առաջացնում է թուլություն, հոգնածություն, գլխացավեր, շատ անգամներ բերում ֆարինգիտների: Առկա են ֆարինգիտի դրսեւորման մի քանի տարատեսակներ` կատարալ, ատրոֆիկ, հիպերտրոֆիկ, ինչպես նաեւ խառը ձեւեր, որոնց դեպքում իրականացվում է դեղորայքային բուժում: Շատ անգամ մեզ դիմում են անգինաների տարբեր աստիճանների դեպքում, որը դասակարգվում է` կատարալ, ֆոլիկուլյար, լակունար, ֆիբրինոզ, ատրոֆիկ եւ ատիպիկ անգինաների տեսակներ: Ավելի հաճախ մեզ դիմում են եղանակային փոփոխությունների ժամանակ: Բուժումն իրականացվում է ըստ բարդության աստիճանի, ենթարկվում են կոնսերվատիվ բուժման, եթե արդեն խրոնիկ բնույթ է կոմպեսացված եւ դեկոմպեսացված տարբերակներով. եթե դեկոմպեսացված է, կատարվում է միայն վիրահատական միջամտությամբ, այսինքն, երբ նշիկները արդեն կորցնում են իրենց ֆունկցիան, որոնք իրականում կատարում են ֆիլտրի դեր, այդ ժամանակ պետք է հեռացվեն, քանի որ այդ թույնը սկսվում է օրգանիզմ անցնել արյան միջոցով, որն էլ իր հերթին կարող է բերել շատ բարդությունների. սրտի հետ կապված խնդիրների, հոդացավերի, հոգնածության, թուլության: Եթե խոսենք ականջի հետ կապված խնդիրների մասին, պետք է նշեմ, որ շատ դեպքերում մեզ դիմում են լողավազաններից օգտվելուց հետո եւ ծովից վերադառնալիս, շատ անգամ նաեւ հարբուխից հետո: Բուժումը հիմնականում իրականացվում է դեղորայքային բուժմամբ, բայց լինում են դեպքեր, երբ կարիք է լինում թմբկաթաղանթը հատել եւ գոյացած թարախային արտադրությունը հեռացնել:

- Բժշկի մասնագիտությունը ռիսկային եւ պատասխանատու գործ է, ինչպե՞ս եւ ե՞րբ որոշեցիք գնալ այդ քայլին:

- Մանկուց մեծացել եմ բժիշկների ընտանիքում, պապիկս իր մեծ ավանդը ունի Հայաստանի Հանրապետության բժշկության մեջ եւ ոչ միայն Հայաստանի: Ես մանկուց որոշել էի դառնալ բժիշկ, հայրս էլ է քիթ-կոկորդ-ականջաբան, հորեղբայրս` կրկին բժիշկ է` նյարդաբան մասնագիտությամբ, աշխատում է բժշկական համալսարանում, տատիկս էլ է բժիշկ, նա էլ իր ներդրումն ունի մեր բժշկաշինության մեջ: Փոքր տարիքից արդեն իսկ կար իմ մեջ այս նվիրական գործի հանդեպ նախասիրություն: Ընտրել եմ քիթ-կոկորդ-ականջ նեղ մասնագիտական ճյուղը: Իհարկե, բժշկի մասնագիտությունը իր մեջ մեծ պատասխանատվություն է կրում, բայց բացի պատասխանատվությունից, բժիշկը պետք է մարդասեր լինի, որովհետեւ ամենօրյա մեր շփումը տարատեսակ մարդկանց հետ է, եւ դու պետք է յուրաքանչյուրին յուրովի մոտենաս: Մենք ընտրել ենք մի մասնագիտություն, որի դեպքում պետք է գիտակցենք, որ մեր ընտրած ճանապարհը դյուրին չի լինելու: Շատ անգամ ինձ հարց են տալիս, չե՞մ փոշմանել, որ ընտրել եմ այս մասնագիտությունը: Պետք է վստահորեն ասեմ, որ որպես մասնագիտություն, երբեք չեմ փոշմանել եւ երբեւէ չեմ էլ փոշմանի, բայց չեմ թաքցնի եւ չեմ թաքցրել, որ ավելի շատ կնախընտրեի դրսում ուսանել: Իհարկե, դրսում ուսանելը շատ դժվար է, բայց երբ լիարժեք անցնես դրսում ուսումը, այդիսկ պահից սկսած շատ ու շատ դռներ բաց կլինեն քո առջեւ: Ասեմ, որ ինձ մոտ եղել է ուսանելու տարիներին դրսում սովորելու տարբերակ, բայց ես նախընտրեցի Հայաստանում մնալ, սովորել, քանի որ ինձ համար օտարություն ասվածը, միեւնույնն է, մնում է օտարություն, ի վերջո, չեմ էլ փոշմանել իմ կատարած ընտրության մեջ, մնալով եւ <<արարելով>> մեր երկրում:

- Բժիշկ, տեղյակ ենք, որ դասախոսում եք նաեւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում: Շփվելով ուսանողների հետ` ի՞նչ մակարդակի վրա եք պատկերացնում մեր ապագա բժշկությունը:

- Հուրախությամբ կարող եմ ասել, որ մեր ուսանողությունը ցանկություն ունի սովորել. իմ փորձը այդ ոլորտում թերեւս մեկ տարուց ավելի է, բայց շփվելով նրանց հետ, կարող եմ վստահորեն ասել, ցանկություն ունեն հասնել ավելիին, կատարելագործվելու եւ հմտանալու իրենց ընտրած մասնագիտության մեջ, որն ինձ համար շատ գովելի փաստ է: Ցավալին միայն այն է, որ շատերը ցանկություն ունեն ուսումը շարունակել դրսում, որովհետեւ գտնում են, որ ավելի լավ է ավելի երկար տարիներ ուսանեն, շարունակեն դրսում, որ ապագայում ֆինանսապես ավելի կայացած լինեն:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

- Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի այնքան առողջ, որ մեզ դիմի միայն կանխարգելիչ բուժում անցնելու նպատակով: Ի դեպ, ցանկալի արդյունք ստանալու համար շատ կարեւոր է, որ ի սկզբանե վստահություն լինի բժշկի եւ պացիենտի միջեւ, ու ստեղծվի դրական միջավայր: Պետք է ուշադիր լինել յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ, կարեւորել ցանկացած մանրուք ու կարողանալ հոգեբանորեն ճիշտ ուղղորդել նրան: Սրանք կանոններ են, որոնց միշտ հետեւում եմ պացիենտի հետ շփումներում: Ի՞նչը կարող է առավել թանկ լինել առողջությունից: Երբ անհրաժեշտության դեպքում օգնում ես մարդուն՝ վերագտնելու այդ առողջությունը, դրանից ավելի գեղեցիկ ու հաճելի պահ բժշկի համար չկա եւ չի էլ լինի:

Պլաստիկ վիրաբույժ դառնալու գերագույն պահանջը` ընտրած մասնագիտությունը սիրել ու դրան նվիրվելն է

Վերջին տասնամյակների ընթացքում, պլաստիկ վիրաբուժությունը, արձանագրելով  որակապես նոր մակարդակ, իր հաստատուն տեղն է զբաղեցրել մարդկանց  կյանքում՝ ոչ միայն որպես արտաքինի հետ կապված խնդիրները շտկելու, այլեւ վերոնշյալ խնդիրների հետ կապված էսթետիկ եւ հոգեբանական բարդույթները հաղթահարելու միջոց: Հարթել տարիքային փոփոխությունները, վերացնել արտաքինի կամ վնասվածքների հետեւանքով առաջացած  թերությունները, հասնել առավելագույն կոսմետիկ արդյունքի՝ նորագույն քիչ միջամտական մեթոդների կիրառմամբ՝ այս ամենը դարձել է իրականություն՝ պլաստիկ վիրաբուժության՝ որպես բժշկության հեռանկարային ուղղության  կատարելագործման շնորհիվ:

Պլաստիկ վիրաբուժությունը արվեստ է: Եվ այս մասնագիտության ամեն մի կրող պարտավոր է իր մարմնի յուրաքանչյուր բջիջով ապրել, զգալ ու նվիրվել այդ գործին: Բժիշկ, ով կերտում է գեղեցկություն՝ միաժամանակ ապահովելով առողջություն: Ու ինչպես նկարիչն է ամեն կտավից կերտում մեկական օրինակ, այնպես էլ պլաստիկ վիրաբույժը պետք է իր յուրաքանչյուր հիվանդին նվիրի յուրովի գեղեցկություն:
Պլաստիկ վիրաբույժ դառնալու թիվ մեկ պայմանն ու գերագույն պահանջը` ընտրած մասնագիտությունը սիրել ու դրան նվիրվելն է: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, շարունակական ուսում, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում եւ վազք ժամանակին համընթաց: Եթե պատրաստ են անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն ճիշտ ուղու վրա են:

Մեր զրուցակիցն է <<Հերացի>> թիվ 1 կլինիկական հիվանդանոցի եւ «Նորմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ ԳՈՌ ԱՄԻՐԲԵԿՅԱՆԸ: Մարդկանց օգնելու եւ առավել անկաշկանդ դարձնելու մղումը բժշկին տարան դեպի պլաստիկ վիրաբուժություն, ոլորտ, որ օգնում է մարդկանց շտկել արտաքինի հետ կապված բոլոր այն թերությունները, որոնք զանազան  տհաճությունների ու բարդույթների պատճառ կարող են հանդիսանալ: Տարիներ շարունակ, մասնագիտանալով պլաստիկ վիրաբուժության ոլորտում, նա ձեռք է բերել բարի համբավ եւ հազարավոր երախտապարտ այցելուներ:

Բժիշկն իր սեփական փորձով է համոզված, որ կերպարանափոխումը չափազանց դրական է անդրադառնում այցելուի կյանքի որակի վրա՝ բոլոր առումներով: Մարդիկ դառնում են ավելի կենսախինդ, ձերբազատվում նախկին հոգեբանական ճնշվածությունից:

- Պարոն Ամիրբեկյան, բժշկի մասնագիտությունը թերեւս ամենապատասխանատու մասնագիտություններից է, ին՞չու եք ընտրել հենց պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը:

-Այո, բժշկի մասնագիտությունը թերեւս ամենապատասխանատու մասնագիտություններից մեկն է: Մասնագիտությունս ընտրեցի դեռ 4-րդ դասարանում, թերեւս այդ ժամանակ դեռեւս չէի որոշել հստակ բժշկության որ ճյուղով պետք է մասնագիտանալ, բայց այդ պահին հստակ գիտակցում էի, որ պետք է ընտրեմ վիրաբուժության ոլորտը: Երբ արդեն ինստիուտի ուսանելու տարիներն էին, երբ ուսումնասիրում էինք վիրաբուժության տարբեր ճյուղեր, այդ իսկ տարիներից հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է  հենց պլաստիկ վիրաբուժությունը, որի մեջ ներառվում է նաեւ միկրովիրաբուժությունը, որն էլ  իմ բնավորությունից ելնելով, քանի որ շատ եմ սիրում մանրակրկիտ աշխատանք կատարել եւ երկար ժամանակ կարող եմ ինչ-որ նյութի վրա մանրամասն աշխատել, եւ թերեւս հենց դա ստիպեց բնավորության խառնվածքից ելնելով՝ նախընտրել պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը:

- Ժամանակի ընթացքում Ձեր աշխատանքի քանակն ավելանո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, մարդիկ սկսում են մտածել, որ բնական գեղեցկությունը թե՛ ավելի լավ եւ թե՛ անվտանգ է։

- Իմ աշխատանքային պրակտիկայից ելնելով՝ կարող եմ ասել, որ էսթետիկ վիրահատության դիմողների քանակը ավելացել է, որն ինձ թվում է պայմանավորված է հասարակության մեջ բարդույթների վերացման հետ: Ընդհանրապես մեր ազգը բարդույթավորված ազգ է եւ շատ դժվար է դիմում էսթետիկ վիրահատության: Եվ ուրախությամբ կարող եմ նշել, որ վերջին տարիներին վերացել է այդ խնդիրը, ինչը միգուցե պայմանավորված է նաեւ հասարակության սոցիալական վիճակի բարեալավմամբ:

– Բժիշկ, իսկ կա՞ն մեզ մոտ մոլուցքով մարդիկ, որ անընդհատ իրենց վրա ուզում են ինչ–որ բան փոխել, բայց, ըստ էության դրա կարիքը չկա։

- Նմանատիպ մոլուցքով տառապողները ոչ միայն մեզ մոտ են, այլ ամբողջ աշխարհում կան: Տարբեր երկրների ուսումնասիրությունները մեզ թույլ են տվել հասկանալ, որ կան մարդիկ, որոնց մոտ կա խնդիր` մարմնի կառուցվածքի թերարժեքության, այսինքն` տվյալ մարդը միշտ իր մոտ գտնում է թերություններ եւ փորձում է դրանք շտկել: Այս կարծրատիպի մարդկանց հետ շատ դժվար է աշխատել, որոնք իրականում ունեն արդեն հոգեբանական խնդիր, նույնիսկ վիրահատության գերազանց եւ անթերի արդյունքի դեպքում նրանք կարող են բողոքել, իրենց համար արդյունքի անբավարար լինելուց: Լինում են նաեւ լավագույն դեպքեր, երբ պացիենտը գոհունակ է արդյունքով, բայց դիմում է բժշկին, ցանկություն հայտնելով կրկին կատարել իր մոտ փոփոխություններ, որն իրեն այդ պահին չի բավարարում:

Կարելի՞ է ասել, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը համեմատաբար հասանելի է ու մատչելի։

- Այո, միանշանակ. Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը բավականին մատչելի է, դրա մասին են խոսում այն դեպքերը, երբ մեզ դիմում են նաեւ արտերկրից, մեծամասամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից, չնայած բավականին զարգացած են պլաստիկ վիրաբուժության մեջ, բայց, այնումենայնիվ, զուտ մատչելիության առումով գալիս են Հայաստան վիրահատվելու: Ունենք նաև պացիենտներ եվրոպական երկրներից, Անգլիայից վերջերս ունեցանք պացիենտ, ով եկել էր քիթը վիրահատելու, ունենք հերթագրված պացիենտ Կոստա Ռիկայից, այսինքն` վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանում բավականին մատչելի է բժշկությունը, և քանի որ վերջին տարիներին ինտերնետ պորտալով հնարավոր է լինում տեղեկատվությունը տարածել աշխարհով մեկ, այսպես ասած, գլոբալիզացիայի արդյունքում կան ավելի շատ դիմողներ, ովքեր ցանկություն ունեն մեր երկրում ստանալ որակյալ եւ մատչելի բուժօգնություն:

- Դուք որպես ոլորտում արդեն մեծ փորձ ունեցող վիրաբույժ, ինչքանո՞վ եք անհրաժեշտ համարում մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելը: Խոսքը վերաբերում է առողջապահական ոլորտում կիրառվող նորարարական մոտեցումներին համընթաց քայլելուն:

- Բժշկի մասնագիտությունը այն մասնագիտություններից է, որը մեզ պարտադրում է անընդմեջ կատարելագործվել, անընդհատ նոր տեխնոլոգիաներ եւ նոր մոտեցումներ ուսումնասիրել, մանավանդ վերջին տարիների տեխնիկայի հսկա քայլերով առաջընթացի հետ, որն արդեն մեզ <<ստիպում>> է ուսումնասիրել բժշկության նորագույն մեթոդները: Օրինակ, եթե խոսենք լազերային վիրահատությունների մասին, ապա կարելի է հավաստել, որ բավականին կիրառելի է քթի վիրահատությունների ժամանակ հիմնականում խեցիների, երբ կատարվում է լազերային միջամտություն այրման եղանակով, ասեմ, որը շատ էֆեկտիվ է, արդյունքները գերազանց են, վիրահատության եւ հետվիրահատական ընթացքը բավականին թեթեւ, որը կատարվում է տեղային անզգայացման պայմաններում: Վիրահատությունից հետո շատ հազվադեպ դեպքերում` 5-10 տոկոս դեպքերում է անհրաժեշտություն  լինում քթի  խոռոչի տամպոնադա կատարել: Թերեւս պետք է հասկանալ, որ այն մարդը, որն իրեն կատարյալ է համարում իր գործում, միանշանակ սկսում է դոփել տեղում եւ լճանալ: Պետք է միշտ քայլել համընթաց նորարարություններին, մշտապես փորձի փոխանակություն կատարել արտերկրի մեր կոլեգաների հետ, որի արդյունքում էլ կլինեն նոր մոտեցումներ, նոր եզրահանգումներ, որն էլ ավելի կկատարելագործի, կավելացնի մեր գիտելիքները եւ ավելի կատարյալ կդարձնի  հետագա վիրահատությունների արդյունքները:

- Հայաստանում ցանկացած տեսակի պլաստիկ վիրահատություն հասանելի՞ է: Ձեզ մոտ ամենամեծ պահանջարկ ունեցող վիրահատությունը ո՞րն է: Ովքե՞ր եւ ի՞նչ խնդրով են ամենաշատը դիմում պլաստիկ վիրաբույժին:

-Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ճյուղը այն ոլորտներից է, որը բավականին զարգացած է, վստահորեն կարելի է ասել, որը չի զիջում արտերկրի վիրաբուժությանը: Ամենից շատ պահանջարկ ունեցող վիրահատությունը, ինչպես բոլորս գիտենք, դա քթի պլաստիկ վիրահատություն է, որը շատ դեպքերում զուգակցվում է շնչառական խնդրի հետ, այսինքն` միաժամանակ իրականացվում է ինչպես քթի արտաքին, այնպես էլ միջնապատի վիրահատական միջամտություն: Հիմնականում մեզ դիմում են երիտասարդ կանայք եւ աղջիկներ, ովքեր հատում են 20-35 տարիքային շեմը, չնայած լինում են դեպքեր, երբ դիմում են 45-60 տարեկան պացիենտներ, որոնք երկար տարիներ ցանկացել են դիմել քթի վիրահատության, բայց ինչ-ինչ պատճառներով դա իրենց մոտ չի ստացվել: Ինչպես նաեւ մեզ դիմում են ականջների պլաստիկ վիրահատության, շրթունքների մեծացման, կոպերի պլաստիկայի, դեմքի ձգման, աբդոմինոպլաստիկայի  եւ վերջերս նաեւ շատ են դիմում բազուկների պլաստիկայի համար: Բնականաբար, լինում են դեպքեր, երբ մարդիկ դիմում են նաեւ չգոհունակացված վիրահատական արդյունքների շտկման համար, որն էլ կարող է պայմանավորված լինել հետվիրահատական վերքերի լավացման, վատ սպիացման հետ կապված տարբեր խանգարումներով, երբ այդ դեպքերում, բնականաբար, կատարվում է համապատասխան ցուցված վիրահատական շտկումները:

Այժմ շրթունքների ծավալի շտկման ի՞նչ վիրահատություններ են կատարվում։ Որո՞նք են առավել նախընտրելի։

-  Գոյություն ունի շրթունքի ծավալի մեծացման տարբեր եղանակներ, ինչպես ժամանակավոր, այնպես էլ ընդմիշտ պահպանվող արդյունքով: Ժամանակավոր եղանակներից է համարվում ֆիլերների ներարկումները, որոնց արդյունքը պահպանվում է 6-12 ամիս, իսկ  ընդմիշտ արդյունքը պահպանելու համար իրականացվում է վիրահատական միջամտություն, այսինքն` շրթունքի ծավալը մեծանում է ճարպի հաշվին, որը պահպանվում է ընդմիշտ: Մեկ ամսվա ընթացքում ճարպի 60-70 տոկոսը ներծծվում է, իսկ մնացած մասը մնում է ընդմիշտ: Գոյություն ունեն նաեւ այլ եղանակներ շրթունքի ծավալի մեծացման, որը կատարվում է մաշկի հատմամբ, որոնք ավելի քիչ են կիրառելի, քանի որ հյուսվածքների վնասումը ավելի մեծ է: Այն համարվում է ավելի ծավալուն վիրահատություն, ընթացքը ավելի բարդ է, դժվարին եւ ժամանակատար:

- Գոյություն ունի՞ որովայնի առաջնային պատի ավելցուկի որեւէ չափ, որը ցուցում է աբդոմինոպլաստիկայի: Աբդոմինոպլաստիկայի դեպքում հաշվի առնվո՞ւմ են արդյոք հարակից առողջական  խնդիրները: Հնարավո՞ր են արդյոք բարդություններ վիրահատության ընթացքում կամ հետվիրահատական շրջանում:

- Աբդոմինոպլաստիկան բավականին ծավալուն վիրահատություն է, ինչով էլ պայմանավորված է այն փաստը, որ նման վիրահատության դիմելուց ավելի մանրակրկիտ են հետազոտվում պացիենտները: Հետվիրահատական շրջանը, ի տարբերություն օրինակ քթի վիրահատության, ավելի երկար է տեւում, մոտավորապես 4-5 օր հիվանդանոցային բուժման օրերն են, որից հետո արդեն պացիենտը դուրս է գրվում՝ բուժումը շարունակելով ամբուլատոր բուժման պայմաններում: Որովայնի առաջնային պատի ավելցուկը կարող է պայմանավորված լինել ինչպես միայն ճարպի, այնպես էլ մաշկի ավելցուկով: Միայն ճարպի ավելցուկի դեպքում է հնարավոր կատարել լիպոսակցիա, բայց պետք է նկատի ունենալ, որ լիպոսակցիան դա ընդամենը մարմնի ուրվագծերը շտկելու համար է նախատեսված: Երբ ունենք նաեւ մաշկի ավելցուկ, ապա լիպոսակցիան հարցին լուծում չի կարող տալ, այս դեպքերում էլ կատարվում է աբդոմինոպլաստիկա, երբեմն նաեւ  այն զուգակցելով լիպոսակցիայի հետ: Հետվիրահատական հնարավոր բարդությունները դրանք սեռոմաների, հեմատոմաների, այսինքն` ենթամաշկային շերտի շճային կամ արյունային արտադրության կուտակումներն են, որի կանխարգելման համար, բնականաբար, վիրահատությունից հետո կատարվում է ակտիվ դրենավորում, որպեսզի այդ հավաքված հեղուկը դուրս գա ենթամաշկից: Բարդություններ հիմնականում լինում են 5-10 տոկոս դեպքերում, ճիշտ աշխտորոշման եւ հետագա կանխարգելիչ աշխատանքների դեպքում կարելի է խուսափել ավելի խորացած բարդություններից:

- Բացի Երեւանից իրականացնում եք վիրահատություններ եւ խորհրդատվություն Վանաձորի բժշկական կենտրոնում: Ամսվա մեջ որքա՞ն ժամանակահատվածն եք տրամադրում մարզային գործուղումներին:

- Այո 2013թվականից սկսած ես կատարում են խորհրդատվություններ եւ վիրահատություններ Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնում: Քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է Երեւանում, այցելություններս Վանաձոր փորձում եմ կազմակերպել ամեն շաբաթ եւ կիրակի օրերին: Լինում են նաեւ դեպքեր, երբ չի ստացվում, բայց փորձում եմ գոնե ամսվա մեջ 3-4 անգամ այցելել իմ հայրենի քաղաք:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք այն անձանց, ովքեր ունեն էսթետիկ վիրահատության կարիք, սակայն չեն գնում այդ քայլին՝ հոգեբանորեն պատրաստ չլինելու պատճառով:

-Որպես մասնագետ ասեմ, որ շատ դժվար է աշխատել այն մարդկանց հետ, ովքեր հոգեբանորեն դեռ պատրաստ չեն դիմել այդ քայլին: Այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն դիմել էսթետիկ վիրահատության` նախ հոգեբանորեն պատրաստվեն, հասկանալու համար իրենց ինչ է պետք, ինչ են այդ պահին ցանկանում, որից հետո նոր դիմեն իրենց նախընտրած վիրահատական միջամտության: Եղեք առողջ, սիրեք ձեր մարմինը:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր