Ճիշտը ժամանակին բժշկի դիմելն է
Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց թիվն անընդհատ մեծանում է, զուգահեռ տարեցտարի կատարելագործվում են այդ խնդիրների բուժման մեթոդները: Հայաստանում ակնաբուժությունը բժշկության ամենազարգացած ճյուղերից մեկն է համարվում, այստեղ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրականացվում են ակնաբուժական բոլոր միջամտությունները: Իսկ ոլորտի առաջատարը ժամանակակից սարքավորումներով, նորագույն տեխնիկայով հագեցած Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն է, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Ակնաբուժության եւ առողջապահության մի շարք այլ ոլորտներում Հայաստանն ունի մասնագիտական հզոր ներուժ թե´ ավագ, թե´ երիտասարդ սերնդի մեջ, եւ ավագ սերնդի բժիշկները պիտի պատրաստ լինեն իրենց փորձով ու հմտություններով կիսվել երիտասարդների հետ, որովհետեւ երիտասարդի ստացած տեսական գիտելիքները բավարար չեն, որ նա լավ մասնագետ դառնա: Բժիշկն իր աշխատանքին չպիտի մոտենա որպես զուտ գործողության, քանի որ գործ ունի մարդու հետ եւ պիտի սիրի մարդուն, նրան ընդունի ինչպես ծնողի, զավակի, քրոջ կամ եղբոր: Իհարկե, դա հեշտ չէ, եւ հենց այդտեղ է տարբերվում «չբժիշկը» կոչումով բժշկից: Մենք ունենք հրաշալի, օրինակելի բժիշկներ, ովքեր ճանաչված ու ընդունված են համաշխարհային բժշկական հանրությունում:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ակնաբույժ-վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ հաճելի զրուցակից, բազմափորձ մասնագետ, ով մեծ ներդրում ունի մեր երկրի ակնաբուժության բնագավառում, վայելում է գործընկերների սերն ու հարգանքը, պացիենտների՝ վստահությունը:
-Պարո՛ն Գրիգորյան, ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացում» ապրել:
-Կարելի է ասել՝ բոլոր: Օրինակ, եթե նախկինում կատարակտը հիմնականում ի հայտ էր գալիս 60 տարեկանից հետո, եւ այն համարում էինք ծերունական հիվանդություն, ապա հիմա այն միջին տարիքի, ոչ ծեր մարդկանց մոտ էլ է ի հայտ գալիս:
-Աչքի ճնշումը ինչի՞ կարող է հանգեցնել:
-Աչքի ճնշումը կարող է հանգեցնել կուրացման: Դա ներակնային ճնշման բարձրացում է, որ բերում է տեսանյարդի ատրոֆիայի: Նախկինում դա դատավճիռ էր, իսկ հիմա այդպես չէ, եւ ժամանակին հայտնաբերելու դեպքում իրականացնում ենք դեղորայքային, հարկ եղած դեպքում՝ նաեւ վիրաբուժական բուժում: Նոր մեթոդները մեզ թույլ են տալիս իջեցնել ճնշումը՝ օգտագործելով հատուկ զոնդեր, սարքեր, որոնք տեղադրվում են աչքի մեջ: Իհարկե, կա նաեւ ճնշման բարձրացում, որը չի բերում աստրոֆիայի: Որեւէ խնդրի դեպքում պացիենտն անմիջապես պետք է դիմի մասնագետի, սակայն, ցավոք, հայերիս բնավորությունն է, որ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չենք դիմում: Հիվանդը պետք է ինքը շահագրգռված լինի ու ժամանակին ցուցաբերի համապատասխան մոտեցում, մինչդեռ շատ անգամ հիվանդը գալիս է բարձիթողի վիճակում, երբ արդեն չենք կարող բուժել ատրոֆիան:
-Կուրությունը բուժում ունի՞:
-Կա բուժելի, կա նաեւ անբուժելի կուրություն: Գլաուկոման անբուժելի է, բայց կատարակտի եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում մենք փոխպատվաստումներ ենք կատարում, եւ դրանք բուժվում են: Ընդհանրապես մեզ մոտ առկա են ժամանակակից սարքավորումներ, տեխնիկա, իսկ բուժումն իրականացվում է ժամանակակից մեթոդներով:
-Տեսողության հիգիենայի մասին ի՞նչ կասեք:
-Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել եւ հանգստացնել աչքերը, չպետք է երկար ժամանակ հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով, պետք է գրել եւ կարդալ լավ լուսավորված պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը: Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ, գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա. աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից: Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում:
-Ի՞նչ կասեք պաշտպանիչ ակնոցների մասին:
-Պաշտպանիչ ակնոցներն անհրաժեշտ են թե՛ տանը տարբեր աշխատանքներ կատարելու, թե՛, իհարկե, պատերազմի դաշտում: Դա շատ լուրջ խնդիր է: Ես ունեցել եմ 160-ից ավելի աչքից վիրավորված զինվորներ, որոնք վնասվածքներ ստացել են հիմնականում պաշտպանիչ ակնոց չունենալու պատճառով: Այդ առումով մեր բանակը բացարձակապես անպաշտպան է եղել: Ունենք հիվանդներ, որոնց աչքի մեջ մեկից ավելի օտար մարմիններ կան, եւ ամենավատն այն է, որ 90 տոկոսով ականապայթունային վնասվածքներ են, ռումբեր, ականներ եւ հիմնականում ժամանակակից մետաղներ են օգտագործվել՝ պղնձյա եւ այլն, որոնք մագնիսային չեն, ու նրանց հետ աշխատելը շատ դժվար է: Միջազգային վիճակագրությամբ լավագույն վիրաբույժներն իրենց կյանքում 3-5 օտար մարմին են հեռացրել պինցետով, իսկ մենք, եթե չեմ սխալվում, մի 40 հատ հեռացրել ենք: Նախկինում գոյություն ուներ, այսպես ասած, ռուսական համակարգ, որը կոչվում էր հիվանդների փուլային տարհանում (էվակուացիա) ռազմի դաշտից: Գնում էին, տանում վիրավորներին, ինչ-որ մի տեղ հավաքում, ապա այնտեղեց մեքենայով տանում առաջին օգնության կենտրոն, հետո՝ մեկ այլ տեղ, ապա վերջապես՝ հոսպիտալ: Մինչդեռ ամերիկացիները հիմար չէին, որ ուղղաթիռով միանգամից հոսպիտալ էին տանում, եւ լավ է, որ նույնը մեզ մոտ արվեց այս պատերազմի ժամանակ: Փառք ու պատիվ մեր շտապօգնության վարորդներին, որոնք բավականին արագ վիրավորներին հասցրեցին բուժկետեր, հոսպիտալներ: Առաջին պատերազմի ժամանակ մենք ունեցանք բազմաթիվ թարախակալման, այլ բորբոքային դեպքեր, որոնք կախված էին ուշացման հետ, իսկ այս պատերազմի ժամանակ դրանք շատ քիչ էին: Շատ արագ վիրավորներին բերում էին հոսպիտալային բազաներ՝ Սիսիան, Գորիս, մեր հոսպիտալը եւ արդեն այնտեղից տեղափոխում էին համապատասխան ակնաբուժական կլինիկաներ (եթե ակնաբուժական խնդիր էր միայն):
-Կա՞ այնպիսի հետազոտման մեթոդ, որ աչքի մասին ընդհանուր պատկերացում է տալիս, թե՞ համակցված մեթոդ է պետք իրականացնել:
-Առաջ շատ հետաքրքիր մեթոդ ունեինք. մեր գործընկեր Լեւոնը, որ գնաց ԱՄՆ, հեռուստատեսությամբ մի երկու բառ էր ասում, ապա ցույց տալիս տեսադաշտի պատկերը եւ դիմում հեռուստադիտողին. «Հիվանդնե՛ր, ստուգեք ձեր տեսողությունը»: Դա մի մեթոդ էր, որը թույլ էր տալիս որոշ հիվանդների անմիջապես դիմել բժշկի: Օրինակ, գլաուկոմայի ժամանակ այդ տեսադաշտը նեղանում է: Հիմա, երբ ինտերնետը կա, հազարումի բան կարդում են եւ ինչ-որ քայլեր ձեռնարկում, սակայն ճիշտը, իհարկե, ժամանակին բժշկի դիմելն է:
-Իսկ որպես վերջաբան ինչ կմաղթեք մեր հանրությանը:
-Սա մեր հայրենիքն է, եւ ոչ ոք այն չի կառուցի մեր փոխարեն: Որքան պատասխանատու եւ սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի: Բոլորին առողջություն եմ մաղթում: