ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Ճիշտը ժամանակին բժշկի դիմելն է  

Տե­սո­ղութ­յան խնդիր­ներ ու­նե­ցող մարդ­կանց թիվն ա­նընդ­հատ մե­ծա­նում է, զու­գա­հեռ տարեց­տա­րի կատա­րե­լա­գործ­վում են այդ խնդիր­նե­րի բուժ­ման մե­թոդ­նե­րը: Հա­յաս­տա­նում ակ­նա­բու­ժութ­յու­նը բժշկութ­յան ա­մե­նա­զար­գա­ցած ճյու­ղե­րից մեկն է հա­մար­վում, այս­տեղ պրո­ֆե­սիո­նալ բարձր մա­կար­դա­կով ի­րա­կա­նաց­վում են ակ­նա­բու­ժա­կան բո­լոր միջամտություն­նե­րը: Իսկ ոլորտի առաջատարը ժամանակակից սարքավորումներով, նորագույն տեխնիկայով հագեցած Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն է, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Ակ­նա­բու­ժութ­յան եւ առողջապա­հութ­յան մի շարք այլ ո­լորտ­նե­րում Հա­յաս­տանն ու­նի մաս­նա­գի­տա­կան հզոր նե­րուժ թե´ ա­վագ, թե´ ե­րի­տա­սարդ սերն­դի մեջ, եւ ա­վագ սերն­դի բժիշկ­նե­րը պի­տի պատ­րաստ լի­նեն ի­րենց փոր­ձով ու հմտութ­յուն­նե­րով կիս­վել ե­րի­տա­սարդ­նե­րի հետ, ո­րով­հետեւ ե­րի­տա­սար­դի ստա­ցած տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը բա­վա­րար չեն, որ նա լավ մաս­նա­գետ դառ­նա: Բ­ժիշ­կն իր աշխա­տան­քին չպի­տի մո­տե­նա որ­պես զուտ գոր­ծո­ղութ­յան, քանի որ գործ ու­նի մար­դու հետ եւ պի­տի սի­րի մար­դուն, նրան ըն­դու­նի ինչ­պես ծնողի, զա­վակի, քրոջ կամ եղբոր: Ի­հար­կե, դա հեշտ չէ, եւ հենց այդ­տեղ է տար­բեր­վում «չբժիշ­կը» կո­չու­մով բժշկից: Մենք ու­նենք հրա­շա­լի, օ­րի­նա­կե­լի բժիշկ­ներ, ով­քեր ճա­նաչ­ված ու ըն­դուն­ված են հա­մաշ­խար­հա­յին բժշկա­կան հան­րութ­յու­նում:  

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է ակնաբույժ-վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ հաճելի զրուցակից, բազմափորձ մասնագետ, ով մեծ ներդրում ունի մեր երկրի ակնաբուժության բնագավառում, վայելում է գործընկերների սերն ու հարգանքը, պացիենտների՝ վստահությունը: 

-Պարո՛ն Գրիգորյան, ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացում» ապրել:

-Կարելի է ասել՝ բոլոր: Օրինակ, եթե նախկինում կատարակտը հիմնականում ի հայտ էր գալիս 60 տարեկանից հետո, եւ այն համարում էինք ծերունական հիվանդություն, ապա հիմա այն միջին տարիքի, ոչ ծեր մարդկանց մոտ էլ է ի հայտ գալիս:

-Իսկ ինչի՞ց է առաջանում կատարակտը:

-Կատարակտը պաթոլոգիա է, որը բնութագրվում է աչքի ոսպնյակի դանդաղ մթագնմամբ (թափանցիկության խանգարմամբ): Այն  լինում է միակողմանի եւ երկկողմանի: Առավել հաճախ հանդիպում է երկրորդ տեսակը: Դրա առաջացման պատճառներն են՝ հարազատների մոտ կատարակտի առկայությունը, 2-րդ կամ 1-ին տիպի շաքարային դիաբետը, աչքի վնասվածքների կամ բորբոքային պրոցեսների առկայությունը, աչքի վիրահատական փոփոխությունները, գլյուկոկորտիկոիդների բավականին երկարատեւ ընդունումը, ինչպես նաեւ ծխելը, իոնացնող ճառագայթումը, ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատեւ ազդեցությունը: Հղիության ընթացքում վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կամ ուժեղ դեղամիջոցների ընդունման հետեւանքով նույնպես պտղի մոտ կարող է նկատվել բնածին կատարակտ:
Կատարակտը վիրահատում են ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով, որի ընթացքում աչքի մեջ տեղադրվում է արհեստական ոսպնյակ:

-Աչքի ճնշումը ինչի՞ կարող է հանգեցնել:

-Աչքի ճնշումը կարող է հանգեցնել կուրացման: Դա ներակնային ճնշման բարձրացում է, որ բերում է տեսանյարդի ատրոֆիայի: Նախկինում դա դատավճիռ էր, իսկ հիմա այդպես չէ, եւ ժամանակին հայտնաբերելու դեպքում իրականացնում ենք դեղորայքային, հարկ եղած դեպքում՝ նաեւ վիրաբուժական բուժում: Նոր մեթոդները մեզ թույլ են տալիս իջեցնել ճնշումը՝ օգտագործելով հատուկ զոնդեր, սարքեր, որոնք տեղադրվում են աչքի մեջ: Իհարկե, կա նաեւ ճնշման բարձրացում, որը չի բերում աստրոֆիայի: Որեւէ խնդրի դեպքում պացիենտն անմիջապես պետք է դիմի մասնագետի, սակայն, ցավոք, հայերիս բնավորությունն է, որ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չենք դիմում: Հիվանդը պետք է ինքը շահագրգռված լինի ու ժամանակին ցուցաբերի համապատասխան մոտեցում, մինչդեռ շատ անգամ հիվանդը գալիս է բարձիթողի վիճակում, երբ արդեն չենք կարող բուժել ատրոֆիան:

-Կուրությունը բուժում ունի՞:

-Կա բուժելի, կա նաեւ անբուժելի կուրություն: Գլաուկոման անբուժելի է, բայց կատարակտի եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում մենք փոխպատվաստումներ ենք կատարում, եւ դրանք բուժվում են: Ընդհանրապես մեզ մոտ առկա են ժամանակակից սարքավորումներ, տեխնիկա, իսկ բուժումն իրականացվում է ժամանակակից մեթոդներով:

-Տեսողության հիգիենայի մասին ի՞նչ կասեք:

-Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել եւ հանգստացնել աչքերը, չպետք է երկար ժամանակ հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով, պետք է գրել եւ կարդալ լավ լուսավորված պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը: Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ, գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա. աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից: Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում:

 -Չոր աչքի համախտանիշը ի՞նչ է իրենից ներկայացնում:

-Չոր աչքի համախտանիշը կարող է պայմանավորված լինել բազում պատճառներով: Դրանց շարքին են դասվում որոշ աուտոիմունային եւ այլ լուրջ հիվանդությունները, ինչպես նաեւ որոշակի դեղորայքի ընդունումը, համակարգչի եւ պլանշետների չարաշահումը, օդի աղտոտվածությունը, ալերգիաները, ծխախոտի չարաշահումը, կոնտակտային լինզաներ կրելը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:

 Բուժման համար սովորաբար կիրառվում են «արհեստական արցունքով» դեղամիջոցներ (կաթիլներ կամ քսուք): Ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այս խնդրիը, քանի որ այն ոչ միայն բացասաբար է ազդում կյանքի որակի վրա, այլեւ զգալիորեն բարձրացնում աչքերի  տարբեր բորբոքային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Գոյություն ունեն թեստեր, որոնց օգնությամբ կարողանում ենք իմանալ, թե ինչքան արցունք է արտադրվում, եւ ըստ դրա իրականացվում են տարբեր, այդ թվում՝ վիրաբուժական մեթոդներ:

-Ի՞նչ կասեք պաշտպանիչ ակնոցների մասին:

-Պաշտպանիչ ակնոցներն անհրաժեշտ են թե՛ տանը տարբեր աշխատանքներ կատարելու, թե՛, իհարկե, պատերազմի դաշտում: Դա շատ լուրջ խնդիր է: Ես ունեցել եմ 160-ից ավելի աչքից վիրավորված զինվորներ, որոնք վնասվածքներ ստացել են հիմնականում պաշտպանիչ ակնոց չունենալու պատճառով: Այդ առումով մեր բանակը բացարձակապես անպաշտպան է եղել: Ունենք հիվանդներ, որոնց աչքի մեջ մեկից ավելի օտար մարմիններ կան, եւ ամենավատն այն է, որ 90 տոկոսով ականապայթունային վնասվածքներ են, ռումբեր, ականներ եւ հիմնականում ժամանակակից մետաղներ են օգտագործվել՝ պղնձյա եւ այլն, որոնք մագնիսային չեն, ու նրանց հետ աշխատելը շատ դժվար է: Միջազգային վիճակագրությամբ լավագույն վիրաբույժներն իրենց կյանքում 3-5 օտար մարմին են հեռացրել պինցետով, իսկ մենք, եթե չեմ սխալվում, մի 40 հատ հեռացրել ենք: Նախկինում գոյություն ուներ, այսպես ասած, ռուսական համակարգ, որը կոչվում էր հիվանդների փուլային տարհանում (էվակուացիա) ռազմի դաշտից: Գնում էին, տանում վիրավորներին, ինչ-որ մի տեղ հավաքում, ապա այնտեղեց մեքենայով տանում առաջին օգնության կենտրոն, հետո՝ մեկ այլ տեղ, ապա վերջապես՝ հոսպիտալ: Մինչդեռ ամերիկացիները հիմար չէին, որ ուղղաթիռով միանգամից հոսպիտալ էին տանում, եւ լավ է, որ նույնը մեզ մոտ արվեց այս պատերազմի ժամանակ: Փառք ու պատիվ մեր շտապօգնության վարորդներին, որոնք բավականին արագ վիրավորներին հասցրեցին բուժկետեր, հոսպիտալներ: Առաջին պատերազմի ժամանակ մենք ունեցանք բազմաթիվ թարախակալման, այլ բորբոքային դեպքեր, որոնք կախված էին ուշացման հետ, իսկ այս պատերազմի ժամանակ դրանք շատ քիչ էին: Շատ արագ վիրավորներին բերում էին հոսպիտալային բազաներ՝ Սիսիան, Գորիս, մեր հոսպիտալը եւ արդեն այնտեղից տեղափոխում էին համապատասխան ակնաբուժական կլինիկաներ (եթե ակնաբուժական խնդիր էր միայն):

-Կա՞ այնպիսի հետազոտման մեթոդ, որ աչքի մասին ընդհանուր պատկերացում է տալիս, թե՞ համակցված մեթոդ է պետք իրականացնել:

-Առաջ շատ հետաքրքիր մեթոդ ունեինք. մեր գործընկեր Լեւոնը, որ գնաց ԱՄՆ, հեռուստատեսությամբ մի երկու բառ էր ասում, ապա ցույց տալիս տեսադաշտի պատկերը եւ դիմում հեռուստադիտողին. «Հիվանդնե՛ր, ստուգեք ձեր տեսողությունը»: Դա մի մեթոդ էր, որը թույլ էր տալիս որոշ հիվանդների անմիջապես դիմել բժշկի: Օրինակ, գլաուկոմայի ժամանակ այդ տեսադաշտը նեղանում է: Հիմա, երբ ինտերնետը կա, հազարումի բան կարդում են եւ ինչ-որ քայլեր ձեռնարկում, սակայն ճիշտը, իհարկե, ժամանակին բժշկի դիմելն է:  

-Իսկ որպես վերջաբան ինչ կմաղթեք մեր հանրությանը:
-Սա մեր հայրենիքն է, եւ ոչ ոք այն չի կառուցի մեր փոխարեն: Որքան պատասխանատու եւ  սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի: Բոլորին առողջություն եմ մաղթում:                

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր