ԱՆՆԱ ՏՈՂՐԱՄԱՋՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Ինքնավստահությունը բոլորիս ամենամեծ զենքն է

Գինեկոլոգիայի մեջ նոր ճյուղ համարվող էսթետիկ գինեկոլոգիան այսօր շատ պահանջված է ամբողջ աշխարհում: Կանանց մոտ հաճախ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են վիրահատական միջամտություն, եւ լազերային էսթետիկ գինեկոլոգիան հնարավորություն է ընձեռում ձերբազատվել այդ խնդիրներից ավելի հեշտ ու անցավ ճանապարհով: Էսթետիկ գինեկոլոգիայի միջոցով շատ կանանց կյանքի որակն էապես բարելավվել է. ազատվել են անհաղթահարելի թվացող բարդույթներից, դարձել առավել ինքնավստահ եւ համարձակ, նույնիսկ կարգավորվել են ընտանեկան խնդիրները: Սակայն Հայաստանում ծառայության այս տեսակը դեռեւս լիովին բացահայտված չէ շատերի համար:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է «Աստղիկ» բժշկական կենտրոնի էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ ԱՆՆԱ ՏՈՂՐԱՄԱՋՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք գինեկոլոգիական մի շարք խնդիրների եւ էսթետիկ գինեկոլոգիայի մասին: Պարզվեց, որ հաճելի կին եւ զրուցակից է, ով առաջնորդվում է իր ու այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարեւորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված փորձառությունը։ Բժշկուհուն օգնում են սերը մասնագիտության, մարդու նկատմամբ: Սեփական անձի մասին խոսել չի սիրում եւ կարծում է, որ իր կերպարը իրեն ճանաչողներն ավելի ճշգրիտ կարող են ներկայացնել։ Եվ նրան ճանաչող պացիենտները, գործընկերները սիրում ու վստահում են բժշկուհուն:  

-Ի՞նչ է իրենից ներկայացնում էսթետիկ գինեկոլոգիան, եւ ինչպիսի՞ գործառույթուններ են իրականացվում ձեր բաժանմոնքում:

-էսթետիկ գինեկոլոգիան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մեջ նոր ճյուղ է, որն իր մեջ ներառում է բազմապրոֆիլ մի քանի ուղղություններ, եւ նրա միջոցով կինը կարող է ձերբազատել բարդույթներից, սիրել սեփական մարմինը: Բազմաթիվ երկրներում խնդիրների լուծման այս ուղղությունը որոշակի դրական փորձ արդեն կուտակել է, եւ մասնագետի կողմից իրականացված միջամտությունների արդյունքը ոչ միայն բավարարում է կնոջ էսթետիկական պահանջները, այլեւ որեւէ վնաս չի հասցնում առողջությանը։ Էսթետիկ գինեկոլոգիան կոչված է շտկելու այն թերությունները, որոնք կնոջ սեռական օրգանները ձեռք են բերում ծննդաբերությունների, տարիքի կամ այլ պատճառներով, ընդ որում, էսթետիկական թերություններից զատ, բուժվում են նաեւ որոշ հիվանդություններ։ Լազերային միջամտությունների միջոցով կարողանում ենք մի շարք խնդիրներ լուծել ամբուլատոր պայմաններում`արագ, հաճախ առանց ցավազրկման անհրաժեշտության։ Օրինակ, ծննդաբերությունից հետո կնոջ հեշտոցը լայնանում է, նվազում՝ զգայունությունը, երբեմն  առաջանում են անմիզապահության երեւույթներ: Այս խնդիրները արտահայտվածության որոշ աստիճաններում լուծվում են հենց էսթետիկ գինեկոլոգիական միջոցներով։ Լազերային ճառագայթը բարելավում է լորձաթաղանթի սնուցումը, ինչի հետեւանքով ապահովվում են անհրաժեշտ խոնավությունը, զգայունությունը, կարգավորում է անմիզապահությունը:

-Ուրիշ ի՞նչ խնդիրներ են լուծվում:

-Կանանց մոտ շատ տարածված խնդիր է օդի առկայությունը սեռական հարաբերության ժամանակ, երբ հեշտոցում օդի զգացողություն է առաջանում, այսինքն՝ անատոմիական անհամապատասխանության հետեւանքով հեշտոցն ավելի լայն է լինում: Օդը ներհրվում է հեշտոցի մեջ, իսկ օդի դուրս գալիս ձայն է առաջանում, ինչը սեռական ակտից խուսափելու պատճառ է դառնում:

Կատարվում է նաեւ լաբիոպլաստիկա՝ սեռական շուրթերի չափերի փոքրացմանն ուղղված պլաստիկ միջամտություն, որն իրականացվում է ե՛ւ էսթետիկ, ե՛ւ առողջական նկատառումներով: Նախկինում սեռական շուրթերի հիպերտրոֆիա (սեռական շուրթերի մեծացում) ունեցող կանայք ու աղջիկներն ամաչում էին բժշկի դիմել, սեռական հարաբերություններում ունենում էին բազմաթիվ բարդույթներ, ինչի արդյունքում տուժում էր սեռական կյանքը: Սակայն էսթետիկ գինեկոլոգիան շատ հեշտ եւ արագ գտել է այդ խնդրի  լուծման ելքը, եւ միջամտություններից հետո գրեթե բոլոր պացինտները դուրս են գրվում հենց նույն օրը: Իրականացվում է նաեւ հեշտոցի նեղացում, որը նախկինում շատ լուրջ խնդիր էր: Երեխա ունենալիս կեսարյան հատումը հաճախ ընտրվում էր միայն այն պատճառով, որ այս մեթոդը չի առաջացնում հեշտոցի լայնացում, դրա արդյունքում՝ սեռական խնդիրներ: Այժմ մենք կարողանում ենք նեղացնել հեշտոցը ոչ մեծ վիրահատական միջամտությամբ, որը կատարվում է տեղային անզգայացմամբ:

Իրականացվում է սեռական հատվածների գունաբացում CO2 ֆրակցիոնային լազերով:

Պլազմոլիֆթինգի միջոցով  կանանց մոտ վերանում են մենոպաուզայի ժամանակ չորության հետեւանքով առաջացած ատրոֆիկ կոլպիտները, քորը, մրմռոցը եւ բոլոր տհաճ զգացողությունները:

Կատարվում է նաեւ սեռական շուրթերի ուրվագծային պլաստիկա: Անօրգազմիայի դեպքում G կետում իրականացվում են ֆիլլերային ներարկումներ:

-Դրանք առաջացնո՞ւմ են հետվիրահատական բարդություններ։

-Նախկինում լաբիոպլաստիկաներն իրականացվում էին լանցետային վիրաբուժական մեթոդով, մնում էին կարեր, որոնք ազդում էին էսթետիկ տեսքի վրա, երբեմն առաջանում էր կարի բորբոքում: Իսկ այսօր լազերային միջամտությամբ կարեր չեն առաջանում, որն էլ իր հերթին ապահովում է քիչ հետվիրահատական բարդություններ եւ գեղեցիկ էսթետիկ տեսք։ Հակացուցումներն են՝ հղիությունը, շաքարային դիաբետը եւ բորբոքային պրոցեսները: Ընդհանրապես, եթե առկա են բորբոքային պրոցեսներ, ցանկացած միջամտությունից առաջ պետք է իրականացնել հակաբորբոքային բուժում, ապա անցնել կրկնակի հետազոտություն: Ու, եթե արդյունքում արդեն ամեն ինչ նորմալ է, միայն այդ դեպքում դիմել պլանային գեղեցիկ էսթետիկ տեսքի ապահովմանը։

-Ինչպիսի՞ բորբոքային պրոցեսներ են լինում:

-Բորբոքային պրոցեսները լինում են սպեցիֆիկ եւ ոչ սպեցիֆիկ, սպեցիֆիկներն այն խնդիրներն են, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, իսկ ոչ սպեցիֆիկը կարող է հանդիպել նույնիսկ սեռական կյանքով չապրող աղջիկների մոտ՝ պայմանավորված բակտերիաների առկայությամբ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ խնդրի առկայության դեպքում զուգընկերը նույնպես պետք է բուժում ստանա, բայց, ցավոք, այսօր հայ տղամարդիկ հիմնականում կարծում են, որ իրենք խնդիր չունեն: Եվ կանանց՝ տարիներով բուժվելը լինում է ապարդյուն: Պետք է պարտադիր զույգերը միաժամանակ բուժվեն, իսկ միզասեռական քսուկով բուժում ստանալը մաքսիմալ անգրագետ մոտեցում է, անպայման պետք է անցնել բակտերիոլոգիական զննություն հասկանալու համար, թե ինչ պետք է անել խնդիրը վերջնականապես ու արմատապես լուծելու համար։ Ցանկանում եմ մասնագետներին հորդորել միզասեռական քսուկի վրա բուժում չնշանակել, իսկ պացինտներին էլ զգուշացնել, որ, եթե միայն հանձնել են միզասեռական քսուկ, դրանով բուժում չստանան, անցնեն վերը թվարկված ստուգումները, որպեսզի խնդիրը արմատապես լուծվի:

-Անպտղությունը կարո՞ղ ենք դատավճիռ համարել։

-Արդի բժշկությունը ոչ մի խնդիր, այդ թվում՝ անպտղությունը, արդեն դատավճիռ չի համարում: Եթե կնոջը մայրության բերկրանք պարգեւելու թեկուզ մեկ տոկոս շանս կա, մենք ամեն կերպ աշխատում ենք հասնել ցանկալի արդյունքի։ Գրանցվել են շատ հաջողված դեպքեր, երբ զույգերը երջանկացել են,  եւ նրանց բալիկները նաեւ իմ բալիկներն են դարձել։ Փառք Աստծո, այսօր մեզ մոտ դիմելիության կուլտուրան բարձր մակարդակ ունի, ու հատկապես նոր սերնդի կանայք եւ աղջիկները գիտակցորեն են մոտենում իրենց խնդիրներին ու ժամանակին անցնում կանխարգելիչ հետազոտություններ առողջ հղիություն վարելու համար: Բոլորը պետք է տեղյակ լինեն, որ երեսուն տարեկանից հետո պարտադիր պետք է անցեն որոշ հետազոտություններ:

-Ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը։

-Ես ունեցել եմ շատ ուսուցիչներ, որոնցով միշտ հպարտացել եմ, երախտապարտ եմ եւ բարձր եմ գնահատում նրանց դերն իմ մասնագիտական կայացման մեջ: Առաձնահատուկ կցանկանայի նշել Սիրանուշ Ալեքսանդրի Կիրակոսյանին, ով, իմ ուսանողական տարիներից սկսած, ջանք ու եռանդ չի խնայել իմ կայացման մեջ, հաճախ շատ խիստ նկատողություններ է արել, պարտադրել, որ մնամ հերթապահությունների մի քանի օր շարունակ: Շնորհակալ եմ իմ պապիկից, ով ինձ փոքրուց սովորեցրել է տարբեր ուղղություններով զարգանալ, ունենալ սեփական յուրովի մոտեցումերն ամեն մի բնագավառում։

-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին պացիենտներին, առաջին վիրահատությունը, զգացողությունները:

-Ես տարբեր իրավիճակներում եմ առաջին պացիենտներ ունեցել: Հիշում եմ իմ առաջին պացիենտին, որին բուժելուց հետո թեստի պատասխանը դրական եղավ: Հիշում եմ առաջին կեսարյան հատումը, երբ երեխան իմ ձեռքերում էր արդեն, իսկ թե ինչ զգացողություններ էին այդ պահին ինձ մոտ, դժվար է խոսքերով արտահայտել: Անբացատրելի զգացողություններ ունեցա նաեւ առաջին վիրահատական միջամտությունից հետո: Եվ, իհարկե, չեմ կարող մոռանալ իմ ուսուցիչների օգնությամբ արտերկրում արած իմ առաջին էսթետիկ միջամտությունը (Հայաստանում այդ նոր ուղղությունը դեռ չկար): Ես շատ նպատակասլաց եմ, ու, եթե իմ առջեւ որեւէ խնդիր եմ դնում, պարտադիր իրականացնում եմ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք խնդիրներ ունեցող, սակայն բժշկի դիմելու համարձակություն չունեցող կանանց: Ձեր մաղթանքը եւ հորդորը հասարակությանը։

-Սիրե՛ք ինքներդ ձեզ, ձեր մարմինը: Ժամ առաջ ազատվե՛ք ձեզ տանջող բարդույթներից: Արե՛ք ամեն ինչ, որպեսզի ձեր կյանքը դառնա առավել հարմարավետ: Պետք է ազատվել վախերից հաղթանակների հասնելու համար: Մաղթում եմ, որ բոլորը լինեն առողջ, հաճախ դիմեն իրենց համար վստահելի մասնագետին, անցնեն պլանային զննումներ, հետազոտություններ, որպեսզի հիվանդությունները վաղ ախտորոշվեն եւ հիմնովին բուժվեն։ Իսկ կանանց առանձնահատուկ մաղթում եմ, որ լինեն գնահատված, վայելեն մայր լինելու գերագույն զգացողությունը։ Ես ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում, քանզի չափից շատ սիրում եմ կանանց: Կցանկանայի, որ մեր կանայք լինեն ինքնավստահ, պատասխանատու սեփական ես-ի, սեփական մարմնի  եւ սեփական առողջության նկատմամբ, քանի որ մեզ շրջապատողներին մենք պետք ենք առողջ եւ ինքնավստահ։ Ինձ համար ամենաերջանիկ կինը ինքնավստահ կինն է, եւ էական չեն արտաքին տեսքը ու խնդիրները, որոնք լուծելի են: Բարդույթ առաջացնող ցանկացած խնդիր պետք է վերացնել, քանի որ ինքնավստահությունը բոլորիս ամենամեծ զենքն է։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր