ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին 

Մինչ քաղաքական դաշտում կրքեր են եռում, մեր բժիշկները շարունակում են հավատարիմ մնալ իրենց մասնագիտական պարտքին, եւ պատահական չէ, որ անկեղծ հարգանքի են արժանանում: Մարզային բժշկության խնդիրները բազմազան են, բայց լավ մասնագետների շնորհիվ դրանք լուծվում են: Ընդ որում, հաճախ այդ մասնագետներն առաջին օգնություն են ցույց տալիս նաեւ ոչ իրենց ոլորտում: Մարզային հիվանդանոցներում ավելի մատչելի, քան Երեւանում, իրականացվում են բոլոր բուժական մոտեցումները, տեխնիկական հագեցվածության առումով էլ դրանք գրեթե չեն զիջում մայրաքաղաքին:

Աբովյան քաղաքի Ռուբիկ Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքն ապահովված է բարձրակարգ բժիշկ-մասնագետներով, մատուցում է բազմատեսակ բժշկական ծառայություններ: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է հիվանդանոցի վնասվածքաբան-օրթոպեդ ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, բժիշկ, ով ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը:  

-Ի՞նչ գործառույթներ է իրականացնում ձեր բաժանմունքը, ովքե՞ր կարող են ձեզ դիմել:

-Մենք զբաղվում ենք գրեթե բոլոր վնասվածքաբանական եւ օրթոպեդիկ պաթոլոգիաներով, մեզ դիմում են տարբեր խնդիրներով՝ նորածնային տարիքից մինչեւ ծերեր: Բայց մեր հիվանդանոցը մանկական պրոֆիլի չէ, եւ մենք վիրահատում ենք այն պացիենտներին, որոնց 18 տարին լրացել է, իսկ ամբուլատոր ծառայություն մատուցում ենք անկախ տարիքից: Մեր հիվանդանոցը գրեթե ամբողջությամբ սպասարկում է Կոտայքի մարզը, մեզ  դիմում են նաեւ այլ մարզերից, եւ օրեցօր ավելանում է դիմողների, վիրահատվողների թիվը: Տասը տարի վնասվածքաբան-օրթոպեդ եմ աշխատել մեր պոլիկլինիկայում, զինկոմիսարիատում, ընդհանուր վիրաբույժ եմ եղել հիվանդանոցում, կատարել վիրահատություններ, այսինքն՝ բավականին ծանրաբեռնվածությամբ ենք աշխատել եւ հասել այսօրյա դրական արդյունքներին: Մեզ մոտ կատարվում են կոնքազդրային հոդի, ծնկահոդի էնդոպրոթեզավորումներ, ծնկահոդի արթրոսկոպիաներ, տարբեր տեսակի կոտրվածքների բուժում: Լինում են հազվադեպ հիվանդներ, ովքեր ուղեգրվում են նաեւ այլ բազմապրոֆիլ հիվանդանոցներ: Աշխատում ենք չդոփել տեղում՝ մշտապես անցնելով վերապատրաստումներ, նորագույն մեթոդներ եւ մոտեցումներ ներառելով մեր աշխատանքում:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում օստիոպարոզ հիվանդությունը: 

-Այն ախտաբանական վիճակ է, որը բնութագրվում է ոսկրերի թուլացմամբ եւ մեծացնում է կոտրվածքների ռիսկը, ծերերի մոտ կոտրվածքների առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառն է։ Սովորաբար կոտրվում են ողնաշարի ողերը, նախաբազկի եւ կոնքի ոսկրերը, ազդոսկրի պրոքսիմալ հատվածը։ Ոսկրերը կարող են դառնալ այնքան փխրուն, որ կոտրվածք առաջանա նույնիսկ չնչին ազդեցությունից։ Կոտրվածքից հետո կարող են մնալ քրոնիկ ցավ եւ շարժումները նորմալ կատարելու սահմանափակում։ Ոսկրային զանգվածի կորուստը ավելանում է դաշտանադադարից հետո՝ էստրոգենի մակարդակի նվազման պատճառով: Օստեպորոզը կարող է առաջանալ նաեւ տարբեր հիվանդությունների (օրինակ, հարբեցողություն, անորեքսիա, հիպերթիրեոզ, երիկամային հիվանդություններ կամ ձվարանների հեռացում) եւ դրանց բուժումների հետեւանքով։ Կարող է առաջանալ նաեւ հարվահանաձեւ գեղձի հորմոնների խնդրի ժամանակ, որը պետք է էնդոկրինոլոգները հայտնաբերեն, եւ մենք համակցված աշխատանքով կգտնենք հիվանդության պատճառը:

-Ի՞նչ է արթրոզը:

-Արթրոզը (հոդախտ) հոդերի քրոնիկական հիվանդություն է, որի առաջացմանը նպաստում են տարիքը, բորբոքային պրոցեսները, ավելցուկային քաշը, պրոֆեսիոնալ սպորտաձեւերը, վնասվածքները, ինֆեկցիաները, համակարգային հիվանդությունները, տարած վիրահատությունները, ժառանգական նախատրամադրվածությունը: Առաջացման պատճառ կարող է լինել նաեւ հոդաճառի քրոնիկական վնասումը: Իսկ, օրինակ, ոտնաթաթի հոդերի արթրոզի պատճառը կարող լինել նեղ կոշիկ կրելը:
Արթրոզի ժամանակ ախտահարվում են ինչպես խոշոր, այնպես էլ մանր, այդ թվում՝ ողնաշարի` (սպոնդիլոարթրոզ) հոդերը: Ոսկրերը միացնող, հոդամակերեսները ծածկող աճառն աստիճանաբար քայքայվում է ու բարակում, ինչպես նաեւ ոսկրային հյուսվածքն է փոփոխությունների ենթարկվում, կարծրանում է (օստեոսկլերոզ): Երբեմն հոդի մակերեւույթին գոյանում են փշաձեւ ոսկրային գերաճումներ: Հիվանդությունն սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո` հոդերի ոչ սուր եւ ոչ մշտական ցավերով, որոնք անհետանում են հանգստի ժամանակ: Այնուհետեւ ցավերն առաջանում են նույնիսկ չնչին բեռնվածության դեպքում ու աստիճանաբար դառնում մշտական:

Հոդերը կարող են ուռչել, շոշափելիս ցավոտ են, ծալումը եւ տարածումն ուղեկցվում են ճարճատյունով: Հնարավոր է նաեւ հոդի ձեւախախտում: Ողնաշարի արթրոզի ժամանակ առաջանում են նյարդարմատիկային ցավեր, որոնց պատճառը ոսկրային գերաճումներով նյարդարմատների սեղմումն է: Նման ցավեր կարող են առաջանալ ողնաշարի ցանկացած բաժնի ախտահարման ժամանակ եւ տեղայնացվել ինչպես տվյալ, այնպես էլ մարմնի այլ հատվածներում՝ ծոծրակում, կրծքավանդակում, վերջույթներում: Կարող են ցավոտ կետեր ի հայտ գալ նաեւ սրտի շրջանում, որովայնում: Արթրոզի բուժման նպատակն է օրգանիզմում բնականոնացնել նյութափոխանակությունը, վերացնել ծանրաբեռնվածությունը ախտահարված հոդի շրջանում: Մի շարք դեպքերում անհրաժեշտ է դիմել վիրաբուժական միջամտության, ազատվել ավելորդ քաշից:

Կոնքազդրային հոդի արթրոզը բավականին տարածված է, քանի որ այսօր մարդիկ սկսել են ավելի քիչ շարժվել, քիչ մարզվել, ավելի շատ օգտագործել ռաֆինացված սննդամթերքներ, վնասակար սնունդ: Ծանր քաշ ունեցողների մոտ այն ավելի հաճախ է հանդիպում: Այդ դեպքում վիրահատական միջամտությունը դժվար է լինում, դիմում ենք կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման: Տարեցտարի այդ հիվանդությունն ավելի շատանում է, բայց հնարավոր է այն կանխարգելել, եթե հիվանդները վաղ դիմեն բժշկի, ժամանակին իրականացվեն բոլոր համակցված բուժումները: Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ ուշացած դեպքերում ավելի են տուժում թե՛ ֆինանսապես, թե՛ առողջական ու ժամանակային առումներով:

-Իսկ հալուքս վալգուս հիվանդությունն ի՞նչ է իրենից ներկայացնում։

-Հալուքս վալգուսի (hallux valgus) ժամանակ ոտնաթաթի առաջին մատը ծռվում եւ շեղվում է դեպի մյուս մատները: Շատ կարեւոր է դրանց բուժելը, քանի որ, բացի էսթետիկ տհաճ տեսքը, դրանք փոխում են ծանրաբեռնվածության աստիճանը ոտնաթաթի վրա՝ առաջացնելով շարունակական խնդիր կմախքի համար։ Վիրահատությունից հետո պացիենտը կրում է մասնագիտացված օրթոպեդիկ կոշիկներ, ազատվում թե՛ կոսմետիկ, թե՛ օրթոպեդիկ խնդիրներից։ Այդ հիվանդությունն առաջանում է լայնակի հարթաթաթության հետեւանքով, լինում են ոտնաթաթերի դրսային թեքվածություն, կապանմկանային ապարատի թուլություն, որը կարող է լինել բազմապատճառային: Պատճառներից են ժառանգական նախատրամադրվածությունը եւ, իհարկե, սխալ կոշիկների կրումը, որը շատ հաճախ հանդիպում է երիտասարդ աղջիկների եւ կանանց մոտ: Մեկ այլ չարիք է դարձել գրեթե բոլոր երեխաների՝ ողնաշարի խնդիր ունենալը, որի պատճառը ամբողջ օրը համակարգիչների եւ հեռախոսների վրա կռացած լինելն է: Պետք է ծնողները հետեւողական լինեն՝ առաջնային համարելով իրենց երեխաների առողջությունը, այլ ոչ թե նրանց քմահաճույքները:

-Ի՞նչ է ջլերի բորբոքումը:

-Դա ջլերի բորբոքային բնույթի ախտահարումն է, որը կարող է զարգանալ օրգանիզմի ցանկացած տեղում, կարող է հանդիպել տարբեր տարիքի մարդկանց մոտ անկախ սեռից եւ տարիքից: Ջլերի բորբոքումը (տենդինիտ) կարող է պայմանավորված լինել քրոնիկական հիվանդություններով, կմախքային առանձնահատկություններով, աշխատանքի բնույթով: Սպորտսմենների եւ ֆիզիկական աշխատանք կատարողների մոտ ավելի հաճախ է հանդիպում: Տենդինիտների ոչ լիարժեք բուժման դեպքում այն դառնում է քրոնիկական, որն ուղեկցվում է բժշկական ցավային համախտանիշով, շարժումների սահմանափակումով: Այդ պատճառով անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի: Տենդինիտի առաջացման պատճառներն են մեծ ֆիզիկական ակտիվությունը ջլերի չափազանց ծանրաբեռնվածությամբ, ջլերի տարիքային դեգեներատիվ փոփոխությունները, որոնք առաջանում են հիմնականում 40 տարեկանից հետո, վնասվածքները, հորմոնալ փոփոխությունները, ինֆեկցիաները, իմունոդեֆիցիտը, նյութափոխանակության խանգարումները: Տենդինիտի կլինիկական պատկերը կախված է տեղակայումից եւ զարգացման փուլից, որը կարող է լինել սուր եւ քրոնիկական: Սկզբնական փուլում ցավերն արտահայտվում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ավելի ուշ շրջանում ցավերն արդեն առաջանում են նաեւ հանգստի ժամանակ: Երբեմն նկատվում է կրեպիտացիա՝ ճարճատյուն, կարմրածություն եւ այտուց, բուժումը հիմնականում կոնսերվատիվ է, դեղորայքային, երբեմն նաեւ՝ վիրահատական:  

-Ի՞նչ է կոտրվածքը:

-Կոտրվածքը ոսկրի անատոմիական ամբողջականության լրիվ կամ մասնակի խախտումն է, որն ուղեկցվում է շրջակա փափուկ հյուսվածքների վնասմամբ եւ վնասված սեգմենտի ֆունկցիայի խանգարմամբ: Կոտրվածքները հաճախ առաջանում են վնասվածքների եւ չափազանց ծանրաբեռնվածության հետեւանքով: Կոտրվածքները կարող են լինել փակ, երբ չեն վնասվում մաշկը եւ շրջակա հյուսվածքները, եւ բաց, երբ վնասվում է մաշկը, ու ոսկրը շփվում է արտաքին միջավայրի հետ: Կոտրվածքները ըստ պատճառի լինում են տրավմատիկ, այսինքն՝ հարվածի, վայր ընկնելու եւ այլ վնասվածքների հետեւանքով, սթրեսային կամ հոգնածության կոտրվածքներ, որոնք փոքր մասնակի կոտրվածքներ են եւ առաջանում են շարունակական չափավոր ծանրաբեռնվածության հետեւանքով: Պաթոլոգիկ կոտրվածքներ կամ սպոնտան կոտրվածքներ, որոնք կարող են առաջանալ ոսկրի չնչին ծանրաբեռնվածության հետեւանքով, որը ախտահարված է որեւէ հիվանդությամբ, օրինակ, օստեոպորոզով, ուռուցքով, համակարգային եւ գենետիկ հիվանդություններով: Ծննդաբերական կոտրվածքներ, որոնք առաջանում են ծննդաբերության ժամանակ: Ըստ կոտրվածքի գծի ուղղության, կոտրվածքները լինում են լայնակի, երկայնակի, թեք, պտուտակաձեւ, բեկորային, կոմպրեսիոն եւ ավուլսիոն (կամ պոկումային): Կլինիկորեն կոտրվածքներն արտահայտվում են ցավով, այտուցով, կոտրված մասի դեֆորմացիայով, ֆունկցիայի խանգարումով, ոսկրային կրեպիտացիայով՝ ճարճատյունով, պաթոլոգիկ շարժունությամբ: Փակ կոտրվածքի դեպքում առաջին բուժօգնությունն է հանդիսանում անշարժացումը, ցավազրկումը, իսկ բաց կոտրվածքի դեպքում՝ վիրակապի տեղադրումը եւ շտապ հիվանդանոց տեղափոխումը: Բուժումը պայմանավորված է կոտրվածքի բնույթից, տեղակայումից, շրջակա փափուկ հյուսվածքների վիճակից, հիվանդի ընդհանուր սոմատիկ վիճակից, ուղեկցող հիվանդություններից: Եթե համեմատականներ անցկացնենք 40 տարի առաջվա եւ ներկայիս կոտրվածքների բուժման տակտիկայի միջեւ, ապա կտեսնենք, որ այն ժամանակ հիվանդներն ավելի շատ բուժվում էին կոնսերվատիվ (գիպսային անշարժություն, կմախքային ձգումներ եւ այլն), ոչ վիրահատական եղանակով: Ներկա բժշկության արագ զարգացման հետեւանքով իմպլանտալոգիան ներդրվել է բժշկության մեջ ոսկրերը ամուր, որակյալ ֆիքսելու համար, դրա զարգացման հետ մեկտեղ նաեւ ավելի շատ վիրահատություններն են կատարվում: Եթե նույն ժամանակահատվածի հետ համեմատություն անենք, այն ժամանակ վիրահատվում էր դեպքերի 30 տոկոսը, հիմա չի վիրահատվում դեպքերի փոքր մասը, որի պատճառն էլ, տարբեր հանգամանքներից ելնելով, հիվանդի՝  վիրահատությունից հրաժարվելն է լինում: Ներկա պահին մենք հիվանդին վիրահատության ցուցում ենք դնում ոչ միայն ոսկրը ստատիկ ֆիքսելու, այլ նաեւ հիվանդին վաղ ակտիվացնելու, վաղ ռեաբիլիտացիա  կատարելու ու նաեւ իր առօրյա կյանքին վերադարձնելու համար: Նմանատիպ հիվանդները, որոնք վիրահատվում են, շատ ավելի արագ են վերականգնվում, վերադառնում իրենց նորմալ կյանքին, եւ հոդերի կողմից խնդիրներ հիմնականում չենք ունենում: Մինչդեռ կոնսերվատիվ բուժման դեպքում նրանք երկար ժամանակ մնում են անշարժ վիճակում, վերականգնողական շրջանում էլ ունենում ենք խնդիրներ հոդերի շարժումների ծավալը վերականգնելու համար:

-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Վստահորեն կասեմ, որ լավագույն ուսուցիչներ կարող եմ համարել Արմեն Չարչյանին եւ Գագիկ Բդոյանին, ովքեր անմնացորդ  նվիրումով իրենց գիտելիքները փոխանցել են ինձ եւ  վստահել են մեզ ինքնուրույն կատարել վիրահատություններ: Շնորհակալ եմ ճակատագրին, որ նրանց հանդիպեցրեց իմ մասնագիտական կայացման ճանապարհին:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը:

-Մեր հասարակությանը մաղթում եմ առողջություն, ողջախոհությում եւ հաղթանակներ, որոնք  մեզ հիմա շատ են պետք: Մարդը ինքն է որոշում, թե ինչ է ցանկանում. առողջ ապրի՞, թե հիվանդանա: Հիվանդը կա՛մ հավատում է իր բժշկին, կա՛մ չի հավատում, ընտրությունը իրենն է: Առողջ մարդը կհասնի ամեն ինչի, կարարի, բայց եթե առողջ չէ, ամեն ինչ տուժում է: Իսկ առողջ լինելու համար պետք է վարել առողջ կենսակերպ եւ, հարկ եղած դեպքում,  ժամանակին դիմել համապատախսան մասնագետի օգնությանը: Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք կրել ենք դառը պարտություն, եւ մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը իր ծաղկունքը դեռ կապրի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:  

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր