Լիլիթ Հակոբյան

(0 votes)
There is no translation available.

Սերը պետք է գերակշռի կյանքում. բուժում ենք հիվանդին, ոչ թե հիվանդությունը

Հոմեոպաթիան բուժում է մարդու ամբողջ օրգանիզմը, ոչ միայն նյութական մարմնի, այլեւ հոգեկան առանձնահատկությունները հաշվի առնելով բուժում է հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը։ Հոմեոպաթիկ բուժումը անհատական է, հաշվի է առնվում պացիենտի առանձնահատկությունները, նրա յուրօրինակությունը, սթրեսին դիմակայելու ձեւը։ Երբ վերականգնվում է հավասարակշռությունն ու վերացվում է հիվանդության պատճառը, հիվանդության ախտանշաններն ինքնաբերաբար անհետանում են։ Այդ իսկ պատճառով հոմեոպաթիկ դեղամիջոցները խիստ անհատական են, հիմնված կոնկրետ մարդու գանգատների ու դրանց բազմաթիվ նրբությունների վրա։

Հատկանշական է, որ ի տարբերություն լայն տարածում ունեցող դեղերի, այս դեղամիջոցները տոքսիկ չեն, դրանք անվտանգ են, արդյունավետ, հարմար են եւ հաճելի օգտագործման համար։ Հոմեոպաթիկ դեղամիջոցներն ազդում են Հանեմանի հանճարեղ «Նմանը բուժում է նմանին» սկզբունքով։ Հոմեոպաթիան ցուցված է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակումների եւ չունի հակացուցումներ։ Հոմեոպաթիան կարող է նաեւ լրացնել, օգնել կլասիկ բժշկությանը թերապեւտիկ, քիմիոթերապեւտիկ, ճառագայթային բուժման եւ վիրաբուժական միջամտության դեպքում։

Նշենք, որ հոմեոպաթիան սկիզբ է առել Գերմանիայում եւ լայն տարածում ունի Եվրոպական երկրներում, Հնդկաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում։ Այս բժշկությունը գործածվում է մոտ երկու հարյուր հիսուն տարի։

Bestgroup.am-ը հոմեոպաթիկ բուժման առանձնահատկությունների, Հայաստանում այս բուժման մեթոդի տարածվածության եւ այլ հետաքրքիր թեմաների մասին զրուցել է Հայաստանի միակ գինեկոլոգ- հոմեոպաթ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Հակոբյանի հետ։ Նա իր հիվանդներին չի տարբերում իր իսկ հարզատներից, սիրով ու նվիրումով է վերաբերվում իր այցելուներին եւ աշխատանքին։ Ըստ նրա՝ հոմեոպաթիան կենսակերպ է եւ փիլիսոփայություն, ուստի պետք է ամեն հիվանդի վստահությունն ու միասին աշխատելու պատրաստակամությունը ձեռք բերել, իսկ այդ ամբողջ գործընթացում անհրաժեշտ է, որ անպայման գերակշռի սերը։ Բժշկուհին իր լավագույն ձեռբերումը համարում է հիվանդին բուժելը եւ որ ամենակարեւորն է անպտուղ զույգերին զավակ պարգեւելը։ Նա աշխատում է «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրում։ Հեղինակ է 20-ից ավելի գիտական աշխատանքների։

- Հետաքրքիր մասնագիտություն ունեք։

Հայաստանում գինեկոլոգի ու հոմեոպաթի մասնագիտությունը զուգակցող բժիշկ կարծես միայն ես եմ։ Սովորաբար հոմեոպաթիայի գալիս են որեւէ նեղ բժշկական մասնագիտությունից, ես եկա գինեկոլոգիայից, որովհետեւ հասկացա, որ անպտղության, քրոնիկ բորբոքումների բուժման դեպքում միայն հակաբիոտիկներով եւ հորմոններով բուժմամբ ունենում եմ բարդություններ, հաճախ կրկնվող դեպքեր, ոչ միշտ եմ հասնում ցանկալի արդյունքների։ 2002 թվականին ես ինքս էլ ունեցա դերմատիտ՝ բժշկական ձեռնոցներ օգտագործելու հետեւանքով, եւ ինձ օգնեց հոմեոպաթը։ Հենց դա էլ ինձ համար դարձավ շրջադարձային։ Այդպես ես հասկացա, թե ինչ է հոմեոպաթիան եւ մեծ ցանկություն ունեցա տիրապետել այս մեթոդին, որպեսզի կարողանայի լիարժեք բուժել իմ այցելուներին՝ այնպես, որ մարդն իրեն հոգեպես լավ զգա, ունենա լավ ու առողջ սերունդ, առողջ փոխհարաբերություններ ընտանիքում եւ այլն։ Այլապես հաճախ «բուժվում» էր միայն «լաբորատոր անալիզը»։

15 տարի շարունակ ես պրպտումների ճանապարհով անցա, սկսեցի ուսումնասիրել հոմեոպաթիան՝ իր ամբողջ ընդգրկուն փիլիսոփայությամբ, հոգեբանության, երազների վերլուծության, անպտղության, քրոնիկ հիվանդությունների բուժման հետահետաքրքիր կուրսեր անցա արտերկրում՝ Եվրոպայում, Անգլիայում, Հնդկաստանում, Չինաստանում։ Այսօր արդեն պացիենտին մոտենում եմ ոչ թե որպես գինեկոլոգ՝ սեռական օրգանների, ցիկլի խանգարումների հետազոտության համար, այլ ամբողջ կյանքի ցիկլի ուսումնասիրության եւ նրան որպես ամոբողջություն բուժելու ցանկությամբ։ Մենք հաճախ օգնում ենք այն մարդկանց, ովքեր կլասիկ բժշկության մեջ իրենց հուզող խնդիրների լուծումը չեն գտել։

- Հատկապես ի՞նչ խնդիրներով են Ձեզ դիմում։

Ընդհանրապես մարդիկ մեզ մոտ գալիս են տարբեր խնդիրներով։ Եթե ինձ դիմում են որպես գինեկոլոգի՝ ունեն բորբոքումներ, միոմաներ եւ այլ առողջական խնդիրներ, ապա ես հետազոտությունն անցկացնում եմ որպես սովորական գինեկոլոգ՝ սոնոգրաֆիա ենք անում, անալիզներ ենք վերցնում եւ այլն։ Երբ գործն արդեն հասնում է բուժմանը, ապա ընտրությունը թողնում ենք հիվանդին։ Իհարկե, ես ասում եմ այն, ինչ պետք է ասեմ, այսինքն խորհուրդ եմ տալիս հոմեոպաթիկ բուժումը, բայց վերջնական խոսքը հիվանդինն է։ Օրինակ՝ սնկային հիվանդությունների դեպքում մարդը ոչ թե պետք է դեղորայք օգտագործի, այլ շտկի իր սննդակարգը։ Բարորակ ուռուցներն էլ կարող են լինել սխալ ապրելակերպից, ճառագայթումից, սխալ սնունդից, սխալ քնից, մենք պարզում ենք արդյոք դրանք ունեն գենետիկ ֆոն, թե ոչ։ Պետք է պարզենք, թե ինչու են դրանք առաջացել, հարցաքննում ենք հիվանդին։ Մեր մասնագիտության մեջ շատ կարեւոր է այն, որ պացիենտն ու ես աշխատենք ձեռք ձեռքի, այսինքն՝ հենց հիվանդն է իր ռեժիմում, ապրելակերպում փոփոխություն անում։ Օրինակ՝ մենք ունենք որոշակի սահմանափակումներ՝ զույգը պետք է հասկանա, որ առողջ երեխա ունենալու համար չպետք է ծխեն, օգտագործեն ալկոհոլ, դա մենք չենք կարող անել իրենց փոխարեն։ Մեկ այլ օրինակ բերեմ՝ սթրեսից, սխալ քնի ռեժիմից աղջիկների մոտ կարող լինել դաշտանային ցիկլի խանգարումներ, որոնք երկրորդային են։ Տեղեկացնեմ, որ մեր բուժման մեջ կան առանձնահատկություններ կարեւոր օրգանների բուժման ընթացքում, օրինակ՝ քրոնիկ երկարատեւ հիվանդությունների բուժման ժամանակ պետք է համբերատար լինել, որովհետեւ հիվանդության բուժման ընթացքում ավելի «ոչ կարեւոր» օրգանների, օրինակ՝ մաշկի կողմից, կարող են լինել որոշակի անցողիկ ռեակցիաներ։ Եթե երեխայի մոտ հաճախ ընկճված դերմատիտի հետեւանքով ձեռք բերված ասթման բուժվում է, ապա բուժման գրավականը դերմատիտի նորից ի հայտ գալն է, մինչեւ մաշկի ինքնուրույն բուժումը, այսպես ասած «ընկճումների» հետ պետք է աշխատել, որպեսզի օրգանիզմը առողջանա։ Պարզապես առիթից օգտվելով՝ տեղեկացնեմ հոմեոպաթիայի կարեւորագույն դրույթի մասին, իսկական առողջացումը տեղի է ունենում «ներսից դուրս», «վերեւից ներքեւ», «նախկին, հին, ավելի թեթեւ հիվանդությունների վերադարձ մինչեւ հիմնական բուժում» ընթացքով։ Լիարժեք առողջացման ինձ հայտնի լավագույն մեթոդը հոմեոպաթիան է։ Հիվանդությունները կարող են սկսել տարբեր տեսակի սթրեսներից, օրինակ՝ հարազատի, սոցիալական դիրքի, բնակարանի կորուստը նպաստում է տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ տարբեր մարդկանց մոտ՝ ըստ անհահատական առանձնահատկությունների։

- Ձեր կարգախոսներից է նաեւ՝պետք է բուժել հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը։ Ի՞նչ բուժման մեթոդներ եք կիրառում։

Սա հոլիստիկ՝ ամբողջական, բժշկության կարգախոսն է։ Հոմեոպաթիան հավաքում է այն բոլոր սիմպտոմները, որոնք ճանաչելի են դարձնում կոնկրետ այսինչ այսինչյանին՝ իր խնդիրներով եւ պրոբլեմներով։ Առաջին հերթին մենք մեզ դիմած պացիենտին ներկայացնում ենք անամնեզի քարտը, որտեղ իրենք պետք է պատասխանեն մի շարք հարցերի։ Հարցերը շատ ընդգրկուն են՝ ինչպես, ինչ պայմաններում է ընթացել մոր հղիությունը, որ երեխան է ընտանիքում, ինչպիսի գենետիկ ժառանգականություն ունի, ինչպիսի մանկական հիվանդություններով է հիվանդացել, ինչ պատվաստումներ է ստացել, ինչ վնասվածքներ է ունեցել, ինչպիսի վիրահատությունների է ենթարկվել, քաղցրակեր է, թե ոչ, հաճախ է ծարավում, թե ոչ, եւ այլն։ Այս քարտի միջոցով մենք ունենում ենք նյութեր, որով մեզ համար ճանաչելի է դառնում կոնկրետ մարդը։ Մենք հավաքում ենք նաեւ այն բոլոր տեղեկությունները, որոնք պացիենտը ժառանգաբար կրում է իր մեջ։ Հոմեոպաթի ու այցելուի առաջին հանդիպումը եւ զրույցը վերաբերվում է կյանքին ու կարող է ժամեր տեւել։ Նշեմ, որ մենք հակաբիոտիկի սերունդ ենք, անընդհատ «ներս գցած» հիվանդություններով, «ընկճված ենք», այդ իսկ պատճառով ցավալիորեն շատ են ուռուցքային հիվանդությունները երիտասարդների, անգամ երեխաների մոտ։ Հոմեոպաթիան միակ ձեւն է, որը թույլ է տալիս ազատվել այս ամենից եւ նախնիների բեռից, որը մենք ուզած չուզած կրում ենք մեր մեջ։

- Անպտղության գանգատներով դիմած զույգի հե՞տ եք աշխատում, թե միայն կնոջ։

Պարտադիր զույգի հետ ենք աշխատում, քանի որ լինում է, որ նրանց բոլոր հետազոտությունների արդյունքները նորմալ են լինում, սակայն հղիություն տեղի չի ունենում։ Եթե կատարվում է հոմեոպաթիկ բուժում, նրանք ունենում են երեխա, իսկ արդեն 2-րդ եւ 3-րդ բալիկին ունենում են առանց մեր միջամտության։

- Շա՞տ են դիմում Ձեզ։

Ցավոք, մեր այցելուների մեծ մասն արդեն գնացել է երկրից։ Բացի այդ, մենք չենք սիրում գովազդել մեզ, օրըստօրե ինձ դիմողները ավելի շատ էլեկտրոնային նամակների կամ հեռախոսի միջոցով հարցումներ են անում, խորհրդատվություն ստանում։ Հոմեոպաթիայի նրբություններից է, որ հիվանդը, ով իսկապես ունի մեր կարիքը, գտնի մեզ, ոչ թե մենք իրենց, քանի որ մեզ մոտ մարդիկ պետք է հասկանալով ու ընդունելով գան։

- Լինո՞ւմ է, որ Ձեզ դիմած հիվանդին նշանակում եք ոչ հոմեոպաթիկ բուժում։

Հիմա հիվանդը ինձ մոտ գալիս է եւ գիտի, որ ես պետք է հոմեոպաթիա նշանակեմ։ Եթե նա ասում է՝ ոչ, ես ժամանակ չունեմ՝ ես նրան ուղղորդում եմ այլ բժիշկի մոտ, քանի որ եթե ոչ հոմեոպաթիկ բուժում սկսենք, կստացվի, որ ես ինքս ինձ դավաճանում եմ։ Հաճախ է հոմեոպաթիկ բուժման համար երկար ժամանակ է պահանջվում, սակայն այդ բուժումն այնքան հիմնավոր է, որ ես պարզապես չեմ կարող այլ բուժման մասին մտածել։ Շեշտեմ, որ ես հակաբիոտիկներին դեմ եմ։ Ընդհանրապես, անպտղության խնդիր ունեցողը շատ դռներ բախելուց հետո է գալիս ինձ մոտ, դրա համար էլ իրար վստահելով անցնում ենք հոմեոպաթիկ բուժման։ Սակայն, նշեմ, որ եթե հիվանդի կյանքին սպառնացող վտանգ կա, մենք դիմում ենք ստացիոնար բժիշկի, եթե, օրինակ, արյունահոսում է կինը, ես էլ ժամանակ չունեմ նրան հոմեոպաթիայով օգնելու, իհարկե, մենք համագործակցում ենք վիրաբույժի ու նեղ մասնագետի հետ։ Այստեղ տաբու չկա։ Եթե ես եմ վերցնում իմ հսկողության տակ, ապա միայն հոմեոպաթիկ բուժում ենք կատարում։ Հայաստանի հոմեոպաթիան ունի շատ լավ առանձնահատկություն, մենք գոհ ենք, որ այստեղ հոմեոպաթներ կան մեծ հիվանդանոցներում եւ աշխատում են ստացիոնար բժիշկների հետ միասին։ Օրինակ՝ «Էրեբունի բժշկական կենտրոնում» մանկաբարձ-գինեկոլոգն ու հոմեոպաթը հղիության տոկսիկոզի հսկողության դեպքում շատ սերտ համագործակցում են եւ օգնում են հղիին։

- Հիմա դուք համագործակցո՞ւմ եք ստացիոնար բժիշկների հետ։

Ճիշտ չի լինի, որ ասեմ՝ մենք սերտորեն համագործակցում ենք, աստիճանաբար կհամագործակցենք, դա ժամանակ է պահանջում։ Վիճակներ կան, որ հոմեոպաթիան անառարկելի առաջնություն ունի բուժելու առումով՝ անպտղության, սովորույթային վիժումների, սուր տրավմաների ժամանակ առաջին օգնության եւ այլն։ Տեղեկացնեմ, որ իմ կոլեգաները շատ լավ մաշկային հիվանդություններ են բուժում հոմեոպաթիայի միջոցով։ Բուժվում է նաեւ շաքարախտի բարդությունները, վահանաձեւ գեղձի հիվանդությունները։

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողին։

Մեր բնակչությանը ցանկանում եմ առողջություն, փոխադարձ հարգանք եւ հանդուրժողականություն։ Պետք է ապրել բնությանը համահունչ, բռնություն չկատարել սեփական մարմնի վրա, վատ ինֆորմացիոն դաշտից խուսափել, վերամշակված սնունդ, գազավորված ջրեր չօգտագործել։ Մարդը ստեղծված է շարժվելու, քայլելու, ստեղծագործելու համար։ Նա պետք է թեկուզ կես ժամ ժամանակ տրամադրի՝ իր սիրելի գործով զբաղվելու համար։ Մարդու կարեւոր նպատակը պետք է լինի այն, որ ինքն իրեն ճանաչի։ Կուզեի, որ ոչ ոք իր կողքինին նայելով սթրեսների մեջ չընկնի, այլ ինքն իր վրա աշխատելով կատարելագործվի։ Սերը պետք է գերակշռի կյանքում։ Այս համատեքստում կարեւոր եմ համարում նշել, որ այցելուի նկատմամբ իմ ազնվությունն ամենակարեւորն է մեր համագործակության մեջ։

- Որպես վերջաբան ի՞նչ կցանկանաք հավելել։

Իմ երազանքն է, որ նեղ մասնագետները, ովքեր ձեռք ձեռքի աշխատում են մուլտիդիսցիպլինար սկզբունքով, աշխատեն նաեւ հոմեոպաթի հետ, ոչ թե այս մեթոդի մասին չիմանալով կասկածի տակ դնեն այն։ Ինչպես մենք ենք մեր կոլեգաներին վերաբերվում մեծ հարգանքով, որոնց նման ենք աշխատել նաեւ մենք, իրենք էլ փորձեն մեր նկատմամբ հանդուրժող լինել եւ ըստ տեսածի գնահատել, այսինքն՝ եթե հիվանդը գոհ է մեզնից, պետք չէ չնկատելու տալ դա, քանի որ մեր գերագույն նպատակն էլ է հիվանդի ապաքինումը։ Ուզում եմ շեշտել նաեւ, որ ուրախ եմ, որ «Էլիդ-Մեդ» բժշկական կենտրոնը ձեռք բերեց արտոնագիր եւ մենք երկու բժիշկ ունենք հոմեոպաթիայի կաբինետում։ Համոզված եմ, որ ճշմարտությունն ունի իր խոտոր, դժվար, բայց եւ լուսավոր ճանապարհը եւ Սամուել Հանեմանը բժշկության մեջ մեզ համար բացահայտել է այն։ Երջանիկ եմ, որ քայլում եմ այդ ճանապարհով եւ կցանկանայի շատ մարդկանց տեսնել հոմեոպաթին հասկացող, սիրող ու ընդունող։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր