Լիլիթ Ոսկանյան

(0 votes)
There is no translation available.

Դժբախտ է այն բժիշկը, որն ուսուցիչ կամ աշակերտ չունի

Գլաուկոման` տեսանյարդի հիվանդությունը, զարգացող հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում տեսանյարդի թելերի բնորոշ ատրոֆիա, տեսադաշտի սպեցիֆիկ նեղացում, իսկ ներակնային ճնշման մակարդակը հանդիսանում է ռիսկի գործոն:  Երկար տարիներ գլաուկոման համարվում էր ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, քանի որ անխուսափելիորեն բերում էր կուրության: Իսկ այսօր այն համարվում է բուժվող հիվանդություն, այսինքն` պահպանվում են առկա տեսողական ֆունկցիաները, կանխարգելվում են հնարավոր բարդություները: Եվ յուրաքանչյուրը պետք է իմանա ինչպես հիվանդության պատճառները, զարգացման ձևերն ու մեխանիզմները, կլինիկական տարբերակներն ու ընթացքը, այնպես էլ բուժման տարբեր մեթոդները: 

Թե ինչպիսի արդյունավետ պայքար է տարվում գլաուկոմա հիվանդության հայտնաբերման և բուժման բոլոր փուլերում, մեզ հետ զրույցում ներկայացրեց Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ: Նա հաճելի զրուցակից է, համակրելի կին, ում երկար տարիների մասնագիտական փորձի, գործին նվիրվածության արդյունքում բազմաթիվ հիվանդներ կարողացել են պահպանել տեսողությունը և խուսափել հետագա բարդություններից: Բժշկի առաքելությունը պացիենտի հետ առնչվելն է, հասկանալը, թե նա ինչ սպասելիքներ ունի իրենից:

- Տիկի՛ն Ոսկանյան, ի՞նչ է իրենից ներկայացնում գլաուկոմա հիվանդությունը, որո՞նք են դրա առաջացման պատճառները, ի՞նչ ախտանիշներով է այն սկսվում և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել: 

-Գլաուկոման տեսողական նյարդի հիվանդություն է, բայց հիվանդության ընթացքում նյարդի վնասվելուն զուգահեռ երկար ժամանակ տեղի է ունենում տեսադաշտի փոփոխություն, և այս դեպքում ներակնային ճնշման մակարդակը հանդիսանում է ռիսկի գործոն: Այսինքն, եթե աչքը մնա երկարատև ներակնային ճնշման տակ, և այդ ճնշումը թեկուզ մի քանի միավորով բարձրանա կամ անգամ մնա նորմայի սահմաններում, ապա տվյալ տեսողական նյարդի համար այն կլինի բարձր: Իսկ եթե ճնշումը շատ է բարձր նորմայից, ապա մեկ շաբաթ կամ 15 օր հետո անգամ առողջ նյարդը սկսում է վնասվել: Այդ իսկ պատճառով այսօր մի փոքր կեղծ է համարվում այն պնդումը, թե գլաուկոման բարձր ճնշման հիվանդություն է. ինչպես ասացի, այն կարող է լինել անգամ նորմալ ճնշման ժամանակ: Այդ  հիվանդությունը երեք գործոնի ազդեցությամբ է զարգանում`տեսողական նյարդի և տեսադաշտի փոփոխությունն ու ներակնային ճնշման հարաբերական բարձր լինելը: Վնասվում է տեսողական նյարդը, և այդ իսկ պատճառով գլաուկոմայի հետևանքով կորցրած տեսողությունն ու կորցրած տեսադաշտը երբեք հետ բերել չի լինում: Արդի գիտությունը միտված է նրան, որ հիվանդությունը  ժամանակին ախտորոշվի, որպեսզի հնարավոր լինի այն կանխարգելել, թույլ չտալ, որ խորանա: Ժամանակին գլաուկոմա ասելով հասկանում էին չարորակ հիվանդություն, քանի որ, ինչ բուժում էլ նշանակվեր, աչքը ուշ թե շուտ կուրանալու էր: Բայց վստահորեն կարող եմ ասել, որ այսօր գիտությունն ակնաբուժության մեջ հնարավորություն ունի գլաուկոմա հիվանդությունը լիարժեք կանխարգելել:  

-Բժշկուհի, գլաուկոմայի ո՞ր տեսակի և ո՞ր փուլերի դեպքում է հնարավոր դեղորայքային բուժումը , ո՞ր դեպքերում է գործը հասնում վիրահատության: Կա՞ն դեպքեր, երբ անզոր են թե՛ առաջին, թե՛ երկրորդ մեթոդները:

-Համարվում է, որ գլաուկոմայի վաղ շրջաններում նյարդը դեռ լավ վիճակում է, կարող է  դիմակայել հարաբերական բարձր ճնշմանը, և այս փուլում շատ արդյունավետ են թե՛ լազերային, թե՛ դեղորայքային միջամտությունները: Լազերայինը նրանով է լավ, որ երբեմն սահմանափակվում ես միայն տարին 1-2 միջամտությամբ, և դեղորայքի կարիք չի լինում: Առաջին և երկրորդ, երբեմն նաև երրորդ փուլում դեղորայքը կարող է լիովին բավարար լինել կանխելու տեսողության վատթարացումը: Երբեմն էլ խնդիրը կարելի է լուծել այդ երկուսի համակցությամբ և, իհարկե, ստենդավորմամբ: Բոլորս գիտենք, որ իրականացվում է ուղեղի և սրտի ստենդավորում, նույնը կատարվում է նաև աչքի գլաուկոմայի վաղ փուլերում, երբ այդ հիվանդությունն արդեն անցնում է թույլատրելիի սահմանը, այսինքն նյարդի տասը միավորից ութը և ավելին վնասված են: Իհարկե, նման դեպքերում գերադասելի է վիրահատական միջամտությունը, որովհետև, նախ, միայն այդպես կարող ես աչքի ճնշումն իջեցնել նորմայից ցածր թվերի, և ցանկալի  է, որ նյարդը գոյատևի: Ու ամենակարևորը. կլինեն դեպքեր, երբ հիվանդը պարբերաբար չի կաթեցնի դեղը աչքի մեջ, ինչն էլ կհանգեցնի ճնշման տատանումների: Իսկ վիրահատությունից հետո տատանում չի լինում, և այն ոչ միայն իջեցնում, այլ նաև կայունացնում  է ճնշումը: Այն փուլերում, երբ նյարդի 80 տոկոսը վնասված է, արդեն ճիշտ է վիրահատելը, հակառակ դեպքում մարդը դանդաղորեն կարող է կորցնել տեսողությունը: Հնարավոր է նաև, որ դեղորայքային և վիրահատական միջոցներն իրենց ցանկալի արդյունքը չտան: Որոշ դեպքերում վիրահատությունը դրական արդյունք  չի տալիս, այսինքն`չի իջեցնում ճնշումը: Երբեմն կարող են լինել հետվիրահատական բարդություններ, երբ, օրինակ, փակվում է վիրահատված տեղը, կամ հիվանդի օրգանիզմը բորբոքային պրոցեսների, սպիացման, ավելորդ անոթավորման հակում ունի: Այս դեպքերի համար ունենք հատուկ փական, խողովակ, որը դրվում է աչքի մեջ, ինչի շնորհիվ էլ կարգավորվում է աչքի ճնշումը: Այս վիրահատական միջամտությունը ծախսատար է, սակայն միշտ էլ շատ արդյունավետ է:  Հետվիրահատական բարդություն կարող ենք համարել արնահոսությունը և ինֆեկցիան, որի հավանականությունը սովորական գլաուկոմայի ժամանակ երկու տոկոս է, դրա համար էլ աշխատում ենք այնպես <<պահել>> աչքը, որ գործը չհասնի վիրահատության: Իսկ ստենդավորումը հետվիրահատական բարդություն չունի, այն տևում է մեկ րոպե, արվում է տեղային անզգայացմամբ, չունի բորբոքման հավանականություն:

Լազերային միջամտությունը ոչ մի բարդություն չունի, բայց արդյունավետությամբ մի փոքր զիջում է սովորական վիրահատությանը:  Գլաուկոմայի դեպքում արվող վիրահատությունը կոչվում է տրաբելուկտամիա, և այն ամենատարածվածն է: Կա նաև էքսպրես խողովակների տեղադրում, որոնք նույն գործառույթն են կատարում, ինչ որ սովորական վիրահատությունը: Դրանք իջեցնում են ճնշումը, բայց կա որոշակի ռիսկի գործոն, քանի որ խոռոչային է, վիրահատությունը տևում է մոտ 30 րոպե, և այս ընթացքում բարդությունների առաջացման հավանականության տոկոսն ավելի բարձր է: Սակայն այսօրվա տեխնոլոգիաների դարում բարդությունները շատ են քչացել, իսկ լինելու դեպքում էլ դրանք լուծելի են: Կարող է ճնշման իջեցումից առաջանալ կատարակտա հիվանդությունը, և այդ դեպքում վիրահատում ենք կատարակտան, որից հետո կարող է սկսվել արնահոսություն, որը նույնպես բուժելի է: Մարդու տեսողության անվերադարձ կորստի հավանականությունը  0.5 տոկոս է, երբ չես կարող ոչինչ անել:  

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ գլաուկոման բուժվող հիվանդություն է:

-Եթե իջեցնում ենք ներակնային ճնշումը, կայունացնում տեսողությունը և թույլ չենք տալիս, որ եղած տեսողությունը կորցնի, ապա դա կարելի է համարել բուժում: Իսկ, օրինակ, կատարակտի դեպքում վիրահատությունից հետո տեսողությունը լիովին վերականգվում է, իսկ դա կարելի է համարել լիարժեք բուժում: Պետք է շեշտեմ նաև, որ առաջնային գլաուկոման զարգանում է 50 տարեկանից հետո` պայմանավորված հատուկ գենով, և համարվում է քրոնիկական հիվանդություն, ինչպես արյան ճնշումը, շաքարային դիաբետը և այն: Սա ավելի հեշտ է բուժել: Բնածին գլաուկոմայով ծնվածներին մանուկ հասակում ժամանակին միջամտություն ցուցաբերելու դեպքում մինչև կյանքի վերջ երեխային կարող ենք տեսողություն պարգևել: Երկրորդային գլաուկոման այն է, երբ աչքում զարգանում է որպես աչքի այլ չբուժված հիվանդության հետևանք, օրինակ, շաքարային դիաբետով զարգացած գլաուկոմա, երբ արդեն խնդիրը բարդանում է, որովհետև պետք է մայր հիվանդությունն էլ բուժես: Հատկապես երկրորդային գլաուկոմայի ժամանակ պետք է շատ ուշադիր լինի հատկապես բուժող բժիշկը և չզբաղվի միայն ճնշումը իջեցնելով, գլաուկոման բուժելով, այլ պիտի բուժի նաև մայր հիվանդությունը: Ամեն դեպքում հավաստիացնում եմ, որ բոլոր տեսակի գլաուկոմաներն այսօր հնարավոր է բուժել, որովհետև մոտեցումներն ու մեթոդները շատ լայնածավալ են, ու, եթե մի մեթոդը չօգնեց, մյուսը կարելի է կիրառել: Հաճախ մարդիկ դեղ են կաթեցնում, գալիս են, ճնշումն էլ նորմալ է, և համարում են, որ դա արդեն շատ լավ է: Ոչ, նրանք պետք է լինեն մշտական հսկողություն տակ, քանի որ անգամ նորմալ, կայուն ճնշման դեպքում կարող է տեսողական նյարդի վիճակը վատթարանալ:

  -Բժշկուհի՛, շփվելով երիտասարդների հետ` ի՞նչ կարծիք եք կազմել մեր բժշկության ապագայի մասին:

- Պետք է նշեմ, որ ունենք շատ լավ, զարգացած, ձգտումով լի երիտասարդներ, որոնց հասանելի է գիտությամբ զբաղվելու, նորարություններին ծանոթանալու ճանապարհը: Ճիշտ է, ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին, բայց ունենք ապագա բժիշկների մեծ բանակ: Ես անչափ ուրախ եմ երկրի արդի ակնաբուժական ոլորտի առկա վիճակից, որովհետև աշխարհի կողմից ճանաչված և ընդունված ենք  բժշկական ասպարեզում: Եվ ուրախալի է, որ այսօր տարբեր հարթակներից ներկայացնում ես  ոչ թե ԽՍՀՄ-ը, այլ քո երկիրը, ներկայանում ես որպես հայ, ՀՀ քաղաքացի, իսկ դա և՛ մեծ պատասխանատվություն է, և՛ հպարտություն:  Մեր բաժանմունքը տարեկան 10-12 բժիշկ է հյուրընկալում արտասահմանից, կատարվում է փորձի փոխանակություն: Սակայն պետք է նշեմ, որ երիտասարդների գործն ավելի բարդ է, քանի որ նրանք սկսում են, այսպես ասած, ավելի բարդ հարթակից: Եթե մենք սկսեցինք զրոյից`ներդնելով ամեն ինչ այս բնագավառում, ապա այսօր արդեն ակնաբուժությունը Հայաստանում ավելի բարձր մակարդակի է, ԱՊՀ-ում առաջատարներից մեկն է, եթե ոչ առաջինը: Ընդհանրապես դժբախտ է այն բժիշկը, որն ուսուցիչ կամ աշակերտ չունի, որովհետև միայն այդ դեպքում բժիշկը և բժշկությունն ընդհանրապես կհասնեն կատարելության: Եվ մեր կենտրոնը, կարծես, յուրահատուկ դպրոց լինի ակնաբուժության ոլորտում: Իհարկե, արտերկիր ձգտող երիտասարդները կունենան ֆինանսական և մասնագիտական առավելություններ այնտեղ աշխատելով, բայց հոգեկան բավարարվածություն չեն ստանա, քանի որ կապրեն օտար կենցաղով և  կբուժեն օտարերկրացու: Մեր երկրում այս բնագավառում այնքան շատ է առաջընթացը, որ ֆինանսին ուշադրություն չես դարձնում: Հույս ունեմ, որ երիտասարդների գիտելիքների առավելությունը կծածկի սարքերի պակասությունը: Օրինակ, ԱՄՆ-ի համալսարաններում  պետության կողմից չի ընդունվում այն հանգամանքը, որ բժիշկը նստի ու կառավարի տեխնիկան, որովհետև այդ դեպքում գիտությունը կմարի, և բուժումը չի դառնա լիարժեք, այսինքն` պետք չէ հույսը դնել միայն տեխնիկայի վրա, պետք է ամեն ոք իր ոլորտում փնտրի ու գտնի նոր ուղիներ: Իհարկե, բժշկության մեջ կան ոլորտներ, որոնք ունեն շտկման կարիք, բայց կան ոլորտներ էլ, որտեղ աշխատելը հետաքրքիր  է, և մեր երիտասարդները ներգրավված են նաև գիտական աշխատանքների մեջ: 

-Ի՞նչ կասեք մեզ մոտ բժշկին դիմելու կուլտուրայի մակարդակի մասին:

- Երբ սովորում էի արտերկրում, համոզվեցի, որ մարդիկ, ունենալով նույնիսկ հարյուր տոկոսանոց տեսողություն, դիմում էին բժշկի: 1999-2000-ական թվականներին վերադարձա և  կարծում էի, որ հայերը դրան երբեք չեն հասնի: Այսօր բավականին մեծ է ԶԼՄ-ների աջակցությունը բժշկության առաջխաղացման հարցում, ու նաև մեր այսօրվա հարցազրույցը, խնդրի լուսաբանումը կրթում են հասարակությանը, տալիս համապատասխան տեղեկատվություն: Եվ այդ ամենի արդյունքում մարդիկ արդեն հասկացել են, որ նույնիսկ 100 տոկոս լավ տեսողություն ունեցողներն էլ պետք է դիմեն բժշկի:

-Եվ որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք գլաուկոմայով տառապող հիվանդներին և ընդհանրապես մեր հասարակությանը. խնդրի ի հայտ գալու դեպքում ի՞նչ  քայլի դիմեն:

- Կցանկանամ որ բոլորն առողջ լինեն: Իհարկե, դա հնարավոր չէ միանշանակ, քանի որ որոշակի տարիքից հետո առաջ է գալիս օրգանների, այդ թվում` տեսողական, ֆունկցիաների թուլացում: Ճիշտ է, ես խոսում եմ մարդու առողջության մասին, բայց դրա գրավականը երջանիկ լինելն է, ուրախ կյանքը: Ես խորհուրդ կտամ որևէ առողջական խնդիր ծագելու դեպքում ժամանակին դիմեն բժշկին և չհասցնեն բարձիթողի, արդեն բարդացած փուլերի: Կստեմ, եթե ասեմ, որ բժշկի կարիք չունենան, բայց կցանկանամ, որպեսզի դիմելու կարիք ունեցողները բժշկի մոտից գոհ հեռանան: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ գլաուկոման բուժվող հիվանդություն է, և նրա կանխարգելումը, ժամանակին հայտնաբերումը շատ կարևոր են բուժման հարցում: Պարզապես անհրաժեշտ է խիստ շարունակական հսկողություն: Ավարտեմ միտքս մեր  պրոֆեսոր Մալայանի խոսքերով. <Հիվանդության լիարժեք բուժման համար հիվանդը և բժիշկը պետք է համագործակցեն…>:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր