Ելենա Ազիզյան

(0 votes)
There is no translation available.

Որքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան հիվանդությունը շուտ կնահանջի

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները առողջապահական համակարգի գերակա խնդիրներից են, ինչը պայմանավորված է մեծ տարածվածությամբ, հիվանդների քանակի աճի հակման պահպանմամբ, քրոնիկ ընթացքով և շատ այլ գործոններով: Ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում աճը շարունակում է մնալ առաջնային հիմնահարցերից մեկը, չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին սրտաբանությունը մեծ թռիչք է կատարել ինչպես սարքավորումների զարգացման բնագավառում, այնպես էլ կիրառվող բուժման նոր մեթոդների լայն ընտրությամբ: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման և բուժման հիմնահարցը պետք է դիտվի ոչ միայն բժշկական տեսանկյունից, այլ նաև տնտեսական, քանի որ այս հիվանդությունների կողմից հասցված բժշկատնտեսական վնասը բավականին բարձր և ահռելի է: Եվ դրանց բնականոն զարգացման ու  ընթացքի վրա ազդում են բազմաթիվ ռիսկի գործոններ` ժառանգական, սոցիալական, հոգեբանական, բնակլիմայական և այլն: Իր «աշխատանքային կարիերայի» ընթացքում սիրտը հաղթահարում է մեծ քանակությամբ արգելքներ, պատնեշներ` զանազան սթրեսներ, ինֆեկցիաներ, զարկերակային գերճնշում, իշեմիկ հիվանդություն, ալկոհոլի ու ծխախոտի չարաշահում, տարբեր հոգեբանական վիճակների հետևանքով ի հայտ եկող դժվարություններ և այլն:

Մեր զրուցակիցն է «Նաիրի» և «Արմենիա» բժշկական կենտրոնների բժիշկ-էխոսրտաբան ԵԼԵՆԱ ԱԶԻԶՅԱՆԸ, բժշկուհի, ով մեծ սրտացավությամբ է լսում յուրաքանչյուր հիվանդի խնդիրը, հմայիչ կին, ով ունի հզոր կամքի ուժ և անկոտրում համբերություն:

     Բժիշկ լինելը նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, ամեն հիվանդին մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ անելու առավելագույնը սեփական ուժերի գերլարման հաշվին։  

- Տիկին Ազիզյան, ի՞նչ մեթոդ է իրենից ներկայացնում էխոսրտագրություն հետազոտության մեթոդը, ո՞ր սիրտ-անոթային հիվանդությունների  դեպքերում է այս հետազոտության, ախտորոշման մեթոդը ոսկե ստանդարտ համարվում, վերջիններիս որակական բնութագրման համար։

- Էխոսրտագրությունը ուլտրաձայնային հետազոտության մեթոդ է, որն ապահովում է սրտի ախտորոշման համար անհրաժեշտ մեծ ծավալի տեղեկատվություն: Ուլտրաձայնային ամենաժամանակակից սարքերը` հյուսվածքային դոպլեր հետազոտությամբ երկտարածական, ինչպես նաև եռատարածական էխոսրտագրություն կատարելու հնարավորություն է տալիս, ինչպես նաև գնահատելու սրտի ֆունկցիան, փականային ապարատը, սրտամկանի ֆունկցիայի նույնիսկ նուրբ, ամենաաննշան փոփոխությունները, ինչը  նախկին էխոսրտագրական մեթոդներով հնարավոր չէր որոշել: Հիվանդին զննելիս էկրանին երևում է սրտամկանի բոլոր հատվածների կծկողականությունը հստակ թվայնացված տարբերակով:  Վերջին սերնդի սարքերի ոչ միայն արդյունավետությունն է բարձր, այլև անվտանգ և մատչելի հետազոտության մեթոդ են համարվում: Կիրառվում է գրեթե բոլոր սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, նույնիսկ այն կարող ենք համարել սկրինինգային մեթոդ բոլոր կառուցվածքային փոփոխությունների և յուրահատկությունների ժամանակ: Բավականին գործածական հետազոտման մեթոդ է այն համարվում, եթե 30 տարի առաջ նորություն էր և շատ դեպքերում չէր նշանակվում, կամ կիրառվում էր ծայրահեղ դեպքերում, ապա այս օրերին այն սիրտ-անոթային խնդիրներ ունեցող պացիենտների համար համարվում է հետազոտման պարտադիր մեթոդ, և ոչ միայն սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, այլ նաև խրոնիկ հիվանդությունների ժամանակ, օրինակ շաքարային դիաբետի դեպքում տարին մեկ անգամ ցուցված է որպես կանխարգելիչ մեթոդ իրականացնել, որպեսզի գնահատվի այդ պահին սիրտ-անոթային համակարգի վիճակը:

- Բժշկուհի, կարո՞ղ ենք այսօր վստահորեն ասել, որ Հայաստանում  էխոսրտագրության ճյուղը իր տեխնիկապես զարգացվածությամբ բարձր դիրքերում է գտնվում:

- Այո, էխոսրտագրությունն բավականին գերզարգացած մեթոդ է համարվում, և ուրախալի փաստ է, որ մարզերն էլ են արդեն ներգրավվում լավագույն սարքավորումների ձեռքբերման գործում: Այս օրերին ընդունված չէ ձեռք բերել հին սարքավորումներ, նույնիսկ վերջին սերնդի սարքերը կարող են մրցակցել կոմպյուտերային տոմոգրաֆիայի սարքի հետ՝ թե՛ իր տեսադաշտի տեսանելիության առումով և թե՛ պատկերի հստակությամբ:

- Բժշկուհի՛, արդյոք կա՞ն էխոսրտագրության մեջ հակացուցումներ:

- Ոչ, էխոսրտագրությունն իրենից ներկայացնում է բավականին անվտանգ մեթոդ, միաժամանակ մատչելի է, հակացուցված է միայն այն դեպքերում, երբ հնարավոր չի սպասված տեսադաշտը ստանալ, այսինքն` երբ պացիենտը բավականին գեր է, որի մոտ ճարպաշերտը բավականին ծավալուն է, որն էլ չի թողնում ուլտրաձայն ներթափանցի սիրտ: Երբեմն լինում են նաև դեպքեր, երբ կրծքավանդակը կառուցվածքով §բարդ¦ է, կառուցվածքի պատճառով ուղղակի ցանկալի որակի պատկեր չենք ստանում: Այդ դեպքերում ցուցված է ներկերակրափողային էխոսրտագրություն, որը հնարավորություն է տալիս նոր լայնածավալ ներկերակրափողային ուլտրաձայնային ցուցիչի օգնությամբ իրական ժամանակում կատարել գունավոր դոպլերային քարտեզագրում՝ փականների և ներսրտային արյան հոսքի վիճակը գնահատելու նպատակով:

- Բժշկուհի, վերջին տարիներին Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների և մահացության կտրուկ աճ է նկատվում:  Ըստ Ձեր աշխատանքային փորձի՝ կարո՞ղ եք ասել, որ վերջին տարիներին սիրտ-անոթային հիվանդություններրը «երիտասարդացել» են:

- Այո, ցավոք սրտի, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների երիտասարդացում, ինչը պայմանավորված է նյարդահոգեբանական ծանրաբեռնվածությամբ, լարվածությամբ, ինչպես նաև ոչ առողջ ապրելակերպով, և, բնականաբար, մահացության թիվն է դրա հաշվին բարձրացել: Բայց պետք է նշեմ, որ բավականին լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, օրինակ, ստենդավորման ծրագրեր են իրականացվում պետպատվերի շրջանակներում, որն էլ հնարավորություն է տալիս նվազեցնել մահացության տոկոսները:

- Վերջին տարիներին հանդիպած սիրտ-անոթային հիվանդությունների շրջանում ավելի շատ կանա՞նց, թե՝ տղամարդկանց մոտ են դրանք գրանցվում, և ո՞ր տարիքային շեմին են հիմնականում հանդիպում:

- Ասեմ, որ վիճակագրությունը նույնն է ամբողջ աշխարհում, եթե նախկինում թույլ օղակ համարվում էին արդեն 50-ին մոտ և բարձր տարիքային շեմին կանգնած տղամարդիկ, ապա այս օրերին` նաև այն կանայք, ովքեր արդեն դաշտանադադարի շրջանում են գտնվում, և այս դեպքերում նրանք երկուսն էլ հայտնվում են նույն նժարի վրա: Կանայք, մինչ դաշտանադադարը, համարվում են §ապահովագրված¦ սիրտ-անոթային հիվանդություններից խոցելի լինելուց, քանի որ կանանց մոտ էստրոգեն հորմոնը, որն համարվում է §պահպանիչ և ապահովագրող¦ հորմոն, զերծ է պահում նրանց բոլոր խնդիրներից: Իհարկե, պատկերն արդեն բավականին փոխվում է դաշտանադադարի ժամանակ, երբ կնոջ մոտ արդեն ի հայտ է գալիս որոշ տարիքային հիվանդություններ, օրինակ` հիպերտոնիկ հիվանդությունը, որն իր հերթին բերում է ստենոկարդիայի, որի արդյունքում էլ հավասար դիրքերում են հայտնվում կանայք և տղամարդիկ:

- Կա՞ն  արդյոք ձեր ոլորտում նորարարություններ, որոնց մասին կցանկանայիք խոսել:

- Նորարարությունները բավականին շատ են մեր բնագավառում, քանի որ ամեն օր կարող են գիտականորեն նոր զարգացում ապրել, նոր չափանիշներ, նոր մոտեցումներ լինեն, և հետագայում փորձը ցույց կտա, թե դրանք իրականում կիրառելի կլինե՞ն, թե՝ ոչ:

- Բժշկուհի՛, հասցնո՞ւմ եք աշխատանքին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների:

- Այո, հասցնում եմ, բայց շատ դժվարությամբ, թրենինգներ են կազմակերպվում մեր երկրում, որտեղ  տեսականորեն լուսաբանվում և գործնականորեն կիրառվում են ամենակիրառական մեթոդները, որպեսզի տիրապետենք ձեռքբերված սարքերին՝ գործառույթներին արդեն նեղ մասնագիտորեն, և մեզ համար այս նոր սարքի կիրառումը դառնում է որակավորման բարձրացման, մասնագիտական գիտելիքների ընդլայնման նոր նշաձող:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

- Կցանկանայի, որ մարդիկ իրենց հանդեպ հետևողական լինեին, կանխարգելիչ նպատակներով մշտապես հետազոտվեին, չթողնեին հասցնել հիվանդությունը բարդացված վիճակների, քանի որ մեզ դիմում են հիմնականում արդեն բարդացած վիճակներում. որքան շուտ կատարվի ախտորոշումը, այնքան հիվանդությունը շուտ կնահանջի: Սիրտ-անոթային խնդիրներից խուսափելու համար նախևառաջ պետք է դադարեցնել ծխախոտի օգտագործումը, սահմանափակել խմիչքի օգտագործումը,  չօգտվել  արագ սննդից, պայքարել ճարպակալման դեմ, եթե խոլեստերինի քանակը արյան մեջ բարձր է, ապա պետք է փորձել նվազեցնել, ինչպես նաև ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, զբոսնել կամ սպորտով զբաղվել: Մաղթում եմ մեր հասարակությանը միմիայն առողջություն: Սիրեք ձեզ, հետևեք ձեր առողջությանը:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր