Յուրի Մակարյան

(0 votes)
There is no translation available.

ՊԵՏՔ Է ՍԻՐԱՀԱՐՎԵՍ ՔՈ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ, ՈՐ ՍԻՐՈՎ ԱՇԽԱՏԵՍ

Եթե զարգացած երկրներում վերջին տարիներին նկատվում է սիրտ-անոթային հիվանդությունների, ինչպես նաեւ դրանցից մահացության ցուցանիշների որոշակի նվազման միտում (ի հաշիվ կենսակերպի փոփոխության, մի շարք ռիսկի գործոնների ազդեցության նվազման եւ այլն), ապա զարգացող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, այդ ցուցանիշներն ունեն բարձրացման միտում: Սիրտ-անոթային հիվանդությունների շարքում առաջին հերթին անհրաժեշտ է նշել սրտի իշեմիկ հիվանդությունը, մասնավորապես՝ սրտամկանի սուր ինֆարկտը: Սրտի իշեմիկ հիվանդությունը բազմապատճառային հիվանդություն է, որի զարգացման մեջ մեծ դեր ունեն ճարպակալումը, ծխախոտամոլությունը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես պասիվ կենսակերպը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ժառանգական նախատրամադրվածությունը եւ այլն: Ի վերջո, սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական մասը բերում է սրտային անբավարարության զարգացման, եւ, ինչքան վաղ ախտորոշվի այն, այդքան արդյունավետ կլինի հետագա բուժումը:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է <<Աստղիկ>> բժշկական կենտրոնի  ընդհանուր, միջամտական սրտաբանության եւ առիթմիոլոգիայի բաժանմունքի միջամտական սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու ՅՈՒՐԻ ՄԱԿԱՐՅԱՆԸ, ով, չնայած երիտասարդ տարիքին, բավականին գիտակ ու բանիմաց բժիշկ է եւ արդեն իր հաստատուն քայլերն է անում սրտաբանության ոլորտում:

-Բժիշկ Մակարյան, Ձեր կարծիքով Հայաստանում սրտաբանության ճյուղն ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

-Ես կարծում եմ, որ սրտաբանությունը մեր երկրում բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում, քանզի սրտաբանության դպրոցը Հայաստանում դեռ 90-ականների վերջում լուրջ զարգացում ապրեց, ընդ որում, ոչ միայն թերապեւտիկ, այլ նաեւ միջամատական սրտաբանության ոլորտում: <<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնի սրտաբանական բնագավառը զարգացնելու գործում անուրանալի է Հրայր Հովակիմյանի մեծ ներդրումը: Ֆրանսիացի մասնագետները նույնպես օժանդակեցին միջամտական սրտաբանության զարգացման գործին, մեր մասնագետներն էլ, ի դեմս Շահեն Խաչատրյանի, Նարինե Գոջաբաշյանի, լուրջ վերապատրաստում անցան ու Հայաստանում հիմնեցին միջամտական սրտաբանության դպրոցը: Եվ արդեն նրանց սերունդն է սերունդ  տվել: Թող անհամեստ չհնչի, բայց մեր սրտաբանները բարձրակարգ պրոֆեսիոնալներ են, ու մենք փորձում ենք, ինչքան որ մեր պետության զարգացվածությունն է թույլ տալիս, աշխատել եվրոպական եւ ամերիկյան ուղեցույցների մակարդակին համապատասխան: Կարծում եմ՝ մեր սրտաբանությունը բավականին լուրջ առաջընթաց ունի, եւ դա շարունակական է լինելու:

-Ամեն ոք չի կարող բժիշկ դառնալ. դա լուրջ ու բարդ մասնագիտություն, եւ ոչ բոլորին է վիճակվում լավագույնը լինել իր ոլորտում: Ինչպե՞ս եւ ե՞րբ գնացիք այդ պատասխանատու քայլին:

-Ծնվել եմ բժիշկների ընտանիքում, երկու քույրս նույնպես բժիշկ են, եւ կարծում եմ՝ ընտանեկան մթնոլորտը մասնագիտության ընտրության հարցում արդեն իսկ տրամադրող էր: Իհարկե, ես ռոմանտիզմով չէի առաջնորդվում, շատ լավ գիտակցում էի, թե ինչ դժվարին ուղի եմ ընտրում: Մեր աշխատանքը շատ պատասխանատւ է, բայց նաեւ բավականին հաճելի կողմեր ունի, եւ պետք է սիրահարվես քո մասնագիտությանը, որ սիրով աշխատես: Երբ տրվում ես այդ մասնագիտությանը, իսկական նվիրյալ ես դառնում եւ այլ մասնագիտոթյունների մեջ քեզ չես պատկերացնում:

-Բժի՛շկ, Ձեր բաժանմունք հիմնականում ի՞նչ սիրտ-անոթային խնդիրներով են դիմում:

-Ես միջամտական սրտաբան եմ եւ ավելի նեղ մասնագիտացում ունեմ. վերջին տարիներին ավելի շատ սրտի իշեմիկ հիվանդությանն ու դրա միջամտական կողմին եմ առնչվում: Բայց մեր բաժանմունքը եզակիներից է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ իրականացվում է սրտաբանական օգնության ծառայությունն իր ամբողջ ծավալով, կատարվում են սրտային ամենատարբեր վիրաբուժական միջամտություններ: Սրտին առնչվող խնդիրներից են, ասենք, թեթեւ նեվրոզները, որոնք լուրջ միջամտություն չեն պահանջում, ինչպես նաեւ ավելի բարդ հիվանդությունները՝ սրտային անբավարարությունը, սրտի իշեմիկ հիվանդության ծանր դրսեւորումները` սրտամկանի սուր ինֆարկտը, առիթմիաները, փականային խնդիրները…

-Ի՞նչ կարծիք ունեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Դիմելիության կուլտուրան ավելի բարձր մակարդակ ունի երիտասարդ սերնդի մոտ, որն արդեն գիտակցում է, որ պետք է զբաղվի իր առողջությամբ,  ժամանակին՝ թեկուզ կանխարգելիչ նպատակով, դիմի բժշկի, այլ ոչ թե սպասի բարդացումների:  Իհարկե, սիրտ-անոթային հիվանդությունները մեծ մասամբ լուրջ դրսեւորումներ են ունենում, եւ մարդիկ հաճախ արդեն անկախ իրենց կամքից են գալիս մեզ մոտ: Ու պարզապես զարմանալի եւ ցավալի է այն երեւույթը, երբ  մարդը տարիներով գանգատներ է ունենում, բայց բժշկի չի դիմում ու գալիս կամ, ինչպես ասում են, նրան պարզապես բերում են մեզ մոտ այն ժամանակ, երբ արդեն մասնագետի ցուցաբերած օգնությունն էլ կարող է պակաս արդյունավետ լինել: Իհարկե, չդիմելը որոշ դեպքերում պայմանավորված է ֆինանսական խնդիրներով, ու լավ է, որ վերջին տարիներին արդեն գործում են անվճար ստենտավորման պետական ծրագիրը: Ու նաեւ բժշկական ապահովագրությունն է բավականին հեշտացրել այդ գործը:

-Ըստ Ձեզ, ի՞նչ ապագա ունի Հայաստանի սրտաբանության ոլորտը:

-Առողջապահության կազմակերպումը լուրջ մասնագիտություն է, մարդիկ համապատասխան կրթություն են ստանում այդ հարցում պրոֆեսիոնալ դառնալու համար, եւ ես այդ գործում ինձ փորձագետ չեմ համարում: Բայց ես կցանկանամ, որպեսզի բժշկական ապահովագրությունը ներգրավի ավելի մեծ մարդկանց շրջանակ, լինեն ֆինանսավորման միջոցներ, պացիենտը դիմի մեզ, եւ մենք՝ բժիշկներս, կարողանանք լիարժեք բուժօգնություն ցուցաբերել, անկախ նախապայմաններից: Ու պացիենտն էլ իրեն երբեք վատ չզգա, որ, ֆինանսական միջոցներից ելնելով, չի կարող բուժօգնություն ստանալ: Ես կցանկանամ, որ ֆինանսը երբեւիցե չխանգարի, որպեսզի մարդիկ ստանան լիարաժեք եւ ամբողջական բուժօգնություն: Երեւի հենց դա է իմ երազանքը:

-Տեղյակ եք, որ առողջապահության համակարգի կողմից իրականացվում է ակտիվ հակածխախոտային պայքարի ծրագիր:

- Դա շատ ողջունելի քայլ է, եւ ես նույնպես ակտիվ հակածխախոտային պայքարի մասնակից եմ, ավելին՝ իմ պացիենտները գիտեն, որ ես ծխողների հետ չեմ աշխատում: Դա իմ սկզբունքներից է եւ առաջին պայմանը իմ բուժօգնության առաջին քայլերի մեջ: Այդ խնդիրը մշտապես քննարկում եմ իմ պացիենտների հետ: Ամեն ոք պետք է գիտակցի, որ բուժվելու համար առաջինն ինքը պետք է իրեն օգնի. իր կենսակերպը, ապրելակերպը փոխի, սպորտով զբաղվի, ծխելը թողնի, ալկոհոլը չչարաշահի, որպեսզի բժշկի օգնությամբ դրական արդյունքի հասնի: Ողջունում եմ հակածխախոտային պայքարի ծրագիրը ձեռնարկողներին, աջակիցներին եւ կարծում եմ, որ համապատասխան քարոզը, իրազեկումը էական դեր, ազդեցություն կունենան, ու, եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում կտեսնենք դրա դրական արդյունքը:

-Կատարելագործման նպատակով հասցնո՞ւմ եք մասնակցել վերապատրաստումների:

-Ոչ միայն հասցնում ենք, այլեւ պարտավոր ենք հասցնել, քանի որ բժշկական կրթությունը պետք է շարունակական լինի, դառնա բժշկի առօրյայի մի մասը: Փառք Աստծո, 21-րդ դարում կարող ենք նույնիսկ տանը՝ համակարգչի առջեւ նստած սեմինարների մասնակցել, դասախոսություններ լսել: Ինչքան էլ աշխատանքով տարվես, միեւնույն է, պետք է ժամանակակից սրտաբանության նորարարություններին համընթաց քայլես: Եվրոպական ասոցիացիաների կողմից ևս դրամաշնորհներ են սահմանված, որոնք տրվում են երիտասարդ բժիշկներին, գիտնականներին, ինչից օգտվում եմ նաև ես: Ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական միջամտական սրտաբանության ասոցիացիաների, ինչպես նաեւ տարբեր աշխատանքային խմբերի անդամ եմ, քանի որ առանց դրանց առաջընթաց չի կարող լինել:

-Արտերկրից շա՞տ են դիմում:

-Ունենում ենք պացիենտներ Իրանից, Սիրայից, Եվրոպայից՝ ավելի քիչ, Ռուսաստանից` ավելի շատ:

- Իսկ Դուք՝ որպես պացիենտ, վերջին անգամ ե՞րբ եք դիմել բժշկի:

-Վերջին անգամ դիմել եմ անցյալ տարի, երբ ստամոքսի հետ կապված խնդիր ունեի: Բարեբախտաբար, բժշկուհիս՝ Մալխասյան Նանա Երվանդովնան, մեր <<Աստղիկ>> բժշկական կենտրոնի իմ գործընկերուհին է, շատ գիտակ եւ հմուտ բժիշկ, պրոֆեսիոնալ ձեւով իրականացրեց իմ բուժման գործընթացը:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:

-Կմաղթեմ, որ ապրեն առավելագույնս առողջ, խուսափեն սթրեսներից, լավատես լինեն եւ, իհարկե, խնայեն իրենց սիրտը, որը շատ նուրբ  օրգան է: Ու, եթե զբաղվեն նրանով, սիրտը միշտ համապատասխան շնորհակալական պատասխանը կտա: Թող մարդիկ իրենք իրենց սիրեն եւ ուշադիր լինեն ամեն մի գանգատի նկատմամբ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր