Լուսինե Լևոնի Հակոբյան

(0 votes)
There is no translation available.

Յուրաքանչյուր ճառագայթաբան պետք է լինի նաեւ լավ հոգեբան

 Ճշգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժման գրավական է. Նման ձեւաչափերը ոչ միայն բարձրացնում են մեր ազգաբնակչության իրազեկվածության մակարդակն այս կամ այն առողջական խնդիրների վերաբերյալ, այլեւ հուշում, թե նկարագրված առողջական խնդիրների ժամանակ ինչպես գրագետ վարվել ախտորոշման եւ բուժման հարցերի դեպքում, ինչպես չվատնել թանկարժեք ժամանակը թե՛ ինքնաբուժության, թե՛ ներկայում շատ տարածված «ինտերնետային» ինքնախտորոշման եւ բուժումների վրա: Մեր օրերում ուռուցքային հիվանդությունները դարձել են բավականին լուրջ խնդիր, քանի որ տարեցտարի քաղցկեղն ավելի է «երիտասարդանում»: Կանանց շրջանում շատ մեծ տեղ է գրավում հատկապես կրծքագեղձի քաղցկեղը: Անկախ նրանից, թե որքան շատ աշխատանք է կատարվում այս խնդրի կանխարգելման եւ բուժման համար, միեւնույն է, ոչ բոլոր կանայք են պատշաճ ուշադրություն դարձնում այդ խնդրին: Ախտորոշումից հետո շատերն են ընկնում ցայտնոտի մեջ: Չգիտեն` ում դիմել, ինչպես բուժվել: Դա հոգեբանական վիճակ է, որը պետք է հնարավորինս արագ հաղթահարել ու սկսել բուժումը: Երբ ժամանակին եւ տեղին կատարվում են ճշգրիտ ախտորոշումներ, ապա կարող ենք համարել, որ բուժման առաջին եւ կարեւոր քայլն արդեն արված է: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ԵՊԲՀ հետբուհական և շարունակական ուսուցման Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի համակարգչային շերտագրման բաժանմունքի վարիչ,  «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամոգրաֆիկ ծառայության ղեկավար ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Կայացած, ինքնաբավ ու անկախ կնոջ կերպարը որքան գրավիչ, այնքան էլ երբեմն վախեցնող է թվում, քանի որ հակասում է կարծրատիպային մտածողությանն ու արժեքներին: Սակայն 21-րդ դարի կինը կոտրեց այդ մոտեցումը` ապացուցելով, որ հնարավոր է լինել նվիրված կին, մայր, սիրել ընտանիքն ու երեխաներին, բայց ունենալ նաեւ ընտանիքից դուրս սեփական աշխարհը, ուր դրսեւորվում եւ նյութական են դառնում կնոջ մասնագիտական երազանքները: 
Մեր զրուցակիցն այդ կանանցից մեկն է, ով, առաջնորդվելով մարդկանց աջակցելու մարդասիրական մղումներով, ընտրեց բժշկի` ճառագայթաբանի մասնագիտությունը:

-Տիկի´ն Հակոբյան, ինչպե՞ս ընտրեցիք ճառագայթաբանի մասնագիտությունը, որո՞նք էին բժշկության այս ճյուղն ընտրելու շարժառիթները:

-Բժշկական համալսարանում  ուսանելու տարիներին  ճառագայթաբանությունը, որպես համալիր մասնագիտություն, դեռ ձեւավորված չէր: Հայաստանում ունեինք զարգացած ռենտգենաբանություն եւ նոր էին մուտք գործում ուլտրաձայնային հետազոտությունը (ՈւՁՀ) եւ համակարգչային շերտագրումը (ՀՇ) որպես ախտորոշիչ մեթոդներ: Ինձ մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց հետազոտման այս մեթոդների կիրառումը, եւ ես ընտրեցի հենց ճառագայթաբանի մասնագիտությունը` դառնալով Հայաստանում զարգացող այս ճյուղի առաջին շրջանավարտներից մեկը: Իմ աշխատանքային գործունեության մեջ եւս մեկ որոշիչ նշանակություն ունեցավ այդ տարիներին մամոգրաֆիայի ներդրումը Հայաստանում, եւ ես, ընտրվելով, անցա աշխատանքի նորաբաց Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնում: Իսկ ներկայումս աշխատում եմ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում որպես համակարգչային շերտագրման բաժանմունքի վարիչ եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում` որպես մամոգրաֆիկ ծառայության ղեկավար:

- Բժշկուհի, ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման առաջին գրավականն է համարվում: Կցանկանայինք խոսեք, թե ախտորոշման ինչ նորագույն  մեթոդներ են կիառվում Ձեր բաժանմունքում, դրանք մեկը մյուսին լրացնո՞ւմ են, թե՞ փոխարինում: Ծառայությունների ի՞նչ շրջանակ եք ներկայացնում:

-Բնականաբար ճշգրիտ ախտորոշումից է կախված պացիենտի եւ հիվանդության ճիշտ վարումը, ուստի շատ եմ կարեւորում բժշկական հաստատության հագեցվածությունը նորագույն  ախտորոշիչ սարքավորումներով եւ, իհարկե, դրանց ճիշտ օգտագործումը որակավորված մասնագետի կոմից: «Էրեբունի» բժշկական կենտրոնում մամոգրաֆիկ ծառայությունը գործում է 2014թ.-ից, իսկ վերջերս՝ 2018 թ.-ին, բացվեց մամոլոգիայի բաժանմունքը, որը մեզ թույլ է տալիս ոչ միայն ախտորոշել, այլեւ իրականացնել պատշաճ բուժօգնություն ժամանակակից մեթոդներով: Բաժանմունքում կիրառվում են վերջին սերնդի թվային «Hologic Selenia Dimensions», «Digital mammography system» մամոգրաֆը եւ «Simens» ՈւՁ սարքը, որոնց միջոցով կատարվում է կրծքագեղձի Ռ-մամոգրաֆիկ եւ ուլտրաձայնային հետազոտություններ: Կատարվում են նաեւ տարբեր տիպի բիոպսիաներ, ասեղային ուղեցույցային բիոպսիաներ մամոգրաֆիայի եւ ՈՒՁ հետազոտության ուղեկցությամբ: Հետազոտման յուրաքանչյուր մեթոդ ունի իր առավելությունները, ուստի դրանց համատեղ կիրառումը բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունը:

-Ի՞նչ կարծիքի եք` որոշակի տեխնիկական բացը լրացվո՞ւմ է մասնագիտական բարձր որակի միջոցով:

-Որոշ դեպքերում մասնագիտական բարձր որակավորումը թույլ է տալիս լրացնել տեխնիկական որոշակի բացեր, սակայն չի կարելի անտեսել նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները: Ճշգրիտ ախտորոշման հասնելու համար ես կարեւորում եմ ժամանակակից ախտորոշման սարքավորումների եւ բարձր մասնագիտական գիտելիքների համատեղումը: Թե´ մեկի եւ թե´ մյուսի թերացումը կարող է բերել ճակատագրական բացթողումների:

-Ըստ Ձեզ, կանխարգելիչ բժշկությունն աճ գրանցու՞մ է մեր երկրում: Ինչպիսի՞ն  է  «Էրեբունի» բժշկակական կենտրոնի ներդրումն այս  գործում:

-Իհարկե մեր երկրում վերջին տարիներին մեծ նշանակություն է տրվում բուժօգնության առաջնային օղակին, թեեւ դեռ շատ անելիքներ ունենք: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նույնպես իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` ուղղված կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը, ինչն էլ արդյունավետ բուժման ամենակարեւոր գրավականներից է: Պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օրեր, ինչպես «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այնպես էլ «Տավուշ» բժշկական կենտրոնում: Հոկտեմբեր  ամիսը  համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, եւ մենք նախորդ հոկտեմբեր ամսին կատարեցինք բազմաթիվ անվճար հետազոտություններ:

-Ո՞ր հիվանդություններն այսօր մեծ տարածում ունեն: Ձեր աշխատանքային բազմամյա փորձի ընթացքում նկատու՞մ եք արդյոք հիվանդացությունների աճ կամ նվազում:

-Մեզ  մոտ` Հայաստանում, բավականին  մեծ տարածում ունեն կրծքագեղձի բարորակ հիվանդությունները, առավելապես` մաստոպաթիաների տարբեր տիպերը:  Բարորակ գոյացություններից հաճախ հանդիպում են ֆիբրոադենաները, ադենոմաները, պապիլոմաները, լիպոմաները: Սակայն ցավով կարող եմ նշել, որ Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, դիտվում է կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության աճ եւ երիտասարդացում: Ճիշտ է, դրանք ուղղակիորեն կարելի է կապել ախտորոշիչ մեթոդների զարգացման հետ, չնայած որոշիչը այս պարագայում ռիսկի գործոններն են:

-Հայ կանայք որքանո՞վ են ուշադիր սեփական առողջության նկատմամբ: Ո՞ր խնդիրներն են ամենից շատ տարածված կանանց շրջանում:

-Եթե նախկինում կանանց մեծ մասը դիմում էր բժշկի հիվանդության վերջին փուլերում` անտեսելով սեփական առողջությունը, ապա ներկայումս վիճակը որոշակիորեն փոխվել է,  հայ կանանց ուշադրությունը դեպի սեփական առողջությունը` մեծացել: Աճել են տարեկան սքրինինգային հետազոտությունների թիվը եւ կանանց դիմելիությունը առաջին իսկ գանգատների դեպքում:

- Լինո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդի մոտ  չարորակ ուռուցք հայտնաբերելուց հետո հայտնում եք նրան իր հիվանդության մասին։ Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է խոսել հիվանդի հետ դրա մասին:

-Մեծամասնությամբ հենց մեր` ճառագայթաբաններիս առջեւ է դրվում հիվանդության առկայության դեպքում դրա մասին պացիենտին հայտնելու պարտականությունը: Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի իր առողջության մասին եւ հիվանդություն ունենալու դեպքում, իհարկե, իրավունք ունի իմանալ դրա մասին: Այստեղ ծագում է ուրիշ այլ խնդիր, թե ինչ կերպ է հիվանդին մատուցվում այդ ինֆորմացիան: Բժիշկը պարտավոր է ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ` հաշվի առնելով նրա հոգեբանական վիճակը եւ անձնային առանձնհատկությունները, ուստի, իմ կարծիքով, յուրաքանչյուր ճառագայթաբան պետք է լինի նաեւ լավ հոգեբան:

- Ամեն լավ մասնագետ պետք է ունենա լավ ուսուցիչներ, իսկ ո՞ւմ եք համարել եւ մինչ օրս համարում Ձեր ուսուցիչը:

-Իրականում լավ բժիշկներ շատ կան, բայց քչերին է հաջողվում ճիշտ մատուցել իրենց գիտելիքները եւ սիրվել աշակերտների կողմից: Բարեբախտաբար, իմ մասնագիտական զարգացման տարիներին այդպիսիք շատ են եղել: Կուզենայի առանձնացնել դոցենտ Մ.Ս. Իսահակյանին, Ա.Կ. Ղազարյանին, Գ.Գ. Աղաբեկյանին, Ռ.Հ. Խոնդկարյանին, էն Արչերին եւ շատ ուրիշներին թե´ հայաստանյան եւ թե´ արտերկրի բժիշկ-դասախոսներից:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենակարեւոր ձեռքբերումը։

-Ինձ համար ամենակարեւորը, թերեւս, սիրված եւ գնահատված լինելն է իմ հիվանդների կողմից: Մեծ ձեռքբերում եմ համարում նաեւ այն, որ հնարավորություն ունեմ որպես ԵՊԲՀ դասախոս իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել ուսանողներին եւ երիտասարդ բժիշկներին:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքները մեր ընթերցողներին։

-Պետք չէ վախենալ բժշկի դիմելուց: Որքան էլ զբաղված լինեք, ժամանակ գտեք ձեր առողջության համար, այցելեք տարեկան ստուգումների`  անկախ գանգատներից, իսկ գանգատներ ունենալուն պես մի´ հետաձգեք բժշկին այցելությունը: Հիշեք, որ նույնիսկ հիվանդություն ունենալու պարագայում դրա վաղ ախտորոշումը մի քանի անգամ մեծացնում է բարեհաջող ելքի` հիվանդության բուժման հավանականությունը:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր