ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ Վ. ՌՇՏՈՒՆՈՒ ԱՆՎԱՆ ԹԻՎ 11 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

(0 votes)
There is no translation available.

 Պետք  է  հավատանք   եւ  համոզված  լինենք,  որ  ե՛ւ  այս,  ե՛ւ  բոլոր  դարերըայսուհետ  մերն  են  լինելու

 Հայոց դպրոցի բուն պատմությունն անխզելիորեն կապված է գրերի ստեղծման հետ։ Կրթությունը վիթխարի ուժ է, որը վճռում է ժողովուրդների եւ պետությունների կենցաղն ու ճակատագիրը: Դպրոցն արվեստանոց է, որտեղ ձեւավորվում է աճող սերնդի միտքը:

Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան թիվ  11 հիմնական դպրոցի աշխատանքները, որպես տնօրեն, ղեկավարում է բանիմաց, խելացի, մասնագիտությամբ մանկավարժ Մարգարիտա Սարգսյանը: Իր  գործին  գիտակ տնօրենը շատ լավ հասկանում է, որ հարկավոր է նոր մոտեցումներ, ժամանակաճանաչ ծրագրեր, որոնք կնպաստեն դպրոցի առաջընթացին եւ հետագա գործունեությանը: Տարիների ընթացքում ուսուցչական անձնակազմը վերածվեց մի կուռ, ամբողջական հանրույթի, որը համալրված է գիտակ, բանիմաց, բարեխիղճ ուսուցիչներով, ովքեր աշխատում են համագործակցված: Դպրոցն այն հարազատ տունն է, թրծարանը, որտեղ կոփվում են ապագա սերնդի հոգիները: Ջերմեռանդ, անմնացորդ աշխատանքի շնորհիվ դպրոցի հանրույթը հասել է բազմաթիվ հաջողությունների տարբեր բնագավառներում: Դպրոցի թիմը մշտապես աչքի է ընկնում իր ակտիվությամբ, իսկ  աշխատանքներն ընթանում են առողջ, ջերմ մթնոլորտում` համախմբված աշխատանքային բարձր կարգապահությամբ եւ  ժամանակի պահանջներին համահունչ:  Ճիշտ  է,  շենքային  պայմանները  վատ  են,  բայց  դա  չի  ազդում  ուսումնական  գործընթացի  վրա: Ինչեւէ, տարիների ընթացքում որոշ խնդիրներ լուծվեցին, որոշ հարցեր էլ մնացին կիսատ, անլուծելի: Բայց նույնիսկ այս դեպքում վստահորեն կարելի է ասել, որ այս կրթօջախը միշտ էլ փառահեղորեն է կատարել իր գործը:

  Այժմ էլ դպրոցը զգում է աջակցության կարիք, դեռ շատ խնդիրներ <<շարք կանգնած>> սպասում են իրենց հերթին` սպորտդահլիճի վերանորոգում, ժամանակակից տեխմիջոցների ներդրում…Այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ միայն պահպանվել են լավագույն ավանդույթները, այլեւ նորացվել ու ժամանակակից հնչեղություն են ստացել: Դպրոցի առջեւ ծառացած խնդիրների մասին զրուցեցինք դպրոցի տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: 

- Տիկին Սարգսյան, խոսեք դպրոցի անցած ճանապարհի մասին, ե՞րբ է ստեղծվել դպրոցը եւ մինչ օրս ի՞նչ ուղի է անցել:

- Ասեմ, որ   5 տարի է  արդեն, ինչ ստանձնել եմ տնօրենի պաշտոնը: Դպրոցը 1972 թվականի կառույց է, եւ հիմնադրման օրվանից մինչ իմ պաշտոնավարումը այստեղ վերանորոգման ոչ  մի  աշխատանք  չի  կատարվել: Այսօր մենք ունենք արդեն 354 աշակերտ: Երբ ես ստանձնեցի  դպրոցը տնօրինելու պաշտոնը, աշակերտների  թիվը 318 էր: Այժմ  նկատելի  է  սովորողների  թվի  որոշակի  աճ, թեեւ շենքային  պայմանները  բարենպաստ  չեն:

Ես տնօրենի պարտականությունը ստանձնել եմ 2014 թվականից:  Դպրոցն ունի 6 մասնաշենք,  հիմնովին  նորոգվել  են 3 մասնաշենքի տանիքները, որից հետո այլ տեղաշարժ չեղավ. կանգ առան շինարարական աշխատանքները: Ընթացքում կրկին եղան կոսմետիկ որոշ հարդարանքներ, որն ինձ համար բավականին քիչ էր եւ ոչ տեսանելի: Բակում աշխատանքներ ենք տանում, կանաչապատվել է  դպրոցի  տարածքը, տնկվել են գեղեցիկ ծաղիկներ, ծառեր,  թփեր, որը  հաճելի  է բոլորին: Ինչպես  գիտենք,   դպրոցը ֆինանսավորվում է աշակերտների թվով: Մեր դպրոցի շենքային անբարենպաստ պայմանների պատճառով այսօր սաների թիվը այլ դպրոցների  համեմատությամբ, որոնք նորոգված  են եւ  բարեկարգ,  բավականին քիչ է, բայց աշակերտների  թիվն ավելանում է մեր ուսուցչական կազմի լավագույն աշխատանքի եւ  նվիրման շնորհիվ;
Իրականում չկա մի ծնող, ով մեր աշխատանքից դժգոհ լինի:

Անցյալ տարի  գծվեց նախագիծը, կազմվեց նախահաշիվ,  բայց կրկին ամեն ինչ խառնվեց իրար, շինարարական աշխատանքները հետաձգվեցին: Սակայն փառք ու պատիվ <<Արթուր Ասատրյան բարեգործական հիմնադրամին>>, որի միջոցներով հիմնանորոգվել են դպրոցի 10-ը սանհանգույցներ: Այս  պահին էլ  նորոգվում  են  4 դասասենյակներ, որոնցից  յուրաքանչյուրում  լինելու է 15 համակարգիչ: Մեզ  խոստացել  են  նաեւ, որ ամռանը  ամբողջությամբ նորոգելու  են  դպրոցի  սպորտդահլիճը: Մեր ուսուցչական կազմի  բարեխիղճ  աշխատանքի  շնորհիվ  է,  որ այս շենքային պայմաններում ծնողները մեզ վստահում են իրենց երեխաներին:  Դպրոցում  կարող  էին սովորել  1000-ից  ավելի  աշակերտներ,  եթե լինին   լավ    պայմաններ:

- Դուք Ձեզ համարո՞ւմ եք ուժեղ կին:

 -  Ունեմ  անկոտրում  բնավորություն, որը,   ինչ  խոսք, ուժեղ  լինելու  գրավական  է: Մեծացել  եմ  գյուղում, կարող  եմ  կատարել  ցանկացած  աշխատանք, գյուղատնտեսությունից էլ բավականին  գիտելիքներ ունեմ,  եւ  դպրոցամերձ  տարածքի  կանաչապատումը  կատարվել  է  իմ ցուցումով:

- Գերլարված աշխատանքային օրվանից հետո հասցնում եք արդյո՞ք ընտանիքին ժամանակ տրամադրել:

- Շատ եմ սիրում ընտանիքս, ունեմ մեկ տղա: Իրականում ես օրս պլանավորում եմ լիարժեք եւ  շաբաթ-կիրակի  օրերը  միմիայն տրամադրում եմ իմ ընտանիքին  եւ  տնային գործերին:

- Ըստ Ձեզ,  ո՞րն է կայացած դպրոցի գաղտնիքը:

- Եթե սիրում  ես  քո  աշխատանքը,  ապա կկայանա դպրոցը, եւ կհասնես նորանոր բարձունքների: Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ եւ եթե այսչափ չսիրեի դպրոցը, ապա  կբավարարվեի  միայն դասավանդելով: Աշխատել եմ չորս դպրոցում, եղել եմ ուսուցիչ, այնուհետեւ` ուսմասվար Ներսիսյան  վարժարանում եւ փոխտնօրեն ուսգծով  թիվ 12 հիմնական  դպրոցում: Բոլոր դպրոցներն էլ ինձ համար եղել են շատ հոգեհարազատ, աշխատել  եմ  սիրով  ու  մեծ  նվիրումով: Կարեւորում  եմ նաեւ ղեկավարի  ձիրքով օժտված լինելը: 

- Ինչպե՞ս կգնահատեիք 21-րդ դարի սերնդին:

- Անկեղծ կլինեմ: Ուրախ  եմ,  որ նոր սերունդն ունի իր սեփական կարծիքը եւ կաշկանդված չէ, կապանքներից ազատված է, բայց երբեմն շատ ու շատ դեպքերում, երբ  դաստիարակությունը  չի  ընթանում ճիշտ  ուղիով, երեխաները  չարաշահում  են  մեծերի  վստահությունը,  որն  էլ   տանում է սանձարձակության: Այժմյան աշակերտը գիրք չի կարդում, ոչ էլ իրեն  ձգում է այն: Իհարկե, կա մի ստվար զանգված, որն ուշադիր է իր գիտելիքների ձեռքբերման հանդեպ, եւ  արդյունքում  ունենում  ենք  հաջողություններ:  Իմ ղեկավարած  տարիներին մեր աշակերտները  պարբերաբար մասնակցել են օլիմպիադաների, ունեցել  ենք   հանրապետական փուլ անցած  աշակերտներ:

- Ի՞նչ նորանոր ծրագրերի մասին կխոսեք, որոնք ակնկալում եք կյանքի կոչել:

- Մեր դպրոցը հանրակրթական դպրոց է, եւ  մենք ցանկանում ենք  մեր աշակերտներին տալ  հիմնավոր  գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան իրենց  ուսումը  շարունակել   ավագ դպրոցներում, մասնագիտացված ոսումնական հաստատություններում: Երեխաների նորմալ կրթությունը ապահովելու համար հնարավորության սահմաններում անում ենք ամեն ինչ, որպեսզի հասնենք առավելագույնի:  Արդեն երրորդ  օտար  լեզուն` ֆրանսերենն է  դասավանդվում   մեզ  մոտ,   որն    ընդգրկվել   է  <<Դասավանդիր Հայաստան>> ծրագրի շրջանակներում: Գործում  է ֆրանսերենի խմբակ՝ շաբաթական  մեկ  ժամով: Խմբակի  ուսուցիչը  Ֆրանսիայից  է, ով  կարճ  ժամանակով  բնակվում  է  մեր երկրում  եւ  կամավորական սկզբունքով  մեր աշակերտների  հետ աշխատում  է   անվճար: Վերջերս  Ֆրանսիայից  ժամանել էր  լրագրող,  որը հարցազրույց  վերցրեց  մեր  աշակերտներից` թերթում  տպագրելու  համար:

 Ուրախությամբ նշեմ, որ Գորիսում <<Ֆրանկոֆոնիայի>> շրջանակներում կայացավ մեծ միջոցառում: Մեր 8-րդ դասարանի 10-ը աշակերտ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին`  ներկայացնելով  բեմականացում  ֆրանսերեն լեզվով:

- Կվերհիշե՞ք, երբ ուսուցչուհի էիք, առաջին անգամ մտաք դասասենյակ, ինչպիսի՞ն էին Ձեր ապրումները:

-  Ես 21 տարեկան էի, երբ մտա դպրոց, ինձ վստահվեց տարրական դասարան: Իմ ուսուցչուհին, ով ինձ  դասավանդել էր, ինձ հետ   զուգահեռ դասարան ուներ: Եվ իմ պատասխանատվությունը  ավելի  էր  մեծանում  իմ  աշխատանքի  նկատմամբ: Հպարտություն էի ապրում, որ աշխատում  էի իմ  ուսուցչի հետ նույն  դպրոցում, եւ որ  ինձ իրավունք էր վերապահվել ստանձնել մատաղ  սերնդի  կրթության ու   դաստիարակության գործը:

- Ձեր կարծիքով, մանկավարժն այսօր գնահատվա՞ծ է, թե` ոչ:

- Գիտեք, անկեղծ կգտնվեմ այս պահին: Իրականում, երբ որ մի խնդրահարույց դեպք է լինում, սկսում են շահարկել եւ  լրատվական դաշտով ներկայացնել, եւ  որը   անընդմեջ  քննարկման  թեմա է դառնում  թե՛ սոցցանցերով, եւ թե՛ ԶԼՄ-ներով: Բայց երբ մի նշանակալից, լավ դեպք է լինում, այն  չի  լուսաբանվում  ամբողջությամբ: Մեր ազգի մեջ վատաբանման միտումն ավելի  մեծ է, լավը` քիչ արձագանքվող: Շատ  ցածր  է  նաեւ  մանկավարժների վարձատրությունը  նրանց կատարած նվիրական աշխատանքի դիմաց: Կարծում եմ, որ մեր նոր կառավարությունն անպայման այդ խնդրին կանդրադառնա: Ինչ  խոսք,  բոլորս էլ հասկանում ենք, որ  այս պահին այդքան հնարավորություններ չկան, սակայն  հույսով եւ հավատով ենք տոգորված դեպի նոր կառավարությունը  եւ  ակնկալում  ենք ապագայում ողջամիտ փոփոխություններ:

- Ի՞նչ ակնակալիքներ ունեք ապագա սերնդից:

- Ցանկությունս  է, որ մեր ապագա սերունդը հայրենասեր լինի եւ նվիրյալ իր հող ու ջրին: Ունենք առաջադեմ բանակ, որը բնորոշ է առաջադեմ երկրներին: Հավատում  եմ, որ  կգա այն օրը, երբ մեր երկրում  կլինի  խաղաղություն,  եւ  մեր  երիտասարդները առաջնագծում չեն  լինի: Ապագա  սերունդները  կվարակվեն մեր օրինակով  եւ  կլինեն    քաղաքակիրթ  ու հանդուրժող:

- Իսկ որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը, ընթերցողներին  եւ Ձեր սաներին:

- Կցանկանամ, որ միմյանց հանդեպ բոլորը լցվեն միայն բարությամբ, լավատեսությամբ: Պետք է մենք մեզ հավատանք, լինենք անկոտրում եւ վստահ քայլերով գնանք դեպի մեր երազած ապագան:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր